Ինչքա՜ն հեշտ է 100-րդ գրից հետո. Ինքն իրեն գրվում է.

Թողել եմ ներքև, մեծ լերան տակին,
Ե՜վ փառքը, և՜ գանձ,
Ե՜վ քեն, և՜ նախանձ —
Ամենը, ինչ որ ճընշում է հոգին:
Եվ էն ամենը, արդ նայում եմ ես —
Տեսնում եմ նորից
Իմ լերան ծերից —
Էնպես հասարա՛կ, դատարկ են էնպե՛ս…
Եվ ես իմաստուն ու բեռըս թեթև,
Անհոգ ծիծաղով,
Երգով ու տաղով
Իջնում եմ զըվարթ իմ լերան ետև…

Հ. Թումանյան

Ամբողջական կիրակի ապրեցինք՝ ապաքինման կիրակի: Դավիթը, Արմինեն հաղթահարում են հազն ու գրիպը, ես խնամում եմ, ինքս ինձ հետ եմ՝ կտրված առօրյայից… կարդում եմ… մտածում… Երբեք մարդ այսքան զբաղված չի լինում, որքան պարապ ժամանակ… Ինձ դուր եկավ այս միտքը, թեև գրազ կգամ, ինձնից առաջ ինչ-որ մի հայտնի ասել է… Ինձնից էլ հայտնի՞… Երբ ես 1991-ի ձմռանը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ Իտալիայում էի, մեզ ընդունեց Հռոմի Պապը: Թերթերում, TV-ում տարածվեց լուսանկար, որը «Սեբաստացի» ներքին ցանցով (գիտեք, մենք միշտ արդիական հաղորդակցական ցանց ունեցել ենք) դարձավ յուրաքանչյուրի՝ հպարտությունից ծնված հումորի աղբյուր… «Սա մեր տնօրենն է, սա՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ այս մեկն ո՞վ է» կամ՝ «Սա մեր տնօրենն է, սա՝ Հռոմի պապը, իսկ այս մարդն ո՞վ է»։ Ես մեր սեբաստացիների համար ամենահայտնին էի… ինչպես հիմա… Եվ երբ ինտերնետը սկսեց յուրաքանչյուրի համար գործել որպես որոնողական համակարգ, ես հաճախ եմ սեբաստացիներին  դիմում՝ դուք կարող եք ավելի հայտնի դառնալ, քան Հռոմի պապը, անգամ ավելի հայտնի, քան ես… Մտածում եմ՝ սովորողների համար կարևոր է, որ իրենց տնօրենը հայտնի անձնավորություն է։

Շաբաթ օրվա մեր ճամփորդությունը Մեռելոցի երկուշաբթին խանգարեց. ավանսով բաները էսպես են լինում։ Որոշել ենք, Զանգուին հակառակ, Բջնիից սկսած, քայլելու ենք մինչև գետի ակունքը։ Ուզում եմ՝ վերջապես տարբերենք Հրազդան գետը Հրազդանի ջրանցքից։ 2015թ. Հանրակրթական էկոտուրը, որ նվիրված է Սևանա լիճ թափվող գետերին, կարող է ուղղություն հաղորդել 2014-215 ուստարվա մեր հայրենագիտական ճամփորդություններին։ Ճամփորդել… Ընկնել, ասենք, Արգիճի գետի հունով կամ ընթացքով դեպի ակունք… Կուզեի տասնյակ գետերի ակունքին հասնել քայլելով… Ինչպե՞ս ենք վերաբերվում լեռնահայաստան ստեղծող, մեզ պահող երկրագործ գետերին հայոց:

Ուզում եմ յուրաքանչյուրիդ, մեր բարեկամ, իմ բլոգապատման ընթերցողին հրավիրել Գեղարվեստի դպրոցում բացված «Գույնի և ռիթմի միջև» կոչվող ցուցահանդեսին։ Այս ցուցահանդեսը եռօրյա վարպետության դասընթացի արդյունք է, որ ղեկավարեց Գերմանիայից ժամանած արվեստագետ Գագիկ Բաբայանը: Նախագիծը Գյոթեի անվան ինստիտուտի նախաձեռնությունն է, որի նպատակն է Հայաստան հրավիրել Գերմանիայում բնակվող և ստեղծագործող հայ արվեստագետների, որոնց հնարավորություն է ընձեռվում Հայաստանի կրթական համակարգում, այս դեպքում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցում, փորձի փոխանակման վրա հիմնված դասընթացներ անցկացնել: Դասընթացին մասնակցեցին Գեղարվեստի ավագ դպրոցի 10-ից 12-րդ դասարաններում սովորողները: Դասընթացի և ցուցահանդեսի կազմակերպմանը աջակցեցին Գեղարվեստի ավագ դպրոցի դասավանդողներ Գագիկ Չարչյանը, Կարեն Մկրտչյանը, Արման Գրիգորյանը:

Ծրագրի համակարգող Եվա Խաչատրյանը՝ մեր սիրելի արվեստաբանը, Գրիգոր Խաչատրյանի դուստրը, կվկայի, որ սեպտեմբերին, ուստարին նոր սկսած, սա էլ 2-րդ երևելի նախագիծն է կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցում։ Օրեր առաջ մեծ հաջողությամբ մեր Գեղարվեստը մասնակցեց նախագծին, տեսե´ք, չեն դադարում արձագանքները… Այս մեկը, արդեն, Թուրքիայից՝ Հայաստանի հանրային լրագրության ակումբի և Թուրքիայի Անադոլու Քյուլթուրի կողմից  իրականացվող «Նկարիչների փոխայցելություններ» նախագծի ստամբուլյան փուլում սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի  3-ը Գագիկ Չարչյանը համակարգում է հայկական կողմի արվեստանոցը։ Թուրքիայում այս օրերին մշակութային մեկ այլ նախագծով գտնվում է մեր Գեղարվեստի հայր Գրիգոր Խաչատրյանը: Անհամբեր սպասում ենք Ստամբուլյան իրադարձություններին… Որքան էլ գործնականում դժվար է, բայց Հայաստանյան արվեստագետների միջոցով, ինչպես Եվա Խաչատրյանի, Սուսան Գյուլամիրյանի, մենք ավելի ու ավելի պիտի ընդարձակենք հանրակրթական կամուրջները, կամ կրթություն-մշակույթ առանց սահմանների կամ արհեստական սահմանափակումների… Կրթահամալիրի արվեստագետները Գեղարվեստի տանիքից սկսած կասկադի յուրօրինակ կրթական միջավայրի ստեղծման ուղղված մշակումներ են անում լեհ, գերմանացի, այլ արվեստագետների հետ։ Միջավայրն է առաջին ուսուցիչը, այո՞, հարցնում եմ, կնշանակի՝ յուրաքանչյուրս ոչ միջոցառումային, այլ ամբողջական-անդադրում պիտի բարելավենք մեր կրթական միջավայրը, այդ թվում, իհարկե, նյութական…

Կիրակի ողջ օրը մենք ներսուդուրս ենք անում, մեր բնակարանի ամենամեծ առավելությունը՝ մեծ, հարմարավետ, դեպի Նորքի բլուր հեռանկարով պատշգամբը ցուցադրելով շարունակ: Գիտեք, մեր՝ պատշգամբ տանող դռները միշտ բաց են, հարմար նաև հեծանվով ելումուտի համար, ես հետևում եմ, որ բաց և օդափոխված լինեն բոլոր սենյակները. Բաց, միշտ բաց պատուհաններ, ու դեպի պատշգամբ կանչող դուռ… Մի´ փնթփնացեք իբր վատ (էս ի՜նչ եղանակ է) եղանակից։ Դավթի հետ շարունակ  հետևել ենք Նորքի բլուրում, նրա շուրջ բնության զարգացումներին, հատկապես, իրիկունը ուշ, երբ ամպերը «դանդաղ ուղտերի» նման ծածկեցին ամբողջովին լուսավորված հեռուստատեսության աշտարակը… Բլուրն ու աշտարակը՝ ծածկույթի մեջ, Դավթի աչքի առաջ՝ քամի-անձրև… Վերջապես շոշափելի դարձավ աշունն այս, ու մենք մի շնչով կարդացինք ողջ Թումանյան պապիկի աշնանային շարքը…

Ես պատրաստվում եմ Արթուր Բախտամյանի «Չակերտներում» հաղորդմանը։ Հաղորդաշարում այսպիսի հարց կա՝ մի գիրք, ո՞ր գիրքը կառաջարկեք… Ո՞ւմ՝ Դավթի՞ն, բոլոր երեխաների՞ն. իհարկե, Թումանյան. մի ամբողջական, լուսավոր աշխարհ՝ կենդանի լեզվով ու հայրենիքով… Մի երաժշտություն կառաջարկեմ՝ Կոմիտաս՝ իր «Կաքավի գովքով». Կոմիտասի երաժշտությունը, ահա, մի նախադասությամբ, երեխաների համար, ինչպես «սիրունիկ, նախշուն կաքավիկ»՝ իր գովքով… Դավիթն ուզում է Կոմիտաս լսել՝ եկեղեցով, զանգերով, հիմա լսել, ու լսում է… Հետո իրիկունն ուշ քույրիկ Շուշանին սկայպով պատմում է… Ի՜նչ բնական, իրական զրույցի մեջ են մտել Շուշանն ու Դավիթը. ես կողքից հետևում եմ, երբեմն-երբեմն միջամտում… Դավիթը հեծանվից չի իջնում, ի՜նչ վարժ՝ նոր հնարքներ է ցուցադրում Շուշանին… Ժամ ու կես սկայպով, ժամ ու կես հեծանիվի վրա: Կրթահամալիրի և մանկական այգու այս հեծանվաճանապարհի նախագիծը, ես վստահ եմ, մեր շատ սիրելի, եռանդուն, նպատակասլաց Անահիտ Բախշյանի միջոցով ընդունել կտանք քաղաքապետարանին… Չնայած, ինչու՞է սա քաղաքապետարանի, ոչ թե Մալաթիա-Սեբաստիա վարչակազմի ղեկավարի գործը…

Շուշանն ինձ սիրուն շոր է ուղարկել, որ ես վաղը, իմ գրի 100-րդ թողարկման առիթով ակումբային ընդունելությանը պիտի հագնեմ, Դավթին՝ համով-համով ջեմեր… Ելակով ջեմի ամանը Դավիթը դրեց սեղանին, Շուշանի աչքի առաջ կերավ, ավարտեց, մի շնչով… Մնաց մի քանի շնչի սալորի, խնձորի, դեղձի… ջեմերը… Քույրիկ, պատրաստվիր…

2 thoughts on “Հայտնի, Հռոմի պապից էլ հայտնի, բայց սահման չկա”

  1. Էսքան գրեր կարդալ կլինի՞, որ ես եմ տարված կարդում, լրիվ Ձեր գրի գերին եմ դարձել, տիար․․․
    մենակ թե հիմա չասեք՝ վայ, կեղծավո՜ր․․․ամեն անգամ ու ամեն օր կարդում եմ, սպասում են նորին, տառերն էլ մի տեսակ փոքր են, աչքերս կկոցած ու քոռացած կարդում ու մտածում եմ, այ մարդ տեսնես կլինի՞ մի օր ես հոգնեմ ու էլ չկարդամ, բայց խելքս բան չի կտրում, դժվար էլ էդ օրը գա․․․ 🙂

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գիր կրկնակի մեռելոցի երկուշաբթիի, որ կոչեմ ապրողաց…

Ինչո՞ւ կրկնակի մեռելոց՝ գիտեք. այսօր հողին ենք հանձնում իմ եղբայր Թաթոսին… Այսքանը. ավելին կարդացեք իմ  գրերում՝ «Գիրք ազգաբանության Դավիթ Բլեյանի՝ Աշոտի որդու», «Հեծանվով, քայլքով, բարձունքին՝ մշտական ֆիզիկական շարժման ու մտավոր

Ես ուզում եմ ընդամենը… պառկեմ…

Առավոտը Դավթին մեր մահճակալից հանելուց առաջ զմայլանք պիտի ապրես. ո՞նց մոտենաս խաղաղ իր նինջի մեջ այս հետաքրքիր օր օրի մեծացող մարդուն… Մի նախաբան գտնում եմ ամեն անգամ, որ լսելի լինեմ,

Երբ գրքամոլիկն ու ամառը հանդիպում են․․․

Միշտ էլ հանդիպում են նրանք, հանդիպել են, բայց այս ամառն ուրիշ է․ նրանք ոչ միայն որոշել են ընթերցողական նախագծեր անել, ավելին՝ տարածել, ավելին՝ մշտական կապի մեջ լինելով։ Դիանա Տատինցյանի նման