— Դավի՜թ, ո՞ւր ես,- կանչում եմ բնակարանով մեկ, անհանգստացած նրա լռությունից։
— Դավիթը Դավթի սենյակում է, պյուրեն էլ նույն կարտոֆիլն է… համով է,- լսվում է հանգիստ պատասխանը։ Դավիթն իր սենյակում պյուրե է ճաշակում…

Հունիսյան ուսումնական բաց ստուգատես-փառատոների վերահայտարարությունների շարքը mskh.am-ում ազդեցիկ է՝ նրա ամեն ղեկավար իր տեղում է՝ գործի գլուխ կանգնած… Իսկ ստուգատեսը նույն օլիմպիադան է՝ ավելի գրավիչ… Ինչպե՞ս հասնել մայրաքաղաքի, հանրապետության տարատարիք սովորողներին, որ ինքնուրույն, առանց իշխանության, որոշեն իրենց ընտրած ստուգատեսին մասնակցելու մասին… Հիմա, երբ հանրապետության դպրոցներում բացի քննական 9-րդ և 12-րդ դասարանցիներից՝ հիմնական և միջնակարգ դպրոցի շրջանավարտներից, բոլորն իրենց տվել են անհոգությանը, անհոգության երե՜ք ամիս և մեկ շաբաթ, որտե՞ղ հանդիպենք հունիսի 16-20-ը նախատեսված ստուգատես-փառատոն-օլիմպիադաների մասնակիցներին… Կրթահամալիրի յուրաքանչյուր ակումբի, 2-11-րդ դասարանի ընտրությամբ դասընթացի ամեն մասնակից ստուգատեսների կազմակերպիչ է. նրա ակտիվությունը, նախաձեռնողականությունը, կոնկրետությունը վճռական են. առանց այսպիսի տարածման ստուգատեսը կմնա ներկրթահամալիրային… Ինչպե՞ս կմասնակցեն շրջանավարտները կրթահամալիրի մեր ստուգատեսներին… մեր ամառային դպրոցին…

Գեղարվեստի շրջանավարտ Հայկ Գրիգորյանի «Ինքս իմ դիմաց» մոնոներկայացումից: Լուսանկարները՝ Մարինա Մկրտչյանի: 

Հետաքրքիր է, որ Թադևոս Մարկոսյանը շաբաթ օրը Մեդիակենտրոնում ինձ դիմավորեց առաջարկով։ Ես խնդրեցի անմիջապես գրին հաձնել առաջարկը՝ տեխնիկական գործունեության ամառային կենտրոնի մասին: Լավ նշան է:

Այս նախագիծն ստեղծվել է ամռանը երեխաներին օգտակար կերպով զբաղեցնելու նպատակով: …. Աշխատանքի կազմակերպումը տրվում է սովորողներին, իհարկե մասնագետների ղեկավարությամբ:

Ես էլ, Թադևոսն էլ համակարծիք ենք, որ այսպիսի ուսումնական ծառայություններում-նախաձեռնություններում սովորողների՝ իբրև կազմակերպիչների գործունեությունը պիտի նախատեսվի-իրականացվի որպես իրական վճարովի աշխատանք… Իմ էլեկտրոնային հասցեին Երաժշտության ուսումնական կենտրոնի առաջարկն էր «Անտիվիրուս Կոմիտաս» ավանդական նախագիծն այս անգամ երեք օրով անցկացնելու մասին՝ հունիսի 1-ին՝ 4-11-րդ դասարանցիները, իսկ հունիսի 2-ին՝ 1-ից 3-րդ դասարանցիները, նրանց ծնողներն ու ուսուցիչները, հունիսի 3-ին՝ ամփոփում, ու բոլոր երեք օրերին՝  բոլոր երգասերները, ովքեր միասին երգելն ու տարածելն առողջապահական դեղահաբ են համարում… Իսկ Հռիփսիմե Առաքելյանը հետևողական է Վրաստանում, Սև ծովի ափին գեղատեսիլ Շեքվեթելիում անդրանիկ ու ավանդական դարձող ուսումնական ճամբարի մեկնարկը հունիսի 15-ից կազմակերպելու մասին…

Դպրոց-պարտեզի լողավազանում Գեղարվեստի 2-րդ դասարացիներն են: Լուսանկարները՝ Մանուշակ Աբրահամյանի:

