Անգլիական հեքիաթ «Երեք խոզուկները» բարեխիղճ կարդացի. պատրաստվում եմ այն ընդգրկել Դավիթ Բլեյանի, ով այսօր դարձավ երկուս ու կես տարեկան ու 5 օրական, ընթերցարանում: Ընթերցարա՞ն ամեն օր ավելի մեծ դարձող Դավթի համար. լավ միտք է: Դավթի մայրիկ Արմինեն, ով մայրենիի ուսուցիչ է, վստահ եմ, սիրով ու օր առաջ Դավթի բլոգում կստեղծի այդ ընթերցարանը: Տեսնես՝ իմ ձեռքի տակ եղածը ո՞վ է թարգմանել-փոխադրել: Ե՞րբ: Հայերեն քանի՞ տարբերակ կա: Ո՞վ է համեմատել եղած տարբերակները: Ամենաշատը, ամենակարևորը ու բարեխիղճը, որ անում եմ ես Դավթի համար՝ շատ եմ կարդում, շատ եմ խոսում: Իբր քիչ է ամենախոս, ես էլ անընդհատ խոսում եմ հետը: Խնամքով ընտրված գրական խոսքն ու նույնքան մտածված-ուղղորդող կենդանի զրույցը հայրիկական իմ զինանոցի մշտական գործիքներն են եղել ու մնում:

Ափսոս, որ այսօր չկա սեղանիս «Չանախի» կովիկի կաթը՝ սառը ու սպիտակ ապակու բաժակով, Դավթի բացած ու չկերած շոկոլադով:
Ժամը 08-ին մոտ Դավիթ Սեբաստացուն ես տկլորացնում եմ…
Տկլոր Դավթին գրկած՝ մենք ննջարանի պատուհանից դիմավորում ենք արևածագը, խոսում Սպենդիարյանի երաժշտական դպրոցի տանիքին թառած, տանիքում ապրող տատրակների հետ, հիանում Նորքի բլուրով և հեռուստաաշտարակով… Մեր բլբլոցի հերոսուհին, իհարկե, հիմա Վիեննայում սովորող Շուշանն է, անցումներով՝ Դավթի քույրերն ու քույրիկները, ընկերներով պարտեզը, քաղաքը իր շենքերով ու մարդկանցով: Այսպես խաղաղ-ծիսական Դավիթը հայտնվում է լողարանում, կանգնում «ուժեղ» ցնցուղի տակ, գորտի կամ բադի պես լողում, հիմա՝ իր շինարարական մեքենաներով լողում իր համար ընդարձակ ավազանում… Մկանները լցվում են ցնցուղի տակ՝ աջ բազուկը, հետո ձախ բազուկը պարզած. այսպես է ուժեղանում Դավիթը, որ երկու ձեռքով բռնի Թուր Կեծակին… ինքն այդպես է բռնում՝ երկու ձեռքով… Դավիթը` ոչ թե պիտի, այլ հիմա «ես մաքուր եմ, ուժեղ, արդար ու … ամենահաս….»: Հետո կգա գող սրբիչը, կփախցնի Դավթին… բազմոցի վրա… Ես կարդում եմ Սասունցի Դավթի թումանյանական պատումի հերթական հատվածը. ու ես վայելում եմ Դավթի անմիջականությունը (սպոնտանությունը մանկան էկոլոգիան է՝ հատուկ հայրական պաշտպանության ներքո է)` ինչպես ունկնդրելիս, այնպես և հագցնելիս… մինչև մեծ հայելու առաջ իր կանգնելը… Հայրիկ, ինձ սանրի… Սանրելը, «Թումամյան պապիկ» կարդալը, լողացնելը, աղբը տանից դուրս հանելը. սրանք հոր գործառույթներն են՝ հաստատ, այնպես, որ հաստատուն մնա Սասուն աշխարհը: Վայելում ենք մինչև վերջ….

«Ես ամեն օր այսօր լողացել եմ, ես ուժեղ եմ»,- կասի Դավիթը, չորրորդ հարկի աստիճաններից, երկու ձեռքը զբաղեցրած իր սիրելի իրեր-ուտելիքի տոպրակով, «Հայրիկ, աղբի տոպրակը չմոռացա՞ր, հո չմոռացար, թափել չի կարելի, պետք է հավաքել, ես հավաքում եմ, մարդիկ որ թափում են, ասում եմ՝ հո խոզ չես…»: Մենք աստիճան առ աստիճան գալիս ենք Բանգլադեշ…
Իսկ Դավիթը այնքա՜ն հավեսով է գալիս պարտեզ. ու ամեն Աստծո օր ես բարձրաձայնում եմ իմ երախտագիտությունը իր դպրոց-պարտեզի ղեկավար՝ իր քույր Տաթևիկին, իր ընկեր Մարիամին, ընկեր Նոռային։ Երեխայի անօտարելի իրավունքն է այսպիսի պարտեզ ունենալը։

Սպոնտանությունը մանկան էկոլոգիան է՝ հատուկ հայրական պաշտպանության ներքո է:

Գտա մեր տան ճանապարհին՝ Խանջյան փողոցի վերնանցումը հաղթահարելիս (հաղթահարել եմ ասում, քանզի Դավիթ Սեբաստացու հետ սա, որպես կանոն, մի ամբողջ ընթացք է՝ ամեն աստիճանի վրա իր զարմացած հայացքը փողոցին, իրեն համառորեն ամենաշատը զբաղեցնող մեքենաներին…):

Անցումները, ինչպես բլբլում է Դավիթ Բլեյանը, լինում են նշագծված, վերգետնյա, ստորգետնյա: Տեսնելու բան է, թե որքան հանդիսավոր-դանդաղ ենք ես ու Դավիթը հաղթահարում անցումները՝ Խանջյան փողոցի մեր տանից, անհարմար, բայց մայթով, Չայկովսկու փողոցի նշագծված անցումով, երաժշտական դպրոցի մայթով, կիրակի օրը այցելում ենք վերնիսաժ՝ ցուցադրվող շներին ու կատուներին, գետնի տակով, աստիճան-թեքահարթակով (տեսարան է խենթացնող, այս փոքրիկ մարդուկը՝ միայնակ, բոլորի ուշադրության կենտրոնում) հայտնվում ենք «Մամիկոնյան սպարապետի» հրապարակում, հետո խաղալով շատրվանների հետ, այգով, պաղպաղակ ուտելով, Գետառը ուսումնասիրելով («Ո՞վ էկեղտոտել Գետառը` մարդիկ: Ո՞վ պիտի մաքրի` ես) այգու լճակով, Խանջյանի փողոցի վերգետնյայով, դպրոցի մայթով վերադառնում ենք տուն:

Դավիթը վայելում էր իր երիտասարդ ու գեղեցիկ մորը. կարող է մեկ ժամ և ավելի, իբր քնելուց առաջ, հիմա կքնի…

Իսկ Դավիթն այս անգամ ևս ֆռռացրեց մայրիկին, թե զգաց իմ գալը, որքան էլ ես այն աննկատ արեցի։ Թափ-թափ եկավ հյուրասենյակ ու առանց սիրո ցույցի բացեց Սասունցի Դավթի մեծ գիրքը։

Դժվար կլիներ իմ գործը, մեր կյանքը Դավթի հետ՝ առանց տասնյակի չափ այսպիսի գրքերի։

Դավիթը դրսևորեց իր անկախ մեծացումը. նստեց հատակին ու սկսեց ոչ միայն ինքնուրույն էջ-էջ թերթել-նայել գիրքը, այլ պատմել-կարդալ։ Էջ-էջ, նկար-նկար 15-20 րոպե ներկայացրեց Սասունցի Դավթի պատմությունը։ Հետո նստեց կողքիս. դեմ առ դեմ չի սիրում, պիտի կողքիս նստի, համոզվի, որ ես կարդում եմ՝ գրին հետևելով, ընդմիջելով իր բերանացիով։

Մեր Դավիթը շաբաթ առավոտյան արթնացավ 6-ին մոտ, թփթփալով եկավ հայրիկի մոտ՝ «լողանամ, որ գնամ պարտեզ՝ իմ կուկուների (խմբի իր ընկերների) մոտ»: Հա˜ բացատրի, լողացրու և կրկնիր, որ շաբաթ է… Սա` չէ, «կուկուների մոտ»: Ի՜նչ լավ է… Լավ է նաև, որ համաձայնության եկանք՝ ինձ հետ գա աշխատանքի: Դավիթ ջան, մենակ հայրիկիդ ռեժիմով չարթնանաս, կիսատ չթողնես իմ այս օրագրապատումը…

Դավթի ծնունդը փոխեց իմ, մեր կիրակին անգամ։ Որպես կանոն՝ ես այն անցկացնում եմ տանը, Դավթի հետ, Դավթի (ի՞մ) համար։ Հատկապես հիմա։ Չես ձանձրանա։ Արմինեն Դավթին Աշոտիկ է ասում. անընդհատ նոր նմանություններ գտնում, հաճախ գովում է իրեն. «Մարդիկ մի Բլեյանի ձեռքն են կրակն ընկել, ես միանգամից երկուսի հետ եմ ապրում…»։

Դավթի հետ լավ զբոսնեցինք, ոտքերը թրջեց Օղակաձև կոչվող այգու (մամա ջան, այս ինչ անմխիթար վիճակում է այս այգին էլ) լճում։ Ոչ մի կերպ չի հանում իր նխշուն գուլպաները՝ «չէ, պապա, մեքենա է նկարած, տե՜ս…»: Պաղպաղակն իհարկե չի մոռանա. լավ է, որ մեծահոգաբար համաձայնեց, որ տանն ուտենք («մայրիկի հե՞տ, մայրիկն էլ ուտի»)։ Նկարեց ջրաներկով, հետո՝ մատիտներով, հետո՝ գրիչով։ Մեր պարտեզի ազդեցությունը երևում է, շնորհակալ եմ, անընդհատ ինքնուրույն է դառնում. բերեց գործիքները, հետո հավաքեց, սրբեց սեղանը («որ թափում են, կեղտոտում են, ասում են՝ հո դու խոզ չե՞ս. ես Սասունցի Դավիթն եմ՝ հավաքարար, շինարար, մաքուր ու ուժեղ….»): Հետո նշանավոր ժպտում է յուրացվող բառի վրա… «պարտիզպան…. Գետառը ես կմաքրեմ…»: Այսօր երկու անգամ Դավիթը լողացավ. մեկը՝ սովորականի պես, կիրակին ի՞նչ կապ ունի, առավոտ կանուխ։ Մյուսը՝ արտահերթ. այնպե՜ս էր դաջել իրեն, գրիչով-ջրաներկով, ոտից գլուխ. աջ բազուկին՝ Խաչը-պահապանը, ճակատին՝ ծիածան, աջ ոտքին՝ ոստիկանության մեքենա էր նկարել։ Սիրում է լողալ գորտի նման։ Ես կարող եմ որքան ասեք, այս անգամ մեկ ժամ, լողարանում կանգնած-նստած մասնակցել իր ջրային ծեսին… Իսկական ծես…

Թփթփոց… Դավիթը գալիս է ժամը 06-ին։ Իմ մտավախությունը, տեսեք, իրական է։ «Պապա, սովորական ջուր եմ ուզում…. սովորական։ Պապա, ուզում եմ ճոճանակ նստեմ հարուր հատ։ Ուզում եմ լողանամ… Ինձ համար Դավիթը կարդա…. որ Ձենով Օհանը կանչում է փոսում…. Սոնա յարն եմ ուզում երգեմ»….

Հերթով. հայրությունը բարեխղճություն է ենթադրում։ Լավ էլ բռնացրել ես, Դավիթ ախպեր…. Եկ մի նստենք, խոսենք կարգին… Իսկ օրագրի էջը փակվում է. սկսում ենք օրը Դավթի հետ։ Բարեխիղճ կատարիր քո օրվա գործը, հայրիկ։ Սա մեզ այսօր, բոլորիս, լավ, հա՝ շատերիս, շատ է պակասում….
Դավիթը Մսրա Մելիքի քուն է մտել… Խառը ժամանակներ են, ու Դավիթը երբեմն-երբեմն մրափում է… Սուսան Մարկոսյանը կասեր՝ եղբայրներ են… հարազա՞տ… Մեզանում, մեր մեջ հաստատ՝ Սասունցի Դավթի և Մսրա Մելիքի չավարտվող կռիվը…

Դավիթ Սեբաստացին ինքնուրույնության շրջադարձային փուլում է՝ վերջնականապես է հրաժեշտ տալիս իր պամպերսին. «Սասունցի Դավիթը վարտիք է հագնում, պամպերս չի հագնում»։ Իսկ շաբաթներ առաջ ինքնահրաժարվեց մայրական ծծից. Թումանյան պապիկը պատահական հո չի նշանավոր «Ուլիկը» հեքիաթում կրկնել տալիս Մայր Այծի, հետո Գայլի, հետո նորից Մայր Այծի ձայնով.

«Դռնակը բաց՝ ներս գամ ես,
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ»։

Լսեցի՞ք՝ ծիծ, ոչ թե սոսկ կաթ։
Երեկ Դավթի Տաթև տնօրեն քույրը պարտեզից Դավթին տանում է իրենց տուն։ Ու անպամպերս Դավիթը քաքիկ է անում տակը։ Եվ այս տեսարանը՝ Տաթևի քմահաճ աղջիկ Արևիկի ներկայությամբ…
Դավթին ես հաճախ եմ պատմում իր արժանավոր հորաքրոջ մասին…
Դավիթ Բլեյանն արթնացել է ժամը 05-ին՝ աղմուկով. «Պապան գնացել է», հետո՝ անկողնում շորերը հագել, որ պապայի հետ գնա գործի, հետո, երբ հայտնաբերել է պապային, «Ուկա» է պահանջում։ Ստանում է, իհարկե։ Մեծ էկրանով «Մակինտոշը» շատ է հարմար Դավթի համար. Դավթի համակարգիչն է։ Մի հարմար սեղան-աթոռ էլ որ լինի, իմ նորացված սենյակում, կունենա իր անկյունը։

«Ուզում եմ լողանալ».- լողացավ ժամը 06-ին մոտ մեր Սեբաստացին։ «Ուզում եմ երաժշտություն լսել».- և հիմա ես, Արմինեն ու Դավիթը Մոցարտի 43-րդ սիմֆոնիայի նոր կատարում ենք վայելում։ Իսկական վայելք:

Ես, հիմա նաև Դավիթ Սեբաստացին, ունենք ընկերներ Թբիլիսիում, հանդիպում ենք: Ոչինչ չխանգարի, ու մենք ընտանիքով անպայման Դավթի և Շուշանի հետ առաջիկայում այցելենք Թբիլիսի, հյուրընկալվենք իմ կրտսեր գործընկեր Գիորգի Մոմցելիձեի սիրելի ընտանիքում:

Ես Դավթին, իհարկե, ուղեկցում եմ քաղաքով, բայց սա թափառում չէ իմ Երևանով:

Որերորդ անգամ, նույն կարևորությամբ, առավոտ ժամը 7.30-ին, երբ Դավիթը իմ հորդորով քաքիկ է արել, մաքրել եմ տուտուզիկը, լողացել-զորացրել է իր մկանունքը որպես Սասնա Դավիթ ու հիմա սրբիչախառն մաքուր-մաքուր, ես գիտակցում եմ, որ փոխանցում եմ նրան Թումանյան ու Կոմիտաս՝ որպես Հայր։ Հայրը պիտի հաստատի ու փոխանցի իր ժառանգին հայրենիք-մայրենի կենդանի լեզու, կայտառ երգ, եկեղեցի։ Սրանք ես ստացել եմ (պիտի ժառանգեի), Հայր իմ, երկնքում ես, հորիցս, ընտանիքիցս, մնացածը կանի՝ կիրականացնի որպես կյանք, ազատ-ստեղծագործ Դավիթ, որպես հայրենատեր՝ պահապան, հավաքարար, պարտիզպան, շինարար, Դավիթ Բլեյան Սեբաստացի:
— Ե՛ս, ես Սասունցի Դավիթն եմ, ես,- իր թոթով լեզվով, սրբիչի մեջ զրույցը լսող Դավիթն է ասում։ Ա՜յ քեզ հասունացում։ Իսկ հետո. «Ես ուզում եմ «Հայր մեր»-ը լսեմ»: Լսում է՝ նայելով պատուհանից երևացող եկեղեցուն։ «Հիմա «Եղնիկը» լսեմ»: Հետո… «Արևը» (երկու հատ «Արև»), «Կաքավիկը», «Պսակը», «Զարկ բոլոճիկը»… Ու ես ինձ կարևոր եմ զգում որպես հայր, որ փոխանցում է, որպես տնօրեն, ահա օգտագործում է իր հեղինակած կրթության ու հաստատության գործիքը՝ mskh.am-ի ձայնադարանը:…. Դավիթը կոմիտասյան մեր ձայնադարանը երգում է իր ընտրությամբ ու սիրով:

Ես ու Դավիթ Սեբաստացին Թումանյանի ու Կոմիտասի մանկական ստեղծագործություններով, Ջանի Ռոդարիով մեր շփան, մեր փոխանցման մեջ ինքնաբավ ենք։ Չգիտեմ՝ ոնց է այլ ազգերի մոտ, որպես կանոն՝ ես չեմ խոսում չիմացածի-վատ իմացածի մասին ու խոսում եմ միայն, երբ նյութին տիրապետում եմ, մեզանում Թումանյան-Կոմիտաս զույգը ժողովուրդ ստեղծող են, ամենահայր։

Ես, գիտեք, ապրում եմ կրթահամալիրի Բանգլադեշում, իսկ Երևանում… ուղեկցում եմ հաճախ Դավիթ Բլեյանին երևանյան առանձին տարածքներով…

Կիրակի է. Դավիթն ինձ, իհարկե, բաց չի թողնի, չի քնի ամբողջ օրը. ինձ կթելադրի՝ արի հիմա սա, հետո՝ սա… Ճոճանակից էլ որ ագահ-անհագ Բլեյանը (Արմինեն ասում է՝ Բլեյանը հենց այսպիսին է լինում) չիջնի, ասում է՝ արի հաշվելով ճոճվենք… Մինչև տասը ինքնուրույն է հաշվում։ Հետո ես ասում եմ 20, ինքը շարունակում է՝ 21, 22…, ես՝ 30, ինքը՝ 31, 32…., ես՝ 100, ինքը՝ 101, 102…. Խելքը տեղն է, ու Թումանյան-Կոմիտաս-Ռոդարին (մանկան ինքնաբուխություն + ինքնուրույնություն + ստեղծականություն) տեսեք՝ ինչքան խելացի-առույգ են պահում ամեն օր դեպի երեք տարին «լոնք անող» Սեբաստացուն։

Ահա այս շփումը, պարտեզի սպասումը, որ ստեպ-ստեպ հիշեցնում է Դավիթը («ես վաղը գնալու եմ պարտեզ, կուկուներիս մոտ») հենց Թումանյան-Կոմիտասի աշխարհն է, որ ժառանգել են մեզ։

Դավիթը վերցրել է իր շինարարական գործիքները՝ պլաստմասե բահը, քրոջ նվիրած բեռնատար-ինքնաթափ մեքենան ու գնում է պարտեզ՝ կառուցելու. «Ես Դավիթ շինարարն եմ»։ Պամպերսից ու մայրական ծծից կտրված Դավիթն իրեն ամբողջությամբ տվել է կառուցելուն։ Պարտեզի մուտքի մոտ մեզ ընդառաջ է գալիս … իհարկե, մեր պայծառ Շուշոն։

Դավիթն ու ես համարյա միաժամանակ ենք արթնանում այսօր. սկզբում ես՝ 04-ին մոտ, հետո լացով-աղմուկով՝ Դավիթը՝ «սովորական ջուր եմ ուզում», ասել է թե՝ աղբրի (ծորակի) ջուր։ Խմում է, բայց չի հանգստանում։ Արմինեի ու իմ բոլոր առաջարկներից ընտրեց՝ «Սասունցի Դավթի մասին եմ ուզում լսեմ»: Պատմում եմ. քունը գլխին՝ արձագանքում է «Սասունցի Դավիթը լաց չի լինում, ուժեղ է», ու… քնում։ Երեկ Դավիթը շատ ժամանակ անցկացրեց Շուշան քույրիկի հետ. առավոտյան իրար հետ ուղեկցեցինք քույրիկին քիթ-կոկորդի բժշկի մոտ. բեմ տանող ճանապարհի հաջողությունը սա ենթադրում է, ինչո՞ւ ուշացնենք։ Երեկոյան մեր տանը Դավիթը կողքից կզննի քույրիկին ու «Շուշո, Վիեննայից եկե՞լ ես»: Այսպես սկայպի Շուշանը, ում ինքը ինքնամոռաց պաչիկ էր անում, դարձավ իրական։ Այսօր-վաղը կավարտենք Շուշանի սենյակի կահավորումը. Վիեննա տեսած մեր երգչուհու կենցաղը թող պատշաճ լինի։

Մեր Դավիթ Սեբաստացին հայրենագետ է տեղով մեկ, ու մեր յուրաքանչյուր օրը՝ իր տուն-դպրոց-տուն վերջնական հանգրվաններով՝ իրական ու հայրենագիտական ուղևորություն:

Ահա մեքենայում Դավիթը ողջ ճանապարհին Նազիկի ու Նունեի գիդն էր. բաց չթողեց ոչ մի նշան ճանապարհին՝ կառուցվող սպիտակ եկեղեցուց՝ իր վերամբարձ կռունկով, մշուշով ծածկված մեծ ու փոքր Մասիսով, Հրազդանով, որ առաջացնում է Երևանյան լիճը ու թափվում է Արաքս, Սուրբ Սարգսով, որտեղ ինքը կնքվել է, հեռուստաաշտարակով, Նորքի բլրով, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցով….
Շուշան քույրիկը միշտ էլ ուշադիր է եղել՝ հատուկ ուշադիր Դավիթ եղբոր նկատմամբ. հավանում է Դավթին։ «Թուր Կեծակի» մակագրությամբ հատուկ թուրը, շնաձուկ-ջրապզզիկն ու շապիկը՝ շնաձկան դաջվածքով, հատուկ ընտրված են։ Մեր Դավիթը Սասունցի քառսուն գազ խոր հոր-փոսում է։ Հորեղբայր Օհանը ձեն է տալիս.

