Կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայում (Մեդիակենտրոնի հոմանիշն է) մի քանի տարբեր առիթներով մեր խոսակցության կենտրոնում Մանուշակ Աբրահամյանն է՝ սեբաստացի չորրորդ ու վեցերորդ դասարանցի Արտյոմ և Գոհար Ստեփանյանների, մեկ ամսական Արփիի մայրիկը, ով ֆիզարձակուրդում Գևորգ Հակոբյանի խմբագրությամբ Լուսինե Պետրոսյանի հետ՝ թարգմանում է Այզեկ Ազիմովի «Թվեր: Թվաբանությունից մինչև բարձրագույն մաթեմատիկա» և Իգոր Առնոլդի «Թվերի ընտրության և թվաբանական խնդիրների կազմության սկզբունքները» աշխատությունները, Մարինե Ամիրջանյանը՝ սեբաստացիներ մեկ տարեկան Գրիշա, յոթերորդ դասարանցի Նարեկ և տասնմեկերորդ դասարանցի հայտնի Էմմա Իսախանյանների մայրիկը, Սուսան Մարկոսյանի խմբագրությամբ ավարտեց Մասարու Իբուկայի «Երեք տարեկանից հետո արդեն ուշ է» գրքի թարգմանությունը և շարունակում է Քեն Ռոբինզոնի «Մտածեք այլ կերպ»-ը… Երկու սիրելի, անխոնջ աշխատավորներ, սքանչելի երիատասարդ կանայք, հեղինակային ծրագրի լավ ուսուցիչներ, որոնք նաև նոր կենցաղային պայմաններում, տեսեք, ի՜նչ հուզիչ բարեխղճություն են ցուցաբերում, կարծեմ մեր՝ իմ, Յուրա Գանջալյանի, Սուսան Հովհաննիսյանի նշանավոր դարձրած սոցիոլոգ Սթիվ Ջոնսոնի բառերով ասած՝ «ծածուկ բարերար ազդեցություն» են շարունակում գործել մեր աշխարհի, տեսեք՝ ինձ վրա… Թարգմանությունը, որպես հեղինակային կրթական ծրագրով անընդհատ գործունեություն, կապ է արձակուրդի՝ ֆիզիկական միջավայրում գործունեության դադարի մեջ գտնվող մարդու համար՝ որպես հանրակրթության ամենահարմար ձևերից մեկը… Ես անհամբեր սպասում եմ Մարինեի, Մանուշակի հրապարակումներին՝ թարգմանչի գործի, ինքնազգացողության, գործիքների, նրա կենցաղի, կյանքի, արհեստանոցի մասին: Իսկ Անահիտ Հարությունյանին խնդրել ենք մեր սոցիոլոգ-գնահատող Լուսինե Ալեքսանյանի հետ (թե չէ Յուրա Գանջալյանը զարմացրեց իր Սթիվ Ջոնսոնով) մի համեստ-ցուցադրող ուսումնասիրություն անել, թե այս թարգմանությունները կոնկրետ ինչպես են ազդում ֆիզիկական կրթական միջավայրում նրանց գործընկերների վրա… Ինչպե՞ս են Մարինեի-Մանուշակի ընկերները «Դպիր»-ում կարդում այս հրապարակումները, որ կարդում են, ի՞նչն է փոխվում նրանց գործունեության մեջ, ինչպե՞ս են տարածում… Մեկն էլ շիտակ, էլի Սթիվ Ջոնսոնի օրինակով դներ ու մեզ ապացուցեր՝ ինչո՞ւ չի կարդում, և ճի՞շտ է անում… Հայերեն լեզվով մասնագիտական ընթերցանության նյութեր ստեղծողի և ընթերցողի մասին «Դպիր»-ում այսպիսի հասկացությունն ինձ պահանջված թվաց… Իսկ տեսա-էլեկտրոնային խաղերի, ինչպես բոլոր՝ սեղանի ու մյուս բոլոր խաղերի ոչ միայն «ծածուկ բարերար», այլև բացահայտ ազդեցությունն ընդունած Գևորգ Հակոբյանը խոստանում է 2016-ի հունվարյան ուսումնական ճամբարը դարձնել դրանցով աշխուժանալու շրջան, մի նոր նախաձեռնության մեկնարկ, որով մենք կմտնենք նաև ընտանիք ու… կպաշտպանենք մեր՝ համակարգչով  խաղացող երեխաներին մեծերի դժվար հաղթահարվող շնչից… Տեսնենք, տեսնենք…

Դպրոց-պարտեզի տոնածառի պատրաստումը։ 
Լուսանկարները՝ Անուշ Հովհաննիսյանի։

Լինում է, արթնանում ես, ժամին չես էլ նայում, նստում գրասեղանի առաջ, ու թվում է՝ անվերջ պիտի ձգվի պատումդ, ու մեկ էլ ընդհատվում է այնպես, որ օգնություն փնտրողի պես աջուձախ ես նայում, ներսուդուրս ես անում՝ իրական, նայում նշումներիդ թղթերին՝ դատարկ են… Նայում ես փրկարար ժամացույցին՝ իսկի երեքն էլ չկա… Ո՛չ քնել, ո՛չ գրել, ո՛չ կարդալ, ո՛չ TV… Դավիթն էլ, Նազենի կրտսերն էլ, մեր վերջին նոր ծննդյան շրջանից կուշտ-կուշտ հոգնած Արմինեն էլ չեն գա օգնության, խորը քնի մեջ են… Ա՜յ քեզ մեդիտացիա (մտավարժանք)… Զորեղ-կոնկրետ ազդեցություն ունի մեդիտացիան. ահավասիկ, ես պատմում եմ-հրապարակում իմ նախածննդյան, Ամանորյա և Ծննդյան օրերի ծրագիրը…

