Որոշումներ ինքնուրույն կայացնում է Դավիթ Բլեյանը. սրան զոռով չես փոխի, իր համառությունից, հակառակվելուց սևանում է… Հո չե՞ս ծեծի՝ փլուզես ողջ գիտակից կյանքում կառուցած մանկավարժությունդ… Իբր քիչ փլատակներ կան մեր երկրում. փլատակների երկիր, ա՜խ, Հայաստանս… Մեկ է, նահանջելու ես, ինչքան շուտ, էնքան քո պատիվն է: Սկսում է աջ ու ձախ տարածել փոքրիկ-մեծ շանտաժիստը՝ «մայրիկը լավը չի», կամ «հայրիկը վատն է»…

Երեքով՝ ես, Արմինեն ու Դավիթն առավոտյան դուրս ենք գալիս տանից միշտ նույն ժամին. տանը հո մենակ չի՞ մնա, չի ուզում, ուզում է մեզ հետ գա՝ առույգ, հետաքրիր, սպասումներով, ինչպես առավոտը… Երեկ մայրենիի չորս պարապմունքի է մասնակցել՝ Արմինեի 4-1, 4-2, 5-1, 5-2 դասարաններում. չի խանգարել, սենյակի վերջում տեղ է զբաղեցրել, նկարել է, գրել, Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգությունը» լսել֊։ Հոմեր Մաքոլիի մասին պատմությունն ինձ համար կտակարանի պես է, լավ է, որ մեզանում գլուխ-գլուխ, անշտապ կարդում են… Պարտեզ մեր ախպեր Դավիթը չի մտել. երեք օրում հասցրել է խորթանալ, օտարանալ, զգուշանում է: Իմ ճանաչած ամենազգույշ մարդկանցից է՝ խելքը տեղն է, կչափի, կտնտղի, կլսի, կքննարկի, չի շտապի… Մանկապարտեզի ճաշը, իհարկե, կերել է ամբողջությամբ, և՛ համով է, և՛վճարել ենք:

Այնպես ստացվեց, որ 14.30 միասին ենք. ես իջնում եմ Արմենիա TV, «Մարդկային գործոն» հաղորդման (ո՜նց մերժես իմ ու Դավթի քույրիկ Նազենիին), Դավիթը գոռոցով շարունակում է ճանապարհը մայրիկի հետ… Այլ՝ զբոսանքի պլաններ-սպասելիքներ ունի մեր եղբայր Դավիթը: Ինչպես ինքը, ես էլ ինքնուրույն ի՛մ որոշումներն եմ կայացնում: Բայց քննարկում ենք, ես ներկայացնում եմ իմ դիրքորոշումը, իմ նկատառումները, ինքը՝ իրենը: Մենք իրար ուշադիր-սիրով լսում ենք:

1988-ը սկսվեց Արցախյան շարժումով, որ ընդունված է ազգային վերածնունդ համարել։ Իսկ ահա տարին փակող երկրորդ շարժումը իսկական աղետ եղավ։ Դեկտեմբերի 7-ին թիվ 183 դպրոցի շենքում (այսօր կրթահամալիրի Մայր դպրոց, Բաբաջանյան 25 հասցեում), ժամը 12.00-ին մոտ  այսօրվա «Գիտակների» ակումբի, Վահրամ Թոքմաջյանի հասարակագիտության կաբինետի տարածքում քննարկում էր. ցնցում եղավ… Քիչ անց բոլորս շենքի հրապարակում էինք, չէի ասի՝ ահաբեկված-անհանգստացած: Մենք չէինք կարող պատկերացնել, որ ճիշտ նույն պահին փլատակների տակ է հայտնվել մի ողջ տարածաշրջան… Այսպես եղավ Սպիտակի երկրաշարժը՝ ինձ համար, որպես ականատես:

Երեկոյան Սամսոն Ղազարյանի ուղեկցությամբ գնացինք նույն օրը «Ղարաբաղ» կոմիտեի նախաձեռնած՝ երկրաշարժի հետևանքների վերացման շտաբ, որը տեղավորվել էր Հայաստանի գրողների միության շենքում, «Ղարաբաղ» կոմիտեի հայտնի շտաբից (Բաղրամյան 14, այժմ Հայաստանում Սիրիայի դեսպանատան շենքը) ոչ հեռու… «Ղարաբաղ» կոմիտեի իմ ընկերներն ինձ առաջարկեցին Սամսոն Ղազարյանի հետ, դպրոցի տղաների մի մեծ խմբով մեկնել Գյումրի…

Հիմա ժամը 06.00 է, ու ես փշաքաղվեցի… Ես առանց մղձավանջի չեմ կարող հիշել-պատմել Գյումրիում անցկացրած օրերի մասին. ձեր թույլտվությամբ արագ պատմեմ ու անցնեմ։ Գյումրիում որոշեցինք, որ բոլորը կվերադառնան, իսկ մի խումբ՝ իմ ղեկավարությամբ, կմնա՝ մեր Գևորգ Հակոբյանը, Կարո Սիմիդյանը, Աբրահամ Հովհաննիսյանը (մեր Անիի ու Անդոկի հայրիկը, այդ շրջանում մեր փոխտնօրենը)։ Սոդոմ-Գոմորը, ընթերցող, ոչ միայն տեսանք, մենք այդ Սոդոմ-Գոմորում ապրեցինք յոթ երկար, ցերեկն ու գիշերը ջնջված մի ընթացք… Իմ, Գևորգի, Կարոյի՝ ուսանողական շինարարական ջոկատներում, Աբրահամի՝ խոպանում ստացած կոփվածքը, արտակարգ իրավիճակներում գործելու կարողությունները դրսևորեցինք ամբողջությամբ: Սևակն է ասում՝ լավ է այնտեղ, որտեղ մենք պարտավոր ենք լինել ու կանք: Գևորգ, Կարո, Աբրահամ, եղբայրնե՛ր, մենք պարտավոր էինք լինել Գյումրիում, եղանք ու գտանք օգտակար լինելու հնար: Հեշտ չէր այդ օրերին Գյումրիում օգտակար լինելու միջոցներ գտնել. կարող էիր ողբասաց լինել, որի կարիքն ամենևին չուներ երկրաշարժի գոտին, կարող էիր բեռ լինել, հոգս, նկարվել, գրել… Մենք ոչ միայն այդ օրերի արխիվ չունենք, մենք հիմա էլ առանց անհրաժեշտության չենք խոսում այդ օրերի մասին…

Գյումրիում հենց առաջին օրը պատահաբար հանդիպեցի իմ կոմերիտական-ուսանողական շրջանի ընկեր Հայկին՝ Հայկ Քոթանջյանին, ՀԼԿԵՄ կենտկոմի 1-ին քարտուղարին, հետո կուսակցական գործիչ, Աֆղանստանի պատերազմի մասնակից, ռազմական դիվանագետ, այժմ ՀՀ պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ԱՌՀԻ) հիմնադիր պետ: Հայկն ուրախացավ՝ մեր մարտունակ խումբը տեսնելով, ու որոշվեց զբաղվել մարդկանց էվակուացիայի կազմակերպմամբ… Պետք էր ժամ առաջ բնակության համար վտանգավոր դարձած կացարաններից,  տուն-տեղ-հարազատ կորցրած, շվարած, մեծ թվով կանանց, երեխաների, ծերերի կազմակերպված, ավտոբուսներով դուրս բերել Գյումրիից և ճանապարհել Հայաստանի՝ երկրաշարժից չտուժած վայրեր… Փախեփախ, հրմշտոց, հարազատի կորստի ողբ. ո՞վ էր ում ճանաչում…

Մեր ստեղծած բարձրախոսով հարթակը, մեր գործը, անընդհատ մարդկանց հետ լինելը, իմ ձայնը քանի օր, քանի՜ ժամ հույս, վստահություն, ճանապարհ ցույց տվեցին հարյուրավոր մարդկանց… Հոգնել չէր կարելի, լռել-խռպոտել, նեղանալ չէր կարելի. տոկուն, հարգանքի, խորը հարգանքի արժանի համերաշխություն-եղբայրություն դրսևորեցինք մենք… Չեմ ուզում շարունակել… Մի ծերունի, որ նստել էր ավտոբուս, ստիպեց, որ ավտոբուսը կանգնի, դժվարությամբ իջավ, մոտեցավ ինձ և իմ կաշվե բաճկոնի մեջ մի բան խցկեց… Ես բարձունքից խոսում էի, հրահանգում, ցուցակներ կարդում… Հետո պարզվեց, որ նարինջով է արտահայտել գյումրեցի հայրիկն իր շնորհակալությունը…

Վառելիքը, որ գրամներով էր բաշխվում Գյումրիում, մենք էինք բաժանում մարդկանց տեղափոխող ավտոբուսներին… Եվ ահա, արյունն աչքերին, կրակվառիչը ձեռքին՝ ցիստերնին է մոտենում ամեն ինչի ընդունակ մեկը… Կա՛ց, եղբայր, ու տղամարդը հնազանդվեց, փաթաթվեց, հեկեկացինք միասին՝ Եղբայր ենք մենք: Դագաղներ էին շարված քաղաքում՝ աջ ու ձախ արագ սարքված դագաղներ… հարյուրավոր սև, միանման դագաղներ… «Լենինական» հյուրանոցի կիսաքանդ շենքում էր տեղավորված մեր շտաբը. աչքերս կպցրել-արթնացել ենք ու տեսնում ենք՝ դագաղների կափարիչները բացվում են, մարդիկ են դուրս գալիս… Պատսպարվելու ավելի հարմար ձև, երևի, չէին գտել քաղաքում…

Մեր դպրոցի վարչական մասնաշենքն էլ, որ հիմա կոչում ենք «Սեբաստիա» մարզամշակութային կենտրոն (Մայր դպրոցի երեք թևերից կենտրոնականը) լուրջ վնասվել էր երկրաշարժից… Հետո, շաբաթներ, թե ամիսներ հետո, մեզ առաջարկվում էր ազատել շենքը՝ մի թանկարժեք նախագծով ուժեղացման-վերակառուցման համար: Ես չհամաձայնեցի և կեցցե՛մ ես: Հայտնի չէր, որ գնայինք այդ անմիտ ճանապարհով, կլինե՞ր այսօրվա կրթահամալիրն արդյոք… Գտնվեց մի ինժեներ-կոնստրուկտոր, խելացի ու լուրջ մասնագետ, որն ինձ առաջարկեց պարզ-հուսալի-արագ լուծում՝ շենքը ուժեղացնել ընդամենը 1989-ի ամռան արձակուրդի մեկ-երկու ամսում, ամենահամեստ միջոցներով… 1989-ի սեպտեմբերի 1-ին դպրոցի շենքի կենտրոնի 1-ին, 2-րդ հարկերում մեզ դիմավորեցին այսօր արդեն սովորական դարձած կամարները: Այսօր քչերը գիտեն, որ դրանք հիմքից մետաղաբետոնյա կարկասներ են… Ինձ հարցնում են՝ ի՞նչը չես քանդելու, ի՞նչն է կանգուն մնալու կրթահամալիրում: Ահա այս ու միայն այս կամարները հաստատուն են, մեր կրթահամալիրի հիմքում են, ինչպես մեր մանկավարժության սկզբունքները՝ ստեղծական, մոբիլ ու անընդհատ… Հոգնել ես՝ մեռի, մտիր մահիճ, ծնվիր, արթնացիր ու սկսվիր նորից, թարմ, առույգ, հետաքրքիր, սպասումներով, ինչպես Դավթի առավոտն այս…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իմ գիրը՝ կյանքի նման բարդ

Մարի ջան, սիրելիս, «Տիգրան Հայրապետյան» գրադարանի նշանավոր ղեկավար Մարի Գաբանյան, շնորհակալ եմ ինձ արխիվից հայտնի դարձնելու ջանքերիդ համար։ Աչքի անցկացրի երեկվա «Ի բազում ամս տենչեցեալ…» հրապարակումը. մեկ է՝ հավատալու բան չէ՝

Հարյուրից, հազարից զատ՝ երկու քարի արանքում, երկու դարի արանքում

Սեբաստացի Գոռ Ղազարյանը, իմ քույր Էմմայի թոռնիկը, դարձավ 6-րդ դասարանցի ու շարունակում է հիացնել ինձ. երեկ ամբողջ օրը Դավիթն Օհանավանում անցկացրեց Գոռի հետ, Գոռի կողքին, Գոռի խնամքով… Ինչպե՜ս էր Գոռը

Ամառային ճամփորդությունը՝ մեր նազելի բնակարան…

Անշտապ ճամփորդ որ ասում են, լսեցի՞ք, հիմա ես եմ, իմ մասին են ասել․․․ Քույր Էմմայենց, Գարիկ փեսա պարտիզպանի խնամված Օհանավանի տան, Երևան-Գյումրի խճուղու Արագածոտնի մարզի հատվածի այս քարե մուտք-ցուցանակի մոտով քանի՜