13․01․019թ․ աղբյուրը՝ ֆեյսբուք

Որոշել եմ՝ ամեն շաբաթ անել երկրի ընթացքի ամփոփումը՝ առանց զիջման։ Սա ինձ համար մի նոր գործ է, որ կանեմ, իհարկե, խնամքով, անաչառ։
Թվում է, որ այն շինարարական հսկա փոսերը՝ շրջագծով ու խորությամբ, որ փորված են Բուզանդի, Կողբացու, Արամի փողոցների միջև, արված են այնպես, որ ժամանակի ընթացքում այդ փողոցներում մնացած՝ 19-20-րդ դարի Երևանի մեկ-երկու հարկանի տները, ինչպես Արամի 23 և 30 հասցեների, ընկնեն փոսը, վերանան… Ազատվենք գլխից էլ, գլխացավից էլ… Գիշերվա բոթը ֆեյսբուքյան, Արամի 23-ի խորունկ փոսի եզրի պատի անխուսափելի-դատապարտված (ըստ Երևանի գլխավոր ճարտարապետի՝ խորհրդանշական) փլուզման մասին, մաեստրո Հեքեքյանի շփոթված վիճակը՝ իր փոքրիկ երգիչների հետ, տարիների իր փայփայած շենքն ու գործը կուլ տվող փոսի առաջ, այս շարքից է։ Ներքին ձայնի հայտնի անեկդոտից «Ա՜ռը, հա՛» բացականչությունը շարունակում է թռչել։ Արդեն ամիսներ պաշտոնավարածների՝ իբր անակնկալի գալը, լրիվ ուրիշ զգացում է առաջացնում։

Հունվարի 12, 2019թ․ Արամի-Բուզանդի փողոցներ։
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի։

Թվում է՝ օպերայի հրապարակի շրջագծով տեղադրված 20 տարվա սրճարանների քանդման մասին երեկվանից շրջանառվող տեղեկությունները, որոնք արագ մամուլով և քաղաքապետարանից հաստատում են ստանում, փողոց հանում հիմա էլ սրճարանների սեփականատերերին, աշխատողներին, ինչպես Էջմիածնից Երևան շարժվող ավտոշարասյուները, Էջմիածնի խճուղու փակումը, վերահսկողության ծառայության պետի հրապարակային, ուժգնացող հաթաթաները Երևանի պետական համալսարանի ղեկավարությանը, ամիսներ ձգվող հայտնի գործերով՝ գլխավոր դատախազության կողմից դատարանին՝ հիմա էլ Արմեն Գևորգյանի կալանքի-վերկալանքի հետևողական պարտադրումը՝ իբր որպես շարունակվող հեղափոխության պահանջ, մի նոր, ուրիշ համաճարակի ախտանիշի ազդեցություն են թողնում… Ինչի՞ համար, ինչո՞ւ այսպես։ Սա ստեղծումի լի՞ցք ունի, քարը քարին դնելու, տնտեսության մեջ արվող հեղափոխության ճանապա՞րհ է…
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի գնահատականի հետ, մեջբերում եմ. «Եւ ճիշտ անոր համար մեր ժողովուրդը պարտաւոր է մասնակից դառնալ այս յեղափոխութեան, և յեղափոխութիւնը պէտք է շարունակւի, յեղափոխութիւն՝ ի խնդիր հայրենիքի հզօրացման», ո՞վ համաձայն չէ։ 2018-ի ապրիլ-մայիսին ընդվզումի հարյուր հազարավոր մասնակիցներին ի՞նչն էր համախմբում, համերաշխ ու տոկուն պահում, անհնազանդության գործողությունների մղում՝ մո՞ւռը, խեղճությո՞ւնը, թե՞ յուրաքանչյուրիս օր առաջ հայրենիքի հզորացմանը մասնակից դառնալը, հայրենատեր լինելը. սա է խնդիրը։
Իշխանափոխության 9-րդ ամսում Երևանում ու Հայաստանով մեկ մարդու՝ իր կյանքի փոփոխության մասնակցի, կառուցումի պահանջները գերակա-թելադրող են։ Դրա հետաձգումը՝ հիմա էլ Ազգային ժողովի ղեկավար մարմինների ձևավորման, կառավարության կառուցվածքային փոփոխությունների, նոր կազմի, գործունեության ծրագրերի մշակման պատճառաբանությամբ, դրական սպասելիք ոչ միայն չի ավելացնում, այլև ընդունակների-ստեղծարարների չարացածության-նյարդայնության աստիճանն է ավելացնում։
Սկսեք, վերջապես, որևէ աղմկոտ գործով հրապարակային դատական քննությունը։
Ստեղծարարության-կառուցումի-նախաձեռնությունների օրինակներով խթանիչ-խրախուսումներ գործի դրեք, մարդկանց կյանքում փոքր, իրական փոփոխություններ բերեք։ Օրինակ՝ ավարտեք Երևանի կրկեսի ժամկետանց շինարարությունը, Ալեքսանդր Մյասնիկյանի հրապարակին հարող այգու՝ «Երևան 2800» ծրագրով այդքան աղմուկ հանած այգու վերակառուցումը, Երևանի սրտում հարյուրավոր հեկտար Դալմայի պատմական այգիների վերականգնումը, անվտանգ-հիգիենիկ դարձրեք մայրաքաղաքի՝ շինարարական հրապարակների ու աղբակույտերի վերածված կենտրոնական տարածքները՝ իմ Երևանը՝ Ֆիրդուսնոց, «Հին Երևան», Կոնդի…
Սա՝ միայն Երևանում, իմ ճանապարհին, օրվա իմ հետաքրքրությունների շրջանակում…
Ավելացրեք։

Դավիթ-Աստղիկ նկարաշարը՝ Արմինե Աբրահամյանի։

#1550

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երևակայությունը, ստեղծագործությունը, դպրոցը

Հասկացությունների լեզվով սկսենք իմ խոստացած, հատուկ Բլեյան ցանցի համար արված եռագրի երրորդ հրապարակումը.․․ որքան էլ որ ես ավելի շուտ բանաստեղծ եմ, քան փիլիսոփա․․․ Ու որ սահմանումների մեջ ես չխճճվեմ-խճճեմ, ընթերցո՛ղ, կօգտվեմ միայն

Թափթփված օրագիրն իմ ու պուպուշ-անուշ ընթերցողը․․․

Եվ աքաղաղը վերադարձնում է ծիածանի (թափթփվա՞ծ) գույները․․․ Տեսե՜ք` ինչ գույներ են իմ օրագրի ընթերցողին ծանոթ Չինաստանի Դոնչուան նահանգից․ այստեղ է գտնվում Կարմիր երկիրը, որպես ութերորդ հրաշալիք աշխարհի։ Ուզում ենք, չէ՞,

Շնորհակալ եմ ինձ, որ գտա ու ընդունեցի քեզ․․․

Վա՜յ, Նորայր ջան, Նորայր․․․ Քեզ հետ ավելի պա՞րզ է դառնում ճանապարհս, հաջորդ քայլս․․․ Նունե Մովսիսյանի ու իր սաների ուսումնական նախագծի գրապտույտով ինձ անցկացրի հերթական անգամ։ Վա՜յ, Մերի ջան․․․ ի՜նչ շողալ ես