Մայր դպրոցի ամանորյա ձևավորման աշխատանքները ընթացքի մեջ։
Լուսանկարները՝ Լուսինե Սարգսյանի։

Մենք երեկ, շնորհակալ եմ Արմինեի կնքահայր, իմ օգնական-ընկեր Վահրամին, մորաքույր Ռուզանին ու Մելինեին, վճռական սկսեցինք ամանորյա ձևավորում, թաքստոցներից հանեցինք մեր տոնածառներն ու նրանց զարդեղենը… Հիմա մի օր՝ Արևիկը, մի օր՝ Սոնան, Արաքսիկը… Նազենի աստղն էլ այս շարքում, թող գան ու Դավթի հետ շարունակեն ամանորյա հեքիաթի կառուցումը… Համեցեˊք, միացեք: Սա՝ տոնի ընթացքը, պիտի մեզ տոն բերի, թե չէ տոնական մի քանի օրվա վրա մեծ բեռ է ընկնում, չենք հասցնում մարսել… Սուրբ Ծնունդ-Ամանորը, մեր գազան-մսակեր Դավթին հանած, մեր ընտանիքում սկսում ենք պահքով. ես սպասում եմ դեկտեմբերի 29-ին ուրիշ ոգևորությամբ, պահքը ես համարել ու շարունակում եմ համարել անհրաժեշտ… մեդիտացիա՝ Նոր տարի մտնելու համար… Դեկտեմբերի 29-ին, վստահ եմ, Դավթին կայցելի Ձմեռ պապին՝ մեծ խմբով ու Դավթին՝ իր քույրիկ-եղբայրների հետ սպասված լիքը ուրախություն կպարգևի… Իսկ դեկտեմբերի 30-ին մենք կմեկնենք-ճանապարհ կբռնենք՝ Թբիլիսի… Այոˊ, Սուրբ ծննդյան հունվարի 5-ը միասին կանցկացնենք, մեր հաստատած բարի-անսասան սեբաստացիական  ավանդույթով-տոնացույցով, Մեդիակենտրոնում, իսկ հունվարի 6-ի առավոտյան կշարժվենք… Դե, ասեˊք՝ այս անգամ ոˊր եկեղեցի, միասին Ավետիս տարածելու և Սուրբ Ծննդյան պատարագ լսելու… Առաջ հո չընկա՞, այսօր վճռական օր է պատրաստության համար մեր դեկտեմբերի 16-ի համերգի. մենք մեր ուսուցչական, պատանեկան, մանկական երգչախմբերով, վոկալ խմբերով երաժշտական լաբորատորիայում երգում ենք Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում և Հայորդաց տանը… Թափառելու ենք իրիկնային Էջմիածնով… Հզոր լիցքեր առնենք ու տարածենք… Ավետի՜ս… Այս՝ ավանդական դարձող կյանքի մեջ է հեղինակային կրթական ծրագրի իրական այլընտրանքը… Չթուլանաք, ողջ ուժով, թափով, հավեսով, զի՜լ ձայնով… Լսելի…

Ձմեռ պապի օգնականները։
Լուսանկարները՝ Աշխեն Թադևոսյանի։

Ժամանցային ընթերցարան

Քաղաքական ընթերցարան առանց մեկնաբանության

4-5-րդ դասարանցիների ընտրությամբ գործունեություն. «Ռոբոտիքս»։
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի։

Ֆոտոխմբագիր՝ Լուսինե Օհանյան
# 526

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Շշմելու ես այսպես… շփոթված, տիա՜ր…

«Շշմելուն» որ չուղեկցեր, այդ վիճակի ապրումներ պարբերաբար ինձ չպարգևեր, ես մանկավարժության հետ մի կյանքի չափ քայլողը չէի՜… Շփոթված վիճակի զգացողությունները, որ խիտ կենսափորձով այնքա՜ն վաղուց եմ հաղթահարել, թվում էր՝ անվերադարձ

Մուլտիկ կարելի է նայել, միայն ծխել չի կարելի

«Եվ ընդհանրապես, կարծում եմ՝ մենք կրթական քաղաքականության մեջ շեշտադրում փոխելու խնդիր ունենք. ոչ թե ի՞նչ ես պատրաստվում անել, այլ ցույց տուր խնդրեմ՝ ինչ ես արել»: Սա Նունե Մովսիսյանի ամենաթարմ «Դպիրի»-ի

Մի՛ խնայեք մեզ, ձեր գործերով առաջ եկեք

Օրը՝ առողջապահական առավոտով, արդեն ավանդական բուժական պրոցեդուրաներով, բուժական կարգով, սիրելի շարունակություն ստացավ տնից վաղ ստացված փաթեթով։ Մեջ եմ բերում Արմինեին․ «Աստղիկը քեզ համար ծաղիկ է նկարել։ Ասում է․ կտանեք հայրիկիս,