Բարի առավոտ: Ես այսօր գրում եմ լույսով. այդպես ուզեցի: Կիրակի, անձրև… Երաշտն այս` ամբողջ ամառ-սեպտեմբեր ձգված, քանի՜ բույսի ու ծառի կյանք տարավ: Երևանում անձրևը երբեք անտեղի-ավել չի լինում: Ահա ինչու՝ ես անձրևանոցի իմաստը չեմ ընկալում: Շռայլություն է:
Սկզբում գրեցի ահա այս թռուցիկը, ուղարկեցի Արմինե Թոփչյանին… Վատ է զգում, հիվանդ է: Գոնե ուրիշ առիթ մտածեք աշխատանքի չգալու, թե չէ… է˜, առողջ եղեք, իմ 100-րդ գիրն էլ այս` ձեզ բալասան:
1991-ի սեպտեմբերը` իր 21-ի Անկախության հանրաքվեով, դրան նախորդող սեպտեմբերի 20-ի Ազատության հրապարակի տոնախմբությամբ, տոնի պատրաստության օրերով, իմ գիտակից կյանքի ամենավառ ամիսն է:
Գաղափարը, կարծեմ, Վանո Սիրադեղյանինն էր. Հայաստանի չորս ուղղությամբ՝ արևելյան, արևմտյան, հյուսիսային և հարավային կողմերով, նո՛ւյն օրը, նո՛ւյն ժամին Ազատության հրապարակից դուրս եկավ չորս ավտոշարասյուն: Անկախության մունետիկ-գործիչներով, լրագրողներով, երաժիշտներով, պարախմբերով, տրիբուններով: Օր ու գիշեր եղանք շեներում՝ մարդկանց զարթուն պահելու համար: Հարավային կողմ շարժվող շարասյան պատասխանատուն էի ես` իմ ընկերների հետ: Երևանից մինչև Ղափան, Քաջարան ու Մեղրի, Գորիս ու Սիսիան, Վայք ու Ջերմուկ, Մալիշկա, Եղեգնաձոր ու Արարատ… «Այո» էին ասում ու խնդում սարերը, ձորերը, հովիտները, դաշտերն ու այգիները: Ցնծում էին բոլոր շեները, բոլոր տարիքի ու հայացքի մարդկանցով լեցուն հրապարակները: Այո՛, ազատ Հայաստան, երբ չկան ծանոթ ու անծանոթ, դիրք ու տարիք, բոլորը, որպես հասարակ մարդիկ, ունակ՝ ձևավորելու, դառնալու, լինելու, գործելու, որպես հասարակություն: Հասարակ և ունակ. ես երբեք սա չեմ մոռանա: Տոն պարգևել, տոնականություն հաղորդել Անկախության հանրաքվեին, որ ծիսակարգին այս կանխորոշված, անայլընտրանք «Այո»-ին այս ուրիշ ոչինչ չկպչի, որ ազատության գաղափարով համակված հայաստանյան մարդը սեպտեմբերի 21-ին իր քվեարկությամբ հաղորդակցվի հավաքանիին՝ հասարակությանը: Հասարակ մարդկանց հաղորդակցության օր լինի: Այդպես էլ եղավ: Սեպտեմբերի 20-ին, երեկոյան չորսի-հինգի մոտ, ահա այսպիսի անսովոր «բեռով», մեր քարավաններն սկսեցին հավաքվել ու հավաքել տոնական բազմություն Ազատության հրապարակում` ծո˜վ բազմություն: Վանո Սիրադեղյանի որոշմամբ ես դարձա այս հավաքի ղեկավարը: Ոչ ոքի մոտ չթողեցի, մենակ ու ինքնուրույն, ինքնամոռաց, որ դրանով համակեմ յուրաքանչյուրին, որ անպայման տոնը կայանա, որ ուրիշը չկարողանա փչացնել: Ծովի պես ծփացող Ազատության հրապարակ, որ կարողանում էր ծովի պես խաղաղվել, լռել, լսել ու պայթել, որ արձագանքում էր ինձ, որպես հարազատ մարդ: Միասին տոնեցինք, ցնծացինք. անկախության «Այո»-ն որպես ցնծություն կար հրապարակում: Ոգևորվածությունն այնքա՜ն մեծ էր, նույնքան անափ՝ գայթակղությունը: Որքա՜ն կուզեի ունենալ ամբողջի տեսագրությունը:
Ես հավատում էի, որ անկախ պետականության քաղաքացի-հիմնադիրների, որն էր Հայաստանում ամեն մի չափահաս մարդ` հանուն ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական ու սոցիալական Հայաստանի իր քվեով, սեպտեմբերի 21-ի հանրաքվեով հավաքական ու ստեղծագործ աշխատանքի շրջանն է սկսվում: Ես, իմ կրթահամալիրը, իմ հարազատները այսպիսի՛ Հայաստանի պահանջ ու պատրաստություն ունեինք: Խորհրդային Միությունը չկար՝ և՛ դե յուրե, և՛ դե ֆակտո. վախի խնդիր էլ չկար, ո՛չ էլ դեմ կար: Մնում է` մարդու ներսում լիներ անցումը-բեկումը` այլոց ուղղված պահանջատիրական խորհրդայինից դեպի իր նոր ծնունդով պայմանավորված իր նոր անելիքը որոշող, ազատ, ստեղծագործ աշխատանք: Ահա, ա՛յս էր խորհուրդը հանրաքվեի` որպես Հայաստանի Հանրապետության հիմնադիր ծես:
2014-ի սեպտեմբերի 22-ին ես` իմ ընտանիքով, Վահրամ Մարտիրոսյանը` իր ընտանիքով, թվով ութ սեբաստացի, ժամը 18:00-ին վերադառնում ենք կարմիր մեքենայով Բանգլադեշից: Բոլորս էլ` վաստակած-հոգնած, առավոտյան կրթահամալիրի Բանգլադեշ վերադառնալու մեր ընտրած սովորույթով: Էջմիածնի խճուղով թեքվում ենք, անցնում Հաղթանակի կամրջով, ու ես խնդրում եմ կանգառ թույլատրելի մասում: Օրինավոր է պետք լինել միշտ: Կարևոր-անկարևորը, «դե լավ, էլի»-ն, սրա համար չէ: Դավթի հետ քայլում ենք մինչև կամրջի կենտրոն: Երևաց Արարատը՝ մեծ ու փոքր սարերով: Կարկամեցնող գրավչություն ունի այս բիբլիական լեռը… ու մենք Դավթի հետ լռում ենք: Ես նույն լրջությամբ, կարևորությամբ, ինչպես 1991-ի սեպտեմբերի 20-ի Ազատության հրապարակում, ասում եմ.
— Ահա, Հայաստանի Հանրապետությունը` իր ունեցածով-չունեցածով, արածով-չարածով, իմն է, քո՛նն է, Դավի՜թ, ձե՛րն է, սեբաստացինե՜ր, դուք այս երկրի իշխանն եք ու նրա ծառա-վարպետը: Ահա Հաղթանակի կամուրջը, խո՜ր կիրճով անցնող Զանգուն` Հրազադանը, որ գալիս է Սևանից, ստեղծում Երևանյան լիճը, գնում, թափվում Մայր Արաքս ու Կասպից ծով, ահա, Սուրբ Սարգիսը, դաշտը Արարատյան, ահա, մայրաքաղաք Երևանը` մեր ոտների տակ, Նորագյուղի բլուրը: Դավիթ Բլեյան, սա՛ է քո Սասուն աշխարհը: Սրա պահապանն ու երկրագործն ես դու:
Ահա, այսպես նշեցինք մենք այս սեպտեմբերի 21-ը, որին նախորդեցին հարյուրավոր սեբաստացիների բարձունքների նվաճումները: Դավիթը նրանց մի խմբի հետ, Մադինայում, նվաճեց իր առաջին բարձունքը:
Ուրիշ իրադարձություն էլ եղավ այս օրերին, էլի որպես բարձունքի նվաճում, բայց որպես 2014-ի մեր աշխատանքով նվաճած մեր բարձունքը: Խոստացել էի երեկվա գրում, պատմել, պատմում եմ: Գիտեք, Գեղարվեստի մեր դպրոցը նախկին տիպային մսուր-մանկապարտեզ է՝ ազբոթիթեղի երեսուն և ավելի տարվա թեք տանիքով: Որոշել էի նվաճել այդ տանիքը` որպես բարձունք: Տանիք, որը բաժանում էր որպես անջրպետ՝ շենքի աջակողմյան ու ձախակողմյան հատվածները: Գիտեք` ես շատ անջրպետ-հիմար պատեր, մարդկանց բաժանող ու միջավայր կտրատող գոտիներ եմ վերացրել: Այս մեկն ուրիշ էր: Ես սրա առաջ քանի՜ անգամ կանգնել եմ, մտածել նահանջի, հետաձգելու մասին… Հարցնում էի` նորի՞ց տանիքի գործ, դրանից բխող հետևանքներով, ինչպես եղավ 1995-96-ի կրթահամալիրի մյուս դպրոցների հարթ տանիքները, թեք, թիթեղապատ դարձնելու հետևանքը: Ինչո՞վ են արդարացված քո այս ջանքերը, կրթահամալիրի առանց այն էլ սուղ միջոցներից՝ թեկուզ և խնայող, ամենախնայող ծախսը:
Սկզբում Գեղարվեստի շենքի մի հարկանի կենտրոնից աջ ընկած հարկաբաժնի, երկրորդ հարկի բոլոր պատերը հանեցինք՝ այդ թվում հարկաբաժինը և տանիքը բաժանող: Հետո, շաբաթներ առաջ, կենտրոնից ձախ եղածինը… Բայց կենտրոնի տանիքին ձեռքներս չէր հասնում: Իմ վախերն էին չհաղթահարված: Հետո այս օգոստոսին տանիքն իրենց կյանքն ապրած ազբոթիթեղներից մաքրվեց: Կենտրոնի տանիքն ընդունեց իր նախնական տեսքը, ինչպես 1983-ին, նոր կառուցած շենքում, հարթ, փափուկ ծածկով: Նորից վախեր. այս անգամ պետք էր մաքրել տանիքը ֆիզիկապես մաշված հարթ ծածկից, բետոնապատել, ջրհորդաններ դնել: Սեպտեմբերի 23-ին mskh.am-ում ինձ անակնկալի բերեց այս հայտարարությունը. ո՞նց` հարցրի ինքս ինձ, վե՞րջ չարչարանքին, ախր այնքա՜ն գործ կա դեռ անելու, ինձնից լավ ո՞վ գիտի այդ մասին, այս տանիքում արդեն ուսումնական պարապմունքնե՞ր են, ներկայացո՞ւմ:
Ես, իհարկե, այդ օրը, նշված ժամին մտա տանիք, ինչպես վերջին շրջանում ամեն օր, ու չճանաչեցի այն: Բեմ ու թատերական հրապարակ դարձած տանիք-տարածքը բազմամարդ էր ու տոնական: Բեմի վրա Քնարիկ Ներսիսյանի ու Սոֆյա Այվազյանի ճերմակ շորերով սաներն էին, Արշիլ Գորկուն նվիրված «Մաքրություն. տառապանք. հասունություն» ներկայացումն էին խաղում. որտեղի՞ց այսքան խիզախություն այս հմայիչ, ընդունակ անբաժան զույգին, որ տեսե՛ք՝ միշտ շրջապատված է տասնյակ ոգևորված, շնորհալի պատանիներով:
Հետո, ներկայացման ավարտին մենք մոտեցանք տանիքի եզրին… Ահա, ինչու էր պետք նվաճել այս տանիքը` որպես բարձունք: Մեր դեմ նույն Արարատն էր, նույն աշխարհը Հայաստան, որտեղ, ավա՜ղ, քսաներեք տարի անց, նույն պարապությունն է ու կիսատ-պռատ գործերի ծովը: Այո՛, բայց այստեղից սկսվում է նաև կրթական մեր նոր կասկադը, որ հետո հաշվեցինք մեր եռանդուն Գայանե Առաքելյանի հետ, յոթ-ութ իրար հետ կապվող հարթակներ ունի: Իսկական կրթական պարտեզ: Սկսե՛լ է պետք ուսումնատենչ, ստեղծագործ, անդադրում սեբաստացիների հետ: Սկսե՛լ է պետք ապրել այս տանը: Եթե ուզում ենք տունը շեն լինի, պիտի պարզապես ապրենք այնտեղ:
Կեցցե՛ք, Քնարիկ, Սոֆյա, Գայանե, դուք այնքա՜ն տպավորիչ բեմադրեցիք այս պատգամը. մենք, թվում է, միշտ իմացել ու 1991-2014թթ. անկախության շրջանում ինչ-որ մի տեղ կորցրել էինք այն:
100 օր շարունակ ամեն օր մոտ 3 էջ նոր ասելիք ունենալու համար պետք է յուրաքանչյուր օր այդ երեք էջի տողերը լցնող հագեցած կյանքով ապրել: Օրագրից պարզ երևում է Աշոտ Բլեյանի կյանքի երեք ուղղություններն ու արժեքները՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքը, այս կրթահամալիրը ստեղծած առաջադեմ մանկավարժի կյանքը, իր զավակներին ինքնուրույն անհատ դաստիարակող հոր կյանքը: Այս երեք ուղղությունները պատկերող յուրաքանչյուր տող ինքնատիպ է ոճով (բառերի ու մտքերի երբեմն անսպասելի համադրությամբ), ճիշտ պահին ասված անկախ մտքի զորությամբ, մի կողմից ասելիքի թափով ու ընթերցողի վրա ազդեցության ուժով ու մյուս կողմից էլ՝ մտերմիկ անմիջականությամբ ու սիրով: Այսպես գնահատելու իրավունքը դեռ ամռանն եմ ձեռք բերել, երբ յուրաքանչյուր տող մի քանի անգամ կարդում էի ու տարբեր բառարաններ նայում, որպեսզի հնարավորին չափ ճշգրիտ լինի թարգմանությունը:
Մի քանի տարի առաջ CNN հեռուստաալիքով հերթական լուրերի թողարկումից առաջ մի հռետորական հարց էին հնչեցնում ի լուր ամբողջ աշխարհի մարդկության. «Ե՞րբ ես դու վերջին անգամ առաջին անգամ մի բան արել»: Օրինակ, վերջին անգամ իմ առաջին անգամ արած բանը Կուրթան գնալն էր ու Լոռվա ձորի մինչև Դսեղ ընկած բնության տեսարանով հիանալը: Երեխաները երջանիկ են, նախ և առաջ, նրանով, որ գրեթե ամեն օր մի որևէ բան առաջին անգամ են անում ու զգում են այդ բացահայտման հրճվանքը (Հայրիկ, տես իմ ձախ ձեռքն էլ հինգ մատ ունի): Աշոտ Բլեյանի օրագրի աննախադեպ լինելը նաև Դավիթ Սեբաստացի Բլեյանի առաջին անգամ ինքնուրույն արված բաների նկարագիրն է: Իր զավակի հրճվանքը փոխանցվում է հորը ու նա էլ է ապրում այդ հրճվանքը ու հույզերի նույն ճշգրտությամբ փոխանցում իր ընթերցողին: Այսպիսի մեդիա օրագիրը երևի աննախադեպ է՝ առաջին անգամն է աշխարհում: Թերևս, այս օրագրի նախահայրը կարելի է համարել 18-րդ դարի ֆրանսիացի փիլիսոփա, գրող և մեծ լուսավորիչ Ժան Ժակ Ռուսսոյի «Էմիլի և դաստիարակության մասին» գիրքը: Բայց Ռուսսոն գրել էր երևակայական երեխայի դաստիարակության մասին՝ ապառնի ժամանակով: Նա մանրամասն նկարագրել է Էմիլի կյանքը երեք էտապներում՝ մինչև 12 տարեկանը, 12-ից 16 և 16-ից մինչև հասունության շրջանը: Հատկանաշական է, որ Ռուսսոն նույնպես մեծ կարևորություն էր տալիս երեխայի ինքնուրույնության ձևավորմանը: Աշոտ Բլեյանի արածն այս իմաստով ավելի մեծ նշանակություն ունի: Այս օրագրում ոչ մի երևակայական բան չկա: Ամեն ինչ իրական է ու հիմնված է ամենօրյա արդեն կատարված իրողությունների վրա: Տողեր կան օրագրում, որ պետք է պահպանել ու տարածել, որպես գործնական մանկավարժության ուղեցույց բոլոր երիտասարդ ծնողների ու տատիկ պապիկների համար: