Հարիւր կաղանդ ալ կսպասեմ, սիրելիս…
Գիտնամ միայն, որ դուն գիտէս, թէ կը սպասեմ, սիրելիս…
Մեր սովորողները կրթական փոխանակումների ծրագրով այս շաբաթ մեծ ավտոբուսով Ստամբուլ տարան իրենցը դարձած Զահրատին, ու ես ուշի-ուշով հետևում եմ Զահրատի քաղաքում նրանց բացահայտումներով հասունության դրսևորումներին՝ հայկական վարժարանների իրենց հասակակիցների հետ… Երևանում բաժանվելիս, քանդակագործ Վիգեն Ավետիսը վկա, պայմանավորվել ենք՝ ինքնավստահ թափառում, արևի պես նայվածք, ստեղծականություն ամենուր, այնպես, որ մեկ շաբաթում որքան հնարավոր է շատ հայ-թուրք ձեզ ճանաչի, ու դուք ճանաչեք 14 միլիոնանոց մեգապոլիսը…
1980-84-ին Պոլսից Երևան մշտական բնակության եկած գրող-գրականագետ Գեղամ Սևանի միջոցով, իմ առաջին դպրոցի հայագիտական դասարաններում, կայացավ հանդիպումը հայկական Ստամբուլի զարմանալի բանաստեղծ Զահրատի հետ: Չի մոռացվի Գեղամ Սևանի՝ Երևանի համեստ բնակարանում Զահրատի առաջին գրքի ընթերցումը, ոգևորված պոլսեցու աչքերը, ձայնը, չեն մոռացվի միշտ սիրահար, նաև տարիքով երիտասարդ տիարի ու մի դասարան գրականասեր պատանիների՝ Գեղամ Սևանի հետ գրողների միության Ծաղկաձորի տանը հանգրվանածներիս, թափառումը-քայլքը Զահրատով, երգով, մայրենի արևմտահայերենի բարձունքների նվաճումներով… Կարդացեք Զահրատ հիմա, նա հենց կաղանդի-նախաամանորի պահանջով ծնվածն է… արևմտահայերենի հետ մեր կապը-կամուրջը՝ Մեծարենցով սկսված, Վարուժանով շարունակված… չընդհատված… Մեր մեդիագրադարանում-գրադարանում Զահրատն ինչպե՞ս է ներկայացված… Նրա բոլոր ժողովածուները թվայնացվեն պատշաճ, դրվեն ընթերցողի սեղանին. արևմտահայ գրականություն՝ առանց պոլսեցի Զահրատի՞… Իմ գիրը՝ ձեզ օրինակ։
Կրթահամալիրի նախագծային խումբը Ստամբուլում է: Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի:
Ես միշտ ունեցել եմ փայփայված ժամադրություն Զահրատի ծննդավայրում, գրողական աշխարհում, Ստամբուլի կամուրջներով, կորած նրբանցքներով, «փոքրիկ մարդու»՝ Կիկոյի հետ, խորշերով, բոլոր տեսակի պալատներից հեռու… Նորից հետաձգվեց իմ այցը, բանաստեղծ. կներես, ես անպատրաստ էի այսպես… Ստամբո՛ւլ, քեզ մեր սեբաստացիական ոգին ենք ուղարկել… Ծանոթացիր… մինչև հանդիպում…
Ես չեմ փոխվել, ինձ փոխում է, թևեր հաղորդում, քնից-թմիրից հանում մարդը՝ իր կանչով, իր բացահայտումներով: Ֆիննական կրթական ծրագրի համակարգող, թարգմանիչ Լիլիթ Ալավերդյանը՝ կրթահամալիրի Արևմուտքի դպրոցի 4-րդ դասարանի սովորող Ավետ Չամսարյանի մայրիկը, տղայի ուսումնական բլոգում գրում է.
Իմ պատկերացումները սերտորեն համընկնում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գնահատման մասին որդեգրած քաղաքականությանը։ Այստեղ դասավանդողները հատուկ նպատակ ունեն սովորողի հետ կիսել ուսումնական գործընթացը և ապահովել, որ բոլոր սովորողները իրացնեն իրենց ամբողջ ներուժը։ Մեր կրթահամալիրում կիրառվում է կառուցողական մանկավարժություն, այն է, որ սովորողի կարողությունը ամրագրված չէ և բնականաբար ենթարկվում է փոփոխության, այն շարունակական աճում է, ինչը վկայում է մեր էլեկտրոնային մատենավարությունը։ Ես հպարտ եմ, որ մեր կրթահամալիրում շեշտը դրվում է ոչ թե միավորային գնահատման վրա, այլ որ ուսուցումը համապատասխանի յուրաքանչյուր սովորողի զարգացման մակարդակին»։
Սոնա Փափազյանի համակարգմամբ «Գնահատումը իմ պատկերացմամբ» նախագծի զարգացումը-ծավալումը կրթահամալիրով մեկ դեկտեմբերի 24-28-ին կարող է դառնալ ընտանեկան խոհի-կարծիքի հավաք… որտեղ Գևորգ Հակոբյանը, Սուսան Մարկոսյանը ներկայացնեն «Գնահատումը կրթահամալիրում» 2014-ից գործածվող կարգի իր նոր փոփոխություններով, անցած առավել հասուն, ինքնուրույն սեբաստացի սովորողի, նրա ուսուցչի ու ծնողի՝ ներառական համայնքի փորձառությամբ:
Միշտ մրսկան, գոնե երկու հոգու համար լրացուցիչ հագուստ ունեցող մեր Նառա Նիկողոսյանը «Հետաքրքիր է» նշումով հաղորդում է ուղարկել իմ էլ. փոստին… Եվ այսպես, ընթերցողնե՛ր տիարի օրագրի. ինչպիսի եղանակ են ապահովում տանը՝ աշխարհի տարբեր երկրներում… Աստղիկի հայտնությունը Արմինեին իրավունք է տվել 20C-ով բարձրացնել մեր տան ջերմության անգլիական-հոլանդական-գերմանական ցուցանիշը… մինչև ռումինական… Համաձայն չեմ, շոգից խեղդվելով համակերպվում եմ… Չմրսեք, տանը, դպրոցում, փողոցում, փոքր ու մեծ, մրսել թույլ չեմ տա, բայց և իմացեք, հարուստ եվրոպան չի «խաշվում», իսկ ահա, կարիքի մեջ թաղված Ռուսաստանը…
Փողն ի՞նչ, գաղափար է պետք… Գործչի կյանքին նշանավոր Օստապ Բենդերի այս մոտեցումը եկավ գիշեր-առավոտով, ետընտրական, ազգային ժողովի արտահերթի արդյունքների ֆեյսբուքյան արձագանքով… Ժամեր-օրեր են՝ ինձ այդպես էլ անհաղորդ ազարտի-ընտրական ընթացքի, կանցնեն, կհասնի գլխավորի ժամանակը՝ ի՞նչ ունես տալու՝ որպես գաղափար, իշխանության մեջ, թե դրանից դուրս… որպես անհատ-լիդեր՝ գիտակցումով, որ դու ես իշխանավորը, եթե գործում ես, ու ստեղծածդ-փոխանցածդ գաղափար է, ծառայություն քաղաքացիական, ուղղված մարդուն-հասարակությանը: Հասարակ մարդկանց ընկերակցությամբ, ապրելով առաջ մղվելը, առաջնորդելը. սա է խնդիրը, կոչումը գործչի։ Իսկ երբ գաղափարի մարդը գաղափարին չի՜ ծառայում… եթե խնդիր կա հայոց մեջ, արդեն 100 տարի և ավելի, սա՛ է խնդիրը:
Նորից սկսվում է գաղափարին ծառայության շրջանը… շատ շուտ կերևա՝ ով, ով է, ֆեյսբուքով չէ մեր կյանքը… Որ անճարը վերջնականապես չուտի բանջարը:
Ամանորյա եռուզեռ Արևմտյան դպրոց-պարտեզում:
Թերթեք 2017-ի, 2016-ի, 2015-ի իմ գրերը՝ հաստատելու համար, որ բուն նոր տարին ինձ չի ոգևորել, չի ոգևորում… Հունվարի 5-6-ի Սուրբ Ծնունդը, այս անգամ Արատեսում՝ այո՛… և դեկտեմբերյան այս շրջանը՝ նախաամանորը՝ իր բոլոր ազդեցություններով գույների, լույսերի, ձայների, զգացմունքների… որ գործերով, ջանքերով, շնորհքով են մեր ստեղծվում, երբ դու քո կյանքը, իրականությունը, աշխարհը քո շուրջ դարձնում ես ուրիշ, ոչ սովորական… Ես այս օրերին ստեղծվող հեքիաթն եմ սիրում ու սկսում եմ թափառել դպրոցից դպրոց, անկյունից անկյուն՝ կրթահամալիրի Բանգլադեշի հեքիաթայինի որոնումով… Ինձ մի՛ կանչեք, ես կգամ, ինձ կանչե՛ք, երբ չկամ, որ ցույց տաք, որ հեքիաթայինից որևէ զուրկ չմնամ… Միասին, տանը, դպրոցում, կրթահամալիրում, փողոցում հեքիաթայինի ստեղծումը չի կարող չոգևորել մեզ՝ փարվելու աստիճանի… մեր ոգու ողջ տաղանդով, լույսով, թեթևությամբ, ճախրանքով երևակայության:
Պիտի գրով իմ շրջանառեի հերթական ճամփորդական երգարանը, այս անգամ՝ նախաամանորի շրջանը երգով, այսպիսին ու այսպիսով անցնելու… Ու լրացնեմ դա Զահրատով, որ գիրս դառնա ամբողջական…
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ…
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1519