Սպասումը, որ իր հետ բերում է տրանսպորտի խափանումը, իմ կյանքում տեղ ունի, ո՜ւր պիտի փախչես… 2015-ը՝ անխափան ուսումնական ճամփորդությունների տարի. ահա ինձ ուղղված կարևոր ցանկություն… 2015-ին կրթահամալիրի սովորողների և ուսուցիչների ճամփորդությունների թիվը կավելանա. սա ենթադրում է և սպասման տևողության աճ, այնպես չեմ ուզի… Դժվար եմ սպասում՝ անհանգստանում եմ… Հեռվից հեռու փորձում եմ օգնել, ինչպես այս անգամ… Միշտ չէ, որ դա հնարավոր է, կամ խելամիտ. շատ հաճախ պիտի համբերել՝ չնյարդայնանալ. մի բան,  որ ես խրոնիկ վատ եմ անում…

Ահա Երևան ուղևորվող վրաց մեր բարեկամների ավտոբուսն Իջևան քաղաքում խափանվեց, ու սպասումը ծանրացրեց կիրակին… Ես մշտական կապի մեջ եմ «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի տնօրեն Առնոլդի հետ, ով Ռինա Շագինյանի և Հռիփսիմե Առաքելյանի հետ դիմավորել է մեր վրաց գործընկերներին հայ-վրացական սահմանի Բագրատաշենի մաքսակետում… Ուշ, իրիկունը 11-ի մոտ վերջապես Առնոլդի` այնքա՜ն սպասված վերջին զանգը հնչեց. Երևանում են, Բանգլադեշում, կրթահամալիրի հյուրընկալ-հարմարավետ կացարաններում… Մնացածը՝ ըստ կրթական այս փոխանակման ծրագրի… Հետևեք 2015-ի անդրանիկ կրթական միջազգային փոխանակման ընթացքին mskh.am-ում

«Սեբաստացիներ» կրթական հիմնադրամը 2014-ը փակեց «Գեղարվեստը կրթահամալիրում» համերգ-ցուցադրությամբ, 2015-ը սկսում է «Ձմեռ պապ» մրցանակների շնորհմամբ՝ երաժիշտ-ուսուցիչներ Տաթև Ստեփանյանին և Մարինե Մկրտչյանին՝ ստեղծագործական գործունեության համար… Մեր թիվ մեկ գործընկերն է դառնում հիմնադրամը:

Դավիթ ու Շուշան Բլեյանների հետ նշանավոր դարձրինք կիրակին՝ այցելեցինք Սվետա Ճաղարյանին ու իր սքանչելի դստերը՝ Լիլիթ Առաքելյանին՝ Շուշանի ընկերներին և երաժշտության ուսուցիչներին… Սվետայի՝ Սևքար գյուղում բնակվող մայրիկն այս ձմեռը ևս անցկացնում է Սվետայի, Լիլիթի հետ… Ինչ խաղաղված-խնամված-խերաշատ միջավայր են դարձրել երեք սերնդի կանայք Լենինգրադյան փողոցի երկսենյականոց «խրուշչովկան»… Վայելեցինք Բլեյաններով… Հիմա հասկացանք, որ մեր աչքի առաջ ու մեր աջակցությամբ այսպիսի մի միջավայր ստացվում է Սվետայի նախագծած Մայր դպրոցի մի ամբողջ հարկ զբաղեցրած երաժշտության ուսումնական կենտրոնը… Ոչ միայն Մայր դպրոցի խերը կշատանա սրանով, այլև ողջ կրթահամալիրի, կտեսնենք միասին, նաև Բանգլադեշի… Առանց երաժշտության ի՞նչ անես այս քարուքռի և քաոսի հետ. այն չի ծաղկի-կարգավորվի, չի աստվածանա…

Գեղարվեստի ավագ դպրոցի ART TV-ի երաժշտական ծրագիրն ու Գեղարվեստի կրտսեր դպրոցի  Գույն TV-իկիրակնօրյա հաղորդումները «Սեբաստացի» TV-ի նոր զարգացումն են ապահովում. լավ տեսանյութեր, տաղավարային հետաքրքիր հաղորդումներ տեսել ենք ու կտեսնենք, բայց այսպես, վերցնել ու ձեռքի տակ եղած թվային միջոցներով ու ուսուցման մասնակիցներով՝ սովորող, ուսուցիչ, ծնող, հասարակություն, այսքան գրավիչ-ծավալուն հեռուստահաղորդումներ ստեղծել՝ բռա՜վո. առանց առջևից գնացողների՝ ի՞նչ զարգացում: Ամենաշատը սիրում եմ, երբ ձեզ պես, որպես սովորական մի սպառող շահառու, անակնկալի եմ գալիս՝ իրականացված ուսումնական նախագծով…

2003-ի Ազգային ժողովի հերթական ընտրություններով խորհրդարանական քաղաքական ուժ դառնալու իմ ու Վիգեն Խաչատրյանի պլանը ձախողվեց ոչ այն պատճառով, որ ընտրություններում չստացանք անհրաժեշտ ձայներ, այլ, որ լիբերալ-դեմոկրատական միավորումը չկայացավ, ընտրության հերթը չհասավ: Լիբերալ-ժողովրդական ուղղությունը մեզանում փրկելու համար նպաստավոր էին պայմանները, համ էլ մենք պարտավոր էինք այդպիսի միավորմամբ նպաստել հայաստանյան քաղաքական համակարգի կայացմանը… Ինձ ոչինչ չէր մնում, քան հետևողական-բարեխիղճ լինել իմ նպատակադրման մեջ. ես առաջադրվեցի մեծամասնական ընտրակարգով, քաղաքացիական նախաձեռնությամբ՝ երկար բացակայությունից հետո կանգնեցի ընտրողների առաջ դեմ հանդիման ու խնդրեցի նրանցից ԱԺ մանդատը… Ես հաճույքով կարդացի նորից իմ՝ ՀՀ ԱԺ պատգամավորի թիվ 11 ընտրատարածքի թեկնածուի դիմումները-տեղեկատվական նյութերը՝ ընտրողներին… Շնորհակալ եմ իմ նախընտրական շտաբին, իմ ընկերներին՝ ոչ միայն ինձ մենակ չթողնելու, այլև համերաշխության այսպիսի սեբաստացիական դրսևորման համար. տասնյակ ու տասնյակ սեբաստացիներ որպես վստահված անձ, շտաբի անդամ, թե դիտորդ, բարեխիղճ-օրինապահ գործ կատարեցին… Թիմն իմ սուղ միջոցներով գրագետ ու խելամիտ աշխատեց. ինչպես Վիգեն Խաչատրյանն ամենատարբեր ամբիոններից հայտարարեց, ամենաշատ ձայներ հավաքած ոչ իշխանական թեկնածուն էի բոլոր ընտրատարածքներում… Եթե ինձ հետ միասին 40 գործիչ՝ Հայաստանով մեկ, յուրաքանչյուրն իր ընտրատարածքում ու իր թիմով, հանդիպեր ընտրողներին ամենուր, խոսեր, գործեր, ելույթ ունենար, վստահ եմ, ռեզոնանսի էֆեկտ կունենայինք… Եթե անգամ ընտրություններով որպես խմբակցություն խորհրդարան մտնել չհաջողվեր, թույլ չտար իշխանության կուսակցությունը, մենք կդառնայինք հեղինակավոր-իրավասու քաղաքական ուժ… Քաղաքական գործունեությունը մարաթոնային պայքար է՝ հեռահար նպատակներ է սիրում… Մեծամասնական ընտրակարգով իմ հակառակորդը նշանավոր Հակոբ Հակոբյանն էր (Լեդի Հակոբը), ով, հիշում եք, 2008 թ. նախագահական ընտրություններում կանգնեց Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին, հետո բանտարկվեց… «Եթե»-ներ չեմ սիրում և դրանց վրա հաշվարկներ-կառուցումներ չեմ անում… Իմ արած հրապարակային հարցադրումը՝ կամ բիզնես կամ քաղաքական հրապարակային գործունեություն, արդարության սկզբունքը (քեզ՝ բիզնեսը, ինձ՝ հրապարակային գործչի մանդատը) չլսելու տվեց ոչ միայն Հակոբ Հակոբյանը…  Ափսոս, որ նաև Հակոբ Հակոբյանը… Մի բացառություն կարող է լինել, չէ՞… Հայաստանը սրանով մտնում էր քաղաքական դեգրադացիայի նոր փուլ՝ բիզնեսի ու իշխանության հրապարակային սերտաճման…

Սրան հաջորդեց 1989 թ. նորաստեղծ Հայոց համազգային շարժում կուսակցության (ՀՀՇ) վարչության անդամ դառնալուց հետո իմ քաղաքական կյանքի ապատիայի երկրորդ շրջանը՝ 2004թ.-ը… Առաջին շրջանը 1997-ին էր…

Իմ նախընտրական շտաբում, շտաբից դուրս, ողջ Հայաստանում 2003թ. ԱԺ ընտրությունները համարում են անարդար, կեղծված… կանխորոշված… Ես գիտեի՝ ինչ պայքարի մեջ եմ մտնում, և ողջ ընթացքում չեմ խոսել, թույլ չեմ տվել այդ մասին խոսել… Իհարկե, շատ կուզենայի իմանալ իմ հավաքած ձայների քանակն իրականում… Բա չիմանա՞ս, վերջը քանի ձայն ստացար… Քաղաքական համակարգը, որ սպասարկելու է ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական Հայաստանի Հանրապետության կայացմանը, առանց գործող, անհատական ու հանրային գիտակցության մեջ վստահարժան քաղաքական ընտրությունների չի լինում: Այս փչացած ընտրական մեքենայով ի՞նչը և ինչպե՞ս չափես… Այս պայմաններում  կուսակցություններ, քաղաքական միավորումներ առաջանում և մահանում են՝ կա՛մ շրջանցելով հասարակությունը և մարդուն, կա՛մ փչացնելով մարդուն էլ, նրա ստեղծելիք հասարակությունն էլ, միավորումներն էլ…

Հովհաննես Թումանյանի «Արգելքներ» վերնագրով այս հոդվածը, որ գրել է 1896թ., և «Անկեղծ չենք» վերնագրով այս գողտրիկ հոդվածը՝ գրված 1907թ. ապրիլի 14-ին, պարբերաբար կարդում եմ. սրանք հիմա դրվեցին իմ բլոգի ընթերցարանում. սեղմեք հղումը և… բարի վայելում…

Դավիթ Բլեյանն աճում է ժամ առ ժամ, այդ աճը, որ դրսևորվում է նրա ախորժակում, ֆիզիկական ու մտավոր ոլորտում, այնքա՜ն նկատելի-սիրելի է… Ես հրաժարվել-հրաժարվում եմ թելադրանքից… Գլխավոր մեթոդ դառնում է քննարկումը, որի արդյունքում անընդհատ, շարունակաբար իրական ընտրության առաջ է կանգնում մեր հերոսը… «Որոշիր, Դավիթ» կամ «քո ընտրությունն է, Դավիթ»… Դավթի խելքը սկսում է հերիքել իր այս կամ այն ընտրության հետևանքները հասկանալու-գնահատելու համար… Ինչ է սպասվում իրեն, ինչը կարող է կորցնել… Ու մինչև որոշումը Դավիթ Բլեյանն է նախաձեռնում քննարկում… Մենք հաճախ ենք զրուցում. ազնիվ լինել, շիտակ շարադրել, գործել… Իսկ այս օրերի, Դավթի և Արմինեի համար ուսումնական արձակուրդի ամենադժվար խնդիրն էր, որ Դավիթը քնի… Ցերեկը չի քնում, լավ… բա իրիկո՞ւնը… Հիմա էլ ժամը 11-ին իմ օգնությամբ ընտրեց 5-6 գիրք, հետո էլ, թե՝ հայրիկ, արի միասին կարդանք…

– Ես կարդում եմ, Դավիթ…
– Ես էլ եմ ուզում կարդամ, հայրիկ…
– Իհարկե, լավ ես անում, բայց մայրիկի հետ…
– Մայրիկը քնած է…
– Ո՜վ դիմանա…
– Դու,- պատասխանում է զվարճանալով,- դու կդիմանաս, ես կքնեմ, հետո էլ՝ դու…
Այդպես էլ արեցինք…

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ու կյանքը թեթև անուրջ է թվում…

Ուսումնական Արագածոտն․․․ Մուղնիի դպրոցում մեր երեկվա անուշով-թեյի կլոր սեղանի շուրջ մանկավարժական զրույցը մնաց. մի կողմից՝ սեբաստացիների խումբը, մյուսում՝ Մուղնիի բարեհամբույր ուսուցիչների, իրենց ընդունակ-տնօրեն Գրետա Համբարձումյանի առաջնորդությամբ․․․ Բողոքել չկա. ես գիտեմ

Թե «սովեստ» չունես, մահանա՝ ինչքան ասես…

Ամենաշատ ծառ-թուփ Երևանում մահանում (չորանում) է օգոստոս-սեպտեմբերին: Քանի՞ սովորող կլինի ըստ դասարանների ամեն դպրոցում, ո՞վ գնաց, ո՞վ եկավ՝ կարձանագրվի-կփաստվի մինչև սեպտեմբերի 4-ը. քանի՜ պաշտոնյա և ուսուցիչ կյանքով է կապված սովորողների

Տիրոջն ընդառաջ ու հեծանվի վրա…

Փետրվարի 13-ին, ժամը 16-17-ի արանքում, երբ Տեառնընդառաջի կիրակին էր ամենուր բոցկլտում, ես 2016-ին առաջին անգամ հեծա իմ անվավոր ձին…Թեթև և սլացիկ, Մեդիակենտրոնից մինչև մեր տուն` Խանջյան, Երևանի աշխարհագրական կենտրոն, ծիսական