Դավիթը մեծանում է ամեն րոպե, և դա երևում է նրա խոսքում`«Հայրիկ, դու մայրամուտը տեսել ե՞ս: Տե՛ս, արի միասին նայենք մայրամուտին»:
«Պարտեզ չեմ ուզում, Կուրթան եմ ուզում, հայրիկիս հետ գնում եմ Կուրթան…»:
Միասին դուրս ենք գալիս 08.30. թվում է՝ ես աշխատանքի, մի տրեստ շինարարներ, մի դյուժին ճամբարներ, նույնքան պարտեզներ, մի կապոց էլ 2014-15-ի ուսումնական մտահաղացումներ ձայն են տալիս` էհե՜յ, Բլեյան, իսկ Դավիթը`պարտեզ: Դավիթ Բլեյանն անկանխատեսելի է ու իր որոշումը կարող է պարտադրել. շեղել, որևէ ձևով ազդելն նրա որոշման վրա, քյոլմստել` այսօրը վկա, չստացվեց, ու օրը շուռ եկավ, Դավթի գծած հունով գնաց բարով: Այսպիսին է հասունացումը:
Նիկոլ Փաշինյանը հրավիրել է, ու ես խոստացել եմ շաբաթ-կիրակին անցկացնել Իջևանում` Փաշինյան Վովայի ընտանիքում… Դավիթը համաձայնեց Իջևանին` որպես Կուրթան-Ստեփանավանի այլընտրանք. գետը գետ է՝ Ձորագետ չէ, Աղստևն է, դեռ ճանապարհն էլ անցնում է Դավթի մուրազ դարձած Սևանով… Հիմա գնում ենք Իջևան: «Կուրթանի անունը Իջևա՞ն է»,- հարցնում է: Ինձ հսկում է ակնդետ. «Դու չե՞ս գնում, չէ՞, մնում ե՞ս… Պապա չեն ասում, հայրիկ են ասում»:
Մենք միասին,- բարի ավանդույթ է, կրթահամալիրը հայտնի թագավորություն է, Դավիթն էլ` ընդունված հասարակության կողմից թագաժառանգ,- ճանապարհում ենք «Հնեվանք» արշավախումբը Կուրթան: Դավթի տրամադրությունը բարձր է, գրկել է իր ընկեր Արամ Խաչատրյանին, կարևորը` ինձ իր ձեռքից ու տեսադաշտից բաց չի թողնում: Երբ շարժվում են պաշտպանության նախարարության ավտոբուսները, ձեռքս պինդ է բռնում. «Հիմա մենք գնում ենք Իջևան…»: Մեդիան սիրելի հանգրվան է ընդամենը 10-15 րոպե, ու մենք շարժվում ենք ոտքով Իջևան… Գեղարվեստի պարտեզի ու ճամբարի լողավազանով, լողացողներով հիացանք` կեցցեք. իսկական Բանգլադեշ հիշեցնող անապատով (սրա հերթը, հիշեք, կառուցվող խաղահրապարակներից հետո է` սեպտեմբեր-հոկտեմբերին) իջնում ենք…
Թումանյանի «Վայրէջքի» տողերը Դավիթը լսում է. «Հիմա սա Իջևան է կոչվում»: Ուրիշների համար չգիտեմ, եղբայր Դավիթ, Բանգլադեշն իմ իսկական Հայրենիքն է, ես ապրում եմ այստեղ, ես կրում եմ պատասխանատվություն նրա հանդեպ, ես ջանում եմ գրավիչ դարձնել` որպես կրթական միջավայր…
Մայր դպրոցը Դավիթը հավանում-հիանում է, Մարմարյա սրահը նրա տարերքն է, մեզ դիմավորում է հմայիչ խմբավարը՝ Լուիզա Քեշիշյանը, քիչ հետո նրան կօղակեն սեբաստացիները՝ երգչախմբի պատանիները… «Ես ուզում եմ չիշիկ անեմ». լավ է, որ ոչ քաքիկ, իսկ ինձ անակնկալի չես բերի՝ մոբիլ եմ, հետս է Դավիթի արջուկ-անոթը՝ թեթև-կարմիր-ճամփորդական: Լուիզային ենք պարտական այս նկարաշարով: Ո՛չ, Մարմարյա սրահը Իջևանը չէ, բայց կարճատև, չիշիկի համար… Ռիո դե Ժանեյրոն չէ, Իջևանն առջևում է…
Արի սրան տանեմ խաղադաշտ, տեսնի շինարարությունն ու մուռս հանեմ էս ինքնակոչ իշխանությունից, փոշու-արևի մեջ տապակեմ` Իջևանը մոռանա ու իր պարտեզը հիշի…
Դավիթը մոտիկից ու երկար վայելեց աշխատող քանդող-բարձող մեքենայի (բելառուսի) հմայքը, մեծ նարնջագույն ինքնաթափի վարորդ զինծառայող Սամվելի մեղմ ներկայությունն և ուղեհարթիչ վարորդի (գրեյդեր) բացակայության հմայքը: Ես հավատացի պաշտպանության նախարարության մեր բռնած երկրորդ գործի` խաղադաշտերի կառուցման (առաջինը, չեք մոռացել, այսօր մեկնարկած «Հնեվանքի» արշավախմբային ճամբարն է) հաջողությանը: Իմ սիրտը փառավորվեց մտքից, որ օգոստոսի 23-ին ես կթոթափեմ այս մի անավարտի պարտքը ևս…
Գնում ենք հիմա Իջևան: Դավիթի որոշումն է, ու մենք Մայր դպրոցի հարևան մանկական այգում ենք. ա՜յ անկուշտ, ինչո՞վ սա Իջևան չէ, ընդամենը երկու-երեք շաբաթ առաջ՝ «այգի եմ ուզում, ինձ այգի տար», այս ի՞նչ կատարվեց մի քանի օրում… Հետո մենք ցայտաղբյուրով խաղացինք-լվացվեցինք, քայլեցինք դեպի իմ հպարտության, Գագիկ Բեգլարյանի անձնական նվեր վերգետնյա անցումը… Սքանչելի տեսարան է, և լավ է, որ Դավիթը ժամեր կարող է անցկացնել այս կառույցի վրա…
Խաղաղվիր, ասում եմ ինքս ինձ, ինչպես լարախաղաց, քո ժառանգը մեծացել է… Զանգ Շուշանին, Դավթի վրա Շուշանի ձայնը ազդեց, ու մենք իջևանեցինք Բ-4-ի մանկական այգում… Դավթի հետ լավ մոնիտորինգ արեցինք՝ յուրաքանչյուր ճոճանակ, ցայտաղբյուր, կանաչ անկյուն… «Ես պարտեզ չեմ գալիս, ես գնում եմ Իջևան…».
Մենք գնում ենք Իջևան, երկու օրով…
Իրիկունը, երբ Դավիթ Բլեյանը «չրմփոցով» լողացել է, 139 ճոճ է ստացել (հաշվում է նույն հաճույքով-անհոգնել, ոնց որ խոսում է կամ «Սասունցի Դավիթ» կարդում), ֆուտբոլային նոր հնարներով զարմացրել մայրիկին… նստում է իմ կողքին ու մեծավարի հիշում է. «Հիշում ես, հայրիկ, կապույտ էքսկավատորը դժվար քանդում էր գետինը ու լցնում մեծ բեռնատար ինքնաթափը… Ո՞ւր տարավ վարորդ Սամվելը հողն ու քարը»: «Հայրիկ, ուղեհարթիչը փչացե՞լ էր, չէր աշխատում, ո՞ւր էր գնացել վարորդը»: Վարորդը զինվորական Նորիկը իրոք աշխատատեղում չէր… Ո˜ւր էր գնացել…
Ես, իհարկե, թվային կապով հետևում եմ արշավախմբի ավտոբուսներին, որ Սևան-Դիլիջան-Վանաձոր-Գյուլագարակ-Կուրթան-Հնեվանք երթուղին առավելագույն ճանաչողական-հայրենագիտական լինի` իր երկարատև հանգրվանով Սևանի հանրային լողափին, Պուշկինի լեռնանցքի անցումը չհետաձգեն…Նպատակը շուտ Հնեվանք` ճամբար հասնելը չէ, երբեք, այլ ճանապարհ-հայրենագիտան ճանաչողության անշտապ մանրամասն ընթացքը…
Ժամը 18:00, ինչպես որոշված էր, արշավախումբը մտավ Հնեվանք, որտեղ ճամաբարի ղեկավար Գևորգ Հակոբյանը պատրաստ սպասում էր Ստեփանավանի զորամասի ներկայացուցիչների հետ: Շնորհակալ ենք բանակ: Հետևեք ձեզ mskh.am-ում:
Իմ սիրելի Նունե Մովսիսյանի հարցը` ոնց ենք միշտ սեբաստացիներս հանդուրժում իրեն, հռետորական է: Սիրով, քույր իմ… մի´ շեղիր, չես շեղի: Ես ուզում եմ պատմել Գուրգեն Մահարու մասին. նրա ծննդյան օրն առիթ է, ես միշտ կարող եմ, հետևելով Մահարուն, գրել քանդակ` քանդակել Մահարուն: Դավթի ձայնը լսեցի`«քանդակը օրվա գիր է կոչվո՞ւմ, հայրիկ»: Այո, Սեբաստացի Դավիթ, ես գրում եմ ամեն օր, որ չթողնեմ ժանգոտի գրիչս, քանզի տեսա, որ դրանից ժանգոտում են սիրտս ու հոգիս: Այդպես ես կարդում եմ քեզ համար ամեն օր, որպես քանդակ… Մեր արժանապատվությունն է Մահարին, իմ թունազուրկ առ աշխարհ հայացքի, մտածողության և ճաշակի վրա, ես գիտեմ, թե ինչպիսի էական ազդեցություն են ունեցել Մահարին, Թոթովենցը, Թումանյան Հովհաննեսը, Կտակարանը, Վիլյամ Սարոյանն ու իմ հայրը… Կոմիտասն, իհարկե:
Տեսա՞ք` ուր հասանք՝ մանկությունից մինչև հասունություն, աստիճաններով, ինչպես Բլեյան Դավիթը է բարձրանում աստիճան առ աստիճան, Հռոմից… մինչև Բանգլադեշ… Ինչպես Դավիթն այսօր, մեկ օրում…
Հանեք մեր խորհրդահայ կոչվող շրջանից Մահարուն, և կերևա ամբողջ մի սերունդ անարժանապատիվ: Կներեք, հայրեր մեր, ներիր, հայր իմ Շամխալ Բլեյան, ես հաստատում եմ քո երեք տաբուներից յուրաքանչյուրը կամ կրեդո հավատամքներից յուրաքանչյուրը «Ապրիր քո կյանքով, շան տղա, իմ կյանքի հետ գործ չունես. совест (խիղճ. եզակի ռուսերեն բառերից, որ ու հաճախ գործածում էր՝ սովեստ չունես) ունեցիր… Պարազիտ ա՝ պարտքով ա ապրում, ես նրան ինչ ասեմ: Ոչ մեկին պարտք չլինես…»:
Ես ու հայրս կարծես քանդակեցինք Մահարուն, բայց ես իմ օրվա գրերում շարունակաբար եմ անելու.. Ախ, Նունե աղջիկ, քո աչքերն հիմա արցունքի պես ջինջ են… քո աչքերը նայում են շատ մոտիկից …
Շամիրամին այսօր հանդիպեցի Բանգլադեշում, Իզմիրի ճամփաներին… Երեք անգամ խաչվեցին մեր ուղիները, մեկ` Մայր դպրոցի ճամփին, մեկ՝ մարմնամարզական դահլիճում…
«Սրա անունը ի՞նչ կկոչեն»,- կհարցնի Դավիթ Սեբաստացին: Սրա անունը վերնագիր կկոչեն, կարդացեք օրվա գիրը ինչպես գիր:
Այս աղոթքը կարդալուց հետո ինչքա՜ն ծնողներ կվերանայեն շփումն իրենց զավակների հետ, որովհետև սա է կենդանի, գործուն մանկավարժությունը: Հրաշալի է, երբ այս մանկավարժությունը սովորեցնում է տեսնել, նկատել առօրյա թվացող գեղեցիկը, ԿԵՆԴԱՆԻ ԳԵՂԵՑԻԿԸ…. Շնորհակալություն՝ նորից սովորեցնելու համար…
Չգիտեմ էլ՝ ինչ գրել…շնորհակալ եմ, տիար ջան: