Ես կարո՞ղ եմ խնդրանք-առաջարկով դիմել յուրաքանչյուր սեբաստացի սանի, սովորողի, յուրաքանչյուր աշխատողի, ծնողի։ Կարո՛ղ եմ։

Դիմում եմ. իմ օրագրի այսօրվա գիրը այդպիսին է։ Հետևեք ինձ։

Տասը օր, երկու ուսումնական շաբաթ (մեր ուսումնական շաբաթը հնգօրյա է) օգնենք իրար։

  • Ավարտենք կրթական նյութական միջավայրի բարելավման աշխատանքները՝ ավարտուն-ամբողջական գործածման վիճակի բերելով։ Կրթահամալիրի դպրոցի, քոլեջի ղեկավարը, ինձ հետ ճշտելով, կարող է մինչև առաջիկա երկուշաբթի կազմել այդ գործերի ցանկը և հրապարակել դպրոցի ենթակայքում։ Անհամբեր սպասում եմ 2014-2015 ուստարվա կրթական միջավայրի բարելավման նորամուտների շքերթին։
  • Սեպտեմբերի 8-ից 26 երթուղով ամեն օր ավտոբուս-միկրոավտոբուսներով երթևեկող սեբաստացիները խստիվ ու համերաշխ ղեկավարվեն ահա այս նոր կարգով։ Երկու շաբաթ, երբ դեռ ցուրտ չէ, շատ շոգ չէ, ձյան կամ անձրևի տեսքով ուժեղ տեղումներ չկան, կարող ենք, չէ՞… Ունենալով-զարգացնելով մեր փորձը՝ կազմակերպենք նոր ու գործող անվտանգ-հարմար-հետաքրքիր, մանկավարժորեն հիմնավորված տեղափոխումներ՝ տնից դպրոց, դպրոցից տուն։
  • Տանք մեկնարկը «Պատշաճ անցում» ուսումնական նախագծի՝ յուրաքանչյուր ուղղությամբ։ Ահա դրանք.
    • Դպրոց-պարտեզ  – Մայր դպրոց
    • Կենտրոն – Գեղարվեստի դպրոց – Մայր դպրոց
    • Քոլեջ-Արհեստագործական – Նոր դպրոց – Մայր դպրոց
    • Հիմնական դպրոց – Մայր դպրոց

Այս նախագծով ինչպիսի՞ աշխատանքներ ենք համերաշխ կատարում մինչև մեր հոբելյանական տոները՝ նոյեմբերի 10-ը։ Կարող եք, չէ՞, դպրոց-դպրոց ինձ հետ քննարկել և համաձայնեցնել։

  • Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են ըստ կրթական ծրագրի 2014-2015 ուստարվա ուսումնական պլանները, սովորող սեբաստացիների (յուրաքանչյուրի) անհատական ուսպլանները՝ իրենց ընդհանուր և դպրոցական (անհատի ընտրությամբ)  հանրակրթական և լրացուցիչ կրթության բաղկացուցիչներով։ Եկեք ճշգրտենք դրանք՝ ընտանիքում (բոլո՞րն են ծանոթ-ընդունում-համաձայն, պատրաստ աջակցելու) դասարանում, դպրոցում… Գլխավորն, իհարկե, սովորողի անհատական ուսումնական պլանի ամբողջական հետևողական գործարկումն է իր կյանքում` տանը թե դպրոցում, դրա կիրառումը: Եկեք սկսենք հետևողական կիրառել ու պատմել սովորողի բլոգում, ենթակայքում այդ ընթացքում ուրախությունների-անհաջողությունների, դժվարությունների դրանց լուծումների մասին…
  • Յուրաքանչյուր մանկավարժական աշխատող, այլ աշխատող (հեղինակային կրթական ծրագրի իրականացնող կրթահամալիրում այլ աշխատողը կարծում եմ, ավելորդ աշխատողն է) նույն կերպ պիտի ամբողջական-կիրառելի տեսքի բերի իր աշխատաժամանակի կառուցվածքը, աշխատաժամանակի անհատական պլանը, որոշակի դարձնի աշխատանքային պլանները. մոբիլությունն ու ստեղծականությունը հենց այն գործիքներն են, որ շատ արագ կվերացնեն անհարմարությունները, կօգնեն յուրաքանչյուրին առավել հարմար դարձնել կրթական-աշխատանքային միջավայրը տանը և դպրոցում:
  • Իմ փորձով գիտեմ, սիրելի սեբաստացիներ, սովորող և մանկավարժական աշխատող, ծնող, շրջանավարտ թե բարեկամ, ամենաշատ ծառ ու թուփ, ծիլ ու ծաղիկ չորանում-մահանում է սեպտեմբերին, երբ երաշտ է, երբ դատարկ են հաճախ ջրանցքները, առուները, գետերը…
    Այսպես է, ցավոք, հիմա: Մի ելք կա` յուրաքանչյուրիս սրտացավ-կոնկրետ-նախաձեռնող պարտիզպանությունը. առօրյա- սովորական դարձնենք ջրելը, խնամելը հողի որակը լավացնելը… պատրաստվենք սրանով մեր տոնին: Աշուն է, բայց ամառային անհոգությամբ և սպանիչ տոթով… օր առաջ սկսենք մեր պարտեզ-բակերի աշնանային աշխատանքները…

Եկեք նորից միասին կարդանք իմ Օրագիրը՝ վերածելով այն գործողությունների անհատական պլանի։ Վարժարանի ղեկավար Գևորգ Հակոբյանն ու էկոլոգիական-հայենագիտական ակումբի ղեկավար Մարթա Ասատրյանը իրենց շաբաթօրյա ուսումնական ճամփորդություններով կարևոր հիշեցումներ են ուղարկում յուրաքանչյուր սեբաստացու…

2014-15 ուսումնական հայրենագիտական նախագծերի ճամփորդությունների, պլեներների, ստեղծագործական հավաքների ուսումնական ճամբարների մեկնարկը սրանով տրված է: Լսեցի՞ք: Հետո՝ «Բարձրունքների հաղթահարում» բացառիկ նախագիծը, որ մեր ազատատենչ-Ստեղծագործող Ոգու դրսևորումն է ու ծնունդը, ու սեպտեմբերի 21-ի անկախության տոնն է առիթը, «Հանրակրթական Էկոտուր 2015»-ը՝ իր մինչև ապրիլյան նախապատրաստական աշխատանքներով, 2015թ. ապրիլյան բաց հավաքով, 2015թ. ճամբարներով՝ նվիրված մեր անփոխարինելի Սևանին՝ իր ավազանով, նրա մեջ թափվող գետերով, նրանից սկիզբ առնող ջրանցքով, Հրազդան գետով…

Իսկ ահա ես սեպտեմբերի 7-ին, կիրակի օրը, առավոտ շուտ հրավիրված եմ ու մասնակցելու եմ Էջմիածնի ինժեներասակրավորային գնդի տոնական տողանին։ Բա՜… Ո՞վ կմիանա ինձ։

5 thoughts on “Տիար տնօրենի իրավունքով եմ գրում”

  1. Հարգելի Աշոտ Բլեյան,Մայր դպրոցից դեպի այլ դպրոցներ անցման նոր կարգը առաջացրել է գրեթե բոլորի դժգոհությունը: Ես խոսեմ անձամբ իմ անունից: Առողջ ապրելակերպին եւ համերաշխությանը առաջինը ես եմ կողմ: Երեխաների ֆիզիկական դաստիարակության , ժամանցի եւ աշխատասիրության սերմանման առումով ես մեզ համարում են ուշադիր եւ ակտիվ ծնողներ: Բայց … իմ երեխաները 45 րոպեների ընթացքում Ավանից հասնում են ՀԱԹ, եւս 10 րոպե նեթբուք-նոութբուքերով հաղթահարում Գեղարվեստի բարձունքը թեկուզ նոր ու հարմար աստիճաններով, հետո ընդհանուր պարապմունքի են մասնակցում, այնուհետ նոր սկսում ուսման գործընթացը, որն ինձ համար ամենակարեւորն է: Այս ընթացքում երեխաները ոչ թե առույգանում, այլ հոգնում են եւ դասերն արդեն հոգնած են սկսում: Եւս մեկ հանգամանք իմ տղան` Արենը մեկ շաբաթ առաջ է վիրահատություն տարել եւ նրան պարզապես արգելվում է ծանր իրեր կրել եւ ակտիվ լինել, այդ պատճառով մենք ստիպված ենք հրաժարվել դպրոցի երթուղայինից, մինչեւ չգա անձրեւ, քամի ու ցուրտ լինի:

  2. Հարգելի պարոն Բլեյան,
    Լինելով ուշադիր և հետևողական ծնող, միշտ պատրաստ լինելով օգտակար լինել կրթահամալիրին՝ բոլոր հասանելի միջոցներով (որն ես անկեղծորեն համարում եմ լավագույն ուս. հաստատությունը մայրաքաղաքում), հարկ եմ համարում նշել, որ իմ տղաները, կրթահամալիրի սան համարվելու պահից, ոտքով են հաղթահարում Մայր Դպրոց — Նոր դպրոց ճանապարհը, և անձրևին, և ձյանը, և ցրտին:
    Կարո՞ղ ենք արդյոք ակնկալել, որ այս ուսումնական տարի մեր երեխաները, մյուս սեբաստացիների նման, ցուրտ և ձնառատ օրերին տրանսպորտով կմոտեցվեն մինչև Նոր դպրոց:

    Հարգանքներով՝ Մարիա

  3. Հարգելի պարոն Բլեյան Համամիտ եմ և կիսում եմ Մարիա Հակոբյանի կարծիքն ու ակնկալիքները : Հարգանքներով՝ Գայանե

  4. Հարգելի Տիար Բլեյան առաջարկս հետևյալն է՝ քանի որ 4-րդ դասարանցիները (կոնկրետ ինձ մտահոգող հարցին եմ անդրադառնում) սկսում են իրենց բլոգների հետ աշխատանքը, ուստի ավելի թափանցիկ ու հասկանալի դառնալու համար ցանկալի կլիներ ծնողական-ուսումնական ինչ-որ դաս-սեմինարի միջոցով ծնողներն էլ մանրամասնորեն իրազեկված լինեին բլոգների ստեղծման գործընթացին (ես ինքս էլ կցանկանայի իմ բլոգն ունենալ), ինչպես նաև բլոգի մեջ կատարվող աշխատանքներին: Անկեղծ ասած կուզենայի դեռ անցած ուսումնական տարվա վերջում այս գործընթացը սկսեինք՝ ամռանը բլոգը ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով: Չէ՞ որ բլոգում զետեղված նյութերն են հենց խոսում տվյալ օգտատիրոջ մասին:

  5. Սիրելի Մարիամ, ծնողական սեմինարի օրն արդեն նշանակված է, կհանդիպենք երեքշաբթի՝ ժամը 17.30:
    Շնորհակալ ենք Ձեզ:

Թողնել պատասխան Gayane Elizbaryan-ի համար Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հեղինակային մանկավարժության համի ուժը

Էս մեր Ֆելիքս Եղիազարյանի ճամփորդական պատումները նախանձ են առաջացնում կրկնակի կարդալու աստիճանի… Շատ ուրախ եմ, որ սկզբից էլ նախագծում էի ու եղաՍտամբուլում, եղա հայկական վարժարանում… ապրելու համար: Բարևներ Ստամբուլի իմ

Պարզունակության դեմ՝ մասնակցային պետություն…

Հայաստանը բռնած պրիմիտիվիզմը կամ պարզունակությունը (Վահե Հովհաննիսյանի հետ դժվար է չհամաձայնելը) խեղդող ազդեցություն  ունի. չկա քննարկում, չկա փոխանցում… 2018-ի ապրիլից Հայաստան մտած անձնային-հանրային-պետական կյանքի փոփոխությունների հնարավորությունը չենք կարող այսպես հեշտ

Օրագիր-շնորհավորագիր-Դավթագիր-տոնագիր

— Հայրիկ, ես արդեն արթնացել եմ…  դեկտեմբերի 12-ը եկել է՞… Մորաքույրը տորթ թխել-վերջացրել է՞, գնում եմ՝ տեսնեմ… Մեծ դժվարությամբ ուշ քնեց և նույն դժվարությամբ աչքերը բացեց ժամը 8-ի մոտ մեր հոբելյար