Հայոց մեջ կան արտահայտություններ, որոնք անհիշելի ժամանակներից են, ու տեղից ելնողը գործածում է, բայց ես շարունակում եմ չհասկանալ… «Մի ձեռքում՝ սուր, մի ձեռքում՝ խաչ»: «Երկու ձեռքով խաչը կրելը», «հավատարիմ իր խաչին»-ը կարելի է կտակարանային պատվիրաններից մեկի հոմանիշ դիտել՝ «Սիրեսցես զՏէր Աստուած քո յամենայն սրտէ քումմէ եւ յամենայն անձնէ քումմէ եւ յամենայն զօրութենէ քումմէ եւ յամենայն մտաց քոց…»։ Ես սա հասկանում եմ, Տիրոջ կրած խաչին այսպիսի հավատարմությունն այսօր էլ շատ բան կփոխի մեր կյանքում… Գաղափարի մարդը գաղափարին պիտի ծառայի… Պիտի իրագործես այն, ինչի մասին հանդգնել ես բարձրաձայնել… Ես, օրինակ, քաղաքականության մեջ եմ 1989-ից, հավատարիմ քաղաքական մեթոդներին, ինչպես մանկավարժության մեջ… Զինվորը պիտի իր պարտքին հավատարիմ՝ իր ծառայությունը կատարի երկու ձեռքով, ոտքով, գլխով… Խաչ բռնող հոգևորականը իր ծառայությունը բերի էլի այդպես… Կամ՝ «քարից հաց քամող ժողովուրդ»… Լավ չէ: Քարից պատ ու սալարկ արա, հողից հաց ստացիր, թե չէ ի՜նչ սիզիփոսյան աշխատանք է՝ քարից հաց քամելը, դրա համար էլ այս օրին ենք՝ ո՛չ ճանապարհներ ունենք ներհամայնքային-միջհամայնքային, ո՛չ էլ հաց կարգին: Ապապետական, գոյապահպանական, յոլա գնալու գործելակերպը 1991-ից տեղափոխվեց անկախ պետականության շրջան՝ զրկելով պետությանը իր գաղափարի մարդուց, հոգևորականից ու զինվորից, ի վերջո՝ զարգացում-առաջադիմությունից։

1991-ի սեպտեմբեր-հոկտեմբերից հետո, երբ տպավորիչ, միասնական, օրինական հռչակված էր Հայաստանի Հանրապետությունը, ընտրված՝ ՀՀ նախագահը (սրանով հաղթահարված Լևոն Տեր-Պետրոսյան-Վազգեն Մանուկյան հակասությունը), թվում էր՝ հավատարիմ ազատության, ինքնիշխանության, իրավականության գաղափարներին, պետք էր սկսել հավաքական արժանապատիվ կյանքի հաստատումը, և դա պետք էր անել՝ բացառելով պատերազմը պետական անկախությունը հռչակած ռազմավարական հարևանի՝ Ադրբեջանի հետ, հաստատելով նոր համակեցություն Վրաստանի հետ, միջպետական բնականոն հարաբերություններ Թուրքիայի… հետ… Իմ՝ «Մուտքը ներսի կողմից» գրում ես հիմնավորել և խորհուրդ էի տվել՝ բլոգի ընթերցարանում կարդալ Հովհաննես Քաջազնունու փոքրիկ գրքույկ հաշվետվություն-նամակը… Ափսո՜ս, եթե ժամանակ չեք գտել. հիմա արեք, իսկ ես տեղին եմ համարում երկու մեջբերում:

  • Կարո՞ղ էինք արդյոք, խուսափել այդ պատերազմից: Հավանականորեն՝ ոչ… Այս ենթադրություններով հանդերձ, մի փաստ մնում է աղաղակող. մենք չենք արել այն ամենը, ինչ որ պետք է անեինք, պարտական էինք անելու՝ պատերազմից խույս տալու համար: Անկախ նրանից, թե որքան կհաջողեինք, մենք պետք է փորձեինք հաշտության լեզու գտնել թուրքերի հետ: Սա է, որ չենք արել… Կարծես ինքներս որոնում էինք ու ցանկանում պատերազմ:
  • Այսօր մենք հասկանում ենք, թե որքա´ն շահած կլինեինք, եթե 1920 թ.-ի աշնանը, «Սևրի դաշնագրի» գնով, անմիջական համաձայնության եկած լինեինք թուրքերի հետ: Բայց այն ժամանակ չէինք հասկանում: Իսկ փաստը՝ պատերազմն էր: Փաստն այն էր՝ աններելի փաստ, որ ոչինչ չարինք՝ պատերազմից խուսափելու համար: Հակառակը՝ ինքներս անմիջական առիթ տվինք պատերազմի:

Ես պատմական զուգահեռների սիրահար չեմ, որքան էլ դրանք, իրենց նմանությամբ, պարտադրվում են. յուրաքանչյուր դժբախտ դժբախտ է յուրովի: Ես, որպես Գերագույն խորհրդի պատգամավոր, որպես ՀՀՇ վարչության անդամ, փաստում եմ, որ 1991-1992 թթ պետական անկախություն հռչակած ժողովրդի, պետության, քաղաքական մտքի, հասարակության համար ինչպիսի՜ պարտադրանք-հնարավորություն էր՝ գնալ ոչ թե պատերազմի, այլ հարևանների հետ քաղաքական համաձայնության, հաշտության ու նոր համակեցության հաստատման ճանապարհով: Հատկապես, որ Թուրքիան առաջիններից մեկը ճանաչեց մեր պետական անկախությունը: Ո՞ւր է ՀՀ Գերագույն խորհրդի կամ ՀՀ նախագահի հատուկ հայտարարությունը, այն ուղերձը, որը որպես առաջին մտադրություններից մեկը քննարկվել, ընդունվել է նորաստեղծ հանրապետության պետական իշխանության կողմից. չէ՞ որ այդպիսի առաջարկ-նախաձեռնություններ մեր կողմից Գերագույն խորհրդում, ՀՀՇ վարչությունում եղան… Ո՞ւր է անկախ պետականության նոր մոտեցումը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը՝ երկու ժողովրդի անկախ պետականության գոյության, ռազմավարական գործընկերության հաստատման պայմաններում: Այդպիսի ուղերձ հնչեց միայն 1992 թ. հոկտեմբերին ու, ցավոք, մնաց որպես մասնավոր նախաձեռնություն, ավելին, ինձ մենակ թողեցին «թշնամու բանակում» և՛ ՀՀՇ վարչությունը, և՛ քաղաքական վերնախավը, և՛ ուղերձի տակ ազատ իրենց ստորագրությունը դրած մարդիկ… Շարունակություն չունեցավ իմ նախաձեռնությունը, չնայած մեր խմբի հետևողական, երկու ձեռքով Նոր ուղու խաչին հավատարմության… Ավելին, ընդամենը 3 շաբաթ հետո, 1992 թ. դետեմբերին, Հայաստանի պաշտպանության նախարարության զորքերը մտան Ադրբեջանի Զանգելան… Փաստացի պատերազմ երկու անկախ պետությունների միջև, բանակ բանակի դեմ, որ տևեց մինչև հրադադարի հաստատումը՝ 1994թ. մայիսի 12-ը։ Ինչերի՜ միջով անցանք Արցախում և Հայաստանում։ Սրա մասին՝ առանձին… Մինչ այդ կռվում էին ինքնապաշտպանության ջոկատները. դրանք տեղային մարտեր էին։ Ես ուզում եմ իմ բլոգի ընթերցարանում Զանգելանի գործողության առիթով բերել «Հասարակական ողբերգությունից ցնցվելու համար «ծայրահեղ պացիֆիստ» կամ Թումանյան լինել պետք չէ» հոդվածը, գրված հենց այդ օրերին՝ իմ որպես ականատես-մասնակցի կողմից։ Ես հետին թվով խոսող, հետևանքները որպես հիմնավորում բերողներից չեմ։ Ուզում եմ՝ կարդաք այս դոկումենտը երկու բան տեսնելու համար՝

  • ինչ ասել է երկու ձեռքով խաչ բռնել ԳԽ պատգամավորի, քաղաքական գործչի համար,
  • և ինչ է լինում, երբ քաղաքական անկախությունը սկսում են ծառայեցնել «քարից հաց քամելու» համար…

Գոյապահպանությո՞ւն, թե՞ խաչին հավատարիմ՝ զարգացում-առաջադիմություն։ Եվ 1991-1992-ին, 1992-ի պատերազմով, 1995-1996-ի ընտրություններով, 1998-1999-ի  քաղաքական համակարգի ոչնչացմամբ… շարունակեք… մենք ընտրություն ենք կատարում փաստացի, գիտակցում ենք, թե ոչ, գոյապահպանությու՞ն, թե՞ առաջադիմություն-զարգացում, հավատարիմ խաչին…

Իսկ Բլեյան Դավիթն ի՜նչ խոստումներ է տալիս ու չի կատարում. երեկ ո՛չ չորսին լողացավ, ո՛չ էլ տասին. մրսկա՜ն տղա է, մամայի բալա՝
— Մամա, արի միասին լողանանք, դու էլ՝ տկլոր, ես էլ…
Հետո էլ՝
— Պապ, դու ինձնից նեղացե՞լ ես:
— Հա,- ասում եմ,- դու պիտի ամեն առավոտ Դավթի պես կանգնես ջուր-ցնցուղի տակ, որ ուժեղանաս, մաքրվես…

Լկստվեց, երկար խոսեց Շուշանի հետ…
— Որտե՞ղ կուզես ապրել, Դավիթ, Վիեննայու՞մ, թե՞ Բանգլադեշում…
— Վիեննայում և Բանգլադեշում… Ինքնաթիռով կգնամ, կգամ՝ Շուշանից շուտ-շուտ կարող եմ…

Իսկ եղունգները տեսնես (սա մեզ պահողը չէ. խոր ծերություն չտեսնեմ հանկարծ)՝ իսկական ագռավի կամ սատանի ճտի չանչեր… Ձեռքի եղունգները՝ համեցեք… ոտքին՝ մոտենալ չի թողնում… Այս «ճագարը»՝ Բլեյան:

— Պապ, արի գնանք, ես զուգարանում նստեմ քաքիկ անեմ, իսկ դու ինձ համար «Սասունցի Դավիթ» կարդա, թող մաման էլ մեզ չխանգարի։
Գնացինք։
— Հայրիկ, գիտե՞ս՝ ես որ քաքիկ եմ անում, էլ դրա հետևից չեմ գնում տեսնեմ, թե ջուրը ոնցա քշում-տանում։ Ո՞ւր ա տանում, հայրիկ, ջուրը իմ քաքիկը։
Գնաց քնելու՝ մտքերի մեջ…
— Պապա, ինձ մեծերի խմբից չե՞ն հանի…

Հիշեցնեմ, որ մենք ամենաերիտասարդ մանկավարժական հավաքանին ենք Հայաստանում, երբ աշխատողների 60%-ի տարիքը չի գերազանցում 40-ը։ Լավ է, որ սկսել ենք շատ քայլել, շատ ճամփորդել, մարզական հագնվել։ Կրթահամալիրի մանկավարժական աշխատողը ֆիզկուլտուրայով պիտի զբաղվի ոչ որպես միջոցառում-իրադարձություն, ինչը որ երեկ տեղի ունեցավ: Սրանով կարող են ուրախանալ, ներկայանալ այլք, բայց ոչ մենք: Խոսքը և՛ սեբաստացի սովորողի, և՛ մանկավարժական աշխատողի վարք ձևավորող, առողջապահական խնդիրներ լուծող, առօրյայի մաս կազմող մարզական անվճար պարապմունքների մասին է: Ցավոք, մենք այսպիսի համակարգ չունենք, բայց ի պատիվ մեզ, ունենք մարզաառողջարարական զարգացող նյութական միջավայր: Ամիսը մեկ անգամ, որպես միասնական սեմինար անցկացվող մարզական պարապմունքները, առանց շախմատ-շաշկիի, իհարկե, ես կարևորում եմ: Դա պիտի շատ արագ ձևի բերել: Դա ինձ համար ստուգատեսի նշանակություն ունի: Համարեք, որ ես սկսեցի հեռանկարային խոսակցություն:

Առնոլդ Բլեյանի հետ հեծանվի գնում ենք իրականացնում. աշխատանքի առաջիկայում գալու-գնալու եմ հեծանիվով։ Ողջունում եմ քաղաքի օրվա առիթով Մատենադարանից մինչեւ Էրեբունի թանգարան հեծանվուղու բացումը և հոկտեմբերի 14-ին նշանակում եմ մեր առաջին հեծանվահրապարակի բացումը Դպրոց-պարտեզում։ Պատրաստվեք։

One thought on “Կա՛մ խաչ, կա՛մ գրիչ, կա՛մ սուր՝ երկու ձեռքով”

  1. Հրաշալի է ասված՝ «Երկու ձեռքով խաչը կրելը», «Գաղափարի մարդը գաղափարին ծառայի» և ամենակարևորը՝ լինել անդավաճան այդ գաղափարին. խոսելով ամենաբարձր ամբիոնից, փողոցում քայլելիս, լինելով խոհանոցում հարազատների հետ, հակամարտության ամենաթեժ պահին, վտանգելով սեփական կյանքը, նույն գաղափարն արտահայտել հակամարտող կողմին երես առ երես՝ իրենց իսկ քաղաքում, և հիմա էլ՝ հեռուստաեթերում, ամենուր ու ամեն ժամ նույն սկզբունքներով ծառայել նույն գաղափարին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գիշերը սիրում է օրվան, լույսը՝ մթությա՞նը

Գիշերը սիրում է Օրվան, Լույսը` Մթությանը: Ինչպիսի՜ կատարյալ և տարօրինակ սեր… Իմ գիշերվա, իմ լույսի մասին է Խերարդո Դիեգոն ասել, չգիտեի: Մութ ու լույս էլ կա, Դիեգո, գիտե՞ս, ու ես այսօր

Ա՜, դե լա՜վ, հասկացա՜…

Դավիթ Բլեյանի՝ հասուն ու հասունության արագությամբ ամեն անգամ զարմացնող մարդու օրվա պատումի՝ հայրիկի մանկավարժություն օրագրի հանրային կարիքը, վստահ եմ, կա… Օրեր առաջ գեղարվեստի հարթակում Դիանա Գևորգյանի հինգ տարեկանների մայրիկները՝ երիտասարդ-բարեկիրթ, հենց

Անցե՛ք առաջ, եթե լսում եք…

Յուրաքանչյուրս… Ես, օրինակ, չնայած ձյուն ու բուքին, իբր նրանց բերած վտանգավոր ճանապարհներին, աշխատողների մի խմբով աշխատանքային ուրբաթն անցկացրի Արատես-Աղավնաձոր-Եղեգնաձորում, աշխատանքային շաբաթ օրը՝ աշխատողների մի այլ, մեծ խմբով՝  Ազատան-Գյումրիում, երգչախմբերով սեբաստացիական, հայտնի