Երեկ իրիկուն, ուշ իրիկուն, երբ սպառեցի իմ երկօրյա բացակայությամբ գոյացած մեդիակուտակումը, երբ Դավիթ Բլեյանն ու մայրիկ Արմինեն անցան իրենց ամենօրյա ծեսին-մաքառումին, Դավթի քնին, Եղիշե Չարենցի հոբելյանական հրատարակության ընտիր երկերի մատյանի, «Գիրք ճանապարհի» -ի թերթում-ընթերցման պահանջ ունեցա, որը ինձ հայտնի դադարներով ծես է հիշեցնում … Չարենցի անցած ճանապարհի գիրքն է սա, որ իր ապրած կյանքն իբրեւ ֆինալ հնչեցում է 1933-ին … Գիտեր, որ էլ չի ապրելու … Մեզ, իրենից հետո եկողների կյանքի ճանապարհի համար գիրք էր մտածել. Կյանքը ճամփորդի պես ես ապրում, միշտ ուսապարկով, ու այդ սահմանափակ տարածքում պիտի դնես միայն անհրաժեշտը, ու ահա, նա հեշտացնում է ճամփորդիս գործը, իր արածի-ասվածի, չարածի-ասելիքի ծովից մի ճամփորդական գրական ուղեցույց ստեղծում … Հետաքրքիր է, որ ամեն անգամ, իմ ընթացքից-առօրյայից առանձնանալիս, ճամփորդությունից վերադառնալուց հետո ես պահանջն եմ զգում այս ծեսի, «Գիրք ճանապարհի» -ի թերթում-ընթերցումի … Ու ամեն անգամ, զարմանքը իմ. միթե այսքա՜ն թերթելուց հետո ես գրքի էջերում-տողերում այսքա՜ն բան եմ բաց թողել, չնկատել-անցել, միթե ինձ համար ստեղծված «Գիրք ճանապարհի» -ի այսքան վատ-անուշադիր-անընդունակ ընթերցող եմ ես … Թե իմ հայացքը դեռ շարունակվում է փոխվել, ես դեռ աճում եմ, նոր բարձունք նվաճում, տեսողությունս էլ ավելի սուր է դառնում, ու ես հայտնաբերում-նկատում եմ գործեր, տողեր, բառեր … Իսկապես, գիրք ճանապարհի … Ու ահա, թարմ-թեթեւ, ճամփորդի հոգով, ես սկսում եմ իմ օրը, իմ երեկվա-ապրածի պատումով-գրով …

Ծիծաղդ, զվարթ Զանգու,
Եվ աչքերդ, վառ ու խոշոր:
Եղիշե Չարենց «Ընկեր»

Դավիթ Բլեյանն ինքնուրույն լողում է.

[youtube https://www.youtube.com/watch?v=YZHHscvsckI?rel=0&showinfo=0]

Տեսե՜ք-տեսե՜ք այս տեսանյութը, նկարաշարը, որ Ռուզան մորաքույրն ու Արմինե մայրիկը հատուկ ինձ համար, իմ գրի համար են արել … Ի՜նչ մեծ ուրախություն, հինգ տարեկան դարձող Դավթի հասունության-ինքնուրույնության ինչպիսի՜ ցուցանիշ, որպես փաստ. Դավիթը մեծ լողավազանում թողել է բոլոր կապերը, փրկօղակներ-թեւերն ու … լողում է ջրում, ինքնուրույն, վստահ … Ու այս վստահությունը նրան իր ավագ եղբայր Արմեն Մարտիրոսյանն է նաեւ փոխանցել. իսկական ավագ եղբայր… Հետո տկլոր, իր ընկերների հետ, ընկեր Շողիկի առաջնորդությամբ, շարժվում իրենց խմբի Նիկայենց լողավազանով այգին, որ ոտքի ճանապարհի վրա է … Այսպիսի՜ ամառ …

Լուսանկարները, Ռուզան Աբրահամյանի.

— Պա՜պ, հլը գրկի, տես կկարողանաս, ավելի եմ ծանրացել …
Գրկում եմ-տնքում … իսկապես որ … ու տանում եմ մեր տկլորին լողարան … Ի՜նչ հաճույքով է առավոտվա ցնցուղ ընդունում, երգում-խոսում, ապրում է, ինչպես ես …
— Պա՜պ, բա որ էլի մեծանամ, ծանրանամ, ոնց ես տանելու, ինչ ես անելու …
Իսկապես որ …
— որ էլ չկարողանամ, թե չուզենաս … ինքնուրույն կգնաս, կմիացնես ցնցուղը …
— Չէ, պա՜պ, ուզում եմ, որ ինձ գրկես …
— Պապ, որ թրջվում եմ, ավելի եմ ծանրանում, չէ.
— դե, հիմա տար, բոյս չափի, տես քանի սանտիմետր եմ աճել …
— Պա՜պ, քաշս որ ավելանում է, բարձրահասակ եմ դառնում …
— Պապ, դե հիմա ձմերուկն ու շոկոլադը բեր.
Ծիծաղում ենք. Ծես է, մեր ստեղծածն է, իհարկե, օրեր-տարիներով, բայց ծես է, ու մենք, ծեսի մասնակիցներ.

Լուսանկարները, Արմինե Աբրահամյանի.

Տանում եմ լողացած տկլորին, տնքոցս մեծացնելով, իր ընձուղտ-մետրով հասակը չափելու … Սրբիչով փաթաթված, մեր պատշգամբում վայելում է ձմերուկն ու սառնարանում պահած շոկոլադը.

Եվ րոպեներ հետո, խուրջինը հավաքած, որպես իր օրվա ճամփորդության ուսապարկ, ինքնուրույն հագնված առույգ, ձեռքս բռնած դուրս ենք գալիս տանից …
— Մա՜մ, բա չես նկարում մեզ …
— Պա՜պ, հանկարծ իմ փոքր հեծանիվը չմոռանանք տանենք, մեր խմբի պուճուրներին նվիրենք … Թող ուրախանան, պա՜պ … Ես մեծ եմ, իմ նոր հեծանիվն եմ քշում Օթարի ու Կարապետյան Դավիթի հետ … Մի մտածի, պա՜պ, ով ուզում է, թողնում եմ, քշի …
— Ընկեր Մարինեն կանչել է, պապ…
Այսօր Դավիթ Բլեյանն իր հինգ տարեկան ընկերների հետ Դպրոց-պարտեզում սկսում է իր նոր ուսումնական տարին. տարոսը մյուսներին…

Իսկ վերնագիրը Չարենցի՝ հիվանդներին ձոնված տաղից է։

# 763

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

400 ամենօրյա գիր՝ առանց կիրակիի ու տոն օրվա. հոբելյարը…

Հուլիսն ու Բլեյանը վաղուց ընկերներ են… Դավիթ Բլեյանը մանուշակագույն մեծ ավտոբուսով իր մայրիկ Արմինեի, մորաքույր Ռուզանի, նրա Արմենի ու Մելինեի հետ գազանանոց է գնացել։ Ավտոբուսները՝ բոլոր կարգի Դավթի հետաքրքրության կենտրոնում են

Չթողնեք՝ ինչ-որ մեկը Ձեր օրը ամպամած դարձնի…

Նկարը Դավիթ Բլեյանի ստեղծագործությունն է. «Երկինքի, գետի և արևի ընկերությունը»։  Պատկերակյանքից մինչև դարձվածակյանք… Երբ հանդիսատեսներ չկան, ու կան միայն մասնակիցներ՝ իրար աջակցող, օրվա հերոսին կենտրոն բերող-կենտրոնում պահող աջակիցներ համերաշխ… Սեբաստացի

Բաժանարար գիծ, որ պարտադրում է ընտրություն՝ բռնությո՞ւն, թե՞…

Օրագրի իմ ընթերցողի՝ էլ. փոստով հղած հարցին սիրով անդրադառնում եմ… Այս տարի ևս՝ դեկտեմբերի 29-ից՝  Սուրբ Ծննդյան պահոց Բարեկենդանից պահք եմ պահելու… Ամանորի սեղանն ինձ համար տոնականորեն գեղեցիկ է ու սպասված՝ հենց պահքով… Պահքն իմաստ,