Միցիո Կակու
Հարցազրույց

2013-ին «Նյու Յորք թայմս» թերթը Միցիո Կակուին անվանեց Նյու Յորքի ամենախելացի մարդկանցից մեկը: Ճապոնական ծագումով ամերիկյան ֆիզիկոսը մի շարք հետազոտություններ է կատարել սև խոռոչների և տիեզերքի ընդլայնման բնագավառներում: Հայտնի է իբրև գիտությունն ակտիվորեն հանրայնացնող գիտնական: Գիտնականը մի քանի բեսթսելեր ունի (դրանցից շատերը թարգմանված են ռուսերեն, այդ թվում` «Սուպերլարերի տեսության ներածություն», «Անհնարինի ֆիզիկան», «Ապագայի ֆիզիկան»), հաղորդումների շարք՝ BBC-ում և «Discovery»-ում: Կակուն համաշխարհային հռչակ ունեցող ուսուցիչ է. նա նյույորքյան «Սիթի» քոլեջի տեսական ֆիզիկայի պրոֆեսոր է, շատ է ճամփորդում՝ դասախոսելով աշխարհով մեկ: Վերջերս Միցիո Կակուն պատմել է «Դրամի իշխանություն (Власть Денег)» պարբերականին, թե ինչպես է տեսնում ապագայի կրթությունը:

— Ձեր «Ապագայի ֆիզիկան» գրքում գրում եք, որ կրթության հիմքում կլինեն համացանցի տեխնոլոգիաներն ու «Google Glass» տեսակի գաջեթները:
Ուրիշ ի՞նչ խոշոր փոփոխություններ կլինեն կրթության բնագավառում:

— Ամենակարևորը՝ կրթության հիմքում այլևս մտապահումը չի լինի: Շատ շուտով համակարգիչներն ու «Google Glass » ակնոցները կփոխարկվեն աննշան ոսպնյակների, որոնք հնարավորություն կընձեռեն ներբեռնելու ողջ անհրաժեշտ տեղեկությունը: Արդեն գոյություն ունեն հավելյալ իրականության ակնոցներ, որոնք ունեն նույնպիսի գործառույթ: Այդ իսկ պատճառով մեկ-երկու տարուց քննությունների ժամանակ դպրոցականները հեշտությամբ կկարողանան հարցերի պատասխանները համացանցում գտնել. աչքդ թարթես` և անհրաժեշտ տեղեկությունը կհայտնվի: Մի կողմից՝ ուղեղն անօգուտ գիտելիքով ծանրաբեռնելու կարիք չի լինի, որի հիմնական մասը, ինչպես փորձը ցույց է տալիս, այնուհետև չի օգտագործվում: Մյուս կողմից՝ ազատված մտավոր ներուժը կուղղվի մտածելու, վերլուծելու, պատճառաբանելու և, արդյունքում, ճիշտ որոշումներ կայացնելու կարողության զարգացմանը:

— Այս դեպքում քննությունների և դասավանդողների կարիք այլևս չի՞ լինի:

Անշուշտ, մենք առավել ինքնավար կդառնանք, մեր կյանքի համար մեծ պատասխանատվություն կկրենք, և հետևաբար ոչ մի «վերահսկող մարմնի» կարիք այլևս չի լինի: Մարդիկ կսկսեն զբաղվել ինքնակրթությամբ, ընդ որում, իրապես գիտակցելով, թե կոնկրետ ինչ գիտելիքներ են հարկավոր: Իսկ եթե խորհրդակցության կարիք զգացվի, կստանան այն, օրինակ, «խելացի» պատից: Շատ շուտով արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների օգնությամբ ստեղծված այդպիսի սարքերը ամենուրեք կլինեն՝ բնակարանում, գրասենյակում, փողոցում: Բավական կլինի ընդամենը մոտենալ պատին ու ասել.
— Ցանկանում եմ կենսաբան-պրոֆեսորի հետ զրուցել:
Եվ անմիջապես պատին կհայտնվի այն գիտնականը, որ անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը կարող է տալ: Այս համակարգը կկիրառվի ոչ միայն կրթության, այլև այլ բնագավառներում՝ բժշկության, իրավաբանության, դիզայնի, հոգեբանության և այլն: Իհարկե, իրական մասնագետները, ասենք, վիրաբույժները, պետք կլինեն, սակայն հասարակ խնդիրները հնարավոր կլինի վիրտուալ լուծել: Ինչ վերաբերում է ուսուցիչներին, ապա նրանց «անձնական ներկայության» կարիքը հաստատ չի զգացվի:

— Մարդիկ կկարողանա՞ն արդյոք արագ անցնել ինքնակրթության, առցանց ուսուցման:

Համալսարանական առցանց կուրսեր արդեն կան. դա իսկապես փայլուն գաղափար է: Թեև, դեռևս բարձր է այդ ծրագրերով սովորելուց հրաժարվածների տոկոսը: Դա կապված է նրա հետ, որ մարդիկ դեռևս սովոր չեն առանց ուսուցչի ՝ «միայն դու և համակարգչի մոնիտորը» սկզբունքով աշխատելու, նրանք չունեն բարձր մոտիվացիա: Մյուս կողմից` առցանց համակարգը դեռ նոր է ծնվում, այն պետք է շտկվի: Չնայած, նա բավականին արագ է զարգանում ու կատարելագործվում, և անշուշտ առաջիկա հիսուն տարին կրթությունն այդ կերպ կզարգանա: Համալսարանները կպահպանվեն, բայց դրանք մեծ մասամբ կլինեն վիրտուալ բուհեր, որտեղ ուսուցումն անցկացվում է ըստ բնագավառների: Իսկ նրանց, որ կհաճախեն ավանդական ուսումնական հաստատություններում ընթացող դասախոսություններին, կհամարեն ձախողակ: Նրանց մասին կասեն. «Չկարողացավ իր ուսումն ինքնուրույն կազմել»:

— Հիմա դիպլոմն է ստացված գիտելիքի հաստատումը: Ապագայում ինչպե՞ս է մասնագետը հաստատելու իր բանիմացությունն այս կամ այն ոլորտում:

Դիպլոմները կվերանան, քանի որ այլևս դրանց կարիքը չի զգացվի, նախ և առաջ այն պատճառով, որ կրթությունն այլևս ինչ-ինչ ժամանակային կամ տարածական շրջանակներով չի սահմանափակվի: Ամենայն հավանականությամբ կբացվեն վկայագրման կենտրոններ, որտեղ մասնագետները կհանձնեն որակավորման քննություններ, որոնք կորոշեն հմտությունների ու կարողությունների համախումբը: Այս արդյունքներից կախված՝ մարդը կստանա կամ չի ստանա որոշակի պաշտոն: Հավանաբար, ժամանակի ընթացքում կմտցնեն նաև գնահատականների ընդհանուր սանդղակ: Հետևաբար, համալսարանները կդառնան ծառայություններ մատուցողներ, բայց այդ ծառայություններն իրենք չեն գնահատի: ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում, Եվրոպայում շատ տարածված է պորտֆոլիոյի համակարգը, երբ ուսումնառության ընթացքում անձը կուտակում է դիպլոմներ, վկայականներ, վկայագրեր և դրանք ներկայացնում է գործատուին: Ապագայում կուտակած ինտելեկտուալ պաշարը կդառնա կրթության համակարգի առանցքային տարրերից մեկը, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաները մարդու վաստակը մատչելի և թափանցիկ կդարձնեն:

— Եթե մեծահասակներից կարել է ակնկալել կրթության հանդեպ գիտակցական վերաբերմունք, ապա երեխաները դժվար թե սովորեն առանց մշտական վերահսկողության…

Կսկսեն ակտիվորեն զարգանալ մանկական կրթական ծառայությունները: Առաջիկա տասը-տասնհինգ տարին այն, ինչ հիմա անվանում ենք արտադպրոցական կրթություն, անսահման հնարավորություններ ձեռք կբերի: Մանավորապես, կլինի այնպիսի ծառայություն, ինչպիսին է առցանց մանկավարժությունը: Ընդ որում առցանց` չի նշանակում, որ բոլորը նստած են համակարգիչների առջև ու նայում են մոնիտորներին. փոխվում է հենց միջավայրը, որում ապրում են մարդիկ, և նրանց հետ փոխազդող ինտերֆեյսները: Ապագայի` տեղեկատվական-հաղորդակացական լուծումներով լի քաղաքներն իրենք իրենցով կդառնան նոր կրթական միջավայրի մասնակիցներ: Մասնավորապես, մանուկների համար կառաջարկվեն մեծ խաղեր, որոնք օրեր շարունակ կանցկացվեն քաղաքային իրական կամ հատուկ նախապատրաստված տարածքներում: Դասագրքերը կսովորեն արհեստական ինտելեկտ «լցոնել», և նա կկարողանա ուսումնական նյութեր՝ ֆոտոներ, տեքստեր, տեսագրություններ, հանձնարարություններ, սխեմաներ ընտրել ըստ յուրաքանչյուր աշակերտի պահանջների, անկախ նրանից, թե սովորողը քանի տարեկան է՝ վեց թե վաթսուն: Այդպիսի մշակումները շատ են, աստիճանաբար ներդրվում են:

