— Հայրիկ, դու վշտացե՞լ ես, որ խոստումս չեմ կատարել: Առավոտյան կլողանամ, կուրախանաս…
Այսպիսի լեզու-միտք ունի Դավիթ Բլեյանը. ես, իհարկե, «վշտացած» խաղում եմ, իսկ զարմանալ, այո, շարունակում եմ զարմանալ մարդու-երեխայի հնարավորությունների վրա…
1988թ. փետրվարյան արցախյան շարժումով մենք ոչ թե սկսեցինք ապրել ուրիշ հասարակությունում, այլ տեսանք՝ ինչ ասել է հասարակություն, հասարակական շարժում… Ամեն ինչ, անգամ անսասան թվացող բոլշևիկյան ռեժիմը, սկսեց ցնցվել… Բնական է, որ մինչ արցախյան շարժումն արդեն հայտնի Աշոտների դպրոցը հայտնվեց շարժման, բուռն զարգացող իրադարձությունների առաջին գծում: Շարժումն Աշոտ Մանուչարյանին տարավ Թատերական հրապարակ, մեր հայտնի տրիբունին դարձրեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ: «Ղարաբաղ» կոմիտեի անդամ դարձավ նաև հասարակագիտության-պատմության մեր ուսուցիչ Սամսոն Ղազարյանը, շարժմանը՝ որպես աշխատանք, նվիրվեց մեր Հրայր Ուլուբաբյանը: Դպրոցն օգնում էր առաջին միտինգների կազմակերպմանն ամեն ինչով՝ կապի տեխնիկական միջոցներով, տեխնիկ-մասնագետներով… Աշոտ Դաբաղյանը, ով իր կյանքը 1980-ից սկսած անբաժան էր դարձրել Աշոտ Մանուչարյանից, այս վտանգավոր-հարափոփոխ շրջանում, իհարկե, Աշոտ Մանուչարյանի կողքին էր, թեև ոչ օպերային հրապարակի հարթակի վրա… Այդպես գաղտնի կապավորներ էին տասնյակ ուսուցիչ-ուսուցչուհիներ՝ Ալիկը, Ժաննան, Սերգեյը, Տիգրանը… Շահումյանի կուսշրջկոմն իր եռանդուն առաջին քարտուղարով (Ռուբեն Թովմասյան), որ իր ու իմ նշանակման (1985թ.) առաջին օրվանից հայտնել էր, որ ինձ հաճույքով ազատելու է աշխատանքից, զանգում-այցելում էր ամեն օր…
— Ճի՞շտ է, որ Աշոտ Մանուչարյանն աշխատանքի չի գալիս…
— Ի՜նչ եք ասում, քիչ առաջ միջոցառում էր անցկացնում պատանիների հետ, մենք ինչպե՞ս կարող ենք առանց Մանուչարյանի…
Քիչ հետո՝ այլ զանգ…
— Ճի՞շտ է, որ Սամսոն Ղազարյանը…
— Այո, Սամսոնը մեր ամենաբարեխիղճ ուսուցիչն է, միշտ սովորողների կողքին…
Մինչ շարժումն արդեն դպրոցում խորհրդային շրջանի՝ օրորոցից դաստիարակչական կազմակերպական կառույցը՝ 6-9 տարեկան՝ հոկտեմբերիկ, 10-14 տարեկան՝ պիոներ, 14 և ավելի՝ կոմերիտական, փոխարինված էր աշակերտական ինքնավարությամբ, սովորողների ակումբներով… Ռուբեն Թովմասյանի հետևողական հարցերի շարանին՝ լավ, բա, ընկեր Բլեյան, էս ո՞ւր են ձեր հոկտեմբերիկներն իրենց նշաններով, ո՞ւր են նրանց կրծքանշանները…
— Սեպտեմբերին մեր երեխաները կոչվում են սեպտեմբերիկներ, հոկտեմբերին՝ հոկտեմբերիկներ, դե, իսկ դեկտեմբերին՝ դեկտեմբերիկներ…
Իսկ 1988-ին՝ երթեր, ցույցեր, դասադուլ-գործադուլներ, և պետք էր ոչ միայն զբաղվել մանկավարժությամբ, այլև փոփոխությունների այս շրջանում զարգացնել այն. հատկապես, որ մենք լեցուն էինք դպրոցի զարգացման գաղափարներով… Աշոտներով հստակ պայմանավորվեցինք, որ ես մնում եմ դպրոցում, որ ես կրում եմ անձնական պատասխանատվություն՝ դպրոցը ոչ միայն չկորցնելու, այլև զարգացնելու համար, իսկ Մանուչարյանն ու Դաբաղյանն ազատ են իրենց գործողություններում՝ շարունակելով, իհարկե, պաշտոնավարել դպրոցում… Համերաշխությունը միշտ էլ բնորոշ է եղել դպրոցին-կրթահամալիրին և´1988-1990-ին, և´ 1998-2001-ին՝ մեր քրեական հետապնդման շրջանում, հասարակական կարևորություն է ձեռք բերել, այնպես, որ այլք տեսել-գնահատել են մեր համերաշխությունը…
Ղարաբաղյան շարժումն ուներ վերելքի (հեշտ էր, վայելք էր) և նահանջի (հետապնդումների, վտանգի շրջան) փուլեր… Իսկ կուսշրջկոմ-կուսքաղկոմ-կենտկոմը՝ իր ԿԳԲ-ով (ԱԱԿ) կար, և պետք է կարողանայինք պաշտպանել դպրոցը… Հիշո՞ւմ եք՝ ինչպես նստացույց արեց հենց Մայր դպրոցի կենտրոնում Աշոտ Դաբաղյանը՝ իր անհամաձայնությունն արտահայտելով շարժման հետ կապված մեր պահվածքին… Հետո հայտարարեց… հացադուլի մասին… Մայր դպրոցում, օրը ցերեկով… երեխաների և ուսուցիչների հետ:
Ամենադժվար փուլ կամ շրջան եմ մտնում՝ իմ բլոգապատումով Արցախյան շարժումից հետո պատմելով Հայաստանի Հանրապետության ծնունդի-կայացման մասին, հայ-ադրբեջանական շարունակվող հակամարտության մասին: Ուրիշ է, երբ ես պատմում եմ իմ, իմ ընտանիքի, Դավթի կամ Շուշանի, իմ կրթահամալիրի ու այն ստեղծած-գործող ընկերների մասին… Պուպուշ չեմ եղել ու չեմ ուզում երևալ, որպես Շարժման, Երրորդ հանրապետության ստեղծման ակունքների մոտ կանգնած համեստ մի գոյ: Երբե´ք: Չեմ ուզում մոռանալ ու վիրավորել որևէ մեկին, չեմ ուզում ռետուշ անել իրադարձությունները… Մխիթարեմ ինձ նրանով, որ շատերը պարզապես չեն կարդա, ներողամիտ կլինեն… Իմացե´ք, որ ես թանկ եմ գնահատում մեր համատեղ կյանքը՝ հավատարիմ իմ ու ձեր ապրածին… Զրույց է, անում ենք:
Իմ սիրելի, բոլորիս հարգելի Արամազդը՝ կրթահամալիրի խորհրդի նախագահը, օգնում է, հուշում բլոգապատումն առավել հետաքրքիր դարձնելու, նորանոր ընթերցողներ ներգրավելու Ճանապարհը… Արամա՛զդ ջան, եղբա՛յր պատվական, Գրիգոր Խաչատրյանի նման ասեմ՝ ես ավելի ամոթխած մարդ եմ, քան դու կարծում ես… Ինձնից ամոթխած մեկ էլ Վանո Սիրադեղյանն է: Վանո, ա՜խ Վանո:
1998 թիվն էր, երևի. խորհրդարանը քննարկում էր ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը պատգամավոր Վանո Սիրադեղյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մասին… Ի՜նչ մեղք ասես չվերագրեցին շարժման գլխավոր շարժիչներից մեկին, բոլորիս մեղքերը… Օրվա վերջում Խանջյան 27-ի (այժմ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահության) ակումբային հատվածում էինք՝ Վանոյի շուրջ… Վանոն դուրս եկավ միջանցք, ես՝ նրա հետևից, միացրեց բջջայինը։ Համարյա բառացի կրկնում եմ՝ «Ռուզան, այնպես կանես, որ մայրիկն այսօրվա լուրերը չնայի, չլսի… Ռո՛ւզ ջան, ուշադիր եղիր…»։ Վանոն ինձ չտեսավ, իսկ ես արցունքոտվեցի… 1999-ին ես Նուբարաշենի «կլոր բերդում էի». հարկադիր, բայց սկզբունքային գործուղում արդարադատության համակարգում, չգիտեի, որ այդ աշխատանքը տևելու է, տևելու է… հանուն Հայաստանի Հանրապետության… Վանոյի նոր դուրս եկած գիրքը ստացա խցում Վանոյի ձեռագիր մակագրությամբ. «Բլե ջան, կներես, հիմա ես սրանով միայն կարող եմ օգնել քեզ»… Էլի հուզվեցի՝ ով ում օգներ, կարևոր չէր. այ, սրան ես ասում եմ ամոթի զգացում կամ ամոթխածություն…
Կիրակի, դրանից առաջ՝ շաբաթ ու հետո՝ երկուշաբթի օրերին ես ուշի ուշով հետևում էի Սևանի «Ժայռ» և ՀԱՍԿ-ի «Բյուրական» կենտրոններում մեր սեբաստացիների 2-օրյա, 3-օրյա ճամբար-հավաքների գործնեությանը: Կեցցե՛ն Ազնիվը Հովհաննիսյան, Կարենը (Կայ) Խաչատրյան, Հասմիկը Թոփչյան, Տաթևը Աբրահամյան, բոլորը, որ հիշարժան դարձրին աշուն-սեպտեմբերը:
Մեր օրացույցում «Բարձունքի նվաճումն է», Կոմիտասյան օրերը, մեր հեղինակային կրթական ծրագրերի աշնանային (սեպտեմբերի 22-26) ստեղծագործական բաց՝ թվով 9-րդ հավաքը… Թեժ աշուն: Դիմացը հոկտեմբերն է՝ որպես մեր մոբիլ ու ստեղծական 25 տարիների տոնի պատրաստություն, ես ձեզ խոստանում եմ բուռն-կոնկրետ իրագործումների շրջան… Նախաձեռնության գինը՝ ծնողի, շրջանավարտի, ուսուցչի, սեբաստացու, որտեղ էլ որ լինի, կտրուկ բարձրանում է…
Մեռելոց-հանգստյան պարտադրված օրով արձակուրդն իսկական ուսումնա-հայրենագիտական դարձավ 100-ի չափ սեբաստացիների համար: Իհարկե: Սեպտեմբեր-հոկտեմբերը, ինձ համար՝ նաև նոյեմբեր-խոր աշունը, բնության ոսկի շրջանն է. տե´ս, կանչում է զնգալեն…
— Մայրիկ, ի՞նչ է նշանակում՝ հը՛-ը…
Դավիթ Բլեյանն այսօր շուտ արթնացավ` 6-ի 7-ի արանքում, ես՝ ուշ, 5-ի 6-ի արանքում, և իմ օրը՝ օրվա գիրն ու Դավթի օրը՝ հեծանիվ, երաժշտություն, լող… խաչվեցին: Դավիթն արթնացել է «Արև բացվեց թուխ ամպերեն» երգը շուրթերին… Երաժշտությունն ազգային ճաշակի ենթագիտակցականն է ձևավորում… Պարոնայք, Կոմիտասն է ասում. «Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին»: