Նիկոլի ծնունդի, մանկության ու պատանեկության օրրանը՝ Վովա Փաշինյանի երկհարկանի համեստ տունը, հոյակապ դիրք ունի։ Ես հաշվեցի՝ օգոստոսի 2-3-ի գիշերը այս տունը հյուրընկալել է 16-17 հոգու… Մեր ուսուցիչներն ու Մարիամ-Աշոտի ընկերները այստեղ հայրենագիտական ճամփորդության գիշերներ են անցկացրել, մինչև 20 հոգի… «Բաբուշկա» Երջանիկը միշտ անվանը համապատասխան է՝ թե՛ Նիկոլի տանը, Երևանում, թե՛ իր հարկի տակ, այստեղ՝ Իջևանում, երջանկացնող՝ առանց ցուցադրվելու, երկրորդ պլանից տրամադրություն փոխանցող կին է։
Կիրակի օրը առավոտյան, երբ ես իմ գիրը հանձնել եմ, վայելել Երջանիկի սուրճը, մեկ ժամ ունեմ, հայերն ուշ են արթնանում ամենուր, և քայլում եմ Նիկոլենց Ներքին Սելմագի կոչվող թաղով։ Սա հին Իջևանն է, պատմություն ունեցող համեստ առանձնատների՝ ինձ միշտ հետաքրքիր նմուշներով, նեղլիկ անցումներով, որոնց համար ուշքս գնում է։ Ափսոս, որ քիչ, շատ քիչ տներ են նորացված, երբ յուրաքանչյուրը մասնագիտական նախագծով խնամքի կարիք ունի։ Իսկ աջ ու ձախ զանց է առնվում դա։ Հեշտ, քաղաքը պատմությունից, ոճից, քաղաքաշինությունից զրկող, այլասերող հեշտ ճանապարհով է ընթանում վերակառուցումը, կղմինդրների փոխարեն՝ ինչպիսի պատահի թիթեղներ, նշանավոր իջևանյան շարվածքի փոխարեն՝ պեմզաբլոկ ու ցեխ-ավազե սվաղ, փայտե ազնվական պատշգամբների ու քիվերի փոխարեն՝ ինչ ասես։ Միակ ուրախացնող փոփոխությունը Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի բերող փողոցի սալարկված հատվածն է, որ նաև Նիկոլենց թաղի մուտքն է…
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին բաց է. ոչ ոք չկա, առավոտյան ժամը 8-ը դեռ չկա։ Մենք այս նորոգ եկեղեցում «Սեբաստացիներ» երգչախմբով երգել ենք։ «Ճաշոցն» ու գրաբար Նոր Կտակարանը բաց են, դրված և… Ես սիրում եմ ինքս ինձ համար գրաբար բարձր կարդալ… Եկեղեցու բակում Իջևանի ամենանշանավոր ծառն է. ըստ ցուցանակի նա ապրում է 1890 թվականից. եզակի վերաբերմունք մեզանում ծառի նկատմամբ։ Սա Իջևանի նշաններից է։
Իջևան քաղաքը նոր նշաններ ունի, որ թողել են «Ստեղծողի մոբիլ դպրոց» կրթական ծրագրով սեբաստացիները 2013-ի աշնանը. մեկ ամիս կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցի նկարիչ-ձևավորողները Լուսինե Մանուկյանի, Արման Գրիգորյանի և Հերիքնազ Գալստյանի (հեյ-հե՜յ, ո՞ւր եք, ձա՛յն տվեք) հետ ապրեցին, գործեցին Իջևանում. ահա Անկախության պողոտայի 27 մետրանոց ձևավորված պատը և Իջևանի, պարզվում է, միակ կամարանցումը, որ հիմա հայտնի է ոչ այնքան իր միակությամբ… Նիկոլի հետ մանրամասն նայում ենք վիճակը։ Հարգելի քաղաքապետն անելիք ունի. որպեսզի սրանք մնան նշաններ, քաղաքային հարակից շատ բաներ պիտի ենթարկվեն Արման Գրիգորյանի գեղագիտությանը. ոչ թանկ ու իրագործելի այսօր, նախագիծ…
Մենք ճեմում ենք Իջևանի նշանավոր պուրակով, որտեղ քանդակների ցուցադրությունն է, միջով Աղստևն է անցնում… Այգին եզակի ու բացառիկ հնարավորություններ ունի որպես միջազգայնորեն հայտնի բաց-գրավիչ հանրային տարածք պահպանվելու համար… Ահա մենք մեր քանդակագործ ուսուցիչ, Իջևանի 2013թ. արվեստի փառատոնի համակարգող Հերիքնազ Գալստյանի քանդակի մոտ ենք։ Հուզվում եմ. առողջություն քեզ, սիրելիս, նոր նախագծեր… Հերիքնազը կվշտանա՝ իմանալով, որ հանրապետության էկոնոմիկայի նախարարության փոքր և միջին ձեռներեցության հիմնադրամի այս ծրագիրը, որի 2013թ. ծրագրի շրջանակում են արված իմ թվարկած նշանները, շարունակություն չի ստանում 2014-ին։ Սա այն դեպքում, երբ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը գործուն հետաքրքրված էր սրանով… Քաղաքապետ եմ ասել, է՜, վերցնի մի հավաք-քննարկում կազմակերպի այգում, կանչի մեզ, կգանք, անպայման կգանք… Դը Գոլ գեներալն ասում էր, ես կրկնում եմ կրկին՝ սահմանափակումներն ստիպում են ընտրել խելամտության ճանապարհը. մեր դեպքում՝ սկսված հեռանկարային գործը ընդհատել-կասեցնելը չէ, այլ նախագիծը ճաշակով ու տնտեսող մտքով նորացնելն է՝ նրա իրագործման մեջ նոր շահառուներ ներգրավելով։ Գլխավոր գործող անձը եթե իջևանցին չէ՝ մեծ ու պստիկ, ունևոր-չունևոր, հայտնի-անհայտ, ներկա-բացակա, էլ ո՞ւմ համար արվի, ինչո՞ւ, ինչպե՞ս…
Այգու ծայրին մի հարմարավետ սրճարան կա, ու մենք Նիկոլի հետ կլոր սեղանի ենք։ Նիկոլը վաղուց երևանցի է, բայց ես կարևորում եմ, որ Նիկոլն իր ճանաչումն օգտագործի Իջևանի քաղաքային միջավայրի նորացման, զարգացման ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար, ավելի շատ ժամանակ հատկացնի Իջևանին…
Այսպիսի այգի, փաստ է, Երևանում չկա, ու այգին օգոստոսի 3-ի կիրակի օրով, կեսօրին, դատարկ է… Ո՞ւր են Իջևանում հանգստացողները, ինչո՞ւ մենք նրանց չենք հանդիպում… Ընտանեկան հանգստի կազմակերպումը, որպես փոքր ձեռնարկություն, շատ դանդաղ է շարժվում տեղից… Ամենուր թանկ, մեկը մյուսից «շքեղ» պանսիոնատներ են, ինչո՞ւ իջևանյան, դիլիջանյան, Տավուշի գյուղական կացարանները չեն կարող, ասենք, երևանյան ընտանիքների հանգստի համեստ-մատչելի-մարդավարի կազմակերպիչներ դառնան: Ես, օրինակ, միշտ հնարավորությունից անկախ, կընտրեմ-ընտրում եմ այս ձևը: Շնորհակալ եմ Փաշինյաններին մեր ընտանիքի հանգիստը այնքան տպավորիչ-սիրելի կազմակերպելու համար, որ Դավիթն ահա արթանցել է ու Իջևան է ուզում. տնով մեկ Էբիին է ման գալիս, դուրս է եկել բակ. «Կարմիր լոլիկ եմ ուզում հավաքեմ… Պապա, ես Էբիի հետ նկարվել եմ… Պապա, ես քո հետ ուզում եմ գնամ Իջևան ման գալու… Միացրու՝ Էբիի հետ խոսեմ…»։
Ես մեղք գործած կլինեմ, եթե չխոսեմ Արտակ Փաշինյանի` Նիկոլի օգնական եղբոր մասին: Իսկական օգնական, ով գիտի իր եղբոր արժեքը, ով իր աշխատանքն է դարձրել եղբոր կողքին լինելը. շատ բաներ Արտակն ավելի լավ է անում, քան Նիկոլը, և սա՝ երկրորդ պլանից, աննկատ: Իսկ որ Արտակն անփոխարինելի հորեղբայր-ընկեր է Նիկոլի երեխաների ու կնոջ համար, փաստ է, որ ես սիրով արձանագրեցի նորից ինձ համար… Արտակն Իջևանում, իջևանյան միջավայրում, Իջևանի անտառում իրեն վստահ է զգում. Հրանտ Մաթևոսյանի գրական հերոս Տերն է, տեսեք՝ ոնց հյուրասիրեց անտառում, ոնց մաքրեց անտառը ամիսների կենցաղային աղբից:
Իջևանյան հարսանիքը, որի ակամա մասնակիցը կարճ ժամանակում (կմեռնեի) եղա… Սա մասսայական պատժի ամենադաժան տեսարանն է ինձ համար… Կներեք, ես չգիտեմ ավելի այլասերող-անմիտ, տգեղ-արհեստական մի բան, այս 500 հոգիանոց աղմուկը. սրա անունը երաժշտությո՞ւն է, Կոմիտասի ազգ, սա մեր ծե՞սն է, Սրվանձտյանցի ժողովուրդ: Հակամշակույթը հենց սա է, մեր կենցաղի այսպիսի մշակու՞յթ, այսպիսի կենցաղային մշակո՞ւյթ՝ հարցնում եմ… Տեսեք մեր հարսանիքները… մեր գերեզմանոցները, մեր մուզիկով-ուտուշ-խմուշով այգիները… Այսպիսի անտիմշակութային հանրային տարածքների երկիր է Հայաստանս… լարված սահմանամերձ գոտիով… Տան ճանապարհին հերթական անգամ փորձում եմ Դավթին ներկայացնել Սևանը, Սևանա ծովը։ Չանեի… ձեռք քաշի, էլի, Բանգլադեշի քո ծովերը քեզ քի՞չ են… Կպատմեմ. հո վերջին գի՞րը չէ։
Իջևանից Կուրթան-Հնեվանք քանի՞ կիլոմետր է, այ, ժամանակ ունենայի, հասնեի մեր արշավախմբային ճամբար ու կրկին իրիկունը… Երկուշաբթի 8.30 ես պիտի լինեմ կրթահամալիրի Մայր դպրոցի ՊՆ աջակցությամբ կառուցվող խաղադաշտերում:
«Ես մանկապարտեզ չեմ գնում»,- երեկվանից կրկնում է Դավիթը։ Արմինեն ուրախ է, ինքը այս օրերին տանն է, ուզում է ավելի շատ ժամանկ անցկացնել իր տղուկի հետ… Ես հարգում եմ իմ տղայի որոշումը և հրապարակեմ այն ամբողջությամբ… «Ուզում եմ հայրիկի հետ գնամ ման գամ, անտառ եմ ուզում տեսնեմ…»։ Այ, սա ուրիշ, ես ինձ եմ լավ զգում հայրավարի, իսկ մայրիկը փորձում է բացատրել Դավթին… Դավիթը լսում է կամ չի լսում, ամեն ինչի հետ համաձայն է կամ չի ուզում. երկու բան իրար հետ։ Կրկնում է. «Չեմ ուզում պարտեզ գնամ, ուզում եմ հիմա հայրիկի հետ գնամ ման գամ, Իջևան գնամ»։ Հիմա, երբ լողացել է, իր Կոմիտասը լսեց, Դավթի պատմությունը կարդացել, իր պարտեզը խնամել…