Ոչ թե հաղթանակը մերն է… ավանային խոստումներով, այլ Պողոտայի, Շարժման արդյունքը ինքը՝ Պողոտայի, Շարժման մարդն է… Եթե փոփոխություններ են առաջացել իմ մեջ, հաղթանակը, ահա, ես եմ: Իսկ ես, Շարժման նախաձեռնող խմբի ոչ անդամս, ոչ անմիջական բարիկադի ետևում կանգնածս, ոչ Պողոտայում լուսացրածս, ոչ Շարժման հերոսս, միով բանիվ՝ շարքային, բայց անպայման մասնակցիս գնահատմամբ, հաղթել եմ, ունեմ առաջընթաց, ձեռքբերումներ… Ես վերականգնեցի կապը Երևանի, նրա կենտրոնի հետ, սկսեցի զբոսնել Դավթի, Շուշանի, սեբաստացի իմ ընկերների հետ, դարձա ավելի ներառական, շատ ավելի հանդուրժող այլոց գաղափարների, խմբային-անհատական գործողությունների նկատմամբ։ Ես սկսեցի ճանաչել երիտասարդ քաղաքացի երևանցուն, գնահատել նրա ներուժը։ Ինձ համար հետաքրքիր էր Պողոտայում, ես չեմ ափսոսացել իմ ջանքերի համար… Ոչ մի կորուստ… ո՞ւր էր, թե Հայաստանի էներգետիկ համակարգի արատը այս յոթ դրամ սակագինը լիներ և դրա բարձրացումով լուծվեր… կամ, թեկուզ ամենաբարդ, բայց հայաստանյան միակ խնդիրը լիներ: Ցավոք: Եվ ասել եմ՝ «չլուծված խնդիրների ավազան Հայաստանիս» հասարակությունը պիտի ընդունակություն դրսևորի իր խնդիրները ճանաչելու, քննարկելու, լուծումներ առաջարկելու-պարտադրելու, լուծումներին մասնակցելու համար… Եվ այս ամենը՝ որպես կյանք, առանց անիծելու, հուսահատվելու, անընդհատ և ուրախ… թեթև… Շարժումը քաղաքացիական մեզանում չի կարող ավարտվել. այն ընդամենը սկսվեց, այն շարունակվում է ցանկացած միջանկյալ լուծման դեպքում…

Օրեր առաջ Պողոտայում՝ մի խումբ երևանցիների, երկու օր առաջ Գեղարվեստում՝ Գևորգ Հակոբյանի հետ, փորձում էի ձևակերպել հայաստանյան անհետաձգելի խնդիրների թոփ եռյակը… Ոնց էլ չարչարվես, միևնույն է, ամենաքիչը վեց է դառնում… Սևանա լճի, ավազանի, այս մեր գեղեցկուհու մեր կողմից շարունակվող բռնաբարման խնդիրը՝ 1,Հրազդանի կիրճի օտարման-այլանդակման խնդիրը՝ 2… Ասել եմ՝ սրանցից յուրաքանչյուրին պատրաստ եմ իմ կյանքի մնացած 60 տարին նվիրել… Երևանի վթարային շենքերի և հազարով հաշվվող մահացու վերելակների խնդիրը… Հայաստանի անապատացման խնդիրը… Հայաստանի գյուղերի շարունակվող դատարկման խնդիրը… Հայաստանի՝ աղբանոց դառնալու խնդիրը… Հանքարդյունաբերությունը՝ Հայաստանը ֆիզիկապես ուտող և բնապահպանական աղետներ հասունացնող… Ատոմակայանի անվտանգության խնդիրը… Էլ չեմ ասում որևէ լուծման հեռանկար չառաջարկող հայ-ադրբեջանական հակամարտությանխնդիրը… Սրանցից յուրաքանչյուրը Շարժում կծնի-կպարտադրի խնդիրն օրակարգում պահելու, խնդիրը որպես հանրային լուծելու համար…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նոր ուղի քաղաքացիականի համար՝ հատուկ

«Ցտեսություն» ուսումնական նախագծով կրթահամալիրի ավագ դպրոց-վարժարանի 2021-ի շրջանավարտների հետ իմ հանդիպումները, սովորողի ընտրությամբ գործունեության խմբերով, Մարթա Ասատրյանի ու Լուսինե Սարգսյանի որոշած օրացույցով շարունակվում են։ Լավ է, որ միջոցառում չի դառնում՝ անջատ մեր

Մեջքով դեպի դրախտը՝ դրախտի ոչնչացումը… տեսե՛ք…

Ծովակալ Իսակովի պողոտայից աջ եմ թեքվում հեծանվով այնտեղից, որ ավարտվում է Ամերիկայի դեսպանատունը, սկսվում Խորհրդային Հայաստանի 30-ամյակին նվիրված հուշարձանը, ու հայտնվում եմ Հրազդանի կիրճում… Սա՝ օրվա վերջում, տուն գնալիս… Հետո

Եթե մարդը փոփոխությունների մեջ լինի, կարող է իր իրավունքները պաշտպանել…

Մեկ տարի առաջ այս օրերին Հայաստանում առաջին անգամ երկրաշարժի ուժգնությամբ երերում էին Սերժ Սարգսյանի իշխանության դիրքերը։ «Մերժիր Սերժին» շարժումը արդեն դրության տեր էր Երևանում, 6 օրից Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։