Իրենց մանկավարժական անկախությունը հետևողական պաշտպանող և մանկավարժական-մասնագիտական-քաղաքացիական գործունեությամբ շարունակ դրսևորվող մարդիկ՝ սեբաստացի ուսուցիչներ են իմ ժամանակի հերոսները։ Կրթահամալիրում նախագծային-ակումբային-ստուգատեսային ուսուցումը լավագույն միջավայր ստեղծեց մեծ թվով սքանչելի երիտասարդ մասնագետների համար՝ մեր մանկավարժության մեջ, մեր կրթական աշխարհում, բանգլադեշյան տարածքում շարունակ դրսևորվելու՝ գործելով ավելի ու ավելի անկախ իր անցած դպրոցից, այսօր շարունակվող ավանդույթից, տո, հենց ինձանից։ Այս հունիսյան ճամբարի, Բանգլադեշյան պլեների և ամառային ուսումնական նախագծերի շրջանը, ի հեճուկս ֆորմալ, ձևական, զանգից զանգ կրթության շրջանի, երբ սովորում ես ոչ թե քո, այլ ուրիշի, գնահատանիշի համար, փաստեց մեզանում անկախ գործչի ու նրա ինքնադրսևորման գոյությունը։ Պարոնայք, այդպիսի մարդիկ՝ իմ գործընկեր հերոսներն ավելանում են. դե էլ փաստ է։ Սա է իմ համոզմամբ մեր հոբելյանական այս տարվա գլխավոր ձեռքբերումը, որը որոշելու է կրթահամալիրի հաջորդ 25 տարին։

Հազիվ էլ հասցնեմ ավարտել այս օրվա (կիրակի է) իմ գիրը ու ժամը 08:00-ին, Բանգլադեշի Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից Շուշի ճանապարհեմ կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողների և նրանց ուսուցիչների խմբին: Կերպարվեստի, կինոֆոտոյի և երաժշտության ընգծված հետաքրքրությամբ տասնութ սովորողներ՝ նկարիչ Արման Գրիգորյանի, քանդակագործ-դիզայներ Արա Թարզյանի, օպերատոր Սուսան Ամուջանյանի և մեր երաժշտական լաբորատորիայի ղեկավար Կարեն Խաչատրյանի (Կայ) հետ կշարունակեն անցյալ տարի մեկնարկած «Ավերակները շշնջում են» կենսամշակութային արշավը: Ուսումնական նախագծի մեր գործընկերը՝ Շուշիի քոլեջի երիտասարդ ղեկավարը, իր նույնքան երիտասարդ դասավանդողների հետ, երևում է՝ ոգևորված է այսպիսի հնարավորությամբ: Օրեր առաջ Երևանում համատեղ սկսած ստեղծագործական աշխատանքի շարունակությանը հետևենք մեր սովորողների և ուսուցիչների բլոգներում, մեր mskh.am-ում:

Սրանից առաջ Ստեփանակերտի թ. 8 դպրոցի հետ մեր Ավագ դպրոց-վարժարանի և Արհեստագործական դպրոցի համատեղ նախագիծն էր` էլի ավանդական-ամենամյա: Էլի մեր 24 պատանիներ իրենց ուսուցիչների հետ անցան Քարվաճառով, Խաչենի հովտով մտան Ստեփանակերտ և ստեփանակերտցի հասակակիցների հետ, զինվորականների ծրագրով ու աջակցությամբ կրկնեցին «Հարսանիք լեռներում» Շուշիի գրավումը, ինչպես 1992-ին:

Օգոստոսի 2-ից կրթահամալիրի ավագ դպրոցների միասնական, վաթսուն հոգիանոց ջոկատը երրորդ անգամ կմասնակցի Արցախի Նոր Այգեստան գյուղում տեղակայված «Ասպետ» ռազմամարզական ճամբարի աշխատանքներին: Լավ է, որ Արցախ-Հայաստան համատեղ նախագծերում ունենք ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի աջակցությունը: Մասնակիցների անվտանգ տեղափոխումը (մեկնումը` Վարդենիսի լեռնանցքով, Թարթառի կիրճով, վերադարձը՝ Քաշաթաղով, Հին Խնձորեսկով, Գորիսով) էական նշանակություն ունի մեր ուսումնական նախագծերի մատչելիության և ամբողջականության համար:
Հուլիսին Արցախի Մարտունու Ճարտարում, ճարտարցիների նախաձեռնությամբ, համատեղ կգործի մեր միջին դպրոցի հայրենագիտական-ազգագրական նախագիծը:

Ուսումնական այս նախագծերը ոչ միայն ճանաչողական են: Արցախի կրթության նախարարության գործուն աջակցությամբ իրականացվող մեր նախագծերի, կրթահամալիրի` հարմարավետ կացարաններով կրթական փոխանակումների կենտրոնի շնորհիվ 3-4 տարվա ընթացքում հարյուրավոր արցախցի երեխաների և ուսուցիչների համար, վստահ եմ՝ անձնային-հարազատ դարձավ Հայաստանը, երևանցիների համար՝ Արցախ աշխարհը: Արցախ-Հայաստան. միասնական գործել, միասին քննարկել ու լուծել իրական խնդիրներ, միշտ պատանեկան անկեղծությամբ և ոգևորությամբ: Ստեղծողի մոբիլ դպրոցը` իր հանրակրթությամբ, նրա սովորողով, ուսուցչով ու ծնողով՝ փաստացի, կոնկրետ ու կարևոր մասնակցություն կունենա «անապագա ներկայի» հաղթահարմանը: Բոլոր կարգի մեծերս` Արցախում թե Հայաստանում, իշխանավոր թե ոչ, ազատամարտի մասնակից թե ոչ, պիտի աջակցենք հայաստանցի և արցախցի պատանիներին, որ ոչ այնքան հերոսական հաջողություններից, որքան Հայաստանում և Արցախում իրենց արժանապատիվ, ապահով կյանքը հաստատելուց խոսեն, առաջացած բարդ, մեծերիս կողմից չլուծված խնդիրները իրենց համար օրակարգային դարձնեն: Երկու բան չպիտի մոռանանք: Շարժման հենց սկզբից հայաստանցիներիս և արցախցիներիս անկեղծությունը պակասել է: Հիմա էլ շիտակության, հարաբերությունների մեջ գործնականության էական պակաս կա, ձևական-բաժակաճառային-միջոցառումային գործելաձևի ավելցուկ: Երկրորդ` իրենց կյանքն է, և իրենցն է կյանքը. ու սրանով պիտի թելադրվի և´ մեր վարքը, և´ իրենց դերակատարումը:

Մեր «Ուսումնական ամառ»-ն իր հայրենագիտական տարրերով՝ հայրենագիտական ճամփորդություններով, մարզային ու երևանյան ճամբարներով, ընթացքի մեջ է, և ես այս թեման հետևողական կներկայացնեմ իմ Օրագրում:

Հետևում եմ Վարդենիսի, Քարվաճառի ճանապարհով դեպի Շուշի ընթացող Գեղարվեստի ավագ դպրոցի ստեղծագործական խմբին։ Սա նաև ուղևորություն է. ճանապարհն անշտապ են անցնում, որ հայրենաճանաչություն լինի։ Կանգառ Այրիվանքում (միկրոպլեներ). միշտ կարելի է սքանչանալ այս վանքով, նրա դիրքով, զմայլվել լեռնային մեր թագուհով։ Հետո՝ դադար Մարտունի չհասած, սևանյան այն խորշում, որը եզակի է. չկան մարդկային միջամտության հետքեր՝ ոչ միայն անտեղի ու տգետ, այլև քեզ քո մայրենիքից օտարող պարիսպներ, խորհրդային կիսավերներ, անկախության շրջանի անճաշակության և թշվառության մտածողության մեծ ու փոքր հուշարձաններ, գաղթականի վագոններ… Ո՜նց համակարգչային ծրագրով Հայաստանով մեկ կհանեի հայ մարդու բոլոր միջամտությունները բնությանը։ Կսկսեի Սևանի ավազանից, ու թող դեմ հանդիման կանգնի իր վա՜յ ստեղծածին… Տեսնես՝ կտեսնե՞նք, ողբերգություն կապրե՞նք, կանհատականանա՞ մեղքը… Ամենամեծը՝ հենց Սևանի հանդեպ… Ես որ հատուկ այս հայացքով պտույտ գործեցի Վանա լճի շուրջը, ոչ մի համեմատություն. իսկ համեմատությունը՝ հօգուտ Վանա լճի և համոթ հայաստանցիներիս։
Համեցեք, վերևից՝ Դադիվանքից թե Թարթառի ափից նայենք Դադիվանք գյուղի խորշին. գագաթին անզուգական եկեղեցին, խելքահան անող բնությունը, ու այս թշվառությունը, որ բնակավայր է կոչվում։ Ուզո՞ւմ եք մեղքը գցել ադրբեջանցիների վրա՝ որպես նախկին տերերի, արդարանա՜լ, բացատրե՜լ…. Ու ես լսե՞մ։ Դո՛ւք լսեք։ Այստեղով անցել է Աստված, այս բնությունն աստվածատուր է։ Հետո չգիտեմ՝ ով ու ինչպես է կառուցել այս եկեղեցին, հաստատ Աստծո կամքով ու շնորհով։ Ես չեմ տեսնում ժառանգական կապը այս բնության ու եկեղեցու և այս թշվառությունն ստեղծած ու արդեն 22 տարի «հերոսական ազատ ապրող» մարդու միջև… Կառուցվող Վարդենիս-Մարդակերտ արդիական ճանապարհը կատարյալ կդարձնի Թարթառի հովտի այս թշվառությունը….

Շտապում եմ Բանգլադեշ, ժամը 8-ին Սուրբ Երրոդություն եկեղեցու մոտից պիտի Ստեփանավան՝ մեր կազմակերպած «Հնեվանք» արտագնա ճամբարը ճանապարհեմ 5-6-րդ դասարանցիների մի խմբի: Հետևեք նրանց, հետևեք մեր արտագնա ճամբարներին Հայաստանում և Արցախում, նրանք կշատանան։ Նրանք հայրենաճանաչության, ստեղծականության, ուսուցման ամենաարդյունավետ ձևերն են, նրանք մենք են՝ սեբաստացիները՝ ստեղծական ու մոբիլ, ինչպես իրենց ծնած մանկավարժությունը։
Ջուրն ինձ վրա որպես մոգ է ազդում. ես ամեն առավոտ 10 րոպե ցնցուղ եմ ընդունում և՝ ոնց որ մորեն նոր ծնված… Հեռու չեն ժամանակները, երբ իմ ընկերների հետ լողում էի ամեն մի գետում, չռիկի տակ, լճակում, Սևանում, տարվա համարյա բոլոր եղանակներին…

Ես փնտրում եմ սիսեռի այն հատիկը, որ անցնող ամբողջ օրն ինձ նեղում էր, հանգիստ չէր տալիս։ Ու ահա, հիշեցի անմեղ թվացող հաղորդագրությունը. «Հուլիսի 1-ից կբացվեն Սևանա լճի 11 հանրային լողափերը» …. ու թվե՜ր, թվե՜ր, որոնք ցուցանի՞շ են։ Այո՞՝ հարցնում եմ։ Նախ՝ ինչո՞ւ են հուլիսի 1-ից բացվում. մինչ այդ փա՞կ էին։ Ինչո՞ւ ոչ հունիսի 1-ից։ Թող միշտ բաց լինեն՝ խնամված, մաքուր զուգարաններով, ու թող մարդը որոշի՝ երբ լողա, հանգստանա, զմայլվի Սևանով, ընտանիքով պարզապես առանձնանա։

Ժամը 08-ին կրթահամալիրի Մեդիակենտրոնի մոտից Սևանի հանրային ափեր «Հանրային վերահսկողություն» ուսումնական նախագծով կճանապարհեմ կրթահամալիրի Ավագ դպրոցի բնապահպան-հայրենագետների և տնտեսագետների խմբին՝ Մարթա Ասատրյանի և Արման Երանոսյանի ղեկավարությամբ։ Չիմանա՞նք, թե իրենց միակ ու անկրկնելի Սևանի հանրային 11 ափերը, որ ստեղծվել ու պահվում են պետական, ասել է թե՝ իրենց ու իրենց ծնողների միջոցներով, որքանով են հանրային, պատրաստ՝ գոնե հուլիս-օգոստոսին ընդունելու շոգից փախչող երևանցիներին, ինչ խնդիրներ ունի սևանյան լողափը, որ հանրայննացման կարիք ունի… Հավաքած նյութերն ու ուսումնասիրությունները պարտավոր են հրապարակել իրենց ակումբների բլոգներում ու կհրապարակեն։ Իսկ 09-ին Մեդիակենտրոնի դիմացից Սիրանուշ Թումանյանի և բնապահպան մասնագետ-գործընկերոջ ուղեկցությամբ Խոսրովի արգելոցում բնապահպանական նախագծի մեկնարկը կտան կրթահամալիրի թռչնասեր պատանիները…

Փաստագրման լավագույն միջոցը, իհարկե, թվային ֆոտոխցիկն է։ Տեսեք՝ անգիրի դպրոցն իր վերջին զանգով ու տարեկան-քննական թվանշաններով ոչ ևս է, իսկ ահա Ստեղծողի մոբիլ դպրոցն ամենուր է, անընդհատ է Երևանում, Հայաստանում, Հայաստանից դուրս։ Փաստենք՝ մեր «Հնեվանք» ճամբարի 6-րդ դասարանցի Դոնա Թովմասյանիօբյեկտիվում Ստեփանավանն է։ Երևան-Շուշի-Երևան պլեների մասնակից մեր կինո-ֆոտոյի ակումբի սովորողների տեսադաշտում Շուշիի «Զոնտեր» կոչվող տարածքն է։

Մեր սեբաստացիների «Կարդում ենք Չարենց Կարսում» ուսումնական նախագծի ղեկավար Ելենա Սարգսյանի օբյեկտիվում Անիից, Կարսից հետո Բերկրին է…

Ես՝ գիտեք, ծնվել և մշտաբնակվում եմ Երևանում: Թբիլիսին, գիտեք, շատ եմ հավանում: Եթե կառուցել ենք այս քաղաքը միասին, վրացիների հետ (փաստ է` մասնակցել ենք Թբիլիսիի կառուցմանը), երկար ապրել ենք միասին, ունեցել մեր տնտեսական-մշակութային ներկայությունը, ինչու հիմա էլ չապրենք միասին, երբ ազատ ենք, ու միասին ապրելը կարող է կայանալ որպես մեր անհատական, հասարակական, պետական ազատ ընտրություն: «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ուսումնական նախագիծը վերջին 4-5 տարում հնարավորություն տվեց հարյուրավոր սեբաստացիների՝ կրթահամալիրի միջին և ավագ դպրոցների սովորողների, ուսուցիչների, առանձին ծնողների, շատերին՝ առաջին անգամ, ոմանց` գոնե մեկ անգամ, մյուսներին պարբերաբար, որպես ուսումնական ծրագրի մասնակից, լինելու Թբիլիսիում, թափառելու, ճանաչելու, կապվելու, սիրելու, դարձնելու հարազատ այս իրոք հետաքրքիր, գրավիչ, պատմական քաղաքը: Մենք ուսումնական նախագծերի ձևով փոխանակման ծրագրեր ենք իրականացնում մեր վրաց գործընկերների հետ, փորձում միասին լուծել խնդիրներ՝ արձանագրելով դրանք որպես մեր համատեղ կյանք: Կարմուրջները, գիտեք, երկկողմանի անցուդարձ են ապահովում. տասնյակ ու տասնյակ մեր վրացի գործընկերներ, ոչ միայն վրացահայեր, մեծամասամբ հենց վրացիներ, ճանաչեցին ու սիրեցին Երևանը: Այ, այս հունիսին Թբիլիսիի թիվ 24 դպրոցի խումբը պատշաճ մասնակցեց մեր ամռային ստուգատեսներին, իսկ հուլիսի 6-13-ը Թբիլիսիի պատանի էկոլոգները մեծ խմբով, որպես էկոտուր 2014-ի հաղթողներ, կմասնակցեն մեր կազմակերպած «Զիկատար»էկոճամբարին` Տավուշի մարզում, Կողբ գյուղի մոտ: Ես ինձ լավ եմ զգում այն փաստից, որ կրթահամալիրում վրացերենը 3-4 տասնյակ պատանիների համար նախընտրելի օտար լեզու է, անգլերենի, ռուսերենի, ֆրանսերենի, գերմաներենի, իսպաներենի կողքին վրացերեն mskh.am-ը առօրյա կենդանի է. համոզվեք խնդրեմ: Թբիլիսիում ես ամենաշատը սիրում եմ թափառել Շոթա Ռուսթավելիով, Սոլոլակի Լեսելիձեով դեպի Սբ. Գևորգ եկեղեցի ու Սայաթ-Նովայի հրապարակ: Քաղաքը քաղաք է հենց սրանով, որ կարողանում ես պարզապես քայլել, թափառել, զբոսնել` իր անսպասելի բացվող, ինձ խելքահան անող ներքին բակերով, որ Երևանում կային, ես տեսել եմ 70-ականներին, նեղ, երկար, մի մեքենայի ու մի անցորդի համար երթևեկություն պարտադրող սալարկված, «կռասավեց» շենքերով, ինձ համար հուշարձանի արժեք ունեցող ծառերով… Ու այս Թբիլիսին ստեղծել է թբիլիսցին, ու այսօր թարմացվում, ռեստավրացիայի է երթարկվում նախ և առաջ իր օրինական տիրոջ՝ թբիլիսցու կողմից ու նրա համար: Թբիլիսին չեն քանդում-փլուզում և կառուցում` շինհրապարկից սկսած, ինչպես Երևանում, թրթուրների տակ թողնելով Հին Երևանն ու իմ Երևանը: Թբիլիսիում վերականգնմամբ՝ ռեստավրացիայով են զբաղված: Նախ և առաջ դա անում է սեփականատեր թբիլիսցին՝ էժան ու երկարաժամկետ վարկերով կամ ամենատարբեր ներդրումային քաղաքաշինական ծրագրերով, նորից քաղաքի ու քաղաքացու համար:

Թբիլիսիում ամեն տարի ես տեսնում եմ խնամքով ամբողջական, ժամանակավոր ծածկված փողոցներ, ենթակա ամբողջական վերականգնման՝ իրենց մարդով ու ավանդույթով: Երբ մեկ-երկու-երեք տարի հետո վերադառնում ես Թբիլիսի, շինարարական քողը չկա, ու կա թբիլիսյան գեղեցկուհին՝ նույն խորոտիկ շինություններն իրենց արժանապատիվ քաղաքացիներով, սալարկված փողոցով (ոչ ասֆալտը), ծառերը մեկիկ-մեկիկ խնամված, նույն շենքերը՝ թարմ արտաքինով ու իհարկե՝ նոր կոմունիկացիաներով, ինչ-ինչ նոր լուծումներով: Վերականգնումը (ռեստավրացիա) դառնում է պատվիրատու նախկին շինարար համայնքի պահպանման ու մասնագիտական զարգացման համար, սկսած քարտաշից ու նախագծողից: Իսկ նոր Երևանը՝ իր շինել-բռնաբարելու մոլուցքով, սպանեց վերջին քարտաշին ու նախագծողին, գաղթական դարձրեց բնիկ երևանցուն: Լավ, միլիոնանոց մայրաքաղաքում մի ներքին բակ ու մի սալարկված փողոց չմնա՞, մի բնիկ երևանցի իր պապական հայրական տունը չունենա՞: Լավ, որտեղի՞ց այսքան թշնամություն, չարություն, ատելություն, ինչպես վերջին երևանցիներից մեկն ասաց. «կենցաղային ատելություն մեր ծննդավայրի և մեր նկատմամբ»:
1980-ին, երբ լրանում էր մի խումբ համակուրսեցիներիս 25-ամյակը (ես, գիտեք, ավարտել եմ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը), մենք որոշեցինք իրար հոբելյանի առթիվ հեծանիվ նվիրել, որ միասին պարբերաբար մեկնենք հեծանվային ճամփորդությունների։ Ի՜նչ տարի էր 1980-ը՝ նշանավոր, և 1981-ը՝ անջնջելի իր արկած-հեծանվայցելություններով…. Ափսո՜ս, որ աչք շատ կար մեր հեծանիվների վրա՝ սիրելի մարդկանց կրքոտ «ուզումներ»։ Երախտահիշատակ Համբարձում Գալստյանը, ում հետ մենք համալսարանական ընկերներ էինք (կոմերիտական մեր անցյալը մեզ անբաժան դարձրեց մինչև 1994-ի իր՝ ողբերգական մահը. ցնցում էր), մինչև անգամ Հայրենիքի մեր բնակարանն եկավ ու խնդրեց հեծանիվը մեկ-երկու օրով։ Այդպիսի հեծանիվը ոչ տալու բան էր, ոչ վերադարձնելու….

