Այո, ես Մուրմանսկի մարզի Կովդոր քաղաքում եղել եմ 1974-ի ամռանը։ Ինձ ընտրեցին.  ինքնառաջադրվեցի, թե նշանակեցին՝ չեմ հիշում։ Կազմակերպել-ղեկավարել եմ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի «Տարոն» ուսանողական շինարարական 40 հոգիանոց ջոկատի գործունեությունը։ Այդ տարին մենք խոշոր հարստացուցիչ ֆաբրիկա էինք կառուցում. մոռանալ չեմ կարող այն բարձր ու հաստ երկաթբետոնյա հենապատերը, որ գիշեր-ցերեկ (Կովդոր քաղաքում ո՞ւր էին անհետացել գիշերները, մարդիկ. դրանք էլ հո իմ քանդածը չէի՞ն) կառուցում էինք, ինչպիսի մեծ-թարմ շինարարական մեխանիզմ-մեքենաների հետ էինք  գործ ունենում, այդ թվում՝ հսկա բետոնախառնիչների… Կառուցվող ֆաբրիկան համամիութենական նշանակության էր հայտարարված. ո՜նց էլ մեզ էին վստահել այդպիսի որակ պահանջող գործը։ Մեզանից ոչ միայն գոհ մնացին, «Տարոն» ջոկատը ճանաչվեց լավագույններից մեկը միութենական շինջոկատների կազմում… Մեզ հետ էին համալսարանի այլ ուսանողական ջոկատներ, այդ թվում՝ տնտեսագիտական, մեխանիկա-մաթեմատիկական, … ֆակուլտետների։ Այնպես որ ճիշտ է հարգելի Ռազմիկ Էվոյանը, ում ողջունում եմ կրկին։

Իմ օրագրում կանդրադառնամ, իհարկե, շինջոկատներին. իմ կյանքն է, ո՛չ ուզում եմ, ո՛չ էլ կարող եմ փախչել, եղել է։ Մինչ Կովդորը ես արդեն հասցրել էի համալսարանի շինարարական ջոկատի կազմում 1973թ. ամռանն աշխատել Ղազախստանի Կոկչետավի մարզի Կոմսոմոլսկ գյուղում. մարտիկ էի ու լավ մարտիկ, որ որոշել էր գեներալ դառնալ։ 1975թ. ես նորից «Տարոն» ջոկատի ղեկավարն էի ու իմ ընկերների հետ ամռանը անասնապահական ֆերմաներ (կովանոց-ոչխարանաոց) էինք կառուցում Մարի Էլ հանրապետությունում (Յոշկար Օլա մայրաքաղաքով)՝ Մարիտուրեկի շրջանում։ Հետո ինձ վստահեցին համալսարանի շինարարական բոլոր ջոկատների նախապատրաստման գործը. ես Հայաստանում հայտնի և կարևոր շտաբի պետ էի։ Այդպիսի շտաբներ կային բոլոր բուհերում, այդ թվում՝ Երևանի պետական բժշկական ինստիտուտում, պոլիտեխնիկում։ Մենք մրցում էինք, համագործակցում էինք, հաստատում մարդկային կապեր։ Այդտեղից են նաև իմ-մեր մարդկային կապերը այժմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանի, «Սուրբ Ներսես» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի հետ։ Ես այսպիսով պատասխանեցի իմ բլոգի, օրագրի հարգելի ընթերցողի զանգին, կատարում եմ անպատասխան հարց, անարձագանք զանգ կամ «քոմենթ» բացառելու իմ խոստումը։ Մինչ այժմ, ստուգեցինք Սուսան Մարկոսյանի և Արմինե Թոփչյանի հետ, որ և՛ բլոգով, և՛ ֆեյսբուքով, և՛ իմ էլհասցեով անարձագանք է մնացել իմ պայծառ-պայծառ Մարիամ Մանսուրյանի այս հրապարակումը։ Պաչիկներ Մարիամին, հետևեք նրա ու իր եղբոր՝ Աշոտ Մանսուրյանի բազմազբաղ գործունեությանը իրենց բլոգներում, եթե հնարավոր է այս Սեբաստացիների ետևից հասնել։ Իսկ Մարիամին ցանկանում ենք բարի-հաղթական վերադարձ Իզմիրի միջազգային տիեզերական ճամբարից։ Այս գիշեր կրթահամալիրի «Տիեզերք» ակումբի խումբը շարժվում է… Ի՜նչ հնարավորություններ է բացում մեդիա-ինտերնետը մեր, մեր պատանիների առաջ… Միայն պետք է դրսևորել մեր տաղանդը, տո խելքի՛ պուտուկներ… 1976-ի ամռանը ես իմ վաղամեռիկ պայծառ գործընկերոջ՝ Սամվել Նալբանդյանի (Սյոմա) հետ ղեկավարում էի միացյալ շինարարական ջոկատները, որոնք ցրված էին ռուսական ոչ սևահողային գոտում՝ Մարի Էլից մինչև Կազան, 30-35 ջոկատ, շուրջ 1000 ուսանող-մարտիկ։ Պատկերացնո՞ւմ եք. ես արդեն 21 տարեկան էի ու հայտնի շինարար-կազմակերպիչ։ 1977-ին ես իմ պայծառ ուսանողական ընկեր, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Երևանի առաջին քաղաքապետ վաղամեռիկ Համբարձում Գալստյանի հետ նախապատրաստում էի համալսարանի շինարարական աշխատանքները՝ Մագադանից մինչև Չուկոտկա, մինչև Դուկատի արծաթի հանքեր… Հետևեք իմ բլոգապատումին. դեռ ինչե՜ր չեմ պատմել։

Դավիթ Բլեյանն սկսել է խնամել իր միակ տատիկին, որ Դավթի, հենց Դավթի հոգատարության կարիքն է ամենաշատը զգում: Տատիկն անկողնային է, ու նրան պետք է անկողնուց հանել: Տատիկի նվիրյալ աղջիկներին` Դավթի մորաքույր Ռուզանին և մայրիկ Արմինեին, տատիկի խնամակալ դարձած զալոյին չի հաջողվել դա անել: Ես ասացի, որ դա Սասունցի  Դավթի հնարավորություն է ենթադրում, որ Դավիթն իր ռազմական մեծագործություններից առաջ, թող փորձի հրաշագործությունը… Դավիթը բռնել է տատիկի ձեռքը, նայել աչքերին, պահանջել. «Տատի՛կ, վեր կաց ու քայլիր իմ հետևից, մեր բնակարանով»… Տատիկը հալվել է, արտասվել… Այդ գիշեր նրան այցելել է իր հանգուցյալ ամուսինը, ում անժամանակ հեռացումը անօգնական է դարձրել սիրելի, սիրված-խնամված կնոջը, և նախատել. «Ո՞նց կարող ես քո այդքան  սպասված թոռնիկի ետևից չգնալ»…

Արդեն երկրորդ օրն է, ինչ տատիկ Շողիկը մինչև այս մոռացված առույգություն- ինքնուրույնություն է ցուցաբերում… Երեկ երեկոյան, երբ մենք ճանապարհեցինք Նազենի Հովհաննիսյան կրտսերին և Սուսան Հովհաննիսյան քույրիկին, ես, Դավիթը, Արմինեն լսեցինք Դավթի պատմությունն ու նրա այսօրվա անելիքները: Թողնո՞ւմ է տատիկին, առավոտյան դուրս է գալիս ման գալո՞ւ (Իջևանից, Կուրթանից, Բժնիից է հրավեր ստացել), գնո՞ւմ է պարտեզ՝ իր կուկուների մոտ… Դավիթն ասաց հատիկ-հատիկ. «Ես մնում եմ տատիկի մոտ: Տատիկին կասեմ՝ թող ինձ հետ խաղա»: «Պապա, կարող է տատիկը գնդակ խաղա, թող ինքը այսպես մի ոտքի վրա ման գա»,- ու մի ոտքի վրա, փոխեփոխ, Դավիթը սկսում է թռվռալ: Գործի՛ր, Դավիթ հրաշագործ։ «Ես մեծ եմ ու ուժեղ, ես կարող կարող եմ…». Արմեն Մարտիրոսյան եղբայրը քեզ մենակ չի թողնի։ Եղբայրը լինում է Արմենի նման. տեսեք՝ միասին ինչպես են զվարճացրել Շողիկ տատիկին, որ ամիսներ շարունակ փակված էր սենյակում։

Ինչի՞ց առաջ եկավ վերին գիրը։ Չե՞մ շատախոսում արդյոք ես: Գուցե պետքը կա կարճելո՞ւ իմ խոսքը ծավալով։ Ու ես նայեցի հաշվիչին… Ինչ լավ բան է հաշվիչը, ահա իմ բլոգի հաշվիչի 2014թ. օգոստոսի 1-6-ի ցուցանիշները՝ 01.08 -374, 04.08-495, 05.08-714, 06.08-1188… Շնորհավորենք միմյանց առաջին 1000-ի սահմանը տպավորիչ հաղթահարելու համար: Ո՜վ չի ժպտա այսպիսի աճին… Ես իրականում շատ չեմ խոսում, այլ… շաղակրատում եմ… Ընթերցողներին սա դուր է գալիս: Ահա և շատախոսությունը և շաղակրատությունը իրարից զատելու գործիք՝ էլ. հաշվիչը. լավ գործիք է: Եվ հիշեցում. հիմա դուք կարդում եք իմ օրագրի 49-րդ գիրը: Ինչո՞վ, ինչպե՞ս նշանավորենք 50-րդը. ահա… օրվա հարցը, որ, շատ հնարավոր է, հնչում է որպես հռետորական։ Իսկ կարդալ (վերընթերցել) արժե իմ «Ժամանակակից ու հանրամատչելի մանկավարժություն» նույն վերնագրով`«Հաշիվ պահիր քո խոսքերին» հոդվածը… Նունե Մովսիսյանի՝ Դանթեի փնտրտուքը, հոդվածի հետ կապված, կկարդա՞նք հենց 50-րդ համարում:

Օրվա գիրը ավարտեմ Լուսինե Մանուկյանի խոստովանությամբ. «Չգիտեմ էլ՝ ինչ գրեմ, որտեղից սկսեմ, ոնց սկսեմ… Բառերի ու մտքերի շփոթ է… Հիմա հրեշտակների հետ եմ շփվում, իմ սիրելի տիար Բլեյան, երկնքի ու երկրի մեջտեղում եմ: Հրաշալի աղջիկներս ու ամուսինս՝ ինձ սատար, հոգատարությամբ շրջապատած, սպասում են… Իսկ երրորդ ,,ստեղծագործությունը,,, ինչպես որ Դուք եք ճշմարտացիորեն յուրաքանչյուր ծնունդի մասին ասում, պատրաստվում է, օր օրի մեծանում, գիտի՝ ովքեր են իրեն սպասում, գիտի, թե ուր է գալու… Իսկ կրթահամալիրիս մասին էլ չեմ ասում, էլ չեմ ասում, այնքան շատ է տվածը, այնքան շատ… Սիրում եմ բոլորիդ, և հրեշտակային բարևներ ու համբույրներ հղում, ջերմ-ջերմ-ամենաջերմ…»։ 

Թող մարդկայնանա մեդիան մինչև վերջ, ազդի այս անհաղորդ ֆիզիկական աշխարհի վրա։

2 thoughts on “Հաշիվ պահիր քո խոսքերին…”

Թողնել պատասխան Նունե-ի համար Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մի՛ խնայեք մեզ, ձեր գործերով առաջ եկեք

Օրը՝ առողջապահական առավոտով, արդեն ավանդական բուժական պրոցեդուրաներով, բուժական կարգով, սիրելի շարունակություն ստացավ տնից վաղ ստացված փաթեթով։ Մեջ եմ բերում Արմինեին․ «Աստղիկը քեզ համար ծաղիկ է նկարել։ Ասում է․ կտանեք հայրիկիս,

Խիզախ անցում Արցախի «Ասպետ»-ով, Վրաստանի Սվանեթիով, Անակլիայով՝ սեբաստացի «Ժայռ» ու Գեղարվեստ…

Անուշիկ Նիկողոսյանն իմ ձեռքից ո՜նց պրծնի. ամառն անցնում է  ուսումնական, հուլիսը կիսվեց… Լավ է, որ տպավորված Վրաստանի Սվանեթիի ճամբարից՝ ուշքով-մտքով Անակլիայի ճամբարում է: Պիտի պատրաստվել, միջազգային է, ու 25 հոգիանոց

Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում…

Թող քո խոսքը լինի՝ այո—ն՝ այո, և ոչ—ը՝ ոչ: Սրանից ավելին չարիցն է: Երեկ շաբաթ էր, այսօր՝ կիրակի… – Ինչպես բոլոր-բոլորի տներո՞ւմ, հայրիկ… Այո, Դավիթ Բլեյան: Մենք՝ հայր-որդի Բլեյաններ, շուտ ենք