Ա՜խ, այս բլոգային հաղորդումները, որ որպես ազդակ, ոչ միայն հասնում են ինձ կեսգիշեր-առտու, այնպես, որ որոշում են վերնագիրը օրվա գրի, քիչ է, շեղում (շեղո՞ւմ են) տանում են մի ուրի՞շ աշխարհ, ինչպես Նունե Մովսիսյանից երեկ ստացածը…
Մերկ ըլլաս դուն բանաստեղծի մ՚հոգվույն պես
Եվ հեթանոս այդ մերկությանդ ներքև
Տառապի՛ մարդն, ու չկրնա դպչիլ քեզ:
Վարուժան
Վարուժան է՝ Դանիել Վարուժան… Ուրիշ այդպիսի գրող չկա, ում շարունակ նետել եմ մի կողմ, խաչ քաշել, հետո փարվել-հիացել, հետո դրել եմ մի կողմ. քեզ, քո աշխարհին բանաստեղծական կվերադառնամ… Վարուժանի տարին է, ինչպես անցածը Իսահակյանի՞… «Հանկարծ հեթանոսացած». ես Մաթևոսյան Հրանտից եմ լսել…
Երեկ առավոտ շուտ իմ հեծանվի ուղին շեղեցի ու մտա… կառավարության թիվ երեք նորակառույցը: Այդպես էլ գիտեի, ո՛չ մի հեծանվորդ քաղաքացիական ծառայող, փոխնախարար-նախարար, ո՛չ մի կայանատեղի հեծանվային… հարյուրավոր տարբեր ռանգի մեքենաների մասին մտածել են, իմ գյոզալը շեղվա՞ծ, իր տիրոջ նմա՞ն… Շեղելը դուք հետո տեսեք իմ օրագրում…
Դավիթը լողավազանում է:
Լուսանկարները՝ Տաթև Համբարյանի:
Հեծանվով հասա պայմանավորված վայրը՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի, և Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի ու գործադիր տնօրեն Մարինե Ժամկոչյանի հետ ուրախ անցանք Կրթական պարտեզի հյուսիս-հարավով, սարալանջով՝ դեպի արևելք-արևմուտքի ճառագայթ, Մեդիակենտրոնով-Գեղարվեստով, Քոլեջով, Նոր դպրոցով, Մայր դպրոցով… Երկու ժամ… Կոստյումով, քաղաքացիական հագուստով, բարձրակրունկ կոշիկներով իմ բարեկամները, որ առաջին անգամ էին կրթահամալիրի Բանգլադեշում, ի՜նչ իմանային՝ շեղված աշխարհ են մտնում, զաբորների-ճաղերի արանքով, խորդուբորդով, աղբով-բլրով… բայց ասեմ՝ նրանք պատվով հաղթահարեցին փորձությունը… Սա իրական Հայաստանն է, մայրաքաղաք Երևանը, մեր երկիր Բանգլադեշի Կրթական պարտեզը, որի բնակիչը՝ սայլակով երիտասարդ կինը, մեր աչքի առաջ՝ այնքա՜ն հիմարացած, որ չհասցրինք մոտենալ-օգնել, քաշ էր տալիս սայլակը՝ աստիճաններով դեպի վեր… Այսպե՞ս է չշեղվածը, երկրի կալվածատերերի թելադրանքո՞վ…
Կամուսնանա՞ Ստեփանը Թորոյան հունիսին… Մենք սեբաստացիական երգչախմբերով, մեր ո՜ղջ Գեղարվեստով շարունակում ենք պատրաստությունը մեր տարեվերջյան, այս դեպքում՝ հունիսյան համերգ-ներկայացմանը «Գեղարվեստը կրթահամալիրում», որն այս անգամ կկայանա Գյումրիում: Անխախտ է:
Աշխատանքային շրջայց կրթական պարտեզում Ճարտարապետաշինարարական համալսարանի ճարտարապետ ուսանողների հետ:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Ամենաշատն ինձ զբաղեցնում է հիմա հեղինակային կոչված մեր մանկավարժության անհատականացումը. սքանչանո՜ւմ եմ, երբ այն ներկայանում է ոգևորված սովորողի, ուսուցչի թե… ծնողի, ընտանիքի տեսքով… Երկու օր առաջ Գեղարվեստի մուտքի մոտ դեմս ելավ մեր ծնող, իսպաներենի մեր նախկին ուսուցիչ, միշտ բարեկիրթ-լուսավոր Նարեն՝ իր արդեն երեք դարձած սեբաստացիական շքախմբով… մեկը՝ Ավետիսը, գրկում, մյուսը՝ հայտնի Արտաշը՝ ցանկապատին, Նարեի կլոն չորրորդ դասարանցի Քրիստինեն՝ ճանապարհը հսկող… Տեսարա՜ն…
Երեկ ծնողների նոր խմբի Գեղարվեստ էր բերել չորրորդ դասարանցի Դավթի մայրիկը. ինձ հրավիրել էին առաջարկների քննարկմանը միանգամից, ու ես աչքս չէի կտրում դպրոցով-մեզանով խանդավառ՝ պատվիրատու-տարածողից… Հետո մեր երկարօրյա կազմակերպիչ-հեծանվորդի ստուգարքը հանձնող մանկավարժների հետ Հիմնական դպրոցում, որպես հանգրվան առաջին փուլի, կլոր սեղանի ենք… Չանե՛ք բան, որի հետ համաձայն չեք, որը ձերը չէ… Հասարակության առաջ հանդես եկեք որպես հեղինակներ՝ գաղափարի, մանկավարժության, տարածման խորհուրդը սա է. Մայիսյան ստեղծագործական թիվ տասնմեկերորդ հավաքից առաջ եմ ասում ու վերջ… Հավաք, որի նպատակը հավաքից հավաք հեղինակային կրթական ծրագրերի արդյունքների հրապարակում, քննարկում, գնահատում, գործընկերության հաստատումն է… մինչև մայիսի 1-ը… Օր չմնաց՝ անհատական-խմբային, սովորող-ուսուցիչ-ծնող կազմով այս ստեղծագործական ռեժիմո՞ւմ ենք գործում… Առանց այսպիսի տենդագին պատրաստության մայիսի 2-5-ի նախագծային ուսուցումը, որպես հեղինակային կրթական արդյունք, ի՞նչ գնահատականի մեզ կարժանացնի…
Դասավանդողների հեծանվային պարապմունք:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Պատի տակի մասին, որքան հիշում եմ, սպառիչ գրել է Հովհաննես Թումանյանը, կարծեմ, Կոլցովի «Գեղջուկի մտածմունքը» բանաստեղծության առիթով… Պատի տակը մեր սեբաստացիների համար հավաքի լավագույն տեղը չէ… Ապրիլի-մայիսի սահմանին յուրացրեք մեր երկիրը՝ ներսով-դրսով-ամբողջությամբ, հարմար տեղավորվեք, տիրեք միջավայրը՝ որպես երկրի բնակիչներ. հո մեկնումի սպասասրահում չե՞նք, բնակիչներ ենք, չէ՞, այստեղ՝ Բանգլադեշում ապրում-շենացնում-հարատևում ենք մենք, մեր երեխաները, երեխաների երեխաները… Հիմնավորեք. գործենք մեր երկիրը՝ որպես մեր Աստվածատուր կյանք:
Դպրոց-պարտեզի սովորողների պատրաստած կավե մոմակալները:
Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի:
«Երկրի օրը մեր երկրում»… գտնված է… Լա՜վ ծիծաղեցի հինգ րոպեի չափ ու հիշեցի, թե Անկախ մայլա-Բ-4 երկաթուղային բա՜րդ ճանապարհին հեծանվորդ մեր ուսուցիչներն ինչի՜ց էին խոսում-գլուխ գովում՝ ով ի՛նչ թեքություն-բարձրություն է հաղթահարում, ի՛նչ արագությամբ, ի՛նչ վախեր է հաղթահարել… Ես սիրում եմ շեղել ճանապարհն իմ, «ձախ» գնալ, որքան էլ՝ Երևանյան լճի-տան ճանապարհի իմ չորս դիտակները լքածի մեղքի զգացում ունեմ… Մեղքը քավելով է ճանաչվում-հաղթահարվում… Բա գտա՜ծդ, բա երկրում ապրածի քո վայե՜լքը… Ահա այսպես, տունդարձի ճանապարհին ես շեղեցի իմ նժույգի ընթացքն ու Հարավարևմոտյան զանգվածի ողջ Բ-3 թաղամասի շենքերով, փակուղիներով անցնելով՝ մտա Բ-2, մտա-դուրս եկա ու… Բլեյան աշխատել-ապրելն էլ ուրիշ հաճույք է. ինձ շենքերից մեկի դիմաց կանգնեցրեց Վահրամը մեր՝ իմ փեսան-ընկերը, սքանչելի Սոֆիի ամուսինը… Վայե՜լք ընտանեկան միջավայրում՝ հայտնի երաժիշտ Տիգրան Այվազյանի ընկերակցությամբ… Նոր մղումնե՞ր, պայմանավորվածություններ: Երկիրը, քո կյանքով, այո՛, բայց ապրելո՛ւ համար է… Տառապելով, այո՛, բայց միայն ապրելով, ապրումի, ստեղծումի, տքնումի, շենացումի ամենօրյա զգացումով… «Տառապանքի խորությունը անհամեմատելի է երջանկության դատարկության հետ», մեր սիրելի տիկին Մարիի թոռնիկ՝ Բաբայան Մարիայի բլոգից ինձ ասավ Մարինա Ցվետաևան. չշեղեց… Ես ժպտացի իմ խելահեղ բանաստեղծուհուն, ավելացրի. «Երկրում, Մարինա, ու կյանքում ապրումի»…
Կրթական պարտեզի մշակները:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
# 648