— Հայրիկ, կախարդական գուլպան ինչո՞ւ գնաց…- հարցնում է  գործով տուժող մեր  Դավիթ Բլեյանն ավտոմեքենայում, օրվա վերջին, երբ մենք հանդիպել ենք վերջապես՝ իմ սանիկ, մեր սիրելի երաժիշտ-կոմիտասագետ Արթուր Շահնազարյանին այցելելու համար: Առավոտյան Դավիթն ուշ էր արթնացել. էլի մորաքույր Րուզանն է մեզ փրկել, էլի շեղվել են երկուսով քույրական Դպրոց-պարտեզի ճանապարհից ու հայտնվել Հիմնականում։
— Հայրիկ, Հիմնական դպրոցը քեզ ո՞վ է բերել…,- սա էլ, երևի, կախարդական գուլպայի գործունեության արձագանքներն են Դավթի՝ սեբաստացիական կառույցի ընկալման վրա…
Երբ հերթական անգամ երկար-բարակ Նառա Նիկողոսյանի ուղեցույցով պատմում եմ Գուլպայի անհետանալու, հետո, բայց Նոր տարուն, վերադառնալու պատմությունը, Դավիթը լուծումներ  է փնտրում…
— Հայրիկ, ուրիշ գուլպա կախարդական, չի կարող գա՞…
Ասված է՝ սրբազան տեղը թափուր չի մնում…

Ավտոցուցադրությունը բաց է մեր տանը բոլոր օրերին ու ժամերին, համեցեք, մտածում ենք նաև արտագնա ցուցադրությունների կազմակերպման մասին. գուցե այսպես շարունակենք դրա համալրման-նորացման ընթացքը…

Դավիթ չըդառավ, մի կըրա՜կ դառավ։
Ճարը կըտըրված՝ Օհանը բերավ
Նետ-աղեղ շինեց ու տըվավ իրեն՝
Գընա, որս անի սարերի վըրեն։

Արթուր Շահնազարյանը նշանացույցով օդամղիչ հրացան նվիրեց մեր հերոսին և ոգևորված հերոսի հետ պայմանավորվեց, որ առաջիկայում կայցելի մեր տուն՝ Դավթին սազական թե անհրաժեշտ նետ-աղեղով… Այսպիսի կտրուկ շրջադարձներ, տիար Գևորգ Հակոբյան, գյոզալ՝ անմեղ, ընդամենը խցանվող, ուտիճների նման աջուձախ վզվզող մեքենաների իրականությունից հետո իսկական թիրախ ենք դարձել՝ հրացանով-փամփշտակալով (պատրոնդաշով) մեր Սասունցու համար…

Արթուր Շահնազարյանը, գիտեք, հին որսորդի ավանդույթով մեծացած «փչան» է, հիմի կսկսի պատմությունները իր քնեցրած… Մեր տղան Արթուրենց տանը երկու նշանավոր երաժիշտներին ուղղակի գերեց-հիացրեց… Նշանավոր «Սպեղանի» երգչախմբի հիմնադիրը՝ երաժիշտ Սարինե Ավթանդիլյանը, ում «Սուրբ պատարագի երգեցողությունը Կոմիտասի մշակմամբ» ձայնասկավառակ-ժողովածուն՝ իր մակագրությամբ, զարդարում է իմ ձայնադարանը, հիացած էր մեր հերոսի կոմիտասյան-թումանյանական ճաշակով ու իմացությամբ… Շփվեց, երգեց, խոսեց, հմայեց մեր Դավիթն ու, արանքում, տիար Գևորգ, յուրաքանչյուրին կրակում էր անվրեպ: Հիմա էլ նոր «թուր-թվանքով» խաղաղ քնել է: Լավն էն է, որ սանիկներով հավաքվեք, ու միասին քննարկենք կախարդական գուլպայի բացակայությամբ ստեղծված «Դավթի շուրջ» վիճակը, մի որոշման գանք, որ «անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար» նոր շրջան չսկսվի՝ պատմության մեր քառուղիներով…

Բրիտանական ընտանիքում 205 տարվա ընթացքում առաջին անգամ աղջիկ երեխա է լույս աշխարհ եկել… Լորիների 5 նախկին սերունդներում միայն տղաներ են ծնվել. ընտանիքում վերջին անգամ իգական սեռի երեխա է ծնվել 1809-ին… Բրիտանացիք, տեսեք, ոնց են պահպանում իրենց տոհմածառը՝ ընտանիքի պատմությունը, ինչ բծախնդրությամբ…Մենք վստահ չենք՝ վաղը որտեղ ենք հայտնվելու… Այնինչ երրորդ հանրապետության գլխավոր ձեռքբերումը պիտի լիներ մեր գերդաստանի զարգացման ազատ-ապահով հանրապետական ճանապարհի հաստատումը…

Չինաստանի Նանջինգ քաղաքում երիտասարդական օլիմպիական խաղերի 500 ակրոբատի շլացուցիչ ներկայացումը (168.am) երկնքում՝ որպես կենդանի խճանկար-անիմացիոն աշխատանք, դիտեք, իհարկե… Սյուզի Մարգարյան և ընկերներ, հիմա, երբ մեր Մարմարյա սրահը շրջապատված է 1-ին, 2-րդ հարկերում տասնյակի չափ բազմաբնույթ դահլիճներով, ինչպիսի՜ հնարավորություն է բացվում սրանով սեբաստացիական խճանկարային-բեմական-անիմացիոն ներկայացումների համար, ինչո՞ւ չի կարելի 2015-ի հունիսի 1-ի մեր բանգլադեշյան ամառային ճամբարների բացումով այս Նանջինգի պորտը տեղը դնել… Չէ՞ որ «Թեպետ մենք փոքր ածու ենք և թվով շատ սահմանափակ ու զորությամբ թույլ և շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, բայց և այնպես մեր աշխարհում էլ գրելու և հիշատակելու արժանի շատ սխրագործություններ են կատարվել», ինչպես պատմահայր Խորենացին է մեր վկայել, թե գովերգել:

Լավ որոշում կայացրինք դպրոցների, ուսումնական կենտրոնների ղեկավարներով՝ «Հեղինակային կրթական ծրագրի կազմակերպում» ընթացող ստուգատեսի շրջանակում ամեն օրվա վերջում ակումբային տիպի հավաք անել Մեդիակենտրոնում, մեր քննարկումներով նոր լիցք հաղորդել սովորողին առաջարկված՝ իր կրթական ծրագրի որոշման-ձևակերպման աշխատանքներին: Ինչքա՜ն կպատշաճեր մեզ, որ այդպիսի նախաձեռնողական քննարկումներ լինեին սեբաստացիական ընտանիքներում, ամենատարբեր խմբերով, ֆիզիկական թե մեդիամիջավայրում… Որքա՜ն կոնկրետ ես կմասնակցեի այդպիսի կլոր սեղան-քննարկումներին, որքա՜ն շնորհակալ կլինեմ յուրաքանչյուրիդ սեբաստացիական կրթական ծրագրի փոփոխման-յուրայնացմանն ուղղված էական քայլերի համար…

Գեղարվեստի 2-3-րդ դասարանի սովորողները մեծ մարզադահլիճում են
Դասվար Մանուշակ Աբրահամյանի օյեկտիվից

 

Երեկ երկրորդ հարկի մի անկյունից թաքուն հետևում էի Միջին դպրոցի թատրոնի ընտրությամբ գործունեության պարապմունքին… Սեբաստացիներն անիվների վրա՝ ջութակներով… Ու ծնվեց, գիտե՞ք…

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…

Ես գրկեցի Սյուզի Մարգարյանին իմ հոգուց եկող ողջ երախտագիտությամբ՝ դեռահասներին Տերյանի աշխարհում մի կարևոր շրջան պահելու համար… Ի՜նչ իմանաս, իրական կյանքում մեր 34-ամյա հանճարը գուցե հենց Սյուզիին է տեսել…

Իսկ Արթուր Շահնազարյանն ուրախացրեց իր «Կոմիտաս»-ի նոր, բարձրաճաշակ հրատարակությամբ: Որքա՜ն լցվեց իմ իրիկունը այդ գրքով՝ Արթուրի մենագրությամբ, կյանքի գործով… Քավորի-ընկերոջ ուրախությունն էս տեսակ է լինում՝ հպարտ, որ այսպիսի մշակի հետ մի երկար ճանապարհ ու կյանք ես ապրել. միասին են՝ իր ընտրյալ Սվետա տիկնոջ, իր կյանքի գործի հետ, ու բեղուն, միշտ բեղուն, միշտ երաժիշտ, միշտ կենսունակ… Ավելի ուրախացա, որ մենագրությունն այս հրատարակվել է պետական պատվերով, «Զանգակ» հրատարակչության կողմից, հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակում…,  որ գիրքը խմբագրել է իմ սքանչելի հարս Սվետա Դանիելյանը… Ապրող հանճարի՝ Կոմիտասի գործի ամենակարևոր առհավատչյան Դավիթն է՝ իր հարյուրավոր ընկերների հետ՝ ցրված մեր կրտսեր դպրոցներով… Սրա մասին էր ոգևորված խոսում Արթուրը մեր, սրանից էր Դավթով այդքան հիացած հայտնի երաժիշտ Սարինեն… Կենդանի՞ է այն գործը, որի համար… Հիշո՞ւմ եք, կյանքի վերջին շրջանում, փակված հոգեբուժարանում, հարցնում էր Կոմիտասը… Այոˊ, Վարպետ, կենդանի է քո գործը Արթուրով, Սարինեով, Դավիթ Բլեյանով, «Սեբաստացի» կրթահամալիրով…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հակաբացի՞լ է իմ գիրը, օրագիրը, պատումն այս․․․

Մեր մարտի 13-ով սկսվող Չարենցյան օրերը… Էս ազա՞տ գազար է, Արմին,- այսպես կարող է ընդմիջվել իմ գիրը, կիրակի օրը, նրա պատումը․․․ -Հավես չունեմ խոսելու, թող մայրի՛կը խոսի, բան ու գործներդ

Մի բանաձևով ֆոկուսի մասին

Շարունակեմ։ 1994թ. չի կարելի համեմատել ո՛չ 1996-ի հետ, ո՛չ 2004-ի… առավել ևս՝ 2014-ի… ՀՀ լուսավորության նախարար նշանակման օրը ես գնում եմ նախարարություն՝ Խորենացի փողոցի հայտնի շենքը, «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ, որ արդեն քանի

Գիր մանիֆեստի՝ այսպիսի՜ առիթով մարտի 13-ի…

Իսկ առիթը հանրակրթության մանիֆեստի Չարենցի ծննդյան օրն է. Երևա՛ն, դու Չարենցի քաղաքն ես, եղի՛ր ու մնա՛, հայոց մայրաքաղաքը՝ քո դիրքով-հանճարով… որպես առաջամարտիկ… Մենք պիտի ապրենք այնպես, որ մեր գործերով իրավիճակի