Հազիվ էլ հասցնեմ ավարտել այս օրվա (կիրակի է) իմ գիրը ու ժամը 08:00-ին, Բանգլադեշի Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից Շուշի ճանապարհեմ կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողների և նրանց ուսուցիչների խմբին: Կերպարվեստի, կինոֆոտոյի և երաժշտության ընգծված հետաքրքրությամբ տասնութ սովորողներ՝ նկարիչ Արման Գրիգորյանի, քանդակագործ-դիզայներ Արա Թարզյանի, օպերատոր Սուսան Ամուջանյանի և մեր երաժշտական լաբորատորիայի ղեկավար Կարեն Խաչատրյանի (Կայ) հետ կշարունակեն անցյալ տարի մեկնարկած «Ավերակները շշնջում են» կենսամշակութային արշավը: Ուսումնական նախագծի մեր գործընկերը՝ Շուշիի քոլեջի երիտասարդ ղեկավարը, իր նույնքան երիտասարդ դասավանդողների հետ, երևում է՝ ոգևորված է այսպիսի հնարավորությամբ: Օրեր առաջ Երևանում համատեղ սկսած ստեղծագործական աշխատանքի շարունակությանը հետևենք մեր սովորողների և ուսուցիչների բլոգներում, մեր mskh.am-ում:

Սրանից առաջ Ստեփանակերտի թ. 8 դպրոցի հետ մեր Ավագ դպրոց-վարժարանի և Արհեստագործական դպրոցի համատեղ նախագիծն էր` էլի ավանդական-ամենամյա: Էլի մեր 24 պատանիներ  իրենց ուսուցիչների հետ անցան Քարվաճառով, Խաչենի հովտով մտան Ստեփանակերտ և ստեփանակերտցի հասակակիցների հետ, զինվորականների ծրագրով ու աջակցությամբ կրկնեցին «Հարսանիք լեռներում» Շուշիի գրավումը, ինչպես 1992-ին:

Օգոստոսի 2-ից կրթահամալիրի ավագ դպրոցների միասնական, վաթսուն հոգիանոց ջոկատը երրորդ անգամ կմասնակցի Արցախի Նոր Այգեստան գյուղում տեղակայված «Ասպետ» ռազմամարզական ճամբարի աշխատանքներին: Լավ է, որ Արցախ-Հայաստան համատեղ նախագծերում  ունենք ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի աջակցությունը: Մասնակիցների անվտանգ տեղափոխումը (մեկնումը` Վարդենիսի լեռնանցքով, Թարթառի կիրճով, վերադարձը՝ Քաշաթաղով, Հին Խնձորեսկով, Գորիսով) էական նշանակություն ունի մեր ուսումնական նախագծերի մատչելիության և ամբողջականության համար:

Հուլիսին Արցախի Մարտունու Ճարտարում, ճարտարցիների նախաձեռնությամբ,  համատեղ կգործի մեր միջին դպրոցի հայրենագիտական-ազգագրական նախագիծը:

Ուսումնական այս նախագծերը  ոչ միայն ճանաչողական են: Արցախի կրթության նախարարության գործուն աջակցությամբ իրականացվող մեր նախագծերի, կրթահամալիրի`  հարմարավետ կացարաններով կրթական փոխանակումների կենտրոնի շնորհիվ 3-4 տարվա ընթացքում հարյուրավոր արցախցի երեխաների և ուսուցիչների համար, վստահ եմ՝ անձնային-հարազատ դարձավ Հայաստանը, երևանցիների համար՝ Արցախ աշխարհը: Արցախ-Հայաստան. միասնական գործել, միասին քննարկել ու լուծել իրական խնդիրներ, միշտ պատանեկան անկեղծությամբ և ոգևորությամբ: Ստեղծողի մոբիլ դպրոցը` իր հանրակրթությամբ, նրա սովորողով, ուսուցչով ու ծնողով՝ փաստացի, կոնկրետ ու կարևոր մասնակցություն կունենա «անապագա ներկայի» հաղթահարմանը: Բոլոր կարգի մեծերս` Արցախում թե Հայաստանում, իշխանավոր թե ոչ, ազատամարտի մասնակից թե ոչ, պիտի աջակցենք հայաստանցի և արցախցի պատանիներին, որ ոչ այնքան հերոսական հաջողություններից, որքան Հայաստանում և Արցախում իրենց արժանապատիվ, ապահով կյանքը հաստատելուց խոսեն, առաջացած բարդ, մեծերիս կողմից չլուծված խնդիրները իրենց համար օրակարգային դարձնեն: Երկու բան չպիտի մոռանանք: Շարժման հենց սկզբից հայաստանցիներիս և արցախցիներիս անկեղծությունը պակասել է: Հիմա էլ շիտակության, հարաբերությունների մեջ գործնականության էական պակաս կա, ձևականբաժակաճառայինմիջոցառումային գործելաձևի ավելցուկ: Երկրորդ` իրենց կյանքն է, և իրենցն է կյանքը. ու սրանով պիտի թելադրվի և´ մեր վարքը, և´ իրենց դերակատարումը:  

Մեր «Ուսումնական ամառ»-ն իր հայրենագիտական տարրերով՝ հայրենագիտական ճամփորդություններով, մարզային ու երևանյան ճամբարներով, ընթացքի մեջ է, և ես այս թեման հետևողական կներկայացնեմ իմ Օրագրում: Մեր Դավիթը շաբաթ առավոտյան արթնացավ 6-ին մոտ, թփթփալով եկավ հայրիկի մոտ՝ «լողանամ, որ գնամ պարտեզ՝ իմ կուկուների (խմբի իր ընկերների) մոտ»: Հա˜ բացատրի, լողացրու և կրկնիր, որ շաբաթ է… Սա` չէ, «կուկուների մոտ»: Ի՜նչ լավ է… Լավ է նաև, որ համաձայնության եկանք՝ ինձ հետ գա աշխատանքի: Դավիթ ջան, մենակ հայրիկիդ ռեժիմով չարթնանաս, կիսատ չթողնես իմ այս օրագրապատումը… Ահա ինչու, ես ջանում եմ մինչև  7-ն ավարտել իմ օրվա գիրը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գիր՝ խտրության բացառումով

Կրթահամալիրի տարատարիք նախագծային՝ մեդիա-TV-ռադիո-ԶԼՄ-բլոգային խմբերի հետ իմ հանդիպում-քննարկում-զրույցները ոչ միայն չեն ավարտվում, այլև դառնում են իմ կյանքի անբաժանելին։ Եվ դա լավ է, հետաքրքիր է… Դատելով ընթացքից, արձագանքներից, մասնակիցների ձայնից, տեսքից,

Ա՛յ Ասլան, ա՛յ բալամ, ա՛յ Ասլան-բալասի…

Ղազարոս Աղայանն ունի, հա՞ Ասլան-բալասի «Արևամանուկ»-ից… Ո՛վ, ե՛րբ է կարդացել, ինչպես են հիմա սա կարդալ տալիս… Միշտ սիրելի մանկագիր-մանկավարժ Ղազարոս Աղայան ջան, ինձ համար, դու, ինչպես աշխարհահռչակ Ջանի Ռոդարին… Կարոտը

Կամրջող տարի է 2015-ը

Գյումրիի հունվարի 12-ի ողբերգությունը, որով մի տեսակ ավարտվեց աննախադեպ տոնական արձակուրդն ու մեկնարկեց (վերջապես) աշխատանքային տարին, ինձ, ահա, գամել է համակարգչին. արթնացա գիշերը 3-ի 4-ի արանքում ու մեկ ժամ կարդում