Կրթահամալիրի հոմանիշն է կրթական պարտեզը՝ իր ներս ու դրսով, իր ընտանիքներով, իրենում իրականացվող հեղինակային կրթության ծրագրերով՝ 2-4 տարեկանների զարգացման, հինգ տարեկանների ուսուցման, 1-3-րդ, 4-5-րդ, 6-8-րդ, 9-րդ դասարանների, ավագ դպրոցի, մասնագիտական, լրացուցիչ… Ու Գարուշ պապիկը, վերջապես, նախակրթարանում է, Նոր դպրոցի պարտեզում՝ որպես պարտիզպան: Մեր Ավագ դպրոց-վարժարանի շրջանավարտ Էդվարդ Հովհաննիսյանն էլ, Նոր դպրոց-պարտեզում է վերջապես, ու տեսե՛ք, երեք տարեկան Գարիկի հետ: Նրա դաստիարակ Նելի Արղությանն ու նոր դաստիարակ կարգված Սաթենիկ Քարաջյանը նույն գործն են անում, պարտեզն են խնամում, պատմում-ապրում… Մենք բոլորս պարտիզպաննե՞ր ենք, հարցնում եմ… Կրթական ծրագիրն էլ՝ որպես ուսումնական աշխարհ՝ իր բոլոր տարածքներով-բնագավառներով՝ մայրենիով, մաթեմատիկայով, բնագիտությամբ, երաժշտությամբ ու օտար լեզուներով, կերպարվեստով, խաղով-ծեսով-Ամանորով, մի պարտե՞զ է իմացության՝ «Իմացումի հրճվանքի»՝ որպես մեթոդ-կյանք… համատեղ… մեծով-պստիկով, որպես համատեղ «Բարձունքի նվաճում»-ով, ուսումնական ճամփորդություններով, ակումբներով, անդուռ կրթական գործունեությամբ… երեկ չէ մեկէլ օրվա ընտանեկան մաթեմատիկական, այսօրվա մայրենիի ֆլեշմոբով… դարձա՞վ մեկ, հարցնում եմ: Մայրենին ընտանիքում, որպես Ամանորի ծեսով ենթադրվող տան մաքրություն, որպես պարտեզի աշնանային էտով նորացում, որպես սեբաստացիների տոնի մանիֆե՞ստ, հարցնում եմ, որպես ամենահուսալի ու բնական ինքնապաշտպանությո՞ւն… Բարո՜վ հավաքեցիր մեզ, սիրուն-ստեղծագործական մայրենի…
Մայր դպրոցի շրջակայքի բարեկարգման աշխատանքներ: Լուսանկարները՝ Անի Սարգսյանի։
Հիմա, երբ նոյեմբերի երկրորդ հինգշաբթին է, ժամը 7-ը երեկոյան, ստեղծագործ մայրենիի բոլորիս խմբող ուսումնական պարբերական աշխատանքի մեկնարկն ազդարարում եմ… Կեցցե՛ք, Սուսան Մարկոսյան, մայրենիի ուսումնական կենտրոն, ուսուցիչներ, որ բոլորս ենք, եթե հայոց դպրոցի ուսուցիչ ենք, ընտանիքը զորացնում ենք մայրենիի ստեղծագործությամբ ու մայրենի լեզուն կենդանի գործունեությամբ՝ որպես հայրենիք, պահում… Մենք, բոլորս, պարտիզպաննե՞ր ենք, կրկնում եմ. թող երեք տարեկան Գարիկի ու իր ընկերների համար մանիֆեստի ուժ ունենա իմ այսօրվա գիրը՝ 494-րդը… Մայրենին մեր այսպիսի գուրգուրանքի պահանջն ուներ: Պարտիզպանն անկեղծ է իր ծառի, հող ու ջրի հետ, պտուղից է ճանաչում իր ծառը… Այոˊ, մենք հեղինակային կրթական ծրագրով վճռական ենք սովորողի ընտանեկան գործունեության կազմակերպման հանդեպ, թե չէ՝ այս անջրպետը, որ կա մեր միջև՝ այս անվստահությունը չի հաղթահարվի… Իմացեք՝ մենք ի՛նչ ենք անում ձեր երեխայի դպրոցում, ընտանիք՝ որպես ուսումնական աշխատանք, ահա ինչու՝ մենք բացել ենք բոլոր շենքերի, բոլոր կաբինետների դռները, մենք թափանցիկ ենք գործում մեդիա թե ֆիզիկական միջավայրում… Ես անկեղծ եմ, ընտանիք, իմ օրագրում, իմ կյանքում: Բախեցեˊք, և կբանան. շնորհակալ եմ, բացվում են ընտանիքի դռները, մենք ճանաչում, համատեղ կազմակերպում ենք սովորողի ընտանեկան ուսումնական աշխատանքը…
Նոր դպրոցի կինո-ֆոտոգործի խումբը պատրաստվում է ցուցահանդեսի: Ղեկավար՝ Անի Սարգսյան:
Լուսանկարները՝ Սվետլանա Մելքումյանի։
1995-ին, ես պատմե՞լ եմ, երբ Գերմանիայում էի՝ որպես կրթության նախարար, իմ, տեսեք, քսան տարվա չթուլացող տպավորություններից է գերմանական մի սովորական՝ քսան հազար բնակիչ ունեցող քաղաքի փողոցի անցկացումը… նոր փողոցի, իմ աչքի առաջ, ծառապատումը… Երբ հսկա փոսեր փորվեցին, զարմացա, իմացա՝ ծառերի հիմքեր են… Ու հսկա ծառերը հատ-հատ տեղափոխվեցին, մշակված տեխնոլոգիայով տեղադրվեցին… Մի քանի օր հետո ես քայլում էի աջից ու ձախից ծառապատ, բարեկարգ փողոցով… Մեզանում ծառի տեղափոխման այս մշակույթը չի ձևավորվում… ինչպես շների հետ ենք վարվում՝ կամ կրտում-սպանում ենք, կամ դրանք անխնամ վայրենի են… փողոցի անտեր շներ, որ կարող են իրական վտանգ ներկայացնել մարդու, երեխայի համար… Շնորհակալ եմ Հրաչյա Առաքելյանին, որ կարևոր ներդրում է անում այսպիսի մշակույթի՝ ծառի տեղափոխման… Հիմա կարող եմ շունչ քաշել. որևէ պատճառաբանություն մեզ չկարողացավ ստիպել, որ ձեռք բարձրացնենք ծառի վրա… Հակառակ դեպքում՝ մեր այգիները, պարտեզները դպրոցական կվայրիանային, կամ հիմնավորումներ կգտնեինք՝ որևէ ձևով ծառ կտրելու… Վերահսկող մարդու աչքից հեռու, բայց Աստված կա ամենատես, վերևում, տեսնո՞ւմ է, չէ՞… Կեցցենք բոլորս, մենք տեղափոխեցինք հինգ ծառ, որ հիմա զարդարում է թաղամաս մտնող բանուկ փողոցը։
Ռոբոտիքս ակումբ: Լուսանկարները՝ Մարինե Մկրտչյանի։
Աշոտ Տիգրանյանի սաները «Այլընտրանքային պատմություն» նախագծով ստիպում են իրենց կարդալ: Ես դժվար եմ կարդում, խոստովանում եմ, բայց Հուրի Իսկանյան չկարդամ՝ մեղքի տակ կընկնեմ… «Հիպերբորեա. մաս առաջին»: Հուրի՛ ջան, քանի՞ մաս է, կձգե՞մ. բայց տեսեք՝ ի՛նչ սքանչացնող ավարտ: Նյութի անգլերեն տարբերակը. խորհրդատու ուսուցիչ Աշոտ Տիգրանյան, ես ճի՞շտ հասկացա, Հուրին թարգմանում-փոխադրո՞ւմ է: Սա գործ է: Կեցցեք: Մեթոդի հարթակ հրապարակային: Կրթահամալիրը, փաստ է, գործուն մանկավարժական լաբորատորիա է բազում հեղինակային խմբերով-նախագծերով-թեմաներով, և ուսուցման հեղինակային ձևերը իրենց գործիքներով, կենդանի կազմակերպմամբ, տանը թե դպրոցի ուսումնական աշխատանքով, «Դպիրում», բլոգում, ուսումնական ստուգատեսում մանկավարժական՝ պատշաճ կներկայացվեն: Ասսասինների մասին 9-րդ դասարանցիներ Հրաչյա Մովսիսյանի և Դավիթ Ստեփանյանի «Այլընտրանքային պատմությունը» զվարթ ավարտ ունի, ինձ համար ավարտ, այլընտրանքային ընթերցողի համար գրավիչ շարունակության, խաղերի, հղումների տեսքով: Մանկավարժական լաբորատորիան պիտի մասնաժողով բերի առաջնահերթության կարգով «Հանրակրթական Դիջիթեք» ստուգատեսի այլ ծրագիր՝ այլ հայացքով ստուգատեսին ու դրանից բխող կազմակերպմամբ, որպես հեղինակային մանկավարժություն: Մանկավարժական լաբորատորիան պիտի կարողանա ինձ առաջարկել սովորողի-ուսուցչի ուսումնական աշխատանքում օտար լեզվի գործածումը խրախուսելու գործիքներ: Այո, աշխատավարձով, որպես լրավճար ամենամսյա, այո, ուղեգրով ճամբար-ճամփորդության, որպես թարգմանական ստուգատեսի հաղթող: Այլընտրանքային պատմությունը շարունակում է Գիսանեն, և ինչպես մեր այլընտրանքն է անվերջ, այս պատմությունն էլ ճանապարհ է՝ հարգանքի արժանի։ Եվ լավ է, որ այդ ճանապարհը հարթում է Աշոտ Տիգրանյանը՝ որպես խորհրդատու ուսուցիչ։
Միջին դպրոցի կինո-ֆոտոգործի խմբի թափառումները: Լուսանկարները՝ Անի Սարգսյանի
Ֆոտոխմբագիր՝ Անի Սարգսյան
#494