Երկու բառ հայոց էպոսից
Արդեն լույս է տեսել Պետրոգրադում Հայոց գրականությանը նվիրված ժողովածուն` «Сборник Армянской литературы», Մ. Գորկու խմբագրությամբ:
Ես չեմ խոսելու ժողովածուի մասին, այլ երկու բառի, որ վերաբերում է Սասունցի Դավթին:
Պ. Մակինցյանը ժողովածուի սկզբում մի համառոտ հայացք է գցել մեր գրականության վրա, որի մեջ Սասունցի Դավթի մասին խոսելիս` հիշատակում է Դավթի զորության նշանը` խաչ պատարագինը, և ասում է, թե պրոֆ. Կոստանյանը Հայոց մի հին աստծո անունով է բացատրում պատարագինը, իսկ Առյուծաձև Մհերը թարգմանում է разрыварель льва` առյուծ պատառող, ձևող:
Խաչ պատարագինը, որ ավելի շատ գործ է ածվում խաչ պատրազին ձևով, միշտ զանազան տարակուսանքների ու մեկնությունների առարկա է եղած: Սկզբներում շատերի կողմից ընդունվել է խաչ պատարագի մտքով, և նույնիսկ ես էլ էդ ձևով պահել եմ իմ «Սասունցի Դավթի» մեջ, որ գրել եմ երեխաների համար: Բայց հետագայում հայտնվեցին նոր վարիանտներ, որոնք միաժամանակ անխտիր գործ են ածում և խաչ պատրազին, և խաչ պատրաստի ձևերը, և պարզ ակնարկում են, թե պատրաստի բառն է, որ ժամանակի հետ պատմողների բերանում դարձել է պատրազի, և այժմ երկու ձևն էլ գործ են ածում: Ճիշտ էնպես, ինչպես ժողովուրդն ասում է և աստված և ասված-առանց տ-ի կամ տ-ն փոխում է զ-ի, մուրատ<մուրազ:
Օրինակ` Հանգ. Ս. Հայկունու գրի առած Մհեր և Դավիթ, Էմինյան Ազգագրական ժողովածու, հատ. Դ., 435 երեսում անվանում է խաչ պատրաստի.
— Դավի´թ, մի ե´լ վեր, քեզ կանչի Մարութիկ Աստվածածին, խաչ պատրաստի վեր աջ թևին…:
Մի քիչ ներքև, 437 երեսում, փոխում է շինում խաչ պատրազին:
Եվ արդեն խաչի կամ սուրբ նշանի, և կամ զորության նշանի նշանակությունն էլ հենց նրա մեջն է, որ միշտ իրեն հետ է ու միշտ պատրաստ, որովհետև իրեն հետ է ծնված:
Էդպես է ծնված և հին հնդկական դյուցազնը-Բհարատը կամ Բըգարատը, որ, հնդկական առասպելի ասելով, եղավ Բագրատունի դինաստիայի նախահայրը, մի ցեղի, որ թագավորեց, ասում է, ամբողջ աշխարհքում: Նա էլ իր զորության շրջանաձև նշանը` անմահության նշանը իր մարմնից, իրեն հետ ծնված, անբաժան ու մտշապատրաստ կրում էր իր աջ բազկի վրա:
Էդ նշանն է, որ քրիստոենության ազդեցության տակ խոփվել է խաչի կամ խաչ պատրաստին էլ խաչ պատրազի, կամ խաչ պատարազի, խաչ պատարագի…
Ո՞վ գիտի, գուցե հնդկական Բըգարատի առասպելն էլ, Հայաստան մտնելուց հետո, նույն պատճառով ու նույն ճանապարհով շրվել է դեպի հրեականությունը, որ Հայոց Բագրատունիների կամ հին դյուցազնական մի ցեղի ծագումը, որ առաջ կապված էր հին աստվածների հետ, այժմ էլ կապի Դավթի տան հետ, որ նույնն է թե Քրիստոսի հետ:
Նույնպես տարակարծիք եմ, իբրև թե Առյուծաձև Մհեր նշանակեր առյուծ պատառող, разрыварель льва, ինչքան էլ ձևելը նշանակեր պատռել, ճղել, և թեպետ մեր էպոսին քաջահմուտ պ. Մ. Աբեղյանն էլ նույն մեկնությունն է տվել:
Առյուծաձև կնշանակի առյուծակերպ. Առյուծանման: Հաճախ էդպես են ծնվում դյուցազները, ոնց որ էդպես է ծնվել և Բըգարատը` առյուծի կերպարանքով: Ով որ առյուծ է պատռում, նա առյուծաձև չի կոչվում: Սասունցի Դավիթը ինքն էլ է առյուծ պատռում, հրեական Սամսոնն էլ, բայց նրանք առյուծաձև չեն: Սանասարի որդի Մհերը առյուծաձև է, որովհետև առյուծի կերպարանքով է ծնվել, և սխալ է թարգմանված разрыварель льва, պետք է լիներ львеподобней, львеобразный.
1916թ.
Ազգերի պատերազմներն ու իրենց դյուցազունները
Ինչպես որ մեծ հեղեղներից առաջ տոթը ճնշում է մարդկանց շնչառությանը, էնպես էլ մեծ պատերազմից առաջ գրեթե ամեն մարդու սիրտ ճնշում էր մի ծանր նախազգացում։ Պայթեց փոթորիկը, ծանր զգացումին հետևեցին ահավոր ցնցումն ու իրարանցումը, էս էլ կանցնի, կբացվի պայծառ արևն ու կժպտա խաղաղ օրը, բայց անցնելուց հետո էլ՝ երկար-երկա՜ր քաղաքակիրթ աշխարհը կզբաղվի էս չտեսնված պատերազմով, և, թերևս, էս սեպտեմբերը, որ ապրում ենք, պատմության մեջ մնա «սոսկալի սեպտեմբեր»։ Ասես թե էլ սովորականի նման զորաբանակներն ու զորավարները չեն, որ վեր են կացել իրար վրա, այլ ժողովուրդները իրենց ամբողջ ազգային ուժով ու կարողությամբ։ Եվ որովհետև ամեն մի ազգի ուժն ու ոգին մարմնացած է իր ազգային էպոսի մեջ՝ ամենայն համարձակությամբ կարող ենք էսպես ասենք, թե ազգերի դյուցազունները՝ սերբական Մարկոն, գերմանական Զիգֆրիդը, ֆրանսիական Ռոլանդը, անգլիական Բեովուլֆն ու ռուսական Մուրոմցի Իլիան են առասպելների աշխարհից դուրս եկել մեր առաջ, ու մենք հանդիսատես ենք էս հսկաների կռվին։ Եվ տեսեք թե ի՜նչքան հարազատ են գծված ու բնորոշված սրանցից ամեն մինը։
Ահա՛ գերմանական հուժկու Զիգֆրիդը, վեր է կացել՝ ձեռքին չեղած ամրության էն սուրը, որ դարբնել էր աշխարքի անհուն գանձերը մենակ տիրապետելու համար…
Ահա ֆրանսիական քաջարի Ռոլանդը, որոտագին հնչեցնում է իր հսկայական օլիֆանտը (փողը), օգնության է կանչում ֆրանսիական ազգային զորությունը՝ պաշտպանելու չքնաղ Ֆրանսիան…
Ահա սերբական ըմբոստ կտրիճը, արքայազն Մարկոն, իր Շարացի վրա, աջ ու ձախ ջարդելով՝ խորը մեխվել է սերբական ազգից շատ ավելի ուժեղ թշնամու բանակը, լողում է արյան մեջ ու աղաղակում է՝ էլ ի՞նչ անեմ, տե՛ր աստված…
Ահա անգլիական ազգային հսկան, ծերունի Բեովուլֆը, որ լողալու արտասովոր ընդունակություն ունի և մայր ցամաքն է դուրս գալիս՝ ժողովուրդներին իր հրեղեն շնչով սպանող մի վիշապի դեմ, նրան խորտակելու և նրա հավաքած անհուն գանձերը իր ազգին տանելու համար…
Ահա վերջապես և ռուսական վիթխարի գյուղացին, ծերուկ Իլյա Մուրոմցին, հայրենիքին սպառնացող վտանգի առջև «Красное Солнышко»–ից, իշխանավորից զուր տեղը իրեն հասած վիրավորանքը մոռացության տալով՝ իր հսկայական գուրզն առած գնում է անմեղ ժողովուրդն ու երկիրն ազատելու վայրագ թշնամու արշավանքից։ Գնում է անհոգ, հանդարտ ու բարի, բայց հզոր ու հաստատուն։ Գնում է իր «ախպերացուների» հետ։
Ի՞նչ խոսք, որ ցաք ու ցրիվ են անելու գերմանական Զիգֆրիդի սիրած ինչերն ու տիրապետելու տենչերը, և անգլիական Բեովուլֆը շատ գանձեր է տանելու իր կղզին։ Ի՞նչ կասկած, որ էս հսկաների զարկերի տակ մասնատվելու են Եվրոպայի Թուրքիան՝ Ավստրո-Հունգարիան, Ասիայի Թուրքիան, որոնք նույնիսկ էս դյուցազունների շարքում չունեն իրենց ներկայացուցիչը, և շատ բարիքների ու ազատությունների հետ միասին, որ հետևելու են մեծ պատերազմին, վերջնականապես պետք է վճռվի և Տաճկահայկական հարցը, կամ, եթե կուզեք, արդեն վճռված է։ Չէ՞ որ Մուրոմցի հսկայի «ախպերացուների» թվում է և մեր Սասունցի Դավիթը, եթե միայն Մսրա Մելիքի փորած հորից լուս աշխարհ է դուրս եկել։
Սակայն ավելի մեծը կա։ Ժողովուրդների էպոսներն առհասարակ վերջանում են խաղաղության սրբազան խոսքով։ Եվ ճշմարիտ որ, էս պատերազմից հետո չտեսնված թափով ու ծավալով է բարձրանալու խաղաղության հարցը, այլև նրա հետ միասին մի ուրիշ մեծ հարց, քաղաքակիրթ մարդու հարցը, կամ, ավելի ճիշտ մարդու հարցը, որ իր գազանություններով հարուցանում է լուսավոր գերմանացին ու դարձնում է լուրջ խորհրդածության նյութ աշխարհքի բոլոր ազգերի և բոլոր մտածողների համար։
1914թ.
Մի երկու խոսք սերբ ժողովրդական էպոսի մասին
Եվրոպայում սլավոն ժողովուրդների մեջ ավելի ուշ է զարգացել գրականությունը, էդ պատճաոով էլ ավելի երկար ժամանակ նրանց մեջ է կենդանի մնացել ժողովրդական բանահյուսությունը։ Սլավոնների մեջ էլ ամենից լավ պահել ու զարգացրել է իր էպոսը սերբ ժողովուրդը, որ, սլավոնագետների կարծիքով, թեև ենթարկվել է թուրքերի քաղաքական ծանր լծին, բայց ազատ է մնացել էն երկարատև հասարակական ստրկությունից, որին ենթակա են եղել ռուսն ու լեհը ճորտատիրական կարգի պատճառով և ազնվականության ճնշումի հետևանքով, որ հազար անգամ ավելի սպանիչ ազդեցություն է արել, քան ամեն քաղաքական լուծ ու ճնշում։ Եվ սրանից է, որ ռուսական ազգային էպոսի (былина) մասերն էլ կենդանի են մնացել ավելի երկրի հյուսիսային ծայրերում, ուր ճորտատիրության օրենքը չի հասել։
Սերբ ժողովրդի էպոսը չորս շրջան ունի.
1. Հնագույն կամ դիցաբանական երգերը, 2. Կոսովյան դաշտի երգերը, 3. Արքայազուն Մարկոյի երգերը և 4. Նոր ժամանակի երգերը։
Սերբիական էպոսի մեջ վառ ապրում են նախաթուրքական շրջանի և թուրքական տիրապետության շրջանի հիշողությունները, պատմական դեպքերն ու հերոսները։
Էդ հերոսներից մինն է Վուկաշին թագավորը, որ ընկավ թուրքերի ձեռքից։ Ընկավ և նոր կազմակերպվող, ջահել Սերբիան, սակայն ընկավ վերստին կանգնելու կյանքով ու տենչանքով լիքը։
Ահա էս Վուկաշինի որդին է սերբիական էպոսի մեծագույն հերոսը — Մարկոն, որ հանդիսանում է սերբ ժողովրդի ազգային նվիրական զգացմունքների ու առաքինությունների մարմնացումը, նրանց Սասունցի Դավիթը։
Սերբերը սկզբներում թուրքերին հաշտ աչքով էին նայում, նրանցից չէին սպասում էն չարիքները, ինչ որ տեսան հետագայում, դրա համար նրանց ազգային հերոսն էլ, էպոսի մեջ, իբրև էդ մոմենտի ու վերաբերմունքի արտահայտություն՝ համարվում է սուլթանի հոգևորդին, սուլթանն էլ նրա հոգեհայրը։
Բայց կարճ ժամանակից հետո թուրքերը սկսում են իրենց անտանելի ճնշումները… գեղեցիկ կանանց ու տղերանցը հավաքել, սերբերին արգելել զենք կրելը, ձի նստելը, կանաչ զգեստ հագնելը, ծանրաբեռնում են ամեն տեսակ հարկերով ու տուրքերով, զզվեցնում ու զայրացնում են ժողովրդին, և ահա հոգևորդին դուրս է գալիս հոգեհոր դեմ։
Էպոսի մեջ դա արքայազուն Մարկոն է, իսկ հետագայում էն սերբ հայդուկներն էին, որոնք՝ իրենց սեփական ուժերի վրա դրած իրենց փրկության հույսը՝ դուրս եկան իրենց լեռներն ու հայտարարեցին՝ միանգամայն ընդմիշտ թուրքի դեմ։ Եվ որովհետև միանգամ ընդմիշտ թուրքի դեմ վեր էր կացել և Ռուսաստանը ու ծանր հարվածներ էր տալիս թշնամուն, դրա համար Ռուսաստանն էլ է մտել սերբիական ազգային էպոսի մեջ։
XVII դարում մի անգամ Սերբիան կարողացավ թուրքերից ազատվել, բայց եվրոպական պետությունները նրան նորից ետ տվին սուլթանին, և էսպես տևեց մինչև վերջին ու վերջնական ազատագրումը՝ 1878 թվականի ռուս-թուրքական պատերազմից հետո, մի պատերազմ, որը, ինչպես և այժմյան մեծ պատերազմը՝ Սերբիայից սկսվեց։
Ազգերի էպոսների հերոսները սովորաբար ընդհարվում են իրենց ծնողների հետ ու ընկնում են նրանց անեծքի ծանրության տակ։ Էդ ընդհանուրի ճակատագրից չի խուսափում և սերբիական Մարկոն։
Մարկոյին առաջարկված է լինում դատ տեսնել՝ մի կողմից իր հոր ու հորեղբայրների, մյուս կողմից արքայազուն Ուռոշի միջև։ Մարկոն կողմնապահություն չի անում, դատը տեսնում է աստուծով ու վճռում է Ուռոշի օգտին։ Զայրացած հերն անիծում է նրան, գուժելով՝ թե քանի կենդանի է՝ թուրքի սուլթանին ծառայի, մեռնի անժառանգ, մեռնելուց հետո էլ ոչ դագաղ ունենա, ոչ գերեզման։ Իսկ շնորհապարտ Ուռոշն օրհնում է, թե՝ քանի արևն ու լուսինը կան՝ Մարկոն առաջին կտրիճը մնա աշխարհքի երեսին։ Եվ ոչ մեկի խոսքն էլ գետնին չի մնում. կատարվում են թե՛ Ուռոշի օրհնանքը, թե՛ հոր անեծքը։ Մարկոս միշտ մնում է առաջին կտրիճը, սակայն միշտ էլ անտուն ու անտեղ, անհող ու անհայրենիք, մի օր Պրիլեպում իր Եփրոսիմե մոր հետ է ապրում, մյուս օրը Ստամբոլ է հայտնվում, երրորդ օրը, Արաբիայի սահմաններում, թափառական ու շարունակ ծառա թուրքի սուլթանին։
Վերջն էլ մեռնում է անժառանգ և մնում է մի սարի ծերի՝ երկար ժամանակ անթաղ ու անգերեզման…
1916թ.