Որքա՜ն կարելի է պարտադրել Նար-Դոսի «Մեր թաղը» պատմվածքաշարը սովորողին, պատանուն՝ այդպես էլ անհաղորդ պահելով իր բնակավայրից, շրջակա աշխարհից, իր թաղից։ Գևորգ Հակոբյանի, Քնարիկ Ներսիսյանի, Սուսան Մարկոսյանի հետ Սահմանադրության օրով սահման դրեցինք այս անիրավության դեմ, իսկ մեր ագարակում իմ խոսակցության նյութը Հիմնական դպրոցի ճամբարի պետ Կարինե Բաբուջյանի ու Բ-4 թաղեցի Արմինե Թոփչյանի հետ «Մեր թաղը» ուսումնական նախագիծն էր…Անհավատալի չէ՞, Թոփչիկը 30 տարի ապրում է այս թաղում։ Հարավարևմտյան զանգվածի, մեր կրթահամալիրի դպրոցների թաղերը 35-40 տարվա պատմություն ունեն… Ճամբարներով, ճամբարականներով՝ Դպրոց-պարտեզի, Նոր դպրոցի, Հիմնականի ու Գեղարվեստի, սկսում ենք «Մեր թաղը» ուսումնական նախագիծը․․․Ճանաչենք մեր թաղը, նրա մարդկանց, անվանիներին-հնաբնակներին, նրանց զբաղմունքը, նախասիրությունները, թաղի գործատուներին, կազմակերպություններին, թաղի հեղինակություններին, թաղի պուրակները, հուշարձաններն ու անցուդարձը, խնդիրները, լուծումները։ Սա նաև ամառային նախագծի մեկնարկ կարող է դառնալ ընտանիքների համար․ թաղի նորություններով, թաղային իրադարձություններով․․․ «Սեբաստացի» մոլը կարող է ու կդառնա՞ այս ուսումնական գրավիչ նախագծի հանրայնացման, մեր համայնքային կյանքի կենտրոն․․․
Հիմնական դպրոցի ճամբարականները:
Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի:
Մեր ագարակն էլ՝ մեր սեբաստացիական աշխարհի նման, նրա մի մասը՝ բաց-ազատ-հաղորդակցությամբ, ոչինչ չես թաքցնի։ Իմացա՞ք, մենք մեծ խմբով երեկ Ագարակում Լուսինե տիրուհու ծնունդն էինք նշում․․․ Խորենը Հազարումյան ու ընկերներն ագարակի, բոլորս բարեխիղճ էինք պատրաստվել այս առիթին․ Լուսինեն ուրիշ-արժանի է․․․ Մի տեսակ ուրիշ աշխարհից եկան ինքն ու Խորենը, մեր բոլորիս աջակցությամբ ուրիշ մի աշխարհ ստեղծեցին, Բանգլադեշն ընդարձակեցին․․․ Ես, օրինակ՝ ընտանիքով էի մասնակցում․ Դավիթ Բլեյանն ու Լուսինեն հարազատներ են․․․ Արմինեն հիացմունքով է խոսում միշտ սրտաբաց, կենսախինդ Լուսինեի մասին…
— Պա՜պ, էս ո՞նց եղավ, որ ագարակն ու դպրոցը իրար հետ դարձան․․
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Դավիթը, իհարկե, Բ-4 թաղամասի իր Դպրոց-պարտեզը նկատի ունի, բայց ագարակը տարածվում է դեպի հարավ՝ Անկախ մայլա․․․ Ագարակին արտեր են պետք ու ձմեռային մանեժ․․․Թափով, ավելի ու ավելի թափով են զարգանում իրադարձությունները. երեկ ագարակում նոր պատեր քանդվեցին, դռները բացվեցին ավելի ու ավելի ընդարձակ… Ագարակում մեր, կարծում եմ, ժամն է աբոնեմենտների վաճառքի. սրանով հնարավորություն տանք, որ հնգամարտիկը պատանի, սեբաստացի ձիավարժը մասնակցի այս փուլում ագարակի կառուցմանը… Սա զարգացող մի նախագիծ է․ չի ավարտվի… Պետք է ապրել ագարակում-ագարակով՝ ինչպես Լուսինեն ու Խորենը։
— Ձմերուկը լավ էլ հասել է,- երեկ ագարակում, այս ամառ առաջին անգամ արգելված պտուղը ճաշակելով, բացականչեց Դավիթը․․․
Որքա՜ն ջանքեր գործադրեց Արմինե մայրիկը հունիսին, ամեն անգամ ֆուդ-սիթի մտնելիս, Դավթին ձմերուկից հետ պահելու համար․․․ Շնորհակալ ենք մեր ընկեր-հարևան Արամին․ պարզվում է՝ ձմերուկ կարելի է ուտել, երբ փոքր Մասիսի գագաթի վերջին ձյունը-սպիտակը հալչի գնա… Երեկ նկատեցինք, Մասիս փոքրի համար այդ օրն էր…
Երեկ ագարակում նաև մատաղի օր էր, ու մատաղացու ձի տորթը մորթվեց. տեսքը դուք որոշեք, բայց ահա, համը մեր ձիու այնքան ախորժելի էր, որ ես, չգիտեմ երբվանից տորթ չկերած, մի մեծ կտոր կերա․․․
Սևան-Դիլիջան համայնապատկեր:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:
Մեքենայի մեջ ես ու Արմինեն խոսում ենք, բնական է, այս օրերի մեր բլեյանական ընտանիքին պատահածից, աշխարհից, եկած-գնացածից ու կարող ենք մոռանալ, որ Դավիթը մեզ լսում-նկարում է․․․
— Տիար, քո եղբայրներից ո՞վ է քեզ ամենից նման:
Էդվարդը, Գագիկը, Ստեփանը, ես տարբեր ենք, որքան էլ՝ արտաքին-ներքին նմանություններ ունենք, իհարկե, մի ընտանիքում, մի թաղում, մի գերդաստանում ենք ապրել` Բլեյան ազգանվան-տոհմի կարևորության գիտակցումով մեծացած․․․
-Ոչ ոք,- դադարից հետո պատասխանեցի ես․․․
— Ինչի՞ պապ, իրանք քիչ են աշխատում ու ծխո՞ւմ են,- հանկարծ խոսեց Դավիթը։
Այս օրերին ինձ-մեզ համար կարևոր էր ավագ եղբորս՝ Գագիկի կողքին, իր հետ լինելը․․․ Բոլորս՝ եղբայրներով-քույրերով, Բլեյան թոռով-ծոռով նրա շուրջն ենք․․․ ու Արամ Բլեյանի։
Գագիկն իմ կյանքում շոշափելի դեր է խաղացել։ Էդվարդ մեծ եղբայրս, չեմ դադարի ասել, ինձ հայրություն է արել, պահել-պահպանել է այս օրերի համար․․․ Իսկ Գագիկը եղել և մնում է պետական ծառայողի, պաշտոնյայի, անբասիր ծառայության օրինակ. իմ բասկետբոլի մարզումներով, դպրոցական ուսման նկատմամբ բարեխիղճ-գիտակից վերաբերմունքով, ես, իհարկե, նախ Գագիկին եմ պարտական։
Բլեյանների, նրանց գոտեպնդողների մեծ խումբ երեկ էլ մեր պապենական գերեզմանոցում էր՝ Կարմիր բլուրում… Դավիթ Բլեյանն էլ մեզ հետ է. քարից քար անցնող Բլեյան ժառանգին, ներկաներին պատմում եմ մեր գերդաստանի պատմությունը… Գերեզմանոցն այս պատմության նյութական-նվիրական արժեք է… Իմ Ազիզ ադե-տատը 1979-ին հիմքը դրեց այս հավաքատեղիի… ապրեց 100 տարի… Նրա քարի վրա նաև Արամ Բլեյան պապիս մահվան տարեթիվն է՝ 1936… Ստալինյան աքսորի զոհ իմ պապի գերեզմանն անհայտ է, ինչպես հազար-հազարներինը. մեծ եղբայրս սրանով ուզեցավ մեր լեգենդ պապը խորհրդանշական ներկա լինի… Այստեղ է մայրս՝ Արտաշամ Հարոյանը, նրա կողքին՝ հայրս՝ Շամխալ Բեկը, նրա կողքին՝ Էդվարդ ավագ եղբայր Բլեյանը… Մի շարք էլ սկսում են իմ Բալաբեկ հորեղբայրն ու նրա տիկինը… Պատկերացրի՞ք, թե մեծ ու պստիկին որքան բան կա պատմելու… Քիչ վերև՝ բարձունքում, մեր գերդաստանի գերեզմանոցի մի ճյուղն է՝ 1941-ին երկրորդ համաշխարհային մեկնած ու այդպես էլ չվերադարձած Զալիբեկ Բլեյան-Թադևոսյան հորեղբորս գերեզմանոցը… իր տիկինը՝ մեր Արաքս տատը Քաղսիից, իմ պայծառ հորեղբոր տղան՝ Մարսելը՝ սեբաստացիներ Արաքս Թադևոսյանի հայրը, Մարկ և Ռոբերտ Սիմոնյանների պապը… Որքա՜ն բան կա պատմելու, ու ինչո՞ւ չպատմես, էլ ե՞րբ պատմես, ինչո՞ւ չիմաստավորվի այս ֆիզիկական հանգչումը գերդաստանի… Սա էլ «Մեր գերդաստանը» նախագծի մի կարևոր դրվագ է… Դավիթը քարից քար թռչելով ամեն ինչ լսում է: Հետո մեքենայի մեջ կգրկի ինձ, պաչիկներ կանի. այդպես իր վերաբերմունքն է արտահայտում…
— Պապ, պատմում ես, որ ես իմանա՞մ, չմոռանա՞մ…
Դու՝ քո կյանքը… ինչպես Արամ Բլեյանը, որ այսօր կարևոր դիրք գրավեց իմ Էդվարդ եղբոր ընտանիքում, իմացե՛ք-ճանաչեք գերդաստանն այս, որ ազատ իրականացնեք ձեր ընտրությունը…
Ուշ էր. մեկ օրվա համար այսքան տպավորությունների ազդեցությամբ՝ գերդաստանից-ագարակ, երկուսն էլ իրենն են իրենց ողջ ծավալով-նշանակալիությամբ, Դավիթը գամակներին, Կարինե Պետրոսյանի, հետո էլ Լուսինեի գրկում ուզում է քնի։
Տանը.
— Դավիթ, ուզում էինք քեզ քնեցնել պարտեզում, կլինե՞ր, կմնայի՞ր…
— Կարթնանայի, կտեսնեի, բոլորին կսպանեի ու թափով կգայի տուն…
#722