Կրթահամալիրի մանկավարժության աջակցության ուսումնական կենտրոնի բլոգում, msksh.am-ում, ֆիզիկական միջավայրում՝ կրթահամալիրի դպրոց-պարտեզներում, հետևում եմ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողների հերթական խմբի ուսումնաճանաչողական փորձառության ընթացքին… Ասում եմ՝ հերթական, քանզի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը մեր գործընկերն է, ու համագործակցության պայմանագրով հեղինակային կրթական ծրագրին ուսանողների ծանոթանալն արդյունավետ ուսուցում  է դառնում:
«Դեռ մի տերև էլ պոչիկիս ընկավ»,- կասեր Հ. Թումանյանի հայտնի հեքիաթի Ճուտիկը. Նելի Արղությանի խմբի հետ մասնակցեցի թելախաղին, իսկ Լիլիթ Մեղրյանի 2-4 տարեկանների խմբում ինձ գերեց շշախաղը. երկար մտածում էինք պոլիէթիլենային շշերի երկրորդ (հերթական) կյանքի մասին, ու գտնված է՝ շիշը՝ խաղալիք… Շշախաղերի առաջնություն, շշախաղադարան, ու Ջանի Ռոդարին ծափ տվեց այստեղ…

Աշնանային պլեներ Թումանյանի այգում:
Լուսանկարները՝ ՏաթևՄելքոնյանի:

Մարինե Մկրտչյան ֆոտոլուսանկարչի առաջարկն այս հետաքրքիր է ինքնին ու շտապ, քանզի ուղղված է կրթահամալիրի 2015-16թ.-ի օրացույցով որոշված «Մխիթար Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնին… Ուսումնական նախագիծն իր պատրաստ լինելու (չեմ սիրել սրա նախապատրաստության ձևը, ինչո՞ւ) ընթացքի մեջ է երբվանի՞ց… Եթե օրացույցը կրթական ծրագրի կազմակերպման ատաղձ է, եթե օրեր-տոնն ամենամյա է… ո՞ր մասով, ինչպե՞ս է այն դառնում հանրակրթության պարտադիր բաղադրիչով լրացուցիչ ուսուցում սովորողի կողմից ազատ ընտրած ընտանեկան-դպրոցական առաջադրանք-նախագծերի ձևով… Ինչպիսի՞ նախագծեր կան, որոնց սովորողը կարող է մասնակցել իր ինքնուրույն վճռով, որպես անհատ… թե՞ պիտի սպասի, մինչև իրեն առաջարկեն, համոզեն… պարտադրեն… Մեր՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցի իրացումը, նրա կազմակերպում-ազդեցությունը շարունակ իմ աշխատանքային օրակարգում է՝ իր ուղիղ ազդեցությամբ իմ ինքնազգացողության վրա… հունից հանելու աստիճան… Իսկ ինչպե՞ս է այս խնդրով ապրում Սյուզի Մարգարյանը՝ սեբաստացի մանկավարժական աշխատողը… Օրացույցի օրերը (նախագծերը) մնում են որպես մի-մի միջոցառո՞ւմ, հո՞գս… որոնք պիտի ինչ-որ կերպ կատարել՝ դրանցից ազատվելու համա՞ր… Մինչև կգա մյո՞ւսը… Սրանցից, այս օրերից, տոներից, ստուգատեսներից է կազմվում մեր ուսումնական տարին, մեր կյանքը…

Հիմնական դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողները ծանոթանում են Երևանի մետրոպոլիտենի կայարաններին:

Օրացույց-կազմակերպիչը, օրացույցի կազմակերպումը, մեր փորձով պիտի հասկանալի դառնա. բերե՛ք ձեր փորձը որպես օգնություն։ Այ, Աշխեն Գրիգորյանի մեդիանախագիծն այս եթե հոդվա՜ծ դառնա «Դպիր»-ի համար…

ՄԻԵԴ-ի (Միջազգային իրավունքի եվրոպական դատարան) վճիռը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բոլոր երկրներին ստիպելու է վերանայել իրենց քայլերը… Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ Ավետիս Բաբաջանյանի հարցազրույցն այս 1in.am-ի եթերում արժե լսել։ Ես գիտեմ՝ իմ ընթերցողը քիչ ժամանակ ունի-չունի քաղաքականությանը-միջազգային հարաբերություններին հատկացնելու համար. այս առաջարկի գլխավոր հիմնավորումն այն է, որ Սիրիայի պատերազմ, Եվրոպան բռնած փախստականների հոսքեր… Եվրոպա-Թուրքիա, Թուրքիա-Ռուսաստան, Թուրքիա-Հայաստան, որ նույնն է, ինչ Ցեղասպանության ճանաչման ընդարձակումը… բոլորը մեկում՝ մի տեսանյութում կտեսնեք, դուք կարող եք այս շրջանում տեղեկացված լինել՝ բոլորին ու ամբողջը մի տեղ ուղարկելու ձեր իրավունքը պաշտպանելով… Ռուբեն Մելքոնյանի հետ ես առիթ եմ ունեցել Բրյուսելում քայլելու. հետաքրքիր մարդ է շփման մեջ, պատրաստված թուրքագետ:

Հիմնական դպրոցի 3-4-րդ դասարանի սովորողների, ծնողների էկոհայրենագիտական արշավը Հրազդանի կիրճում:

Մանկավարժական աշնանային դպրոցի ծրագրով պատրաստվում եմ հոկտեմբերի 23-ին Ուրցաձոր այցելությանը՝ իր կրթական մասով Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի կրթական կենտրոնի հետ գործընկերային մեր առաջիկա անելիքները մասնակից ուսուցիչների հետ քննարկելու, հայրենագիտական մասով՝ Ուրցաձոր մտնելու։ Ուրցաձորով մի քանի անգամ անցել եմ, վերջին անգամ՝ վաղո՜ւց, բայց առիթ չի եղել դադար առնելու, գյուղ մտնելու… Առաջին անգամ Վազգեն Սարգսյանի հետ, քանի՜ անգամ՝ հարկադիր, 1990-1993-ին Եղեգնաձոր-Արատեսի ճանապարհին, երբ արգելվում էր երթևեկը խճուղում անվտանգության նկատառումներով Երասխավան-Սևակավան հատվածում՝ որպես շրջանցող ճանապարհ… Ունեմ, նաև, Սուրբ Կարապետ խոնարհված եկեղեցու՝ մի քանի անգամ հետաձգված ուխտը… Գիտեմ, որ Գևորգ Հակոբյանն ուրբաթ օրվա այցելության-քայլարշավի խումբ է հավաքում Արայի լեռան համար, Տաթև Աբրահամյանը՝ Մայրավանքի…

Հիմնական դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողները Երևանի պատմության թանգարանում:

Դավիթ Բլեյանն արդեն որերորդ անգամ իրար ետևից հանկարծ պատվիրում է ու լսում հայտնի «Գոհար» համույթի «Ղափամա» կատարումը… Կլանված լսում է՝ համակարգչի էկրանին դեմ առ դեմ… Չես կտրի: Ի՞նչ անենք՝ դուք որոշեք… Մեր նախկին ուսուցիչ, ծնող, հայտնի հանրային գործիչ, իմ հարյուր տարվա ընկեր Գեորգի Վանյանը, որ իր գրասենյակն ու բնակավայրը դարձրել է Իջևանի Ներքին Ծաղկավան գյուղը՝ հայ-ադրբեջանական սահմանին մոտ, Վրաստանի ճանապարհին, սիրում էր կրկնել. «Մանկավարժությունից, էլ չեմ ասում՝ կրթահամալիրում աշխատելուց լավ գործ չկա, միայն սովորողներն են խանգարում»… Շատերիս համար արձակուրդային շաբաթով ուսուցչի ինքնակրթության այս օրերն այդպիսի մի իդիլիա են ստեղծել միասին լինելու, սովորողներից հեռու… Լա՜վ վիճակ է՝ երեխաների աշխույժին կարոտելու, ուսուցչի աշխատաժամանակի կառուցվածքային բաղադրիչները քննարկելու, մանկավարժական աշխատանքի կազմակերպման գործող կարգը կասկածի ենթարկելու համար… Առաջարկները, որոնք մանկավարժության լաբորատորիան ակնկալում է ստանալ յուրաքանչյուր ուսուցչից մինչև հոկտեմբերի 26-ը, կընդգրկեն ուսուցչի, մանկավարժական աշխատողի, ուսումնական գործի կազմակերպական կողմը… Հորդորում եմ՝ ընդգրկեˊք: Ասելիք ունեք՝ միˊ պահեք:

Կրթահամալիրցի և եղեգնաձորցի ճամբարականները հանդիպել են:
Լուսանկարները՝ Անահիտ Եղյանի:

Ֆոտոխմբագիր՝ Շամիրամ Պողոսյան:
#473

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Թեժ ուսումնական ամառ կրթահամալիրի Բանգլադեշում…

Հասմիկ Ղազարյանի ուսումնական ամառվա հուլիս-օգոստոսին ուղղված առաջարկը իմ փոստում, Կարինե Պետրոսյանի հրապարակած ճամբարական շաբաթվա օրացույցը, Նունե Մովսիսյանի՝ հայոց լեզվի քննությունների վերլուծությունը… Ամառային դպրոցի՝ իմ փոստում ավելացող առաջարկները վկայում են թեժ ուսումնական ամառ

Հրդեհ է ընկել մեր տունը, էհեյ, Դավիթ…

«Ցտեսություն» ծեսին, որ Սողոմոն Վարդանյանի համերգով մեկնարկեց Ավագ դպրոցում, միացավ և մեր ընտանիքը. Ձմեռ պապի կախարդանքի ուժի մարմնացում Գուլպան մեկնեց… Այսօր առտու 04.00, երբ ես մտա մեծ աշխարհի իմ անկյունը,

Ավերման խրախճանքի, վերականգնման դժվարության մասին է կիրակնօրյա գիրը

Նվիրում եմ իմ ստեղծական թոռնուհուն: – Հայրի՜կ, դու էլ ե՞ս ուրախ…- Դավթին մայրի՞կն է սովորեցնում, ո՞նց է առաջանում այս հարցը… Ես, իհարկե, ուրախության աստիճանի լավ եմ զգում այս մտքից. Արևիկ