«Առավոտ» օրաթերթ, 7 հուլիս, 1995թ.

Իսկ լավ դասագիրքը կայանում է գործածության մեջ, բարեփոխելով հրատարակումից հրատարակում, շտկելով ու ճշտելով, կենդանի մրցակցության մեջ դուրս մղվելով, երբ սպառել է իրեն, տեղը զիջելով նոր սերնդի դասագրքերի ներկայացուցչին:

Առանց դասագրքերի լիարժեք ու իրական շուկայի ձևավորման անհնար է հանրակրթության բարեփոխումը: Պետություն ու հասարակություն թե խնայեցին դասագրքի հարցում կկորցնեն՝ մեծ հաշվով: Տեսնենք, թե 1978 թվականի անցումը վճարովի դասագրքերից անվճար` գրադարանային ֆոնդի միջոցով բաշխման, ինչի հասցրեց մեր դպրոցը: 1994թ. սեպտեմբերի 1-ը հանրակրթական դպրոցը սկսեց առանց տպագրված որևէ մեկ անուն դասագրքի:

Տեղափոխելով դասագրքի բովանդակության շուրջ խոսակցությունը մասնագիտական միջավայր, ոչ միայն չհրաժարվելով այդ խոսակցությունից, այլև նորովի կազմակերպելով այն, վերջապես, ուղղակի ապահովելով այդ խոսակցությանը սովորողների, ծնողների, ուսուցիչների և ուսումնառության նորոգումով շահագրգիռ հասարակության բոլոր խմբերի մասնակցությունը, եկեք արձանագրենք մեր կատարածը՝ որպես նվաճում դասագրքաստեղծման գործում, սկսած ձեռագրի մշակումից, ընդունումից, մինչև նրա տպագրությունը:

Հիշո՞ւմ եք, լուսնախարարի՝ այս տարվա մարտին հայտարարած «SOS»-ին հաջորդեց նախարարության խիզախ ու ամբողջական որոշումը 1995թ. դասագրքերի բաժանորդագրությունը կազմակերպելու մասին: Ե՛վ «համաշխարհային աղմուկի շրջան» եղավ, և՛ գործած-չգործած մեղքերի, և՛ միայնակության շրջան եղավ: Այսօր հաճույքով շնորհավորում եմ «Լույս», «Շաղիկ» և  «Նոր դպրոց» հրատարակչություններին՝ առաջին տասը անուն դասագրքի տպագրության առթիվ:

Կեցցեն մեր բաժանորդները, հանրապետության բնակիչները, մեր երեխաների ծնողները, մեր այն պատասխանատուները, ովքեր հաստատակամ ու իրատես չտրվեցին մայրաքաղաքից եկող, կներեք, եղել է, թյուրիմացությանն ու չարությանը և  «Ուսում» նորաստեղծ ծառայության հաշվին ապահովեցին 650 մլն դրամ: Հանրապետության տասնյակ շրջան-քաղաքներ ապահովեցին համարյա 100 տոկոս:

Ա՛յս լսարանը, հեղինակների, լուսնախարարության պաշտոնյաների ա՛յս լսարանն է, ահա, պատասխանատու 1995թ. դասագրքերի որակի համար: Բաժանորդագրական ցուցակի բոլոր անվանումները կհասնեն մեր բաժանորդին` դպրոց՝ մինչև 1995թ. սեպտեմբերի 1-ը: Այսպիսի երաշխիք է տալիս ոչ թե անհատը, թեկուզ նախարար, այլ դասագրքերի տպագրության բնականորեն գործող համակարգը:

Ես շնորհավորում եմ «Լույս» հրատարակչությանը՝ օտար լեզվի դասագրքերի նոր սերնդի համար, ասում եմ՝ կեցցե՛ս, «Նոր դպրոց» մանուկ հրատարակչությանը` մայրենիի ընթերցարանների նոր սերնդի համար և ողջունում եմ «Շաղիկ» հրատարակչությանը` թվաբանության և մայրենի լեզվի գործնական քերականության գիրք-տետրերի ու լեզվական վարժությունների դասագրքերի բերած անհրաժեշտ թարմության համար: Եկեք խաղաղվենք, վերջին խոսքը դասագիրքը գործածողինն է` ուսուցչինն ու աշակերտինը, որ կասվի, իհարկե, 1995-96 ուս. տարվա ընթացքում և արդյունքներով:

Այո, սիրելիներս արձանագրենք այսօրվա վիճակը՝ որպես լուսավորության նախարարության նախաձեռնած հանրակրթության բարեփոխումների ծրագրի առաջին լուրջ, շոշափելի հաջողություն:

Լուսավորության նախարարությունը երկար ընդմիջումից հետո դասագրքերի ձեռագրերի մշակման իր մենաշնորհը զիջեց: Համեցե´ք: Այս տարի տպագրվող ուսպլանով պարտադիր մեթոդական և օժանդակ 100-ի հասնող ձեռնարկներից միայն 20 անունն է մշակվել լուսնախարարության կողմից և հանձնվել  «Լույս» հրատարակչությանը: Մնացյալ ձեռագրերի համար լուսնախարարությունը իր ուսումնագիտական խորհրդով միայն ձեռագրեր ընդունողի, դրանք կրթական ծրագրերին համապատասխանեցնողի գործառույթ է ունեցել:

«Շաղիկ» և «Նոր դպրոց» հրատարակչությունների վստահ մուտքը դասագրքերի ձեռագրերի մշակման ոլորտ բացում է հասարակության նոր խմբերի ու անհատների ճանապարհը կրթության նոր բովանդակության ստեղծման մասնակցության համար: Ես Ձեզ հավաստիացնում եմ, որ կկիրառենք հակամենաշնորհային բոլոր միջոցները, որպեսզի որևէ հրատարակչության համար չստեղծվի շուկային անհարիր արտոնություն:

Հնարավոր կարճ ժամկետում հրաժարվելով անվճար դասագրքերի ինքնին մեռած ճանապարհից, դասագրքերի բաժանորդագրության կազմակերպմամբ ապահովելով հնարավոր անկորուստ անցում անվճար դասագրքերից վճարովի դասագրքի, մենք պետության կայացման այս փուլում ապահովեցինք դասագրքերի տպագրության համար անհրաժեշտ դրամական նոր միջոցների ներդրում: Համեցեք, վճարունակ պատվիրատուն (ծնողը) վճարում է նախապես` որպես բաժանորդ, իսկ այսօր անվճարունակ, սոցիալապես անապահով երեխայի համար վճարում են կրթական բյուջեն, անհատ ձեռներեցներ, բարեգործներ ու կազմակերպություններ: Ձևավորվել է կրթության պատասխանատուների մի ընկերակցություն, որի հզորացումը մոտակա մի քանի տարիների համար ունի բացառիկ կարևորություն:

1995-96 ուս. տարում հանրակրթական դպրոցին տալով ինքնուրույն տնտեսավարողի կարգավիճակ, մանկավարժական մեթոդի ընտրությունը վերապահելով միայն ուսուցչին, դպրոցին և ուսուցչին ճանաչելով պատասխանատու` հասարակության և պետության առաջ ուսումնառության արդյունքի` պետական կրթական ծրագրի յուրացման համար, հաստատագրելով լուսնախարարության իրավասությունը դասագրքերի ձեռագրերի մշակման հարցում` որպես գործող կրթական ծրագրերին դրանց համապատասխանությունը արձանագրողի, մենք մեկ-երկու տարում հանրապետությունում կունենանք դասագրքերի իրական ու լիարժեք գործող շուկա` նույն ծրագրի սահմաններում այլընտրանքային դասագրքերի ցանկալի քանակությամբ:

Ավարտելով եռաստիճան հանրակրթական դպրոցի երեք մասանոց (պետական պարտադիր, դպրոցական պարտադիր և լրացուցիչ կրթություն) հենքային ուսումնական պլանի վերջնական մշակումը, դնելով այն գործածության մեջ` սկսած 1995-96 ուս. տարվանից, երաշխավորելով դրանով մոտակա 4-5 տարում կրթական ծրագրերի և ուս. պլանի կայունությունը, դպրոցին ճանաչելով պետության ու հասարակության կրթական պատվերի, անհատի ու խմբերի կրթական ամենատարբեր պահանջմունքների ու ծառայությունների կազմակերպող, մենք նախադեպը չունեցող դասագրքաստեղծ դաշտ ենք ստեղծում: Մեր հրատարակիչները, տպագրիչները, գիտաշխատողները, հետազոտող ուսուցիչները մանկավարժական ու մանկական մամուլի լավ ու հեռանկարային պատկեր կունենան:

1995 թվականի սեպտեմբերին մենք կհրապարակենք 1995-97թթ. գործածման համար անհրաժեշտ դասագրքերի անվանացանկը: Կտպագրենք նաև յուրաքանչյուր դասագրքերին ներկայացվող պահանջները: Եվ վերջ: Հրատարակչությունները պիտի ձեռագիր մշակեն, գտնեն նոր հեղինակներ, աշխատեն նրանց հետ և ժամանակին այդ ձեռագրերը բերեն լուսնախարարության ուսումնագիտական խորհրդին, որը պիտի արձանագրի դրանց համապատասխանությունը ներկայացված պահանջներին դպրոցում գործող կրթական ծրագրերին: Գործածման թույլտվություն ստացած դասագրքերը կմտնեն բաժանորդագրական ցանկ: Խնդրեմ, թող հրատարակիչները, դասագրքերի հեղինակները համոզեն բաժանորդներին վճարել հենց իրենց դասագրքի համար:

