Մենք լեգենդի ետևից ենք եկել Ջավախք՝ Հեշտիա գյուղով՝ Աբուլ, Աբուլ սարով՝ անցում Փարվանա, Փարվանա լճով, Փարվանա գետի ավազանով…
Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:
«Փարվանա»
Թումանյանը Տերյանի, Իսահակյանի հետ եղել է, իհարկե, Ջավախք աշխարհում, բարձրացե՞լ է Աբուլ, ո՞ր ճանապարհով… լեգենդ է։ Կա՞ Ամենայն հայոց բանաստեղծ-սրբի նշագծած այդ ճանապարհը։ Սա էլ ուխտի ճանապարհ կարող էր լինել՝ Իսահակյանի, Տերյանի, Թումանյանի հետքերով՝ Աբուլ…
— Ինչի՞ս են պետք ոսկին, արծաթ
Եվ կամ աստղը երկընքի,
Ոչ էլ գոհար եմ պահանջում
Սեր-ընկերից իմ կյանքի:
Փարվանա տիրուհու փնտրածը սա է. ախր, ունի ոսկի, արծաթ ու աստղը երկնքի… Մենք տեսանք երկինք՝ աստղերով լի, մոտիկ ու պայծառ, Աբուլի գլխին, գիշերով, Փարվանայի ափին։ Մենք կգանք մի ուրիշ անգամ, այս անգամ՝ մեր հարազատ վրաց մետրոպոլիտ Նիկոլայի՝ մեր Վլադիկայի կազմած ուղեցույցով, հատուկ խմբով, քարտեզով-գործիքներով, կգանք, կբարձրանանք Աբուլ ու կիջնենք ուղիղ ճանապարհով, այս անգամ՝ ոտքով իջնելով Փարվանա լիճ, Փարվանա լճի հատակը նաև, որտեղ ըստ Վլադիկայի ամրոց-շինություն կա, Փոկա ու Վլադիմիրովկա գյուղերի արանքով, բոլորը՝ հայաբնակ, հետո՝ Քյոռօղլու բերդ՝ գտնելու «Ծեր արքայի ճերմակ ամրոցն Ու շենքերը փառավոր»…
Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան…
Դավիթն Աբուլն հաղթահարելիս:
Լուսանկարները՝ Միքայել Ղազարյանի, Տաթև Համբարյանի:
Ահա, Փարվանա տիրուհին, որ այս ամենն ունի, այլ լեգենդ է ուզում, պատվիրում.
Ես նըրանից հո՜ւր եմ ուզում,
Անշեջ հուրը սըրբազան,
Ով կըբերի անշեջ հուրը,
Նա է ընտրած իմ փեսան…
Ինչ եղավ-մնաց լեգենդից՝ 1902 թվականից, հաշվեք՝ քանի՜ տարի, ողջ ժողովուրդը Թումանյանի պատմելով գիտի…
Էսպես անցան շատ տարիներ.
Տըխուր աղջիկն արքայի
Նայե՛ց, նայե՛ց սարերն ի վեր
Ճամփաներին ամայի,
Հույսը հատավ… ու լաց եղավ,
Էնքա՛ն արավ լաց ու կոծ,
Որ լիճ կըտրեց արտասուքը,
Ծածկեց քաղաքն ու ամրոց.
Ծածկե՛ց, կորա՛ն, ինքն էլ հետը…
Մենք այս ամենը տեսանք։ Մենք եկել ենք մեր լեգենդի ետևից՝ այս հայտնի լեգենդով լեցո՞ւն… Հըստա՛կ, ինչպես արտասուք…
Կրթահամալիրի տնօրենի ֆոտոօյեկտիվից…
Հեշտիա գյուղը, որի ընտրությամբ, իհարկե, մեր Արման Երանոսյանին ենք պարտական, նրա ծննդավայրն է, ու ոչ միայն. այստեղ իր մանկություն-պատանեկությունն է, իր դպրոցը, դասընկերներն ու ուսուցիչները, հարազատները՝ հորեղբայր-հորաքույրերն իրենց երեխա-թոռներով… Այստեղ մենք տանն ենք…
Ու մեր ուխտին այնքան սիրով, ինքնաբուխ միացած, 28-ամյա Եգոր գյուղապետի շուրջ հավաքված երկրագործ-կտրիճների մեջ անշեջ հուր ստեղծողներին-կրողներին եմ փնտրում… Ու գտնում եմ, գիտե՞ք… այսքան ուժեղ-կենսունակ-ընդունակ երիտասարդներ մեր շուրջ, մի գյուղում, իրենց Աբուլ-Փարվանա լեգենդներով լի աշխարհում… Դու ու քո լեգենդը… Ախալքալաքի մեր հայր սուրբ Բաբկենը հենց սա նկատի ուներ, որ պատվիրում-կանչում էր մեզ Փարվանա-Աբուլ՝ մեր, անհատական լեգենդի ետևից։ Ու, հա՛յր սուրբ, ահա, խոնարհ մենք՝ մեր լեգենդի ուղին բռնած Ջավախքի ճամփորդներն ենք։
Փարվանայի ափին, երկու մեծ ձմերուկը գրկած, հաղթանդամ Վլադիկան, որ ընդառաջ եկավ մեզ, այցելեց սրբազանը վրաց, հրավիրեց մեզ հատուկ արշավախմբով, իր ուղեկցությամբ, օգնությամբ, օրհնությամբ… լեգենդների աշխարհում-ծովում քայլելու և ուսումնասիրելու, ճանաչելու, ճանաչել տալու…
Մենք սկսեցինք մեր Արմանի ծննդավայրից, ապրող-կենդանի-իրական կտրիճներով Հեշտիայից ու ամենուր, Փարվանա լճի ավազանով-Փարվանա լճի շուրջ, մենք փնտրեցինք մարդկանց, Ուջմանա գյուղի գործարար Սամվելի ու նրա ծրագրավորող դարձող տղայի՝ Կարենի տեսքով, Կարտիկամ գյուղի ֆերմեր Թելմանի տեսքով, որ ողջ գերդաստանով եկել էր իր կնոջ ծննդյան օրը նշելու… Եթե անշեջ հուրը կրում եք, ապա Ջավախքը լեգենդի ճամփա է։ Մեր Տաթևներին՝ Աբրահամյան ու Համբարյան, մեր Հասմիկին Սիմոնյան, Անահիտին Հակոբյան ու իր աշխատանքային ընկերուհի Արծվիկին, մեր Ջուլիին Սիմոնյան, Սիրանույշին դեռատի մինչև Փարվանա հասնելը կփախցնեին կտրիճները Փարվանա-Աբուլի…
Ավագ դպրոցի արշավական սովորող Սիրանուշ Ասատրյանի ֆոտոօբյեկտիվից։
Դեռ ծիծաղով ասում էի՝ իմ կին Արմինեին չխառնեք, մյուսներին գիշերով, առավոտ ծեգին, Աբուլից Փարվանա ճանապարհին, Փարվանայի ափից փախցրեք… նոր լեգենդ սկսեք, մի՛ սպասեք, ախր, տեսաք՝ ջուր դառավ սպասումը Փարվանա արքայադստեր, ախր, մի ողջ ժողովուրդ իր «յոլայով», սպասում է, չի ապրում-խիզախում-իր լեգենդի ետևից գնում…
#1103