Երաշտ է Հայաստանով մեկ. անձրև, անձրև, ցա՛ծ արի… Արևն ի՞նչ անի. երկարատև չորությունը խանձում-պառկացնում է դաշտերում, արտերում, հանդերում՝ ամենուր և ամեն ինչ՝ ծիլ, ծաղիկ ու խոտ, այնպես, որ երկրագործը հուսահատ է, ինչպես Մարմարիկի հովտում Մեղրաձորի անասնապահն ու մեղվապահը… Մենք՝ մեկը ես, Կարինե Պետրոսյանը, Դավիթ Բլեյանն ու իր եղբայր Արմենը, մեր նոր աշխատող Հրաչյա Առաքելյանը, էս կողմերում ենք, Մեղրաձորի Այդին կոչվող ձորակում-տարածքում՝ Հայաստանի արշավականների մանկապատանեկան մրցումներին մասնակցելու… Գիտեք, սեբաստացի արշավականները Գնել Հարությունյանի ու Ալինա Թումասյանի հետ արդեն 3-րդ օրն է դաշտային ճամբար են խփել՝ մրցումներին մասնակցելու համար… Ես միշտ սիրել-կարևորել եմ արշավախմբային-հայրենագիտական գործունեությունը տարատարիք սովորողների և ուսուցիչների։ Պատահական չէ իմ նկատմամբ հարազատական վերաբերմունքը. Հայաստանի տարբեր մարզերից ժամանած թիմերի, կրթության և գիտության նախարարության մանկապատանեկան հանրապետական կենտրոնի երկարամյա ղեկավարներն ինձ հանդիպել են նաև 20 տարի առաջ, եռակի-քառակի մարդաշատ հավաքներում, որոնց կազմակերպմանը ես մասնակել եմ, աջակցել, իբրև կրթության նախարար… Եվ ես սիրով ողջունում եմ հավաքը կրկին… Սքանչելի վայր է ընտրված՝ իր գետակով մաքուր, անտառապատ-տարածվող կտրատվող հարթակներով… Դաշտային կյանքի հարմարավետ միջավայրում պատշաճ տեղավորվել են ու մինչև հուլիսի 31-ը կապրեն-կմրցեն հավաքի 150-ի չափ մասնակիցներ: Մենք գոհ մնացինք սեբաստացիների բանակումից, տրամադրությունից…

[youtube https://www.youtube.com/watch?v=D-YfOdD_SjU?rel=0&showinfo=0]

Որոշված է՝ հուլիսի 31-ին այստեղ, երբ այս հավաքը կավարտվի, կմեկնարկի սեբաստացիների ավանդական դարձող ամենամյա դաշտային, ուսումնահայրենագիտական, արշավախմբային «Մեղրաձոր» ճամբարը: Անցած տարի մեր «Հնեվանք» ճամբարը Ստեփանավանի Կուրթանում էր՝ պաշտպանության նախարարության տեխնիկական աջակցությամբ. հիմա մեր հայրենագիտական-ուսումնական կենտրոնն ունակ է ինքնուրույն բնակելի ավան կազմակերպելու… Սկսվեց… Ահա ինչու ետդարձի ճանապարհին մենք մտնում ենք գյուղ՝ դպրոցի տնօրենի ու գյուղապետի հետ քննարկում ճամբարի գործունեությունը, ստանում լիակատար աջակցություն, հետո շարժվում գյուղի ուժերով վերանորոգված Սբ. Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել և օծվել է Գևորգ Դ ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ՝ 1881թ-ին…

Ես երբեք ուշադրության պակասից, մարդկանց հյուրընկալությունից չեմ բողոքել. ինձ ճանաչում են, մոտենում մեծ խմբով, ու գյուղի հիմնադիր Տեր-Ղազարենց ժառանգի՝ Աշոտ ու Կարեն հայր-որդիների ընտանիքում, տան բակում կայանում է գլխավորը՝ մարդկային տպավորիչ հաղորդակցություն, Հայաստանը մեծանում է, արժևորվում… Ի՜նչ սեղան է՝ մեղրաձորյան մածունով, մեղրով… Մենք Մեղրաձոր կգանք որպես մարզական ճամբար. կգանք մեր ձիավարության, նետաձգության, սուսերամարտի մարզիչներով, հեծանիվներով… Իրական մարզական ճամբար՝ լողալու և մարզվելու բոլոր հնարավորություններով: Կբերենք մեր աստղացուցարանը, Վահեն ու Արարատը, Աստղիկը ցերեկային-գիշերային դիտումներ կկազմակերպեն գյուղի սովորողների ու ճամբարականների համար… Կգանք գյուղի սովորողների հետ նկարելու… Կգանք կրթահամալիրի դպրոցներում ձևավորվող ջոկատներով. մեր ճամբարն այս տարվա կլինի և ընտանեկան՝ մատչելի բոլոր տարիքի սեբաստացիների, բոլոր ակումբների ու խմբերի համար, բաց նաև ոչ սեբաստացիների համար… Մարմարիկի ձորի մյուս ճամբարներում մենք հանդես կգանք ելույթներով-համերգներով… Երաժշտական լաբորատորիա, լսո՞ւմ եք, պատրաստվեք արշավախմբային, արկածային հյուրախաղերի… Տիեզերք-mskh՝ Լուսինե, Աստղիկ, Էլիզա, Սուրեն… լսո՞ւմ եք, գիտե՞ք՝ քանի ճամբար ու ճամբարական կա Մարմարիկի հովտում, ինչքա՜ն ծափեր…

Այց Մեղրաձորի վրանային ճամբար:
Լուսանկարները՝ Կարինե Պետրոսյանի:

Թբիլիսիի «Ծխնեթի», Սև ծովի «Շեքվեթելի», Տավուշի «Զիկատար» ու Կողբի, Իզմիրի միջազգային ճամբարների լավագույն փորձի ու հնարավորությունների առավելագույնի գործածմամբ «Մեղրաձոր»-ը կդառնա մեր ճամբարների ճամբարը…Հիմնական դպրոցի ղեկավար Հռիփսիմե Առաքելյանը, տեսեք, որքա՜ն առաջարկներ է բերել սևծովյան միջազգային  ճամբարից…

Իզմիրի տիեզերական ճամբար 2015։
Լուսանկարները՝ Լուսինե Բուշի։

Կրթական փոխանակումների ինքնուրույն կենտրոնի ղեկավարին մենք կընտրենք բաց մրցույթով, իրական մրցակցության պայմաններով… որպեսզի սովորողների ուսուցումն իրական ու նոր բովանդակություն ձեռք բերի, որպեrզի սովորողը նորանոր խթաններ ստանա ճանաչելու, իմանալու՝ սովորելու, հեղինակային կրթական ծրագրերը տարածելու համար… Ի՞նչ են ստանում մեր չարչարանքի-ներդրումների, մեր գործընկերության արդյունքում իրական-կոնկրետ սովորողը և ուսուցիչը… ծնողը: Ահա թիրախը, կիզակետը մեր բոլոր ջանքերի:

Կողբի վրանային ճամբար:
Լուսանկարները՝ Անահիտ Գևորգյանի:

Սրան է ուղղված վաղվա կլոր սեղանը՝ հիմա, երբ թարմ են տպավորությունները, երբ սևծովյան արևագույնը չի փոխել բանգլադեշյան ամենակարողը, երբ համատեղ հայտարարության թանաքը դեռ չի չորացել… Պատահական չէ և Մարթա Ասատրյանի հրավիրած հուլիսի 30-ի կլոր սեղանը, որտեղ պատանի պառլամենտականները հենց այս մասին կխոսեն… Այս ընթացքն է, որ մեզ կբաժանի ու կնորացնի՝ սովորող թե ուսուցչով, կրթական գործի կազմակերպում կփոխի…  Իսկ մեր Սոֆյան Այվազյան, տեսեք՝ ո՜ւր հասավ… Սոֆի, իմ ու ողջ կրթահամալիրի, հարյուրավոր սաների, Գեղարվեստի սքանչելի Սոֆի…

Բարև ձեզ, սիրելի տիար, Արմինե և Դավիթիկ: Վերջապես բալիկներիս և իմ Դավթի կողքին եմ:
Տիար Բլեյան, երեկ որդուս հետ երկար զրուցում էինք Ձեր և կրթահամալիրի մասին: Հաճույքով էի լսում նրա հիացական և ժլատ խոսքերը Ձեր մասին: Նա խոսում էր շնորհակալությամբ, որ իր մոր կողքին մշտապես եղել է Աշոտ Բլեյան գործատուն: Ե՛վ Վահանը, և՛ Յուլյան, և՛ Վահրամը համակրանքով ու սիրով ողջունում են Ձեզ և Ձեր ընտանիքին: Իսկ ես պաչիկներ եմ հղում: Աստված Ձեզ պահապան, սիրելի տիար:  

Մեր միջև ի՞նչ սահմաններ, ի՞նչ բաժանում… Միշտ ոտքի վրա եղիր, միշտ գործուն, միշտ ամենահաս ու խանդավառ Սոֆի… ում, կարծեմ, Չարենց այս ութնյակն է նվիրել.

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Գեղարվեստի ճամբարականները Նոր դպրոցում:
Լուսանկարները՝ Գայանե Սարգսյանի:

Ֆոտոխմբագիր՝ Նաիրա Նիկողոսյան
#403

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սիրասուն կանայք հայոց աշխարհի…

Շաբաթ` մարտի 5-ին, Մայր դպրոցում Մարի Գաբանյանը աշխատանքային եռուզեռի մեջ էր: Սպասվող բնակարանամուտի պատրաստությամբ էին զբաղված գրադարանի մի խումբ աղջիկներ` Ավագ դպրոցի սովորողներ, անբաժանելի Նոնան, ամենավարպետ Պետոն, Վահրամը Մարտիրոսյան… Մարին

Հանուն Հայաստանի ինքնիշխանության և Արցախի ինքնորոշման

Այսպիսի վիճակում արտահերթ, թե հերթական՝ սովորական-իներցիոն ընթացքով ընտրությունները Հայաստանում ինքնիշխանության յուրահատուկ հանրաքվե-հաստատում չեն դառնա, չեն նպաստի Արցախի ինքնավարությանը, ապահովությանը, ամբողջականության վերականգնմանը ԼՂԻՄ-ի տարածքով։ Հայաստանցի ընտրողին օգնել է պետք, ընտրական համակարգի

Ելից-վերելք․․․ Մի անգամ․․․ Ուրախ պատմություն․․․ Մանկության մեղեդի․․․ Լուսնի վալս․․․

Ու «Ծեր երգեհոնահարը», որ Արմինեի ռոդարիական սխալի հնարքով քիչ էր մնում «ձեր» դառնար… Ու նորից անհրաժեշտ եղավ հեծանիվ հայտնաբերել, երբ կարգով մեր սիրելի Գաբանյան Մարիին հողին հանձնեցինք Երևանի Շահումյան 2