Դավիթ Բլեյանի նման  ես էլ օրվա մեջ սկսել  եմ «ինչո՞ւ չի կարելի, որ անեմ, ի՞նչ կլինի, ասա տեսնեմ» հարցը գործածել…

Մեր նախաձեռնությամբ կրթահամալիրում սկսված հանրապետության հասարակագետ ուսուցիչների հավաք-ամառային դպրոցին մասնակցեցի բարեխիղճ. որպես տանտեր դիմավորեցի, քայլեցի Մայր դպրոցով, ներկայացրի մեր թափանցիկ կրթական միջավայրը… Էջմիածնի հասարակագետի ոգևորված ճիչը՝ «Պիտի այս էքսկուրսը կատարեք բոլոր դպրոցների տնօրենների հետ», միայն ինձ չէ, որ ուղղված է, ահա ինչու օրվա իմ գրով փոխանցում եմ: Ես ոչ միայն պատրաստ եմ, այլև որպես տանտեր այդպես ես պատվում եմ յուրաքանչյուր պատվիրակության, խմբի, անհատի, գիտեմ դրա օգտակարությունը. իմ խոսքի, մեր փորձի կոնկրետ-ակտիվ փոխանցման ձև է: Ավելի շքեղ-հարուստ միջավայրեր են ստեղծվում Հայաստանում հիմա: Բայց մերը պատմություն ունի 25 տարվա, ստեղծվել է մեր մանկավարժության զարգացմանը զուգահեռ, մեր նախագծերով ու ակտիվ-գործուն մասնակցությամբ, մեր աշխատած նյութական միջոցներով… Մեր թափանցիկ ֆիզիկական միջավայրն ստեղծվել է մեր հեղինակած բաց կրթական համակարգի, նաև մեդիայի շնորհիվ, ձեռք ձեռքի, իրար օգնելով, իրար հետ պայմանավորվելով, Բանգլադեշում, ամեն, ամեն օր՝ առանց մեծ գումարների ներխուժման… Հիմա էլ մեր կրթական միջավայրն անընդհատ փոփոխությունների մեջ է, մշտական փոխազդեցությունների, շարունակականության մեջ… Օգոստոսի 28-ից մեր 2015-2016 ուստարվա մեկնարկին Նոր դպրոցից մինչև Հիմնական դուք կտեսնեք այդ փոփոխությունները՝ ավելի թափանցիկ, հարմար-գրավիչ-ամբողջական դարձնող մեր ամառային լուծումները…

Ես, գիտեք, արևասեր եմ և պաշտամունքային արարողություններ ունեմ արևին ուղղված… Ամենակեսօրին, հուլիս-օգոստոսին, երբ բոլորը փախչում են շողերից, ես գնում նստում եմ արձակ մի տեղ՝ մի քարի վրա.
— Արև-արև եկ, եկ,
Զիզի քարի վրա նստած Բլեյանին
Վեր եկ…

Փրփուրով խաղ. Գեղարվեստի 2-4 տարեկաններ:
Լուսանկարները՝ Լիանա Գարախանյանի:

Ժամով նստում, լիցքավորվում եմ… Երեկ՝ հասարակագիտության ուսուցիչների հավաքի 1-ին օրվա վերջում, ժամը 2-3-ի արանքում, զիզի քար դարձավ իմ հեծանիվը, դաշտ՝ Բաբաջանյան-Իսակովով ձգվող Երևանը… Առանց գլխարկի որևէ, առանց ակնոցի՝ որպես պաշտամունքային արարողություն, արևի հետ հաղորդակցության ձև… Քանի՜ ճլորած-հոգատար մարդ ինձ դիտողություն արեց (սա էլ ողջույնի ազգային ձև է).
— Էս ուղիղ արևին չի կարելի…
Իսկ ես՝ Դավիթ Բլեյանի պես.
— Ինչո՞ւ չի կարելի, որ անում եմ, ի՞նչ է լինում,- շարունակելով իմ ճանապարհը…
Հետո ես որոշեցի մոլորվել Երևանի թաղերով, ծռել սովորականի ուժ ստացած երթուղին ու տրորել անծանոթ ուղիներ… ոտքով չէի անի, մեքենայով՝ առավել ևս, իսկ հեծանվի համար հարմար է…

Իմ օրվա ամեն ինչը՝ իմ կյանքը, իմ օրվա գիր չեմ բերելու, հետևե՛ք իմ օրագրին, այն անընդհատ է՝ մինչև սեպտեմբերի 4-ը 2015-ի, հետո՝ կպայմանավորվենք… ես իմ ընթերցողին հենց այնպես լքողը չեմ…

Նոր դպրոցի ճամբարականներն իրենց լողավազանն են լվանում-մաքրում:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Աննա Մկրտչյանի պատումն իր ամառային դպրոցից հավանեցի. ինձ համար սկզբունքային է, որոշիչ՝ ինչ ստացավ սովորողը այս կամ այն պարապմունքից՝ ֆորմալ, ոչ ֆորմալ, ի ֆորմալ, կրթահամալիրում ու նրանից դուրս, ճամփորդության, ճամբարի, ստուգատեսի, որևէ ուսումնական նախգծի ձևով… Եվ հետո, որպես տնօրեն, կարևորում եմ՝ ո՞վ ապահովեց այդ արդյունքը, ո՞վ ինչո՞ւ չարեց… Քանի՞ հասարակագետ-անգլերենի ուսուցիչ-կազմակերպիչ մասնակեցեցին Ավագ դպրոցի մեր թիմի ձևավորմանը, ինչպե՞ս, թիմի նախապատրաստման շրջանն ինչպե՞ս դարձրին ուսումնական-ստեղծական՝ իրենց ջանքերով. ավելի լավ, որ 2-րդ պլանից, ինչպե՞ս հետևեցին ընթացքին, ինչո՞ւ չկային 5 օր տևող հանրապետության հայտնի ուսումնական հաստատությունների ձևավորած խմբերի միջազգային ծրագիր դարձած հավաքին… Խոսակցությունն այսպիսին է և՛ այս դեպքում, և՛ յուրաքանչյուր, անխնա-արդար-կոնկրետ… Ինչպե՞ս են հակառակ դեպքում գնահատելու ուսումնական այս մեծ պարապմունքի արդյունքները, յուրաքանչյուր սովորողի ու խմբի մասնակցությունը… Ստացած նիշերո՞վ… Համարենք սա արտաքին՝ թվանշանային, բայց կա ներքին գնահատականը, որակականը… թե՞ սրանք խոսքեր են ծրագրային՝ շատ սեբաստացիների կողքով անցնող… Մենք, որպես կրթական համայնք-ծրագիր, մի կյանքով պիտի ապրենք, նույն մտքերով ու ջանքերով…

Նախակրթարանի սաներն ամառային պիցցա են պատրաստում:
Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի:

Արևիկ Տատինցյանը, իմ միջնեկ թոռնուհին, պարգև դարձավ՝ իր օրն անցկացնելով մեզ հետ, մեր տանը, Դավթի ու Արմինեի հետ… դեռ մի կտոր էլ ինձ բաժին հասավ… «Լավագույն պապիկին աշխարհի» տուփով ինձ շոկոլադ է բերել: Իմացավ, որ ես հուզվեցի… Հիացանք Արևիկով, կեցցե՛ս, Տաթև Բլեյան, Արևի-մայրիկ… էլի բեր… Մենք որ մեր մորից նեղանում էինք, հորս բողոքում, ասում էր՝ շան տղա, որ ինքը չլիներ, ձեզ որտեղի՞ց  բերեի… Սիբիրի աքսորի՞ց: Մենք՝ 6-ից չորսս, ծնվել ենք Սիբիրյան աքսորից՝ 1944թ-ից հետո. Գագիկը՝ 1947-ին, Էմման՝ 1950-ին, Ստեփանը՝ 1953-ին, ես՝ 1955-ին:

Այսօր ինձ համար երախտագիտության մշտական օր է. Կարինե Ջանոյանի ծննդյան օրն է… Շուշանն ընդհատեց իր ուսումնական պարապմունքը՝ մեկ օրով վերադարձավ Գյումրիից: Իհարկե: Իմ աղջիկներն արժանի մայր ունեն, իրենք՝ միշտ պարտական,  միշտ խնամակալ…

Առանց մեկնաբանության եմ թողնում. «Միավորված ազգերի կազմակերպության զեկույցի համաձայն, մարդիկ երբեք այսքան լավ, երկար, անվտանգ և բարեկեցիկ չեն ապրել, որքան հիմա: Միևնույն ժամանակ, սոցիալական հետազոտություններ անցկացնող մի շարք միջազգային կազմակերպություններ պարզել են, որ մարդկության պատմության ողջ ընթացքում, մարդիկ դեռ երբեք իրենց այսքան դժբախտ չեն համարել, որքան հիմա»:

Գեղարվեստի ճամբարականները կրթահամալիրի գյուղացիական տնտեսությունում բերք են հավաքում: Լուսանկարները՝ Կարինե Մամիկոնյանի:

#402

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինքներս մեզ համար գործատու-գործաստեղծ

Մեքենայով, երկար ճանապարհ… Ի՛նչ արած, աշխատանք է, ու այնպիսին պիտի դարձնես, որ դառնա Տոն, Տոն-ական… Միքայել Ղազարյանի ու Տաթև Համբարյան խորամանկների (խորը-մանուկներ), իմ ու Գևորգ Հակոբյանի մայիսի 28-ի ճամփորդությունը մտածված

Հիմա Շուշանը կգա՞…

Շուշան Բլեյանը Վիեննայից ինձ, որպես գաղտնիք, հավաստիացրել էր, որ դեկտեմբերի 18-ին կլինի Երևանում, և Նոր տարի ու Սուրբ Ծնունդ միասին կանցկացնենք։ Ու ես քանի՜ անգամ Դավթին բացատրել եմ, որ դեկտեմբերի

Նոր երկրագործություն հանրակրթությունում

Աստղիկ Բլեյանի նռան հատիկներն էլ՝ իր մատիկախաղով հավաքած, թափանցիկ տուփի մեջ հայտնվեցին 304 պալատի մեր սեղանին հենց հիմա, ոնց որ Փարաջանովյան նռան հայտնի բյուրեղներ։