Դառնում է…
Այս մեծ մարդը՝ Դավիթ Բլեյանը, ամեն օր է մեծանում, այնպես ու այն չափով, որ ես նկատում եմ: Փոփոխությունների չափման գործիքներից մեծահասակներս ամենաշատն օգտագործում ենք աչքաչափը՝ «աչքիս»՝ ասում ենք: Աչքիս… ու գնա՜ց: Հայ մարդուն չես կանգնեցնի, ու աչքն իր ասածի հետ կարող է կապ չունենալ: Հասակի փոփոխությունն էլ, քաշինն էլ մենք աչքով ենք չափում. ակնհայտն ենք արձանագրում աչքով, հենց բառի մեջ եղածով՝ աչքին հայտնի: Ես սիրում եմ ակնհայտի մասին խոսել, շոշափելով խոսել, փաստելով… Ինչու՞, ասենք, պարբերաբար չենք չափում մեր երեխայի հասակը, չենք կշռում. երեխային էլ հետաքրքիր ու օգտակար կլիներ շարունակ ու փոքրուց գործ ունենալ այսպիսի մեծությունների, դրանց թվային արտահայտությունների ու փոփոխությունների հետ… Դե, մեզանում չենք անում երեխայի դիտարկում՝ որպես այդպիսին… Մոնթեսորի ջան, էլ ի՞նչ անեիր, որ մենք՝ երեխայի հետ աշխատողներս, մենք՝ բարձրագույն կրթությամբ դիպլոմավորներս, հետազոտողի գործով ապրեինք, որպես մայրիկ-հայրիկներ, 2-4 տարեկանների դաստիարակներ, 5 տարեկանների ուսուցանողներ, 1-3-րդ դասարաններում իմացումի հրճվանքի համար պատասխանատուներ…
Ինձ հարցնում են՝ ինչո՞ւ եք մուտքը կրտսեր դպրոց սարքում 5 տարեկանից, ինչո՞ւ այդքան մեծ ուշադրություն 5 տարեկաններին… Տեսե՛ք՝ ինչ միջավայր ենք ստեղծել՝ դասարան ու խմբասենյակ չէ, աշխարհ է՝ մեծ, լուսավոր, տեխնիկապես հագեցած, հարմար ու ամբողջական գործունեության աշխարհ, հիմա էլ՝ պարտադիր լողուսուցումը, մարմնամարզությունն ամենօրյա, ուսուցման կազմակերպումը որպես անընդհատ ու բնական գործունեություն… 5 տարեկանների արդեն 5-րդ խմբասենյակն ենք բացում, հիմա էլ՝ կրթահամալիրի քոլեջում… Հայտարարում եմ՝ ինքնառաջադրվեք հինգ տարեկանների այս նոր խմբի դաստիարակ-ուսուցանողի թափուր տեղը զբաղեցնելու համար: Խիզախեք, դիմեք:
Հինգ տարեկաններին հոգեբանական զարգացման առումով մեծերից (5 տարեկանից հետո եկող տարիքից) կես քայլ է բաժանում… Աչքի՞ս… Ինձ համար սա ապացուցված է, ակնհայտ է… Երբ Դավիթ Բլեյանի հասունության դրսևորումները գրանցում եմ, երբ փոխանցում եմ Դավթի խոսքը, չեմ խմբագրում-միջամտում: Ինձ հետաքրքիր է, ես դիտարկում եմ, մտածում եմ, որ այլոց էլ հետաքրքիր կլինի. ինչ նյութ կարող է ու պիտի հավաքվեր, ու ինչքա՜ն մարդու կյանք կփոխվեր հետազոտական աշխատանքի այսպիսի բնական պատվերի ու ծավալի առկայությամբ:
Երեկ, գիտեք, մեր սեմինար պարապմունքներից հետո ես նախաձեռնել եմ քննարկում մեր դպրոցների ղեկավարների հետ, հետո՝ ժամը 18.00-ից ինձ աշխատացրել է Սուսան Մարկոսյանը. քննարկում-խմբագրում էինք 4-5-րդ դասարանների կրթական ծրագրի ուսումնական պլանը: Որքան էլ ծանր, բայց ինձ հետաքրքիր ու անհրաժեշտ աշխատանք էր… Արդյունքի մասին դուք դատեք. այսօրվա սեմինար-պարապմունքներում պիտի անդրադարձ կատարեք մեր առաջարկներին:
Տուն մտա՝ ժամը 8-ն անց էր… Դավիթը վրա տվեց. դպրոցի մի օրվա, նրա երիտասարդ, հմայիչ-խանդավառ ուսուցիչների ազդեցությունն ակնհայտ էր: Սրան գումարեք Շուշանի կարճատև այցն ու Արմեն, Մելինե, Մարիամ Մարտիրոսյանների ներխուժումը Դավթի աշխարհ… Դավիթ կրթող այս միջավայրին ես, իհարկե, հարգանքով եմ վերաբերվում. այսպիսի շփման միջավայր, այսպիսի ինտենսիվ փոխանցում փորձի… Դավիթ չի դառնում, մի կրակ է դառնում. ինչե՜ր է կրակում… Արմինեն հրահրում է.
— Հայրի՛կ, գիտե՞ս Դավիթն ասում է՝ դու էլ ես ապուշ, մայրիկն էլ է ապուշ…
Իմ ամենաշատ գործածած բառերից է…
— Դավի՛թ, այս ինչե՞ր եմ լսում, հայրիկին էլ, մայրիկին էլ այս ինչե՞ր ես ասում…
— Չե՛մ ասում. հայրիկին-մայրիկին պուշ եմ ասել, ապուշ չեմ ասել, խելոք պապա ու մայրիկ եմ ասել: Ես ֆուտբոլիստ եմ, հայրի՛կ, տես ո՜նց եմ հարվածում…
Ես խրախուսում եմ, ինքն իհարկե գիտի գնդակախաղը՝ իր բոլոր ձևերով… Ինչքա՜ն հարմար, անվնաս բնակարանային ֆուտբոլի համար գնդակներ կան… Երեխան պիտի գնդակի նման գլորվի…
— Պապա, Արմենն ապուշ է ու դեբիլ։
Արմենն այսօր Դավթի հախից եկել է, շարունակ բզել է Դավթին-նեղել… Ստացա՛ր, Արմեն ջան, ու քո խոսքերով…
— Պապա տշի, ուժե՜ղ հարվածի, թող մայրիկը ջղայնանա…
Երկար ընդմիջումից, օգոստոսյան հասանելիք արձակուրդից հետո Դավթին դժվար է ներառել պարտեզում, իր խմբում… Համ էլ մեկ ամսում կիլոմետրով առաջ է գնացել… Առավոտյան, կարգով, 8.30-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից ճանապարհեց «Հնեվանքի ասպետ» դաշտային ճամբար մեկնող կրթահամալիրի 11-12-րդ դասարանցիներին ու ղեկավարներին… Անակնալ էր հանդիպումն իր խմբի մրցակից ընկերոջ՝ Արամ Խաչատրյանի հետ, ում վերջին անգամ հանդիպել էր օգոստոսի 5-ին՝ «Արցախի ասպետ» ճամբար մեկնողներին ճանապարհելիս… Գրկախառնվեցին ու…
— Հայրի՛կ, ես պարտեզ չեմ գնալու: Դպրո՞ց՝ կգնամ: Դպրոց եմ գնում: Գնաց: Մեկ օր Դպրոց-պարտեզում տղուս կերել են-կերցրել, չգիտեն՝ դեռ էս մատնիչը հմայիչ ինչե՜ր է պատմելու:
— Դավիթ ջան,- ու ես միացնում եմ ձայնագրիչը…
— Նոր Նարե էր եկել. լավն է ընկեր Ազնիվը…
Բայց խմբասենյակ չի մտել, չի մտնում նոր խումբը։ Մենակ քնել է իր նախկին, այժմ դատարկ խմբասենյակում: Սա էլ ներառման ճանապարհ է…
— Ընկեր Անահիտին (իմ սիրելի, հուր Անահիտ Բեկյանին) ի՞նչ ես ասել…
— Ասել եմ՝ ամոթ:
— Ինչու՞ամոթ, ի՞նչ էր արել… Անահիտը…
— Տկլոր էր…
— Ո՜նց տկլոր էր…
— Հա, ծիծիկները բաց էին…
Դավթի թուլությունն իրեն շրջապատող բոլոր ծիծիկների հանդեպ օրագրին հայտնի փաստ է…
— Հայրի՛կ, գիտե՞ս, տատիկին տարել են հիվանդանոց, որ բժշկեն, որ տատիկը կարողանա իմ ձեռքերը պաչի… Ճիշտ եմ ասում…
Նստել է նստակոնքին՝ մեծ, հարմարեցված, սարքով, մեծի պես.
— Պապա, մի՛գնա, խոսենք, հա՞, կողքս կանգնի…
— Դավի՛թ, դե պրծի…
— Չէ՜, քաքիկ եմ անում…
Ոչ էլ անում է. ինձ ուզում է իր մոտ պահի…
— Քաքիկ անեմ, որ գցվեմ լողավազանը…
Ես գնում-գալիս եմ… 5 րոպե… Դավիթը խոսում է ու խոսում…
— Ջուրը լից, թող սառի, որ ես չլմփամ…
— Պապա՛, արի տես՝ պուպուլս ո՜նց է մեծացել (դավիթավարի խորամանկ ծիծաղելով՝ ցուցադրում է), թող մայրիկն էլ գա՝ տեսնի, հա՞։
Գնում ենք քնելու. հանվում ենք միանգամից խոհանոցում.
— Քնում եմ, ականջներս կե՛ր, հայրիկ, համով են, քնելուց ինձ պետք չեն… Մայրիկ, արի, գնում ենք քնենք…