Ահա ես դիմում եմ բոլոր սեբաստացիներին՝ բոլոր տարիքի սովորողներին, ուսուցիչներին. եկեք այս հոբելյանական տարում իրար տուրիստական հանդերձներ նվիրենք։ Երեք նկատառում։ Նախ՝ յուրաքանչյուրս (լավ, շատերս) կարիք ունի վերականգնելու-նորոգելու իր կապերը իր ծննդավայրի, մեր սրբազան ժառանգություն Հայաստանի և մեր հռչակած Հայաստանի Հանրապետության՝ մեր հայրենիքի հետ։ Երկիրը մանրամասն (ականջդ կանչեց, Վանո Սիրադեղյան) այս մի քանի սար ու ձոր (մեր մեծ ժամանակակից Հրանտ Մաթևոսյանի հետ առնչվելու տարբեր հնարավորություններ եմ ունեցել) սիրելու ավելի լավ ձև կա՞, քան վրանով-ուսապարկով, անշտապ….

Հետո՝ հենց սրանով-այսպես կարելի կլինի և նոր ընկերներ ձեռք բերել (ավելի մեծ հարստություն, քան մարդը, և ավելի մեծ շքեղություն, քան մարդկային հմայքը՝ չիք) և նորից նորոգել, այս անգամ՝ մարդկային կապերը։

Երրորդ՝ գործիքը պիտի ընտրել։ Այն դիպվածով կարող է լինել, բայց ոչ պատահական։ Ահա 1981-ին, երբ իմ հիմնադրած՝ հայագիտության խորացված ուսուցման դասարանի սովորողների և ուսուցիչների մի խմբի հետ Տալլինում էի, իմ լավ բարեկամ ու դասախոս Արթուր Հարությունյանի խորհրդով հենց Տալլինից ձեռք բերեցի մի ամբողջ որակյալ համալիր՝ «սերեբրյանկա» վրան, քնապարկ, արշավականի կոշիկներ, «շտուրմովկա», տուրիստական կաթսա ու լապտեր, դանակ որսորդական։ Սրանցից յուրաքանչյուրը, ինչպես ես էի հաճույքով ներկայացնում, ջրում չի թրջվում, կրակում չի վառվում, օրերի մեջ չի մաշվում՝ ազնվանում է…. Ահա այս ամենով՝ մի ուսապարկի մեջ, վերադարձա թափառումի իմ անջինջ Տալլինից ու հետիոտն 1981-1985թթ ոտի տակ տվեցի աշխարհ Հայոց….

1994-1996 թթ՝ իմ լուսավորութան նախարար, հետո՝ կրթության և գիտության առաջին փոխնախարար աշխատած շրջանում, ես կարողացա հանդիպել-լինել հանրապետության, Ջավախքի, Արցախի մեծ ու փոքր բոլոր քաղաքներում։ Գլուխգովության վրա բռնացրեք ինձ, բայց՝ կոնկրետ նշելով, թե որտեղ չեմ եղել….

Հիմա երրորդ շրջանն եմ անում։ Կրթահամալիրի կողմից իրականացվող «Կենսամշակութային արշավ» ուսումնական նախագծով «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի հետ, որպես պրոդյուսեր-տնօրեն քայլում եմ Հայաստանով, Արցախով, Ջավախքով, լավ է, որ ավելացավ Արևմտյան Հայաստանը, ունկնդրում մերոնց երգը բոլոր խոնարհված ու գործող եկեղեցիներում, ներկայացնում մեր մանկավարժությունը….

Մեր Դավիթ Սեբաստացին հայրենագետ է տեղով մեկ, ու մեր յուրաքանչյուր օրը՝ իր տուն-դպրոց-տուն վերջնական հանգրվաններով՝ իրական ու հայրենագիտական ուղևորություն։

Հուլիսի 7-11-ը ՀՀ բնապահպանության նախարարության «Զիկատար» բնապահպանական կենտրոնում (Տավուշի մարզ) կազմակերպվում է ամենամյա բաց, ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացված Հանրակրթական էկոտուր 2014-ի հաղթողների ուսումնական ամենամյա ճամբարը։ Ճամբարին մասնակցում են Թբիլիսիի, Արցախի, Լոռու, Կոտայքի, Արագածոտնի և կրթահամալիրի թիմերը։
Մեդիակենտրոնում հավաքվել էին հուլիսի 8-ին Սևանով, Այրիվանքով, Վարդենիսով Արցախ` Քարվաճառ, Դադիվանք, Գանձասար, Վանք, Մարտունի, Ճարտար, Ամարաս, Շուշի մեկնող սեբաստացիները, որ վերադարնալու են հուլիսի 12-ին Խնձորեսկով, Գորիսով, Վայքով: Եվ ճամբարական Դանիել Բլեյանի կնքահայրը, պապիկը, տնօրենը, նույն ինքը օրագիր վարող տիար Բլեյանը, կրթահամալիրի հոբելյանի առթիվ նրան քնապարկ նվիրեց:

Կիրակին ես, որպես կանոն, անցկացնում եմ Դավթի հետ։ Մենք միասին առավոտյան ժամը 9-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ ենք. «Զիկատար 2014» էկոճամբար ճանապարհեցինք Հանրակրթական Էկոտուր 2014-ի հաղթողներին։ Ստեփանակերտի խումբը եկել է մեկ օր առաջ, մի իրիկուն անցկացրել Երևանում սեբաստացիների հետ ու մի գիշեր՝ կրթական փոխանակումների կրթահամալիրի կացարանում. ահա ինչպիսի համազգային գործ են կատարում մեր կացարանները։ Ու հիմա միասին՝ սեբաստացիների ու բազմաղբյուրցիների հետ, ում ճանապարհին են վերցնելու, կմտնեն Բջնի, կստուգեն Էկոտուր 2014-ին Բջնիի դպրոցի սովորողների ներկայացրած նախագծի իրագործման ընթացքը, Հրազդանի կիրճով, հակառակ Հրազդանի ընթացքին (հիշեցնեմ, որ Էկոտուր 2015-ի ապրիլքսանչորսյան միասնական էկոակցիաներից մեկը անցկացվելու է հենց այստեղ) կհայտնվեն Սևանի ափին, կմնան հանրային ափերից մեկում՝ մոնիտորինգի ենթարկելով այն, կլողան ու կշարունակեն ճանապարհը… Զիկատարում պատանի էկոլոգների հավաքը նշանակված է երեկոյան ժամը 6-8-ը։ Թբիլիսիի 2 խմբերը ուղիղ այնտեղ կժամանեն։

Ողջ օրվա ընթացքում, իհարկե, թեժ կապի մեջ եմ դեպի Զիկատար ընթացող ճամբարի ղեկավար Մարթա Ասատրյանի հետ։ Գոհունակության վերջին պատառը կուլ կտամ երեկոյան՝ ժամը 8-ին, երբ Մարթան կհայտնի, որ ժամանել են նաև Վրաստանի էկոխմբերը, որ բոլորը տեղավորված են հիանալի, որ իրենք քննարկում են ճամբարի հուլիսի 7-ի ծրագրի մանրամասները… Ահա այս ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունները, ճամբարները, պլեներները, սպասումի անհանգստությունը, ոգևորությունը քանի՜ տարվա կյանք են խլե՞լ ինձնից, թե՞ պարգևում են ինձ…

Սեբաստացիների 21 հոգիանոց խմբի` հուլիսի 8-ին մեկնարկած արցախապատմանը շարունակում ե՞ք հետևել mskh.am-ում… Շշմելու է: Խնդիրը դրա ընդգրկուն աշխարհագրությունը չէ, ոչ միայն… Մեր երթուղին է՝ մենք սկսում ենք Սևան-Այրիվանք-Վարդենիս-Թարթառ-Դադիվանքով և ավարտում Շուշի-Խնձորեսկ-Գորիս-Զորաց Քարեր-Վայքով: Տպավորիչ է, բայց սովորական, դրանով վերջին 4 տարում, հաշվեցինք, 800-ի չափ սեբաստացի է անցել՝ սովորող և ուսուցիչ, ծնող ու շրջանավարտ: Օգոստոսի 2-ին այս ճանապարհով իր արցախապատումը կսկսի ևս 60 հոգի՝ կրթահամալիրի ավագ և Մեծամորի ավագ դպրոցների 10-12-րդ դասարանցի տղաները, ովքեր 10 օր կմարզվեն և զինվորական ծառայության հանրակրթական պատրաստություն կստանան Արցախի Նոր Այգեստան գյուղի «Ասպետ» ճամբարում: Սա էլ արդեն սովորական է` 4-րդ տարին. ծանոթացեք այդ պատումին: Ոչ էլ մասնակիցների տարիքն է իմ օրվա գրի առարկան, ոչ միայն, որքան էլ այն անակնկալի բերի՝ 8-14 տարեկան 17 սովորող և 4 հմայիչ-երիտասարդ ուսուցիչ ու մեկ ծնող: Մեր սովորողների հարստությունն են այսպիսի տասնյակ ու տասնյակ հետաքրքիր, կյանքով լեցուն, կենսախինդ, անընդհատ այլ, երիտասարդ ու մասնագիտորեն պատրաստված դաստիարակները, դասվարները, ուսուցիչները, մանկավարժ-կազմակերպիչները, ովքեր կարողանում են նաև իրենց սաների հետ ճամփորդել, ովքեր ասելիք ունեն և այն փոխանցում են ամենուրեք՝ կրթահամալիրում և դրանից դուրս, մեդիայում, անընդհատ… Հանրակրթական կամուրջները երկկողմանի բանուկ են բոլոր տարիքի սովորողների համար. հիշում եմ, 5-6 տարի առաջ մենք սկսեցինք ուսուցիչներից՝ քառօրյա ուխտագնացությամբ Շուշիի ազատագրման օրվա առիթով, հետո իրենց արցախապատումը սկսեցին 10-12-րդ դասարանցիները… Իսկ 2 տարի առաջ Ասկերանի Նոր Այգեստանի դպրոցի 5-6-րդ դասարանցիներից կազմված տպավորիչ մի խումբ վերցրեց ու եկավ կրթահամալիր ու զարմացրեց… Իմ օրվա գիրը 5-օրյա ճամփորդության գիշերակացի ձևի մասին է` որպես խնդիր. մեր երեխաները և ուսուցիչները գիշերել են Վանքի, Ճարտարի, Շուշիի` իրենց մինչ այս անծանոթ հայրենակիցների (սովորողների և ուսուցիչների) տներում, կրկնում եմ՝ իրենց անծանոթ: Հիմա հարցնում եմ` սա չէ՞ թիվ 1 քաղաքական հարցը հայաստանցիների և Արցախում ապրող մարդկանց համար՝ հարաբերվել անհատական-մարդկային-ընտանեկան-ոչ ձևական մակարդակում: Եվ տեսեք` ինչ ոգևորված են դրանից երկուստեք:

Մեր երեխաների, 8-15 տարեկան սովորողների ծնողները եկել էին Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ` ճանապարհելու իրենց երեխաներին (եկել էին, չէ՞), սրանով նրանք՝ 17 երևանյան իրական ընտանիքներ, պաշտպանեցին այս քաղաքականությունը, հնարավոր դարձնելով այն… Իհարկե: Տարիներ առաջ (2009թ.) ես սեբաստացի ուսուցիչների մեծ խմբի խոստացել էի ճամփորդություն Ջավախք՝ Բոլնիս Խաչեն – Ծալկայով՝ միասին սիրո երգեր կարդալ Գանձայի թանգարանում, Ռուսթավելի և Տերյանի անվան դպրոցներում… Տերյանով լեցուն այս մարդկանց հետ միասին քայլել Աղայանի ծննդավայրով… Որտե՞ղ գիշերեինք գոնե 3 օր: Հյուրանոցներ չկան կամ թանկ են… Իմ ջանքերը` Վրաստանի հայ պաշտոնյաների և գործիչների գտնել, խնդրի լուծման համար… Դե, գիտեք, իմ կապերը մեծ են, ու իմ ջանքերը` համառ… Չեղավ… Ու որպեսզի ես չկորցնեմ վերջնական հավատը հայ պաշտոնյայի հանդեպ (Հայաստանում թե Վրաստանում՝ մեկ է), ես, մենք ճամփա ընկանք՝ անծանոթ մարդկանց՝ մեր հայրենակիցներին «ջառմա» լինելու վճռականությամբ… Հա´մ իմ հանրաճանաչության աստիճանը (փաստենք` վրացահայության մեջ) կստուգենք, հա´մ Բլեյանի դպրոցի նկատմամբ վերաբերմունքը, հա´մ մարդկության աստիճանը՝ շրջանցելով ձևականը՝ պաշտոնյա, դպրոցի-թանգարանի տնօրեն, սրա-նրա հայր ու խնամի… Մարդ-մարդ հանդիպումը կայացավ հենց Գանձայի, Բոլնիսի, Ծալկայի փողոցներում՝ ելեք շուտով, բացեք դռներ ու հյուրընկալեք: Ու Ջառման կայացավ ու տպավորվեց: Իմ Էմմա քույրը, որ երկնքում է, կրթահամալիրի նախկին գործադիր տնօրեն Ռայա Գալստյանը, ովքեր մասնակիցներն են, հետևում են, չէ՞, իմ գրին… Ահա քեզ Նոր ուղի, նոր խոսք, նոր քաղաքականություն Հայաստան-Վրաստան հարաբերություններում… որին հաջորդեց «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ուսումնական նախագիծը: Հիմա, այսօր, երեկոյան Կողբի Զիկատարում հանդիսավոր կփակվի Էկոտուր 2014-ի ճամբարը. 15 վրացի է մասնակցում, ոչ միայն վրացահայ, իսկ հուլիսի 21-25-ը էկոլոգ-սեբաստացիների խումբը Վրաստանի Բուլաչաուրիի Կանաչ Կենտրոնում կմասնակցի միջազգային էկոճամբարին…

Հիմա, ժամը 9-ին, ես Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից ճանապարհում եմ Լոր մեկնող հայրենագետների հերթական խմբին… Մարգարիտ Հարությունյանը՝ սովորողների ու ծնողների սիրելի մայրենիի ուսուցիչ-հասարակագետը, Նոր դպրոցի «Նոր ռադիոյի» ղեկավարը, իր նախաձեռնությամբ այսօր սեբաստացիների հերթական խմբի՝ 10-13 տարեկան, 4 օրով հերթական ուղևորության է տանում, այս անգամ` Համո Սահյանի ծննդավայր, շարունակելու սահյանական տարվա` կրթահամալիրի ուսումնական նախագիծը. և նրանց կընդունեն այդ սիսական աշխարհի նվիրական փոքրիկ գյուղի ընտանիքները, հետո կգան Լորի երեխաները կրթահամալիր: Փոխվե՞ց Հայաստանը սրանով: Իհարկե: Եվ Մարգարիտ Հարությունյանի ու նրան աջակցող ծնողների ազդեցությունը սրանով դարձավ քաղաքական:

Իմ աչքն, իհարկե, ճամփեքին է. Կողբի Զիկատարից, Արցախի Շուշիից դեպի Երևան են շարժվում մեր բնապահպան, հայրենագետ-ազգագրագետների խմբերը: Լավ է, որ ամեն ինչ լավ է վերջանում: Կեցցե՛ք, ես գրկում եմ վաթսունհինգ ճամփորդ սեբաստացուց յուրաքանչյուրին, իսկ ձեր ծափողջույնների ներքո` ճամփորդությունների ղեկավարներՄարթա Ասատրյանին և Ազնիվ Հովհաննիսյանին: Բարի վերադարձ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Ես պատմում եմ ձեզ հուլիս-օգոստոսին իրականացվող ուսումնական նախագծերի մասին։ Այս պահին 15 հոգիանոց մի խումբ Սևանի Ծաղկունքում է՝ էկոճամբարում, սեբաստացիների 14 հոգիանոց մի այլ խումբ՝Տավուշի Կողբում՝ Կողբի արվեստի դպրոցի ամենամյա վրանային ճամբարում խփել է սեբաստացիների 4 վրանն ու փռել քնապարկերը. դռները բաց են, կարող են և հյուրեր ունենալ։ Օգոստոսի 1-ից ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ մենք Լոռի-Ստեփանավանի Կուրթանի տարածքում տալիս ենք 40 տեղանոց արշավախմբային ուսումնա-հայրենագիտական ճամբարի մեկնարկը… Գումարեք Մարգարիտ Հարությունյանի և Նունե Մովսիսյանի՝ Սիսիանի Լոր գյուղի ճամբարը, հետևեք, Արցախյան հայրենագիտական-ազգագրական ճամբարը անիվների վրա (այսպիսի արցախապատում), Գեղարվեստի դպրոցի Շուշիի պլեները՝ «Ավերակները շշնջում են», Վրաստանի Բուլաչաուրիի ճամբարը, Զիկատարի էկոճամբարը, Արցախի «Ասպետը»… «Հուլիսի գործն ու իր գործիչը» անվանակարգի թոփ տասնյակում, իհարկե, առաջինը վարժարանի նոր սովորողներն են՝ իրենց հիմնական դպրոցներն ավարտած ու մեր ավագ դպրոցում ուսումնառության պայմանագիր կնքած, ղեկավար Գևորգ Հակոբյանի հետ։ Շատ լավ ավանդույթ է հաստատել տիար Գևորգը, որ արդեն հինգերորդ տարին վարժարան ընդունվողների մուտքն անցնում է Արագածով։

Գումարենք՝ կստացվի, որ հուլիս-օգոստոսին ամենահետաքրքիր վայրերում ուսումնական-հետազոտական, հայրենագիտական-ազգագրական գրավիչ հանգստի ու բնության վայելքի նախագծերին մասնակցում են-կմասնակցեն 400-500 սովորող ու մանկավարժական աշխատող։ Ես էլ կասկածեցի, բայց որ mskh.am-ը թույլ է տալիս փարատել յուրաքանչյուր կասկած. մենք գործում ենք յուրաքանչյուր կոնկրետ դեպքում՝ ի տես ու հրապարակային։ Հուլիս-օգոստոսին յուրաքանչյուր հինգշաբթի սովորողների և ուսուցիչների մի խումբ մեկնում է Սևանի հանրային լողափ՝ հանրային լողափի մոնիտորինգ, վերահսկողություն իրականացնելու, որպես պարգևատում ամառային ուսումնական աշխատանքի համար։

Այս թոփ-տասնյակում է նաև իմ սեբաստուհի-թոռնուհի Արևիկ Տատինցյանը, ով ավարտեց Դպրոց-պարտեզի հնգամյա դասընթացը, ամիսներ առաջ՝ իրեն բնորոշ սուր դժկամությամբ, հիմա՝ ընդգծված գոհունակությամբ, անհամբեր պատրաստվում է հիմնական կրթությունը շարունակելու կրթահամալիրի Միջին դպրոցում։ Ազնիվ Հովհաննիսյանի «Քարանձավային բնակավայրերը Հայաստանում» ուսումնական նախագծով ընկերների հետ քարանձավների բազմօրյա ուսումնասիրություն է արել Գորիսում և Իջևանում, հնգօրյա հայրենագիտական-ազգագրական «Ճամբար անիվների վրա» նախագծով ընկերների հետ եղել է Թարթառի և Խաչենի հովիտներում։ Իրական է դառնում ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ գործարկվող՝ կրթահամալիրի հայրենագիտական, ռազմա-մարզական, բնապահպանական, արշավախմբային բաց «Հնեվանք» ճամբարը, որը օգոստոսի 1-ից կընդունի ճամբարականների հինգ գիշերումով հերթափոխները, հերթափոխում՝ քառասուն 6-12-րդ դասարանի սովորողներ, մանկավարժական աշխատողներ։ Հնեվանքը, որից քիչ հեռու է լինելու մեր դաշտային-անտառային ճամբարը, Կուրթանի ձորը, շնորհիվ մեր ճամբարի կսկսեն նոր կյանքով ապրել։ Ավելի մանրամասն նորություններ՝ երբ ետ դառնամ Կուրթանից։ Ստեփանավանի զորամասը՝ մեր գործընկերը, սկսել է դաշտային ճամբարի տեղաբաշխման-տեղադրման աշխատանքները։ Տեղն է, կրկնենք, այս ճամբարը օգոստոսի 20-ին կընդունի այն 10-11-րդ դասարանցիներին, որ կրթահամալիրի արհեստագործական ավագ դպրոցում ընտրել են ռազմագիտության խորացված ուսուցումը։ Ահա այս օրերի ամենաթարմ կրթական նախաձեռնության հայտարարությունը։
Հանդիպեցի Ստեփանավանի զորամասի հրամանատարին, ով պաշտպանության նախարարի հանձնարարությամբ իր զորամասով պատասխանատու է Կուրթանի «Հնեվանք» անդրանիկ արշավախմբային ճամբարի կազմակերպման համար:

Երկու ննջարան՝ քսանական տեղանոց իր մահճակալ – ներքնակներով, դաշտային խոհանոց՝ իր սպասքով և քառասուն ճամբարականի ընդհանուր պարապմունքի վրանով, հիգիենայի հատվածով՝ լվացարաններով, սանհանգույցներով, մշտական ջրով, հեռադիտակներով, ուսապարկերով, էլեկտրասնուցմամբ:

Մի խոսքով՝ իսկական ռազմամարզական դաշտային ճամբար Հնեվանքի շրջակայքում, Ձորագետը իր կիրճով, իր հեռանկարով, Ձորագետի աջ ափին, անտառում: Տեսարան է:

Թունավոր օձեր այս տարածքում չկան: Պաշտպանության նախարարության տրամադրած երկու ավտոբուսները ոչ միայն մեզ կհասցնեն Կուրթան՝ հետադարձով, այլև հինգ օր կապահովեն ուսումնահայրենագիտական ճամփորդությունները: Գնդապետ Հովհաննիսյանի համհարզի ուղեկցությամբ անցա ճամփորդությունների երթուղիներով. շշմելու է: Կրկնում եմ՝ այն, ինչ դուք կտեսնեք ճամբարի հնգօրյա հերթափոխում, շշմելու է: Ուրիշ ի՞նչ է պետք սեբաստացուն՝ ամռանը լիարժեք լինելու համար: Պատասխանում եմ. այս ճամբարը այդպիսին է: Չորս հերթափոխում՝ հարյուր վաթսուն սեբաստացի: Անջինջ տպավորություններ կունենաք Ստեփանավան-Կուրթան-Հնեվանքից:

Հայրենագիտությունը, գիտեք, հանրակրթական ծրագիր է եղել ինձ համար ու կա. ուսումնական առարկան մեկն է՝ կյանքը, և կրթական միջավայրն է, որ ուսուցանում է: Ես իմ իր-ականհայրենիքը՝ Հայաստանը, լավ գիտեմ, ու քիչ տարածքներ, բնակավայրեր կան, որ ոտքով չեմ անցել, ավելին՝ չեմ եղել: Այդպիսի տարածքներից էր, մինչև վերջերս, Լոռվա աշխարհի Կուրթան-Ձորագետը: Միշտ ուզեցել եմ գնալ Թումանյանի պատանեկան ճանապարհով, դուրս գալ Ջալալօղլի-Ստեփանավանից, Տիգրան Դավթյանի նշանավոր դպրոցից (որտե՞ղ է նրա շենքը), Գարգառի հովտով, Վարդաբլուր-Կուրթանով գալ, իջնել Ձորագետ, կիրճն անցնել, գնալ, միանալ Դևբեդին ու բարձրանալ Դսեղ… Ու սա անել անշտապ, կոմիտասագետ, լոռեցի Արթուր Շահնազարյանի ու մի քանի տեղացի գրագետների հետ, ովքեր այս հատվածի ամեն գյուղ, հովիտ, ծառ, քար ու հուշարձան կարող են կենդանացնել Թումանյանին, Կոմիտասին ու Անդրանիկին առնչվող զրույցներով… Սա մնում է. լսե՛ք, սրան պետք է պատրաստվել:

Ճանապարհորդելու համար, հարկ է թոթափել առօրյան: Այս անգամ Դավիթ ու Շուշան Բլեյանների, իմ կնոջ՝ Արմինեի հետ ինձ հաջողվեց դա անել: Մեզ սիրով հյուրընկալեց Կուրթանի դպրոցի տնօրեն Վանիկ Նալբանդյանը, ու մեր ճամփորդությունը մարդկային-հայրենագիտական համ ու հոտ ստացավ շնորհիվ Վանիկի, նրա ուսուցիչ-տիկին Անահիտի, միջազգայնագետ-տնտեսագետի կրթություն ստացող Արսենի ու իր սերնդակիցների, եղբայր Արթուրի ու նրա ընտանիքի: Նրանց հոգատար վերաբերմունքը, կարծում եմ, մեզ անբաժան դարձրեց: Անմոռաց է այն համերաշխությունն ու սրտացավությունը, որով արձագանքեց Նալբանդյանների մեծ ընտանիքը՝ մեծով-պստիկով, Վանաձորում ապրող իրենց Արփի թոռնուհուն հասած փորձանքին, որը շնորհիվ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մասնագիտական գրագետ և օպերատիվ միջամտության արագ հաղթահարվեց։ Ինձ համար Հայաստանը մեծանում է նախ և առաջ իր այսօր ապրող մարդկանցով, հատկապես որ այդպիսի մարդկանց հետ ես հայտնաբերում մեր երկրի ֆիզիկական անկրկնելիությունը։

Հայաստանի պաշտպանության նախարարության աջակցությամբ օգոստոսի 1-ից Կուրթանից 5 կմ դեպի Ձորագետ՝ Հնեվանքի հովանու ներքո մեկնարկող անդրանիկ հայրենագիտական-բնապահպանական-ռազմամարզականարշավախմբային ճամբարը, յուրաքանչյուր հերթափոխում 5 գիշեր և 6 օր, կընդունի այս անգամ 40 սեբաստացի ու ոչ սեբաստացի գործընկերների՝ սովորող, ծնող, ուսուցիչ, ովքեր կդիմեն nikonar@mskh.am հասցեով և կստանան ճամբարի ուղեգիրը:

Ասում ենք` անդրանիկ արշավախմբային (դաշտային) ճամբար, անծանոթ Կուրթան-Ձորագետի տարածք, և լավ է, որ սեբաստացիները նախապատրաստված են սրան. Տաթև Աբրահամյանը և Մարգարիտ Հարությունյանը, իրենց 5-6-րդ դասարանների սովորողների մեկական խմբի հետ եղել են Հնեվանքում հունիս-հուլիսին, իսկ Ստեփանավան քաղաքն ու Գյուլագարակը՝ իր նշանավոր Դենդրոպարկով, վերջին 4-5 տարում մեր Գեղարվեստի ավագ դպրոցի, բնապահպան-հայրենագետների, ստուգատեսների հաղթողների թիրախում են:

Հեքիաթն այս անգամ այլ անուն ունի՝ սեբաստացիների արշավախմբային «Հնեվանք» ճամբար: Մեկնարկը՝ օգոստոսի 1-ին: Ահա այսպիսի աշխատակարգ կունենա Հնեվանքի ճամբարը: Այս նոր տարածքում՝ Ձորագետի աջ ափին, Հնեվանքի հարևանությամբ, նշանավոր Ցիցքարի ներքևում կապրենք, կուսումնասիրենք մոտիկից, շա՜տ մոտիկից կծանոթանանք: Այսպես. կիջնենք մինչև Ձորագետի կամուրջ, կբարձրանանք Արևածագ գյուղ, կհասնենք Օձուն-Սանահին, հետո Ալավերդի-Ստեփանավան-Գյուլագարակով կվերադառնանք մեր արշավախմբային ճամբար: Եվ սա, շնորհիվ պաշտպանության նախարարության հուսալի փոխադրամիջոցների, կլինի առավելագույն անվտանգ: Կլինենք Ստեփանավանի հրետանային նշանավոր զորամասում, կծանոթանանք ժամանակակից զորամասի առօրյային, կկրակենք զորամասի հրաձգարանում, գնդապետ Հովհաննիսյանի հետ և´ կճաշենք (ի դեպ, այս գործընկեր զորամասն է մեր արշավախմբային ճամբարը կահավորողը), և´ նրան հարցախեղդ կանենք, կթափառենք Ստեփանավան սիրելի դարձած քաղաքով, կլինենք Մայորի ձորում, Լոռե Բերդում, Դենդրոպարկում, Վարդաբլուրի լճերում…Ինձ վրա ամենամեծ տպավորությունը գործեցին Կուրթանի Սուրբ Աստվածածինը, նորից Հնեվանքն ու այնքա՜ն մոտ ջրառատ Ձորագետը՝ իր երկինք դարձող կիրճով…

Հայաստանը, գիտեք, զորամասերի երկիր է այսօր: Յուրաքնաչյուր ենթաշրջան (նախկին շրջան) ունի իր զորամասը, կայացած, ամբողջական, զորեղ. ասենք, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի … Հո ռազմական գաղտնիք չեմ հայտնում: Նրանցից յուրաքնաչյուրն ունակ է ենթաշրջանի ընտրված վայրում դեռահասների, պատանիների արշավախմբային, հայրենագիտական-բնապահպանական, ռազմա-մարզական ճամբար ստեղծելու հունիս – սեպտեմբեր ամիսների համար: Պատկերացրի՞ք այդպիսի գրավիչ մի ցանց, որում հայտնվեն 6-9 -րդ, 10-12 -րդ դասարանցիները, 11-14, 15-18 տարեկաններն ու պատանիները իրենց ուսուցիչների եւ ծնողների հետ … Այո, ընտանեկան հանգստի ձեւ էլ կարող է լինել այդպիսի կազմակերպումը, այն, իհարկե, ենթադրում է ընտանիքի գործուն աջակցությունը: Ոչ միայն համաձայնությունը (հայերը այստեղ են վատնում իրենց մասնակցության ողջ պաշարը), այլեւ որպես այսպիսի գրավիչ ուսուցման պատվիրատու գործելը, հնգօրյա սննդի (միայն սննդի ծախսերը) մինչեւ տասը հազար դրամի չափով, ճամբարային ուսուցման խնդիրներին ու պայմաններին շահագրգիռ ծանոթանալը, որպես կազմակերպիչ, ջոկատի ղեկավար աշխատելը, ճամբարի տեղանքից կախված ուսումնական խնդիրների առաջադրումը … Օրինակ, լողուսուցման, բնապահպանական-հայրենագիտական կոնկրետ մեկ ակցիայի կազմակերպումը: Այ, ես հենց այդպիսի երեք խնդիր, որպես Տիար, առաջարկում եմ «Հնեվանքի» ճամբարի համար եւ առավելագույն անձնային մասնակցությունն եմ ունենալու դրանց իրականացմանը, լողուսուցում Ձորագետում, Կուրթանի մեծ ու ասես ցուցադրական աղբակույտի վերացումը, կրթահամալիրի մոբիլ աստղացուցարանի եւ աստղադիտարանի գործունեության կազմակերպումը կրթահամալիրի տիեզերագիտական ակումբի միջոցով Կուրթանի եւ Վարդաբլուրի տարատարիք սովորողների համար …

Զորամասն իր առօրյայով, հետաքրքիր է ամեն մի դեռահասի-պատանու համար, տղա թե աղջիկ. նա մեզնից վատ չգիտի, որ ծառայելու է, ինչպես ծառայում կամ ծառայել է իր հարազատը, հարեւանը, ծանոթը: Նա ապրում է այդ բանակային պատմությունների մեջ, սա փաստ է, իր ողջ առավելություններով ու թերություններով … Կկարողանա՞ն հանրակրթական դպրոցների ուսուցիչները որպես կազմակերպիչներ, պատանեկան ջոկերի ղեկավարներ, գործուն, լիարժեք զգալ իրենց այսպիսի ճամբարներում …
Ճամբարային կյանքի օրերին պատանուն դիմավորեն զորամասում, որ կրակի զորամասի հրաձգարանում, որ զորամասի հրամանատարը, որպես ծառայության մեջ գտնվող գնդապետ, հարգալից ուղեկցի նրան, ծանոթանա զորամասի իրական զինվորին ու սպային, տեսնի գործող զինտեխնիկա, հարցեր տա ու պատասխաններ ստանա գործող զինվորականից, տեղում … Ես այդպես էլ չհասկացա, թե ինչո՞ւ ենք զենքը բերում հանրակրթական դպրոց, ինչո՞ւ ենք ուզում գրավիչ, իրական ռազմական գործն ու նրա նախապատրաստումը դարձնել հերթական դպրոցական առարկան, իր բոլոր բացասական սպանիչ կողմերով … Մի դրական կողմ ասեք «Նախնական զինվորական պատրաստվածություն» (ՆԶՊ) կոչվող առարկայի այսօրվա դպրոցական կազմակերպումից … Զորամասերը, նրանց հրամանատարները կարող են ու պիտի ունենան օգնականներ ՆԶՊ -ի գծով, ենթաշրջանի դպրոցների համար, բայց դրանք պիտի լինեն գործող սպաներ, որոնք կարող են կազմակերպել պատանիների ճամբարային կյանքը, ուսումնա – վարժական հավաքները: Արտակարգ իրավիճակների առկա համակարգը իր ձեւավորված շրջանային ցանցով հնարավորություն կունենա գործող պատանեկան ճամբարներում արտակարգ իրավիճակ ու անվտանգ գործելու, անվտանգ կենսագործունեության հմտություններ փոխանցել դեռահաս պատանիներին, սկսած, առաջին բուժօգնություն, հրդեհ հանգցնելու, ջրում խեղդվողին փրկելու հմտություններից … Մենք իմ նկարագրած մոդելը առավելագույն չափով կգործադրենք Կուրթանի «Հնեվանք» արշավախմբային ճամբարում:

Որտե՞ղ կարելի է լողալ Հայաստանում. վճարովի (միայն վճարովի են լողավազանները) տասնյակի չափ ավազաններում, որոնք գլխավորապես Երեւանում են, Սեւանի հատուկ հարմարեցված մեկ-երկու տասնյակ լողափերում… Վերջ. մնացած բոլոր գետերում, արհեստական թե բնական լճակներում, ավազաններում լողալ չի կարելի: Ահա ձեզ արտակարգ իրավիճակ Հայաստանում, լողալ չիմացող, չլողացող, փրկել չկարողացող, ջրազուրկ սերունդ ու կյանք: Այս վիճակը առանց արտակարգ իրավիճակների համակարգի գործուն մասնակցության, անլուծելի է, եւ արշավախմբային ճամբարները կարող են լինել այսպիսի գործի պոլիգոնները, փորձակայանները:

Երեկ ինձ համար ամենակարեւոր աշխատանքը օգնելն էր «Հնեվանք» ճամբարի ղեկավար Գեւորգ Հակոբյանին … Շնորհակալ եմ Գեւորգին իր ինքնառաջարկի համար, որ անձամբ, որպես մանկավարժական գործի հմուտ հետազոտող – կազմակերպիչ, ճամբարի առաջին հերթափոխով, շատ բանով ապահովելու է օգոստոսյան չորս հերթափոխների հաջողությունները: Տասնյակ – տասնյակ ճամբարներ ենք ունեցել ու ունենք հիմա, սեբաստացիներ, բայց սա ուսումնական պարապմունք-հանգստի-ճամփորդության նոր կազմակերպում է, նոր կառույց, նոր հնարավորություններով … Իսկ մոբիլությունը, 2-3 օրում պատրաստված վիճակ ունենալը հենց այս կազմակերպմանն են բնորոշ: Ճամբարի ֆիզիկական ուսումնական միջավայրն ապահովում է այս գործում մասնագիտացված կառույց, Ստեփանավանի զորամասը: Մենք պիտի կենտրոնանանք նոր, մանկավարժական ամբողջական միջավայրի վրա: Լավ է, որ Լեւոն Արամյանը, տիեզերագիտական ակումբի հիմնադիր ղեկավարը , անմիջապես է գործում: Աստղացուցարանը, աստղադիտակը, ակումբը, մոբիլ են եւ կլինեն, կգործեն օգոստոսին, Կուրթանում … Լավ է, որ հայրենագետ Տաթևիկ Աբրահամյան, երաժիշտ Հասմիկ Մաթևոսյանը, հմուտ կազմակերպիչ Անահիտ Մելքոնյանը իրենց խմբերով անմիջապես արձագանքում են տիար Գևորգի կանչին:

Գեւորգի որոշումը, արշավախմբային ճամբարը բաց պահել Կուրթանի, Վարդաբլուրի, Ստեփանավանի 5-12-րդ դասարանցիների համար, սկզբունքային է, որպես նոր ճամբարի անօտարելի հայտանիշ, որակ, առավելություն: Ինչպես չի կարելի հայրենագիտական (ազգագրական) բնապահպանական գործունեությունն իրականացնել առանց տեղացիների գործուն մասնակցության, այդպես էլ չի կարելի ուսումնա-վարժական դարձնել ճամբարն առանց Ստեփանավանի զորամասի եւ արտակարգ իրավիճակների համակարգի «Լոռե» ջոկատի գործընկերության: Գեւորգ Հակոբյանի եւ իմ պատկերացումները մոբիլ ճամբարի, նրա նշանակության եւ հեռանկարի մասին հարազատ են ինչպես հարազատ են եղել և մնում որպես քավոր ու սանիկ: Օգնենք միմյանց այս փուլում, սեբաստացիներ, այս նախաձեռնությունը «25 տարի մոբիլ ու ստեղծական» հոբելյանական հաշվետվություն – ցուցադրություն-հանրային ներկայացումների մեջ առանձնահատուկ է: Սա սեբաստացիների մեր հավեսի անկեղծ դրսեւորումն է: Հեռու մնան մեզանից անհավեսները, ինչպիսի արդարացումներով էլ իրենց զարդարեն:

Մարգարիտ Սարգսյանը՝ իր խմբով (վրանով), վերադարձավ Կողբի արվեստի վրանային ճամբարից: Գոհ է, հմայքը բազմապատիկ է: Կեցցես, սիրելիս, որ այսպիսին ես, խիզախման միշտ հասու` չորս տարին չբոլորած Նարեկին ընդգրկած խմբում, 11-12-րդ դասարանցիների հետ: Իհարկե՛: Սեբաստացիներ` առանց տարիքի ու սահմանի, որտեղ էլ որ լինեք, մենք հարազատացրինք Կողբը՝ իր Զիկատարով, արվեստի դպրոցով ու նրա ամենամյա ճամբարով… Այսպես ենք մենք նվաճում-վերանվաճում Հայաստանը: Տեսաք, թե ուր հասավ իմ լուս ու մութին ասված խոսքը քաջ որսկանի…

Նայեք օրացույցին՝ ձևավորված-ամբողջական ավանդույթի ուժ ստացած պարբերական համակարգ է դարձել, իրոք, հեղինակային կրթական ծրագրի կազմակերպում: Հետևեք մեր չավարտվող ամառային բանգլադեշյան ճամբարներին ու այսօր մեկնարկող «Հնեվանք» արշավախմբային ճամբարին՝ չորս հերթափոխով, յուրաքանչյուրում 40 մասնակից՝ յուրաքանչյուրը 5 գիշերումով, 6 օր Ստեփանավան-Կուրթան-Հնեվանքով. հայրենագիտական-բնապահպանական, ռազմամարզական, ուսումնահետազոտական. իրական ուսումնական ընթացք… Եվ օգոստոսի 5-ին էլ Արցախ «Ասպետ» ռազմամարզական ճամբարի կմեկնի կրթահամալիրի ավագ դպրոցների ուսումնական պատանեկան վաշտը, իսկ օգոստոսի 8-ին էլ Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբար կշարժվի Արտակ Զարգարյանի և Շամիրամ Պողոսյանի ղեկավարած սեբաստացիների 12 հոգիանոց խումբը… Սրանք բոլորն էլ ամենամյա են, ուսումնական…

Թումանյանի «Վայրէջքի» տողերը Դավիթը լսում է. «Հիմա սա Իջևան է կոչվում»: Ուրիշների համար չգիտեմ, եղբայր Դավիթ, Բանգլադեշն իմ իսկական Հայրենիքն է, ես ապրում եմ այստեղ, ես կրում եմ պատասխանատվություն նրա հանդեպ, ես ջանում եմ գրավիչ դարձնել` որպես կրթական միջավայր…

Ես, իհարկե, թվային կապով հետևում եմ արշավախմբի ավտոբուսներին, որ Սևան-Դիլիջան-Վանաձոր-Գյուլագարակ-Կուրթան-Հնեվանք երթուղին առավելագույն ճանաչողական-հայրենագիտական լինի` իր երկարատև հանգրվանով Սևանի հանրային լողափին, Պուշկինի լեռնանցքի անցումը չհետաձգեն…Նպատակը շուտ Հնեվանք` ճամբար հասնելը չէ, երբեք, այլ ճանապարհ-հայրենագիտան ճանաչողության անշտապ մանրամասն ընթացքը…

Ժամը 18:00, ինչպես որոշված էր, արշավախումբը մտավ Հնեվանք, որտեղ ճամաբարի ղեկավար Գևորգ Հակոբյանը պատրաստ սպասում էր Ստեփանավանի զորամասի ներկայացուցիչների հետ: Շնորհակալ ենք բանակ:
Դավիթը Իջևանի անտառներում զբոսնեց, ցեխերի մեջ թավալվեց, մի քանի անգամ սայթաքեց ու վեր կացավ, նեղ արահետով մեծավարի քայլեց, առվակի մեջ քար գցեց, հետո հայացքը ուղղեց ամպերին, նայեց մայրիկին ու խոստովանեց. «Մայրի՜կ, ես ինձ այստեղ լավ եմ զգում»:

Նիկոլի ծնունդի, մանկության ու պատանեկության օրրանը՝ Վովա Փաշինյանի երկհարկանի համեստ տունը, հոյակապ դիրք ունի։ Ես հաշվեցի՝ օգոստոսի 2-3-ի գիշերը այս տունը հյուրընկալել է 16-17 հոգու… Մեր ուսուցիչներն ու Մարիամ-Աշոտի ընկերները այստեղ հայրենագիտական ճամփորդության գիշերներ են անցկացրել, մինչև 20 հոգի… «Բաբուշկա» Երջանիկը միշտ անվանը համապատասխան է՝ թե՛ Նիկոլի տանը, Երևանում, թե՛ իր հարկի տակ, այստեղ՝ Իջևանում, երջանկացնող՝ առանց ցուցադրվելու, երկրորդ պլանից տրամադրություն փոխանցող կին է։

Կիրակի օրը առավոտյան, երբ ես իմ գիրը հանձնել եմ, վայելել Երջանիկի սուրճը, մեկ ժամ ունեմ, հայերն ուշ են արթնանում ամենուր, և քայլում եմ Նիկոլենց Ներքին Սելմագի կոչվող թաղով։ Սա հին Իջևանն է, պատմություն ունեցող համեստ առանձնատների՝ ինձ միշտ հետաքրքիր նմուշներով, նեղլիկ անցումներով, որոնց համար ուշքս գնում է։ Ափսոս, որ քիչ, շատ քիչ տներ են նորացված, երբ յուրաքանչյուրը մասնագիտական նախագծով խնամքի կարիք ունի։ Իսկ աջ ու ձախ զանց է առնվում դա։ Հեշտ, քաղաքը պատմությունից, ոճից, քաղաքաշինությունից զրկող, այլասերող հեշտ ճանապարհով է ընթանում վերակառուցումը, կղմինդրների փոխարեն՝ ինչպիսի պատահի թիթեղներ, նշանավոր իջևանյան շարվածքի փոխարեն՝ պեմզաբլոկ ու ցեխ-ավազե սվաղ, փայտե ազնվական պատշգամբների ու քիվերի փոխարեն՝ ինչ ասես։ Միակ ուրախացնող փոփոխությունը Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի բերող փողոցի սալարկված հատվածն է, որ նաև Նիկոլենց թաղի մուտքն է…

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին բաց է. ոչ ոք չկա, առավոտյան ժամը 8-ը դեռ չկա։ Մենք այս նորոգ եկեղեցում «Սեբաստացիներ» երգչախմբով երգել ենք։ «Ճաշոցն» ու գրաբար Նոր Կտակարանը բաց են, դրված և… Ես սիրում եմ ինքս ինձ համար գրաբար բարձր կարդալ… Եկեղեցու բակում Իջևանի ամենանշանավոր ծառն է. ըստ ցուցանակի նա ապրում է 1890 թվականից. եզակի վերաբերմունք մեզանում ծառի նկատմամբ։ Սա Իջևանի նշաններից է։

Իջևան քաղաքը նոր նշաններ ունի, որ թողել են «Ստեղծողի մոբիլ դպրոց» կրթական ծրագրով սեբաստացիները 2013-ի աշնանը. մեկ ամիս կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցի նկարիչ-ձևավորողները Լուսինե Մանուկյանի, Արման Գրիգորյանի և Հերիքնազ Գալստյանի (հեյ-հե՜յ, ո՞ւր եք, ձա՛յն տվեք) հետ ապրեցին, գործեցին Իջևանում. ահա Անկախության պողոտայի 27 մետրանոց ձևավորված պատը և Իջևանի, պարզվում է, միակ կամարանցումը, որ հիմա հայտնի է ոչ այնքան իր միակությամբ… Նիկոլի հետ մանրամասն նայում ենք վիճակը։ Հարգելի քաղաքապետն անելիք ունի. որպեսզի սրանք մնան նշաններ, քաղաքային հարակից շատ բաներ պիտի ենթարկվեն Արման Գրիգորյանի գեղագիտությանը. ոչ թանկ ու իրագործելի այսօր, նախագիծ…

Մենք ճեմում ենք Իջևանի նշանավոր պուրակով, որտեղ քանդակների ցուցադրությունն է, միջով Աղստևն է անցնում… Այգին եզակի ու բացառիկ հնարավորություններ ունի որպես միջազգայնորեն հայտնի բաց-գրավիչ հանրային տարածք պահպանվելու համար… Ահա մենք մեր քանդակագործ ուսուցիչ, Իջևանի 2013թ. արվեստի փառատոնի համակարգող Հերիքնազ Գալստյանի քանդակի մոտ ենք։ Հուզվում եմ. առողջություն քեզ, սիրելիս, նոր նախագծեր… Հերիքնազը կվշտանա՝ իմանալով, որ հանրապետության էկոնոմիկայի նախարարության փոքր և միջին ձեռներեցության հիմնադրամի այս ծրագիրը, որի 2013թ. ծրագրի շրջանակում են արված իմ թվարկած նշանները, շարունակություն չի ստանում 2014-ին։ Սա այն դեպքում, երբ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը գործուն հետաքրքրված էր սրանով… Քաղաքապետ եմ ասել, է՜, վերցնի մի հավաք-քննարկում կազմակերպի այգում, կանչի մեզ, կգանք, անպայման կգանք… Դը Գոլ գեներալն ասում էր, ես կրկնում եմ կրկին՝ սահմանափակումներն ստիպում են ընտրել խելամտության ճանապարհը. մեր դեպքում՝ սկսված հեռանկարային գործը ընդհատել-կասեցնելը չէ, այլ նախագիծը ճաշակով ու տնտեսող մտքով նորացնելն է՝ նրա իրագործման մեջ նոր շահառուներ ներգրավելով։ Գլխավոր գործող անձը եթե իջևանցին չէ՝ մեծ ու պստիկ, ունևոր-չունևոր, հայտնի-անհայտ, ներկա-բացակա, էլ ո՞ւմ համար արվի, ինչո՞ւ, ինչպե՞ս…

Այգու ծայրին մի հարմարավետ սրճարան կա, ու մենք Նիկոլի հետ կլոր սեղանի ենք։ Նիկոլը վաղուց երևանցի է, բայց ես կարևորում եմ, որ Նիկոլն իր ճանաչումն օգտագործի Իջևանի քաղաքային միջավայրի նորացման, զարգացման ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար, ավելի շատ ժամանակ հատկացնի Իջևանին…

Այսպիսի այգի, փաստ է, Երևանում չկա, ու այգին օգոստոսի 3-ի կիրակի օրով, կեսօրին, դատարկ է… Ո՞ւր են Իջևանում հանգստացողները, ինչո՞ւ մենք նրանց չենք հանդիպում… Ընտանեկան հանգստի կազմակերպումը, որպես փոքր ձեռնարկություն, շատ դանդաղ է շարժվում տեղից… Ամենուր թանկ, մեկը մյուսից «շքեղ» պանսիոնատներ են, ինչո՞ւ իջևանյան, դիլիջանյան, Տավուշի գյուղական կացարանները չեն կարող, ասենք, երևանյան ընտանիքների հանգստի համեստ-մատչելի-մարդավարի կազմակերպիչներ դառնան: Ես, օրինակ, միշտ հնարավորությունից անկախ, կընտրեմ-ընտրում եմ այս ձևը: Շնորհակալ եմ Փաշինյաններին մեր ընտանիքի հանգիստը այնքան տպավորիչ-սիրելի կազմակերպելու համար, որ Դավիթն ահա արթանցել է ու Իջևան է ուզում. տնով մեկ Էբիին է ման գալիս, դուրս է եկել բակ. «Կարմիր լոլիկ եմ ուզում հավաքեմ… Պապա, ես Էբիի հետ նկարվել եմ… Պապա, ես քո հետ ուզում եմ գնամ Իջևան ման գալու… Միացրու՝ Էբիի հետ խոսեմ…»։

Սեբաստացի, Միջին դպրոցի 8-1 դասարանի Նորայր Գալիկյանի «ափսոս»-ը՝ «Ափսոս, որ ճամբարն ավարտվում է», ինձ գոհություն է պարգևում, ինչպես սրանից հետո՝ Կուրթանի «Հնեվանք» ճամբարի յուրաքանչյուր օրը։

Արևիկն օգոստոսի 7-ին մաթեմատիկոս-պարուհի Անահիտ Բեկյանի ջոկում մեկնում է Կուրթանի «Հնեվանք» արշավախմբային ճամբար։ Արևիկը պատրաստության մեջ է. գիտի ճամբարի 2-րդ հերթափոխի յուրաքանչյուր մասնակցին, այս օրերին ճամբարի մասին նյութ է դիզել։ Այնպես չէ, որ Արևիկն օգոստոսյան ճամփորդության ընտրություն չուներ։ Ուներ, և ընտրությունը կանգնել է Կուրթանի վրա։ Կուրթան, դու Կուրթան, դեռ ինչեր կբերեն սեբաստացիները քո հմայիչ գլխին։ Անահիտն ինձ հիացնում է։ Երջանկությունը, Արևիկ, այսպիսին է լինում՝ Անահիտի ջոկում, քո ընկերների հետ 5 գիշեր-6 օր Ձորագետում… Ինձ որ թողնեին, ես հրեն, իմ պահարանից ուսապարկս ու քնապարկս կառնեի ու հայդե՜, Կուրթանի Ձորագետ, լողայի, կպառկեի գետի ափին, քարերի վրա… Էլի լողայի Ձորագետում, էլի պառկեի գետի քարերի վրա ու տաքանայի… Իսկ իրիկվա կողմ Կուրթանից իջնեի Հնեվանք, նստեի եկեղեցու բեկորներից մեկի վրա ու նայեի Ձորագետի քարափներին, իմ հայացքի մեջ առնեի Ձորագետի կիրճի անհունը…

Ուֆ, ձեզ պիտի պատմեմ իմ տեսած Սևանի մասին, հա՞… Դրան մենք Դավթի հետ իջևանյան խմբով մոտեցանք։ Սևանից ծուխ էր փչում, մասնավոր լողափը խորովածանոց է ասիական. «այստեղ բոլորն ասիացիներ են»՝ սրա՜նք, իրենց մուզի՜կը, հագուկա՜պը, ու ծո՛ւխը, ծուխը… Իմ եղբայր Ստեփանն ուշադիր է իմ նկատմամբ. շուռ եկանք ու Սևան քաղաքին հարող ափը որոշեցինք փոխարինել դեպի Գավառ տանող ափով։ Բազում անուններ. առաջին պատահածը, ամենահամեստը, ու նորից… վանող, ոչ լողափային տեսարան։ Սրա անունը Սևա՞ն է։ Սա իմ վրա նույն ազդեցությունն է գործում, որպես հանրային տարածք, ինչ 500 հոգիանոց պճնված հարսանիքը, որ մեր առօրյան է դարձել… Սևանն այսպես հեշտ չենք հանձնի. դեռ կվերադառնանք, հետևեք իմ գրին։

Ինձ փոխանցել են, ես փոխանցում եմ հիմա Դավիթ Բլեյանին՝ լեզու, հավատք, հայրենիք… Կենդանի լեզու, լեզվագործունեության, խոսքի բոլոր ձևերով, հավեսով (խաղալով). իմ խոսքը՝ բանավոր ու գրավոր, Թումանյանը ինձ ու Դավթին ինքնաբավ են դարձնում. ես շա՜տ եմ խոսում՝ ամեն ինչի մասին խոսում ենք (մտավոր կրթության գործիք է խոսքը), ես Թումանյան եմ կարդում, պատմում, Թումանյան եմ լսում՝ Դավթի Թումանյանը: Մենք շատ ենք լսում կենդանի, առույգ, աշխույժ, մայրական կաթի նման անաղարտ երաժշտություն. սրա անունը Կոմիտաս է: Ես Դավթի հետ խնամում եմ, հավաքում, մաքրում, ճամփորդում եմ, հիանում. սրա անունը՝ Դավթին հիացնող այս աշխարհի՝ իր արևով, լուսնով, մայրամուտով, արևամուտով, բլուրով, գետով քչքչան, ձիանքով… Կուրթանում և Իջևանում, Ծաղկունքում և Բջնիում… (մենք շատ հյուրեր ենք ընդունում և այցելում ենք հնարավոր շատ) Հայաստան է: Սրա անունը Հայաստան է, Դավիթ: Մենք «Հայր մեր» ենք լսում, «Առավոտ լուսո», էլի շարականներ, մանկական-ժողովրդական երգեր (Կոմիտաս), որ իմ ու Դավթի հոգուն են հասնում… Մենք ակնածանքով, անաղմուկ մտնում ենք եկեղեցի, Պատարագ ենք լսում, ժամերգություններ (պատառիկներ, իհարկե)…: Սա Հիսուս Քրիստոսի հաստատությունն է, իսկ Քրիստոսն իմ Ուսուցիչն է: Ահա ինչու՝ ես շփոթվում եմ, երբ ինձ ուսուցիչ են անվանում. ահա իմ Ուսուցիչը՝ Հիսուս Քրիստոս, իմ հերոսը, իր ուղղորդող աջով…

Շաբաթներ առաջ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իմ հրապարակային արված հարցադրմանը՝ Հայաստանում ունենալ ռազմամարզական պատանեկան ճամբար, օպերատիվ արձագանքեց. «Գնացե՛ք, տեսե՛ք, առաջարկե՛ք»: Արցախում հաջողությամբ գործում է «Ասպետ» ռազմամարզական ճամբարը: Ասկերանի Բալուջա գետի ափին, անտառում, հետախուզական վաշտի հարևանությամբ գործող պատանեկան ճամբարին չորրորդ տարին մասնակցում ենք նաև սեբաստացիներս` կրթահամալիրի ավագ դպրոցների 10-12-րդ դասարանցի տղաներով: Հայաստանյան ճամբարը, մեր պատկերացմամբ, կընդունի նաև աղջիկներին, բաց կլինի, իհարկե, արցախցի պատանիների համար, կունենա նաև ընդգծված ուսումնավարժական բաղկացուցիչ՝ իր հայրենագիտական-բնապահպանական նախագծերով: Գլխավորը, որ պատանին իրական շփում ունենա այսօրվա բանակի մասնագիտորեն պատրաստված ու կիրթ սպայակազմի հետ, նրան որպես ուսուցանող ընկալի, բանակը` որպես նաև ուսումնական միջավայր, զինծառայությունը՝ կրթությունը լրացնելու հնարավորություն նաև:

Գորիսի բանակային կորպուսում մեզ սպասում են. գնդապետ Հարությունյանը, նաև բանակային առաջին կորպուսի հրամանատար գնդապետ Փարվանյանը, կարևորում են «Նոր ասպետի» ծունդը՝ վստահորեն ուզում են, որ արագ ընթացք ունենա: Մենք կստանանք կորպուսի աջակցությունը, իսկ Կարմրաքարի շինությունը նախարարի հրամանով շատ արագ գործուն տեսքի կբերեն, կկահավորեն: Մարտական պատրաստության վիճակ է ամենուր, մեր հանդիպում-քննարկումներն էլ սրան համաչափ են, գործուն, կոնկրետ:
Գորիսից Կապանի ճանապարհը բռնեցինք. Կարմրաքարը, գիտեք, Գորիսից 46 կմ է հեռու, Կապանի ճանապարհին, 20 կմ այս կողմ: Սա նախկին հայտնի արհմիութենական «Կարմրաքար» հանգստյան տունն է, որի առանձնացված շենքերից մեկը՝ նորոգված դատարկ, կարծես իր բարձունքից զանգում է՝ հե՜յ-հե՜յ ասպետներ, որտե՞ղ եք, ծուլություն-անգիտություն թոթափեք, դուրս եկեք մեյդան՝ կոփվելու, ասպետի կյանքով ապրելու: Կորպուսի առանձին հետախուզական գումարտակի հրամանատար փոխգնդապետ Վահագն Հակոբյանը մեզ ընդունեց, կորպուսի հրամանատարի դրված առաջադրանքը՝ ամբողջ շենքին, տարածքին, տեղանքին, խնդիրներին ծանոթանալ, իր օգնականների հետ կատարեցինք օպերատիվ ու մանրակրկիտ: Վահրամ Թոքմաջյանը, ով Արցախի «Ասպետ» գիտակների ակումբի ու մրցաշարերի հայրենագիտական-ազգագրական գործունեության ուրույն փորձ ունի, միշտ էլ հետաքրքրված է եղել մեր այս առաջարկի շուտափույթ իրականացմամբ, և հիմա իր գոհունակությունն ու պատրաստակամությունը չի թաքցնում… Դե, Ռուդիկ Սահակյանցի տնտեսական գործունեության տարիների էջերը մի քանի մարդու կենսագրության կբավարարեն… Վահագն Հակոբյանի հետ զրույցը նրա զինվորական առանձնատան բակում, հենց «Ասպետ»-ի հարևանությամբ (Վահագնը ասաց. «Տեսե՜ք՝ անունը շենքին արդեն կպավ») հուզական երանգով մտավ իմ (մեր) անմոռաց տպավորությունների դարանը…

Քիչ առաջ, մինչ գումարտակի հրամանատար Վահագն Հակոբյանը մի խմբով նախազգուշական գործողություն էր ղեկավարում, մեզ տեղանքից մեկ ժամով փախցրին մեր սեբաստացի շրջանավարտ Մամիկոն Եղիազարյանն ու իր հայրիկը` Դավիթ Բեկ գյուղի աշխատավոր Էռնեստը… Ինչպե՞ս էին իմացել… հալալ է մեզ մեր աշխատանքը… Դավիթ Բեկում ենք, ահա և մյուս սեբաստացին, երկրորդ դասարանցի հմայիչ Էլենը իրենց խորոտիկ մայրիկ-հարսիկը, տան մեծ մամը… Էռնեստի հետ զրույցին ես առաջիկայում կանդրադառնամ, իմաստուն-գործուն մարդ է, բայց ահա բաժակով ասվածը փոխանցում եմ սիրով՝ ուղղված Մամիկոնի սեբաստացի ուսուցիչներին. «Դուք մեզ անծանոթ միջավայրում հարազատի պես մոտեցաք, արդար-մարդավարի վարվեցիք մեզ հետ, մենք ձեզանից շնորհ ու կրթություն ստացանք… Հիմա բաց եմ թողնում, բայց պիտի գաք, մենք խոսելու շա՜տ բան ունենք…»: Եթե ունենք, եղբայր իմ Էռնեստ, շարունակելու գործ, իսկ մեր այս սպասված հանդիպումը չէր կայանա այսպես, ուրեմն կհանդիպենք, որ գործը շարունակություն ունենա: Գոհունակություն ստացա. մայրս կասեր. «Շամխալ, փառավորվեցի», հուզվելու աստիճան: Ճանապարհ ենք ընկնում. երկա՜ր է:

Կիրակի է, ու մենք գնում ենք Ծաղկունք. մեր հայտնի ճամփորդական խումբն է՝ Ստեփան հորեղբայր, Շուշան քույրիկ, Դավիթ ու հայրիկ. «մայրիկը տատիկին կսրսկի, կբժշկի, հետո կգա Ծաղկունք»,- շարունակ կրկնում է Դավիթը: Սևանի նշանավոր դարձած-դարձող Ծաղկունք մենք մտնում ենք Գագարին ավանով, Գեղամավանով, որպեսզի հատուկ կանգառ անենք Սևանա լճից սկիզբ առնող Հրազդան-ջրանցքի (կանալի) ափին… Այսպիսի ծավալով ջուր ամեն վայրկյան, օրը 86400 վայրկյան թողնում է Սևանն անվերադարձ… Իմ նման մարդը պիտի արդեն արած լիներ, ընկներ ջրանցքի ափով ու քայլեր, տեսներ՝ ի՞նչ է դառնում, գործում Սևանի ջուրը, ինչպե՞ս է օգտագործվում, տեսներ-խոսեցներ Սևանը «ցամաքացնողներին»՝ որքանո՞վ են անհրաժեշտ, խնայող ծախսերը, բնապահպանական ի՞նչ խնդիրներ են առաջանում… Ի դեպ, էկոտուր 2015-ն ընդգրկելու է այս հարցադրումները՝ սրանք դարձնելով ուսումնական:
Ջրանցքն օտարված է Գեղամավանի մարդուց, սա երևում է: Իմ մանկության մի կարևոր հատված անցել է Ղռերում, կանալում: Ես ու Ստեփան եղբայրս հաճույքով հիշում ենք՝ ինչպես էինք լողում, ճեղքում Ղռերի կանալը, ընթացքից մետաղալարերով բարձրանում կանալի բետոնապատ թեք պատերով…

Գեղամավանի մարդկանց խոսքից էլ իշխանությունների հասցեին միայն փնթփնթոց-դժգոհություն է թափվում, ընկնում ջրանցքը, գնում… Այ օտարո՜ւմ. օտարացումը, թշնամացումն այսպիսի տեսք ունի՝ մարդը մարդուց, մարդը երկրից, մարդը իր Սևանից, նրա ջրանցքից ու ջրից, նրա խնդիրներից: Այն, ինչ մանանա է թվում՝ գյուղի միջով անցնող Սևանի ջուրը, որ պիտի այլ դարձների գյուղն իր իրականությամբ ու գյուղացուն, հոգս է դարձել՝ վտանգավոր գոյություն, որում իր երեխաներն են խեղդվում։
Աղաջանյան երեք եղբայրների, նրանց հիմնած «Դար» հիմնադրամի, նրանց ծննդավայր Ծաղկունքի, «Ծաղկունքի բաց դպրոց» նախագծի մասին իմ օրագրում ես պատմել ու պատմելու եմ: Կրթված-ընդունակ-հմայիչ եղբայրներ. արդեն հայտնի գործարարներ, տեսեք ինչպիսի ծավալուն-հետևողական սոցիալական-մշակութային նախագծեր են իրականացնում՝ մնալով մատչելի յուրաքանչյուրին, մասնակից իրենց ու Հայաստանյան այլ նախագծերի բոլոր փուլերում… Եվ որքա՜ն կորցրած մարդու այստեղ կհանդիպես… մեր Նորայր Այվազյան-Սպարապետը, ով ղեկավարում է «Ծաղկունքի բաց դպրոցի» դիզայնի ուսումնական նախագիծը, ներկայացրել է տպավորիչ ցուցադրություն Ծաղկունքի իր սաներով, ինքն էլ ներկա է՝ իր մոսկովյան հմայիչ աղջիկ Ամալիկով, նրա Տիգրանով, Դավիթ որդով ու նրա նորածին որդով՝ այսպիսի ընտանիքներ փառատոնին շատ հանդիպեցինք… Գոհունակության ևս մի օր, փառքդ շատ լինի, Տե՛ր: Աղաջանյանների մայրիկ Սվետլանա Հակոբյանի ինձ փոխանցված ոգևորվածությունն ամենաուժեղ տպավորությունն է այսօր Ծաղկունքից։ Ես չէ որ Սվետլանային պիտի ներկայացնեմ հայաստանյան հասարակությանը։ Նա բեղուն գրիչ ունի, բազում գրքերի հեղինակ է, ճարտարապետ Համլետ Խաչատրյանը, ով նկարչությունից ինձանից ավելի լավ է հասկանում, ոգևորված խոսում էր Սվետլանայի նկարներից։ Այսպիսի տղանե՜ր, թոռներ, այսքան շնորհնե՜ր ունեցող կինը, թվում է, պիտի միայն վայելի ու վայելի, բայց, տես, որքան թեթև նստեց մեզ հետ գետնին, սուփրա-սեղանի շուրջ ու պատմում է երևանյան իր նոր կլինիկայից, առողջության պահպանման նոր մոտեցումից։ Միշտ գործուն, միշտ հմայիչ ու միշտ պատրաստակամ Սվետլանա Հակոբյան, մեր ժամանակի կին-գործիչը։

Կարևորը մարդն է ու նրան՝ հարազատ մարդուն, չկորցնելը. ճամփորդների մեր խմբով մենք այցելում ենք մեր ավագ եղբոր պատվելի կնոջը՝ մեր ավագ հարս Ռոզալիային, իմ եղբորորդի Պետրոսի կնոջ, Ռոզալիայի, Յուրոյի, Էդուարդի հետ Դավիթը խրախճանքի ժամեր է ունենում…

իսկ օգոստոսի 20-ին, ժամը 08:30, համեցեք մեր 2014-2015 ուստարվա շրջանավարտացու 16-17 տարեկան պատանիները կմեկնեն ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ ստեղծած Կուրթանի «Հնեվանք» վրանային ճամբար՝ դաշտային նախաբանակային պարապմունքները Ստեփանավանի զորամասի աջակցությամբ անցկացնելու… Հինգ գիշեր, վեց օր՝ միասին, գեղատեսիլ Ձորագետում՝ լող, հրաձգություն, վերելք, արտակարգ իրավիճակում գործելու հմտություններ, բնապահպանական-հայրենագիտական նախաձեռնություններ, մարզական-տեխնիկական հնարներ, դաշտային խոհանոց ու կյանք…

Արդեն երրորդ անգամ օրվա մեջ՝ այս անգամ «Հնեվանք» դաշտային ճամբարից բարձրանալիս, Երևան հարկադիր վերադարձի ճանապարհին մենք աջ ենք քաշում Յուրա Գանջալյանի մեքենան ու մեր՝աստղագետ Լևոն Արամյանի ասած բնական դիտակներով դիրքավորվում։ Կարինե Պետրոսյանի ընտրած ամենակետն է՝ Ձորագետը, Կուրթանի կանյոնը, Հնեվանքը… Ամերիկյան մեծ կանյոնը դրեցինք կողքին, խամրեց. արմանք-զարմանք-զմայլանք… Ձորագետի ափին, հեռու-հեռու, մեր աստղադիտակով երևում են տկլոր մարդիկ, որ հերթական ինքնամոռացումի մեջ են՝ մեր ճամբարականները։ Գոհություն ու փառք։

Ինքնամոռացումի այնպիսի պահ, ինչպիսին քիչ առաջ դաշտային խոհանոցում էր, երբ ճամբարականներով միասին համով-հոտով մեր Հիմնական դպրոցի խոհարար տիկին Նունեի պատրաստած բորշն էինք վայելում, մսով, բրնձի փլավը՝ լոլիկ-վարունգի աղցանով, մրգի թարմ կոմպոտ, կամ երբ հավաքվեցինք ճամբարի էստրադայում՝ համերգի. իմ վարած ամենաուրբաթներից մեկը, Ձորագետի աջ ափին, անտառի ճամբարային բացատում կամ մեր դեմ փռված լողափում… Գետում կլողան, չեն շտապի, մայրամուտի հետ կբարձրանան դանդաղ, ո՜ւր ունեն շտապելու, իրենց հարազատ դարձած դաշտային ճամբար, անտառում, անտառին մոտ… Դրախտն օգոստոսին ուրիշ ինչ կերպ էր պատկերացվում. մարդիկ՝ սեբաստացիներ՝ իրար նվիրված ուսուցիչ-սովորողներ, միասին Կուրթանի կանյոնի անհունում…
Արզական գյուղի միջից Բջնիի ցուցանակով սկսվող, Բջնի տանող ճանապարհը, Հրազդանի ափով, Հրազդանին հակառակ՝ ինձ ցասում է պատճառում։ Այսպիսի կիրճ, այսպիսի հուն, քարափներ՝ աջ ու ձախ, տեսանելի մոտ ու վեհ։ Կարդանք Տերյան միասին.
Ո՞ր երկրի սրտում թախիծ կա այնքան,

Եվ այնքան ներում – ո՞ր երկրի սրտում…
Որտե՞ղ են քարերն այնպես վերամբարձ
Ձեռների նըման պարզված երկնքին.
Որտե՞ղ է աղոթքն այնպես վեհ ու պարզ
Եվ զոհաբերումն այնպես խնդագին…

Ու այսքա՜ն կեղտոտ գետ, շատ ավելի, քան Աղստևը, այսպիսի թշվառ ափեր՝ մարդկային միջամտության հանցանքի-անճաշակության ցուցադրություն: Կառուցապատումն էլ՝ հովտի, հունի, կիրճի, քարափի, գետի՝ աստվածայինի արհամարհմամբ, անտեսմամբ. Անաստված դրություն ենք ստեղծել, բջնեցիներ… Էհե՜յ, Գրիգոր Մագիստրոս Պահլավունի Բջնեցի, սպարապետ Վահրամ Պահլավունու որդի, արի ու պարզիր քո կապն այսօր ապրողների հետ… Ես չեմ կարող պաշտպանվել՝ փակելով աչքերս. իմը չէ չտեսնելը կամ չտեսնելու տալը, համ էլ ես փնտրում եմ«Էկոտուր 2014-ին» ներկայացված, Բջնիի դպրոցի տնօրեն Յաշա Սահակյանի ղեկավարությամբ (լավ է, որ դպրոցի տնօրենը՝ լինելով հայտնի աշխարհագրագետ, բնապահպանական նախագծով իր սովորողների հետ գալիս, հասնում է Երևան, Բանգլադեշ ու այնքա՜ն կարևոր հանձնաժողովին ու բաց էկոտուրի տասնյակ ու տասնյակ մասնակիցների ոգևորված ներկայացնում Հրազդանի կիրճի մաքրման ուսումնական նախագիծը) իրագործված լուծումը՝ հանգստի գոտի գյուղի կենտրոնում, Զանգվի ափին… Ահա նա. տպավորիչ է Յաշա ջան, գոհությո՜ւն, թե չէ որոշել էի, կներես, Դավթի նման մի ծուռ բան էլ ես անել՝ թեքել մեքենայի ղեկը:

Յաշան իր՝ մեզ հարազատ դարձած ընտանիքով, դիմավորում է տոնական՝ չորս տարեկան դարձող Յաշուլը, միշտ պայծառ՝ Փայլուն կինը, հմայիչ-մարդամոտ Լուսինե և Արմինե հարսիկները, Սպարտակ և Արտակ առինքնող-բարեկիրթ տղաները, գեղեցկուհի թոռնուհիները` հինգ տարեկան Մերին և վեց տարեկան դարձող ու դպրոցին սպասող Էլինան: Մարդկային ինչպիսի՜ հարազատություն ու ընտանիքների ծավալվող բարեկամություն… Եվ Դավիթն արթնանում է: Հյուրասիրության սեղանն էլ, հատ-հատ նայում ենք, Բջնիի մշակույթը. տեղական-ընտանեկան արտադրության…

Հրազդան գետը երեսուն մետրի վրա է, մենք արահետով իջնում ենք երկու անգամ: Անմիջապես, Դավիթն ուզում է տեսնել հարևան՝ էլի Յաշայի, ում թոռի անունն էլ Յաշուլիկ է (100 մ² վրա չորս Յաշա, ի՜նչ խաբար է…) ուլիկներին: Հիմա՝ չորս ուլիկ 3-4 ամսական… Իսկ գետում (մամա ջան, ի՜նչ կեղտոտություն) ճչում են, խրախճանք ապրում տասնյակ սպիտակ սագիկ-բադիկներ: Դավիթը մի բոլ քար է նետում Բջնիի իր ընկերների հետ գետը. չլը՜մփ, չլը՜մփ… Ես ուզում եմ՝ Դավիթը տեսնի իրիկնային Զանգուն: Տեսնում է. «Հայրի՜կ, ես չէի տեսել, սա իրիկնային Հրազդանն է»:

Քչքչում է, խշխշում մութի մեջ Զանգուն (լսեցի՞ք բանաստեղծությունը. Դավթի հեղինակածն է, երբ վերադառնում ենք…), իսկ հեռվում, բարձունքից Հրազդանին է նայում լուսավորված Սուրբ Սարգիսը… Մամա՜ ջան, ինչպիսի՜ դրախտային կացարան կարող էր լինել Բջնին… Ի՜նչ անշնորհք հանրություն ենք մենք…

Երկրաշարժի՞ հետևանքներ՝ Ռյա-Թազայից Սպիտակով Կուրթան, մինչև Բջնի ու այդպես Հայաստանով մեկ։
Եթե նկատեցիք, ես իմ գիրը երկու կտորով, երկու տարբեր ժամերի ու վայրերում եմ գրել… Գիշերվա 02-ի, 03-ի արանքում, Յաշայենց խոհանոցում. դժվար էր գրվում, մարսվե՞ց… Եվ առավոտյան 07-ին, Յաշայի երկրորդ հարկի աշխատասենյակում… Շշմելու դիրք ունի տունը, ապրի երկա՜ր ու շե՜ն-շե՜ն մնա իր ստեղծած գերդաստանը:

Անսպառ թեմա է, բայց ամեն ճամփորդություն հարկադրում է անդրադառնալ: Ապարանի սարահարթին, նրա խուզած-լերկ լանջ ու ստորոտներին կարող եմ երկա՜ր նայել, անջատվել: Չի հաջողվում. բնակավայր բնակավայրի հետևից, սկսած՝ բուն Ապարան քաղաքից, շարունակած մինչև Սպիտակ ու Վանաձոր՝ մինչև Ստեփանավանի թունելով կանաչ աշխարհ փախչելը… Մինչև Կուրթան ուզում եմ այս ճանապարհի ողջ երկայնքով մարդու կառուցած աշխարհիկ մի շինություն, մի միջամտություն գտնել, որ չի զայրացնում ցավեցնելու աստիճան: Չի՛ք: Եվ որքա՜ն ավերակներ, տասնյակ տարով մոռացված-լքված շինություններ, պարիսպներ՝ տգեղ-անհարկի, անավարտ, անտեղի-անիմաստ ու անհեռանկար կառույցների հերթագայություն… Որքա՜ն գյուղատնտեսական նշանակության հողեր օտարվել-ամայացել են: Վիճակն այլ չի դառնում, երբ Երևան-Վանաձոր մայրուղով մտնում ես Վանաձոր՝ շարունակում դեպի Ալավերդի կամ Դիլիջան… Ես ուրախանում եմ, որ մարդու միջամտությունը, նրա կառույցը չկա. հենց կպավ, հենց ինչ-որ բան կառուցեց, այլանդակում է բնություն-միջավայրը՝ իր գետ-գետակով-առվակով, կիրճով-հունով, բլուրով-դաշտով-անտառով…Շինարար ժողովուրդ… ասել է թե՝ շինող-թողնող-մոռացող… Այսպիսով՝ մեզանում խնդիրը կառուցելը չէ, այլ չկառուցելը, չմիջամտելը. հենց կառուցեցիր, միջամտեցիր, բնությունն ավերվում է. դու կորցնում ես հայրենիք: Ես պատրաստ եմ շինություն առ շինություն, միջամտություն առ միջամտություն արձանագրել, ֆիքսել, չափագրել, անձնագրավորել… «Հայաստան» համահայկական հիմնադրամը, նոր ֆոնդեր ու բարեգործականներ պիտի ոչ թե կառուցելով, այլ ավարտուն-անավարտ կառույցների հավաքել-սրբելով զբաղվեն:

Տեսե՛ք: Սպիտակի երկրաշարժը կարճ ժամկետում (1988-1991թթ) ողջ գոտու հարյուրավոր հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ վերածեց շինհրապարակների, որոնք 1991-92-ից այս կողմ նույն վիճակում, որպես շինարարական-արտադրական տարածքներ կան… Ի՞նչ անել, ինչի՞ն սպասել: Ինչ պիտի կառուցվեր՝ կառուցվել է, ինչը պիտի օգտագործվեր՝ գործածվում է. ի՞նչ անել այս ավերակների հետ: Պիտի վերադարձնել նրանց մինչշինարարական վիճակին՝ մաքրել հողատարածքը, դարձնել հող: Եվ սա հենց մարդկանց միջոցով, որպես աշխատանք՝ հանրային ու վճարովի:

Այսպիսով՝ երկու տեսակի ավերակներ. մեկ՝ երկրաշարժի ավերած թողած կառույցները, երկու՝ կիսակառույցներն ու արտադրական հանգույցները: Երկրաշարժ էր նաև 1990-96թթ. սեփականաշնորհումը: Ճիշտ ու սխալը, հաջողությունն ու բացթողումները հիմա չեմ քննարկում. կա ասենք՝ Սպիտակ-Վանաձորի կիլոմետրեր ձգվող, նախկինում՝ արտադրական գոտին: Քանի՜ տարի պիտի այս սարսափազդու վիճակն իշխի Հայաստանում:

Ուռաա՜, վերջապես… Բջնիից վերադառնալիս Չարենցավան հասած կամ քիչ անցած տեսանք՝ հզոր շինարարական տեխնիկան (իսկ Դավիթը Շուշանի ծնկներին քնած է) քանդում է խորհրդային շրջանից ծանր մնացած ատադրական լքված տարածքը… Ես կենդանանում եմ, հափշտակվում։ Շուշանը չի կարդացել իմ օրագիրը. կկարդաս, Շուշան։

«Ինչ են անում, հայրիկ, ինչո՞ւ են քանդում»։ Չեն քանդում, կառուցում են. արտ կամ այգի են կառուցում, հողն ազատագրում են մեր թշնամուց։

Մենք Բջնիում ենք, Բջնիի դպրոցի տնօրեն Յաշա Սահակյանի՝ մեզ հարազատ մարդկանց տանը՝ գերդաստանի հետ Ս. Մարիամ Աստվածամոր վերափոխման տոնը նշելու: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Բջնիի Ս. Աստավածամոր եկեղեցու համար ուշքս գնում է: Մենք այստեղ պիտի երգենք «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբով. սեբաստացիներ բոլոր տարիքի, որտեղ էլ որ լինենք, նեղանալ չկա, ումի՞ց ենք նեղանում, հայրենիքի՞ց, նեղանում ենք, որ հիմքեր ստեղծենք մայրենին թողնելու, նրա խնամքը թոթափելու համար… Իմ այցով ես պատրաստում եմ նաև մեր ուխտագնացություն-ելույթները…

Յաշայի ուղեկցությամբ, մեզ միացել են նաև Շուշան Բլեյանը, Արաքս Գևորգյանը, Արմեն և Վահրամ Մարտիրոսյանները… Ուխտագնացներով շարժվում ենք դեպի Սուրբ Աստվածածին… Յաշան ոգևորված է, պատմում է, ներկայացնում Բջնին… Ես՝ հիացած-զմայլված Բջնիի քարափներով, Հրազդանի կիրճով, կոնկրետ-հաճախ միջամտում եմ՝ քանդեք Յաշա, ո՞նց ես հանդուրժում այս, հենց հիմա մաքրեք, թո՛ղ ամեն ինչ, ընկե՛ր, սրանով զբաղվիր՝ երկիրը, նրա դրախտ անկյուն Բջնին մաքրիր ու մաքրիր… Անհնար է միայնակ: Միասին ենք անելու: Բա հո ուտուշ-խմուշի չենք եկել, գործընկերների հանդիպում է:

Մեր ճանապարհն անցնում է Յաշայի և իր դպրոցի բարձր դասարանցիների «Քաղաքացիական կրթութունը և տնտեսագիտությունը դպրոցում» USAID-ի դասընթացի ծրագրով վերջերս իրականացրած նախագծով՝ գյուղամեջի Հրազդանի ափով փռված հանգստի գոտով… Վերջապես ես հանգստանում եմ…

Վերադարձը մեր նորից անցնում է այս գոտով, ու ես ողջունում եմ Երևանից եկած հանգստացողների խմբի. նստած են Յաշայենց կառուցած տաղավարում, օջախի համար նախատեսված տեղում կրակ են անում, քիչ այն կողմ մեծ քարափի տակից աղբյուրն է բխում՝ խմի՛ր, չես կշտանա, էլի այն կողմ՝ նախանձ շարժող նորակառույց զուգարանն է, ոտքերի տակ՝ մաքրված Զանգուն, դիմացդ՝ Բջնիի նշանավոր Բերդը, այս անկյունից երևում է Ս. Աստվածածնի եկեղեցու գմբեթը, շուրջը արի՝ չտեսնված քարափներ տես, շուռ մի արի, թեքվիր ու բարձրացրու աչքերդ՝ գետում, սարերի մեջ նորից քարափներ… «Սա Բջնին է, հայրիկ»: Կամրջի մի կողմում զոհվածների հիշատակի հուշարձանն է, որի տարածքը «Սեբաստացի հայրենագետներն են մաքրել Մարթա անունով աղջկա հետ», – նշում է Յաշան… «Մեր էկոտուրի մասնակիցները Զիկատարի Ճամբարից շատ գոհ են,- շարունակում է Յաշան, – ուժեղ խումբ է, արի միասին Էկոտուր 2015-ն անենք, իմ սրտով է այդ գործը»։ Նաև դրա համար եմ եկել, հարգելի գործընկեր Յաշա:

Կամրջից այն կողմ… Մեքենաների անշնորհքություն՝ շչակներ, այլանդակ աղմուկ (երաժշտություն է կոչվում). ինչո՞ւ չէր կարելի փակել եկեղեցի տանող նեղլիկ ճանապարհը, հարգելի գյուղապետ, ինչո՞ւ չէր կարելի ոտքի հանել գյուղապետարանի ողջ փոքրիկ անձնակազմը, դպրոցի տնօրենի հետ ներգրավել տասնյակ պատանիների, հատուկ մաքրել գյուղատարածքը, եկեղեցու շրջապատը, որոշել մեքենաների կայանատեղին… Չէ՞ որ ավանդաբար այս օրը Բջնիում մարդկանց-մեքենաների թիվը եռապատկվում է… Ինչու՞ չի կարելի եկեղեցամերձ գոտին վերածել Բջնիում ստեղծվող մշակույթի ցուցադրություն-տոն-վաճառքի, ինչո՞ւ է հեղձուցիչ այս հոյակապ տաճարի մեծ սրահը, ինչո՞ւ բաց չեն պատուհանները, ինչու՞ է աղբյուրը ցամաք, ինչո՞ւ չի կարելի մոմավաճառությունն ու մոմավառությունը հանել եկեղեցու մեծ սրահից… Ախր, հարգելի եկեղեցասեր, քրիստոնյա հայ ժողովու՛րդ, մենք չենք եկել Տոնի Պատարագի մոմ վառելու, ես տանել չէմ կարողանում նրա հոտն ու հեղձուցիչ ծուխը, ես եկել եմ ընտանիքիս հետ Վերափոխման Պատարագը լսելու, խորհրդին մասնակից լինելու, եկել եմ հաղորդություն ստանալու, եկել եմ շփվելու Մագիստրոսի ոգու հետ…
Օրն է, բարկանալ չի կարելի. չե՞ս տեսնում, որ մեծ թվով մարդկանց համար Պատարագի օր չէ, եկեղեցում Պատարագի ժողովուրդը չէ։ Հավաքվել են, միասին մոմ կվառեն, հետո տներում կամ ձորով մեկ սեղան կգցեն… Մենք շարվում ենք եկեղեցու բակում՝ քարեր-նստարաններին. մեզ եկեղեցու միջավայրը, խորհուրդը, որ կրում ենք, միասին լինելու վիճակը, այս աջից բացվող բերդը, Յաշայի գիտակ ու հարազատ խոսքը շատ են ու քիչ չեն: Այ, տեխնիկական մատչելի լուծում, ու մենք պատարագին մասնակից կդառնայինք այստեղից… Ահա Սուրբ Ներսես Շնորհալու«Խաղողի օրհնության աղոթքը».

Եվ արդ, Ո՛վ Տեր, նույն օրհնությամբ, որով օրհնեցիր Քո կողմից ստեղծված բարի արարածներին առաջին արաչությանդ ժամանակ, օրհնեցիր նաև երկրորդի ընթացքում, օրհնիր նաև այժմ Քեզ նվիրված նորոգված տարվա երախայրիքի այս պտուղը` խաղողի ողկույզները…

Յաշան, Փայլուն մեծ հարսն ու Լուսինե փոքր հարսը պատվական սեղան գցեցին մեր աչքի առաջ՝ ներկայացնելով Բջնիի կենցաղի ու խոհանոցի մշակույթը: Սեղանն իր խորհրդով մեզ գոհություն է պարգևում: Մսի հետ և՛ Փայլունը, և՛ Յաշան վարվել գիտեն: Կուշտ կերանք: Յաշան իր խոստումը պիտի կատարի. 5-6 կմ Բջնիով բարձրանում ենք, Հրազդան գետի ձախ ափով դեպի վեր՝ Սոլակ, Հրազդանի ակունքներ… Ինձ հարազատ, մանկությունից եկող անուններ. իմ հոր բոլոր պատմությունների մեջ, իսկ հայրս պատմել և՛ սիրում էր, և՛ կարողանում, Սևանի ավազանի Գավառին հարևան Մարտունու, Գավառ-Երևան ճանապարհի գյուղերը կային… Քաղսու հետ կապը հուզական է. այստեղ երկար տարիներ մինչև 1941-ը՝ համաշխարհային պատերազմ մեկնելն ու անհետ կորչելը, դասավանդել է իմ անզուգական Զալիբեկ հորեղբայրը, անզուգական՝ բոլորի պատումներով… Քաղսիում, իր աշակերտների մեջ, հանդիպել, սիրել և ընտանիք է կազմել Արաքսյայի՝ իմ հորեղբոր ազնվազարմ կնոջ հետ, լրագրող Արաքսյա Թադևոսյանի ազնվազարմ տատիկը, ով միայնակ ինչպե՜ս պահեց իր մատնաչափ Լյովային ու Մարսելին… Հերոս կինը հենց Արաքսյա հարսի, մայրիկի, տատիկի պես է լինում… Հորս բոլոր պատմությունների թիվ մեկ լսողը ես եմ եղել՝ սեղանի մոտ, թե մեքենայով ճամփորդելիս: Իսկ անջուր, բայց Զանգու սկզբնավորող Սոլակ գյուղ ես դեռ կբարձրանամ…

Յաշայի խոստացած անակնկալը կայացավ շփոթ առաջացնելու աստիճան. իրոք 5-րդ կմ-ի վրա մի գոգավորություն է ձևավորվում, վայր, որտեղից սկսվում է Սոլակի նշանավոր ուխտի ճամփան։ Ահա Ս. Աստվածածնի տոնի՝ Սոլակի ուխտավորների շարանը բարձրանում է ու բարձրանում դեպի իր Սուրբը… Աստվածամոր շնորհներն իբրև ցող երկնքից իջնեն բոլոր կանանց ու մայրերի վրա…

Ահա այդ ուխտի սարից քչքչում է տպավորիչ աղբյուր, Քաղսիի կողմից գետակ-աղբյուր Սոլակի բարձունքի տակից առավել քչքչան աղբյուր, և այս երեք աղբյուրներն իրար են խառնվում քո աչքի առաջ ու առաջացնում զուլալ Զանգուն, ջրառատ ու մաքուր գետ, որ Բջնիում, ընդամենը 5-6 կմ-ի վրա աղբատար գետ է դառնում… Այս կետում, որտեղ հիմա Յաշայի, Շուշանի ու Արաքսիկի հետ կանգնած ենք մենք, Զանգվի այս վայրի զմայլելի ակունքի քարափին, լավ կլինի կանգնի յուրաքանչյուրդ… Շուշան Բլեյանն այնքան հավանեց, որ Զանգվի մասին պատումը սրանով չավարտվեց… Սկսվեց: «Ես այստեղ ճամբար կգայի. ինչու այստեղ սեբաստացիների համար ճամբար չես բացում, հայրիկ»։ Այս ամբողջ ընթացքում ես չես հաղթահարում մեղավորության զգացումը, որ Դավիթը մեզ հետ չէ. քունը գլխին մեր տղային խնայեցինք, թողեցինք Յաշայենք տանը, իզո՜ւր։ Խնայել, ասել է՝ զրկել։

Մենք էլի գալու ենք, շատ ենք գալու սեբաստացիներով… Էկոտուր 2015-ին մենք դուրս ենք գալու Սևանից սկիզբ առնող Հրազդանի ջրանցքով ու անցնելու ենք կանալի հետ իր ողջ ընթացքը… Նկարելու ենք, նկարագրելու և պատմելու: Նույն կերպ հետևելու ենք Զանգու գետի ընթացքին՝ ծնունդը Քաղսի ավազանից, մինչ Արաքս ու Կասպից ծով…

Ես, Արմինեն ու Դավիթը մեկ օրով ներխուժում ենք Գավառի Մուխան (այժմ՝ Ծովազարդ) գյուղ. ովքեր հետևում են ինձ, հավանում իմ ճամփորդական պատումները, ուշադիր եղեք, որ առաջինը կարդաք՝ ինչե՜ր եք լսելու…

Սևանը, հայտնի է, բարձր լեռնային լիճ է, խմելու ջրի ամենամեծ ավազանը, այնքա՜ն մեծ, որ առանց նրա Հայաստանը դադարում է մարդաբնակ լինելուց: Այստեղից էլ, թվում է, թելադրված պիտի լիներ Սևանի՝ Սևանա լճի, Սևանի ավազանի, Սևան թափվող 28 գետ-գետակների, Սևանա լճից սկիզբ առնող Հրազդանի ջրանցքի նկատմամբ մեր վերաբերմունքը… Լուրջ, ուսումնասիրված-հաշվարկված, օրինական-կանոնակարգված, Սևանի ավազանում բնակվողի, Սևանին առնչվող յուրաքանչյուրի վարքն ու բարքը որոշող, փաստորեն վերահսկելի…

Այդպես չէ, հայրենակիցներ, անլուրջ է, այնպես, որ Սևանի խնդիրը չի դառնում արդեն հանրային. կառավարության մի որոշումով կարելի է ջրի մակարդակն իջեցնել, ասենք, 10 սմ-ով, հետո բարձրացնել… Մի քանի տասնյակ էկոլոգների-հետազոտողների դիմադրությանն է թողնված Սևանը… Ու չգիտես էլ՝ Սևանի մասին գրվող նյութը, տարածվող տեղեկատվությունը հանրորեն պահանջվա՞ծ է, ո՞վ կարդա Սևանի մասին այս գիրն ու ի՞նչ արձագանք ունենա:

Առիթն այս անգամ Սևանին հանդիպելու՝ Մուխան (Ծովազարդ) գյուղ ընտանիքով երկօրյա այցելությունն է: Գործածում եմ «Մուխանը». այնքան «ծով»-ով սկսվող բնակավայրի անուն կա հորինած, ինչպես «Ծովազարդը»։ Մուխանը կարճ է ու ինձ հարազատ։ Իմ հոր բոլոր զրույցներում Մուխանը կար. Գավառ-Սևան-Երևան ճանապարհն անցնում էր Մուխանի միջով, հիմա մայրուղին շրջանցում է Սևանի ավազանի գյուղերը, ու դրանց դու մնում ես անհաղորդ, ես, օրինակ, Մուխանում եմ առաջին անգամ:

Մուխան այցելության հիմքում, իհարկե, Հայաստանի բոլոր անկյուններում, բնակավայրերում, առանց բացառության, լինելու իմ հաստատակամությունն է. Հայաստանը, իհարկե, իր չափերով ու բազմազանությամբ, մանրամասն սիրելու արժանի է… Ու ամեն տեղ ես լինելու եմ Դավթի հետ. իմ ժառանգին անձամբ պիտի ներկայացնեմ իր խնամքին-պահպանությանը-շենացմանը հանձնվող իշխանությունը՝ սա քո Հայաստանն է, Դավիթ, քո ծննդավայրը, քո բնակավայրը, քո պետությունը… Հանրահայտ (ես ներկայանում եմ, հավելյալ միջնորդի կարիք չունեմ) Աշոտ Բլեյանը գործում է ուղղակի, կարճ ճանապարհով. զանգում է դպրոցի տնօրենին, գյուղապետին կամ բնակավայրի այլ ներկայացուցչի, բարևում, խնդրում 1-2 օրով ընդունել իրեն ու իր փոքրաքանակ ընտանիքին (3-4 հոգի): Մերժված չեմ եղել երբեք ու չեմ էլ լինի… Սա, կարծեմ, մեր Պարույր Սևակի տողն է, որ հիմա եկավ… Եվ ինձ չսիրելն անկարելի է նույնքան…
Մուխանի դպրոցի տնօրեն Նվեր Գալստյանի արձագանքն իմ զանգին թարմ էր, անմիջական… Հենց մենք ազատվում ենք արհեստականության սահմանափակումներից, որքա՜ն մարդկայնորեն գրավիչ ու անսահման ենք դառնում…

Փնտրում ենք Մուխանում Նվերենց տունը ու մարդ ենք փնտրում, որ հարցնենք… Գյուղի տարածքում ոչ միայն մարդ չի հանդիպում, այլև բաց-անկողպեք տներում էլ իսկի շունչ չկա: Հետո պարզեցինք, որ մեծ ու փոքր բոլորը ցերեկվա ժամերին սարերում, հանդերում են, արտերում, դաշտերում, Սևանի ափին, իրենց բան ու գործին. և դա լավ է, Մուխան:

Մեզ դիմավորում է Նվերի հայրիկը՝ կոկիկ, ձիգ, իմ անձը (զգացված եմ) կարևորած Բաբկեն հայրիկը՝ տան անառարկելի հեղինակությունը, իր ժիր-ժպտերես-գործունյա կնոջ՝ երկարամյա դասվար Ժենյա մայրիկի հետ… Խորոտ-հմայիչ հարսը, մոր-հոր երկու կտոր երիտասարդ աղջիկները՝ Ազատուհին, Սիրարփին, 6-րդ դասարանցի ժառանգ Հակոբը՝ իսկական ժառանգ, ով մնում է տանը՝ հորը փոխարինելու… Նվերենք հարսանիքի են Նորատուսում, Սիրարփին հարսնաքույր է, ես նախօրոք գիտեմ, ու ընտանիքը, հոյակապ ամբողջություն, կիսվում է հարսանքավորների ու հյուրընկալողների…

Նվերը, ով Բաբկենի ու Ժենյայի 6-րդ զավակն է՝ հինգ աղջիկներից հետո, իսկական նվեր է եղել ծնողների համար ու շատ համապատասխան անձ է իր անվանը… իսկական նվեր՝ Մուխանին էլ, մեզ էլ:

Բաբկեն կրտսերը, Գավառի համալսարանի մագիստրոս Ազատուհին ինձ, Դավթին ու Արմինեին, մեր պնդմամբ, գյուղի ոլոր նեղ ճանապարհներով ուղեկցում են ծով… Մուխանի լողափերից մեկը… Ես սիրում եմ դաշտից հավաքած քար քարի դրած ու բնական ցանկապատ դարձած այս գծերը…

Գյուղապետ ջան, մուխանցիք, որ իրար հետ պայմանավորվեք, մետաղ-բետոնյա անշնորհք պարիսպները հանեք, տեսեք՝ սրանով ի՜նչ էսթետիկա կմտնի Մուխան։ Բաբկեն կրտսեր, դո՛ւ պետք է էն հոր ժառանգը լինես, սկսիր քո տանից, դու ժառանգի լավագույն որակներ ունես։ Տեսեք՝ ո՜նց է ոչ միայն տիրապետում ինտերնետին միացրած համակարգչին, այլև օգնում է ուսուցիչ մայրիկին, հորաքրոջը, հորը, տատին ու պապին, ո՜նց է լողում, ո՜նց է ավագ եղբայրություն անում Դավթին, որքան կիրթ ու անմիջական է մեզ հետ… Ազատուհին այնքան բնական-հետաքրքիր ներկայացավ մեզ, որ դարձավ սեբաստացիների ներկայացուցիչը Գավառում։ Տիկին Ժենյան՝ Դավթի Մուխանի տատիկը, հիշում է Մուխանում բնակվող մեր «թուրքերին» (ադրբեջանցիներին), գյուղի անունն էլ՝ Հաջի-Մուխան: Հետո երկար ժամանակ գյուղի պաշտոնական անունը դառնում է Մուխան, առանց Հաջիի… Բայց 1990-ին գյուղի անունը իբր հայացվում-սարքվում-կոչվում է՝ Ծովազարդ… Այսպես սրբագրո՞ւմ ենք, հա՞, մեր պատմությունը։ Լավ, «հաջին» հասկացանք, Մուխա՞նը մեզ ինչ էր արել։

Ծովի այս զարդը 25 տարում… Սրան, իհարկե, կանդրադառնանք…

Մուխանում, Սևանի ափամերձ մյուս գյուղերում… Խեցգետինները, գիտեք, ազգային որսագողության «մութին մեջ», որպես իսկական գիշատիչներ, կերան լճի ձուկն ամբողջությամբ, բազմացան, կերակրեցին ազգս, սկզբում՝ սեզոնային, հետո արտադրվեցին, դարձան շուրջտարյա մեր ուտելիքն ու, խնդրեմ, ամենուր են, մատչելի յուրաքանչյուր երևանյան «Սիթիում»… Մուխանում խեցգետնի արտադրությամբ՝ նրա որսով, լողավազաններում նրանց շուրջտարյա պահպանմամբ, արտադրամասերում դրանց մշակմամբ, առաքմամբ զբաղված են շատերը, շատացող շատերը… Սևանի ամենամեծ գործատուն է խեցգետինը հիմա… Եվ ի՜նչ հոյակապ տեսարան՝ հուլիս-օգոստոսին, շաբաթ-կիրակի-արձակուրդի օրերին ազգս խեցգետին է չրթում ու ինչ միս ընկավ ձեռքը՝ շարում-շամփուրում. Սևանի ափն ամենամեծ խորովածանոցն է… տարածաշրջանում…

Սևանում յուրաքանչյուրը ցանկացած վայրում կարող է «դոմիկ» դնել, խորոված անել… Ուրիշ խնդիր է, որ ընդամենը 20-25 տարի առաջ Սևանը մատչելի էր յուրաքանչյուրին, ափերը (հիմա թվում է՝ յուրաքանչյուր թիզը) մասնավորեցված չէին: Այն ժամանակ էլ, հիմա էլ Սևանի ափը մեր այլանդակ-անվերահսկելի կենցաղի վայրն էր, վայրն է. արի, վճարիր, մեքենադ «Փիրուզյա»… «Ջրահարս»… (ի՜նչ անուններ են. մեկը հանգստյան գոտի կոչվածների անունների, հայտարարությունների բառարան կազմի, ա՜յ քեզ ճաշակ) լողափին, ջրի պռնկին կանգնեցրու, դոմիկ-բեսեդկա վերցրու, մուզիկը՝ մաշինի, քոքի ու խորովածը բոլոր ձևերի մեջ ծխեցրու… Այս ո՞նց համատեղելի, ազգային միասնության, համերաշխության այսպիսի երրորդություն կազմեցին հայ մարդու հանգիստը, լեռնային թագուհի, խմելու միակ ավազան Սևանի ափը, ու մուզիկով խորովածը… Մամա ջան. զայրույթն ինձ համակում է, կատաղության հասցնում, ես չեմ ուզում լսել-տեսնել-խոսել…

Մուխանում անցկացրած մեկ գիշեր-երկու օրն այսպիսին էին. բնակվում էինք-տեղավորվել էինք Մուխանի Գալստյան Նվերի՝ որդի Բաբկենի և հայր Բաբկենի, տանը-բոստանում, ոտքով (շատ հարմար, օգտակար-հայրենագիտական-առողջարարական-ճանաչողական է) կամ (հյուրընկալողի պնդմամբ) մեքենայով իջնում էինք լողափ կամ քարափ։ Լողացինք-զմայլվեցինք-խոսեցինք, Դավիթն ու Բաբկենը լավ խաղացին։ Կենցաղը՝ տիկին Ժենյայի անզուգական մածնով, հաճարի փլավով-խորովածով, Նվերենց տանը, նրանց հարմարավետ բոստանում:

Սևանի ափն անհրաժեշտ է մաքրել կենցաղից, մուզիկից-ուտուշխմելուց, կենցաղը տեղափոխել Սևանա լիճն օղակող մայրուղուց այն կողմ՝ Սևանի գյուղերը, դրանց վարչական տարածքները, Սևանի ափամերձ գոտին պիտի դառնա ծխազերծ, բուդկա-բեսեդկազերծ, լողի, մարզանքի, ջրային խաղերի, ընթերցանության, անձայն հանգստի գոտի՝ Սևանի Լճաշենից սկսած, եթե Գավառ-Մարտունու ուղղությամբ եք շարժվում, կղզուց սկսած, Ծովագյուղով, եթե Ճամբարակի ուղղությամբ եք շարժվում: Ես սրանում համոզված եմ: Ահա «Հայաստան» համահայկական հիմնադրամին կամ Համահայկական զարգացման բանկին վայել, ազգը (Հայաստանում, թե նրանից դուրս) համախմբող, հեռանկար ունեցող և այդ հեռանկարով ապրող երկրին արժանի նախագիծ: Թեմա է, ի՜նչ թեմա… Ի՜նչ հավեսով ես այս նախագիծը կղեկավարեի՝ ի՜նչ շնորհքով-սիրով-գիտակցումով…

Գեղարքունիքի մարզի նախկին Գավառի (Քյավառի), Մարտունու, Վարդենիսի շրջանների տարբերությունները այս 20-25 տարում ոչ միայն շրջան-շրջխորհուրդ-շրջկոմների վերացմամբ, հողի-տնտեսության մասնավորեցմամբ չվերացան, այլև յուրովի դրսևորվում են: Նուրբ թեմա է: Ես, գիտեք, ծնվել-մեծացել եմ Երևանում, ավելին՝ ես երևանցի եմ, հայաստանցի, իմ հայրը, մայրը Գավառի գյուղերից են։ Մեր ազգագրական բազմազանությունն ինձ համար փաստ է, ու ես ձգտում եմ ի բարին գործադրել… Հումորը, մարդկային հարազատությունը, մեզանում անհրաժեշտ են, ինչպես երբեք: Իմ հայրական ընտանիքում, իմ մեծ, քյավառցի եղբոր շրջապատում շատ էի լսում՝ Մարտունին Գավառի ու Վարդենիսի արանքում փուշ է… Մյուս եղբայրս՝ Գագիկը, ով երկար տարիներ աշխատում-ղեկավարում էր սոցիալական ծառայություններ, շփվում էր և լավ գիտեր Հայաստանի բոլոր շրջանները՝ իրենց ժողովրդական առանձնահատկություններով, խասյաթով, Մարտունիում բնակվող ժողովրդին բարձր էր դասում… Կան ցուցանիշներ, փաստեր, և դժվար չէ ցույց տալ՝ ով ով է: Իմ նախարար եղած շրջանում ես պարբերաբար հանդիպում էի ուսուցչական լսարանների հետ. մարտունեցիների կարծիքը և´ կողմ, և´ դեմ՝ հարգելի էր, մարդիկ տեղյակ էին նյութին, կարդացել էին իմ ամենավերջին ելույթները: Այդպես էր և Արցախում: Իսկ Գավառում ինձ զարմացնում էր լասարանի անտեղյակությունը, կարևոր չէր իամանալը, իրենք գիտեն (դեմ են, ասել է, էն գլխից)… Սրանք թողնենք ու դառնանք այսօր ակնհայտին… Գավառ ու Մարտունի քաղաքների կյանքը՝ աշխույժը համեմատեք, ինչպես Գավառի իմ սիրելի խնամուհին ձևակերպեց՝ Քյավառ մարդ չի մացե, հմեն գացել են… Համեմատեք իրար հետ Մարտունու ու Գավառի գյուղերը… Գավառի գյուղում հիմքից կտրում են, գերդաստանով-տնով գնում, մարտունեցին խորհրդային շրջանից արտագնա աշխատանքով իր հիմքը թողնում է գյուղում, այդ հիմքը կառուցում… Երբ անցնում ես Սևան-Վարդենիս խճուղով, Մարտունու գյուղերն առանձնանում են իրենց կառուցապատումով… իրենց մշակած տնամերձներով… Ի դեպ, անհրաժեշտ են իրոք գիտական ուսումնասիրություններ. այսօր, դա իր ընթերցողն էլ կունենա, մեկը, օրինակ, ես։ Էլ չեմ ասում դրանց գործադրման հեռանկարները… Խորհրդային շրջանում ադրբեջանցիները Մարտունու որևէ բնակավայրում չէին ապրում, Վարդենիսը կիսով չափ ադրբեջանաբնակ էր, Գավառում էլ, ահա, համատեղ կյանքի արձանագրություններ՝ տեղանուններն են փոխում: Կարևոր ցուցանիշը, իհարկե, ներդրումների ծավալներն են՝ արտագնա աշխատանքով ստեղծված միջոցների աշխարհագրությունը, դրանց հայաստանյան նշանակությունը:

Դժվար է ապրում Մուխանցին. շատ չեն, երևի, տարբերությունները Գավառի մյուս գյուղերից, երեք երեխա մեծացնելու ծախսերը, նրանց ուսումի տալը, այսօրվա հագուստ-կապուստը, ես համոզվեցի, անգամ աշխատանք ունեցող ամուսինների պարագայում, խնդիր է, որ պահանջում է՝ տնօրեն-ուսուցիչ-նախկին ուսուցիչ զբաղվեն գյուղացիական տնտեսությամբ:
Աշխատանք չունեցողը երազում է այս կայուն 100 հազար դրամի մասին, իսկ ունեցողը, ահա, ստիպված է մեկ կյանքի մեջ երկու տարբեր գործունեություն տեղավորել… Սա մեզ ծանոթ մեկ ձեռքով՝ երկու ձմերուկի պատմությոնն է, կամ համազգային համակեցության բանաձև «յոլա»-ն…

2014-15 ուսումնական հայրենագիտական նախագծերի ճամփորդությունների, պլեներների, ստեղծագործական հավաքների ուսումնական ճամբարների մեկնարկը տրված է: Լսեցի՞ք: Հետո՝ «Բարձրունքների հաղթահարում» բացառիկ նախագիծը, որ մեր ազատատենչ-Ստեղծագործող Ոգու դրսևորումն է ու ծնունդը, ու սեպտեմբերի 21-ի անկախության տոնն է առիթը, «Հանրակրթական Էկոտուր 2015»-ը՝ իր մինչև ապրիլյան նախապատրաստական աշխատանքներով, 2015թ. ապրիլյան բաց հավաքով, 2015թ. ճամբարներով՝ նվիրված մեր անփոխարինելի Սևանին՝ իր ավազանով, նրա մեջ թափվող գետերով, նրանից սկիզբ առնող ջրանցքով, Հրազդան գետով…

Խոստովանում եմ, որ այս օրերին ես մտքով Սևանում եմ՝ Դրախտիկում, «Ժայռ» հանգստյան գոտում. Սևանա ծովն ինձ կանչում է այս եղանակին. խաղա՜ղ, ես ուզում եմ թափառել նրա ափերով… Ես չեմ կարող երկար խռոված-անհաշտ լինել անզուգական գեղեցկուհու հետ…

Երևանյան առօրյայից փախչելու, երկօրյա, եռօրյա ուսումնա-հայրենագիտական ճամփորդության լավ հնարավորություն է ստեղծում մեռելոցը, եթե նրան դիտենք որպես պարգև ուսումնական… Այս օրերին Նառա Նիկողոսյանի հետ զբաղված էինք այդպիսի ճամփորդությունների կազմակերպմամբ։ Շնորհակալ եմ, որ մեր սեպտեմբեր-հոկտեմբերի հավաքները կազմակերպելու համար սիրով, մեր գործընկերության ավանդույթով մեզ տրամադրեցին Հայ ազգային սկաուտական կազմակերպությանը (ՀԱՍԿ, խորհրդի նախագահ՝ Բագրատ Եսայան)՝ Բյուրականի սկաուտական ճամբարը, «Ժայռ» հասարակական կազմակերպությունը (ղեկավար՝ Ալեքսան Մինասյան)՝ Սևանի ճամբարը։

Ինքնակրթությունը և մասնագիտական միջավայրը հայագիտության իմ ուսուցիչները եղան 1979-1985 տարիներին. ես ջանասեր-ոգևորված սովորում էի: Թ. 10 դպրոցում Վարդգես Պետրոսյանի աջակցությամբ ստեղծված հայագիտության խորացված ուսուցման դասարանների համար հայագիտական հանրակրթական ծրագրերի կազմումը, դրանց դասավանդման համար մասնագետների որոնումը, մասնագիտացված միջավայրում (գիտահետազոտական կենտրոններ, թանգարաններ) հայագիտության խորացված ուսուցմամբ 9-րդ-10-րդ դասարանների իմ սաների գործնական պարապմունքների՝ ուսումնա-հայրենագիտական ճամփորդությունների, մասնագիտական փորձառության կազմակերպումը պահանջում էին, որ կարճ ժամկետում ծանոթանայի տասնյակ-տասնյակ հայագետ գործիչների՝ հայտնի ու ոչ այնքան, գոնե ինձ անծանոթ հայագետների՝ գրողների, արվեստի գործիչների, երաժիշտների, լեզվաբանների, գրականագետ-արվեստաբանների, պատմաբանների հետ… Բուռն, ինքնամոռաց գործումի, գրավիչ ապրումի տարիներ էին:

Ինձ հետաքրքիր էին նախ և առաջ իմ դասարանների ուսումնատենչ պատանիները՝ հմայիչ տղաներ ու աղջիկներ, ովքեր հաղթահարել էին դժվարություններ, յուրօրինակ պայմաններում հայագիտության մեջ խորանալու որոշում էին կայացրել… Մենք միասին էինք շաբաթ-կիրակի օրերին, դպրոցական արձակուրդների ողջ շրջանում. հայրենագիտությունը՝ մեկօրյա ու բազմօրյա, վրանային-հետիոտն ճամփորդությունների տեսքով, ինձ համար Հայաստանը, Արցախը, Ջավախքը շոշափելով-մանրամասն ճանաչելու, հայ գեղջուկի տուն մտնելու, նրան լսել-ճանաչելու բովանդակային դպրոց դարձավ իմ և իմ սաների համար… Այն, ինչ այսօր կրթահամալիրում արվում է որպես հեղինակային կրթություն՝ հայրենագիտությունը, կրթությունն առանց սահմանների, մոբիլ-ստեղծականությունը, ես հայտնաբերում էի՝ որպես մանկավարժություն և իրականացնում հայագիտական դասարաններում…

1982թ. 15 օրում վրաններով անցանք Շուշիից մինչև Տոնաշեն, Գանձասարով մինչև Ամարաս… Ելույթներով, Վահան Տերյանին նվիրված գրական-երաժշտական պատումներով արշավեցինք Ջավախքով, Ակսել Բակունցով անցանք Սյունիքով՝ Տաթևից մինչև Գորիս ու Հին Խնձորեսկ, Կապան, Թումանյանով՝ նորից բազմօրյա արշավով, գերեցինք ու գերվեցինք Լոռվա աշխարհում…

Մեռելոց-հանգստյան պարտադրված օրով արձակուրդն իսկական ուսումնա-հայրենագիտական դարձավ 100-ի չափ սեբաստացիների համար: Իհարկե: Սեպտեմբեր-հոկտեմբերը, ինձ համար՝ նաև նոյեմբեր-խոր աշունը, բնության ոսկի շրջանն է. տե´ս, կանչում է զնգալեն…

Կիրակի, դրանից առաջ՝ շաբաթ ու հետո՝ երկուշաբթի օրերին ես ուշի ուշով հետևում էի Սևանի «Ժայռ» և ՀԱՍԿ-ի «Բյուրական» կենտրոններում մեր սեբաստացիների 2-օրյա, 3-օրյա ճամբար-հավաքների գործնեությանը: Կեցցե՛ն Ազնիվը Հովհաննիսյան, Կարենը (Կայ) Խաչատրյան, Հասմիկը Թոփչյան, Տաթևը Աբրահամյան, բոլորը, որ հիշարժան դարձրին աշուն-սեպտեմբերը:

Սեպտեմբերի 21-ը, գիտեք, հայոց պետական տոնացույցում հատուկ օր է՝ Անկախության տոն, ոչ աշխատանքային օր: Եվ սեպտեմբերի 21-ը ենթադրում է կյանքի ժամերի հաշվարկի ու կյանքի իմաստի քննում, արածի հաշվետվություն. ինձ համար այսպես է, պարտադրում է: Ո՞ւր փախչես, ինչո՞ւ փախչես:

Մեր օրացույցում «Բարձունքի նվաճումն է», Կոմիտասյան օրերը, մեր հեղինակային կրթական ծրագրերի աշնանային (սեպտեմբերի 22-26) ստեղծագործական բաց՝ թվով 9-րդ հավաքը… Թեժ աշուն: Դիմացը հոկտեմբերն է՝ որպես մեր մոբիլ ու ստեղծական 25 տարիների տոնի պատրաստություն, ես ձեզ խոստանում եմ բուռն-կոնկրետ իրագործումների շրջան… Նախաձեռնության գինը՝ ծնողի, շրջանավարտի, ուսուցչի, սեբաստացու, որտեղ էլ որ լինի, կտրուկ բարձրանում է…

Ես, իմացեք, երբ դուք կկարդաք սեպտեմբերի 20-ի այս գիրը, Դավիթ Բլեյանի, Արմինեի ու Մարթա Ասատրյանի Էկոհայրենագիտական ակումբի հետ կլինեմ Մադինայում, Աստծո պարգև «Արմաղանի բարձունքի նվաճում» ուսումնական նախագիծը տեսեք քանի՜ սեբաստացու է այս ազիզ (այո՛, ազիզ) օրերին միավորում։ Քանի՜ բարձունքից քանի՜ սովորող, սկսած 1-ին դասարանից, քանի՜ սեբաստացի ուսուցիչ, ծնող, շրջանավարտ ու բարեկամ, ինչպես Մադինա սքանչելի գյուղի դպրոցը՝ իր տնօրենով, պիտի նայեն Հայաստանի Հանրապետությանը, քանի՜ բարձունքից… Ուզում եմ նույնը լինի հիացումը, գործը, Սեբաստացիների կոչնակը.
— Սա իմ հայրենի հողն է, ապրում եմ, սովորում եմ, գործում եմ, որ այն ծաղկեցնեմ:

Ես Մադինայում եղել էի երկու-երեք տարի առաջ՝ ուսուցիչների մեծ խմբի հետ։ Բայց ի՜նչ հաճույք էր Մադինայի 11-12-րդ դասարանցի՝ ինձ ուղեկցող յոթ-ութ տղաների և աղջիկների հետ այս վերելքը՝ առանց վարանելու, չնայած սաստկացող, կարկուտի հասնող անձրևին ու սառը քամուն, երկնքի գոռոց-գմբգմբոցին… Արմաղանը գրոհում էինք այսպիսի խառը խմբերով։ Որ շատ էինք՝ 50 և ավելի, դա երևաց Արմաղանի գագաթին կառուցված եկեղեցում արդեն։ Լավ էր, որ չտրվեցինք դպրոցի այնքան հոգատար տնօրեն Արտակ Կարապետյանի հորդորներին՝ հետաձգել նվաճումը կամ օգտվել շտապ օգնության դեր տանող վիլիսների ծառայությունից… Արմաղանը նվաճված է, ու ես իմ պատանի նոր ընկերների հետ հիացել եմ այս Հայաստանով, որ տարածվում է Արմաղան լեռան շուրջ, Մադինայով, Արգիճի գետի հովտով՝ մինչև Սևանա ավազան ու լիճ…

Սա Մադինան է, Դավի´թ:
Արմաղանը, Մադինան, Արգիճի գետը, Մադինայի մարդիկ, հատկապես սովորող պատանիները՝ Ներսես, Արեգնազ, Անի, Հասմիկ, Շուշան… Տնօրեն Արտակի ընտանիքը՝ իրենով, իր Խորեն հայրիկով, Սուսան տիկնոջով, Հասմիկով, որ բժշկական համալսարանի I կուրսի ուսանող է… Իսկական Հասմիկը ո՞նց է լինում. ես տեսա Մադինայում՝ նուրբ, սլացիկ, անձայն ու հմայիչ-հմայիչ. շատ Հասմիկների հանդիպեցինք Արմաղանում-Մադինայում, դրանց մեջ՝ նաև սեբաստացի Հասմիկ Ավետիքյանին։ «Անկախության տոն, հանրապետության օրերը» պարգև է դարձել մեզ համար«Բարձունքի նվաճում» ավանդական դարձած նախագիծը՝ ամեն տարի սեպտեմբերի 21-ին ու մայիսի 28-ին քանի՜ մեծ ու փոքր սեբաստացի քանի՜ բարձունք է նվաճում…

Սեպտեմբերի 21-ին պայծառ օր էր Մադինայում, և 84-ամյա Խորեն Կարապետյանը՝ բազմավաստակ լրագրողը, գրագետն ու երկրագործը մեզ հետ՝ Մադինայի բարձունքից նայում էր Լեռնահովիտ ու Մադինա գյուղերի սահմանը դարձած Արգիճի գետի օձապտույտին. շշմելու կիրճ, բազում գյոլերով և քարափներով մաքուր գետ, որ ձգվում է երկու կողմից՝ մինչև իր ակունքներ ու մինչև գետի ավարտը՝ Սևանա լիճը, որ հեռու-հեռվում, բայց կապույտ էր այնքան… Խորեն հայրիկի մաքրած-պատրաստած կիկլոպյան ամրոցում եղանք նրա ուղեկցությամբ. տեսեք՝ ո՜նց է քայլում ու դեռ Դավիթ Բլեյանին էլ գրկում։ Քարանձավներ, Արգիճի գետին նորանոր դիրքերից, բարձունքներից նայելու երկար ձգվող հնարավորություններ… Երկու նախագիծ, որ կուզենք՝ դառնա ավանդական ու մեզ կապի Մադինային ու մադինացիներին՝ գործընկերությամբ ու հայրենագիտությամբ.

• Մադինան գործուն կմասնակցի մեր էկոտուր 2015-ին, մենք կօգնենք մեր կարողություններով թիմին պատրաստվելու, Արգիճի գետն իր ակունքից (առաջացումից) մինչև Սևան թափվելը նկարագրելը, անցնելը… Մենք կլինենք միասին:

• Մենք Մադինա-Արգիճի-Արմաղանում կանցկացնենք հունիսյան պլեներ՝ մասնակցությամբ հնգյակ-խումբ կազմող հարևան գյուղերի՝ Վերին ու Ներքին Գետաշեններ, Գեղահովիտ, Լեռնահովիտ, Մադինա նկարիչ-ֆոտոնկարիչների, նվիրված Մադինայի ու Հայաստանի ամենատաղանդավոր, իր գործնեության շրջանում Հայաստանում ու Խորհրդային Միությունում հայտնի վաղամեռիկ նկարիչ-մանկավարժին՝ Ներսես Կարապետյանին…

Ահա, Արգիճի երկայնքով, քայլելով, որոր-մոլոր մենք հասնում ենք Ներսեսի անկյունին՝ նկարչի արած գործ… Ահա և նրա՝ այնքա՜ն խնամքով Ներսեսի եղբայրների ու մյուս հարազատների կողմից փայփայվող տունը, արվեստանոցը, Մադինայի անկյունը… Խոստովանեմ, որ երեք-չորս տարի ես հետապնդում եմ այս պլեները, բայց այս օրերի ընթացքում ես նվաճեցի նաև այդ արգելքը. իմ նոր ոգևորվող գործընկեր ու զարգացման ծրագրերի հարգն իմացող տնօրեն Արտակի հետ ձեռքսեղմում ենք իրականացնում բոլորի մասնակցությամբ, անգամ բացակա եռանդուն գյուղապետի… Ի՜նչ «լավ ենք մտածել» «բարձունքի նվաճումը»…

Մի գրում՝ երկու օր կուտակածը չես պատմի. ինչո՞ւ արագ անցնենք Մադինայի՝ որպես մարդկային յուրահատուկ համակեցություն, իրիկնային խարույկի շուրջը մեր հայրենագիտական ակումբի և մադինացիների քաղաքական զրույցի, համերաշխ գյուղական դպրոցի խնդիրների, Սելիմով մեր վերադարձի մասին, հատկապես, որ այդ նույն ժամանակ Շուշան Բլեյանը նվաճում էր «Դեպի բեմ» նախագծով մի այլ բարձունք։ Այս ամենի մասին՝ իմ վաղվա գրում։ Հետևեք տնօրենի բլոգապատմանը, եթե չեք ուզում բաց թողնել հայրենիքի մասին ականատեսի ամենաթարմ վկայությունները։

Եվ քանի որ այսօր մեկնարկում է մեր հեղինակային կրթական ծրագրերի աշնանային 9-րդ հավաքը, հավաքի ծրագրով Սուսան Մարկոսյանի հետ ներկայացնում եմ 2015թ. հունիսյան ուսումնական ճամբարի մեր նախագիծը՝ որպես իմ օրապատումի՝ հավաքի հավելված, Մադինայում ծնված, Մադինայից բերված։

Հունիսյան դաշտային-վրանային ճամբար.
Զարգացնելով ՀՀ ՊՆ հետ ամառային դաշտային ճամբարի մեր փորձը՝ նախատեսում ենք 12-օրյա 2015թ. դաշտային-վրանային հունիսյան ճամբարը։ Նախագիծը երեք հանգրվան կունենա, յուրաքանչյուրը՝ իր դաշտային-վրանային ճամբարով.
• Եղեգիս-Արատես-Հերհերի հարթակ՝ 4 օր,
• Մադինա-Արգիճի-Արմաղանի հարթակ՝ 4 օր,
• Սևանա լճի հայելի՝ 4 օր։

Այս ճանապարհը ես տեսել եմ 1989-1990-ին. ու խոստացել եմ Ձեզ, չեմ կարող իմ 60-ամյակի տարում չկատարել իմ խոստումը։ Ճամբարը կաշխատի ողջ ամառ և հայրենագիտական- էկոլոգիական, ուսումնա-հետազոտական աշխատանքի հնարավորություն կտա բազմաթիվ սովորողների և ուսուցիչների։

Ճամբարը կմիավորի կրթահամալիրի 2014-2015 ուստարվա բաց ստուգատեսների հաղթողներին՝ Հանրակրթական Դիջիթեքի, Հանրակրթական բնագիտական-տեխնիկական ստեղծագործության, մարզական, տեխնոլոգիական, «Ընթերցում ենք…», «Տիգրան Հայրապետյան», թարգմանական, երաժշտական, թատերական, կինո-ֆոտոյի, և Սևանի ավազանի, Մարտունու շրջանի, Եղեգիսի կիրճի, Վայոց ձորի կիրճի սովորողներին։

Հրապարակում եմ նաև ճամբարի, ստուգատեսների միավորող խորագիրը.
Սա իմ հայրենի հողն է, ապրում եմ, սովորում եմ, գործում եմ, որ այն ծաղկեցնեմ։

Արմաղան սարի գագաթին, լրիվ թրջված, մեզ պատսպարեց նորակառույց ոչ մեծ եկեղեցին: Եկեղեցում միասին աղոթեցինք, երգեցինք, կարդացինք. մթնոլորտը ջերմ էր, ես անկախության օրվա խոսք ասացի: Պետք էր շտապել, ու մենք քամոտ անձրևի հարվածների տակ իջանք սարից: Այս անգամ ինձ ուղեկցում էր Մադինայի սովորող պատանիների այլ խումբ` թարգմանիչ դառնալու որոշում կայացրած Հասմիկը, հոգեբան-բժիշկ ընտրության մեջ տատանվող Շուշանը, լռակյաց Անին…

Վայրէջքի այդ մեկ ժամը որքա՜ն անձաձրույթ, հետաքրքիր անցավ՝ ճանաչել տալով Մադինայի մարդուն՝ սովորողին, ուսուցչին, հողագործին, գյուղապետին։ Որքան էլ երեկվա իմ պատումի գլխավոր միտքը կրկնում եմ հաճույքով և առանց հայրենագետի չափազանցության՝ Մադինան, իր սարով, գետով, իր լեռնաշխարհով արմաղան էր՝ չքնաղ, որպես սպասված նվեր, ինձ համար ամենահետաքրքիրն ու գրավիչը Մադինայում գտնվելու ողջ ընթացքում Մադինայի մարդն էր:

Արմաղան սարի վրայի հայտնի լճակն ամբողջովին չոր էր՝ ոչ մի կաթիլ ջուր. Մադինայում պնդում են, որ այսպիսի բան լինում է յոթ տարին մեկ անգամ: Արժե ստուգել:

Իրիկունն ուշ, արդեն համով կերած, մենք հավաքվել էինք դպրոցի բակում, խարույկի շուրջ: Խարույկի տաքն ու ճթճթոցը հաճելի էին. մեծ թվով անծանոթ նոր պատանիներ էին հավաքվել: Ի՞նչ պիտի անենք. մեր հայրենագետները երգող-պարող չէին, ու միավորող դարձավ էկո-հայրենագիտական քննարկումը, որի թեման գյուղն էր՝ իր գլխավոր հերոսի՝ Արգիճի գետի ճակատագրով… «Պատանիներ չզբաղվել պոլիտիկայով», «եկեք քաղաքականությունից չխոսենք» կոչերին պատանիները տեղի չտվեցին, չընկրկեցին. կենդանի, լսելի, վստահ եմ, հարազատացնող խոսակցություն ծավալվեց… մարդու մասին, նրա այսօրվա խնդիրների ու լուծումների մասին։ Առաջին պլանում պայքարող, որքան էլ բարդ, նպատակը հետապնդող-հաղթող մարդն էր: Այնքա՜ն խնդիր կա մեր կյանքում, Մադինայում թե Երևանում, նրա Բանգլադեշում, կրթահամալիրում. պիտի խուսափել ձևական-կեղծ՝ դատարկ-բովանդակազուրկ-արհեստական ապաքաղաքական խոսքից, ունկնդրից, պիտի ծավալել քաղաքական՝ մարդու մասին խոսակցություն, երբ ասող-լսող կա իրական, իրական թեմա, խնդիր, որ մարդկանց հավաքել է: Իսկ խարույկը, հացի սեղանը, տրանսպորտը, ուսումնական պարապմունքը, գյուղով քայլելը-թափառելը դրա լավագույն տեղն է: Մադինան ներառող-բաց-բարյացակամ-տրամադրող միջավայր ունի, մարդկային է: Ամենուր է սա: Տները բաց են, անկողպեք, գողություն չկա, մարդիկ անմիջական են, հասնող, հեշտ զրույցի բռնվող, ընդառաջող…
Վաղամեռիկ, տաղանդավոր նկարիչ-մանկավարժ Ներսես Կարապետյանը, թեև հաշմանդամ, բայց կարողացել էր 80-ականներին Մադինային, նրա նկարչորեն օժտված երեխաներին միութենական ճանաչում բերել: Կարապետյանները՝ բոլորն իրար եղբայր-եղբորորդիներ, գյուղում շատ են, նրանց մեջ և՝ 11-րդ դասարանցի Ներսես Կարապետյանն ու գյուղի դպրոցի տնօրեն Արտակ Կարապետյանը: Տաղանդավոր նկարիչ-մանկավարժի սաները շատ են նաև հարևան Վերին ու Ներքին Գետաշենում, մեծ է Ներսեսի համբավը ողջ մարզում: Պիտի օր առաջ անձի ողբերգականության գործոնը դնել մի կողմ և առաջին պլան մղել լուսավորչին, նկարչին, մանկավարժին` իր գործով, պատգամներով, սաներով, իր դպրոցով, իր նկարչությամբ: Ո՞ւր է նրա ցուցասրահը, ինչո՞ւ գյուղը չունենա նկարների մշտական ցուցադրություն: Այնպես որ, 2015-ի հունիսյան ստեղծագործական-լուսանկարչական պլեները մեծ մարդկային աջակցություն կունենա…

Անքան անկեղծ-անմիջական-վառ են Մադինայի տպավորությունները, որ ես ուզում եմ 24-ամյա վաղեմության մի պատմություն անել, դրանով վերջնական-հաղթահարված ճանաչել խորը նստվածք թողած միջադեպը:

Գյուղական դպրոցի խնդիրներն ինձ ծանոթ են. Մադինայում, հարևան Գեղահովիտում, որտեղ մեզ նույն ջերմությամբ-պարզությամբ ընդունել էին անցյալ տարի «Հանրապետության օրեր. կենսամշակութային արշավի» օրերին, նույնն է վիճակը՝ արագությամբ մարող աշակերտական կազմ, սրան ուղեկցող պակասող ուսումնական ծանրաբեռնվածություն ու մանկավարժների կրճատում… ֆինանսական հոգեվարք… Ավելացրեք և անմխիթար շենքային վիճակը. լավ է, որ 2014-ի պետական հիմնանորոգման ծրագրով սկսվել են շենքի վերակառուցման, լոկալ ջեռուցման ցանցի կառուցման աշխատանքները… 1960-ական թթ տիպային, անորակ, այսօր Մադինայի գյուղի համար զըռ-անհարկի ծավալով այս շենքի շինարարական-բարելավման աշխատանքները 2015-ին շարունակել-ավարտելու անհրաժեշտությունը պահանջում է նաև նոր մոտեցում, նոր լուծումներ, հաճախ չտեսնված… Մենք սիրով կօգնենք. ես միշտ ցանկացել եմ մասնակցել գյուղական նոր դպրոցի ծրագրի մշակման և իրականացման աշխատանքներին։ Մադինայի օրինակով կարող ենք իրականացնել պիլոտային կրթական ծրագիր, որի կարիքը, վստահ եմ, հանրապետությունն ունի: Մենք մեր այս առաջարկի և առաջին պատումով ներկայացրածի մասին պատշաճ կտեղեկացնենք Գեղարքունիքի մարզպետին, ՀՀ կրթության և գիտության նախարարին:
Կրթությունը համագործակցության դաշտ է, որտեղ այս անգամ գլխավորը Մադինայի՝ գյուղի, դպրոցի նախաձեռնողականությունն է ու գյուղական դպրոցը նորացնելու համերաշխությունը: Ահա այս աշխատանքն է, որ կարող է միավորել մեզ բոլորիս Մադինայում և Երևանում, իսկ մադինացիք՝ ցանկացած կազմով, սպասված մարդիկ են կրթահամալիրի մեր Բանգլադեշում, հատկապես այս օրերին, երբ թափ է հավաքում մեր սեպտեմբերյան ստեղծագործական բաց հավաքը: Համեցեք:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«Ֆրեսկո» փառատոնի Հառիճի վրանային ակցիան

Տարատարիք սովորողների և ուսուցիչների մեծ խումբ պատրաստվում է «Ֆրեսկո» փառատոնի Հառիճի վրանային ակցիային… Հուլիսի 1-ը կյանքով լեցուն օր էր կրթահամալիրի Բանգլադեշում, ինչպես մինչհուլիսյան բոլոր օրերը… Մարգարիտ Հարությունյանը սովորողների ու նրանց ծնողների

Բասուտա-Խուստուփ-Ծավի՝ հավեսի աշխարհով

Շուշան Բլեյանի ծննդյան քսանամյակն առիթ դարձավ տպավորիչ լողի-հարազատության օր Սևանի ափին անցկացնելու համար, իմ ծննդյան օրը՝ անմոռանալի Արագածը կրթական շքերթով գրոհելու համար, Ուսուցչի օրն առիթ-նվեր-ներդրում դարձավ (շեն մնա մեր արհմիութենականը)

Ինչ կարդաս օգոստոսյան կիրակիով, որ վայել ու հարմար լինի, երբ…

Երբ չինացիներն ամենուր են՝ օդում, ջրում, ցամաքում… մեդիայում… Չինաստանից ու չինացիներից ամեն բան սպասում եմ. ինչե՜ր են անելու մեր ու մեզանից հետո եկողների գլխին, մենակ իրենք գիտեն, մեզ մնում է