Ես նեղացել եմ Դավթից, չեմ խոսում, չեմ հարաբերվում. խոզ է, առաջվա պես ամեն օր  չի լողում, նվնըվ է…

Իրիկունը տուն եմ գալիս, իմ հին բարեկամ Էդվարդ Դարբինյանն ու Սուսան Սաֆարյանը հրավիրել էին իրենց համերգին, ես մտնում եմ տուն համերգից… Դավիթը, երևում, է, սպասում է, մայրը «մշակել է», լողացրել… Ես Դավթին չտեսնելու, չլսելու եմ տալիս… Դավիթը չրխկոցով, թխկոցով, տնքոցով իր վրա ուշք է հրավիրում… Հետո էլ թե՝

— Պապա, բարև…
Ես չգիտեմ՝ ինչպես ինձ պահեմ:
— Ես եմ, պապ:
— Դու ո՞վ ես, հարցնում եմ:
— Ես եմ, քո Դավիթը:
— Կեղտոտ, խոզ Դավի՞թը, որ օրերով չի լողանում, թույլ է ու նվնըվ…
Ձայն չկա, ուշադիր հետևում է…
— Փնթի Դավթին ո՞վ կկանչի, էհե՜յ: Կանչեն, որ գա ի՞նչ անի…
— Լողանա,- պատասխանում է անամոթը:
— Պապա, բարև, նայիր էս կողմ:
— Դու լինեիր իմ փոխարեն, կբարևեի՞ր:
— Հա, կբարևեի, հետո կգրկեի, կսիրեի… Մայրիկը, գիտե՞ս, կապույտ փրփուր է առել, ես ամեն օր լողանում եմ… Ուզու՞մ ես, արի գնանք, ցույց տամ:
Ցույց է տալիս…

Մայրը «Սոնա յար» երգ է դրել, ոչ Կոմիտասինը. Դավիթը լսում է, հետո էլ՝
— Փոխի, մամ, սա իմ «Սոնան» չի, լավը չի այս «Սոնան», իմ ու Կոմիտասի «Սոնա յարն» եմ ուզում լսեմ:
Լսում է, գնում, քնում:

Շաբաթ օրը, գիտեք, մի խմբով գնում ենք Հրազդան գետի առաջացման ակունք, հետևելու ենք գետին, Զանգվի հետ անցնելու ենք Բջնի-Սոլակ-Քաղսի տարածքով: Կրթահամալիրի հայրենագիտական երթուղին՝ Երևան-Բջնի-Երևան, մինչև վերջերս ձգվում է. նպատակ ունենալով ուսումնասիրել (լինել) Բջնիի նշանավոր բերդում, եկեղեցիներում, Հրազդանի կիրճին հարաբերվել թռուցիկ՝ Բջնիի բերդի բարձունքից:

Իմ հիմնավորված նախաձեռնությամբ երթուղին սկսում է փոխվել։

Նախ՝ սեբաստացի հայրենագետ ճամփորդների մոտ տիրապետող է դառնում Երևանից մեկնելն ու վերադառնալը տարբեր ճանապարհներով: Արդեն երեք-չորս տարի մենք Արցախ գնում ենք Վարդենիսի լեռնանցքով-Թարթառի հովտով (Քարավաճառ-Քելբաջարով), վերադառնում՝ Խաչենի հովտով, Շուշի-Քաշաթաղ (Լաչին)-Գորիսով։ Այս ամռանը «Հնեվանքի» ճամբար, Ստեփանավանի Կուրթան ճամբարականների խմբերը մեկնեցին Սևան-Դիլիջան-Գարգառով, մի լավ լողացին Սևանա լճում, վերադարձան Սպիտակ-Ապարանով… Մենք Մադինա, օրեր առաջ մեկնեցինք Սևան-Գետաշենով, վերադարձանք Սելիմի (Վարդենյաց) լեռնանցքով, Եղեգիսի կիրճով ու Արփայի հովտով, Արարատով… Նույնն էլ՝ Վրաստան, Թբիլիսի, մեր կրթական փոխանակման խմբերը մեկնում են Սևան-Իջևան-Նոյեմբերյանով (Սևանում լողալը կամ դադար առնելը պարտադիր է), վերադառնում Ալավերդի-Վանաձոր-Ապարանով…

Հետո՝ սկսում ենք ավելի ուշադիր լինել մեր գետերի, նրանց կիրճերի, հովիտների նկատմամբ: Մենք վատ, շատ վատ ենք ճանաչում մեզ սնող, պահող, ջրող ավազանները՝ Սևանից ու Հրազդանից սկսած, Սևան թափվող, Սևան ստեղծող գետերը ներառյալ… Հիմնավոր է կրթական-ճանաչողական հայացքի այս հեղաշրջումը սկսել Զանգու-Հրազդանից: Մի տեսեք, թե ինչպես է իմ պայծառ հերոս ամենահայտնի քանաքեռցի Խաչատուր Աբովյանը նկարագրում իր ծննդավայրի գետը՝ Զանգուն. «Ինչպես մեկ կատաղած վիշապ՝ երկնքիցը թռած, գլխիվեր ճոլոլակ, մեկ տուտը Սևանի հանդարտ ծովումը, մեկ տուտը Արազի քրքրված ղրաղումը, սար ու ձոր կխչոր տալով, քանդելով, տապալելով, քափ ու քրտինքը բերանը կոխած, գզզված մազերը քյալլին ցցած, կապը կտրած, գժված, ռեխն ավազով, քարով, զիբիլով լիքը, էս կողմն, էն կողմն փնչացնելով, ճոթռելով, ջարդելով, տակ ու ղրաղ ծամելով, բրդելով՝ մեկ թևն իր ծոցի, էն սև՛, մութն ու չանգը կոխած, խևանդ-խևանդ կտրատած փորն ու դոշը բաց արած, ծառով, թփով զարդարած ձորի գլխովը քցած, մեկ թևն էն նե՛ղ, չո՛ր, տխո՛ւր Կաքավասարի տակիցը որ ական թոթափել դուս չի՛ պրծնում, վազում,— ու հրո՛վ, սրո՛վ, բոցո՛վ, բրո՛վ, փռնչալով, մռնչալով, խռնչալով, քարի, քարափի գլուխ վե՛ր հատելով, իր փորը խցկելով, վեմ, ապառաժ իրար ծեծելով, կայծակին տալով, ճչալով, ճռնչալով, թնդալով, դղրդալով,— ցած ափները, սասանահար գետինը պոկելով, պռճոկելով, քրքրելով, քրքրվելով, կենդանի, անկենդան, իսան, հայվան գետնին զարկելով, բամբաչելով, խլացնելով, քառացնելով, սրսրթացնելով, վրվրթացնելով՝ վառված, կրակված աչքերը արնով լիքը, յալը ցցած, ատամները ղրճտացնելով, կրճտացնելով, դաշտ ու տափ դրմբացնելով, դրնգացնելով, դմբդմբացնելով, դնգդնգացնելով, ու կայծակի թուրը բերնին բռնած, վրա պրծած որ չի՛ գալիս ամեհի Զանգին ու Ձորագեղ մտնում…»: (Կարդացեք իմ բլոգի «Ընթերցարանում»):

Դուք, սեբաստացիներ, բոլոր տարիքի, որտեղ էլ լինեք, այսպիսի Զանգու ձեր ծննդավայր Երևանում տեսե՞լ եք: Ես երեկվա գրում հարցրել էի, թե ով երբ է վերջին անգամ եղել Զանգվի կիրճում, ձորում… Ամենագնաց տիկին Աիդան հիշեց՝ այս տարվա մայիսին, որպես ուսումնական ճամփորդություն: Զանգուն, որ մեր Երևանի գետն է, իր արմաղան (չնաշխարհիկ կամ աննման) կիրճով, որին կնախանձի ցանկացած եվրոպական քաղաք… «Մեզ չի հասկանա օտարերկրացին»,- ճչում է Տերյանը մեր Վահան, իսկ մենք մեզ ճանաչո՞ւմ ենք՝ հասկանալու չափ…

Ահա այսպիսի Զանգու, որ անցնում է քաղաքի ողջ երկայնքով՝ Քանաքեռից մինչև Արաքս, մեզնից մեծ մասը գնում է որպես ճամփորդություն, կամ փոքր մասը՝ ուտուշ-խմուշի՝ հատուկ պատրաստությամբ… Մեր առօրյայում մենք չենք լինում կիրճում՝ որպես զբոսավայր, ժամադրավայր, աշխատավայր…

Մեզնից ու մեր քաղաքային կյանքից օտարել ենք մեր քաղաքի Զանգուն՝ իր կիրճով… Ահա այս օտարման հաղթահարմանը, ծանոթության հաստատմանն ուղղված կլինի «Մեր քաղաքի գետը. Զանգվի կիրճով ափամերձ քաղաք» ուսումնական նախագիծը, որի մեկնարկը, տիար տնօրենի իմ իրավունքով, տրված է ահա… Ես քայլելու եմ ոտքով, ոչ մեկ օրում, անշտապ, Սևանից մինչև Արաքս գետը՝ բազմիցս անցնելու ափից ափ, հավաքելու եմ տեղեկություններ Հրազդան-Զանգվի մասին, որպես փաստեր՝ գետի ողջ ընթացքով…

Գրիգոր Խաչատրյանի ասույթներից՝ թև առած ու այդպես, ճախրանքը չդադարեցրած, այս մեկը ևս՝ «մուտքը ներսի կողմից», ուղենիշային եղավ ինձ համար անցնող (ոչ մի կերպ չի անցնում, պրծնում) 2013-14 ուստարում: Ծիծաղը՝ ծիծաղ, զավեշտը՝ զավեշտ, բայց «Սեբաստիա» մարզադաշտ կարելի է միայն Մայր դպրոցի ներսից մուտք գործել, և սրա համար մենք շատ չարչարվեցինք… Մարզադաշտի հերթական հրապարակի՝ լողափնյա վոլեյբոլի դաշտի գործարկումով մենք ընդհուպ մոտենում ենք մեծ թենիսի կորտերի կառուցման անհրաժեշտությանը… Մինչև մեր տոնը մենք պիտի սկսած լինենք թենիսի խաղահրապարակի շինարարությունը: Կսկսենք: Բայց ավելի կարևոր խնդիր կա. ինչպիսի՞ն է մեր գյոզալ մարզադաշտի ծանրաբեռնվածությունը: Ուրախացնող են, իհարկե, Նոր դպրոցի դասարանային հաճախումները, բայց… Դուրս եկեք ներսից դեպի դուրս, սիրելի սեբաստացիներ, որտեղ էլ որ լինեք…

Մեր կրթահամալիրի Բանգշադեշը «Սեբաստիա» կրթական պարտեզ դարձնելու նախագծերի համար լավագույն ժամանակն է այս աշունը։

Հարգելի ընթերցողի ուշադրությունը հրավիրում եմ Հովհաննես Քաջազնունու «Հ. Յ դաշնակցութիւնը անելիք չունի այլեւս» գրքույկին, որ մեր Առաջին հանրապետության առաջին վարչապետը գրել է 1923թ. Վիեննայում, որպես «մի զեկուցագիր…, որ ներկայացրել եմ Հ. Յ. Դաշնակցութեան արտասահմանեան մարմինների Խորհրդաժողովին, սոյն 1923թ. ապրիլ ամսին:
Խորապես համոզւած լինելով, որ այստեղ արծարծւած խնդիրները ամենալուրջ մտածումների առարկայ պիտի լինեն ոչ միայն կուսակցականների, այլեւ ամեն մի հայ մարդու համար, պարտք համարեցի տպագրութեան տալ ու հանրային սեփականութիւն դարձնել զեկուցագիրս:
017
Տպագրում եմ անփոփոխ ու ամբողջովին, բացի վերջի երեք-չորս էջերից, որ պարունակում են կոնկրետ առաջարկներ ու վերապահւելու են միայն կուսակցական շրջանների համար»:

Յուրաքանչյուր կուսակցություն իր անդամներով և մարմիններով է որոշում իր անելիքը. դաշնակցության անելիք-չանելիքի մասին չէ իմ խոսքը, հատկապես, որ 1991-ից առ այսօր ՀՅԴ կուսակցությունը չէ, որ կառավարում է Հայաստանում: Ասել է թե՝ Քաջազնունու զեկուցագիրն ապակուսակցական է, ուղղված ընթերցողին, օրագրի իմ ընթերցողին: Ամենաքիչը դեպքերի, անցքերի պատմական զուգահեռներն են օգտակար, և անիմաստ զբաղմունք է եղածը դիտել որպես տրենաժոր կամ մոդել՝ այսօրվա մեր խնդիրները լուծելու, վիճակը նկարագրելու: Բայց գրավիչ լեզվով, բարալիկ, մի շնչով կարդացվող գրքույկը կհեշտացնի ծանոթացումն իմ քաղաքական գործունեությանը, նաև կհեշտացնի 1991-98թթ. անցքերի շարադրանքն օրագրում: Իսկ ես դա չանել չեմ կարող: Բարի վայելում:

Ի դեպ, գրքի տպագիր օրինակից կարող եք ունենալ սեփականը. մոտեցեք Մայր դպրոցի գրադարան՝ Մարիին կամ Նոնային: Ես սիրով կմակագրեմ ձեր օրինակը… կարդալուց հետո…

Այսօր մինչ տնօրենը հանդիպումների, հեռուստատաղավարներում և ինտերնետ ակումբներում է, սեբաստացիները «Երևան էքսպո» կենտրոնում (Հակոբ Հակոբյան 3, «Մերգելյան» ինստիտուտի տարածքում) մասնակցում են Digitec Expo 2014 10-րդ ՏՀՏ/ԲՏ ցուցահանդեսին։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ձուկը որ չիմանա, ջուրը կիմանա…

Օրեր առաջ ֆրանսիացի լրագրող Մարիամ Գոմն ինձանից փորձում էր կորզել իմ 1999-2001թթ՝ կալանավոր շրջանի իրավապաշտպան գործունեության ապացույցներ,  իր ընթերցողին հետաքրքրող օրինակներ, պատմություններ… Ինչ պատմել եմ, պատմվել-վկայվել է այդ շրջանի մասին, բավ

Ձմեռ պապի նվերն ենք ձեր՝ մենք ու մեր ճամբարային նախագծերը…

Վերնագիր-հիշեցումն ինձ արեցին վեցերորդցիներ Ստելա Սարգսյանն և Նանե Այնթաբյանը, երբ ես իրենց ջոկատին իբր բողոքեցի, որ Ձմեռ պապն ինձ այս տարի աննվեր թողեց… Ցույց տվեցի՝ հագիս ոչ մի նոր շոր… Նույն

Ես եմ՝ քո անմահությունը

 Անմահությունը։ Ես եմ։ Ամպերը՝ երկնքում, աստղերը` ամպերի վրա, իսկ լուսինը՝ աստղերի գրկում։ Արփի Սահակյան Կրթահամալիրի Քոլեջի «Նախադպրոցականի դաստիարակ» մասնագիտությամբ այս տարվա շրջանավարտ Աննա Պետրոսյանի հետ ավելի ու ավելի հետաքրքիր է.