– Հե՜յ-հե՜յ, Դավի՜թ, որտե՜ղ ես դու.
Հիշի՜ր խաչը քո աջ թևի,
Սուրբ Տիրամոր անունը տո՜ւր,
Ու դուրս արի լույսն արևի…

Մեր Դավիթը լսում է Ձենով Օհանի գոռոցը և իր Թուր Կեծակիով էնպես է զարկում ջաղացքարին, որ քարը լինում է հազար կտոր (ես մեկիկ-մեկիկ հաշվում եմ՝ ուղիղ հազար կտոր), կտորները երկինք են թռնում, տեսեք, ու գնում են մինչև էսօր… Այս տեսարանը մեր բազմոցին է կրկնվում տասնյակ անգամ. Դավիթը լողացավ ջակուզի-լողավազանում երրորդ անգամ։ Շուշոն իր նոր երկար շորերով թրջվեց-լողացրեց-վայելեց իր տկլոր խելառ Դավթին, գրկեց-սրբեց, նստեցրեց քաքիկի, տուտուզը մաքրեց, լողացրեց, երգեց այդ ընթացքում…

Դավիթն այսօր պարտեզ գնաց առանց գուլպայի:

Հուլիսի 12-ին 2 տարեկան 7 ամսական դարձող մեր սեբաստացին Դպրոց-պարտեզի կարմիր ցանկապատի մոտ (դրսում) բաց թողեց իմ ձեռքը, թեթև, աջ ու ձախ վազքով, մեծացող արագությամբ, անցավ սալիկապատ ուղին, թեքահարթակով նույն արագությամբ մտավ խմբասենյակ՝ առանց գոնե մեկ անգամ ետ նայելու։ Բռավո, Սեբաստացի Դավիթ, ես տպավորված եմ…

Դավիթը երկու վերնաշապիկ է նվեր ստացել. այնքան է հավանել երկուսն էլ, որ իրար վրա է հագել։ Ոչ էլ շոգ է:

Հատկապես երևացող փոքրիկ նորակառույց եկեղեցու հատվածում ցանկապատը ինձ ու վերջերս նաև Դավիթ Բլեյանին խանգարում է. ուզում ենք, նախ` տեսնել ոչ միայն գմբեթը, ուզում ենք ավելին` մտնել եկեղեցի:

Դավիթի եղբայր-քույրիկները` Դանիելը, Գոռը, Արևիկը, Սերժը, Ռոբերտը, Մարկը, Դանիելի ծննդյան օրը ՓլեյՍիթիում խաղ են շահել, և քանի որ այն վերաբերում է մեքենաներին և երթևեկությանը, որոշել են այն նվիրել ավտոսիրահար փոքր եղբորը: Դանիելը այն բերեց և նվիրեց Դավթին: Դավիթը ցնծում է. նա Սահմանադրության այս օրը երկար կհիշի:

Կիրակին ես, որպես կանոն, անցկացնում եմ Դավթի հետ։ Մենք միասին առավոտյան ժամը 9-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ ենք. «Զիկատար 2014» էկոճամբար ճանապարհեցինք Հանրակրթական Էկոտուր 2014-ի հաղթողներին։

Դավիթն ինձ, միևնույն է, բաց չի թողնի, ես էլ չեմ դիմադրում, նախընտրելի ի՛նչ գործ կարող եմ ունենալ։ Ու այցելում ենք Նեկտար հորաքրոջը, իմ սքանչելի մայրիկ-քույրիկին, Դավթի շատ սիրելի Արտաշես պապիկին՝ իմ ավագ, ազնվականի վարքով փեսային, ում ազդեցությունն իմ նկարագրի վրա շարունակում եմ զգալ, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներից է։ Դավիթն այս տանը երկրպագուների պակաս չունի և հաճույքով է գալիս. տանն են նաև Մանուկ Բազեյան քեռին, մեր հարս Գայանեն ու նրա մայրիկը՝ գավառեցի մեր հարգելի խնամուհին։ Պետք էր նայել, թե ինչ վարպետությամբ, մանկավարժական տակտով, ռոդարիական անցումներով էր «քննում»-խոսեցնում Դավթին գավառեցի տատիկը…
Գոհունակության երանելի մթնոլորտում օրը կիսվում է. Դավիթն առանձնահատուկ կապեր է պահպանում իր Ստեփան հորեղբոր և Անահիտ հարսի հետ։ Մեզ սպասում է հատուկ տոլմա, Շուշանի և իմ թոռնուհի սեբաստացի Արևիկ Տատինցյանի ընկերակցությունը… Տոլմա ես, գիտեք, շատ եմ սիրում և իմ նուրբ քիմքով արձանագրում ամենաաննկատ շեղումներն անգամ: Անահիտը գործն արել է թերապևտին արժանի բարեխղճությամբ և վարպետությամբ: Բայց շատ չի ազատում նրան անպամպերս կիրակին հարազատների շրջանում վայելող Դավթի տուտուզը մաքրելու պատվից։ Հարսներից առաջինն ես, բժիշկ Անահիտ, հալալ է քեզ:

Բայց… մեր հերոսին, Դավթին, ինչպես և նրա շրջապատին, այսօր սպասում է իդիլիայի վախճան։ Ամեն օր լողացող, ավազի ու քարի հետ խաղացող, ճամփորդող, խոր հոր մտնող ու դուրս եկող Դավթին երկար մազերն ավելի ու ավելի խանգարում են… Մեր ընկեր Արտակ վարսավիրը գալիս է Դավթին խուզելու։ Ես, Շուշոն, Արևիկը, հասկանալի է, փախանք… Ի՜նչ է ինձ հետ կատարվում, երբ կամային ու ուժգնացող լացով Դավիթը համառում է… Իսկ վարսավիր Արտակը հրաշագործություն կատարեց. րոպեներ հետո մեր բաղնիքում հիանում ենք վարսավիր Արտակի և ոսկե մազերից խաղաղ հրաժարվող Դավթի բարեկամությամբ… Արդյունքն, ահա, տպավորիչ է։ Դավիթը գցվեց ջուրն ու լավ լողացավ. մենք ունենք անսանր, կոկիկ, կլոր գլխով տղա…

Ես ինձանից գոհ եմ այն աստիճանի, որ երբ ամեն ինչ էանց, երբ Դավիթը վերջապես հանգչում է, տրվում երկարատև մեղմ ֆսսոցով քնի, ուսանող Արմինեն պատրաստվում է վաղվա քննությանը, ես ինձ պարգևատրում եմ mskh.am սոցիալական թե կրթական ցանցով…

Այս «Աշոտիկը», «պուճուր» տիարը, որ պարտեզում առաջինն է ցերեկվա քնի մեջ՝ պառկում է բոլորից շուտ ու արթնանում վերջինը, շաբաթ-կիրակի օրերին չի պառկում և վերջ։ Այդպես էլ ժամանակ չի գտնում ցերեկային քնի համար:

Փարիզ մեկնելուց առաջ Աննան իր նախաձեռնությամբ շաբաթ օրն անցկացնում է մեր տանը՝ Դավիթ Բլեյանի հետ։ Դավիթը, բնական է, քաքիկ է անում, որ իր ավագ քույրիկը մաքրի։ Սա մի ծես է, որով անցնում են, կանցնեն Դավթի բոլոր քույրիկները։ Աննան ծեսի համաձայն մաքրում է, լվանում, գրկում-սիրում Դավթին, հիանում նրանով, որ կարողանա Փարիզ մեկնել որպես հալալ քույրիկ։ Մենք էլ ահա այս նկարաշարը նվիրում ենք մեր Աննային:

Դավթի ծնունդով-հասունությամբ ես փորձում եմ բնական առօրյա կապ հաստատել. բարձր ասեմ՝ ավելի ու ավելի չի ստացվում, հակառակ հայրական իմ ջանքերին։ Երկու շաբաթ և ավելի մենք այգում չենք եղել. շրջանցելն էլ հեշտ չէ, միասին չարչարվում ենք առանց այգու…
Եվ վերջապես՝ շատ կուզեմ, որ Դավիթ Սեբաստացին անցնի Սուսան-Մարիետի մայրենիի «թրի տակով»:

Դավիթ Բլեյանը երկու օր պարտեզ չի գնացել (խնդիրներ՝ ականջի ու կոկորդի), ու` «Պապա, ես պարտեզին կարոտել եմ: Ես Արամին չեմ ծեծում: Արամն իմ ընկերն է: Ես Արամի հետ խաղում եմ: Պապա, Նարեին սիրում եմ. լավն ա Նարեն»: Փութաջան պատրաստվեց պարտեզ գնալուն. տոն է մեր տղայի, իմ ու Արմինեի համար:
Որքան էլ Դավիթն շտապում է, մենք Բլեյաններով այցելում ենք Կենտրոնի մեր նստավայրը, հեռվից ողջունում պատշգամբում նստած մեր ընկեր Գևորգին, Նառային… Սուսոն չկա, ոտքը ոլորել է ու թողել ինձ շիվար:

Դավիթը առկա շնորհավորում է իր ընկեր Գևորգին՝ ծննդյան օրվա առթիվ: Գևից չես իմանա՝ լա՞վ էր իրոք ստացվել իրեն նվիրած Դավթի ողջույն-ֆիլմը…

Ասացե՛ք, ի՞նչ պիտի անեի իմ ձեռքն այսպես պինդ բռնած Դավթի հետ, առանց իր պարտեզի…

Մենք մտնում ենք Բ-4 թաղամասի «Ֆուդ»-ը, Դավիթը ծիրան պիտի տանի իր ընկերներին, կապույտ ու կանաչ նոր գնդակներ («փուչիկը պայթում է, գնդակը լավն է, չի պայթում»), ու Բ-4-ի մանկական այգով քայլում ենք պարտեզ:

Ավտոմեքենաների քանակը, Դավթի խմբի լիությունը վկայում են, որ թեժ հուլիսն անգամ արձակուրդային չէ հիմնական երևանցիների համար:
Առանց Դավթի «Իմ առաջին գիրքը» մատենաշարի «Բեռնատարներ» գրքույկի շարունակել չի կարելի: Այսպես՝ грейдер-ը` ուղեհարթիչը, каток-ը՝ գլդոնը, самосвал-ը՝ մեծ ինքնաթափը (մերը կանաչ է), փոքր բեռնող-բարձող անվավոր տրակտորը մարզավանի շինարարական բրիգադի հետ արձակուրդում գտնվող աշխատողներիս խմբի ներկայությունը ինձ համոզում են՝ վերջապես այս տարի սեպտեմբերի 1-ը… Հո չի՞ կարելի տնօրենի գործը դարձնել խոստումները՝ մենք մտածում ենք… մենք երազում ենք… մենք դիմել ենք… այ, մեկը լիներ…

Իր նշիկներին հրաժեշտ տված Շուշոն՝ Շուշան Բլեյանը տանն է, ու նրա եղբայր Դավիթն այցելեց քույրիկին` համոզվելու համար, որ ամեն ինչ կարգին է:

«Շուշանին բժիշկները բուժել են».- այսպիսին է Դավթի եզրակցությունը:
Դավիթն իր նվերն է պատրաստել իր աննման, խուճուճիկ քույրիկին, ում հաճույքով «Շուշո՜», «Շուշա˜ն» է ասում: Հավքի պես, մեր բլբուլ աղջիկը… Առավոտյան ավազանում ցուցադրեց քույրիկի` Վիեննայից բերած ջրային կիթառը: Ծը՜նգըլը-մը՜, ծի՜վ-ծի՜վ-ի համար ուշքը գնում է:

Հետո պատշգամբի իր ծորակից… Ուշադիր, ցուցադրում եմ նոր, անհրաժեշտ կրթական գործիք` Դավթի հասակին հարմար ծորակ-լվացարան պատշգամբում. ինքնուրույն մոտենա, բացի ծորակը, քիթիկը մաքրի, ջուր խմի, ցնցուղը լցնի, ինչպես հիմա, ու քույրիկի նվեր վարդերը ջրի-ցուցադրի, իր բանջարանոցն անջուր չթողնի: Դժվար չէ երևի: Արտաշես պապիկն ու Նեկտար հորաքույրը շատ հավանեցին մեր մանկավարժական այս հնարքը:

Դավիթ Բլեյանն իսկական նվեր մատուցեց Շուշան քրոջը՝ վերցրեց ու կիրակի օրով ժամը 16-ից քուն մտավ… Մսրա Մելիքին արժանի քուն։ Ծուռ Դավիթ է, որոշեց ու կրկնակի վարտիք հագավ, վրայից էլ՝ զուգագուլպա, որ վաղուց չէր հագել։ Մայրը շվարել է, նայում է ինձ, բայց ծռությունը դրսևորում է ունենում… Ինչ արեց-չարեց միակ մորաքույր Ռուզանը… (մորաքուր, հորաքույր, հորեղբայր բառերի հետ մենք հաճախ ենք ազատ վարվում, քանդում-հավաքում, տալիս ռոդարիական մշակման), ինքը գիտի, ու մեկ էլ՝ Աստված… Դավիթը կիրակի օրը ցերեկով ոչ միայն քնեց, այլև արթնացավ իր վրանում ժամը 23-ին մոտ… Ինձ ոչինչ չէր մնում, քան թողնել համակարգիչը, որի առաջ հիանում էի 1in.am-ին տված իմ հարցազրույցով, ու Դավթի հետ տեղավորվել բազմոցին։ Հա, սա էլ է անհոգություն, համամարդկային համերաշխության մի տեսակ է՝ հեր ու տղա ֆուտբոլ ենք նայում։ Ոնց դուք այս տեսանյութը նայեցիք, այնպես էլ մենք՝ ֆուտբոլ…

— Դավիթ, ո՞վ կհաղթի՝ Գերմանիան, թե՞ Արգենտինան,- փորձում եմ կորցրած կապը վերականգնել ֆուտբոլ նայող հայր և որդի Բլեյանների միջև:
— Ես,- անառարկելի է Դավիթը:

04-05-ի արանքում ես արագ-արագ գրում եմ իմ օրը, ու ականջս ննջարանին է… Դե, իհարկե, թըփ-թըփ-թըփ, Դավիթը օխտը օրվա քունն առած, ինչպես այս առավոտը… «Ի՞նչ է սա»: Կեռասը… «Տիկին Աիդան է բերել»: Այո։ «Լավն է տիկին Աիդան»: «Ո՞վ է բերել այս բանանը»: Նեկտար հորաքույրը։ «Լավն են Արտաշես պապիկը, Նեկտար հորաքույրը, Մանուկ հորեղբայրը»… «Մանուկ հորեղբայրը մեքենան զգույշ է քշում»:

Ու հավեսով բանան ծամող Դավիթը որոշում է քաքիկ անել… Տեսարան է՝ Դավիթը նստակոնքին, բանանով… Ես խաղաղ եմ մեր լեռների պես…
— Հիմա ես ուզում եմ «Հայր մերը» լսեմ:
Մենք ամեն առավոտ ենք լսում՝ որպես համամանկական աղոթք։ Տեսեք՝ ինչ կերպափոխում, ինչ կենտրոնացում… Դավիթը հերթով լսում է «Ձայնադարանը»: Լավն է «Պսակ-պսակը», բայց ինքը «Կռունկն» է ուզում լսել։ Լսի։ Չի մոռացել մեր Դավիթ ախպերը (Դու պե՞տք է էն հոր ժառանգը լինես….). – Սասուցի Դավիթը կարդա… Հանձնվիր, հայրիկ, կա՛մ Աստծուն, կա՛մ Մամոնային։
Ես Աստծուն եմ ընտրում, ես ու իմ Աստված։ Կարդում ենք «Սասունցի Դավիթը» Բլեյաններով…

Հիմա՝ հուլիսի 14-ին 2014-ի՝ գործեր ու գործեր, այնքան, որ օրվա հոգսը լիուլի բավ է օրվա համար, ինչպես Դավիթ Բլեյանը հիմա, որ իր նախաձեռնությամբ արև-ցնցուղով ինքնուրույն (ա՜յ քեզ կրթական պարզ-անհրաժեշտ գործիք՝ երեխայի հասակի ծորակ) ջրում է ծաղիկ առ ծաղիկ…

Ու մենք նույն գործն ենք անում, ես ու Դավիթը… «Պապա, օգնի ինձ, չեմ կարող…»: Մոտենում եմ. ծիրանն ինքնուրույն լվացել, ուզում է բացել, կիսել, ճիշտ երկու կես անել, մինը՝ դեպի դես, մինը՝ դեպի դեն, ու չի կարողանում:

Հիմա Դավիթը պատշգամբում աղբյուրի ջուրն է խմում, առանց բաժակի, իր ծորակից… Տեսնել է պետք Դավթին այս վիճակում՝ «պապա, ես աղբյուրի ջուր եմ խմում…»: Ինքնուրույն, անընդհատ ինքնուրույնության բարձունքներ՝ իր հետևանքներով… «Պապա, թաց է…»:

«Պապա, օգնիր ինձ»,– Դավթի ձայնն է հեռվից, լողավազանից: Պուտ-պուտերով գող սրբիչն է ուզում: Մենք՝ ես, Արմինեն, Դավիթը դուրս ենք գալիս հուլիսյան գործի։ Մայրիկը հերթապահ-ուսուցիչ է այսօր Դպրոց-պարտեզում, Դավթին Նարեն ու Արամը հանգիստ չեն տալիս, իսկ ինձ սպասում են իմ ընկերները (սուրճըմպում Մեդիակենտրոնի պատշգամբում):

Դավթի սիրած վերգետնյա անցումը դեպի Օղակաձև, ահավասիկ շենքեր ու շենքեր, որտեղ ապրում են երևանցիներ։

Դավիթի թփթփոցը. դռները քիչ պիտի լինեն մանկական տարածքներում, որ թփթփոցները՝ անմիջապես լսելի և երեխաները՝ միշտ տեսանելի լինեն. այդպես անվտանգ է։ Իսկ անվտանգությունը մեր մանկավարժության մեջ առաջին տեղում է, չի ստորադասվում որևէ պատճառաբանությամբ։ Եվ այսպես. սկսում է Դավթի օրվա թփթփոցն, ու նայում եմ ժամացույցին՝ 5 անց կես է։ Դավիթը հիմա Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ «Ծիրանի ծառն» է լսում, ես կողքից նայում եմ, կլանված ամբողջությամբ։ Երեկ այդպես չէր, ես աջակցում էի… Դավիթն այսօր օգտագործեց «Ուզում եմ երգեմ, պապա» (սկզբում՝ «ուզում եմ դնես, ուզում եմ լսեմ» էր): Ու երգում է՝ իր սպոնտան (ազատ) ընտրությամբ «Հայր մեր»-ը, «Առավոտ լուսո»-ն, «Հարի-հարի, խնոցի», «Պսակ-պսակ», հիմա՝ «Ջաղացը մանի-մանի»…: Կարմիր յուղամատիտով մեծ ու փոքր վերամբարձ կռունկներ նկարեց իմ անկյունի՝ այդքան դժվարությամբ սպիտակեցրած պատին։ Մայրը արթնանա՝ կհիանա… Վերամբարձ կռունկի թեման Դավթի կյանքում գլխավորներից է. իմ անկյունի պատուհանից մենք հաշվեցինք ուղիղ 10 վերամբարձ կռունկ։

Վա՜յ, հուզվեցի, ինչպես երեկ, երբ Դավիթը, չի մոռացել, «Դեպի բեմ» նկարով մեր պատշգամբում ջուր է խմում ծորակից, գլուխը բարձրացրել է՝ «Պապա, ես Շուշոյի համար աղոթում եմ»…

Աղոթելը՝ չգիտեմ, Դավիթ ջան, բայց Շուշանի օպերային գործի ու կյանքի պաշտպանն ես դու. ուր էլ որ համերգ տա, կգնաս, կծափահարես, ծաղիկ կտաս, էլ չեմ ասում, խոստացիր, որ համերգները դու կկազմակերպես…
Դավիթ Բլեյանի ծնունդը լավ առիթ ու խթան դարձավ մանկավարժի ստեղծականությունը դիտարկելու թե՛ ընդհանուր («Ստեղծողի մոբիլ դպրոց» կրթական ծրագրի մասին է խոսքը), թե՛ ուղղակի՝ կրթահամալիրի ուսուցիչ-ծնողի, ծնելիության, սեփական երեխա ունենալու տեսակետից:

Մենք գիտենք, որ դեկտեմբերի 12-ին՝ մեր Սասունցի Դավթի ծննդյան օրը, ծեսը ինքնուրույնության նոր աստիճանի ստուգատես կդառնա, մարտ-ապրիլյան միամսյակը նոր մայրիկների ու մայրացողների ձոնենք, հունիսի 12-ին ուսուցիչների երեխաների նոր խումբ հրաժեշտ կտա պամպերսին ու մայրական կաթին…Եվ երեխաների ինքնուրույնության նոր նվաճումներ, որ այլ կդարձնեն մեր կյանքը…
Ի՛նչ կլիներ մեր կյանքն առանց Դավթի:

Երեկ Հասմիկ Ղազարյանի ինտելեկտուալների ակումբի պարապմունքից (լավ է, որ հերթական) հետո գնացել էի իմ երեք սքանչելի աղջիկների մոր տուն՝ Դավիթ Բլեյանի ետևից: Կարինե Ջանոյանն իմ դասընկեր-ընկերն է, ու անբաժան ենք կյանքի մեր ժամանակում: Ահա Կարինեն, Շուշան և Տաթև Բլեյանները (Լիլիթ Բլեյանը կապը պահում է բջջայինով) նստած երկար զմայլվում ենք Դավթի ցուցադրական ելույթով… Տեսարան է: Որքա՜ն է ընկալում, կարողանում, գործում այս երկուսուկես տարեկան մարդը:
Առավոտյան միասին աշխատանքի գալիս մենք հաճախ ենք միասին քայլում Խանջյան փողոցով… Ես Դավթի ձեռքը չեմ բռնում (բաց թողեք երեխայի ձեռքը, մեծահասակներ՝ բոլոր կարգի): Դավիթն առաջ է անցնում, ու ես ունենում եմ կրթողի՝ Մարիա Մոնթեսորիի վերապահած միակ դիրքը՝ 2-րդ պլանից երեխայի գործունեությունը դիտարկողի…

Դավիթն ինքնուրույն է փողոցում ու անվտանգ լրացուցիչ. ես իրեն հարմար դիրքից հսկում եմ, առանց խանգարելու-կաշկանդելու իր ինքնուրույնությունը, որը լավագույն անվտանգությունն է ապահովում: Դավիթը բարևում է համարյա յուրաքանչուր ոչ անհաղորդ (կամ հաղորդ) մեծահասակին՝ «Ես Սասունցի Դավիթն եմ», պատասխանում դիմացինի բոլոր հարցերին, եթե դրանք չկան, ոչինչ՝ ինքը պատմում է իր ուժեղանալու, իր Թուր Կեծակիի… մասին… Ինքնուրույն բարձրանում է մեր տան, նրա հարևանությամբ թիվ 3 դպրոցի, վերգետնյա ու ստորգետնյա անցումների, կրթահամալիրի Մեդիակենտրոնի, այլ աստիճաններով ու իջնում… «Վարորդը պետք է զգույշ քշի մեքենան, որ չկոտրվի…»: Աստիճաններով ինքնուրույն անցուդարձը հասունության մատչելի տրենաժորներ են… Ինչպե՞ս կարելի է զանց առնել…
…և այսօր պատշգամբը մեր բակն է, մեր դուրսն ու ներսը, մեր Դավթի վազվզնոցը, ծաղկանոցը, մարզահրապարակը… Փչովի լողավազանի պահանջը այս ամառ չկա. 5 օր Դավիթը պարտեզում լողում է բացօթյա մեծ լողավազանում, գումարած իր լողարան-ավազանը՝ օրը երկու անգամ, ու իր մշտական ծորակը պատշգամբում։ Իսկական ջրաշխարհ:
Արմինեն ասում է, որ մեր Դավիթն ապրում է պատշգամբի իր ծորակի, լվացարանի շրջապատում, գնում է ու գալիս, բացում է փակում… «Գնամ լվացվեմ», «գնամ ջուր խմեմ՝ սովորական»: Նոր գործիք ունի Դավիթ Բլեյանը՝ իր հասակի հայելին, հենց լվացարանի կողքին՝ «հլը տեսնեմ», ու սրա իմաստը՝ ողջ հասակով, ցցուն է, հայելու առաջ… Լսեք նրա խոսքը, մեր զրույցը լվացարանից ոչ հեռու…

— Նարե, ո՞վ է քեզ նեղացրել (Նարեն Դավթի խմբի Սքանչն է, Դեղնածամիկը, որ զբաղեցրել է մեր Ծուռին ամբողջությամբ):
— Ոչ ոք չի նեղացրել ինձ (ինքն էլ պատասխանում է):
— Պապա, ես կարոտել եմ Նարեին, ես ուզում եմ ամբողջ օրը խաղամ Նարեի հետ։
— Ի՞նչ կանես, Դավիթ, որ նեղացնեն Նարեին,- հարցնում եմ։
— Պապա, որ նեղացնեն Նարեին, ես կսիրեմ Նարեին, Նարեն իմ ընկերն է…

Որոշեցինք «պապարացի» աշխատել, տեսնենք՝ թաքնված տեսախցիկն ինչ կներկայացնի Նարեի ու Դավթի մասին:
— Էս րոպեին ուզում եմ ճոճանակ նստեմ…
«Ուզում եմ ճոճորվեմ, էլի եմ ուզում… Հեռուստաաշտարակն է… Եկեղեցու գմբեթը… Լուսինը, պա-պապա…»: Երկար-երկար հետևում է նրա ընթացքին՝ ճոճվելով.
— Իջացրու ճոճանակից, հիմա ուզում եմ գնամ մայրիկի հետ շորերը փռեմ:

Դավիթը մայրիկին օգնում է։ Շատ ուշադիր է լվացքի մեքենայի հանդեպ, նրա կոճակները շարունակ պսպղում-կանչում են. մայրիկի հետ կարևոր զրույցի բռնված, հատ-հատ փռում են շորերը այս մոբիլ կառույցի վրա, որը փռոց անվանենք։ «Ես փռեմ…Չէ, չէ, ես փռեմ։ Ես կարող եմ»… Ինչո՞ւ շտապել և ո՞ւր շտապել, ինչ ունես ասելու-փոխանցելու՝ բարեխիղճ-անշտապ արա, եկել-հասել ես…

— Գնում եմ ծաղիկները ջրելու,- մոտեցավ Դավիթն իր արև-ցնցուղով ծորակին, ջուրը, բացեց-լցրեց, տարավ-ջրեց-թափեց,- էլի եմ ուզում…

Դավթի և Նարեի այս օրը՝ Արմինեի կատարմամբ, նվիրում ենք քեզ:
Ժամը՝ 07-08.10: Դավիթն արթուն է. այսօր նախորդ օրերից ուշ սկսեց թփթփոցը. «Պապա, ես գնալու եմ պարտեզ». համակարգչին չմոտեցավ, չուզեց։ «Երգի Դավիթը», «Ճոճորվի Դավիթը». ես պատմում եմ Արևիկի (իր քրոջ) ու Արմենի (իր եղբոր) մասին։ Նախորդ օրը պլաստիլինով մի կապիկ ու մի ձուկիկ է ծեփել Արմենը՝ ընդգծված շնորհքով, այս կիրակի ութ տարեկան դարձող սեբաստացին: Ու Դավիթն այս քանդակները ձեռքից բաց չի թողնում։ «Տանեմ՝ Նարեի հետ խաղամ»:

Ես Չարենցից չեմ կտրվում։ Դավիթն ասում է՝ կարդա. հետաքրքիր է նրա վերաբերմունքը Չարենցին։ Իմ քույր Էմման այդպես զմայլված Չարենց էր կարդում վառարանի մոտ, երևի 10-րդ դասարանում, բանասիրականի 1-ին կուրսում. ես՝ 6-րդ, 7-րդ դասարանցի, զմայլված լսում էի։ Ես զմայլված եմ էլի, քույրս… կոկորդիս արցունքը կուլ տվեցի, Դավիթը թե՝ «Չարենցը ի՞նչ ա գրում»…

8.10-8.20: Ես ու Արմինեն սուրճ ենք խմում. հերթապահ է Արմինեն ու լուրջ է դրանից, իսկ Դավիթը համը հանում է, 3-րդ կապույտ-դեղին-մանուշակագույն մարմելադով կոնֆետը կերավ. ագահ, ագահ, ագա՛հ Դավիթ։ Մենք՝ հայր ու որդի Բլեյաններ, հանդիսավոր, ձուկիկով ու կապիկով, փակում ենք դուռը.
08.30-08.35: Ես ու Դավիթը Չայկովսկու մայթով (Չայկովսկին, Դավիթ ջան, երաժշտություն է գրում, երաժիշտ է, կլսենք) քայլում ենք։ Երաժիշտ՝ կրկնում է անընդհատ Դավիթը, «կլսե՞նք Չայկովսկի, պապա»…

Աղբը չենք մոռացել, երեկ Զալոն մեզ անաղբ է թողել։ Նշագծած անցումով մոտենում ենք թերթերի կրպակին. վաճառողուհին հենց Դավթին է սպասում։ Չի հարցնում, ինձ օրաթերթ է մեկնում։ Մոտենում է կարմիր մեքենան… Ես չեմ հասցնում նյարդայնանալ. Արմինեն կարմիր մեքենայի մեջ է:

8.35-8.55: Ճանապարհ դեպի պարտեզ. Դավիթը հաստատակամ և ուրախ պարտեզ է սլանում։ «Պապա, Վահագն վիշապաքաղը ձեռքերով է քաղում հրեշներին»: Մենք Րաֆֆու պողոտայի մայթից ողջունում ենք տիար Գևորգին, Սուսանին ու Նառային:

9.00-9.15: Մենք ճանապարհում ենք Մարթա Ասատրյանի՝ Ծաղկունք մեկնող էկոթիմին… «Լուսինը, պապա, լուսինը»: Իսկ արև՞ը, Դավիթ։ «Արևը ծառերի մեջ է խճճվել»:

9.15-9.30: Դավթին ուղեկցում ենք մինչև պարտեզի մուտքը. դեռ ան-տանելի չդարձած մետաղե ցանկապատերն իրենց տեղում են, իսկ ծառերը… Ջուրը կլինի շաբաթ օրը։ Պարտիզպան Վանիկ ջան, ջո՞ւրն է խնդիրը… Ես նայում եմ սալիկապատող բանվորի աշխատանքին, լսում նրա հուզիչ պատմությունն իր երեք տարեկան աղջկա երեկվա՝ օրորոցից անհաջող իջնել-բարձրանալու մասին։ Ցա՛ծր արեք բոլոր երեխաների մահճակալները, անկողինները գցեք գետնին, թող անարգել-անվտանգ ինքնուրույն մտնեն, դուրս գան:

19.30: Մեր դռան զանգին սպասված թփթփոցն է արձագանքում։ Դավիթն ու Արմինեն ինձ են դիմավորում։ Արմինեն խայթում է՝ այսօր մի քիչ շուտ ես եկել, տիար տնօրեն:

Դավիթ, գիտի՞ Նազենի քույրիկը, որ վաղը ես, դու, Շուշոն ճանապարհվում ենք Սևանի Ծաղկունք։ Իմացավ, կմիանա՞:
Դավիթն իր հայելին ունեցավ՝ իր հասակի, իր հասակի ծորակի մոտ, ընդարձակ պատշգամբի իր տարածքում, որ ինքնուրույն կարող է գործածել ըստ հարկի…

Դավիթն արթնացել ու մայրիկի հետ լացով է վիճում, այնքան բարձր, որ ես չլսել, չմիջամտել իմ անկյունից՝ չեմ կարող. Դավիթն ուզում է հենց հիմա «Մաշան» նայի, իսկ մայրը քունը դեռ չի առել: Ննջարանի մեր պատուհանը նայում է երաժշտական դպրոցին: Շենքը բարձր է, որ արևելք է ծածկում: Մի աղունիկ կարծես Լիվինգստոն ճայ լինի՝ հայացքով դեպի արևը: Պայծառ օր է: Մենք Շուշանի հետ պիտի գնանք Սևանի Ծաղկունքը՝ այցելելու էկոճամբարի մասնակիցներին: Դավիթը ոչինչ չի մոռանում. «Պապա, պիտի գրես Մաշա ու youtube-ը կբերի…»:
Դու կնայես, իսկ ես կգրեմ. ահա և քեզ ներառում:

Դավիթը հիմա էլ դեղձ է ուզում, կլպած: Կնոջ-մոր կլպած դեղձը չի ուտվի: Ա՜յ, երբ տղամարդ-հայրիկն է դա անում, անշտապ, որպես կիրակի օրվա թիվ մեկ գործ, զմայլվում դեղձը խլշտող իր տղայով-աղջկանով (սա վարձատրությունն է մեր), և ի՞նչ:

Դավիթը սահմանում է մինչև ժամը իննի գործողությունների հերթականությունը. իմ առաջարկով որոշում է «Սկզբում «Սոնա յար»-ն եմ լսում, հետո գլուխկոնծի եմ անում, հետո ճոճանակ եմ ուզում նստեմ, հետո գնում եմ լողանամ… պապա՛, հըյութ եմ ուզում, մայրիկն է դեղձի հըյութը սարքել»: Լսեցի՞ք` մայրիկը, ոչ թե հայրիկը: Մայրիկը ոչ միայն արթնացել, այլև սուրճ է խմում էլ ավելի անշտապ: Մեր գործն է, որ կինը չշտապի, չլարվի: Օրվա գիրը հենց այն տեղն է, որ պիտի ասվի. մեր գործը տղամարդիկով, վատ ենք անում, ավելի ու ավելի վատ:

Ողջ գիշեր քրտինքի հետ տարբեր «փուֆ»-եր ու «փիֆ»-եր հավաքվել են Դավթի մազերի մեջ, ձեռքերի ափերում, մաշկի ծալքերում, վիզիկի ու պուպուլիկի վրա… և Դավիթն ամեն օր առավոտյան լողանում է, որ մաքրվի սրանցից, լինի ինչպես իսկական Սասունցի Դավիթը՝ մաքուր, ուժեղ: Մնացյալը կեղծ է: Մեր ժամանակը մաքուր և ուժեղ Դավիթների սուր կարիք ունի: Բարի կիրակի է, ու ընտանեկան խաղաղության բարի վայելում, ընթերցող ու չընթերցող ազգուտակ: Ափսոս, որ Նազենի Հովհաննիսյանը չեկավ Ծաղկունք: Դե, թող քեռուն և Դավիթ եղբորը համոզի, որ ավելի կարևոր կիրակի է ունեցել:

Երեկ ես, ինչպես Դավիթ Բլեյանը, ցերեկվա ժամը 3-ի մոտ անհետաձգելի օգնության կարիք ունեի. մեր քունը տանում էր, և այդ պահից սկսած՝ իմ բոլոր գործողությունների վրա ճնշում կար, կար զոռ։ Գյա, զո՞ռ ա… Շիտակ, որպես սրսուռ քյավառցու զավակ՝ պատասխանում եմ՝ խա։ Դավիթը հենց մեքենայում, Սևանա լճի ճանապարհին քնեց ու արթնացավ. անտեղի, քունը չի առել, ու հայտնի Սասունցի Դավթին ոնց որ փոխած լինեն։ Մսրա Մելիքի ճո՛ւտ։ «Չէ,- լացելու աստիճան նեղանում է,- ես եմ Սասունցի Դավիթը»: Երեք հարց տվեցի, երեքին էլ ճիշտ պատասխանեց. Մսրա Մելիքի ճուտը որտեղի՞ց կիմանար, դրանք Սասունցի Ծուռի իմանալու հարցեր էին։ Իմ քունը խառնվել էր իրար. ես իմ քունը չէի առել, ես էի ուրիշը:

Դավիթը քնեց մինչև ժամը 8.00, արթնացավ զինվորի պես. 10 րոպե ուներ հիգիենայի համար՝ նստակոնք, լողալ, հագնվել, պճնվել ու առա՜ջ աստիճաններով…

Այո, մենք երկու Նազենի Հովհաննիսյան ունենք, մեկը՝ այս վեց տարեկան ջանավարն ու կրակի կտորը, ով իմ սանիկն է նաև (Դավթի հետ մկրտություն արեցինք նույն օրը, նույն եկեղեցում):

Դավիթը՝ իր քանդակագործ եղբայր 8 տարեկան սեբաստացի Արմենի հետ ծեփագործության և կոնստրուկտավորման հմտություններ է յուրացնում՝ հիանալով իր ընդունակ և ուժեղ եղբորով:

Դավիթ Բլեյանն օրեր առաջ Արևիկենց տանը տեսել է ապակե պահարանում ցուցադրված՝ Արևիկի ամառային գործերի շարունակ ավելացող հավաքածուն՝ մատնիք-մարջան-ապարանջան, ու տպավորվել այնքան, որ տեղափոխել է հեքիաթ.
— Թող չարչին տանի, (Թումանյան պապիկի պոչատ աղվեսի չարչուն նկատի ունի)…
— Իսկ Արևի՞կը,- հարցնում եմ։
— Արևիկը նորը պատրաստի. Արևիկը ուժեղ ա (ըստ Դավթի՝ աշխատող, ստեղծող): Այնքան, որ ավելի ու ավելի է հիացնում ինձ, մորաքույր Լիլիթ Բլեյանին, Ավստրիայով բաժանվելու պատճառով, թե Արևիկի հասուն նկարագրով տպավորված՝ հաշտված Շուշանին, Կարկաչ-տատիկին, բնական է՝ բոլոր Տատինցյաններին (ազգանվան ֆենոմենը տեսեք), որքան էլ մանկավարժորեն խնամքով թաքցված՝ մայրիկ տնօրեն Տաթևիկ Բլեյանին…
Դավիթ Բլեյան, չարչուն չենք թողնի. օր առաջ և՛ Մայր դպրոցում, և՛ Մեդիակենտրոնում կգործի սովորողների և ուսուցիչների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը, ու Արևիկը և էլի արևիկներ իրենց մշտական տաղավարը կունենան:

Դավիթը որքան երկար խոսում է-կխոսի իր տպավորություններից. «Նարեկն ու Արեգը լավն են, պապա, թող էլի գան, ես իրենց չեմ ծեծում, ես իրենց սիրում եմ»: Ահա Դավթի տարողունակ եզրակացությունը։

Դավիթ Բլեյանն ինձնից չի պոկվում, սա էլ իրադարձություն. չէ՞, ընթերցող։ Փաստ է, որ ուզում է ինձ էլ տանել անկողին, իսկ ես ուզում եմ վերականգնել իմ ռիթմը՝ քնել 11.30-ի 12-ի արանքում, որ արթնանամ 4-ին, 5-ին. ո՛չ շուտ քնեմ, ո՛չ շուտ արթնանամ, ինչպես այսօր։ 2.30-էլ սկսվի՞ մարդու օրը։ Դավիթն ինձ առաջարկում է… խաղաղությամբ հեքիաթ՝ «Պոչատ աղվեսը» պատմել… Տեսնենք՝ կքնի՞, համ էլ ռոդարիական հնարքներ փորձեմ, խառնեմ-աղցան անեմ նշանավոր «Պոչատ աղվեսից» ու «Ծտից», որ ուղեկցել են քանի՞ սերունդ:
— Նանի ջան, նանի, ոտիս փուշը հանի, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն… Պառավն ասում է՝ դե, գնա ինձ համար…
Ես ձգում եմ, որ մթության մեջ հեքիաթը լսող (ինձ իր մոտ պահելու ձև է, իհարկե) Դավիթն ասի՝ ի՞նչ բեր:
— Աղվեսը լոշիկն առնում է, պոչը թողնում պառավին ու ինքը…
Ինքը՝ չգիտեմ, բայց ես քնում եմ։ Խորը չես ասի այս քնին… Արթնանում եմ, ու այս գիրը հանձնում թղթին, որ ինձ չասեն…

Դավիթ Բլեյանը, գիտեք, ագահ է և սիրում է ճոճվել այնքան, որ կարող ես չդիմանալ… Ինքը դա գիտի և ուշադիր արձանագրում է այդ պահը. «Հիմա արի հաշվենք, հայրիկ»: «Հայրիկն» արդեն անվրեպ կաշառք է, իսկ հաշվելն ինձ համար, ինչպես Թումանյան կարդալը Դավթի հետ, ասերգի է նման… Գնաց-եկավ ու մեկ ճոճ, երկու, երեք… տասը ճոճ… Դավիթը յուրացրել է այս ռիթմը՝ 11, 12…. 20, իսկ Դավիթը՝ 21, 22… Այսպես մինչև 100, ու Դավիթը՝ 101, 102… Ինձ միշտ անհամոզիչ ու դաժան է թվացել թվաբանության գործող ծրագիրը, որը երկար պահում է երեխային տասնյակի սահմանում։ Դավթի հետ մենք հաշվում ենք հնարավոր ամեն ինչ մեր շրջապատում՝ սկսած մեր մատներից, վերջացրած ճոճքով՝ այդ թվում՝ և՛ Դավթի … մազերը, և՛ մեր պատշգամբի վարդի թփերն ու թփերի վրայի կոկոնները։ Սա ոչ միայն օգտակար, այլև անհրաժեշտ գործունեություն է՝ սկսած երկու տարեկանից։ Հաշվեք ձեր երեխայի հետ, հաշվեք շրջապատում եղած առարկաները, առանց խտրություն դնելու, առանց հավեսին ու նպատակահարմարությանն ապավինելու:

Դավիթ Բլեյանն իր քույրիկ Տաթևիկից երեկ իսկական մեծ դեղին բետոնախառնիչ մեքենա է ստացել ու դրանից չի բաժանվում։ Այդ մեքենայով քնեց… Երեք անգամ արթնացավ, թե քնի մեջ կանչեց. «պապայիս եմ ուզում», «սովորական ջուր եմ ուզում», «բետոնախառնիչ մեքենաս ուր ա, ուզում եմ»…

Այս անգամ Դավիթ ու Շուշան Բլեյանների, իմ կնոջ՝ Արմինեի հետ ինձ հաջողվեց դա անել: Գտնվեցին այդ երկու գիշեր ու երեք օրը, որպես օրինական հանգստի ու հետախուզական-նախապատրաստական աշխատանքի շրջան: Շուշանը ետապաքինման շրջանը հաջողությամբ հաղթահարել է, և պետք էր համոզվել դրանում: Դե, Դավիթ Բլեյանին, ով ամենաշատը սիրում է կրկնել. «Ես մեծ եմ ու ուժեղ»,- տեսնենք գործի մեջ: Հատկապես մայրիկը համոզվի, որ իր տղայի հետ կարելի է ճամփա անցնել, բազում դժվարություններ հաղթահարել մեծի պես: Առաջ անցնեմ՝ Դավիթ-Շուշան դուետը փայլուն էր:

Պետք էր երկու օրում Դավթի, Շուշանի հետ անցնել արշավախմբի հնգօրյա երթուղով` որպես հետախուզում … Դավիթ Սեբաստացին իր քրոջ գրկում անցավ այս ճանապարհն անմռունչ… Եվ որքա՜ն նոր գյուղատնտեսական մեքենաներ` սկսած հացահատիկային կոմբայնից, վերջացրած հակ անողով… Ձիե՜ր, ձիե՜ր՝ թամբով ու առանց թամբի, կովեր ու ոչխարներ, հոտեր՝ սարերում-արոտներում, խոզեր, սագեր, էշին լծած սայլեր… Այսքան տպավորությունն ի՞նչ անի մեր 2 տարեկան 8 ամսական դարձող տղան… Խնդրեմ, ծնկների վրա մի փայտ է դրել ու «Հայրիկ, կամուրջ եմ սարքել»: Հետևեք Օրագրին, Դավթի հնեվանքյան մեծացումները ես բաց չեմ թողնի։ Ժամանակ է պետք մարսելու համար. ի՛նձ էլ, Դավթի՛ն էլ, իր մայրենիի ուսուցիչ մայրիկին էլ, Վիեննայով չզարմացնող ու Կուրթանը գնահատող Շուշանին էլ…

Ինձ համար ամենահուզիչն ու կարևորը Շուշան-Դավիթ կապի զորացումն է. Դավիթն ու Շուշանը քնեցին, արթնացան այնքա՜ն խաղաղ-հարազատ՝ մի սենյակում: Շուշոն օրորել է Դավթին նոր օրորոցում… Դավիթն արթնացել է Շուշանից շուտ ու սքանչացել իր խաղաղ քնած երգչուհի քրոջով, չի խանգարել, հսկել է իր քույրիկի քունը…

Կուրթանը, իհարկե, ճանաչեց Սասունցի Դավթին ու արժանի վերաբերմունք ցույց տվեց. «Սա է՞, դո՞ւ ես, (հարցնում էին աջ ու ձախ) նշանավոր Սասունցի Դավիթը»: «Ես Սասունցի Դավիթն եմ, ես մեծ եմ և ուժեղ…»:

Դավիթ Բլեյանին քույրիկ Տաթևիկը մեծ, նարնջագույն, բեռնատար բետոնախառնիչ (ուշադիր եղեք, որ Դավթի ոչ մի բնութագրիչ բաց չթողնեմ) մեքենա է նվիրել, ու Դավիթն այս օրերին անբաժան է, քնում, արթնանում, լողանում է սրանով: Ահա կայանատեղի է ստեղծել: Երեկ մեզ այցելած սիրելի «Բզեզը», Անահիտ Հարությունյանը, Դավթի հետ հաշվում, վերատեղափոխում, վերանվանում էր ողջ տրանսպորտը … Մեքենաները, երթևեկությունը, մեր անմիջական շրջակա միջավայրն են, և նրա նկատմամբ Դավթի հետաքրքրությունը բնական է. կարևորը, սրանց Դավթի մայրենի լեզվաշխարհում պատշաճ տեղավորելն է, անվտանգ երթևեկության անբեկանելիության հաստատումը. սովորույթը, հայրիկի հետ քայլում են մայթով, զգույշ – ազատ, փողոցները հատում են միայն (առանց որևէ մեկ բացառության) անշտապ ու վստահ միայն անցումներով, նշագծած, վերգետնյա (ուշքս գնում է սրանց համար), ստորգետնյա (անհրաժեշտություն են):

Դավիթը մամա չի ասում (սկսել է) այլ, մայրիկ, պապայի փոխարեն արդեն, հայրիկ, եղբայրն ու քույրիկը ընդգծված դիմելաձևեր են: Լսեցիք ձայները, հայրի՜կ, մայրի՜կ, քույրի՜կ … իսկ Շուշան քույրիկը մեր բնակարանի, իր սենյակում քնած է … Այսօր Շուշան քույրիկի սենյակամուտն էր. խաղաղ, առանց շամպայնի, բայց կարևոր, կարևոր …
Նազուկ-գժուկը ինձ համար, ոնց որ իմ Էմմա քույրը, կարևոր է ու հետաքրքիր, կոնկրետ … Մեր տանից դուրս գալուց առաջ պատշգամբում տեսեք, ո՜նց է գրկում, հրաժեշտ տալիս (իսկական արջ) Դավթին, ինչ է ասում միայն Դավթի ականջին հասանելի… Իսկ աստիճանների վրա նորից պայծառանում է. «Քեռ (այդ ես եմ), ես քեզ, Արմինեին, Դավթին շա՜տ-շա՜տ եմ կարոտում. Դավթի թուշը մի հատ կքաշես … ». Ահա այսպիսի, կենսատու քույրիկ:

Կուրթանում իր ճանապարհին հանդիպած բոլոր կենդանիներից Դավիթ Բլեյանը կենտրոնացավ ձիերի և… խոզերի վրա: Ձիու հետ հանդիպմանը Սասունցի Դավիթը պատրաստվում էր ամեն օր` երկու տարի, յոթ ամիս, քսան օր շարունակ: Հանդիպումը սպասված էր, տեղը, որպես պատահմունք, Ստեփանավան-Գյուլագարակի նշանավոր Սոճուտ-Դենդրոպարկի ճանապարհին: Զարմանալի է, չէ՞, Հայաստանում այսպիսի եզակի այգի ու նույնքան անխնամ ճանապարհ: Երեք անթամբ-անվարգ ձիանք` երկուսը պարանով կապած, մյուսը`անպարան-անթամբ, չէին կարող չգրավել Դավթի ուշադրությունը:

Էս որ պատահեց, մեր Դավիթ հսկան
Մի մանուկ էր դեռ՝ յոթ-ութ տարեկան,
Մանուկ եմ ասում, բայց էնքա՜ն ուժեղ,
Որ նրա համար, թե՝ մարդ, թե՝ մժեղ…

Մեքենան կանգնեց: Ես և Դավիթն իջանք, Դավիթը հարազատորեն, վստահ մոտեցավ ձիանքին… «Ուզում եմ քշեմ…». քշեմ` լսեցի՞ք: Մարդը առաջին անգամ է ձի տեսնում: Սասունցի Դավիթը էլ ո՞նց է լինում: Ձիանքը ոչ էլ խույս տվին, անգամ անկապը մոտեցավ: Դավիթն իմ գրկում ձեռքով շոյեց բաշը… Ափսոս, որ անթամբ էին. Դավիթ, անթամբ կլինի՞, թամբ ունեցիր քեզ հետ, ճամփա ես գնում… հո պուճուր չե՞ս, մայրական ծիծ էլ չես ուտում (աչքը մոր ծծերից չի կտրում), տակդիր-պամպերս, աշխարհը գիտի` չես հագնում, ողջ օրը թողնեն պուպուլիկի հետ խաղաս. թամբո՞վ պիտի ձի քշես… «Դու պիտի՞ էն հոր ժառանգը լինես…»:

Դենդրոպարկից դուրս եկանք: Թարմացած Դավիթ, երրորդ շնչառությամբ. չէր քնել ցերեկն ու ժամը 16-ի մոտ, մեքենայի մեջ հենա-հենա քնում էր… Ողջ այգին տըլինգ-տըլինգ (ձիու իր ձայնն է), ման էր գալիս, մարդկանց ներկայանում՝ «Դավիթն եմ Սասունցի, ուժեղ եմ…», ու անծանոթների բոլոր հարցերին մտերմիկ-հմայիչ-սրիկայավարի պատասխանում: Այգու մուտքին թամբած ձի էր սպասում: Մոտեցավ հեծյալ Դավիթն իր նժույգին ու… քշեց… միայնակ: Կուրթանի նկարներում ինչ կա` բեմադրված չէ: Դեռ կոնֆետն էլ՝ հյուրասիրած, բերանից չհանեց. «Էս իմ ձին է, ուզում եմ նստեմ (նստեմ` ասաց Դավիթը, թամբը տեսավ երևի):

Դավթի հետ հաշվեցինք` ութ հատ, յոթը՝ վարդագույն, մեկը՝ մոխրագույն շերտերով, իր ասած՝ խալխալերով… Փոքր գոմը մաքուր էր, խոզուկները` մշտապես խնամված, դեպի գոմ՝ հետաքրքիր լուծումով մի կածան էր տանում: Դավթին խոզուկները հիացրին, նա էլ՝ էլի ու էլի այցելեց իր բարեկամներին, կերակրեց, լողացրեց… «Որ մեծանան, խոզուկները ինչ են լինելո՞ւ…»: Խոզեր՝ պատասխանում եմ: «Խոզուկները չեն թափո՞ւմ, չեն կեղտոտո՞ւմ, խոզուկներն ուտո՞ւմ են: Ես էլ չեմ թափում, ես հավաքում եմ… »: Ի՞նչ էր կատարվում Դավթի հետ, ով քանի՜ ամիս շարունակ, օրը քանի՜ անգամ ձայնում էր ի լուր բոլորիս. «Մարդիկ որ թափում են, կեղտոտում, ասում են, որ դու խոզ չե՞ս…»:
Որպես ծես` ամեն առավոտ մեր տան մոտից` Չայկովսկու անկյունի կրպակից ես ու Դավիթը վերցնում ենք մեկ-երկու թերթ, երբ աղբով լի տոպրակը տանից դուրս ենք հանում (տան տղամարդը թող աղբը դուրս հանի ամեն Աստծո առավոտ, աղբը տանը պահելու համար չէ):

Մեր դռան զանգը, դրա աղմկոտ արձագանքը. Դավիթ Բլեյանն ինձ դիմավորում է մայրիկի հետ որպես կանոն ժամը 19:00-ի մոտ շեմքում՝ հստակ պատրաստած լեզվական նոր կառույցի ցուցադրությամբ. գիտի, որ լեզվագործունեության ամեն մի դրսևորում, ցանկացած լեզվահնար ինձ հիացմունք է պատճառում: Հենց այսպես ինձ հիացնում է, կամ ես վշտացածի տեսարան եմ բեմադրում, երբ Դավիթը ինձ համար լեզվական խոտան է պատրաստած լինում. տեսեք ոնց է հրճվում «իմ վշտով»:

Այսօր. «Տիարը կոչվում է պարոն Բլեյա՞ն… «Այո» չեն ասում, «հա» են ասում: Տիար պապա… »: Այո, պարոն Դավիթ՝ իմ արձագանքին թե՝ «Չէ՛, ես փոքր եմ, ինձ պարոն մի ասա, ինձ Սասունցի Դավիթ ասա…»: Երեկ-այսօր մի գլուխ կրկնում է. «Տիար Բլեյանը դու ես, ա՛յ, պարոն Բլեյան… «Պապա» չեն ասում, «հայրիկ» են ասում, տիար պարոն Բլեյան, եղա՞վ, հա՞… Պապա, ես լացել եմ, քեզ եմ կանչել…»:

Երեկ առավոտյան լողացավ, հագնվեց, սեղանի մոտ խաղաց-խոսեցրեց, հետո էլ թե՝ «Ես պարտեզ չեմ գնում, Կուրթան եմ գնում»: Իջավ մի քանի քայլ աստիճանով, բարձրացավ. «Ուզում եմ մայրիկի մոտ մնամ…», հետո էլ բարձր լացեց, որից ինձ ազատելու, լացը թուլացնելու միջոցը աստիճաններով իջնելն էր, Դավթից փախչելը, ազատվելը: Լացը, Կուրթանի ձայնը, ականջիս մեջ էր… Պատմում եմ մեքենայի մեջ Դավթի «նոր պարտեզի» մասին, որ երեկ է գնացել: Դպրոց-պարտեզի իր խմբասենյակը փոխել են, արձակուրդի գնացած ընկեր Մարիամի ու ընկեր Նորայի փոխարեն նոր ընկերներ են՝ ընկեր Վարսիկն ու ընկեր Մելինեն: Երկու խումբ միավորել են: Տանը պատմում է. «Նոր պարտեզ եմ գնացել, լավն են ընկեր Վարսիկն ու ընկեր Մելինեն…, Արամը չկա, Նարեն չկա, Ալեքսը, ում համառորեն Ցեց են ասում, չկա…»: Ես անցում եմ կատարում կտրուկ, բլեյանավարի՝ էս մեր մյուս երեխան՝ Շուշո՞ն ինչ եղավ…Շուշա՜ն, Վիեննայում ես, հա՞:

Դավիթը մեծանում է ամեն րոպե, և դա երևում է նրա խոսքում`«Հայրիկ, դու մայրամուտը տեսե՞լ ես: Տե՛ս, արի միասին նայենք մայրամուտին»:
«Պարտեզ չեմ ուզում, Կուրթան եմ ուզում, հայրիկիս հետ գնում եմ Կուրթան…»:
Միասին դուրս ենք գալիս 08.30. թվում է՝ ես աշխատանքի, մի տրեստ շինարարներ, մի դյուժին ճամբարներ, նույնքան պարտեզներ, մի կապոց էլ 2014-15-ի ուսումնական մտահաղացումներ ձայն են տալիս` էհե՜յ, Բլեյան, իսկ Դավիթը`պարտեզ: Դավիթ Բլեյանն անկանխատեսելի է ու իր որոշումը կարող է պարտադրել. շեղել, որևէ ձևով ազդել նրա որոշման վրա, քյոլմստել` այսօրը վկա, չստացվեց, ու օրը շուռ եկավ, Դավթի գծած հունով գնաց բարով: Այսպիսին է հասունացումը:

Նիկոլ Փաշինյանը հրավիրել է, ու ես խոստացել եմ շաբաթ-կիրակին անցկացնել Իջևանում` Փաշինյան Վովայի ընտանիքում… Դավիթը համաձայնեց Իջևանին` որպես Կուրթան-Ստեփանավանի այլընտրանք. գետը գետ է՝ Ձորագետ չէ, Աղստևն է, դեռ ճանապարհն էլ անցնում է Դավթի մուրազ դարձած Սևանով… Հիմա գնում ենք Իջևան: «Կուրթանի անունը Իջևա՞ն է»,- հարցնում է: Ինձ հսկում է ակնդետ. «Դու չե՞ս գնում, չէ՞, մնում ե՞ս… Պապա չեն ասում, հայրիկ են ասում»:

Դավիթն էլ` ընդունված հասարակության կողմից թագաժառանգ, Դավթի տրամադրությունը բարձր է, գրկել է իր ընկեր Արամ Խաչատրյանին, կարևորը` ինձ իր ձեռքից ու տեսադաշտից բաց չի թողնում:

Երբ շարժվում են պաշտպանության նախարարության ավտոբուսները, ձեռքս պինդ է բռնում. «Հիմա մենք գնում ենք Իջևան…»:

Մեդիան սիրելի հանգրվան է ընդամենը 10-15 րոպե, ու մենք շարժվում ենք ոտքով Իջևան… Գեղարվեստի պարտեզի ու ճամբարի լողավազանով, լողացողներով հիացանք` կեցցեք. իսկական Բանգլադեշ հիշեցնող անապատով (սրա հերթը, հիշեք, կառուցվող խաղահրապարակներից հետո է` սեպտեմբեր-հոկտեմբերին) իջնում ենք…
Թումանյանի «Վայրէջքի» տողերը Դավիթը լսում է. «Հիմա սա Իջևան է կոչվում»: Ուրիշների համար չգիտեմ, եղբայր Դավիթ, Բանգլադեշն իմ իսկական Հայրենիքն է, ես ապրում եմ այստեղ, ես կրում եմ պատասխանատվություն նրա հանդեպ, ես ջանում եմ գրավիչ դարձնել` որպես կրթական միջավայր…

Մայր դպրոցը Դավիթը հավանում-հիանում է, Մարմարյա սրահը նրա տարերքն է, մեզ դիմավորում է հմայիչ խմբավարը՝ Լուիզա Քեշիշյանը, քիչ հետո նրան կօղակեն սեբաստացիները՝ երգչախմբի պատանիները… «Ես ուզում եմ չիշիկ անեմ». լավ է, որ ոչ քաքիկ, իսկ ինձ անակնկալի չես բերի՝ մոբիլ եմ, հետս է Դավիթի արջուկ-անոթը՝ թեթև-կարմիր-ճամփորդական: Լուիզային ենք պարտական այս նկարաշարով: Ո՛չ, Մարմարյա սրահը Իջևանը չէ, բայց կարճատև, չիշիկի համար… Ռիո դե Ժանեյրոն չէ, Իջևանն առջևում է…

Արի սրան տանեմ խաղադաշտ, տեսնի շինարարությունն ու մուռս հանեմ էս ինքնակոչ իշխանությունից, փոշու-արևի մեջ տապակեմ` Իջևանը մոռանա ու իր պարտեզը հիշի…

Դավիթը մոտիկից ու երկար վայելեց աշխատող քանդող-բարձող մեքենայի (բելառուսի) հմայքը, մեծ նարնջագույն ինքնաթափի վարորդ զինծառայող Սամվելի մեղմ ներկայությունն և ուղեհարթիչ վարորդի (գրեյդեր) բացակայության հմայքը: Ես հավատացի պաշտպանության նախարարության մեր բռնած երկրորդ գործի` խաղադաշտերի կառուցման (առաջինը, չեք մոռացել, այսօր մեկնարկած «Հնեվանքի» արշավախմբային ճամբարն է) հաջողությանը: Իմ սիրտը փառավորվեց մտքից, որ օգոստոսի 23-ին ես կթոթափեմ այս մի անավարտի պարտքը ևս…

Գնում ենք հիմա Իջևան: Դավիթի որոշումն է, ու մենք Մայր դպրոցի հարևան մանկական այգում ենք. ա՜յ անկուշտ, ինչո՞վ սա Իջևան չէ, ընդամենը երկու-երեք շաբաթ առաջ՝ «այգի եմ ուզում, ինձ այգի տար». այս ի՞նչ կատարվեց մի քանի օրում… Հետո մենք ցայտաղբյուրով խաղացինք-լվացվեցինք, քայլեցինք դեպի իմ հպարտության, Գագիկ Բեգլարյանի անձնական նվեր վերգետնյա անցումը… Սքանչելի տեսարան է, և լավ է, որ Դավիթը ժամեր կարող է անցկացնել այս կառույցի վրա…

Խաղաղվիր, ասում եմ ինքս ինձ, ինչպես լարախաղաց, քո ժառանգը մեծացել է… Զանգ Շուշանին, Դավթի վրա Շուշանի ձայնը ազդեց, ու մենք իջևանեցինք Բ-4-ի մանկական այգում… Դավթի հետ լավ մոնիտորինգ արեցինք՝ յուրաքանչյուր ճոճանակ, ցայտաղբյուր, կանաչ անկյուն… «Ես պարտեզ չեմ գալիս, ես գնում եմ Իջևան…».

Մենք գնում ենք Իջևան, երկու օրով…
Իրիկունը, երբ Դավիթ Բլեյանը «չրմփոցով» լողացել է, 139 ճոճ է ստացել (հաշվում է նույն հաճույքով-անհոգնել, ոնց որ խոսում է կամ «Սասունցի Դավիթ» կարդում), ֆուտբոլային նոր հնարներով զարմացրել մայրիկին… նստում է իմ կողքին ու մեծավարի հիշում է. «Հիշում ես, հայրիկ, կապույտ էքսկավատորը դժվար քանդում էր գետինը ու լցնում մեծ բեռնատար ինքնաթափը… Ո՞ւր տարավ վարորդ Սամվելը հողն ու քարը»: «Հայրիկ, ուղեհարթիչը փչացե՞լ էր, չէր աշխատում, ո՞ւր էր գնացել վարորդը»: Վարորդը՝ զինվորական Նորիկը, իրոք աշխատատեղում չէր… Ո˜ւր էր գնացել…

Դավթի ձայնը լսեցի`«քանդակը օրվա գիր է կոչվո՞ւմ, հայրիկ»: Այո, Սեբաստացի Դավիթ, ես գրում եմ ամեն օր, որ չթողնեմ ժանգոտի գրիչս, քանզի տեսա, որ դրանից ժանգոտում են սիրտս ու հոգիս: Այդպես ես կարդում եմ քեզ համար ամեն օր, որպես քանդակ…

«Սրա անունը ի՞նչ կկոչեն»,- կհարցնի Դավիթ Սեբաստացին: Սրա անունը վերնագիր կկոչեն, կարդացեք օրվա գիրը ինչպես գիր:

Ի դեպ, այս օրերին, Դավիթը Աշոտին, ում Էբիի նման ու Էբիի չափ սիրում էր, անընդհատ փաղաքշում, անվանում էր Գագուլ, Գագուլիկ: Նիկոլը կատակեց, թե Դավիթը սրանով անվանափոխության հարց է բարձրացնում:

Եվ երրորդ դետալը, որ Դավթի օրինակով ցցուն ներկայացավ, բայց որը Դավթի ով լինելով չէր պայմանավորված.
Դավթի այս գրավիչ, կարմիր անոթը (գորշոկ) մեր ճամփորդություններին մոբիլություն է հաղորդում: Ահա Դիլիջան-Իջևան ճանապարհին, Աղստևի աջ ափին Դավիթն ուզեց…. քաքիկ անել: Տեսարան է… ու նրա կողքին հանրահայտ Աշոտ Բլեյանը պահակակետ է տեղադրել. «Հեռու մի´ գնա պապա, կանգնի կողքիս, որ ես հանգիստ քաքիկ անեմ, ու դու վերջում մաքես…» Բա չէ՜, մայրիկը. «Չեմ ուզում` մայրիկը մաքի, ուզում եմ դու մաքես…»:

Ինչ էլ լինի, մենք շարունակ արձանագրում ենք Դավթի լեզվական ամեն մի ներկայացում-բեմականացում, չէ՞, ուրիշ էլ ի՞նչ … Չենք էլ հասցնում երկուսով-երեքով գրանցել: Դավիթն ամենահաս է, բայց «Հնեվանք»-ի արշավախմբային ճամբարի ղեկավար Գևորգ Հակոբյանին տված խոստումը պարտավորեցնում է, որ սրանց հետ վարվենք որպես մանկավարժական մասունքների: Ահա:

Հաջողությո՜ւն, ես էլի կգամ, բաբուշկա…
Դավիթը պառկում է գետնին գցած ծածկոցի վրա, իմ կողքին. «Այսպես ինձ հարմար է…» ու սկսում է հարց ու պատասխանի շարանը. «Պապա-հայրիկ, Փաշինյան Աշոտը Փաշինյան Նիկոլի որդին է: Փաշինյան Աշոտը սեբաստացի է: Փաշինյան Նիկոլը սեբաստացի չի՞: Պապա, ո՞վ է Փաշինյան Նիկոլի հայրիկը: Դու ե՞ս Փաշինյան Նիկոլի հայրիկը: Դու պապիկ ե՞ս: Ո՞ւմ պապիկն ես: Փաշինյան Նիկոլի՞…»:

Դավիթը Իջևանի անտառներում զբոսնեց, ցեխերի մեջ թավալվեց, մի քանի անգամ սայթաքեց ու վեր կացավ, նեղ արահետով մեծավարի քայլեց, առվակի մեջ քար գցեց, հետո հայացքը ուղղեց ամպերին, նայեց մայրիկին ու խոստովանեց. «Մայրի՜կ, ես ինձ այստեղ լավ եմ զգում»:

Դավիթն Իջևանում մի պահ սկսեց հազալ: Մայրիկը գիշերանոթին նստեցնելիս անհանգստացած դիմում է որդուն. «Վա՜յ, Դավիթ ջան, մրսել ե՞ս»: Դավիթը թե՝ «Հա, ցավոք սըլտի»:

Ավագ Փաշինյաններին հաջողություն ենք մաղթում ու դուրս գալիս: Դավիթը հանկարծ Երջանիկ տատիկին այսպես է դիմում. «Հաջողությո՜ւն, ես էլի կգամ, բաբուշկա»:

Փաշինյանների աստիճանները երկար են: Դավիթը շատախոսելով աստիճան-աստիճան իջնում է՝ ետ նայելով աստիճանների գլխին կանգնած տատիկին: Շուշանը ձայն է տալիս. «Դավի՜թ, շո՛ւտ արա, առանց քեզ կգնանք»: Դավիթը պատասխանում է. «Սպասեցե՜ք, առանց ինձ մի՛ գնացեք, ես է՛լ եմ գալիս, Էբիին ճանապարհեմ ու գամ»:

Դավիթը եղավ Իջևանում. «Սա Իձիվանն է, սրան Իձիվան են ասում…»: Դավիթը սիրեց Իջևանի անտառը, Աղստևի հովիտը, իր մշտական ուշադրությունը եղավ, Դավիթը հերոսացավ Փաշինյանների հավաքում:
Դու, Սասունցի Դավիթ, մեր սիրելի հերոս ու մարդ:

Տան ճանապարհին հերթական անգամ փորձում եմ Դավթին ներկայացնել Սևանը, Սևանա ծովը։ Չանեի… ձեռք քաշի, էլի, Բանգլադեշի քո ծովերը քեզ քի՞չ են… Կպատմեմ. հո վերջին գի՞րը չէ:

«Ես մանկապարտեզ չեմ գնում»,- երեկվանից կրկնում է Դավիթը։ Արմինեն ուրախ է, ինքը այս օրերին տանն է, ուզում է ավելի շատ ժամանակ անցկացնել իր տղուկի հետ… Ես հարգում եմ իմ տղայի որոշումը և հրապարակեմ այն ամբողջությամբ… «Ուզում եմ հայրիկի հետ գնամ ման գամ, անտառ եմ ուզում տեսնեմ…»:

Այ, սա ուրիշ, ես ինձ եմ լավ զգում հայրավարի, իսկ մայրիկը փորձում է բացատրել Դավթին… Դավիթը լսում է կամ չի լսում, ամեն ինչի հետ համաձայն է կամ չի ուզում. երկու բան իրար հետ։ Կրկնում է. «Չեմ ուզում պարտեզ գնամ, ուզում եմ հիմա հայրիկի հետ գնամ ման գամ, Իջևան գնամ»: Հիմա, երբ լողացել է, իր Կոմիտասը լսեց, Դավթի պատմությունը կարդացել, իր պարտեզը խնամել…

Դավիթ Բլեյանն իր ծծկեր շրջանում բոլբոլ օգտվել է («Պապան բոլբոլ ասաց») «մինչև երեխան չլա, մերը ծիծ տվողը չէ» ավանդույթով իրեն ամրագրված երեխայի պաշտպանության իրավունքից։ Ծծկերության շրջանը Դավթի մոտ ճիշտ ու ճիշտ համընկավ պամպերս կրելու համընդհանուր պարտականության հետ և տևեց երկուսուկես տարի:

Դավիթը սրա էլեկտրոնայինն ունի՝ որպես սեբաստացի, որի վարումը իմ՝ հայրիկ-տնօրենի 12.12.2012թ. հրովարտակով հանձնել եմ մայրիկ-սեբաստացի Արմինե Աբրահամյանին։

Ափսոս, որ մեր ծուռ Դավիթն ամեն ինչ թափթփել, մրափել է. հինգ ժամ՝ մոր արձանագրած 3.30-ից, մինչև իմ տեսած 8.50-ը, քնած էր, ինչպես այս նկարներում, որ իջևանյան անտառից են.

Գըլուխը դըրավ մի քարի՝ մընաց,
Ու մուշ-մուշ քընեց մինչև լուսաբաց:

Այ, հիմա մի քանի օր ժամանակ տուր Դավթի մորը, ու քանի տանն են, քանի ժամանակ ունեն, թող Դավթի հետ նստեն ու բլոգը կարգի բերեն, ախր, բրախել են, է՜, ոնց որ իմը օրվա գիր չլինի, այլ ձեր նման կամ Թումանյան Հովհաննեսի… «Ես էլ էի շատ ուզում հանգստանամ ու գրականությամբ պարապեմ, բայց չէր լինում և չի լինում…», «հենց պարապեմ (պարապ մնար, ժամանակ ունենար), Դավթի հարսանիքն եմ անելու». չարեց, չէ՞, իր հետ տարավ, «էն տանիլն էր»: Հիմա որ մեր երեխան հարցնի, մի օր հարցնելու է, չէ՞, հետո-ն է ուզելու, ինչպես ինքն է իմաստ դնում «Էլի կարդա» պահանջի մեջ. «Պապա, ուզում եմ, էլի կարդա, կարդացի՞ր, պապա»: Պապան կարդաց։ «Հիմա ուզում եմ…»:

Երեկ իրիկունը բլոգի բարեկարգման մի հաջող փորձի արդյունքը վերջապես արթնացած Դավթի հետ մի քանի անգամ նայեցինք։ Սպասեմ՝ այս ֆիլմը, որ Դավիթն ու ես շատ հավանեցինք, Դավթի բլոգում նայեք, որ անցնեմ առաջ։ Արևիկի կչկչոցը ինձ այս ֆիլմում էլ ոչ միայն հիացնում է, այլ դարձել է հաջողված ձայնային ձևավորում… Խնդրեմ, թող Արևիկն էլ գա, Դավթի եղբայր Արմենն էլ, ում Դավիթը շարունակ կանչում է ու առանձնացնում։ Էս աստծո գառ ու շնորհաշատ Արմենից ո՜նց են Նորագավթի տատուպապը, էլ չեմ ասում՝ ավագ քույրերն ու մայրիկը բողոքում՝ գլուխս չի մտնում… Իբր աշխարհի ամենաչար տղան է. չլինելո՛ւ բան:

Մինչ Դավիթը կարթնանար, ժամանակ ունեի, նստեցի, գրեցի…
Իսկ Դավիթը թող չլացի. չի լացի կամ կդադարի լացելուց, երբ լացով չի ազդի ու հասնի իր ուզածին։ Հո փոքր չես, եղբայր պատվական, երկու տարի ութ ամսական ես դառնում օգոստոսի 12-ին, ձևավորված խոսքով, հայտնի բլոգով… Իջևան չեն գնում այսօր, Կուրթան ես ուզում, խնդրեմ, առանց ինձ, այսօր սեբաստացիների մի խումբ գնում է, հետները գնա։ Նոր պարտեզն էլ դու չես ուզում, ավելի լավ, մնա տանը, տան գործերն արա, տատիդ պահիր, այ երախտամոռ, որ քեզ իր թոռների մեջ առանձնացնում է, ունեցած-չունեցադ էդ մի տատն է, էն էլ ի՜նչ տատ, նստիր կողքին, պատմիր-կարդա։ Օգնիր տատիկին, Դավիթ, նա քո կարիքը զգում է:

Դավիթ Բլեյանն ասում է՝ «մեդիայում», իսկ վարպետ Օնիկը՝ «մեձիո»:
Գոհունակության և բարեխիղճ, անընդհատ, հետևողական փոքր քայլերի անհրաժեշտ շարունակում… Էս հո մեր Դավիթ Բլեյանի ավտոների բնութագրականի նման եղավ, «բեռնատար մեծ, դեղին, անվավոր բետոնախառնիչ»-ի նման։ Գոհություն տուր, Տե՛ր…

Երեկ իմ սքանչելի թոռնուհի Արևիկ Տատինցյանն էր մեր տան զարդը, ցուցադրեց Զավեն հոր Լոնդոնից ուղարկած ամառային հագուստները, որոնց որակի մասին մի նախադասությամբ արտահայտվեմ՝ Արևիկը հավանում է, իսկ Դավիթ Սեբաստացին իրեն բնորոշ անսպասելի-մեծավարի ասաց. «Ճաշակով են սրանք, Արևիկ»:

Արևիկին Դավիթը զվարճություն է պարգևում. հենց այսպես՝ պարգև զվարճության քեռի Դավիթ… Եվ լավ է, Արևիկ ջան, որ քեռին պուճուր է տարիքով. ասված է, չէ՞, քանի քեռին կա, քո զվարճության պարգևն անպակաս կլինի։ Թե չէ էլ ի՞նչ Սասունցի Դավիթ:

Ուֆ, ձեզ պիտի պատմեմ իմ տեսած Սևանի մասին, հա՞… Դրան մենք Դավթի հետ իջևանյան խմբով մոտեցանք։ Սևանից ծուխ էր փչում, մասնավոր լողափը խորովածանոց է ասիական. «այստեղ բոլորն ասիացիներ են»՝ սրա՜նք, իրենց մուզի՜կը, հագուկա՜պը, ու ծո՛ւխը, ծուխը…

Տանողները կան. հրես Դավիթն ու Արմինեն հանգիստ չեն տալիս։
Դավիթ Բլեյանն սկսել է խնամել իր միակ տատիկին, որ Դավթի, հենց Դավթի հոգատարության կարիքն է ամենաշատը զգում: Տատիկն անկողնային է, ու նրան պետք է անկողնուց հանել: Տատիկի նվիրյալ աղջիկներին` Դավթի մորաքույր Ռուզանին և մայրիկ Արմինեին, տատիկի խնամակալ դարձած զալոյին չի հաջողվել դա անել: Ես ասացի, որ դա Սասունցի Դավթի հնարավորություն է ենթադրում, որ Դավիթն իր ռազմական մեծագործություններից առաջ, թող փորձի հրաշագործությունը… Դավիթը բռնել է տատիկի ձեռքը, նայել աչքերին, պահանջել. «Տատի՛կ, վեր կաց ու քայլիր իմ հետևից, մեր բնակարանով»… Տատիկը հալվել է, արտասվել… Այդ գիշեր նրան այցելել է իր հանգուցյալ ամուսինը, ում անժամանակ հեռացումը անօգնական է դարձրել սիրելի, սիրված-խնամված կնոջը, և նախատել. «Ո՞նց կարող ես քո այդքան սպասված թոռնիկի ետևից չգնալ»…

Թողնո՞ւմ է տատիկին, առավոտյան դուրս է գալիս ման գալո՞ւ (Իջևանից, Կուրթանից, Բժնիից է հրավեր ստացել), գնո՞ւմ է պարտեզ՝ իր կուկուների մոտ… Դավիթն ասաց հատիկ-հատիկ. «Ես մնում եմ տատիկի մոտ: Տատիկին կասեմ՝ թող ինձ հետ խաղա»: «Պապա, կարող է տատիկը գնդակ խաղա, թող ինքը այսպես մի ոտքի վրա ման գա»,- ու մի ոտքի վրա, փոխեփոխ, Դավիթը սկսում է թռվռալ: Գործի՛ր, Դավիթ հրաշագործ։ «Ես մեծ եմ ու ուժեղ, ես կարող եմ…». Արմեն Մարտիրոսյան եղբայրը քեզ մենակ չի թողնի։ Եղբայրը լինում է Արմենի նման. տեսեք՝ միասին ինչպես են զվարճացրել Շողիկ տատիկին, որ ամիսներ շարունակ փակված էր սենյակում:
«Օտարումն ի՞նչ է». հարցրեց Դավիթ Բլեյանը օրեր առաջ, երբ հանդիպեց բառին: «Առյուծն ի՞նչ է, իմա՞լ առյուծ. հեռվեն կուտի՞, թե՝ մոտենաս ու նոր կուտի… ». այսպես ու այդ պահին արտաբերեցի Դավթի համար: Օտարացման անունը գազան է։ «Ի՞նչ գազան, հայրիկ…»:

Հիմա ես Չայկովսկի-Խանջյան խաչմերուկից, դպրոցի մայթով առավոտ կանուխ իջնում եմ զգո՜ւյշ, կասեր Դավիթը ու… փողոցից այն կողմ ձգվում է այգին, որտեղ իմ հայացքն է…

«Ո՞վ է Աբովյանը… Սա ո՞ւմ արձանն է…»,- այս արձանը Խաչատուր Աբովյան կկոչվի։ «Անունը Խաչատուր է, հայրիկ, ինչո՞ւ ես ասում Խեչան»… շատախոս-շաղակրատությունը կարծեմ ոչ միայն ինձ, այլև ընթերցողին է սիրելի…

Աբովյանը գնում է միշտ իմ առաջից, ուղղություն է ինձ ցույց տալիս, Դավիթ, որ ես չշեղվեմ իմ ճանապարհից… «Ինձ համար Չարենց կարդա, Աբովյանի մասին կարդա»… Կներեք, քիչ կենդանի մարդ կա, որ իր ներկայությամբ ավելի ազդու է, քան Խեչանը…

Տեսեք՝ ամառային ինչ պատրաստություն է անցնում Դավիթ Բլեյանն իր եղբայր Արմեն Մարտիրոսյանի անհատական ծրագրով։ Եվ որպես գոհացում՝ իր աճեցրած լոլիկն է քաղում ու ցուցադրում։

Հոբելյանները, ծննդյան օրերը, հիշատակի և այլ օրերը առիթ են ինձ համար, առիթ ընդամենը… Դավիթ Բլեյանը շատ է գործածում՝ «հանկարծ»-ը. «Հանկարծ լվացքի մեքենայի վրա չիշիկ չանեմ… Հանկարծ ճաշի ամանը շուռ չտամ մայրիկի շորի վրա… Հանկարծ Շուշանի սենյակում չդնեմ իմ կեղտոտ շորերը… Հանկարծ բազմոցին վրձինով չնկարեմ…»: Հետևելով Դավթին ասեմ՝ հանկարծ հոբելյանին շատ լուրջ չմոտենամ, նրա հետ բեմ բարձրանամ՝ թողնելով բազում գործեր անկատար:

Դավիթ, հարցնում եմ, քույրիկներին (Մելինե-Մարիամ Մարտիրոսյաններ հմայիչ երկվորյակն այս ե՞րբ մեծացավ, մայրիկ-հայրիկի համար վտանգավոր դարձավ. փախցնելու աղջիկներ են), լսել եմ, նեղացրել ե՞ս…

Պատասխանում է.
— Քույրիկնե՜ր, մի՛ նեղացեք, Դավիթը ներողություն է խնդրում (մեր բնակարանից իջնող աստիճանների վրա), վաղը էլի կգաք։

«Սրանք երաժշտական գործիք են, ա՜յ (այս կապույտ բահը, կանաչ փոցխը նոր են, մայրիկի նվերը, ու Դավիթը ձեռքից չի դնում), հողով-քարով նվագում են… Դավթի նման լողացել են», «Հանկարծ չմոռանամ, կեղտոտ շպրտեմ… Հայրի՜կ, այս փոցխը ատամներ ունի, սանրում է (իրեն փոցխով նորից սանրում է), բերան ունի՞ փոցխը… Հայրի՜կ, փոցխը իմ սանրն է, հանկարծ կեղտոտ չպահեմ… Հայրի՜կ, սրա անունը բահ է, բահ կասեն, лопатка-ն ռուսերեն է, հանկարծ չմոռանամ…»։

Արմինեն բարձր ասում է.
— Հայրի՜կ, գիտե՞ս, ես Դավթից նեղացել եմ… »:
Դավիթը կարծես չի լսում, թե ուզում է՝ ես էլ լսած չլինեմ։
— Դավի՜թ, այս ի՞նչ եմ լսում,- վշտացած տոնով հարցնում եմ:
Պատասխանում է.
— Ես ուզում եմ տատիկին լսեմ…- դադար, դավիթավարի՝ սրիկա-հմայիչ-հումորով, գնահատում է իմ վրա ազդեցությունն իր խոսքի…
«Պապա չեն ասում, հայրիկ են ասում, ես մեծ եմ, ես ուժեղ եմ, տատիկին ման եմ տալիս…»: Ու որպես Դավթի դաստիարակ՝ երեք մանկավարժական սկզբունքի համահեղինակ դարձա, բացահայտեցի-հիացա-փախանցում եմ:

Ես բաց եմ թողնում Դավթի ձեռքը, թող ինքնուրույն բարձրանա-իջնի վերգետնյա ու ստորգետնյա, նշագծած անցումներով, գործում եմ երկրորդ պլանից, որ նա իր կյանքով հայտնվի կենտրոնում՝ առաջին պլանում, իսկ իմ՝ մեծի, դաստիարակի, ուսուցանողի գործը, հսկելն ու դիտարկելն է: Երբ իմ կարիքն ունենա, թող դիմի, ինչպես Դավիթը շարունակ՝ «Օգնի՛ր ինձ, խնդրում եմ…»։

Ինձ փոխանցել են, ես փոխանցում եմ հիմա Դավիթ Բլեյանին՝ լեզու, հավատք, հայրենիք… Կենդանի լեզու, լեզվագործունեության, խոսքի բոլոր ձևերով, հավեսով (խաղալով). իմ խոսքը՝ բանավոր ու գրավոր, Թումանյանը ինձ ու Դավթին ինքնաբավ է դարձնում. ես շա՜տ եմ խոսում՝ ամեն ինչի մասին խոսում ենք (մտավոր կրթության գործիք է խոսքը), ես Թումանյան եմ կարդում, պատմում, Թումանյան եմ լսում՝ Դավթի Թումանյանը: Մենք շատ ենք լսում կենդանի, առույգ, աշխույժ, մայրական կաթի նման անաղարտ երաժշտություն. սրա անունը Կոմիտաս է: Ես Դավթի հետ խնամում եմ, հավաքում, մաքրում, ճամփորդում եմ, հիանում. սրա անունը՝ Դավթին հիացնող այս աշխարհի՝ իր արևով, լուսնով, մայրամուտով, արևամուտով, բլուրով, գետով քչքչան, ձիանքով… Կուրթանում և Իջևանում, Ծաղկունքում և Բջնիում… (մենք շատ հյուրեր ենք ընդունում և այցելում ենք հնարավոր շատ): Հայաստան է: Սրա անունը Հայաստան է, Դավիթ: Մենք «Հայր մեր» ենք լսում, «Առավոտ լուսո», էլի շարականներ, մանկական-ժողովրդական երգեր (Կոմիտաս), որ իմ ու Դավթի հոգուն են հասնում… Մենք ակնածանքով, անաղմուկ մտնում ենք եկեղեցի, Պատարագ ենք լսում, ժամերգություններ (պատառիկներ, իհարկե)…: Սա Հիսուս Քրիստոսի հաստատությունն է, իսկ Քրիստոսն իմ Ուսուցիչն է: Ահա ինչու՝ ես շփոթվում եմ, երբ ինձ ուսուցիչ են անվանում. ահա իմ Ուսուցիչը՝ Հիսուս Քրիստոս, իմ հերոսը, իր ուղղորդող աջով…

Դավիթ Բլեյանը՝ չնայած իմ գործադրած բոլոր միջոցներին, արթնացավ. ավելին՝ մեծավարի թույլ տվեց, որ ես ցնցուղ ընդունեմ, օգնեց պատրաստվելուն: Արմինեի սուրճը ծեսի նման է. «Ես քեզ շոկոլադ եմ հյուրասիրում». ասում է Դավիթը ու սառնարանում պահվող շոկոլադների իր տուփից բացում… «Մի քիչ Սասունցի Դավիթ կարդանք հիմա…». դե, առանց այս պատումի ես խոցելի կլինեմ, ու ճանապարհը մեր` «անբարաքյաթ»: Մեծ շնչով ու ընդգծված հանդիսավորությամբ կարդում եմ…

Դավիթն ամեն ինչ գիտի իմ օրվա մասին, ու ինձ համար կարևոր է՝ ինչ է կատարվելու, հիմա՝ երբ ես մոտենամ դռանը… «Ես մեծ եմ… ես լաց չեմ լինում. ես իմ հայրիկին Գորիս եմ ճանապարհում…»: Այսպիսի հասունացում, այսպիսի թիկունքով դժվար չէ բարդ թվացող օրվա առաջադրանքը լուծելը:
Դավիթը չի քնել… Ճանապարհին ճշտել եմ՝ Դավիթը խնձոր-դեղձ է ուզում, իսկ Մայր դպրոցի 1,7 հա հողատարածքը ճպճպում է ջրի մեջ. ոռոգման նոր ցանցը լիարժեք գործում է: Կեցցե՛ք, սեբաստացի ընկեր-աշխատավորներ… Դավիթ Բլեյանի տրամադրությունը հազար է… ահա պատառիկներ ժամը 22:00-ին լողացող Դավթի զրույցից. «Տիար, Ծաղկունք ե՞նք գնալու… պուպուլը խաղալու համար չի, չիշիկ անելու համար է, մայրիկն է ասում… Պապա չեն ասում, հայրիկ են ասում… Հայրի՜կ, արի միասին լուսնին նայենք… Հայրի՜կ, ես մայրիկի լուսնյակն եմ… Տիար, բաղնիքդ անո՜ւշ… դու էլ ինձ ասա…»: Դավիթ եղբայր, բաղնիքդ անո՜ւշ: «Բարի գիշեր, եղբա՜յր, շնորհակալություն»…

Ո՜նց է հիմա առավոտները և իրիկունները լողանում Դավիթ Բլեյանը՝ նկարելու բան է… Ուժեղ շիթով ցնցուղն իր բարձր ցուցումով պահել է տալիս մարմնի ամեն մի մասի վրա, սկսած ձեռքի ու ոտքի թաթերից, վերջացրած պուպուլիկով ու տուտուզիկով։ Մկանները լցվեցին, ուժեղացան. ինքը մեծ է, ուժեղ է… Ես խրախուսում եմ Դավթի մարմնամարզության դրսևորումները, ներառելով նորանոր գործիքներ. մեր քանդվող-հավաքվող բազմոցը հարմար-գրավիչ գործիք է, համալիր գործիք՝ առ այսօր չսպառվող հնարավորություններով, աթոռը, փոքր սեղանը, ճոճանակը, աստիճանները, շվեդական պատը, ներքնակները, որ իհարկե, սեբաստացիներին քաջածանոթ են, մեր բոլոր պարտեզներում սրանցով են փոխարինված հիմար-անշարժ մահճակալները:

Մարմնամարզությունը նորածնի, մանկահասակի մտավոր զարգացման հետ ուղիղ կապ ունի։ Զգույշ՝ իհարկե, բայց միայն երկրորդ պլանից գործադրվող զգուշություն. 1-ին պլանում վարժությամբ նորանոր հմտություններ յուրացնող-դրսևորող Դավիթ Բլեյանն է: Եվ տեսեք ի՜նչ հաճույքով է ցուցադրում, անհոգնել, իր յուրաքանչյուր նոր հնարը: Իր եղբայրներ Արմենը, Դանիելը, Սերժը Դավթի մարմնամարզության ուսուցիչներն են, և տեսեք Դավիթն ի՜նչ հիացմունքով-ակնածանքով է խոսում-մոտենում նրանց՝ ճանաչումի արժանացած մարզիչներին:

Կիրակի է, ու մենք գնում ենք Ծաղկունք. մեր հայտնի ճամփորդական խումբն է՝ Ստեփան հորեղբայր, Շուշան քույրիկ, Դավիթ ու հայրիկ. «մայրիկը տատիկին կսրսկի, կբժշկի, հետո կգա Ծաղկունք»,- շարունակ կրկնում է Դավիթը: Սևանի նշանավոր դարձած-դարձող Ծաղկունք մենք մտնում ենք Գագարին ավանով, Գեղամավանով, որպեսզի հատուկ կանգառ անենք Սևանա լճից սկիզբ առնող Հրազդան-ջրանցքի (կանալի) ափին…

Դավիթը հերոս է ու հերոսի նման է, վստահ ու հետաքրքրված ճամփորդ է. «Սա՞ է Ծաղկունքը. խորոված են անո՞ւմ Ծաղկունքում»։ Տպավորված է ու հաշվում է ութ թոնիրները եկեղեցամերձ դաշտավայրի, «Ծաղկունք՝ ի՞նչ են ասում. սրան անվանում են Ծաղկունք»: Երկրորդ անգամ է Ծաղկունքում ու չի կարողանում իր համար բացահայտել բառ-պատկերի խորությունն ու ծավալումները… Հետո կասի՝ «ո՞ւր մնաց Ծաղկունքը, ո՞ւր թողեցինք Ծաղկունքը, հայրի՛կ, հանկարծ Ծաղկունքը չկորցնեմ ու…»… Ծաղկունքի մեր բարեկամ Հրաչյայի աճեցրած մոռի, ելակի վերջին ամանը կերավ, պըրծ, էլ չկա։ «Ե՞րբ ենք գալու Ծաղկունք, հայրիկ»։

Կարևորը մարդն է ու նրան՝ հարազատ մարդուն, չկորցնելը. ճամփորդների մեր խմբով մենք այցելում ենք մեր ավագ եղբոր պատվելի կնոջը՝ մեր ավագ հարս Ռոզալիային, իմ եղբորորդի Պետրոսի կնոջ, Ռոզալիայի, Յուրոյի, Էդուարդի հետ Դավիթը խրախճանքի ժամեր է ունենում…

Իրիկուն է, Դավիթը Շուշանի գրկում քնել-արթնացել է, թարմացել-լիցքավորվել, ես հանգչում եմ, մահիճ եմ մտնում, իսկ Դավիթը մորը պատմում է… «Արենիի այս դեղձերը նարնջի են նման»,- կասի մի քանի անգամ Դավիթը ու ճշմարիտ կլինի: «Մայրիկի ծիծիկը հասել է, այսպես ուտում եմ»… Ծիծիկները Դավթին գրավում են, ոչ մի բացառություն… Քիչ առաջ մեքենայի մեջ շփոթեցնում էր Շուշան քույրիկին… «Ես կարողանում եմ իմ տաբատը հագնել», ու կարողանում է… «Ես ու մայրիկը հայրիկին ճանապարհենք գործի, ու միասին կառուցենք կամուրջներ»…

Չկա լաց, նվնվոց, հասուն մարդ է, իմ եղբայր ու ընկեր Դավիթ Սեբաստացին…
Դավիթ Բլեյանը այս օրերին իր տնակյացությամբ կապվեց մայրիկին ու բնակարանին, խորթացավ իր պարտեզից, առօրյայից, կամաց-կամաց հեռվացավ… Մենք իրիկունը երեքով խոսել ենք այդ մասին. Դավիթը երևում էր, շփոթված է… Վճռական գնաց բաղնիք՝ «Լողանում եմ…». լողա՜ց-լողա՜ց, նորից խոսում էինք նույն թեմայով, այս անգամ տան տղամարդիկով՝ մեկուսի… Ես պատասխանեցի Դավթի բոլոր հարցերին… «Իմ ընկերները նոր գործեր են անում, շինում են, կառուցում, իսկ Դավիթը մայրիկի հետ խաղո՞ւմ է… «Ես մայրիկին փակելու եմ տանը…»,- հետո իր «գող խալաթը» ավազանից փախցրեց Դավթին, տարավ մահճակալ… «Մայրի՜կ, (կանչում է) մայրի՜կ, ես քեզ եմ սպասում…»:

Այսպիսին են տղաները՝ իսկական молокосос, մոր ծիծը երկուս ու կես տարի կերածը՝ առավել ևս…
— Մայրի՜կ, ինձ վրա մի՛ բարկացիր, ես նեղվել եմ…
— Մայրի՜կ, ես զարմանում եմ…

Ահա այսպես, Դավթի նման ես էլ եմ շարունակում զարմանալ մեր թըսթըս ընթացքի վրա։

Դավիթ Բլեյանի՝ ավելի ու ավելի հաճախ կրկնվող արտահայտություններից է. «Ես կատակ եմ անում»: Մեծանալն էլ ո՞նց է լինում. ուրախ:
— Լա՜վ, դու պարտեզ չես գնում, բա որ քո ընկերները՝ Արամը, Նարեն, Ալեքսը կանչեն. «Էհե՜յ, Դավիթ, որտեղ ես դու… », ի՞նչ կանես:
— Ես կթաքնվեմ:
— Բա որ ընկեր Մարիամն ու Նորան էլ միանան ու բա՜րձր կանչեն: – Ես պարտեզին չեմ կարոտել, ես մայրիկին եմ կարոտել:
— Տեսե՜ք, ոտքս դրել եմ սեղանին, լավ ա՞: Ես չեմ շտապում արձագանքել, մեր մեջ ասած՝ լավ է, աթոռը՝ ցածր, սեղանը՝ բարձր. հասուն մարմնամարզական վարժություն է, սրա համար իր եղբայր Արմենի հետ քանի՜ վարժություն են արել: Հիմա՝ հարմար պահին ցուցադրում է:
— Կեղտոտ գուլպայով, հա՞, Դավիթ…
— Հանի գուլպաս, կեղտոտ է…,- առանց դիրքը փոխելու պատասխանում է Դավիթը…
— Մայրի՜կ, բեր ինձ էսպես նկարի,- կարճում է Դավիթը:

Արմինեն ու Դավիթը խորը քնած են. տեսարան է… Դավիթը՝ քնած, լրիվ բաց է. ի՜նչ ֆոտոշարք ենք կորցնում, Արմինե, երբ քնած ենք… Շատ կարևոր է մոր ձեռքի ֆոտոխցիկը: Գործիքը մոբիլ է, միշտ պատրաստ պիտի լինի շրխկալու, աչքը տեսավ՝ շը՜խկ-թը՜խկ… Տնաշեններ, այնքան եք դժվարացնում, մեկ՝ լիցքավորված չէ, մեկ՝ հեռու է, մեկ՝ կադրի տեղ չկա, մեկ էլ՝ ահա, քնած եք… Եվ Արմինեն ամենաշատ ու հետևողական նկարողներից է։ Առաջադիմում է…
Երեկ խմբով բժիշկներ են այցելել տուն: Դավթի Շողիկ տատիկն ընկել է, վնասել ոտքը. մոբիլ ռենտգեն սարքավորումներով ծառայությունը տանն աշխատել է սպիտակ խալաթներով։
— Թողեք տեսնեմ, էդ ի՞նչ եք անում, ո՞նց եք բուժում տատիկիս…»։ Բժշկի դիտողությանը՝ «երեխային հեռու տարեք…», պատասխանել է.
— Ես մեծ եմ:
Բժիշկը թե՝
— Դե որ մեծ ես, անունդ ասա։
— Դավիթ է իմ անունը:
— Ազգանունդ ասա:
— Սեբաստացի: Ես Սեբաստացի Դավիթն եմ,- ներկայացել է մեծի պես:

Բժիշկը իսկական ազգանվան տեղ է ընդունել, հետո, երբ հեռախոսով խոսեցինք, իմացավ, որ իմ տանն է եղել, զարմացավ… «Ուրեմն՝ ես խոսել եմ Բլեյան Դավթի հետ… Ա՜յ, հիմա ճանաչեցի… նման է…»:

Շուշանն այցելել է մեզ։ Պատշգամբը այսպիսի շոգին-տոթին փրկություն է. ես, Արմինեն, Շուշանը, Դավիթը բարդ օրվա վերջում՝ իրիկվա իննի մոտ, զրուցում ենք: Նոր կարողությունները դրսևորելու հարմար ժամանակ է.
— Ես կարող եմ առանց գոգնոցի ճաշ ուտեմ ու վրաս չթափեմ…,- մայրիկը գոհունակությամբ հաստատում է…

Աիդա Պետրոսյան ջան, ասել է՝ մի նոր ծեսի առիթ. «Հրաժեշտ գոգնոցին»: Վահրամ Թոքմաջյանը մի անգամ գործածեց «դոշնուկ» բառը, զարմացա, հավանեցի ու շուտ-շուտ մոռանում եմ: Երկու տարեկան ութ ամսական Դավիթը պատրաստվում է նոր ծեսիկի՝ «Հրաժեշտ դոշնուկին»:

Դավիթը նոթբուքով մուլտեր է դիտում թախտին նստած։ Թախտը մեծ է, քսմսվում է Շուշանին, գգվում, պաչիկներ անում, մասնակցում մեր խոսակցությանը, բայց շարունակում մուլտի մի մասից մյուսն անցնել… «Ես կարողանում եմ ֆիլմս փոխեմ…». այ, սա լուրջ է։ Նոթբուքի ու Շուշանի արանքում, տեսեք, ինչ մարմնամարզական նոր հնարներ է ցույց տալիս Դավիթը։ Երևում է Արմեն մարզչի օրվա աշխատանքը:

— Վերջ,- փակում է նոթբուքը Դավիթը, անջատում պատշաճ,- հիմա ես հարյուր անգամ կճոճվեմ, Շուշո…
Դավիթն իհարկե, սովորական երեխայի պես, ուզում է շուտ մեծանալ, ամենաշատը մեծանալ է ուզում. «Ես պարտեզ չեմ գնալու, հայրի՜կ, մայրիկի հետ դպրոց եմ գնալու»: Ա՜յ, այսպիսի որոշումով մեծացում:

Դեպի Ձորագետ, դեպի Թումանյան-Դևբեդի կիրճ տանող ճանապարհը գործարկել, ու Կուրթան-Վարդաբլուրը 20-30 կմ-ոց ճանապարհով կկապվեն դեպի Վրաստան տանող մայրուղու-աշխարհի հետ, Ստեփանավան-Կուրթան-Թումանյան ժամանակին գործած ճանապարհը նորից կդառնա բանուկ… Ահա ինչու Դավիթ Բլեյանը երեկոյան հենց այս կտորն է մատնացույց անում, որ կարդամ.

Քեզանից կուզեմ հինգ հարյուր վարպետ,
Հինգ հազար բանվոր մըշակ նըրանց հետ,
Որ գան՝ էս շաբաթ կանգնեն ու բանեն…

Միջքաղաքային ճանապարհի աշխուժացում, կյանք, կյանք, կյանք… մեռնողը մեր կյանքն է, ու կորցնում ենք կապերը մեր երկրի հետ… Ես Կուրթան որպես զբոսաշրջիկ չեմ եկել, ես հանգստանալու չեմ եկել, ես, ինչպես այս Ձորագետը կամ Գարգառը, հանգիստ չունեմ … մինչև ծով… «Կասպից ծով»,- սիրում է եզրափակել Դավիթը։ Կարդում եմ Թումանյանի «Գետակ» բանաստեղծության մի կտորը, որ Կուրթան-Իջևան-Ծաղկունք-Բջնի մեր Դավթի հետ շրջագայությունների ընթացքում դարձավ Դավթի համար հասկանալի ու սիրելի: «Գետակը» կարդա, հայրիկ:

Դե՜, տեսնո՞ւմ ես,
Մնա՛ս բարով,
Ճամփաս ցանած
Հազար գործով.
Դադար չունեմ
Ես մինչև ծով…

Այս կիրակի խաղողօրհնեք է, ու ես, Շուշանն ու Ստեփան հորեղբայրը, Դավիթն ու Արմինեն հրավիրված ենք Բջնի, ինչպես անցյալ տարի՝ Բջնիիի տնօրեն Յաշա Սահակյանի հետ Բջնիի իր շեն տանը մեծով-պստիկով օրհնանք ստանալու։

Կուրթանից ուշ հասանք տուն. 300 կմ ճանապարհը հանաք չէ, Շուշոն ու Դավիթն այսպես սպասում էին ինձ։ Գոհություն…

Մեռելոցը ջնջում է օրվա գրերի սահմանները բոլոր, դառնում մեկնարկ «Սա Բջնիին է, հայրիկ» ուղևորության` օգոստոսի 19-ի, 20-ի գրերի. ես վերադարձել եմ Բջնի իմ գործուղումից:

Մեռելոց, որ ջնջում է, մեռելոց, որ կտրում է, մեռելոց, որ դառնում է մեկնարկ
Դավիթ Բլեյանը կազմ-պատրաստ ճամփորդական է դիմավորում ինձ. «Բջնի ե՞նք գնում, հայրիկ, ուլիկների՞ն եմ տեսնելու, գետի մեջ քա՞ր եմ գցելու…»։ Ահա ինչ ուժեղ տպավորություններ են մնացել անցած անգամվա Բջնիի այցից. ֆիլմը Դավթի բլոգում է, թարմությունը չի կորցրել:

Արմինեն հանդիսավոր ներկայացնում է Դավթի օրվա նվաճումները: Դավիթը իր սենյակի մի պատը վերաներկել-վերաձևավորել է: Վատ չի ստացվել, մայրիկ, ավելի համարձակ լուծումների է գնացել, քան կար… Դավիթը լուրջ-խորամանկ հետևում է իմ բոլոր գործողություններին, խոսքերին. մենք իրար զգում ենք, ընկալում ոչ միայն ու ոչ այնքան խոսքով… Իսկ այս մի արարքը… մեր սիրելի, թաղարով ծաղկի տերևները մանրել, թափել է գետնին…
Դեպի Բջնի ճանապարհին մեր խոսակցությունը փորձում ենք նվիրել «մանկական բարբարոսության» հետագա ծավալմանը, եթե հնարավոր է, դրա «արմատախիլ անելուն»։ Դաստիարակում ենք Դավթին… Դավիթը թևաթափ է անում խնամքով մշակված մեր բոլոր պրոֆիլակտիկաները… «Է, հա, էլի՛ կանեմ, ծաղիկը ցավ չունի, ինձ պետք չի ծաղիկը»,- ու… քնում է: Ահա ինչ, Դավթի քունը այնպե՜ս էր տանում…

Եվ Դավիթն արթնանում է: Հյուրասիրության սեղանն էլ, հատ-հատ նայում ենք, Բջնիի մշակույթը. տեղական-ընտանեկան արտադրության…
Հրազդան գետը երեսուն մետրի վրա է, մենք արահետով իջնում ենք երկու անգամ: Անմիջապես, Դավիթն ուզում է տեսնել հարևան՝ էլի Յաշայի, ում թոռի անունն էլ Յաշուլիկ է (100 մ² վրա չորս Յաշա, ի՜նչ խաբար է…) ուլիկներին: Հիմա՝ չորս ուլիկ 3-4 ամսական… Իսկ գետում (մամա ջան, ի՜նչ կեղտոտություն) ճչում են, խրախճանք ապրում տասնյակ սպիտակ սագիկ-բադիկներ: Դավիթը մի բոլ քար է նետում Բջնիի իր ընկերների հետ գետը. չլը՜մփ, չլը՜մփ… Ես ուզում եմ՝ Դավիթը տեսնի իրիկնային Զանգուն: Տեսնում է. «Հայրի՜կ, ես չէի տեսել, սա իրիկնային Հրազդանն է»:

Քչքչում է, խշխշում մութի մեջ Զանգուն (լսեցի՞ք բանաստեղծությունը. Դավթի հեղինակածն է, երբ վերադառնում ենք…), իսկ հեռվում, բարձունքից Հրազդանին է նայում լուսավորված Սուրբ Սարգիսը…

Ուռաա՜, վերջապես… Բջնիից վերադառնալիս Չարենցավան հասած կամ քիչ անցած տեսանք՝ հզոր շինարարական տեխնիկան (իսկ Դավիթը Շուշանի ծնկներին քնած է) քանդում է խորհրդային շրջանից ծանր մնացած ատադրական լքված տարածքը… Ես կենդանանում եմ, հափշտակվում։ Շուշանը չի կարդացել իմ օրագիրը. կկարդաս, Շուշան։

«Ինչ են անում, հայրիկ, ինչո՞ւ են քանդում»։ Չեն քանդում, կառուցում են. արտ կամ այգի են կառուցում, հողն ազատագրում են մեր թշնամուց։
Սկսվեց: «Ես այստեղ ճամբար կգայի. ինչու այստեղ սեբաստացիների համար ճամբար չես բացում, հայրիկ»։ Այս ամբողջ ընթացքում ես չեմ հաղթահարում մեղավորության զգացումը, որ Դավիթը մեզ հետ չէ. քունը գլխին մեր տղային խնայեցինք, թողեցինք Յաշայենք տանը, իզո՜ւր։ Խնայել, ասել է՝ զրկել։
Ես ու Դավիթը մեր ննջարանի պատուհանից միշտ ողջունում ենք Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի տանիքին նստող, տանիքում ապրող տատրակներին, աղավնիներին… Հարազատ երևանցինե՛ր… Բարի առավոտ… Բարի օր քաղաք… Արևը ծագում է…

Կարելի է՞, որ Չայկովսկի փողոցը պարբերաբար մաքրվի. ես չեմ կարողանում, երբ կեղտոտ է, նույնը փոխանցում եմ Դավիթ որդուս. նա սկսել է նկատել…
Ամենահետաքրքիրը Դավիթ Բլեյանի հասունության դրսևորումներն են. իմ օրվա գրերը լավ հնարավորություն են դրանք ընթերցողին ներկայացնելու: – Ես հայրիկի ժառանգն եմ. Սասունցի Դավիթը Առյուծ Մհերի ժառանգն է: Երկար համոզում ենք, որ Դավիթը ոտքի եղունգները կտրի: Անօգուտ: Ձեռքի մատների եղունգները սկսել է պատրաստակամ մատուցել՝ կտրի մայրիկ, քո և հայրիկի եղունգների նման լինի: Իսկ ոտքի եղունգները՝ ոչ մի կերպ: Դավիթ, ասում եմ, որ եղունգները երկար են լինում, ասում են՝ հո դու սատանի ճուտ չե՞ս…
— Է, հա՜ (իր նշանավոր վանկարկումը), Դավիթը սատանի ճուտ է…
— Տեսեք՝ ո՛նց եմ լողում մեջքիս վրա: Ես մեծ եմ, ես կարողանում եմ, հայրի՛կ…

Խոհանոցի մեծ սեղանն ինքը սիրում է. սեղանին հայտնվեց ձմերուկը, հետո՝ պաղպաղակը: Ես, իհարկե, նախընտրում եմ, որ Դավիթը ձմերուկ ուտի… Դավի՛թ, ասում եմ, ի՞նչն ես ընտրում, ձմերուկը, թե՞պաղպաղակը: Ես ձմերուկն եմ ուտում:
— Սկզբում ձմերուկը, հետո պաղպաղակը, հայրի՛կ: Պաղպաղակը դիր, թող սառչի…
Դավիթն Արմինեի հեռախոսը դրել է ականջին. Թվում է, թե ցուցադրում է, իբր խոսում է մորաքրոջ հետ: Տեսարան է՝ մոր ձևերը, ի՜նչ հասուն հաղորդակցություն է «խաղում»… Ծիծաղը՝ ծիծաղ, բայց Դավիթն իսկապես 3-4 րոպե խոսում էր մորաքույր Ռուզանի հետ:
Դառնում է…

Այս մեծ մարդը՝ Դավիթ Բլեյանը, ամեն օր է մեծանում, այնպես ու այն չափով, որ ես նկատում եմ: Փոփոխությունների չափման գործիքներից մեծահասակներս ամենաշատն օգտագործում ենք աչքաչափը՝ «աչքիս»՝ ասում ենք:

Երբ Դավիթ Բլեյանի հասունության դրսևորումները գրանցում եմ, երբ փոխանցում եմ Դավթի խոսքը, չեմ խմբագրում-միջամտում: Ինձ հետաքրքիր է, ես դիտարկում եմ, մտածում եմ, որ այլոց էլ հետաքրքիր կլինի. ինչ նյութ կարող է ու պիտի հավաքվեր, ու ինչքա՜ն մարդու կյանք կփոխվեր հետազոտական աշխատանքի այսպիսի բնական պատվերի ու ծավալի առկայությամբ:

Տուն մտա՝ ժամը 8-ն անց էր… Դավիթը վրա տվեց. դպրոցի մի օրվա, նրա երիտասարդ, հմայիչ-խանդավառ ուսուցիչների ազդեցությունն ակնհայտ էր: Սրան գումարեք Շուշանի կարճատև այցն ու Արմեն, Մելինե, Մարիամ Մարտիրոսյանների ներխուժումը Դավթի աշխարհ… Դավիթ կրթող այս միջավայրին ես, իհարկե, հարգանքով եմ վերաբերվում. այսպիսի շփման միջավայր, այսպիսի ինտենսիվ փոխանցում փորձի… Դավիթ չի դառնում, մի կրակ է դառնում. ինչե՜ր է կրակում… Արմինեն հրահրում է.
— Հայրի՛կ, գիտե՞ս Դավիթն ասում է՝ դու էլ ես ապուշ, մայրիկն էլ է ապուշ…
Իմ ամենաշատ գործածած բառերից է…
— Դավի՛թ, այս ինչե՞ր եմ լսում, հայրիկին էլ, մայրիկին էլ այս ինչե՞ր ես ասում…
— Չե՛մ ասում. հայրիկին-մայրիկին պուշ եմ ասել, ապուշ չեմ ասել, խելոք պապա ու մայրիկ եմ ասել: Ես ֆուտբոլիստ եմ, հայրի՛կ, տես ո՜նց եմ հարվածում…

Ես խրախուսում եմ, ինքն իհարկե գիտի գնդակախաղը՝ իր բոլոր ձևերով… Ինչքա՜ն հարմար, անվնաս բնակարանային ֆուտբոլի համար գնդակներ կան… Երեխան պիտի գնդակի նման գլորվի…
— Պապա, Արմենն ապուշ է ու դեբիլ։
Արմենն այսօր Դավթի հախից եկել է, շարունակ բզել է Դավթին-նեղել… Ստացա՛ր, Արմեն ջան, ու քո խոսքերով…
— Պապա տշի, ուժե՜ղ հարվածի, թող մայրիկը ջղայնանա…

Երկար ընդմիջումից, օգոստոսյան հասանելիք արձակուրդից հետո Դավթին դժվար է ներառել պարտեզում, իր խմբում… Համ էլ մեկ ամսում կիլոմետրով առաջ է գնացել… Առավոտյան, կարգով, 8.30-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից ճանապարհեց «Հնեվանքի ասպետ» դաշտային ճամբար մեկնող կրթահամալիրի 11-12-րդ դասարանցիներին ու ղեկավարներին… Անակնալ էր հանդիպումն իր խմբի մրցակից ընկերոջ՝ Արամ Խաչատրյանի հետ, ում վերջին անգամ հանդիպել էր օգոստոսի 5-ին՝ «Արցախի ասպետ» ճամբար մեկնողներին ճանապարհելիս… Գրկախառնվեցին ու…

— Հայրի՛կ, ես պարտեզ չեմ գնալու: Դպրո՞ց՝ կգնամ: Դպրոց եմ գնում: Գնաց: Մեկ օր Դպրոց-պարտեզում տղուս կերել են-կերցրել, չգիտեն՝ դեռ էս մատնիչը հմայիչ ինչե՜ր է պատմելու:
— Դավիթ ջան,- ու ես միացնում եմ ձայնագրիչը…
— Նոր Նարե էր եկել. լավն է ընկեր Ազնիվը…
Բայց խմբասենյակ չի մտել, չի մտնում նոր խումբը։ Մենակ քնել է իր նախկին, այժմ դատարկ խմբասենյակում: Սա էլ ներառման ճանապարհ է…
— Ընկեր Անահիտին (իմ սիրելի, հուր Անահիտ Բեկյանին) ի՞նչ ես ասել…
— Ասել եմ՝ ամոթ:
— Ինչու՞ամոթ, ի՞նչ էր արել… Անահիտը…
— Տկլոր էր…
— Ո՜նց տկլոր էր…
— Հա, ծիծիկները բաց էին…
Դավթի թուլությունն իրեն շրջապատող բոլոր ծիծիկների հանդեպ օրագրին հայտնի փաստ է…
— Հայրի՛կ, գիտե՞ս, տատիկին տարել են հիվանդանոց, որ բժշկեն, որ տատիկը կարողանա իմ ձեռքերը պաչի… Ճիշտ եմ ասում…
Նստել է նստակոնքին՝ մեծ, հարմարեցված, սարքով, մեծի պես.
— Պապա, մի՛գնա, խոսենք, հա՞, կողքս կանգնի…
— Դավի՛թ, դե պրծի…
— Չէ՜, քաքիկ եմ անում…
Ոչ էլ անում է. ինձ ուզում է իր մոտ պահի…
— Քաքիկ անեմ, որ գցվեմ լողավազանը…
Ես գնում-գալիս եմ… 5 րոպե… Դավիթը խոսում է ու խոսում…
— Ջուրը լից, թող սառի, որ ես չլմփամ…
— Պապա՛, արի տես՝ պուպուլս ո՜նց է մեծացել (դավիթավարի խորամանկ ծիծաղելով՝ ցուցադրում է), թող մայրիկն էլ գա՝ տեսնի, հա՞։
Գնում ենք քնելու. հանվում ենք միանգամից խոհանոցում.
— Քնում եմ, ականջներս կե՛ր, հայրիկ, համով են, քնելուց ինձ պետք չեն… Մայրիկ, արի, գնում ենք քնենք…

Հարցնում ենք երեկ, երբ Լիլիթն այցելել է իր Սոնայի և Արաքսիկի հետ, կարճատև, ի մեծ ցավ Դավթի, ինչ նվեր կուզի…
— Սոնան իմ նվերն է, հայրի´կ. թող գա վաղը, խաղանք:

Շուշան Բլեյանի, իմ, Դավթի և Արմինեի Թբիլիսի…Նախատեսածս եռօրյա-քառօրյա ճամփորդությունը՝ մեկ օր դադար Կողբում, այցելություն Կիրանց վանք, չկայացավ այս անգամ… Շնորհակալ եմ իմ կրտսեր վրացի ընկերոջը՝ Գիորգի Մոմցելիձեին, թիվ 98 դպրոցի տնօրենին, ով ամեն ինչ արեց՝ Դավիթ և Շուշան Բլեյանների հանդիսավոր մուտքն իրական դարձնելու համար:

Սա Սևանն է, Դավի´թ, ու սա՝ նրա Մուխան գյուղը: «Ի՞նչ է Մուխանը, հայրի´կ» Դավթի հարցից ես խուսափեցի՝ գյուղ է, Դավի´թ… թողնելով նրա ստուգաբանությունը հետոյին, ընթերցողին…

Ու ամեն տեղ ես լինելու եմ Դավթի հետ. իմ ժառանգին անձամբ պիտի ներկայացնեմ իր խնամքին-պահպանությանը-շենացմանը հանձնվող իշխանությունը՝ սա քո Հայաստանն է, Դավիթ, քո ծննդավայրը, քո բնակավայրը, քո պետությունը… Հանրահայտ (ես ներկայանում եմ, հավելյալ միջնորդի կարիք չունեմ) Աշոտ Բլեյանը գործում է ուղղակի, կարճ ճանապարհով. զանգում է դպրոցի տնօրենին, գյուղապետին կամ բնակավայրի այլ ներկայացուցչի, բարևում, խնդրում 1-2 օրով ընդունել իրեն ու իր փոքրաքանակ ընտանիքին (3-4 հոգի): Մերժված չեմ եղել երբեք ու չեմ էլ լինի… Սա, կարծեմ, մեր Պարույր Սևակի տողն է, որ հիմա եկավ… Եվ ինձ չսիրելն անկարելի է նույնքան…

Բաբկեն կրտսերը, Գավառի համալսարանի մագիստրոս Ազատուհին ինձ, Դավթին ու Արմինեին, մեր պնդմամբ, գյուղի ոլոր նեղ ճանապարհներով ուղեկցում են ծով…

Մուխանում անցկացրած մեկ գիշեր-երկու օրն այսպիսին էին. բնակվում էինք-տեղավորվել էինք Մուխանի Գալստյան Նվերի՝ որդի Բաբկենի և հայր Բաբկենի, տանը-բոստանում, ոտքով (շատ հարմար, օգտակար-հայրենագիտական-առողջարարական-ճանաչողական է) կամ (հյուրընկալողի պնդմամբ) մեքենայով իջնում էինք լողափ կամ քարափ։ Լողացինք-զմայլվեցինք-խոսեցինք, Դավիթն ու Բաբկենը լավ խաղացին։ Կենցաղը՝ տիկին Ժենյայի անզուգական մածնով, հաճարի փլավով-խորովածով, Նվերենց տանը, նրանց հարմարավետ բոստանում:

Դավիթ Սեբաստացի հայրենագետը
— Դե, Դավի´թ ջան, քնի, որ առավոտյան…
— Ո՞ւր գնանք առավոտյան, հայրի´կ,- Դավիթը կրկնում է:
— Դու´ ասա՝ ուր գնանք…
— Գնանք Մուխան… Ես Կուրթան եմ գնացել… Իջևան… Սևան… Ծաղկունք…
Դավիթը պատմում է տիկին Անուշին.
— Ես պարտեզ եմ եկել, որ հայրիկս չբարկանա…
— Ջուրը տաք չի, սառը չի, իմ ջուրն է, հայրի´կ… Փրփրացնու՞մ ես, հայրիկ, վիզս, փորս… պուպուլիկս էլ փրփրացրու…
— Ես մեծերի Սասունցի Դավթի տունը տեսել եմ…
Դավիթ Բլեյանի մտքերը ես չեմ խմբագրում, գրանցում-փոխանցում եմ, դուք գիտեք:
— Հայրի´կ, սեղանն այն կողմ քաշի, ես հեծանիվով ուզում եմ այստեղով անցնեմ…

Ես, հասկանալի է, սեղանը տանում եմ Դավթի հեծանվի ճանապարհից… Հեծանիվ ավելի ու ավելի շատ է քշում, և դա լավ է, շատ լավ է…
Շուշան Բլեյանը, Արաքս Գևորգյանը և Աննա-Մարի Սարգսյանը գնացքով վերադարձան Թբիլիսիից… Մարդատար-սև-անվավոր (Դավիթ Բլեյանը ճանապարհելուց էր գրանցել) տաքսի մեքենայով երևի շտապել են Թբիլիսի, հիմա վերադարձան անշտապ, որքան հնարավոր է երկար…

Ի~նչ անհարմար բան ստացվեց… Դավիթ Բլեյանը, այս ինքնուրույն էակ դարձող մարդը, պարտեզ չի գնում, արդեն քանի օր է՝ դպրոց է գնում: Պարտեզի մասին չի ուզում լսել. երեկ էլ քնել է ոչ թե պարտեզի, այլ դպրոցի իր խմբասենյակում… Ի՜նչ լավ է մտածված մեր դպրոց-պարտեզի համակարգը. քո ազատ կամքով ուզում ես՝ պարտեզ գնա, չես ուզում՝ դպրոց… Իրիկունը՝ ժամը 11.30, իջավ համակարգչի աթոռից ու քայլեց… դեպի լողարան…
— Ես լողանում եմ.- շորերն ինքնուրույն հանում է։
Երբ երկար համոզում էինք.
— Օհանավանից ես եկել, գյուղից՝ Գարիկ պապիկի ու Էմմա հորաքրոջ ամառանոցից, ելակի թփերի ու սալորի ճյուղերի մեջ փոշոտվել ես, Նազենի Հովհաննիսյան կրտսերի հետ թավալվել… Հըլը ծնկներիդ ու մռութիդ նայի…
Նայում է…
— Հըլը հայելու առաջ կանգնի…
Կանգնում է…
— Փիսոն կգա, կլիզի փնթի մռութդ…
Դեմ է տալիս՝ թող լիզի…
— Որ քնես, Դավի´թ, բոլոր մոծակ-մրջյունները կհավաքվեն քո վրա…
— Մոծակները մրջյուն ուտու՞մ են,- հարցնում է:
— Ոչ,- ասում եմ,- լավ էլ ընկերություն են անում, արի գնանք, լողացիր, ես քեզ պատմեմ մոծակի ու մրջյունի ընկերության մասին հեքիաթը…

Ջանի Ռոդարիին եմ ընկերության կանչում՝ վստահ, որ Դավիթը Հեգելի փիլիսոփայությունն ընդունողներից է… Դավիթս՝ չէ, հեքիաթ չեմ ուզում պատմես…

Սա երեք ժամ առաջ: Իսկ հիմա՝ խնդրեմ, կեսգիշերին մոտ չրմփում է ջրում, նորից մկան առ մկան ուժեղանում, բադի, գորտի ու կրիայի նման լողում… Տեսարան է: Հետո էլ, սրբիչի մեջ փաթաթված, մաքուր-մաքուր, սպիտակ-վարդագույնի երանգներով՝ ուտելու բան է, ինձ մահիճ է տանում, կողքիս տեղավորվում…
— Հեքիաթ պատմի, հայրի՛կ…

Իմ այս տարիքում, այս դիրքում, այս փորձով, Հեգել ջան, չի սազի կիսատ-պռատ լինել՝ իր ազատ կամքով Սասնա ծուռ Դավիթ ենք մեծացնում…
— Ես մեծ եմ, Արևիկն էլ է մեծ,- երկու օր առաջ դպրոցում Արևիկ քույրիկի հետ է խաղացել, չի մոռանում, ու… էլ ի՜նչ հեքիաթ-մեքիաթ, ես մահանում եմ: Մահիճն ազատ կամքով էակի դաստիարակի միակ փրկությունն է:
Արմեն Մարտիրոսյան, 8 տարեկան, Դավիթ Բլեյանի մորաքրոջ տղա-եղբայրը՝ կարատեիստ-սեբաստացի.
— Ասում եմ՝ Դավիթ, արի խաղանք, ասում է՝ չէ, արի կռվենք… Էսպես որ գնա…
Պատասխանում եմ՝ երևի ավելի կմեծանա:

Իսկ օրագրի՝ Դավթին վերաբերվող հատվածները գրվում են տեղում, պիտի հասցնել։
— Ես լկտիացել եմ,- բարձրաձայնում է Դավիթը մեր բնակարանի սրահից, խրախճանքի մեջ, մայրիկի հետ…
— Մայրիկ, հայրիկը ինչ է անում, գրու՞մ է… հա՞… Դե, չգնանք, հայրիկին չխանգարե՞նք…

Ժամը առավոտվա վեցից արթուն է մեր խենթ-խելագարը, իսկ ես ջախջախված-քնել-մահացել ու նորից ոտքի եմ նույն 06-ից… Մեր տանը, գիտեք, հիվանդ կա, Արմինեի մայրիկը, ում վիճակն օր օրի վատանում է: Կեցցեն Ռուզան-Արմինե-Վահրամը, ինչ նվիրվածություն, կոնկրետ հոգատարություն, առանց ցույցի. մեր մեծերը թող հպարտանան ու չթերագնահատեն… Ով չի ստանում՝ չի տվել, մանկավարժորեն վրիպել է…
— Հայրիկ, չնեղանաս, ես քո ականջին բան եմ ասում,- մոտենում է համակարգչի առաջ նստած հայրիկին՝ ժամը 23-ն անց է:
— Դու համբալ ես, այ համլիկ.- պարզ է՝ Արմենից է սովորել, ով այսօր մեր տանն է եղել,- մայրիկն էլ է համբալ, դու մայրիկից ավելի ավելի համբալ ես:

Նոր բառ է՝ յուրացնում է, իմաստի ընկալումը կգա ավելի ուշ։
— Ես ամենահամբալն եմ, Դավիթ, ես չեմ նեղանում:
— Դու չես նեղանո՞ւմ, հայրիկ…
— Համբալն աշխատող, բանող, մարդն է, ես ինչո՞ւ պիտի նեղանամ:
— Հայրիկ, ինձ Արմենն է ասել:
— Դու Արմենին կասես՝ ինչ է, ով է համբալը, բայց այնպես, որ ինքը չնեղանա…
— Պապա, ես համբա՞լ եմ:
— Ես կուզեմ, որ դու համբալ-համլիկ լինես, ա՛յ իշուկ, ամենաիշուկը, բանես ամբողջ օրը, աշխատես:
— Քո նմա՞ն…
— Այո, ինձանից ավելի համբալ… Միայն փնթի չլինես, ինչպես այսօր, չես լողացել…
— Պապա ես կեղտոտ-փնթի եմ, հենց հիմա տար՝ լողանամ… Ես ուզում եմ պղպջակների հետ խաղամ… չփչփամ…
Հետո շատ օճառափրփուր է լցնում ջրի մեջ։ Ժամը 11:30-ից հետո՝
— Ես պղպջակների հետ խաղում եմ, տես… դումփ..դումփ…
Երկար, շատ երկար լողում է, հրեշտակի պես փաթաթվում խալաթի մեջ քնում…
— Ո՞վ է քեզ սովորեցրել էդ բաները, Դավիթ:
— Էն լակոտ Արմենը, մեկ էլ հայրիկն ու մայրիկը…
Դավիթը առավոտյան լողից-ցնցուղից հետո, սրբիչի մեջ փաթաթված.
-Մայրի՜կ, ես քո ծիծիկը պոկեմ…
Դավիթը այսօր շարունակեց համառել և սեպտեմբերի 1-ին եկավ Դպրոց-պարտեզի իր՝ «3 տարեկանների դպրոցը» ու հանդիպեց Լիլիթ Բլեյանի 5 տարեկան աղջնակին՝ քույրիկ Սոնուլիկին։ Սա կոչվում է կրթության ընտրության իրավունքի իրագործում՝ սկսած 2 տարեկանից։
Դավիթը, ես, Շուշանը մեկնումից առաջ, կեսգիշերին մոտ քայլեցինք Օղակաձև այգով… Ամբողջ օրը քույրերով-եղբայրներով, մեծով-պստիկով միասին էինք եղել Օհանավանքում, շնորհակալ եմ իմ Էմմա քրոջ՝ Հովհաննիսյան-Բլեյան ընտանիքին, Տաթև-Էդիտ տանդեմով մոբիլ հավաք կազմակերպեցին… Դավիթ Բլեյանն էլ Նազենի Հովհաննիսյան ավագի հետ ավանդական դարձող դրխկաց գամակից, ու դարձյալ անհետևանք…
Դուք պիտի տեսնեիք եղբոր-քրոջ բաժանումը… Դավիթը մինչև վերջ չէր պոկվում Շուշանից, իսկ վերադարձի ողջ ճանապարհին խոսում էր միայն քույրիկից ու արտասվում…
— Գնամ Շուշանի մոտ…

Շարունակում է նոր, մեկը մեկից վատ բառեր գործածել-յուրացնել մեր խուլիգան սեբաստացին…
Դավիթը պարտեզից անցել է դպրոց (Դպրոց-պարտեզի շենքն անգիր գիտի), գնացել մայրիկին գտել է ու նստել իր եղբայր Գոռ Ղազարյանի 5-րդ դասարանում… Ոչ միայն նստել, այլև ռեպլիկներ-ճիչեր թողել… Մայրիկը ծիծիկա… Պատկերացրիք երկու տասնյակ և ավելի սեբաստացիների արձագանքը… Հիմա մտածում ենք՝ ինչպես չեզոքացնել-տեղավորել Դպրոց-պարտեզում թե կրթահամալիրում այս «գնդի որդուն»…
— Դպրոցը, հայրի´կ, լավն է, շատ լավն է: Ես ման եմ գալիս, ինձ սիրում են… Ես ոչ մեկի չեմ ծեծում. ես էլ իրենց եմ սիրում… Ես սովորում եմ դպրոցում. պարտեզ չեմ ուզում՝ ես մեծ եմ:
Ու անհամբեր սպասում է դպրոց գնալուն…

Սեպտեմբերի 2-ին, առավոտյան ես Դավթի հետ մոտեցա իր Դպրոց-պարտեզին… Մամա ջան… աղջիկ իմ Տաթևիկ Բլեյան, տարբեր տարիքի սեբաստացիներ տեղափոխող, տարբեր չափի մեքենաների այս սոդոմ-գոմորը սեբաստացիներն են ստեղծել, մենք ենք ստեղծել: Վտանգավոր է և ամոթ:
Ես չէի քնել՝ մահացել էի… Դավիթն ու Նազենի կրտսերը երեկ երեկոյան այնպիսի մի սրընթաց երթով ինձ անցկացրին Ալ. Մյասնիկյանի արձանից Սունդուկյանի այգով Անգլիական, Ոսկու շուկայով, «Լուսնայգով», Խանջյան փողոցի վերգետնյա անցումով, մեր տան բոլոր սենյակներով, մինչև Արմինեն ու Սուսան քույրիկը հասան։ Ոչ մի կերպ չէի արթնանում… Հետո՝ ժամը 7.30, պարզվեց, որ 30 րոպե ունեմ օրվա գրի համար…

— Ինչպե՞ս են մարդիկ սպասում, հայրիկ,- հարցնում է Դավիթ Բլեյանը:
— Մասնակցությամբ: Ես կոնկրետ ջանքեր եմ գործադրում, որ Կենտրոնի համերգային դահլիճի տեսքը լինի պատշաճ:
Հեծանիվ եմ նվիրում, ոչ, այսօր, Դպրոց-պարտեզի հեծանվուղու բացման օրը՝ սեպտեմբերի 10-ին, Դավիթին…

Երեկ 8.45, ինչպես խոստացել էի, իջանք մեքենայից 3 տարեկան դարձող Դավթի և 8 տարեկան դարձած Արմենի հետ, խնձոր ուտելով վերգետնյա անցումով, տասնյակ սեբաստացիների ողջունելով (կա՞ ավելի մեծ ուրախություն առավոտյան, քան Բաբաջանյան պողոտայի վերգետնյա անցումի վրա Մասիս սարին, սեբաստացուն ու Բաբաջանյան ձգվող պողոտային ողջունելը), մաքրված-խնամված մանկական այգով, գլորվելով կտրեցինք այգի-թաղամաս թեք անցումը (սրա լուծման վրա ես մտածում եմ) ու հասանք գլխավոր դռանը… Տասը մեկը մյուսից հետաքրքիր րոպեի ընթացք:
Սովորականության մասին: Մեկ մեքենա խիճը, որ լցված է Դպրոց-պարտեզի մուտքի մոտ, բեռ է թվում… Դավթի նըվնըվը հնարավոր եղավ միայն այդ խճե բլրակով կտրել… Ի՜նչ բլրակ, Դավթի համար լավ էլ սար է։ Ինչպիսի՜ վարժանք ոտաբոբիկ սեբաստացու համար։ Հետո ես կանգնեցի երկու խմբասենյակների մուտքը միացնող տարածքում, մտովի տեսա սպիտակավազե ափը՝ իր դույլ ու գործիքներով, որ կարող է կտրել շատերի լացը։ Ինչո՞ւ մտովի, երբ արդեն մի շաբաթից ավելի ավազե բլուրներ են ավելանում Մայր դպրոցի դաշտում։
Դավիթը խոստանում է, խոստանում, հետաձգում է իր փչովի դելֆինի մուտքը լողավազան… Ապրի իր ավագ (սրա հոմանիշը իմաստո՞ւնն է) քույր Լիլիթը. փչովի դելֆին է նվիրել նաև իր Սոնուլիկի լողավազանին։ Սա ուրիշ հմայք է։ Այսօր կտանի՞ Դավիթն իր դելֆինը Դպրոց-պարտեզ։ Դելֆինարիումը ճախրանք կավելացնի՞ մեր կրթահամալիրին։

Զրնգոցով, ճախրանքով, հրճվանքով են անցնում մանկավարժության ճանապարհները, մեր գործը։
— Ի՞նչ ասել է մանկավարժություն, հայրիկ։
Օհո՜, տեղին է, ինչպես միշտ, Դավիթ։

Որքան ազատ-հարմար էր զգում համերգ-ներկայացման տարատարիք մասնակիցը՝ Դավիթ Բլեյան-Սոնա-Նազենի կրտսեր-Արևիկ խումբը, որ «դժոխքի» կարող էր վերածել ցանկացած հավաքույթ, բայց որքան գունեղ-խաղային ներառվել էր համերգային միջավայրում…

Իմ օրագրի հերոսին՝ Դավթին, մոռանալ, կորցնել տասնյակ ու տասնյակ ուշադիր ընթերցող, չեմ կարող, չեմ անի…
— Ես ո՛չ Սասունցի Դավիթն եմ, ո՛չ Բլեյան Դավիթը։ Չեմ ուզում Սեբաստացի Դավիթը լինեմ։ Ես Դավիթն եմ,- հաճախ է կրկնում-եսայնացվում մեր հերոսը՝ ամենամեծ ուրախություն պարգևելով մեր օրապատումի մյուս հերոսին՝ իմ հարյուր տարվա ընկերոջն ու հավատարիմ սանիկին՝ Գևորգ հոպար Հակոբյանին։ Արագածը իր նոր սաների հետ նվաճած մանկավարժին սրանից լավ նվե՞ր։ Չիք։

Դավիթը… Վերջին մեկ-երկու շաբաթում հաճախ եղավ Օհանավան գյուղում՝ Նազենի Հովհաննիսյան կրտսեր ու ավագի հետ նրանց հողամասում, Գարիկ պապիկի հետ քաղեց հասուն, որպես ծոց գրավիչ ու քաղցր պտուղները… Շարունակ պապիկը խրախուսել է՝ հասել է սալորը, կե՛ր, պտուղը, քաղի ու կեր…
— Պտուղը հասել է, քաղեմ, ուտեմ,- ասում է՝ ձեռքը տանելով մոր ծիծիկանոցը…

Օրերս Դավիթը նորացրեց իր ավտոպարկը` շնորհիվ քույրիկ Էդիտայի և միսս Սրբուհու:
Դավիթ Բլեյանն օր օրի չի մեծանում՝ ցատկերով է առաջ գնում. Բլեյան եմ ասել, հետևից հասի… «Ճամփորդների» միջի աքաղաղի նման հաճախ եմ կրկնում.
– Կա՜ց, աղվես ախպեր, մի´ վռազի, մենք էլ ենք գալիս, էդպես ընկեր չի՜ լինի…
Դպրոցի խոհանոցից պարտեզ չի գնում, դպրոցն էլ է իրեն նեղ թվում, իր տիար տնօրեն – պարոն Բլեյան հայրիկի հետ ուզում է շրջել դպրոցներով՝ իսկը որպես ճամփորդ։ Այսօր ահա Մեդիայում է, ու Մեդիան լեցուն է Դավթով։

Ի՜նչ ականջներ ունես, Դավիթ Բլեյան, ոնց որ գրանցող թվային սարք՝ ինչքա՞ն ցածր խոսենք, որ չլսես, ինչպես մեծերն են սիրում կրկնել՝ քեզ չվերաբերող բաները: Ի՜նչ լեզու ունես, Դավիթ Բլեյան… Իրեն վերաբերող-չվերաբերող (ո՞նց որոշես, կամ որ որոշես՝ ի՞նչ. ինքն է վերցնում, քեզ չի հարցնում) ամենաբարդ մտքերն ամենաբարդ լեզվական կառույցներով արտահայտում է…

Ահա, Դավիթ ջան, հենց սա ասել է անապատ, այսպես է անապատանում Հայաստանը, որն է՝ հայ ժողովուրդը: Մնացածը՝ պատմություն է, լեգենդ…
Կամ մեր թանկագին խաղադաշտի համար մի «կատոկ» է պետք, Դավիթը լսում է՝ «գլդոն» ասեմ, որ մեր դաշտերն ու անցումները գլդոնի…

Դավիթն այսօր Շուշան քույրիկի նվիրած փչովի մե՜ծ դելֆինը բերել է Դպրոց-պարտեզ։ Հիմա դելֆինը մեր մեծ լողավազանում է։ Տեսեք՝ ինչ մեծ ուրախություն է Դավթի նոր խմբում։ Կեցցեք, Կարինե Խառատյան, Գայանե Սարգսյան, այս ուրախության համար։

Դավիթ Բլեյանը մեզ փակուղի-փարախ էր քշել. պարտեզի խմբի իր կուկուների անունը չի ուզում լսել, մեկ-երկու օր Դպրոց-պարտեզի խոհանոց-սրահում անցկացրեց, խանգարեց 4-5-րդ դասարաններում մայրենիի սկսնակ ուսուցիչ մայրիկի դասերը, մորը «խայտառակ» արեց… Էլ չեմ ասում այն լարումը, որ պիտի, բնական է, փոխանցեր Դպրոց-պարտեզի ղեկավար քրոջը…

Խնդրեմ. ես ու Արմինեն առավոտյան ժամը 8.45 պիտի լինենք Բանգլադեշի նշանավոր վերգետնյա անցման մոտ, իսկ Դավիթ Համառը ժամը 8.00 դեռ քնած է Մսրա-Մելիքի էպոսային քնով…

Սևանից բերված սպիտակ ավազի բլուրը և Շուշանի նվիրած մեծ փչովի դելֆինի պատմությունը, որ առանց ջուր խեղդվում էր, որին պետք էր փրկել շտապ՝ տանելով ծով՝ Դպրոց-պարտեզի մեծ լողավազանը, աժդահի թիկունքին դրված գութանի խոփի դերը խաղացին…

Ելան, բերին մեծ գութանի
Խոփը՝ դըրին թեժ կըրակին,
Ու կաս-կարմիր, կեծկըծալի,
Շիկնած տըվին մերկ թիկունքին։
— Օ՜ֆ, էլ հանգիստ քուն չունի մարդ
Էս անիրավ մոծակներից,
Աչքը բացավ հըսկան հանդարտ,
Ուզում էր ետ քընել նորից։
Տեսավ Դավթին։ Գլուխն ահեղ
Վեր բարձրացրեց մըռընչալով,
Փըչեց վըրեն, որ թըռցընի
Էն աժդըհին մի փըչելով։
Տեսավ, տեղից ժաժ չի գալի,
Զարմանքն ու ահ պատեց հոգին։
Արնոտ աչքերն ըսպառնալի
Հառեց խոժոռ Դավթի աչքին։
Նայեց թե չէ, զգաց՝ իր մեջ
Տասը գոմշի ուժ պակասեց։
Պառկած տեղից վրա նստեց
Ու ժպտալով հետը խոսեց…

Դավիթ մեր ախպոր դեմքին վերջապես ժպիտ եկավ, տեսեք, մտել է խումբ, երեք աման բորշ է կերել, եղածն էլ վերջում լցրել իր գդալի մեջ (տեսնեմ էլ չկա՞, հա՞), գտել իր նոր Նարեին, տեսեք ի՜նչ անուշ քուն է մտել… Ուշքս գնում է այսպիսի տեսարանների համար:

Սպասի՝ այս մարդու նոր աշխատանքային գործիքները հազրեմ, որ գնա պարտեզ, որ իր հոր, քրոջ հետ սկսած շինարարությունն ավարտի… Ավարտելու բան չէ: Իմ առօրյա ջանքերի մի կարևոր մասով ես մեր կրտսեր դպրոցների բակերում կառուցվող խաղադաշտերում եմ:
-Սա Հայաստանն է, հայրիկ…
— Ի՞նչ ասել է Բանգլադեշ… Հայրիկ:
Ահա Դավիթ, այս հմայիլներ-ճիչերն արևելյան և այս բարեխիղճ հետևողականությունն արևմտյան ստեղծում են Բանգլադեշի կրթահամալիրը…

Դավթի հեծանիվը՝ ոնց որ թամբած ձի, սպասում է մահճակալի մոտ. Դավիթն արթնանում է, տեղից վեր կենում իր հեծանվով, մեր ընդարձակ տան մեջ զբոսնում 5 րոպե-10 րոպե…

Հեծաւ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,
Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,
Եւ անցեալ որպէս զարծուի սրաթև ընդ գետն…

Հետո իր սիրած պատշգամբի ճոճքը… Ուշանում ենք: Չի կարելի: Ես չեմ հաշտվի երբեք ուշացողի ամոթի հետ. սա մնացել է իմ մորից՝ հինգ րոպե շուտ գնա, չես կորցնի, կգտնես. մարդկանց երեսին ո՞նց ես նայում, անաբուռ մարդը ո՞ւմ է պետք…

Դավիթը համակարգչով խոսեց-սիրեց-կարոտն առա՞վ Շուշանից… Մեր պայծառ հարսնաքույր Շուշոյից, ով տպավորված է Ֆրանսիայում ապրող իր ընկերուհու հարսանիքից… Սիրով փեսա, լավ հայ ընտանիք, կողք կողքի ֆրանսիական փոքրիկ քաղաքներում ապրող սազող երջանիկ զույգ, որ հիմա միասին կապրի՝ ամրացնելով սփյուռքն իր միությամբ… Մնաց՝ հայրենիք Հայաստանը երջանիկ, գրավիչ ու դրանով կանչող լինի… Շատ քիչ բան է մնում մեզ անելու…

Դավիթ Բլեյանն ամենից շատ օգտագործում է «ինքնուրույն» բառը. լսեք՝ ինչ մաքուր է հնչում 2 տարեկան տասն ամսական (սեպտեմբերի 12-ին դարձավ) Դավթի շուրթերով։ Ահա, մահճակալից ինքնուրույն իջել է, ինքնուրույն հեծել և.
— Ես ինքնուրույն եմ վարում հեծանիվը, հայրիկ…
Ահա, ինքնուրույն ջուր խմեց, սովորական ջուր՝ իր լվացարանի ծորակից, առանց իջնելու հեծանիվից.
— Ես ինքնուրույն գնում եմ լողանալու։
Եվ հեծանիվով ինքնուրույն մտավ լողարան…
— Ես ուզում եմ հեծանիվի վրայից չիշ անեմ ինքնուրույն։

Իմ օգնությամբ կանգնեց հեծանիվի վրա և արեց… Հեյ գիտի Արմինե՜, քնած էր… Ի՜նչ հաճույք է ապրում՝ մեծ է, ասել է, թե ինքնուրույն կարողանում է անել շատ գործեր, ահա քեզ և ինքնուրույնության դրսևորման հնարավորություններ:
— Արմենն ուժեղ է, Դավիթ,- ճշտում եմ իր եղբոր կարևորությունը։
— Ես էլ եմ ուժեղ,- չի զիջում Դավիթը։
— Արմենն ավելի ուժեղ է, Դավիթ։
— Ես ու Արմենն ավելի ուժեղ ենք, հայրիկ։

Դավիթը շրջապատված է նաև ուժեղ, բարի, ուշադիր եղբայրներով՝ Արմեն, Սերժ, Գոռ, Դանիել, Յուրա, Էդուարդ, Առնոլդ… Բոլորը Դավթի ինքնուրույնության և ուժեղության մարզիչներն են։ Օրեր առաջ, երբ Առնոլդն ու Դանիելը Դավթին պարտեզից տուն են բերել, Դավիթը հրաժեշտին լացել է.
— Առնոլդ, չեմ ուզում, որ գնաք…
Քանի՜ Բլեյան հուզվեց…

Ես շատ եմ ուզում, ջանում եմ, որ քույր ու եղբայրների այս մեծ խմբերը Դավթի շուրջ, Դավթի գործոնով դառնան առավել համերաշխ, իրար հասնող, իրար կրթող և ինքնուրույն սեբաստացի Բլեյաններ…

— Ինքնուրույն, ձիու նման քառատրոփ եմ իջնում, հայրիկ, մեր աստիճաններով։

Տրոփ-տրոփ-տրոփ,
Վազե, ձիուկ, հոպ…

Տեսեք՝ լավ ռիթմը, ձայնը ոնց են արձագանքվում. երգենք միասին։

Շուշանի հետ սկայպով խոսելիս հանկարծ պլաստմասե բահն է շարժում.
— Գլուխդ հողեմ, Շուշան։

Սա էլ ավազե բլուրների ներկայությունն է մեր դպրց-պարտեզների բակերում։ Շուշանը, իհարկե, ծիծաղից պայթում է։ Դավիթը, դրանից ոգևորված.
— Ծիծիկներդ պոկեմ, շպրտեմ…,- ու նոթբուքից գրկում է ծիծաղը չընդհատող իր քույրիկին։
— Քույրիկ Շուշանիկ, ես քեզ կարոտել եմ, շուտ արի:
— Հայրիկ, դու վշտացե՞լ ես, որ խոստումս չեմ կատարել: Առավոտյան կլողանամ, կուրախանաս…
Այսպիսի լեզու-միտք ունի Դավիթ Բլեյանը. ես, իհարկե, «վշտացած» խաղում եմ, իսկ զարմանալ, այո, շարունակում եմ զարմանալ մարդու-երեխայի հնարավորությունների վրա…

Մայրիկ, ի՞նչ է նշանակում՝ հը՛-ը…
Դավիթ Բլեյանն այսօր շուտ արթնացավ` 6-ի 7-ի արանքում, ես՝ ուշ, 5-ի 6-ի արանքում, և իմ օրը՝ օրվա գիրն ու Դավթի օրը՝ հեծանիվ, երաժշտություն, լող… խաչվեցին: Դավիթն արթնացել է «Արև բացվեց թուխ ամպերեն» երգը շուրթերին… Երաժշտությունն ազգային ճաշակի ենթագիտակցականն է ձևավորում… Պարոնայք, Կոմիտասն է ասում. «Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին»:

Որոշումներ ինքնուրույն կայացնում է Դավիթ Բլեյանը. սրան զոռով չես փոխի, իր համառությունից, հակառակվելուց սևանում է… Հո չե՞ս ծեծի՝ փլուզես ողջ գիտակից կյանքում կառուցած մանկավարժությունդ… Իբր քիչ փլատակներ կան մեր երկրում. փլատակների երկիր, ա՜խ, Հայաստանս… Մեկ է, նահանջելու ես, ինչքան շուտ, էնքան քո պատիվն է: Սկսում է աջ ու ձախ տարածել փոքրիկ-մեծ շանտաժիստը՝ «մայրիկը լավը չի», կամ «հայրիկը վատն է»…

Երեքով՝ ես, Արմինեն ու Դավիթն առավոտյան դուրս ենք գալիս տանից միշտ նույն ժամին. տանը հո մենակ չի՞ մնա, չի ուզում, ուզում է մեզ հետ գա՝ առույգ, հետաքրիր, սպասումներով, ինչպես առավոտը… Երեկ մայրենիի չորս պարապմունքի է մասնակցել՝ Արմինեի 4-1, 4-2, 5-1, 5-2 դասարաններում. չի խանգարել, սենյակի վերջում տեղ է զբաղեցրել, նկարել է, գրել, Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգությունը» լսել֊։ Հոմեր Մաքոլիի մասին պատմությունն ինձ համար կտակարանի պես է, լավ է, որ մեզանում գլուխ-գլուխ, անշտապ կարդում են… Պարտեզ մեր ախպեր Դավիթը չի մտել. երեք օրում հասցրել է խորթանալ, օտարանալ, զգուշանում է: Իմ ճանաչած ամենազգույշ մարդկանցից է՝ խելքը տեղն է, կչափի, կտնտղի, կլսի, կքննարկի, չի շտապի… Մանկապարտեզի ճաշը, իհարկե, կերել է ամբողջությամբ, և՛ համով է, և՛վճարել ենք:

Այնպես ստացվեց, որ 14.30 միասին ենք. ես իջնում եմ Արմենիա TV, «Մարդկային գործոն» հաղորդման (ո՜նց մերժես իմ ու Դավթի քույրիկ Նազենիին), Դավիթը գոռոցով շարունակում է ճանապարհը մայրիկի հետ… Այլ՝ զբոսանքի պլաններ-սպասելիքներ ունի մեր եղբայր Դավիթը: Ինչպես ինքը, ես էլ ինքնուրույն ի՛մ որոշումներն եմ կայացնում: Բայց քննարկում ենք, ես ներկայացնում եմ իմ դիրքորոշումը, իմ նկատառումները, ինքը՝ իրենը: Մենք իրար ուշադիր-սիրով լսում ենք:

Հոգնել ես՝ մեռի, մտիր մահիճ, ծնվիր, արթնացիր ու սկսվիր նորից, թարմ, առույգ, հետաքրքիր, սպասումներով, ինչպես Դավթի առավոտն այս…
Դավիթ Բլեյանն իրիկնային հաշվետվություն էր ներկայացնում ինձ՝ պարտեզային բուռն-լիարժեք գործունեությունից. մեր հերոսը մեծերի խմբում («ես էլ եմ մեծ, ես ամենամեծն եմ իմ կուկուներից») կերել-խմել, քնել-խաղացել է… Մայրիկի դասերին է մասնակցել, քիչ է, սովորողների շահերն էլ, որպես Բլեյան, պաշտպանել է։ Այստեղից էլ՝ վերնագիրը իմ այս գրի։ Իմացեք, որ մենք Բլեյան մեծով-պստիկով իրավապաշտպան ենք։

Դավթի հաշվետվությանը «սկայպով» հետևում էր Շուշան Բլեյանը, ով զուգահեռ ցուցադրում էր իր խոհանոցում պատրաստվող աղցանի ու ձվածեղի ընթացքը… Պետք էր մեկընդմեջ խլացնել Դավթի պատումը Շուշանի համար, քանզի Դավիթը լսելի, հատուկ քրոջ համար, արտաբերում էր «խուժանական» խոսքեր… Արդարության համար շեշտենք, որ Դավիթը հետո, էլի հատուկ քրոջ համար, փայլուն կարդաց «Կաքավիկի գովքը» ամբողջությամբ, ու որպես պարգև՝ Շուշոն այն երգեց։

Դավիթը տաշտը հագցրել էր գլխին, մազալու մի դիրք գրավել ու պահանջում էր.
— Թող Շուշկին ինձ տեսնի հիմա, որ բարձր ծիծաղի… Իմ քույրիկին եմ ուզում…

Դավիթ Բլեյանը հեծանիվ է քշում.
— Արագ, բայց զգույշ, հայրիկ, տնով մեկ…

Հեծանվի դիմացի և ետևի խցիկներում՝ պահոցներում, հավաքել է իր բոլոր ընկերներին։ Իրիկունը քնեցնում է իր հետ, առավոտյան արթնացնում, բարեխիղճ տեղավորում հեծանիվի վրա։ Ու այսպես՝ ամեն օր։ Պարբերաբար հենց հեծանվով էլ լողացնում է։

— Ես կարողա՞լավ տղա եմ,- հարցնում-հաստատում-բացականչում է Դավիթ

Բլեյանը, ով առաջին անգամ մասնակցեց «Բարձունքի նվաճում» նախագծին.
«Իմ ապերիկներն ու իմ քույրիկներն են»,- հարստացած ներկայացնում է Դավիթը։

Դավիթ Բլեյանն այս օրերին շատ դրոշներ տեսավ փողփողացող ու սովորեց մեր դրոշի կարմիր-կապույտ-ծիրանագույնը: Ավտոմեքենաների կամ լուսակիրների չափ չի հետաքրքրվում, բայց անտարբեր չէ դրոշների նկատմամբ: Մեկ էլ թե.
— Հայրիկ, ո՞րն է Վրաստանի դրոշը:
Ի՞նչ եղավ, ինչո՞ւՎրաստանը հիշեց՝ ինքը գիտի…
Դպրոց-պարտեզում անհամություն է անում, համառում է, քույրիկ Տաթևիկին, դաստիարակ Կարինե Խառատյանին շա՜տ նեղություն է տալիս… բայց: Կա մի լուծում՝ հեծանվահրապարակն իր լուսակիրներով, Դավթի նոր հեծանիվով: Դպրոց-պարտեզ, արագացրեք, խնդրում եմ, նորամուտն ուշացավ. դուք կստանաք և՛ կրթահամալիրի տնօրենի, և՛ Դավթի հայրիկի առավելագույն աջակցությունը…
Դավիթը կհարցնի.
— Որ ի՞նչ լինի, ի՞նչ կա դրա ետևում, հայրիկ…

Շնորհակալություն «Սեբաստացի TV-ին», Անի Սարգսյանին, ով չնայած Դավիթ Բլեյանի հնչեցրած լուրջ սպառնալիքին՝ «աչքերդ կհանեմ, կուտեմ», եղավ Դավթի հետ հեծանիվների աշխարհում… Տեսեք՝ ի՜նչ ֆիլմ էնվիրել մեզ մեր Անին։ Շուշանը Վիեննայում քանի՞անգամ կպտտի Դավթի զարմանք-հիացմունքը փոխանցող այս տեսանյութը…

Դավթին առավոտյան, ինչպես խոստացել էի, Վանիկ պապիկի և Սերժիկ պապիկի ուղեկցությամբ ներկայացրի իր Դպրոց-պարտեզի հեծանվուղին. Դավիթն ուզում է «միայն հեծանիվով դպրոց»: Իսկապես, ինչի՞ է նման մեր այս գոզալ տարածքն առանց հեծանիվի:

Սակայն Դավիթն իմ ձեռքը բաց չթողեց. չօգնեց նաև անակնկալ, մեծ ուրախություն պարգևած հանդիպումը Լիլիթ Բլեյանի և սքանչելի Սոնուլիկի հետ:
— Ես ուզում եմ հեծանիվ քշեմ դպրոցում, նոր հեծանիվ…

Դավիթը հեծանիվից Դպրոց-պարտեզում չի իջել՝ քիչ է, իր գոզալին չի զիջել ոչ մեկին, հասկանալի է, չի թողել՝ հեծանիվը մնա դպրոցում, հետը բերել է տուն: Ինձ դիմավորեց ճիչով, հեծանիվով՝ նոր, իսկական «կուկլա», դեղին, թեթև, հուսալի, ինքնագլոր…

Սպասենք Դավթի առավոտվա որոշմանը. մեր տղան վատառողջ է, որ հեծանվով էլ պառկի քնելու, ո՞վ է թարս բան ասողը… Մեր տան ողջ հատակով՝ իմ անկյունից մինչև ննջարան ու խոհանոց, իրար կպցրած մեքենաների շղթա է սարքել, տեսարան է…
— Զգույշ քայլեք, մեքենաներս չվնասեք…
Զգույշ ենք, Դավիթ ջան, միայն դու շուտ ապաքինվիր…
— Էլ ինչ կլինի՞,- հարցնում է Դավիթ Բլեյանը, ով լսում է ուշադիր իմ խոսակցությունն Արմինեի հետ:
— Դու կգա՞ս,- հարցնում եմ։
— Հա, ես կխաղամ Մեդիայում Սոնայի, Արևիկի հետ…,- իմ ծննդյան օրը Մեդիայում Սեյրան Ավագյանի«Սայաթ-Նովա» համերգ-նվերն այսպես է տպավորվել Դավթի մոտ:

Դավթի ճգնաժամը հաղթահարված է։ Ի՜նչ բարձր տրամադրությամբ է պատմում իր պարտեզային առօրյայի, ընկեր Կարինեի ու Մելինեի (դիմելաձևն առանց քննարկելու-պարտադրելու մտա՞վ, գուցե կամային ջանքե՞ր են պետք, ինչպես ես եմ անում, «պապայից» «հայրիկին» անցնելու համար։
— «Պապա» փոքրերն են ասում, իրենք չեն կարող ասել «հայրիկ», ես մեծ եմ, ես «հայրիկ, մայրիկ, քույրիկ» եմ ասում: Ես կարողանում եմ:

Պատրաստվում է վաղվան.
— Գնում եմ շուտ քնելու, որ շուտ արթնանամ. կեղտոտ չեմ գնալու, լողանալու եմ, հայրիկ, չի կարելի փնթի գնալ մեծերի խումբ: Մեծերի խմբում բոլորն ուժեղ են ու մաքուր…
Իր դեղին նոր հեծանիվն էլ կամավոր թողել է պարտեզում…
— Թող իմ կուկուները քշեն… Կապույտ-կանաչ հեծանիվն էլ իմ Նարեին եմ տալու…

Ահա այսպիսի բեկումով, իր սիրած-պարտադրած վարսակային շիլայի շուրջ ներկայացավ մեր արմանք-զարմանքը՝ բլոգապատման գլխավոր հերոսն ըստ հասարակական կարծիքի՝ և՛ ծավալով, և՛ գրավչությամբ
— Ահա, Հայաստանի Հանրապետությունը` իր ունեցածով-չունեցածով, արածով-չարածով, իմն է, քո՛նն է, Դավի՜թ, ձե՛րն է, սեբաստացինե՜ր, դուք այս երկրի իշխանն եք ու նրա ծառա-վարպետը: Ահա Հաղթանակի կամուրջը, խո՜ր կիրճով անցնող Զանգուն` Հրազադանը, որ գալիս է Սևանից, ստեղծում Երևանյան լիճը, գնում, թափվում Մայր Արաքս ու Կասպից ծով, ահա, Սուրբ Սարգիսը, դաշտը Արարատյան, ահա, մայրաքաղաք Երևանը` մեր ոտների տակ, Նորագյուղի բլուրը: Դավիթ Բլեյան, սա՛ է քո Սասուն աշխարհը: Սրա պահապանն ու երկրագործն ես դու:

Ահա, այսպես նշեցինք մենք այս սեպտեմբերի 21-ը, որին նախորդեցին հարյուրավոր սեբաստացիների բարձունքների նվաճումները: Դավիթը նրանց մի խմբի հետ, Մադինայում, նվաճեց իր առաջին բարձունքը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Լավ երգեր են բերել ինձ, հայրիկ

Կիրակի օրվա մեր ընտանեկան պատարագը տևեց ուղիղ մեկ ժամ՝ 11.00-12.00. այն նվիրված էր մայրենիին, ինչպես հորդորել էր իր գրումկրթահամալիրի տնօրենը։ Մեկ ժամ Դավիթը ոգևորված լսում էր Կոմիտաս, շարականներ. ես տարված

Օրվա իմ գիրը՝ հինգհարյուրերորդը

Անհաղթ, ինչպես Նոբունագա զորավարը, ու ամենահաս՝ մտքի պես… որ ճակատագիրը միշտ լինի մեր ձեռքում, որ հաղթանակի արծիվը լինի մետաղադրամի երկու կողմում էլ, որ ճակատագիրը միշտ օգնի… Ինքդ քո գործն արա, և Աստված

Ինքնուրույն սկսենք սովորել, որ չհոգնի ընկեր Մարինեն…

Վերջացնենք: Ապրված է վաթսուն տարի: Ստեղծված է մի համեստ գրականություն: Եթե հաշվենք, որ գիտակցական կյանքն սկսվում է յոթ տարեկանից, այդ յոթ տարիներին ավելացնելով գաղթի, փողոցի, որբանոցների յոթ տարիները, և այս