Իմ լավագույն տեքստերը, ոչ մի երևի, ստեղծվում են հեծանվի վրա՝ Ծովակալ Իսակովի պողոտայի տուն-Բանգլադեշ-տուն անցումներում, իմ հայտնագործած հարթակներում, պատմել եմ, չէ՞, երբ ես ինքս ինձ հետ եմ ու խոսում եմ. լսո՞ւմ եք-չե՞ք լսում․․․ Կամ երբ ես ձեզանից որևէ մեկի-խմբի հետ, այդ թվում՝ անծանոթ-լրագրական, թափառում եմ կրթահամալիրի Բանգլադեշով, նրա մետաքսի ճամփով ուղեկցում ձեզ ու ներկայացնում մեր կառուցվող հրաշալիքները, Բանգլադեշ անվանվող բնակավայրը՝ իր ողջ հմայքով, քաղաքի պլպլան կենտրոն տեսածի աչքից վրիպող մանրունքներով… Ահա, այս մանրունքներով է, որ Բանգլադեշը բնակավայր է դառնում։
Անհապաղ ուղիղ եթեր կամ աուդիոձայնագրություններ՝ ու ես ու դուք այլ պատում կունենանք, ինքնաբուխ-կենդանի… Թե չէ իմ այս վիճակը որքա՜ն կձգի, որ երեկվա իմ հեծանվային-քայլքային գյոզալ տեքստերը հիմա Աստծու այս առավոտ կանուխին վերապատմեմ-վերագրեմ. որ ի՞նչ։ Ստեփան եղբորս ձայնը լսեցի՝ «Թթվա՜վ․․․»
Մայրիկ Արմինեն հետաքրքրվում է Դավիթ Բլեյանից՝ որ եղանակն է սիրում…
— Եղանակներից ես ամենաշատը անձրևն եմ սիրում, որ հետո ծիածանն է դուրս գալիս․․․
— Պա՜պ, գիտե՞ս, ծիածանը, երկինքը, լուսինը, աստղերը… անձեռակերտ են, նրանց Աստված է ստեղծել․․․
Դավթի խումբը՝ ճամփորդ։
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։
Երեկ օրվա վերջին, երբ ծեսով-կարգով-եկեղեցով իմ եղբայր Թաթոսը Բլեյանների պապական գերեզմանոցում՝ իր նախագահ հոր կողքին հավերժացավ, ես նորից կրթահամալիրում էի․․․ Ամենահարմար պահն է կառուցվող Ագարակում սքանչելի զույգի՝ Խորենի-Լուսինեի հետ իրիկնային խաղաղության մեջ կոնկրետ բաներից խոսելու, արածը-չարածը տեսնելու․․․ Հիացմունքով իմացա, որ այսօր «Սեբաստացի» երգչախմբի մեր ուսուցիչները շնորհավորելու են Լուսինեին Ագարակում․․․ Իսկական տնտեսություն. այստեղ ապրում են, ուրախություններ տոնում․․․ Այս սեբաստացիական ագարակը մեր, մեկ-երկու տարում կդառնա Բանգլադեշի նշաններից․ որքա՜ն բան կփոխվի մեր կյանքում․․․ Թվում էր` բետոնի պատերի մեջ առնված, դուրս մնացած մի անկյուն է, բայց բացվեց-ազատվեց-ներկայացավ․․․ Աշխարհի խաչմերուկներից մեկը, կրթահամալիրի մետաքսի ճանապարհի Դպրոց-պարտեզ — Հիմնական դպրոց ճանապարհով։
Այսպիսով, օրվա վերջում, հեծանվով անցնում էի թաղամասի Բախշյան այգով, ուր այնքա՜ն աշխույժ է, լիքը երեխաներ՝ իրենց ամենօրյա պլեներային գործունեությամբ․․․ Էլ ի՞նչ Բլեյան, որ աննկատ մնա․․․
— Երեխե՜ք, երեխե՜ք, Բլեյա՜նը,- կանչեց մեկը, ցույց տվեց, վազեց նրա հետևից մյուսը․․․
Երրորդը՝ ավելի բարձր, ծիծաղով-զարմանքով․․․
— Արա՛, էդ Բլեյանը չի, էդ իմ ընկեր Բլեյանի պապան ա․․․
Ու ես արգելակեցի հեծանիվս, շուռ եկա ու ճանաչեցի Դավթի ամենաընկեր հինգ տարեկան Օթարին․․․ Ողջո՜ւյն, Օթար․․․ Լսեցի՞ք, Դավիթն է Բլեյանը, ու ես` այս հանրահայտ Բլեյանի պապան․․․ Ահա այս կոչով էր, որ Թաթոս եղբորս հոգեհացին դիմեցի Բլեյան Էդվարդի յոթ թոռներին ու ծոռ Էդվարդիկին․ Բլեյանը հարկ է, որ հանրահայտ լինի․ ազգանունն է այդպիսին, իշխանական ծագումը, տոհմի առաքելությունը․․․ Հանրահայտ դարձեք ձեր գործերով, մի-մի Բլեյան եղեք, ու ես՝ ձեր հորեղբայրը, ստվերում, միշտ օգնական։
Գեղարվեստի ճամբարի հուլիսի 4-ը։
Լուսանկարները՝ Քրիստինե Սահակյանցի։
Հիմա դառնամ հեծանվային ու քայլքային երեկվա առավոտվա, իրիկվա տեքստերին, որոնք ուզում եմ իմ բլոգով եթեր բերել, հայտնի դարձնել, ձեզ` լսելի։
Պատերազմի մասին ծպտուններդ չլսեմ. հեյ, դուք, բոլոր կարգի հոխորտացողներ, հերոսացեք առօրյայում, ձեր գործերում աշխատանքային, այս անապատացող-դատարկվող երկրում այնքա՜ն անելիք կա… Բանակը նրա համար չէ, որ կռվի, էն էլ՝ իր նվիրական, պապենական հողի վրա, մի քանի հարյուր կիլոմետր ձգվող սահմանի* ողջ երկայնքուվ, երբ աջուձախ, մի քանի մետրի վրա գյուղեր են, շեներ, տներ, այգիներ… Կռվի՞ հակաօդային պաշտպանությունը օտարին հանձնած, նույն օտարին տված հայ-թուրքական ու հայ-պարսկական սահմանները… Ասել է, թե՝ մենք չենք կռվում, մեզ կռվացնում են. էն էլ՝ մեր ռազմավարական (ստրատեգիական) հարևանի՝ Ադրբեջանի հետ։ Հակամարտությունն էլ, խորացող, 1988-ից ռազմականի վերածված նրա ամեն մի օրը՝ մեր պարտությունը… Մեր անապագա ներկան վկա։ Բարեկամություն անում ենք ամեն կարգի հեռուների հետ, որ մոտ հարևանի հետ հարատև՞ դարձնենք մեր կռիվը… Հարատև կռիվն է մեր պարտությունը։
Սևանի ափին։
Լուսանկարները՝ Արփի Սահակյանի։
Մենք «Օպերա TV-ի «Կրթահամալիրի, տնօրենի մեկ օրը» նախագծի նկարահանող երիտասարդ խմբի հետ Դպրոց-պարտեզի Գոհար Զարգարյանի խումբը մտանք այն պահին, երբ երկու տարեկան Նարեկն ինքնուրույն հանել էր շորերը, լողազգեստ էր հագնում, որ գնա լողափ` ընկերներին հասնի… Ես Նարեկի հետևից գնացի։ Լողափում՝ լիքը տկլոր երեխաներ, որոնց շորով-պճնված մեծահասակների մեծ խումբ՝ Սոֆյա Գրիգորյանը, Մարինե Մկրտչյանը, … ծեսի անվան տակ զրկում էր լողալուց, ծովեր մտնելուց։ Տո թողեք՝ մտնեն, դուրս գան, էլի մտնեն, պառկեն լողափին, տեսնենք՝ ինչ ձայներ են գալիս, ինչ երգեր են ծնվում, ինչ ծես… Էս ապրող մարդիկ իրավունք ունե՞ն իրենց ծեսը ստեղծելու-ունենալու, իրենց առօրյան ազատորեն ծիսականացնելու իրավունք ունե՞ն… Լողափը՝ տարիների ջանքերով, նվիրումով ստեղծված իր ծովերով, լողալու համար է, սիրելիներս, ինչպես եկեղեցին է կոչված-ստեղծված` աղոթք անելու, աղոթք լսելու՝ շարականի թե քարոզի ձևով։ Եկեք՝ չխանգարենք, դուրս գանք եկեղեցուց ու ծովափից… որ…
Եւ յուսացեալ եղիցուք մեք ի նա, եւ նա եղիցի մեզ ի սրբութիւն:
Եւ յուսացեալ եղիցուք մեք ի նա, եւ նա եղիցի մեզ ի փրկութիւն…
Նարեկին խանգարողը չի ծնվել… շրջանցեց բոլորին ու լողավազանի աստիճանով ինքնուրույն չլմփով ընկավ ջուրը… ես հարկադրված էի միջամտել, ու ծեսի նախերգանքը հնչեց՝ գրկեցի, ջուրը նետեցի հանրահայտ Բլեյանի Նարեին, Վարդուհուն, Անուլիկին…
Դպրոց-պարտեզում հուլիսի 4-ին։
Լուսանկարները՝ Աշխեն Թադևոսյանի։
Ընթերցարան
- Աշխարհի ամենագեղեցիկ մայրամուտները
- Ադրբեջանի կարծիքով՝ ԵԱՀԿ-ն Ղարաբաղյան խնդրի լուծմանն ընդառաջ քայլ է անում
- Բաքուն ընդլայնում և ամրապնդում է համագործակցությունը Ռուսաստանի հետ
- Թուրքիան պատրաստվում է անցնել 5G-ի
#721
* Հայաստանի սահմանների երկարությունը հասնում է 1 570 կմ է: Արևելյան սահմանի երկարությունը հասնում է 566 կմ֊ի․ սահմանից այն կողմ Ադրբեջանն է ու Արցախը: Արևմուտքում անցնում է թուրքական սահմանը (311 կմ), ապա՝ Ադրբեջանի անկլավային տարածք Նախիջևանի սահմանը (221 կմ): Հայաստանի հյուսիսային սահմանը Վրաստանի հետ ունի 219 կմ, իսկ հարավային սահմանն Իրանի հետ՝ 44 կմ:
Վիքիպեդիա