Ե՞րբ է մարդ սկսում ծերանալ հարցին երախտահիշատակ, 80-ականների հայտնի գրող ու հասարակական գործիչ Վարդգես Պետրոսյանը սիրում էր պատասխանել.
— Երբ հոգնում ես ձգտումներից…
Ես չիրականացված գործեր ունեմ շա՜տ, բայց ահա, հոգնություն չեմ զգում. դրանց իրականացումը տեղավորված է, որպես օրվա հոգս, իմ յուրաքանչյուր օրում, ու բավարար է՝ լիարժեք օր կոչվելու համար… Այդպիսի ձգտում է հեծանվի մարզադպրոցի՝ հեծանվաակումբի վերականգնումը կրթահամալիրում: Մայր դպրոցի շենքի (Ա. Բաբաջանյան 25) «Քաջիկի պահեստի» վերածված 150 քառ. մետրանոց տարածքում 1987թ. սկսել էր գործել Հայաստանի հեծանվասպորտի մանկապատանեկան մարզադպրոցի մեր մասնաճյուղը. մարզիչ Համբարձում Պետրոսյանը տասնյակ ու տասնյակ սաներ ունեցավ… Հիմա էլ նույն՝ Օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում հեծանվի մարզիչ է աշխատում Համբարձումը: Բացմանը (վերաբացմանը) մենք սիրով կհրավիրենք բոլորին, ովքեր կապված են այս կառույցի գործունեության հետ՝ և´ Աշոտ Մանուչարյանին, և´ Տիգրան Աղաբեկյանին, և´ Աշոտ Դաբաղյանին, ովքեր սովորողների հետ միասին գիշեր-ցերեկ փորում էին ու ազատում հողով-քարով լցված կիսանկուղի տարածքը… Գրիգոր Խաչատրյանի հետ տեղում քննարկում էինք նոր ակումբի նոր նախագիծը, որի մի տարբերակն արդեն mskh.am-ում հրապարակված է. ինձ զարմացրեց, որ Գրիգոր Խաչատրյանն այնքա՜ն մանրամասներ է վերհիշում… Հենց հեծանվի մարզակումբը վերագործարկենք, վերաբացենք… «Նաիրիտին» հերթը կհասնի: «Նաիրիտի» վերագործարկման մասին նորից շատ է խոսվում… Ես ուշադիր հետևում եմ… Ո՞վ կկանգնի այս անհավատալի թվացող նախագծի գլուխ… Մեր դեպքում ես ընդունեցի ընդհատման-փակման մեղքն ինձ վրա. «Նինային ես եմ փախցրել, ես էլ նրան ետ կբերեմ…»: Սկսեցի իմ օրինակով՝ դարձա հեծանվորդ… Հետո մի խումբ սեբաստացի հեծանվորդ-սիրահարների հետ կպանք «Բանգլադեշն անիվների վրա» նախագծի իրագործմանը…

Հիմնական դպրոցի այսօրը: Լուսանկարները՝ Հռիփսիմե Առաքելյանի:

Այսօր, երբ Մայր դպրոցում են արդեն մեր սեփականությունը դարձած եվրոպական արտադրության 40 հեծանիվներ (20-ը՝ կրտսեր դպրոցականների, 20-ը՝ դեռահասների ու պատանիների համար), երբ ամեն օր անհատական հեծանիվ ունենալը, գործածելը ավելի ու ավելի համակում է սեբաստացի սովորողի, ուսուցչի թե ընտանիքի անդամի, երբ տեսանելի է ակումբի շինարարության ավարտը, երբ հեծանիվը դարձել է «Մեղրաձոր 2015» արշավախմբային ճամբարի խորհրդանիշը, թույլ տվեք Տիարի իրավունքով ասել` սեբաստացինե´ր բոլոր տարիքի, ավելի ակտիվ եղեք, ավելի գործուն: Մի´ սպասեք, հեծանվասիրահարներ, գործեք, նախաձեռնե´ք: Ասված է, արվելու է, պայմանավորվել ենք՝ ասվածն անել, միայն մեր անելիքի, իրագործվելիքի մասին խոսել, քննարկել, նախագծել… Մասնակցե´ք ակումբի շինարարությանը, եկեք, վերցրեք բահ ու պատգարակ, սկսեք: Սկսում ենք 2015-2016 ուստարվա հեծանվային թիմերի ձևավորումը տարատարիք խմբերում… Մարզիչ, սպորտի վարպետ Վարշամ Դարբինյանին եմ ներկայացնում, որ իր մարզիչ, մեր շրջանավարտ Արմեն Գյոզալյանի երաշխավորությամբ կլինի մեր ակումբի ավագ մարզիչը: Վարշամն արդեն սկսել է հեծանվասպորտի խմբերի ձևավորումը… Կունենանք նաև տրիաթլոնի (հեծանիվ, լող, վազք) խմբեր. Հայաստանի տրիաթլոնի ֆեդերացիայի նախագահ Հրաչ Ավետիսյանի երաշխավորությամբ մարզիչ Ֆրունզե Մարկոսյանը հավաքագրում է հեծանվի, լողի և վազքի սիրահարներին՝ երեքը մեկում… Մնացածի մասին տեղեկացեք մեր հեծանվի ակումբի՝ Գրիգոր Խաչատրյանի և Նվարդ Սարգսյանի՝ րոպեական ստեղծած բլոգում և մարզական ուսումնական կենտրոնի կայքում

Նոր դպրոցը՝ ծաղկած ու ծաղկող: Լուսանկարները՝ Անահիտ Գևորգյանի:

 Երբ Դավիթ Բլեյանը Վահրամ Մարտիրոսյանի ուղեկցությամբ, օրվա վերջում պարտեզային իր խմբին ու Կարինե Խառատյանին շնորհակալություն հայտնած, Դպրոց-պարտեզից մտավ Գեղարվեստ, ժամը 5-6-ի արանքում, ես մեծերի բաց ջրավազանում էի… Սպասում էի, որ զուլալ-պաղ ջուրն ու հայրիկի հավեսը կքաշեն-կբերեն Դավթին… Բայց այսպես միանգամից, քայլելով ու հանվելով, շորերը շպրտելով՝ թը՜ռռ՝ ավազանի տախտակամածից  Գեղարվեստի մեր ծո՞վը… Ահա քեզ «Ամառային պարտեզ» նախագծի, գումարած  ընտանեկան-մշտական աջակցության տպավորիչ արդյունքը…

Իսկ կեսօրին, շինարարական եռուզեռի արանքում, Գեղարվեստի ավազանում ես հիանում էի սեբաստացիներ 6 տարեկան Հովհաննես, 5 տարեկան Արամ, 9 ամսական Արտաշես Կարապետյանների ու նրանց երիտասարդ հայրիկի, մայրիկի՝ Սարգիս և Սյուզի Կարապետյանների լողով, ջրային ծեսով…

Երեկ արշավախմբային ճամբար շարժվեցին Վարդի և Շամիրամի՝ Միջին դպրոցի ջոկատները՝ սկսելով «Մեղրաձոր 2015»-ի հերթական՝ 4-րդ հերթափոխը… Իսկական բաց-ներառող ճամբար ստացվեց՝ այս հերթափոխում էլ կան տարատարիք սեբաստացի ու ոչ սեբասատացի սովորողներ, շրջանավարտներ, ընտանիքներ… Եվ լավ է, որ Պաշտպանության նախարարությունն էլ գնահատում է մեր հայրենագիտական-մարզական-դաշտային գործունեությունը. սովորողների անվտանգ տեղափոխումն այդպիսի նկատելի դրսևորում է: Վարդի ու Շամիրամի աղջկական հմայքն ու մանկավարժ-կազմակերպչի շնորհը, Գնել Հարությունյանի փորձառությունն ու սիրահարվածությունը Մեղրաձորին նոր մակարդակ կապահովեն այս հերթափոխում անկասկած: Հետևում ենք: Հատկապես, որ օգոստոսի 16-ից սկսվող Առնոլդ Բլեյանի, Սոնա Փափազյանի հերթափոխը խոստանում է լինել ամենամեծաքանակը… Արդյոք մեկնո՞ւմ են մարտի գիտակները Վահրամ Թոքմաջյանի…

Կրթահամալիրի ծածկած լողավազանի լողորդները: Լուսանկարները՝ Տաթև Համբարյանի:

#419

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Տիեզերքի նվաճման ապրիլի 12-ի օրը մեր…

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի համար կազմած ծրագրով ճանաչողական երկու ժամանոց քայլքը այսօրվա կրթահամալիրով, որ սկսվեց Առնո Բաբաջանյան փողոցի կողմից Մայր դպրոց մուտքով, ներսով—դրսով ու ավարտվեց Հյուսիս—գեղարվեստում, կարող է դառնալ ատաղձ Բլեյան դպրոցով հեռատուրի* համար նաև․․․

Օրագիր-շնորհավորագիր-Դավթագիր-տոնագիր

— Հայրիկ, ես արդեն արթնացել եմ…  դեկտեմբերի 12-ը եկել է՞… Մորաքույրը տորթ թխել-վերջացրել է՞, գնում եմ՝ տեսնեմ… Մեծ դժվարությամբ ուշ քնեց և նույն դժվարությամբ աչքերը բացեց ժամը 8-ի մոտ մեր հոբելյար

Խոսք է… ամենանուրբ-ամենախոր շերտերից սրտի…

Տիգրան Հայրապետյանի մայրիկը՝ տիկին Ֆրիդան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից պատմում է, որ մի հիվանդի տանում են վիրահատության, դեռատի աղջիկը  հիվանդանոցի միջանցքում փարվում է հորը. — Պա՛պ, չմտածես, Նիկոլ Փաշինյանը քեզ հետ