Սևանը, հայտնի է, բարձր լեռնային լիճ է, խմելու ջրի ամենամեծ ավազանը, այնքա՜ն մեծ, որ առանց նրա Հայաստանը դադարում է մարդաբնակ լինելուց: Այստեղից էլ, թվում է, թելադրված պիտի լիներ Սևանի՝ Սևանա լճի, Սևանի ավազանի, Սևան թափվող 28 գետ-գետակների, Սևանա լճից սկիզբ առնող Հրազդանի ջրանցքի նկատմամբ մեր վերաբերմունքը… Լուրջ, ուսումնասիրված-հաշվարկված, օրինական-կանոնակարգված, Սևանի ավազանում բնակվողի, Սևանին առնչվող յուրաքանչյուրի վարքն ու բարքը որոշող, փաստորեն վերահսկելի…

Այդպես չէ, հայրենակիցներ, անլուրջ է, այնպես, որ Սևանի խնդիրը չի դառնում արդեն հանրային. կառավարության մի որոշումով կարելի է ջրի մակարդակն իջեցնել, ասենք, 10 սմ-ով, հետո բարձրացնել… Մի քանի տասնյակ էկոլոգների-հետազոտողների դիմադրությանն է թողնված Սևանը… Ու չգիտես էլ՝ Սևանի մասին գրվող նյութը, տարածվող տեղեկատվությունը հանրորեն պահանջվա՞ծ է, ո՞վ կարդա Սևանի մասին այս գիրն ու ի՞նչ արձագանք ունենա:

Առիթն այս անգամ Սևանին հանդիպելու՝ Մուխան (Ծովազարդ) գյուղ ընտանիքով երկօրյա այցելությունն է: Գործածում եմ «Մուխանը». այնքան «ծով»-ով սկսվող բնակավայրի անուն կա հորինած, ինչպես «Ծովազարդը»։ Մուխանը կարճ է ու ինձ հարազատ։ Իմ հոր բոլոր զրույցներում Մուխանը կար. Գավառ-Սևան-Երևան ճանապարհն անցնում էր Մուխանի միջով, հիմա մայրուղին շրջանցում է Սևանի ավազանի գյուղերը, ու դրանց դու մնում ես անհաղորդ, ես, օրինակ, Մուխանում եմ առաջին անգամ:

Սա Սևանն է, Դավի´թ, ու սա՝ նրա Մուխան գյուղը: «Ի՞նչ է Մուխանը, հայրի´կ» Դավթի հարցից ես խուսափեցի՝ գյուղ է, Դավի´թ… թողնելով նրա ստուգաբանությունը հետոյին, ընթերցողին… Ինձ անծանոթ գյուղ, բնակավայր գալու առիթն ամեն անգամ ներկայանում է հանգամանքների բերումով. գիտեք արդեն, «Սեբաստիա» մարզահամալիրի կառուցվող դաշտերում պիտի ունենանք լողափնյա վոլեյբոլի դաշտ. ինչո՞ւ չունենանք, եթե հարմար է ու հարևանությամբ այս տարի-մյուս տարի ունենալու ենք բացօթյա մոբիլ լողավազան 20x25x1,5 չափսերի (որոշե՞լ ենք, թե՞ ոչ, սեբաստացիներ բոլոր տարիքների, որտեղ էլ որ լինեք)… Դաշտին անհրաժեշտ ավազից կա Մուխանի վարչական տարածքում…

Մուխան այցելության հիմքում, իհարկե, Հայաստանի բոլոր անկյուններում, բնակավայրերում, առանց բացառության, լինելու իմ հաստատակամությունն է.  Հայաստանը, իհարկե, իր չափերով ու բազմազանությամբ, մանրամասն սիրելու արժանի է… Ու ամեն տեղ ես լինելու եմ Դավթի հետ. իմ ժառանգին անձամբ պիտի ներկայացնեմ իր խնամքին-պահպանությանը-շենացմանը հանձնվող իշխանությունը՝ սա քո Հայաստանն է, Դավիթ, քո ծննդավայրը, քո բնակավայրը, քո պետությունը… Հանրահայտ (ես ներկայանում եմ, հավելյալ միջնորդի կարիք չունեմ) Աշոտ Բլեյանը գործում է ուղղակի, կարճ ճանապարհով. զանգում է դպրոցի տնօրենին, գյուղապետին կամ բնակավայրի այլ ներկայացուցչի, բարևում, խնդրում 1-2 օրով ընդունել իրեն ու իր փոքրաքանակ ընտանիքին (3-4 հոգի): Մերժված չեմ եղել երբեք ու չեմ էլ լինի… Սա, կարծեմ, մեր Պարույր Սևակի տողն է, որ հիմա եկավ… Եվ ինձ չսիրելն անկարելի է նույնքան…

Սևակի «Նահանջ երգով», «Վերնագիրը վերջում»… գործերն ավելի բանաստեղծություն են, քան նրա այնքան ծամծմած, բեմ բարձրացրած, ինչպես ինքն է ասում, «նորօրյա աղոթքները»՝ «քաղաքացիական քարոզները», որոնք, ներեք ինձ, ամեն ինչ են, բայց բանաստեղծություն չեն.

Մտքեր խակ, թե հասուն, —
Ո՞ւմ է պետք երգի մեջ: 

(Մի կտոր հանածո ոգի է հարկավոր,
Մի պատառ կախարդանք,

Մոգության մի պճեղ,
Մի բացվող փակագիծ,
Անհայտի մի լուծում)…

Մուխանի դպրոցի տնօրեն Նվեր Գալստյանի արձագանքն իմ զանգին թարմ էր, անմիջական… Հենց մենք ազատվում ենք արհեստականության սահմանափակումներից, որքա՜ն մարդկայնորեն գրավիչ ու անսահման ենք դառնում… Չնայած խառը շաբաթ-կիրակի էր, օգոստոսի 26-29-ին նախատեսվում է մեր դաշտերի պաշտոնական բացումը՝ Սեյրան Օհանյանի նախատեսված ու հարգելի մասնակցությամբ, իսկ այնքա՜ն կիսատ-պռատ կա, որ շաբաթ օրն աշխատանքային է բոլոր սեբաստացիների, իսկ կիրակին՝ կրթահամալիրի տասնյակ աշխատողների համար, ես փաստում եմ՝ ի՜նչ լավ է, որ մեր այցը Մուխան չհետաձգեցի: Եվ ինչպե՞ս, երբ Արմինեին, ինձ, պետք էր փախչել առօրյայից:

Փնտրում ենք Մուխանում Նվերենց տունը ու մարդ ենք փնտրում, որ հարցնենք… Գյուղի տարածքում ոչ միայն մարդ չի հանդիպում, այլև բաց-անկողպեք տներում էլ իսկի շունչ չկա: Հետո պարզեցինք, որ մեծ ու փոքր բոլորը ցերեկվա ժամերին սարերում, հանդերում են, արտերում, դաշտերում, Սևանի ափին, իրենց բան ու գործին. և դա լավ է, Մուխան:

Մեզ դիմավորում է Նվերի հայրիկը՝ կոկիկ, ձիգ, իմ անձը (զգացված եմ) կարևորած Բաբկեն հայրիկը՝ տան անառարկելի հեղինակությունը, իր ժիր-ժպտերես-գործունյա կնոջ՝ երկարամյա դասվար Ժենյա մայրիկի հետ… Խորոտ-հմայիչ հարսը, մոր-հոր երկու կտոր երիտասարդ աղջիկները՝ Ազատուհին, Սիրարփին, 6-րդ դասարանցի ժառանգ Հակոբը՝ իսկական ժառանգ, ով մնում է տանը՝ հորը փոխարինելու… Նվերենք հարսանիքի են Նորատուսում, Սիրարփին հարսնաքույր է, ես նախօրոք գիտեմ, ու ընտանիքը, հոյակապ ամբողջություն, կիսվում է հարսանքավորների ու հյուրընկալողների…

Նվերը, ով Բաբկենի ու  Ժենյայի 6-րդ զավակն է՝ հինգ աղջիկներից հետո, իսկական նվեր է եղել ծնողների համար ու շատ համապատասխան անձ է իր անվանը… իսկական նվեր՝ Մուխանին էլ, մեզ էլ:

Բաբկեն կրտսերը, Գավառի համալսարանի մագիստրոս Ազատուհին ինձ, Դավթին ու Արմինեին, մեր պնդմամբ, գյուղի ոլոր նեղ ճանապարհներով ուղեկցում են ծով… Մուխանի լողափերից մեկը… Ես սիրում եմ դաշտից հավաքած քար քարի դրած ու բնական ցանկապատ դարձած այս գծերը…

Գյուղապետ ջան, մուխանցիք, որ իրար հետ պայմանավորվեք, մետաղ-բետոնյա անշնորհք պարիսպները հանեք, տեսեք՝ սրանով ի՜նչ էսթետիկա կմտնի Մուխան։ Բաբկեն կրտսեր, դո՛ւ պետք է էն հոր ժառանգը լինես, սկսիր քո տանից, դու ժառանգի լավագույն որակներ ունես։ Տեսեք՝ ո՜նց է ոչ միայն տիրապետում ինտերնետին միացրած համակարգչին, այլև օգնում է ուսուցիչ մայրիկին, հորաքրոջը, հորը, տատին ու պապին, ո՜նց է լողում, ո՜նց է ավագ եղբայրություն անում Դավթին, որքան կիրթ ու անմիջական է մեզ հետ… Ազատուհին այնքան բնական-հետաքրքիր ներկայացավ մեզ, որ դարձավ սեբաստացիների ներկայացուցիչը Գավառում։ Տիկին Ժենյան՝ Դավթի Մուխանի տատիկը, հիշում է Մուխանում բնակվող մեր «թուրքերին» (ադրբեջանցիներին), գյուղի անունն էլ՝ Հաջի-Մուխան: Հետո երկար ժամանակ գյուղի պաշտոնական անունը դառնում է Մուխան, առանց Հաջիի… Բայց 1990-ին գյուղի անունը իբր հայացվում-սարքվում-կոչվում է՝ Ծովազարդ… Այսպես սրբագրո՞ւմ ենք, հա՞, մեր պատմությունը։ Լավ, «հաջին» հասկացանք, Մուխա՞նը մեզ ինչ էր արել։

Ծովի այս զարդը  25 տարում… Սրան, իհարկե, կանդրադառնանք…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կարելի՞ է դու իմանաս, թե է՜ն սարի ետևը ինչ կա, ինչ չկա…

Հանգստանալու լավագույն ձևը ճամփորդելը չէ՞։ Արձակուրդը հե՛նց դրա համար է՝ ճամփորդելու. ես արձակուրդի մեջ եմ, և բնական է, որ իմ օրը կրթահամալիրի Բանգլադեշում ճամփորդություն է, ինչպես երեկ, ուրբաթ օրով․․․ Ու

Աշխատիր ճի՛շտ ճանապարհի վրա և գոհացի՛ր ունեցածովդ․․․

Իմ գրի այս վերնագիրը առավոտվա մեր երկար զրույցից հետո Արմինեն ընտրեց ու չի սխալվել։ Ես սկսում եմ, որպես ընտանեկան ընթերցանություն, Դավթին Թումանյան կարդալ, հերթով. «Ոսկի քաղաքի» մարդկանց, Գոհար թագուհուն դեռ կհանդիպենք։

Որպես առակ… չնախատեսված

Եվ կրկին հանդիպեցին տղան ու աղջիկը: Ամառը չգոլորշիացրեց նրանց զգացմունքները: Աշունը հարսանիք էր կանխատեսում: Ձմեռը հիշեցրեց անցյալը: Գարնանը սելավ էր: Աշոտ Տիգրանյան Մենք Արմինե Թոփչյանի հետ հեծանվով հարավարևմտյան զանգված Բանգլադեշի