— Հիմա լավ մասնագետ դառնալու համար հարկավոր է գիտելիք կուտակել ու փորձ ձեռք բերել: Ի՞նչ է հարկավոր ապագայում հաջողակ մարդ դառնալու համար:

Իրական հաջողության հասնելու համար պետք է զարգացնել այն ընդունակությունները, որոնք ռոբոտների համար անմատչելի են՝ ստեղծականությունը, երևակայությունը, նախաձեռնողականությունը, առաջնորդի հատկանիշները: Զուր չէ, որ Թոնի Բլերը սիրում է ասել, որ Անգլիան ավելի շատ եկամուտ ստանում է իր ռոք-ն-ռոլից, քան հանքահորերից: Հաջողության առավել մեծ հնարավորություն կունենան այն երկրները, որոնք կկարողանան հավասարակշռել ապրանքային շուկաներն ու ճանաչողական-ստեղծական պոտենցիալը: Այն ազգերը, որոնք հավատում են բացառապես գյուղատնտեսությանը, երկար չեն դիմակայի, նրանք դատապարտված են աղքատության:

— Ապագան կանխատեսող մասնագետները (ֆուտուրոլոգները) պնդում են, որ աշխատատեղերի առյուծի բաժինը շուտով կզբաղեցնեն ռոբոտները: Ի՞նչ կմնա մարդուն:

— Ամենաբարձր վճարվողները կլինեն բիոտեխնոլոգները, նանոտեխնոլոգներն ու արհեստական ինտելեկտը: Փոխվում է ոչ միայն կրթական, այլև աշխատանքային համակարգը: Շատ շուտով ֆաբրիկաներում մարդ չի մնա, դրա փոխարեն բազմաթիվ մասնագիտություններ կառաջանանան ինտելեկտուալ բնագավառում: Ամենակարևորը՝ ժամանակին կողմնորոշվես և անցում կատարես: Մարդկանց մեծ մասի խնդիրն այն է, որ իներտ են և նույնիսկ քայլ չեն կարող կատարել առանց ամբոխին նայելու: Առաջինը, որ պետք է սովորեք, եթե ապագայում ուզում եք հասնել հաջողության, տարբերվելուց չվախենալն է, սեփական կյանքի ողջ պատասխանատվությունը կրելը, մեկ օրում ամեն ինչ փոխելուց ու նոր ուղով շարունակելուց չվախենալը:

— Դեռ երբեք գործազրկության մակարդակն այսքան բարձր չի եղել ինչպես հիմա՝ առաջին հերթին երիտասարդության: Արժե՞ դա զուտ համաշխարհային ճգնաժամին վերագրել, թե՞ մեղքի իր բաժինն ունի նաև կրթական ոչ արդյունավետ համակարգը:

Գործող կրթական համակարգը պատրաստում է անցյալի մասնագետներ: Մենք սովորեցնում ենք մարդկանց, որ գնան մի աշխատանքի, որն արդեն գոյություն չունի, ապահովում ենք մտավոր գործիքներով, որոնք վաղուց ապարդյուն են: Ահա, թե ինչու է գործազուրկների թիվն աշխարհում այդքան մեծ: Ինչո՞ւ պետք է գործատուն ընդունի շրջանավարտներին. բացի նրանից, որ համապատասխան գիտելիք չունեն, փորձ էլ չունեն: Արդյունքում, համաշխարհային առաջատար ընկերություններում մեծամասնությունը հիսուն-վաթսուն տարեկան է: Իսկ չէ՞ որ նրանք շարունակելու են սովորել. հենց որ մարդիկ հանգիստ սկսեն հարյուր քսան տարի ապրել ու հետևել, այն մոտեցմանը, որ պետք է անընդհատ սովորել, որը, ըստ իս, անխուսափելի է: Ահա թե ինչու կրթական համակարգի մասնագետները հիմա արմատապես վերանայում են բնագիտական այն ուսումնական ծրագրերը, որոնք անմիջական կապ ունեն ապագայի տեխնոլոգիաների հետ:

— Բայց չէ՞ որ ոչ բոլորն ունեն մտավոր աշխատանքի ձիրք: Ի՞նչ տաղանդ պիտի ունենա մտավոր աշխատանքի ձիրք չունեցող մարդը, որպեսզի գոյատևի ռոբոտների աշխարհում:

Ոչ մի բարձր զարգացած ինտելեկտ չի կարող ամբողջությամբ փոխարինել մարդուն: Իրականում մեքենաների համեմատ շատ ավելի շատ առավելություններ ունենք, քան կարելի է պատկերացնել: Օրինակ, ռոբոտները չունեն պատկերավոր մտածելակերպ, նրանք չունեն գիտակցություն, ներքին ձայն (ինտուիցիա): Կգոյատևեն այգեպանները, շինարարները, ֆիզիկական այնպիսի աշխատանք կատարողները, որոնց աշխատանքը կապված է ստեղծականության հետ, այսինքն` ենթադրվում է ոչ թե ֆունկցիաների ավտոմատ կատարում, այլ տարբեր փուլերում մոտեցման փոփոխություն: Մոտ ապագայում «բանվորական» կհամարվեն այն մասնագիտությունները, որոնք հիմա մտավոր են համարվում՝ ծրագրավորումը, համակարգչային դիզայնը, 3D նախագծումը: Ինչ էլ որ մարդն անի, պիտի ամեն ինչի հանդեպ ունենա ստեղծագործ մոտեցում, կենդանի երևակայություն, փոփոխվող պայմաններում արագ կողմնորոշվելու կարողություն և լավ զարգացած ներքին ձայն:

— Ինչպիսի՞ փոփոխություններ են սպասում մարդկային ինտելեկտին ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հետ՝ բժշկությունից մինչև կիբեռնետիկա:

Միանգամայն ռեալ է, որ մինչև 2050թ. ստեղծված կլինի գերխելքը, որը կգերազանցի մարդկության լավագույն ուղեղներին՝ համարյա բոլոր բնագավառներում: Օրինակ, բոլորովին վերջերս, գիտնականների բազմազգ մի խումբ մեկ միլիարդ դոլարանոց «Մարդկային ուղեղ» (Human Brain Project ) նախագծի շրջանակում ստեղծել է մարդու ուղեղի մի բացառիկ քարտեզ՝ «Մեծ ուղեղը» (Big Brain), որը ցույց է տալիս նրա հանգամանալից կառուցվածքը մինչև 20 միկրոմետր ճշտությամբ: Այդպիսի անատոմիական ատլասը ոչ միայն կհեշտացնի նյարդաբանների և նյարդավիրաբույժների աշխատանքը, կօգնի ծանր հիվանդություններ բուժել, այլև հնարավորություն կընձեռի տեսնելու, թե ինչպես է ուղեղը մշակում հույզերը, ինֆորմացիա ընկալում: Դա զգալի կարագացնի գերխելքի ստեղծման ընթացքը, ինչպես նաև թույլ կտա առավելագույնս անվտանգ կատարելագործել և խթանել բնական ճանաչողական գործընթացները, կուտակել գիտելիքների բազա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Զահրատ

Կաղանդչէք Հարիւր Կաղանդ ալ կը սպասեմ Եթէ գիտնամ Թէ վերջընթեր Կաղանդին Պիտի նուէրս ընդունիս Ժպիտներուն ամէնէն կոյս Ամէնէն լոյս Եւ ամէնէն երջանիկովն աղուոցած Հարիւր Կաղանդ ալ կսպասեմ սիրելիս Նուէրներուն ամէնէն

12-ամյա կրթությունը դիպլոմի առուծախի, ժամանակ ու հնարավորություններ մսխող համակարգ է

Newsbook.am 08.04.2015թ. Հավանության արժանացնելով պարտադիր 12-ամյա կրթության օրենքի նախագիծը` փոխանակ ազատվելու հին, պարսավելի բարքերից, վերադառնում ենք հետխորհրդային շրջան, այն է` կեղծիքի, ձևականության և պարազիտիզմի շրջան: NewsBook-ի հետ զրույցում այս մասին

«Կրթահամալիրում մենք չենք աշխատում, մենք ապրում ենք»

Գրիգոր Խաչատրյանին է պատկանում թևավոր դարձած խոսքը. «Կրթահամալիրում մենք չենք աշխատում, մենք ապրում ենք»… Իրեն, իհարկե, ասածը չի վերաբերում՝ հիմա նա աշխատել է ուզում ընդամենը… այն էլ առողջությունը չի ներում. ինչ