Հետաքրքիր է, որ Մեդիակենտրոն եկավ Մարթա Ասատրյանը՝  «Հանրակրթական էկոտուր 2016»-ի կազմակերպիչ Միքայել Կամենդատյանի հետ, շրջակա միջավայրի բարելավման՝ հունիսի 5-ի ստուգատեսի կազմակերպման ոգևորող նախագծով… Մենք նստած էինք Մեդիակենտրոնի պատշգամբում, մեր առաջ տասնյակ ու տասնյակ բարձրահարկ շենքերի պատշգամբներ էին՝ անկենդան, անգույն… ինչպիսիք որ են մեր կյանքի խորհրդանիշ դարձած խորդանոցները… Եկեք սկսենք ամառը՝ հենց հունիսի 5-ին մաքրելով փոքր-մեծ պատշգամբները, սկսենք դրանցից յուրաքանչյուրը պարտեզ դարձնելու գործը… Ի՞նչ է պետք՝ թաղար, հող, մասնագիտական խորհրդատվություն… Կրթահամալիրի «Գարդենիա» ակումբի համար իսկական-իրական ամառային ծառայության դաշտ է բացվում, որ կարող է ամառային ուսումնական վճարովի աշխատանքով ապահովել ակումբի ամեն անդամի, ամեն մի ծաղկասերի… Եվ լավ նշան է, որ Շողիկ Պողոսյանն այսպիսի գործունեության զարգացման երկու նախագիծ դրել է շրջանառության մեջ…

Տեսե՛ք, Դավիթ Բլեյանն ու մայրիկը կիրակի սկսեցին պատշգամբ-պարտեզի հիվանդացած վարդի թփերի բուժումը… Սովորողը, երեխան ներգրավվի, ահա, այսպիսի գործունեության մեջ. սրանցից կազմվածն եմ ես անվանում ուսումնական ամառ կամ ամառային դպրոց…

Օրագիր չդարձավ իմ 339-րդ գիրը, այլ հղումադաշտ… կարդալ կլինի՞… Բայց ի՞նչ անես` առանց կարդալու, յուրացնելու, տարածելու, առանց քո, քո ընտանիքի նախագիծը դարձնելու… սովորական ամա՞ռ՝ իր տաղտուկով, իր դանդաղ ընթացքով… Ախր ո՞նց կլինի… Ես ու Դավիթը հեծանվի վրա ենք…

Նախասիրությամբ ընթերցանություն բացօթյա Գեղարվեստում: Լուսանկարները՝ Կարինե Մամիկոնյանի:

Իմ օրագրի ուշադիր ընթերցողը նկատել-արձանագրել է մայրաքաղաքի հետ (Բանգլադեշի ինքնիշխանությունը բացարձակ արժեք է) իմ կապի խզումը, որ արտահայտվում է Դավիթ Բլեյանի հետ (1,5-2,5 տարեկանը) զբոսանքի ընդհատումով… Ես փորձեր արեցի վերականգնելու այդ անհրաժեշտ կապը՝ որպես նաև հոր և որդու զրույցի կազմակերպման ամենաբնական (քաղաքային) եղանակ… Չստացվեց զբոսանքը տեղավորել լոկալ տիրույթում, ասենք, Օղակաձև այգում… նրա մի հատվածում… Մի դեպքում՝ շինարարությունը չավարտվող, մյուս դեպքում՝ սրճարանները՝ իրենց ենթամշակույթով (սուբկուլտուրայով), երրորդ դեպքում՝ մանկակական ճոճանակները՝ իրենց զռռան աղմուկով, այդ թվում՝ երաժշտություն կոչվող… Հեծանիվը հրաշագործ եղավ. մեր զբոսանքը Դավթի հետ դարձավ հեծանվային, մեր զրույցը սկսեց գլգլալ… Կիրակի օրը, երբ ճանապարհեցինք մեր բազմավարպետ Ստեփան եղբայր-հորեղբորը, ետևից իջանք, թամբեցինք մեր նժույգներն ու՝ Խանջյանի մայթով դեպի Կոմայգի, Խորենացու փողոցով, Շահումյանի հրապարակով, Հանրապետության հրապարակով, նրանից սկիզբ առնող «մեր» հրապարակով՝  կառավարության թիվ 2 և թիվ 3 շենքերի միջև, մինչև տուն… Տպավորիչ հեծանվաերթ. կիրակիին ավելացրեք «անձրևոտի» (էս ի՜նչ եղանակ է) գործոնը, ու ունեցանք սքանչելի մեքենազուրկ քաղաք… Ինձ որ քաղաքապետ կարգեք, շաբաթ-կիրակի ամբողջ օրը՝ տոները գումարած, ուրբաթ օրվա ժամը 20-ից մայրաքաղաքի կենտրոնը կհայտարարեմ զերծ ավտոմեքենաներից՝ ազատ հեծանվա-, անվավոր միջոցների համար… Ես ու Դավիթը հա՛մ հեծանիվ ենք սիրում, հա՛մ անձրև, հա՛մ միասին լինել, ու էս բոլորը միասին, որ կոչվում է հայր ու որդու զրույց (թափառում Երևանով)…

Ամպոտ այսօրը կեսօրին: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Վահ, էս ո՞ւր են թաքնվել (փակ դուռ ու լուսամուտ) մեր քաղաքի հայր ու որդիները, որ չենք հանդիպում… «Մեր» հրապարակի մոտ Դավիթը հոգնեց. չի խոստովանում, բայց դե, երեքակնանի, ոչ առաջին թարմության գործիք է… Շատրվանների մոտ լռվել է, խաղում է, մե՛կ հեծանիվն ենք լվանում, մե՛կ տերևներ նետում ավազանը… Ցերեկն էլ չի քնել… Տեսարան է. պառկել է (երկարել) իր հեծանվի վրա ու հանգստանում-խոսում է ինքն իրեն, ինչպես տանը՝ գետնին, մեքենայակույտի մոտ կամ անկողնում՝ գրքերի հետ պառկած… Ես ձայնագրում եմ…
— Ինչո՞ւ հեծանվով հաճելի է զբոսնելը, հայրիկ… Քեզ էլ է լա՞վ…
— Ես անձրև սիրում եմ. անձրև խմել, անձրևով լվացվել սիրում եմ (ցույց է տալիս խմելը, լվացվելը):
Իսկ անձրևը շարունակում է մաղել։
— Իմ հեծանվով ջրափոսով անցա, ալիքվեց ջուրը… տեսա՞ր, ոնց որ Շուշանի սենյակից, որ երեկ նայում էի ներքև…
— Մեծանամ, մեծ ապուշ եմ դառնալու… Դու ի՞նչ ես ուզում, որ մեծանամ՝ դառնամ… Որ մեծանամ, հեծանիվս էլ կմեծանա… Ես շղթայով երկանիվ հեծանիվ կարո՞ղ եմ ունենալ…

Գեղարվեստի պարտեզի քնածներն ու չքնածները: Լուսանկարները՝  փորձաշրջան անցնող Տաթև Աթոյանի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հիմա ես գիտեմ, որ ծնվել եմ սեպտեմբերի 4-ին, ու…

Լավ օր էր սեպտեմբերի 4-ը 2016-ի՝ իմ ծննդյան օրը, նշանավոր իմ կյանքում. ես, իմ մի խումբ ընկերների հետ սեպտեմբերի 3-ին, 4-ին նվաճեցի Արագածի չորս գագաթները… Սկսեցինք մեծ խումբ սեբաստացի սովորող-ուսուցիչների

Ապոգեյում գտնվող լուսին․․․ Կվերադառնա՜․․․

Խե՜ր լինի․․․ Իմ օրագրի՝ օրվա գրի առաջին տողը-գլխագիրը սկսել է Դավիթ Բլեյանը որոշել․․․ Այսօրվանն էլ։ Երեկ առավոտյան կրթահամալիրի Բանգլադեշով իմ ու Արմինե Թոփչյանի աշխատանքային փաստագրական-արձանագրային հեծանվաայցը մեր արևմուտքի դպրոց-պարտեզում ավարտվեց ․․․ Ես

Եվ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց…

Կանադայում հսկայական քարանձավ է հայտնաբերվել… Երբ Դուք կանգնում եք նրա եզրին և նայում ցած, ձեր տեսողության հեռավորությունը կազմում է գրեթե 183մ… Արատեսը հարուստ է նաև հայտնի-անհայտ քարանձավներով… Դպրական կենտրոնի սովորողները-այցելուները