Գիտե՞ք, մեկ ամսից ավելի հազում էի. մեկ էլ հանկարծ անտեղի բռնում էր այնպես, որ ուսումնական կաբինետը, դահլիճը պիտի լքեիր… Ամոթից 1-2 համերգ եմ բաց թողել ու ափսոսում եմ. երեկ Հանրային TV-ով լսեցի Կոմիտասի 145-ամյակին նվիրված այդ համերգներից մեկն ու նորից ափսոսացի… Կուզեի դահլիճում լինել ու ծափահարել ինձ սիրելի դարձած երգչախմբերին՝ Սոնա Հարությունյանի «Հովերին», Հարություն Թոփիկյանի Երևանի կամերայինին և Մլքեյանի Հայաստանի պետական կամերայինին… Շատ միջոցներ փորձեցի էս հազի դեմ, բացի բժշկական դեղից, անօգուտ: Նյարդայնանում էի ուժեղ, երբ մի քանի հոգի իմ սիրելի «հեքիմներից» միաժամանակ խորհուրդ տվեց մի հատ էլ փորձել ձիթապտղի չզտած ձեթը՝ առավոտյան, մի ճաշի գդալ, սոված փորին… Ի՜նչ մեծ բան է, տո, հեր օրհնած… Խմեցի առաջին գդալը ու հազիս ձայնը մոռացա: Երրորդ գդալն եմ խմում, որպես հավատարմություն… Սա, որ հազս բուժեց, ինչո՞ւ չի կարող պրոֆիլակտիկ դեր խաղալ բոլոր մնացած հիվանդությունների դեմ… Մանավանդ, երկու շիշ ձեթ ունեմ, ափսոսս գալիս է: Համոզեցի Դավիթ Բլեյանին, ով ինձնից վատ հազում էր. երեկ մի թեյի արծաթե գդալով խմեց, ու, հիմա կեսգիշեր է, հսկում եմ, ձայն-ձունը չկա… Գովազդը տնօրենի բլոգում ստացվեց, չէ՞, համեցեք, իմ շշի ձեթից խմենք միասին…
Կիրակին՝ իսկական կիրակի. Արթուր Բլեյանն իր հայրական կալվածքում տղամարդի սեղանի շուրջ հավաքել էր եղբայր-հորեղբայրներին, մի խումբ ընկերների հետ… Դավիթ Բլեյանի 1-ին խաշն էր. միանգամից հո մոտ չի՞ գալու, կարևորը՝ տղամարդկանց հետ խաշի սեղան նստեց: Իր կարոտած մետրոն նստեց, ինչպիսի՜ եղբայր-հորեղբայրներ տեսավ, խաղաց, սիրվեց, ոստիկանական ավտոմեքենա ստացավ Արամ Բլեյանից… Կեցցե Արթուրը, կալվածքի իր բաժինը սիրով-բարեխիղճ-շնորհքով բարեկարգում-ծաղկեցնում է: Լավ հողագործ է դարձել՝ ինքն իր քրտինքով, արդար վաստակով…
Լիլիթ Բլեյանի Սոնային, իմ կրտսեր թոռնուհուն փոխադարձ կարոտում ենք…
Դավթին բացատրում է.
— Իմ պապիկն է քո հայրիկը՝ պապան… Ես փոքր թոռնիկն եմ Աշոտ պապիկի, Արաքսիկը՝ մեծը, Արևիկը՝ միջին…
Դավիթը համառում է.
— Ուզում եմ համ իմ պապան լինի, համ էլ պապիկը…
Ու բառախաղ է սկսում՝ պապա-պապիկ, պապա-պիկ-պիկ… Անձրևը չխանգարեց. Սոնուլիկի ցանկությունը՝ պոնչիկանոցում պոնչիկ ուտելու, մեզ միավորեց. ի՜նչ լավ եղավ, որքան էլ ես այդ հաստատության հոտն ու աղմուկը դժվար եմ տանում…
Դավթի տղամարդկային կոպտության հաղթահարման մասին առայժմ մտածում ենք. ոչ մի տեղաշարժ չունենք: Դրա փոխարեն հումորը շարժվում, առաջ ընկած գնում է…
Ցույց եմ տալիս.
— Տես, պոնչիկանոցից եկանք, դրսի շորերը հայրիկի նման հանի, տնային շորեր, կոշիկ հագի՝ ազատ, հանգիստ, մայրիկին էլ լավ, իր ծննդյան առիթով էլ նվեր կլինի…
Չէ ու չէ: Քիչ հետո վազելով մոտենում է.
