«Հայկական Ժամանակ» թերթ, 07.12.2006թ.

Լեգիտիմությունը ինձ համար երկու չափանիշ ունի. իշխանության (պետական և համայնքային) մարմիննների ձևավորման օրինականություն և իշխանության մարմինների (պաշտոնատար անձանց) կողմից մարդու (քաղաքացու) անօտարելի իրավունքների ու հիմնարար ազատությունների հարգում:

Իշխանությունը ոչ լեգիտիմ է, եթե նրա ձևավորումը (ընտրական գործընթացը) անհատական գիտակցության ընկալմամբ հասարակայնորեն ճանաչված է որպես անօրինական: Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով Հայաստանը` որպես պետություն, պարտավոր է իր տարածքում ապահովել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Ահա ինչու այսօր իշխանությունը ոչ լեգիտիմ է նաև, երբ չի ապահովում մարդու իրավունքների ու ազատության պաշտպանությունը: Երկու չափանիշով էլ ոչ լեգիտիմ իշխանություն ունենք Հայաստանում` անպաշտպան քաղաքացին փաստ է, նաև անօրինական են ձևավորվել (ընտրել) ոչ միայն օրենսդիր և գործադիր մարմինները, այլև գործող Սահմանադրությունը: Սահմանադրական վերջին հանրաքվեի ժամանակ արձանագրվեց, որ ընտրական գործընթացը կարելի է կազմակերպել և առանց ընտրողի` ՀՀ օրենքով ձևավորվող ընտրական հանձնաժողովները և ՀՀ օրենքով վարվող փաստաթղթերը (ընտրական ցուցակներ, քվեաթերթիկներ, արձանագրություններ) բավարար են: Ընտրողի մասնակցությունը ծախսատար է ու հոգսեր է առաջացնում: Ես իրավունքի դասականի մոտ եմ կարդացել. իրավապահ մարմինները (այդ թվում` պետական իշխանության ամենազգայուն մարմինները` դատարանները) արդարադատություն իրականացնելու իրենց ուժը ստանում են օրինական ձևավորված օրենսդիր և գործադիր իշխանությունից: Մեր դատարանն այսօր անուժ է իրավունքի պաշտպանության համար: Մարդկանց իրավունքները համայնքի և պետության մակարդակով կարող են անպատիժ ու անվերականգնելի ոտնահարվել: Աքսիոմատիկ պնդում է (մեր իրականությունը վկա)` բարեկեցիկ հասարակություն, մրցունակ տնտեսություն և անվտանգ քաղաքացի չի լինում առանց գործուն արդարադատության: Մենք այս ոչ լեգիտիմ կյանքով բավականաչափ ենք ապրում` հասարակայնորեն հարմարվելու աստիճանի: Սրա հաղթահարումը և՛ դժվար կլինի, և՛ հատուկ կազմակերպում է պահանջում:

Ինչո՞ւ է այդպես

Հին պատմություն է, եթե ազգի մենթալիտետին չարչրկված հղումը թողնեմ, մենք` մեր եղունգով մեր գլուխը քորողներս ու յոլա գնացողներս, հայտնվել ենք մեր «մոր փորում», մեր ստեղծած անկարգ ու անօրինական կյանքում սկսել ենք զգալ ինչպես ձուկը ջրում: Ես Հ. Թումանյանի մոտ եմ կարդացել այս` ավանդույթի ուժով արատի պատճառի մասին` գաղափարի մարդը իր հրապարակած գաղափարին մեզանում չի ծառայում: Այսօր սա, ցավոք, միայն մեր հասարակության ֆորմալ լիդերներին (բոլոր մակարդակի իշխանավորներին) չի վերաբերում: Ավա՜ղ, այս արատը` որպես բացիլ, հասել է նաև մեր հասարակության ոչ ֆորմալ լիդերներին` լրագրողին ու ձեռնարկատերին, ընդդիմադիր քաղաքական ու հասարակական գործչին, ուսուցչին ու դասախոսին, արվեստագետին ու գիտնականին, ովքեր իրենց ստացած կրթությամբ և զբաղեցրած դիրքով հասարակության որևէ խմբի (հանրույթի) վրա ազդեցություն ունեն: Մեր իրականության ողբերգությունը կատարյալ է, քանզի գաղափարին չի ծառայում (դադարել է ծառայելուց) նաև շարքային կոչվող քաղաքացին, Հայաստանում ապրող մարդը, ում գաղափարը մեկը պետք է լիներ` հարգել օրենքները, իր և այլոց իրավունքները: Ընտրողը տարբեր պատճառաբանություններով դադարել է օրենքով (օրինական) իշխանություն ձևավորելուց` այսպիսով կազմելով մռայլ երրորդություն իր չընտրած իշխանավորի և առանց լիազորության` ազգի անունից հրապարակավ հանդես եկող գրագետի հետ:

Ի՞նչ անել

Երբ իշխանություններն անօրինական են, նրան սոսկ քննադատելը մի տեսակ նրանց օրինականացման ձև է: Խնդիրը երկու չափանիշով էլ հայաստանյան իշխանության օրինականացումն է: Մենք մեր անհատական` սոցիալական-քաղաքական-քաղաքացիական իրավունքների և ազատությունների համար չենք պայքարել և չենք նվաճել դրանք, որպես մեր` անհատական պայքարով ձեռք բերած արդյունք: Էլ չեմ խոսում սոցիալական-քաղաքական-քաղաքացիական ազատություններն ամեն օր անհատական ջանքերով պահպանելու մասին: 1988-1990թթ. երանությունը բոլորս ճաշակեցինք որպես երկնային մանանա, որը մենք ունեցանք հասարակական համաձայնության մեր պոռթկումի պահին` հանուն մեր ազգային իղձի` Լեռնային Ղարաբաղի հարցի արդարացի լուծման: Այո, կարճատև, բայց մենք ցույց տվեցինք, թե մարդկային ինչպիսի որակներ ենք կրում, ինչ ասել է` հասարակական կյանք, ազատության, հավասարության և եղբայրության գաղափարներով տոգորված ժողովուրդ: Ինչպես եկել էր, այդպես էլ գնաց: Ազգային եռանդն ու ոգևորվածությունը չփոխարինվեց աշխատավոր մարդու անհատական ազատությունների և իրավունքների համար զրկանքներով ու վտանգներով ուղեկցվող անդադրում և տևական պայքարով: Ծուլացանք, չկարևորեցինք, ընդունակ չեղանք… Այսքա՜ն գործազուրկ և կյանքի իրավունքի այսպիսի արհամարհում` և ոչ մի գործադուլային շարժում: Այսքա՜ն կեղծված ընտրություններ, քաղաքացու այսպիսի ստորացում և ետքվեարկության պայքարի մի քանի օրից բացի ոչ մի լուրջ ընդվզում: Չի կարելի հաշտ ապրել այս «ոչ լեգիտիմ» իրականության հետ ու չսկսել համեստ` անհատական պայքարը: Չի կարելի կեղծել` թերթով, հեռուստացույցով, լսարանի (այդ թվում սովորողների) առաջ խոսել օրինական ընտրության անհրաժեշտության մասին, իսկ քիչ հետո վաճառել հանձնաժողովի տեղերը կամ ընտրական այլ անօրինականություն կատարել ու մտնել աշխատանքային կոլեկտիվ ու դասարան, քարոզել հաջորդ վեհ գաղափարները, կարծես ոչինչ էլ չի եղել: Ի դեպ` ընտրությունները երբեք չեն ավարտվում, անընդհատ են: Երբ հայտնի ու հաճախ անհաղթահարելի խոչընդոտներ կան` քաղաքական գաղափարները հասարակության մեջ տարածելը (գործադիրի կողմից կառավորվող եթեր, խաղաղ երթերի և հանրահավաքների անցկացման թույլտվություն, ժողովների համար դահլիճների հայթայթումը), երբ գլխավոր դատախազը քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար կառույցներ է ստեղծում, երբ Հայաստանով մեկ քաղաքական կուսակցությունները ոչ միայն զբաղված են ընտրակաշառք (ապրանք, փող և ծառայություններ) բաժանելով, այլև հեռուստաեթերով գովազդվում, որպես կարևոր լրատվություն` ներկայացվում են հասարակության, երբ վաղվա օրվա համար համատարած վախ կա… Սրանք ընտրության օրինականությունը բացառող հանգամանքներն են՝ յուրաքանչյուրն առանձին-առանձին և միասին վերացրած: Պիտի խիզախի մեզանից յուրաքանչյուրը, պիտի վտանգի իր ունեցած-չունեցածը, որ հաղթահարենք հասարակության բռնած վախը: Չխոսենք ազգի անունից և չգուժենք ազգի կործանման մասին` այ, եթե այս անգամ էլ, ապա ազգը կկործանվի: Ազգին հանգիստ թողնենք: Համեստություն է պետք, որ յուրաքանչյուրս հանդես գանք մեր անունից կամ այն խմբի, ում լիազորությունը օրինական ստացել ենք: Յուրաքանչյուրս անելիք և լիազորություն ունենք` ինքներս մեզանից սկսելու օրինական գործելու, որպես քաղաքացի լեգիտիմանալու համար:

Աշոտ Բլեյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ուզում եք, կարող եք սա անվանել հասարակության ֆորմատ…

2015թ. շարժման Բաղրամյան 2016թ. պայքարի Խորենացի Երեսուն տարի անց. քաղաքացիական անհնազանդության կախարդանքը… 16.04 Կիրակի է։ Արմինեի բկաբորբը՝ անգինան, կտրուկ փոխվեց ուժեղ գրիպի, անկողնային ռեժիմով, ես ու Դավիթն էլ՝ խնամակալ անշնորհք․․․ Ինտերնետի,

Աշոտ Բլեյան. կրթահամալիրի հիմնադիրը, որ կերտել է Նոր Ուղի

Հարցազրույցն անց է կացվել «Մարդիկ, որ ոգեշնչում են մեզ» նախագծի շրջանակներում։ Աշոտ Բլեյանի հետ զրուցում են կրթահամալիրի ավագ դպրոցի 12-րդ դասարանի սովորողներ Ալեն Ավետիսյանն ու Սամվել Մանասյանը։

Այս պարապուրդը, դանդաղկոտությունը բոլորիս քթներից է դուրս գալու

Աղբյուրը՝ 1in.am «Ես երբեք չեմ կարող ապաքաղաքական լինել, եթե զգամ, որ չեմ մասնակցում կամ չեմ ազդում քաղաքական համակարգի ձևավորման վրա, ապա շատ արագ կթողնեմ կրթության ոլորտը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս