Հունվարի լույս 5-ի գիշերը մոլորակի բնակչության հետ կարողացա՞նք տեսնել Երկրի վրա տեղացող աստղային անձրևը… Այս կվադրանտիդներ կոչվող երկնաքարային մասնիկների հոսքի հետևից ես քանի անգամ մեր հարմարավետ պատշգամբ դուրս եկա։ Առանց պատշգամբի ինձ համար դժվար է… Թբիլիսիի Իսանի թաղամասի 15 հարկանի շենքի վերջին հարկի՝ Ամանորի հյուրընկալ-խնամված բնակարանը պատշգամբ չուներ. ամենաշուտ արթնացող և խորը խաղաղ քնած չորս մանուկների միջավայրում իմ պատշգամբը դառնում էր խոհանոցը՝ հայացքով արևելք՝ գրավիչ բլրաշղթա, երկար ձգվող քարափը… Դեպի Քուռ գետ, դեպի հին Թիֆլիս բնակարանը ելք չուներ, որից ես շատ նեղվում էի։ Շտապել չկա. ողջ տարին իր օրերի գրերով իմ առաջ է, Դավիթ Բլեյանն իր՝ ժամանակի հետ ակտիվացող տեսաձայնագրությամբ, Արմինեն իր առանձնահատուկ ընկալմամբ ինձ կօգնեն ներկայացնելու մեր թբիլիսյան «Ամանորը հայ-վրացական համատեղ նախագծի» մանրամասները… Իսկ սատանան (ինտրիգը) հենց այդ մանրուքների մեջ է, Դավթի հանկարծ մեջբերած «էլեմենտների», մուլտիկի հայտնի Մաշայի կրկնվող «ведь это элементарно» արտահայտությունից քաղելով էլեմենտ-մասնիկը, էլեմենտ-մարտկոցը՝ իր ջերմա-լուսատու կիրառություններով…
Զբոսանք երեկոյան Թբիլիսիում։
Գիորգի Մոմցելիձեի՝ Թբիլիսիի թ.98 դպրոցի տնօրենի հետ մենք ընկերություն ենք անում 2009-ից սկսած, անընդհատ… Ահա պայմանագիրը՝ կրթահամալիրի և Թբիլիսիի հայտնի-հարազատ Հավլաբար թաղամասի դպրոցի միջև, որ թվագրված է «2009թ. նոյեմբերի 16»։ Ասում եմ՝ մենք, նկատի ունեմ ինձ, կրթահամալիրը՝ իր ավագ դպրոցով, հիմա նաև իմ ընտանիքը՝ ամբողջ կազմով։
Թբիլիսին ողողված էր հայերով՝ հայաստանցիներով։ Դեկտեմբերի 31-ին մենք քայլում էինք Թբիլիսիով, ոնց որ Բանգլադեշում, Երևանում, Հայաստանում. բոլորը ծանոթ են, ողջունում են՝ ուրախ, տոնական՝ շնորհավոր, շնորհավոր… Զարմացած՝ որ ես էլ եմ Թբիլիսիում, շատերը, չգիտես ինչու՝ արդարանում էին…
Դավթի նախաձեռնությամբ ավելի ու ավելի շատ ենք բառերով խաղում։ Դավիթը նույն բառը հայերեն փոխադրում է (պահանջում) ռուսերեն և անգլերեն, գործածում է մուլտիկ-տեսանյութերից, NatGeoWilde-ի ֆիլմերի լեզվական կառույցները, հիմա նաև վրացերենի պահանջ է ունենում։ Եթե խելացի-տեղին-անհոգնել գործածե՜նք մեդիան… այն, ախր, մայրենի, օտար լեզուների անփոխարինելի բնական ուսուցիչ է։ Հիմա՝ հունվարի 5-ին, մենք պատրաստվում ենք mskh.am-ում հրապարակված ծրագրի ողջ ծավալով մասնակցել Սուրբ Ծննդյան արարողությանը… Մնում է Ճրագալույցի պատարագի եկեղեցու ընտրությունը։ Դուք, չգիտեմ, բայց այսպես Նոր տարին եղբայրաբար դիմավորելը, հետո տարին միության մեջ շարունակելը կանխորոշում են իմ 2017-ի ընթացքը… Լավ կլիներ՝ Հասմիկ Թոփչյանը պատմեր Միջին դպրոցի իր այս ուսումնական նախագծի մասին… իսկ դուք կարդացեք մեր 8-րդ դասարանցիներ Շուշան Ադամյանի, Մերի Կարապետյանի, Արայիկ Խաչատրյանի, Գայանե Օհանյանի, մտորումները հենց հիմա ու որոշում կայացրեք 2017-ի համար, որ պատրաստ լինեք…
Թբիլիսյան տոնածառեր։
Վրա են հասել իսկապես վտանգավոր ժամանակներ. Սուրբ Ծնունդի տոնը ո՛չ կանխում է, ո՛չ կտրում… Սա The Washington Times-ի մեկնաբան Լ. Թոդ Վուդի վերլուծությունից է՝ նավթի գնանկումը Պուտինին կարող է հարկադրել ռազմական անակնկալ մատուցել աշխարհին։ ԱՄՆ-ը համարում է, որ մերձարևելյան լարվածության աճը սպառնում է իրենց քաղաքականությանը։ Բահրեյնը, Սուդանը միանում են Սաուդյան Արաբիային ու խզում դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) համարյա խզում է Իրանի հետ… Այս բացառիկ քայլը կապված է «Պարսից ծոցի արաբական երկրների ներքին գործերին Իրանի շարունակական միջամտության հետ»։ Իսկ Գերմանիայի Դաշնությունը «երկու պետություններին՝ ինչպես Սաուդյան Արաբիային, այնպես էլ Իրանին, երկխոսության կոչ է անում… դիվանագիտության համար դուռը միշտ պետք է բաց մնա»։
Որ Իրանը և Սաուդյան Արաբիան կսկսեն այսպես, Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական երևակայության-կանխագուշակման մեջ կտեղավորվե՞ր…
Ամանորյա գիշերային Թբիլիսին։
Ձյունն ու ցուրտը ես ավելի ու ավելի շատ եմ սիրում, ուրախ եմ ձյան ճերմակի այս սառնության համար. դահուկն ու չմուշկը ինձ սկսում են ձգել, ինչպես հեծանիվը։ Միտքս զբաղված է դահուկ ու չմուշկ ունենալով… Ափսո՜ս, որ Արմինեն ու Դավիթը մրսկան են… Գիշեր-իրիկունը ժամը 11.30-ին հանկարծ բաղնիք մտնող ու… ժամի չափ ավազանում անցկացնող մեր տղայի մեջ տարերք կա այնքան, որ եղանակին չի նայի… Սկսենք սահնակից, զբոսանքից, ծառերից ձյուն թափ տալուց… Ինչպես Թբիլիսի-Երևան ճանապարհին, Դևբեդի հովտում այնքան ձյունառատ էր, գրավիչ, գետը՝ հորդառատ… Իսկ հունվարի 4-ին, կեսօրին մոտ, ձյան մեջ կորած Բանգլադեշում մեկ ժամի չափ պտույտ տվեցի կրթահամալիրի դպրոցներով և բակերում ու հարակից տարածքներում խաղացող երեխա չտեսա, ո՛չ մի սահարան, ո՛չ մի դահուկ, չմուշկ, սահնակ… ձներով ուրախ ընտանիք… ո՛չ մի աղմուկ… Այստեղից էլ՝ դպրոցների տնօրենների հաղորդումը լսելու իմ պահանջը… Մեկը լինի, գա տանիքն ու շեմը մաքրի, իրենք, իրենց ուսուցիչներով, հուսամ, տաքուկ բնակարաններից վերահսկեն՝ զանգեն, գրեն, հետևեն… Քիթները դուրս չհանեն, որ չմրսեն… Ծանոթ տեսարան է…
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի
#544