— Օգնիր, հայրիկ, զուգարան գնամ:
— Սիրով, իհարկե, բայց տես, հիմա այս ջինսիդ, ներքին շորիդ հետ ինչպե՞ս վարվենք…
Դավիթը տեղում.
— Ներողություն, հայրիկ ջան…
Դավիթն այս կիրակի էլ ցերեկը չքնեց. է՜յ գիտի, պարտեզ, որտե՞ղ ես, բոլորս էլ կարոտած գալիս ենք, իսկ ամենաշատը՝ Դավիթը… Ի՜նչ գորովանքով է անընդհատ խոսում իր պարտեզից, դաստիարակ ընկեր Կարինեից ու ընկեր Մելինեից, քանի՜ անգամ լսեց-նայեց տիկին Սոֆյայի «Խնոցի» երաժշտական բեմադրությունը… Շշմելու շարք է ու մեր պարտեզներով մեկ թող տարածվի, շարունակվի, նոր ներկայացումներ լինեն, գան հավաքվեն շարան-շարան… Կոմիտասի 145-ամյակի տարին հենց սրանցով նշանավոր դարձնեն… երաժշտության մեր մոգերը՝ Տաթևիկը, Հասմիկը, Մարինեն, Սոֆյան, Մերին, «Շրխկանը»՝ իր բոլոր դաստիարակներով-օգնականներով ու ամենաշրխկան-զնգզնգան տիկին Աիդայով… Իսկ մինչ այդ Դավիթը մեզ տարավ մահիճ: Հոգնել, քնել է ուզում մեր ընտանիքը՝ Դավթի նախաձեռնությամբ…
Արթուր Բախտամյանի «Չակերտներ» հեղինակային հաղորդաշարի անկեղծ զարմանքի ձայնը հենց նոր լսվեց. «Օրագրից հետո էլ գործի՞ եք գնում… Թե արդեն ասել եմ՝ իմը դա է, դուք արեք, ես իմ գործը պրծա»… Է՜, Արթուր ջան, սրանք ինձ մինչև գերեզման կաշխատեցնեն էլ, կխոսեցնեն էլ. ծեսի պես մի բան է՝ եկեղեցով, հարիսայով… շենքերի վթարներով… Առաջիկա հունվարյան ճամբարներով և ձմեռային ստուգատեսներով… Բակային ուսումնական նախագծերով…
Ֆոտոլրագրող Մարինե Մկրտչյանի նախագծի սեբաստացիներից։
Այս տարի աշունն ուշ եկավ, տեսեք՝ ծառերին ինչքա՜ն կանաչ սաղարթ կա, աշունը կերկարի ու կերկարի… Նոր-նոր քաղաքում ծառերի աշնանային էտման ու այլ բարեկարգման աշխատանքներ են տարվում… Կրթահամալիրի միջդպրոցական պատշաճ անցումների, մեր նորաստեղծ այգու, գյուղացիական տնտեսությունների նախագծերի իրականացման լավ շրջան է նոյեմբերի կեսն էլ, դեկտեմբերի սկիզբն էլ…
— Արևը մայր մտավ, լուսինը դուրս եկավ, ի՜նչ պակաս լույս է… Սիմոն ջան…
— Բա պայմա՞նը…
Շատ քայլեք օրվա մեջ, սիրելիներս, դպրոցների բակերով, միջդպրոցական անցումներով՝ զննող հայացքով քայլեք… հա՛մ կուրախանաք՝ իրոք շատ գործ ենք արել այս տարում էլ, սեպտեմբեր-հոկտեմբերին էլ, համ էլ կիսատն ո՞ւմ թողնենք. նոր տարին իր հոգսերն ունի բազում, անցնող տարվա հոգսը թող նրան չմնա… Արտեմ Խաչատրյանը թող այս հինգշաբթի մեզ ուղեկցի… Դուրս գանք Արհեստներից ու թափառելով, անցենք Նոր դպրոցով դեպի Գեղարվեստ կամ Նոր դպրոցով Մայր դպրոց ճանապարհը… Կամ դուրս եկեք Դպրոց-պարտեզից ու այգով, անշտապ հասեք Մայր դպրոց… Թափառեք. մեր այս ճանապարհներին էլ արդեն նկատելի փոփոխություններ կան. դրանք կամուրջներ են, որ կապում են… ուսումնական դրսևորման ինչպիսի՜ միջավայրեր… Իսկ հաջորդ օրը, Մեդիաուրբաթ-համերգից հետո ես կրթահամալիրի վարչակազմին հաճույքով կուղեկցեմ մեր գյուղացիական տնտեսություն… Քայլենք միասին, միասին տեսնենք, ուրախանանք արածով, միասին որոշենք անելիքը: Այսպես է ստացվել. մենք Հարավարևմտյան զանգավածի տարբեր թաղամասերով՝ մի ուսումնական ցանց ենք ու պիտի ազդենք ողջ ցանցով մեր միջավայրի վրա… Սա անքննելի ու անդարձ է այլևս: Եղել է այդպիսի շրջան. մի տեղ՝ Մայր դպրոցի շուրջ հավաքվելու: Մերը ցանցային զարգացումն է՝ մեր անմիջական ու մեծ թաղային միջավայրներով, մեր Հարավարևմտյան զանգավածի ութ կրթական օբյեկտների շուրջ… Միջավայրի զարգացման մյուս ուղղությունը կապվում է ութ շինություն-բակերից յուրաքանչյուրի հնարավորությունների առավելագույն-ամբողջական օգտագործման հետ, որպես հետաքրքիր-զարգացող կրթական միջավայրեր. որպես կրթական պարտեզներ… Այո՛, բոլոր նկուղները պիտի կապվեն իրենց անմիջական բակերի հետ, շենքերի տանիքները՝ բակային տարածքների հետ բազմահարթակ ու բազմակապ լուծումներ առաջարկեն-դառնան, իսկ սրանք միասին, որպես նոր-գրավիչ-խնամված-արդիական միջավայրեր ազդեն ուղղակի իրենց շրջակա տարածքների («Շրջակա աշխարհ» դպրոցական դասընթաց կա) վրա… Այս ամենը, իհարկե, կրթահամալիրի զարգացման ծրագրի ուղղություններ են 2015-16 թթ. համար, բայց էական անելիք կա 2014-ի նոյեմբեր-դեկտեմբերի համար… Ես ասացի, դուք լսեցիք, հիմա չգիտեմ՝ իմ երկուշաբթիի անելիքը որն է…
Ես, գիտե՞ք, խիտ, շատ խիտ եմ ապրել՝ սկսած ուսանողական շրջանից, համալսարանական 1-ին կուրսից բուռն հանրային կյանքով կապվել իմ ժամանակի ամենատարբեր գործիչների հետ՝ մի քանի փուլով… Պայմանական այդ շրջաններն են՝ ուսանողական համալսարանական, 1972-78 թթ., մանկավարժական՝ 1979-1989 թթ., քաղաքական-պետական գործունեության՝ 1990-2006 թթ. և նոր շրջան՝ 2006-ից սկսած՝ առ այսօր միայն կրթահամալիրի տնօրենի շրջան…
Ես ուզում եմ տասնյակ հանրային դեմքերի (մշակութային-գիտական-կրթական-քաղաքական գործիչներ) իմ ընտրությամբ բերել բլոգապատում, իմ օրագրում պատմել՝ կարճ նոթերի ձևով… անչար-բարի-անանձնական, իհարկե… Այսպիսով, Գրիգոր Խաչատրյանի ժամանակակիցներ, իմ օրագրում՝ շարքին սպասեք… Սուսան Մարկոսյանը տեսնում էր mskh.am-ի դեմ ոտնձգության նշաններ… Գրեց Տիգրան Փարսիլյանին, ինձ ասաց: Ես հանդիպեցի Տիգրանին, խոսեցինք: Տիգրանը, իրեն բնորոշ, անորոշ, Աստծուն վայել անվրդով… թվարկեց մեկ-երկու բան… որ հիմա անում է… Արդեն քանի՞ ժամ mskh.am-ն անհասանելի է: Կեսգիշերից անց է՝ 1.00-ի, 2.00-ի արանքում: Արմինեի ծննդյան օրն է: Օրը այսպես սկսվեց…
Տիար, կարծես խախտում եք գրվածքի կառուցվածքը, քաղաքական հուշեր-հատվածը չկա:Իհարկե գիրը հետաքրքիր է կարդացվում, բայց ով հետաքրքրված է քաղաքական թեմաներով, միշտ հետաքրքիր է լսել ականատես-մասնակցին: