Այսպիսին է մեր հերոսը. երեկ պարտեզում քնել է մինչև ժամը 18.00՝ անդրդվելի… Չեն կարողացել հինգ-վեց մեծերով քնից հանել… Հիմա էլ՝ առտու ութին, քնած է… Ուզում ես՝ հեծանվով վրայով անցի, Բախի՝ բարձր, շա՜տ բարձր հնչող կոնցերտն անգամ անզոր է… Հետո գրկում է ինձ.
— Տա՛ր ինձ լվացացրու պապ, ես իրիկունը կլողանամ, հիմա չեմ հասցնի… Ես ուզում եմ շուտ հասնեմ պարտեզ, որ Անուլիկի թուշը պաչեմ… Պա՛պ, գիտե՞ս, ես ու Օթարիկը ոնց որ ճանճն ու… ի՞նչը, պա՛պ, որ կպնում են իրար, պոկ չեն գալիս, ու բաժանել չի լինի:
Այս պարտեզում-դպրոցում` նրա խմբերից-դասարաններից յուրաքանչյուրում այնքա՜ն սեր ու խնամք կա. ու այսպիսով 2016-ին ծնվում է իմ չորրորդ թոռնիկը… Փառքդ շա՜տ…
Նազենի աստղ Հովհաննիսյանն ու քույրիկները՝ Էդիտան ու Սուսանը, նախաձեռնել են իրենց գովական Գարիկ հայրիկի ծննդյան հոբելյանի նշումը… Աղմո՜ւկ-ուրախություն… մեծ ու փոքր… հայ ու վրացի. իմ ընկեր Գեորգի Մոմցելիձեի, նրա ընկեր Իրակլիի հետ կարողացա հասնել: Դավիթը, որ ժամեր վայելել է իր բազում քույր-եղբայրների ուշադրություն-սերը, ուժասպառ է եղել, հյուրասենյակում փռվել գետնին՝ մանրահատակին ու քնել մարդկանց ոտքերի տակ… Տեսարան… Մոտենում եմ… Գրկում է ու ականջիս.
— Տար ինձ, պապ, մեր տուն, ես ուզում եմ իմ մահճակալը…
Իմ Տաթև աղջիկը շատ ուշադիր է եղբոր նկատմամբ` միշտ հիացած… Դավթի անցումները, փոփոխությունները, օյինները, առանց բացառության, հիացնում են Տաթևին… Այդպես է հիմա և Շուշանի վերաբերմունքը… Դավիթը գիտի, իհարկե… Ու Տաթևի օգնությամբ մենք փախչում ենք մարտի դաշտից՝ Մոմցելիձեին թողնելով հաջորդ սերնդի Բլեյան-Հովհաննիսյաններին՝ Առնոլդին ու Նազենիին…
Իսկ տանը, ոնց որ թա՜րմ վարունգ, Դավիթն ինձ Մոմցելիձեի տղա Նիկոլոսից է հարցնում.
— Ե՞րբ է գալու, պա՛պ, որ հետը կռվեմ…
Անիվներով խումբն անցնում-յուրացնում է Գեղարվեստ-Սուրբ Երրորդություն ուղին:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Շարունակ բացվող, ֆիզիկական ու մեդիա միջավայրում շարունակ միմյանց փոխազդեցությունների ձևերի-ծավալի-հնարավորությունների աճի պայմաններում մեր մանկավարժության կազմակերպումը, ճիշտ է, կրում է ինչ-ինչ փոփոխություններ, բայց ինձ, օրինակ, չի գոհացնում: Երբ բոլորով բոլորիս ուսուցիչներն ենք, երբ հեղինակային կրթական ծրագիրը մեր յուրաքանչյուր աշխատողի միջոցով ներկայանում է սովորողին, թե ծնողին, հանրությանը, անհնար է այլևս երկու կյանքով ապրել, մեկը, որ էս դու ես, քո էությունը, մյուսը, որ ներկայանում ես, հարմարվում, այսպես ասենք՝ հեղինակային կրթության պահանջներին… Ամբողջական լուծումների հրամայականով այս օրերին տարբեր խմբերով գնում են քննարկումներ, մեր ուսումնական գործի կազմակերպման նոր մոդելներ են շրջանառվում… Ապրիլը հենց սրա շրջանն է… Մայիսի 2-5-ը ստեղծագործական հավաքի օրերը ենթադրում-պահանջում են, որ այս մտմտացող քննարկվող մոդելները մեր կյանքը պիտի դառնան…
Դպրոց-պարտեզի փակ լողավազանի ձևավորումները:
Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի:
Իսկ պարտեզում հայտնի Սոֆյա Գրիգորյանը, ով կարող է շնչավոր-անշունչից՝ ինչ կա ձեռքի տակ, համույթ ստեղծել, համերգի բերել, պատկերացրի՞ք, խմբում բոլորը երգում են, իսկ Տիարի տղան, ինքն ու իր գործը՝ կարծես էս բոլորը կա՛մ չկան, կա՛մ իրեն չեն վերաբերում… չի՞ երգում, չի՞ լսում, անհաղո՞րդ է Դավիթ Բլեյանը իր շուրջը կատարվողին… Ստուգել կարելի է.
— Ո՞վ կլինի արևը…,- նետում է Սոֆյան:
— Ե՛ս եմ արևը, ե՛ս,- ոչ միայն ձայնում է Դավիթը, այլև գալիս-հրում է օրինական երգող-պարող արևին ու զբաղեցնում կենտրոնի տեղը… Մեր Սոֆյան ինչե՜ր է տեսել, լուծումներ գտել, յոլա տարել.
— Թող երկու արև լինի՝ երկու պայծա՜ռ-երգող արև…
Իրոք, լույսը շա՜տ. ապրիլ է…
— Չէ՛, երկու արև չի լինում, արևը մի հատ է լինում, ե՛ս եմ արևը…,- պնդում է Դավիթը…
Ա՛յ, այստեղ ընդհատվում է մեր կապը Դպրոց-պարտեզի հետ… Մենք երջանիկ հայրիկ-մայրիկ ենք, որ այսպիսի պարտեզ ունենք, Դավիթը, ինչպես խմբում յուրաքանչյուրը, արև՝ երկնքում, շուրջը՝ երկու տասնյակից ավելի մեկը մյուսից պայծառ աստղիկներով… Սրտա՜նց-անընդհատ շնորհակալ ենք… Փառքդ շա՜տ…
Հայ-վրացական կլոր սեղան:
Լուսանկարները` Կարինե Պետրոսյանի:
Մեր Գեղարվեստը… Գեղարվեստը՝ կրթահամալիրի, Բանգլադեշի, հանրապետության՝ առանց սահմանների… Լավ է, որ Գեղարվեստի ցուցասրահն այսօր մեզ ու մեր վրաց գործընկերներին ներկայանում է սեփական գործերի ցուցադրությամբ. երեսուն 6-12-րդ դասարանցի- սեբաստացի կապրի ցուցադրված լինելու հաճույքը… Լավ է, որ հաջորդը ցուցասրահում կլինեն մեր կրտսեր դպրոցների սովորողների գործերը, հետո՝ կրթահամալիրի 2016-ի շրջանավարտների… Ոչ միայն ցուցասրահը, Գեղարվեստն ունի 2016-ի իր զարգացումը` իր տանիքներով, նկուղներով, ներսով-դրսով, մեդիայով… «Սեբաստացիներ» երգչախումբն էլ այդպիսի զարգացմամբ է ապրում-գործում… Վաղը՝ շաբաթ, ու հերթական համերգային շրջագայությունը՝ հայրենագիտություն-երգով, «Հոգևոր Հայաստան» առաքելությամբ, ճամփորդելով գյուղ առ գյուղ, համերգներով՝ եկեղեցի առ եկեղեցի…
«Հիշեցե՛ք, ձեր ունեցած ամեն ինչից պետք է բաժին հանեք ուրիշներին: Դուք պետք է տաք նույնիսկ, երբ թվում է, թե տալը խենթություն է: Այդ ժամանակ ոչ ոք և ոչ մի բան ձեզ խաբելու ուժ չի ունենա, որովհետև, եթե գողին տաք, նա ձեզնից չի գողանա և արդեն գող չի լինի: Եվ ինչքան շատ տաք, այնքան շատ բան կունենաք տալու համար»: Սա՝ «Մարդկային կատակերգությունը», ես անվանում եմ Կտակարան ըստ Սարոյանի…
Հայ-վրացական գեղարվեստ:
Լուսանկարները` Անի Սարգսյանի:
Ֆոտոխմբագիր՝ Կարինե Պետրոսյան
# 643