Դավիթ Բլեյանն իր ծծկեր շրջանում բոլբոլ օգտվել է («Պապան բոլբոլ ասաց») «մինչև երեխան չլա, մերը ծիծ տվողը չէ» ավանդույթով իրեն ամրագրված երեխայի պաշտպանության իրավունքից։ Ծծկերության շրջանը Դավթի մոտ ճիշտ ու ճիշտ համընկավ պամպերս կրելու համընդհանուր պարտականության հետ և տևեց երկուսուկես տարի. չստուգե՞նք, տեսնենք այս մասին ՄԱԿ-ի արխիվներում (սրա մեջ ՅՈՒՆԻՍԵՖ-ն է՝ որպես մանկական միջազգային կազմակերպություն), յուրաքանչյուր երեխայի համար արտադրվող-գնվող-վարվող (վարվո՞ղ՝ հարցնում եմ) ամենատարբեր օրագրերում ինչ կա։ Դավիթը սրա էլեկտրոնայինն ունի՝ որպես սեբաստացի, որի վարումը իմ՝ հայրիկ-տնօրենի 12.12.2012թ. հրովարտակով հանձնել եմ մայրիկ-սեբաստացի Արմինե Աբրահամյանին։ Ես վատ գիտեմ՝ այդքան կարևորվող և իմ գործընկերների կողմից բարեխիղճ ջանասիրությամբ օրվա գրում տրամադրվող հղումներն ինչ են տալիս ընթերցողին, ինչպես են փոխում օրվա գրի ընթերցումը… Ախր, Աբովյանի համար ուշքս գնում է, ու նրա լեզուն շատ հաճախ, ինչպես Զանգվի քչքչոցը, իմ ականջումն է՝ «… Ձեզ եմ ասում, ձեզ… հայոց նորահաս երիտասարդք, ձեր անումին մեռնիմ, ձեր արևին ղուրբան….»։ Բերաններդ ջուր եք առել ու լռել, գրե՛ք, խոսե՛ք՝ հասկանանք։

Մեր Նիկոլի զանգն առավոտյան քիչ էր (կարդացել, հուզվել-հավանել էր. «Շատ լավ է, պարոն Բլեյան, ընտանիքով անակնկալի եկանք, զգացվեցինք»), դեռ Աշոտ Փաշինյան որդու միջոցով էլ իջևանյան գոմեշների մածունն էլ տնային առաքում է կատարել… Ափսոս, որ մեր ծուռ Դավիթն ամեն ինչ թափթփել, մրափել է. հինգ ժամ՝ մոր արձանագրած 3.30-ից, մինչև իմ տեսած 8.50-ը, քնած էր, ինչպես այս նկարներում, որ իջևանյան անտառից են.

Գըլուխը դըրավ մի քարի՝ մընաց,
Ու մուշ-մուշ քընեց մինչև լուսաբաց։

Ախր, Աիդա Պետրոսյան ջան, էդ Ատամհատիկի (ֆիզարձակուրդում գտնվող մայրիկի) կամ «Հրաժեշտ փամփերսին-մայրական ծիծիկին» շրջանում ծնողի թե երեխայի բլոգները աշխատողի՝ աշխատանքը շարունակելու հայտ են և իրավունք։ Այ, հիմա մի քանի օր ժամանակ տուր Դավթի մորը, ու քանի տանն են, քանի ժամանակ ունեն, թող Դավթի հետ նստեն ու բլոգը կարգի բերեն, ախր, բրախել են, է՜, ոնց որ իմը օրվա գիր չլինի, այլ ձեր նման կամ Թումանյան Հովհաննեսի… «Ես էլ էի շատ ուզում հանգստանամ ու գրականությամբ պարապեմ, բայց չէր լինում և չի լինում…», «հենց պարապեմ (պարապ մնար, ժամանակ ունենար), Դավթի հարսանիքն եմ անելու». չարեց, չէ՞, իր հետ տարավ, «էն տանիլն էր»։ Հիմա որ մեր երեխան հարցնի, մի օր հարցնելու է, չէ՞, հետո-ն է ուզելու, ինչպես ինքն է իմաստ դնում «Էլի կարդա» պահանջի մեջ. «Պապա, ուզում եմ, էլի կարդա, կարդացի՞ր, պապա»։ Պապան կարդաց։ «Հիմա ուզում եմ…»։

Երեկ իրիկունը բլոգի բարեկարգման մի հաջող փորձի արդյունքը վերջապես արթնացած Դավթի հետ մի քանի անգամ նայեցինք։ Սպասեմ՝ այս ֆիլմը, որ Դավիթն ու ես շատ հավանեցինք, Դավթի բլոգում նայեք, որ անցնեմ առաջ։ Արևիկի կչկչոցը ինձ այս ֆիլմում էլ ոչ միայն հիացնում է, այլ դարձել է հաջողված ձայնային ձևավորում… Խնդրեմ, թող Արևիկն էլ գա, Դավթի եղբայր Արմենն էլ, ում Դավիթը շարունակ կանչում է ու առանձնացնում։ Էս աստծո գառ ու շնորհաշատ Արմենից ո՜նց են Նորագավթի տատուպապը, էլ չեմ ասում՝ ավագ քույրերն ու մայրիկը բողոքում՝ գլուխս չի մտնում… Իբր աշխարհի ամենաչար տղան է. չլինելո՛ւ բան։

Լուսինե Մանուկյան ջան, դու իմ-մեր ժամանակի հերոսն ես, սա՝ հաստատ։ Ես ասացի երեկ կեսօրի իմ տրամադրությունը, երբ Աստղիկ-Աստա Մամիկոնյանին հանդիպեցի իր ընկերներ-ուսուցիչների հետ Մեդիակենտրոնում։ Նայեցի-հիացա Միջին դպրոցի մեր այս տարվա շրջանավարտով-Գեղարվեստի ավագ դպրոցի սանով, դեռ կողքին էլ Լուսինե Գալստյանն է՝ Լուսոն… Իսկական Աստղ ու Լուսին՝ միասին… Մեր ժամանակի հերոս կինը հո պոզով-պոչո՞վ չի լինում. ալամ աշխարհի լավագույն գեղարվեստի դպրոցի ղեկավար, Էվայի, Աստղիկի նման հմայիլներ, Արտակ Զիլֆիմյան հռչակավոր ռեժիսոր-անիմատոր-կասկադյորն էլ՝ ամուսին։ Ահա,  բոլորս սպասում ենք քո երրորդ հրաշագործության մասին պատումին… Թե՞ սկսել ես, այ աղջի, շուտ արա, գրի, է՜, ուշացանք, «տո, միլիոն չէ, է, միլիարդ է, միլիարդ»… Պատմիր մեզ ծննդյան օրվա մասին…

Այ, հիմա սրան էլ ուզում էի գալ`ծննդյան օրվան… որ ամեն օր է, «Ստեղծողի մոբիլ դպրոց», լսո՞ւմ ես ինձ, ծնունդը՝ որպես ստեղծագործություն, ամեն օր է, անընդհատ է, հիմա մենք տարվա մի օրն առանձնացնում ենք ու մի գլուխ՝ տարեդարձ է այսօր (սրա՝ ականջս քաշող տարբերակն էլ կա, որ կներեք, պիտի ասեմ՝ հեփի բրդեյ…)։ Իբր ի՞նչ։ Ծուլության ծիսականացո՞ւմ։ Քանի՜ տարի է՝ ծիսականացնում եք, բերում մի տորթի, էն էլ՝ հերթապահ հաճախ, ոչ անհատական-ծիսական եփվող-թխվող, մոմեր, փչոցի…

Ինձ հաճախ են լսեցնում, վերջին անգամ՝ իմ բանաստեղծ-փիլիսոփա եղբայր, Դավթի սքանչելի հորեղբայր Ստեփանը՝ «Բլեյանի լեզուն (գրիչը, խոսքը) ունենայի…»։ Չէ, ասում եք՝ ճիշտն ասեք՝ լեզուն չէ, մի՛տքը գործող, որ գրով տեսանելի-լսելի-փոխանցելի է դառնում, դառնում հաղորդակցություն, ինչպես ինտերնետով համակարգիչը, երբ ի սկզբանէ է Բանն, ու այդ բանն՝ ճիգ ու ջանք։

Ինչո՞ւ առավոտ կանուխ, այ, ինչպես այսօր՝ ժամը 3.30-ին… Իրիկունը փորձիր… Սատանան կնոջ տեսքով նստեց ականջիս… Սատանի գործ՝ ասելն էլ, անելն էլ։ Մինչ Դավիթը կարթնանար, ժամանակ ունեի, նստեցի, գրեցի… Ես հիմա դժվար եմ նորից կարդում. էս տարիքում, էս կենսափորձով էլ ի՞նչ անմշակ խոսք, որ դեռ պիտի գրվի-արտագրվի… Պաշտոնական կոչվող ամենատարբեր գրություններն էլ, իմ դեպքում, իմ աշխատանքի մեծացող ծավալ են կազմում. նորից ես խոսում եմ որպես փաստագրում… Միով բանիվ, մեկ-երկու էջից հետո տեսա՝ խոսքս լռվեց. չեմ ասում՝ ասելիք չունեմ, պըրծ… Հիմա չգիտեմ՝ ինչ անեմ էդ մի երկու թերթի հետ. «Դատարկ ու փուչ պարկերի պես. Թե դեն նետես՝ քիչ ափսոս է, Թե դեռ պահես՝ խանգարում են»։ Էս տողերը որպես բանաստեղծություն եմ կարդացել 1970-ականներին, երբ լույս տեսավ «Եղիցի լույսը», երբ ողբերգական ընդհատվեց Պարույր Սևակի կյանքը… Շատ էի կարդում 8-9-րդ դասարանում, բերանացի գիտեի Սևակը։ Հետո էլ համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում կային սևակասերների խմբեր։ Պաշտամունք էր… Բայց դե, թող ների Սևակը, ինքը հո մեղավոր չէ՞, մարդը, իր ժամանակն ու գործը, որ բռավո, գործել է, բայց ո՞վ ասաց, որ դա նաև իմ ժամանակի, իմ երեխաների ու թոռների գործն է։ Դրանց մեծ մասը իմ համեստ, բայց կոնկրետ անաչառ կարծիքով իսկի բանաստեղծություն էլ չէ… աստիճան է, էլի, հասել ես՝ բարձրացիր, ու մինչև ուր, մինչև ուր, մինչև Բան։ Լավ է, գրականության իմ պայծառ ուսուցիչ Էմմա քույրիկը, ով էդ ժամանակ կարծեմ դպրոցի գրադարանում էր աշխատում (սովետը անտեղի հիշել-գովերգելն իրենց կյանքի գործ դարձրածներին հիշեցնեմ, որ այն ժամանակ էլ բարձրագույն մանկավարժական կրթությամբ բանասերների համար ոչ միայն դժվար էր մասնագիտությամբ գործ գտնելը, այլև առանց կաշառքի ու վերևի զանգի՝ ոչ էլ հնարավոր… Ահա քույրս ինձ մեր տան վառարանի մոտ հանդիպեցրեց Չարենցին… Ես քեզ երբեք չեմ մոռանա… Ես կարոտում եմ քեզ, քույր իմ Էմմա, ու իմ աչքերն ահա քո անունով թացանում են։ Դու կաս, լսում ես…

Իսկ Դավիթը թող չլացի. չի լացի կամ կդադարի լացելուց, երբ լացով չի ազդի ու հասնի իր ուզածին։ Հո փոքր չես, եղբայր պատվական, երկու տարի ութ ամսական ես դառնում օգոստոսի 12-ին, ձևավորված խոսքով, հայտնի բլոգով… Իջևան չեն գնում այսօր, Կուրթան ես ուզում, խնդրեմ, առանց ինձ, այսօր սեբաստացիների մի խումբ գնում է, հետները գնա։ Նոր պարտեզն էլ դու չես ուզում, ավելի լավ, մնա տանը, տան գործերն արա, տատիդ պահիր, այ երախտամոռ, որ քեզ իր թոռների մեջ առանձնացնում է, ունեցած-չունեցադ էդ մի տատն է, էն էլ ի՜նչ տատ, նստիր կողքին, պատմիր-կարդա։ Օգնիր տատիկին, Դավիթ, նա քո կարիքը զգում է։

Մենք մոտենում ենք կուռ ու աճող շարքերով, հարգելի ընթերցող, բլոգի օրագրի 50-րդ թողարկմանը՝ օրվա գրին։ Այսօր, ստուգեք, 47-րդն է։ Այս առիթը փոխանցիր ու սպասիր մեր հանդիպմանը։

Երջանկության սահմանմանը, որ կյանքի կողմնորոշիչ է դառնում ինձ համար, ես հաճախ եմ վերադառնում՝ աշխատել ուղիղ ճանապարհի վրա և գոհ լինել ունեցածով։ Սա Թումանյանի «Ոսկի քաղաքի» Գոհար թագուհու նվերն է ինձ. առաջ ես չէի կարողանում գոհ լինել ունեցածով, անգամ դժգոհ էի, հայտնի դժգոհ. հիմա կարողանում եմ, գուցե նրանից է, որ չեմ շեղվում ճշմարիտ ուղուց։ Գոհունակությամբ մասնակցեցի այսօր Մեդիակենտրոնում (Դավիթ Բլեյանն ասում է՝ «մեդիայում», իսկ վարպետ Օնիկը՝ «մեձիո») Իզմիրի ամենամյա տիեզերական ճամբար մեկնող (այս տարի արդեն չորրորդ անգամ է) սեբաստացիների՝ սովորողների, նրանց ծնողների և ղեկավարների հանդիպմանը. ինչ գրավիչ, գունեղ, հեքիաթի ժանրից ճամփորդություն է, և այս՝ 12-14 տարեկանում. բռավո, կրթահամալիր, Արտակ Զարգարյան ու Շամիրամ Պողոսյան, ում ծննդյան օրն էր, և փայլուն-փայլում էր… Հանդիպեցի նաև «Հնեվանք» արշավախմբային ճամբարի երկրորդ հերթափոխի կազմակերպիչներին. հուլիսի 6-ին կվերադառնան մեր 40 արշավականները, իսկ հուլիսի 7-ին՝ ժամը 8.30 Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից Լոռի-Ստեփանավան-Կուրթան-Հնեվանք կշարժվեն արդեն 46 սեբաստացիներ։ Նրանց կսպասի արշավախմբային ճամբարը՝ արդեն ապրված, լազաթով… Գոհացա։

One thought on “Լացի շրջանի ավարտի մասին գիրը”

  1. Չգիտեմ էլ՝ ինչ գրեմ, որտեղից սկսեմ, ոնց սկսեմ… Բառերի ու մտքերի շփոթ է… Հիմա հրեշտակների հետ եմ շփվում, իմ սիրելի տիար Բլեյան, երկնքի ու երկրի մեջտեղում եմ: Հրաշալի աղջիկներս ու ամուսինս՝ ինձ սատար, հոգատարությամբ շրջապատած, սպասում են… Իսկ երրորդ ,,ստեղծագործությունը,,, ինչպես որ Դուք եք ճշմարտացիորեն յուրաքանչյուր ծնունդի մասին ասում, պատրաստվում է, օր օրի մեծանում, գիտի՝ ովքեր են իրեն սպասում, գիտի, թե ուր է գալու… Իսկ կրթահամալիրիս մասին էլ չեմ ասում, էլ չեմ ասում, այնքան շատ է տվածը, այնքան շատ… Սիրում եմ բոլորիդ, և հրեշտակային բարևներ ու համբույրներ հղում, ջերմ-ջերմ-ամենաջերմ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գիր-հայտարարություն, իրազեկում

Ուզում եմ՝ իմանաք, որ սովորողների հետ շարունակում եմ ինձ լավ զգալ, ավելի քան առաջ, քան երբևէ… անկախ տարիքից՝ իմ չէ, սովորողների: Ես, ինչպես այս օրերին աջ ու ձախ սովորողներն են

Ըսթափանքի ժամն է պչրոտ, փափկամարմին շերասին[1]…

Խածումն[2] որուն՝ կը քթքթայ տերեւունքին մեջ դալար․․․ Չգտնվեց-չկար ձեռքի տակ ուրիշ միջոց, քան հեծանիվը, ուրիշ ընթացք, քան սլանալը․․․ Իրիկունը 7-ին, ես բոլորիդ թողեցի, հե՜յ, դու՝ Բանգլադեշ կրթական՝ երգեցիկ-խորոտիկ, քո բոլոր

Նոր հայացք՝ նոր բարձունքից…

Իմ շաբաթ օրը սկսում եմ առավոտյան 5-6-ին. հետևողական կարգավորում եմ իմ քունը, սկսում եմ երեք բաժակ սովորական ջրով ու մի բաժակ կիտրոնաջրով։ Մեկ տարվա իմ փորձով կարող եմ հաստատել՝ ջուրը