Շաբաթ առտու, մինչև ժամը 06-ը, ես հասցրի 51-րդ գիրը ու ընդգծված հանդիսավորությամբ նվիրեցի իմ բլոգապատման առաջին հիսուն գրերին, որպես Գիր գրոց. կարդացե՛ք, հետո անցեք իմ 52-րդ գրին` առաջարկում եմ: Ես ունեմ կես ժամ. 6:30, ինչպես գիտեք, ես մեր հասարակագետ Վահրամ Թոքմաջյանի և օրվա հերոս Ռուդիկ Սահակյանցի հետ, նրա մեքենայով մեր «марш бросок»-ն ենք անում Երևան-Գորիս-Կարմրաքար-Գորիս-Երևան երթուղով` անցնելով ոչ պակաս 600 կմ ճանապարհ… Դավիթ Բլեյանը՝ չնայած իմ գործադրած բոլոր միջոցներին, արթնացավ. ավելին՝ մեծավարի թույլ տվեց, որ ես ցնցուղ ընդունեմ, օգնեց պատրաստվելուն: Արմինեի սուրճը ծեսի նման է. «Ես քեզ շոկոլադ եմ հյուրասիրում». ասում է Դավիթը ու սառնարանում պահվող շոկոլադների իր տուփից բացում… «Մի քիչ Սասունցի Դավիթ կարդանք հիմա…». դե, առանց այս պատումի ես խոցելի կլինեմ, ու ճանապարհը մեր` «անբարաքյաթ»: Մեծ շնչով ու ընդգծված հանդիսավորությամբ կարդում եմ…

Դավիթն ամեն ինչ գիտի իմ օրվա մասին, ու ինձ համար կարևոր է՝ ինչ է կատարվելու, հիմա՝ երբ ես մոտենամ դռանը… «Ես մեծ եմ… ես լաց չեմ լինում. ես իմ հայրիկին Գորիս եմ ճանապարհում…»: Այսպիսի հասունացում, այսպիսի թիկունքով դժվար չէ բարդ թվացող օրվա առաջադրանքը լուծելը:

Շաբաթներ առաջ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իմ հրապարակային արված հարցադրմանը՝ Հայաստանում ունենալ ռազմամարզական պատանեկան ճամբար, օպերատիվ արձագանքեց. «Գնացե՛ք, տեսե՛ք, առաջարկե՛ք»: Արցախում հաջողությամբ գործում է «Ասպետ» ռազմամարզական ճամբարը: Ասկերանի Բալուջա գետի ափին, անտառում, հետախուզական վաշտի հարևանությամբ գործող պատանեկան ճամբարին չորրորդ տարին մասնակցում ենք նաև սեբաստացիներս` կրթահամալիրի ավագ դպրոցների 10-12-րդ դասարանցի տղաներով: Հայաստանյան ճամբարը, մեր պատկերացմամբ, կընդունի նաև աղջիկներին, բաց կլինի, իհարկե, արցախցի պատանիների համար, կունենա նաև ընդգծված ուսումնավարժական բաղկացուցիչ՝ իր հայրենագիտական-բնապահպանական նախագծերով: Գլխավորը, որ պատանին իրական շփում ունենա այսօրվա բանակի մասնագիտորեն պատրաստված ու կիրթ սպայակազմի հետ, նրան որպես ուսուցանող ընկալի, բանակը` որպես նաև ուսումնական միջավայր, զինծառայությունը՝ կրթությունը լրացնելու հնարավորություն նաև: 

Գորիսի բանակային կորպուսում մեզ սպասում են. գնդապետ Հարությունյանը,  նաև բանակային առաջին կորպուսի հրամանատար գնդապետ Փարվանյանը,  կարևորում են «Նոր ասպետի» ծունդը՝ վստահորեն ուզում են, որ արագ ընթացք ունենա: Մենք կստանանք կորպուսի աջակցությունը, իսկ Կարմրաքարի շինությունը նախարարի հրամանով շատ արագ գործուն տեսքի կբերեն, կկահավորեն: Մարտական պատրաստության վիճակ է ամենուր, մեր հանդիպում-քննարկումներն էլ սրան համաչափ են, գործուն, կոնկրետ:

Գորիսից Կապանի ճանապարհը բռնեցինք. Կարմրաքարը, գիտեք, Գորիսից 46 կմ է հեռու, Կապանի ճանապարհին, 20 կմ այս կողմ: Սա նախկին  հայտնի արհմիութենական «Կարմրաքար» հանգստյան տունն է, որի առանձնացված շենքերից մեկը՝ նորոգված դատարկ, կարծես իր բարձունքից զանգում է՝ հե՜յ-հե՜յ ասպետներ, որտե՞ղ եք, ծուլություն-անգիտություն թոթափեք, դուրս եկեք մեյդան՝ կոփվելու, ասպետի կյանքով ապրելու: Կորպուսի առանձին հետախուզական գումարտակի հրամանատար փոխգնդապետ Վահագն Հակոբյանը մեզ ընդունեց, կորպուսի հրամանատարի դրված առաջադրանքը՝ ամբողջ շենքին, տարածքին, տեղանքին, խնդիրներին ծանոթանալ, իր օգնականների հետ կատարեցինք օպերատիվ ու մանրակրկիտ: Վահրամ Թոքմաջյանը, ով Արցախի «Ասպետ» գիտակների ակումբի ու մրցաշարերի հայրենագիտական-ազգագրական գործունեության ուրույն փորձ ունի, միշտ էլ հետաքրքրված է եղել մեր այս առաջարկի շուտափույթ իրականացմամբ, և հիմա իր գոհունակությունն ու պատրաստակամությունը չի թաքցնում… Դե, Ռուդիկ Սահակյանցի տնտեսական գործունեության տարիների էջերը մի քանի մարդու կենսագրության կբավարարեն… Վահագն Հակոբյանի հետ զրույցը նրա զինվորական առանձնատան բակում, հենց «Ասպետ»-ի հարևանությամբ (Վահագնը ասաց. «Տեսե՜ք՝ անունը շենքին արդեն կպավ») հուզական երանգով մտավ իմ (մեր) անմոռաց տպավորությունների դարանը…

Վահագնի ժպտերես-կենսախինդ մայրիկը հյուրասիրում է ու պատմում, որ Վահագնն ավարտել է «Մոնթե Մելքոնյան» ուսումնարանը այն շրջանում, երբ ես լուսավորության նախարար էի: Ուսումնարանը, որի հիմքում մենք ենք՝ կրթահամալիրի հիմնադիր թիվ 183 դպրոցի փոխտնօրեն, հետո նաև լուսավորության փոխնախարար (1991-92թթ.) Աշոտ Դաբաղյանը (ականջդ կանչում է չէ՞, եղբայր…), առաջին տնօրենը` մեր ուսուցիչ-ռազմատեխնիկական ակումբների ղեկավար Ալիկ Մինասյանը, փակման որոշման  առաջ է կանգնած եղել, և ահա, ծնողների մի խումբ, Վահագնի մայրիկի առաջնորդությամբ մտել են լուսավորության նորանշանակ նախարարի սենյակ՝ պաշտպանություն գտնելու: Գտել են: Կա հայտնի, հիմա արդեն ՀՀ պաշտպանության նախարարության «Մոնթե Մելքոնյան»  ռազմամարզական վարժարանը, նրա շրջանավարտ Վահագնը, որ հասցրել է փայլուն ավարտել Մոսկվայի ռազմական ակադեմիան, տպավորիչ արժանի սպայի ճանապարհով հետախուզական գումարտակ է ղեկավարում, ու միասին ահա քննարկում ենք նոր ուսումնական նախագծի իրագործումը… Վահագնի, նրան շրջապատող պայմանագրային զինծառայողների դերակատարումը մեր այս նախաձեռնության մեջ որոշակի է:  

Քիչ առաջ, մինչ գումարտակի հրամանատար Վահագն Հակոբյանը մի խմբով նախազգուշական գործողություն էր ղեկավարում, մեզ տեղանքից մեկ ժամով փախցրին մեր սեբաստացի շրջանավարտ Մամիկոն Եղիազարյանն ու իր հայրիկը` Դավիթ Բեկ գյուղի աշխատավոր Էռնեստը… Ինչպե՞ս էին իմացել… հալալ է մեզ մեր աշխատանքը… Դավիթ Բեկում ենք, ահա և մյուս սեբաստացին, երկրորդ դասարանցի հմայիչ Էլենը իրենց խորոտիկ մայրիկ-հարսիկը, տան մեծ մամը… Էռնեստի հետ զրույցին ես առաջիկայում կանդրադառնամ, իմաստուն-գործուն մարդ է, բայց ահա բաժակով ասվածը փոխանցում եմ սիրով՝ ուղղված Մամիկոնի սեբաստացի ուսուցիչներին. «Դուք մեզ անծանոթ միջավայրում հարազատի պես մոտեցաք, արդար-մարդավարի վարվեցիք մեզ հետ, մենք ձեզանից շնորհ ու կրթություն ստացանք… Հիմա բաց եմ թողնում, բայց պիտի գաք, մենք խոսելու շա՜տ բան ունենք…»:  Եթե ունենք, եղբայր իմ Էռնեստ, շարունակելու գործ, իսկ մեր այս սպասված հանդիպումը չէր կայանա այսպես, ուրեմն կհանդիպենք, որ գործը շարունակություն ունենա: Գոհունակություն ստացա. մայրս կասեր. «Շամխալ, փառավորվեցի», հուզվելու աստիճան: Ճանապարհ ենք ընկնում. երկա՜ր է: Մեր ավագ ընկեր Սահակյանցը իրեն զարդարող տոկունություն է ցուցաբերում ու դառնում մեր օրվա հերոսը…

Դավիթը չի քնել… Ճանապարհին ճշտել եմ՝ Դավիթը խնձոր-դեղձ է ուզում, իսկ Մայր դպրոցի 1,7 հա հողատարածքը ճպճպում է ջրի մեջ. ոռոգման նոր ցանցը լիարժեք գործում է: Կեցցե՛ք,  սեբաստացի ընկեր-աշխատավորներ… Դավիթ Բլեյանի տրամադրությունը հազար է… ահա պատառիկներ ժամը 22:00-ին լողացող Դավթի զրույցից. «Տիար, Ծաղկունք ե՞նք գնալու… պուպուլը խաղալու համար չի, չիշիկ անելու համար է, մայրիկն է ասում… Պապա չեն ասում, հայրիկ են ասում… Հայրի՜կ, արի միասին լուսնին նայենք… Հայրի՜կ, ես մայրիկի լուսնյակն եմ… Տիար, բաղնիքդ անո՜ւշ… դու էլ ինձ ասա…»: Դավիթ եղբայր, բաղնիքդ անո՜ւշ: «Բարի գիշեր, եղբա՜յր, շնորհակալություն»… 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ամեն հնչող շարական աղոթք է, ու ճամփորդությունը՝ ուխտ…

Ճանապարհը մեկօրյա, որ իմ նախաձեռնությամբ, տիար Գևորգի նախագծով անցանք շաբաթ օրով, կարող է լինել հանրակրթական պարտադիր ճամփորդությամբ ուսուցում՝ Երևանից, Սուրբ Երրորդության եկեղեցուց, Էջմիածին-Արմավիրով, Դաշտադեմի ամրոցով (Քաղենիի ամրոց), Թաթուլ գյուղ չհասած, Արտենի սարի վերելքով… Արտենի, քանի

Չթողնես երբեք․․․

Ինչպե՞ս գտնել Ճիշտ կոշիկ Դժվար ճանապարհի համար, Որ գոնե ոտքերդ ամուր գետնին լինեն, Երբ գլուխդ երկնքում է… Լիլիթ Բլեյանն օրը սկսեց ինձ հետ իր այս գրառմամբ, որ լրիվ պատահաբար գտա

Ուր մեզ սպասում են, դեռ չեն մոռացել․․․

Ուրբաթն այդպիսին՝ հագեցած, լեցուն է լինում, ինչպես երեկվանը՝ իր օրացույցով որոշված Քոլեջի տոնախմբությամբ-համերգով Մարմարյա սրահում, իր նիստով կրթահամալիրի խորհրդի, որ այդքա՜ն երկար պատրաստվում էր, իր ներխուժումով․․․ Միլենայի մոնոներկայացմամբ, Գեղարվեստի տանիքում․․․