Նոր մանկավարժությունը, որ բարեփոխման արդյունքում ուզում ենք, որ սեփականեն հանրապետության դպրոցները, ենթադրում է կենտրոնում ունենալ երեխային: Դպրոց՝ երեխայի համար: Ոչ թե դպրոց` իր նախապաշարումները չհաղթահարած ավագին հարմար: Նոր մանկավարժությունը նախ և առաջ ավագի և կրտսերի նոր հարաբերություն է, համատեղ դպրոցական կյանքի նորովի կազմակերպումը: Ուսուցիչը չափաբաժիններով (պորցիաներով) գիտելիք բաժանող չէ այլևս՝ ամեն օր` այսքան: Ուսումնառությունը լուրջ գործ է, այո, երեխայի հասունությունը շատ բանով պայմանավորող, բայց այդ ընթացքը, լսեցեք, կարող է և պիտի ուրախ ու գրավիչ լինի, քանզի երեխայի մանկությունից դպրոցական շրջանը չես կտրի կամ հակադրի: Դասի նորովի կազմակերպում է պետք, երբ երեխան նաև գիտելիքը ստանում է ավագի ու իր դասընկերների հետ գործակցության արդյունքում: Դասագիրքը երեխայի ուսուցիչն է: Եթե սրան համաձայն  եք, պիտի երեխայի գործընկերը դառնա և դասագիրքը: Իսկ գործակցությունը բովանդակությամբ դասագրքի հետ երեխայի հետ խորհրդակցության օր առաջ ապահովումը առաջնահերթ խնդիր է: Իմ խնդիրը: Ձեր խնդիրը:

Հայաստանի լուսավորության նախարարության բոլոր քայլերը ուղղված են ահա այս հեռանկարին: Մենք գիտենք, թե ինչ ենք անում, այս ճանապարհին արձանագրում ենք ու վերլուծում մեր բոլոր անհաջողություններն ու ձախողումները: Փնտրում ենք գործընկերներ: Հանդուրժելի է միայն այն գործընկերությունը, որի համար խնդրում ենք բարյացկամություն, նաև աջակցություն. շռայլ եղեք: Ահա թե ինչու ես այսպես կարևորում եմ հրատարակիչների, դասագրքերի հեղինակների, հասարակության ներկայացուցիչների այս հանդիպումը: Ինձ համար շատ թանկ ու կարևոր մարդկանց ես ողջունելու հնարավորությունն ունեմ և դա անում եմ սիրով:

Աշոտ Բլեյան
Լուսավորության նախարար

Խմբագրության կողմից.

Քաջ գիտակցելով, որ պրն. Բլեյանի բոլոր գործողություններն ու հրապարակումները բուռն բանավեճ և սուր քննադատություն են առաջացնում, մենք պատրաստ ենք տպագրել ցանկացած անդրադարձ, որում  ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ կքննարկվեն այս հոդվածում արծարծված խնդիրները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Լավ է, որ փողոցը հեշտ չի տրվում….

Փողոցը չեն կարողանում թեժ պահել, որովհետև քաղաքական գյալաջին արժեզրկեց խոսքի ուժը․ Բլեյան

«Ունենալու ենք ապուշ հասարակություն, եթե վերջին կոպեկը շարունակենք տալ զուբրիտին»

«Մի կողմից հանրակրթության մասին օրենքով մենք հայտարարում ենք ստեղծականությունը, կարողությունների լիարժեք դրսևորումը, դրանց ինքնիրացումը որպես պետական քաղաքականության նպատակ, մյուս կողմից էլ՝ պետության կողմից կազմակերպվող այդ միասնական կոչվող քննություններով, որովհետև ԳԹԿ-ն

Փոխհամաձայնությունը շատ ավելի լուրջ, հեռահար մի բան է…

Կրթահամալիրի Միջին դպրոցի 9-րդ դասարանցիների հետ Հասմիկ Թոփչյանը սղագրել է 24TV-ում «Նիկոլի ձեռքին կա գործիք, որ մինչև այդ ոչ մեկի մոտ չի եղել, դա նրա առավելությունն է» հարցազրույցը։ Կարդացեք՝ որպես