Միայն լսեք՝ ինչպե՛ս է Դավիթ Բլեյանը կրկնում Բաղրամյանի Շարժման կանչերը…
Ճոճվել ուզեց երեկոյան մեր տղան. ճոճվում ու Շարժման մասին հնարավոր բոլոր հարցերը տալիս է…
— Ի՞նչ ասել է երիտասարդ… Ինչո՞ւ են հավաքվել փողոցում… Ի՞նչ են ուզում… Ումի՞ց են ուզում… Որ շա՜տ են ուզում, ո՞նց չեն տալիս…
— Քանի՞ երիտասարդ կա. արի գնանք՝ հաշվենք… Ես ուզում եմ բոլորին հաշվեմ, ամենամեծ թիվն իմանամ…
— Բա ինչքա՞ն են մնալու…
— Ինչո՞ւ են ծխում երիտասարդները…
— Ո՞վ է Բաղրամյանը… ցույց տուր՝ տեսնեմ…
Հրաժարվեց Դավիթը Բաղրամյան գնալու մտքից. բարձր կանչերն ու շա՜տ անծանոթները վանում են, վտանգ է զգում, ինքը չէ դրության տերը, իր անելիքը չգիտի… Մեր խոսակցություններով ընտանեկան, մեր ուշադրությամբ թույլ չենք տալիս, որ հետաքրքրությունը Շարժումով մարի… Ի՞նչ մարի, երբ Շարժումը նոր-նոր թափ է հավաքում…
Փրփրոտ օր Դպրոց-պարտեզում:
Լուսանկարները՝ Արմինե Գյոնջյանի:
Ափսո՜ս, որ չծխելու որոշումն օրակարգային չի դառնում: Հրճվում եմ գտածովս… Շարժման զբաղեցրած տիրույթում Բաղրամյանը փակ տարածք է դարձել, իսկ փակ տարածքում ՀՀ օրենքով ծխել չի կարելի… Շարժումը որպես հավաքանի երիտասարդական կազմակերպություն, մանկավարժական ճամբար-հավաք է ինձ հիշեցնում… Ինչքա՜ն բան կարելի է սովորել, իրար ասելու, փոխանցելու որքա՜ն մեծ հնարավորություն՝ սկսած կանչերից, երգերից, պարերից, խորհրդանիշներից… միջավայրի էսթետիկայից, որպես բարիկադ գործածվող մեծ աղբամանների պերֆոմանսից*, մտքերից, իրար ճանաչելուց… Ի՞նչ անես, որ ես երգվող այս «երգերի» նկատմամբ մեծ վերապահում ունեմ՝ սկսած խոսքերից, եղանակներից… Չգիտեմ՝ ինքնաբուխ ձևավորվող մեծ զանգվածների երևանցի համապատասխան մասնագետներն անցե՞լ են գործի, սկսե՞լ են ուսումնասիրել՝ ձայնագրել, տեսագրել, հավաքել մասնագիտական ուսումնասիրության համար անհրաժեշտը: Ախր ուղիղ-շուրջօրյա հեռարձակումը, թվային անհատական միջոցների այսօրվա ընտրությունը-մատչելիությունը որքա՜ն մեծացնում-հեշտացնում են հետազոտական աշխատանքի ընդգրկումը, նոր խնդիրների բացահայտումը, առաջադրումը…
1988-ի Շարժման ժամանակ էլ այս խնդիրն առաջացավ… Կա՞ մեզանում այսպիսի գիտական կյանք… այսպիսի կիրք… Թե՞ իրոք, մեզանում սովորելն ու մասնագիտությունը բերում են երկու ձևաչափի՝ բուհ ընդունվելու համար սովորեցնելու, բուհի ավարտման քննություններ հանձնելու համար սովորեցնելու… Երկրից գնալու համար… Գիտական-հետազոտական գործունեությունն էլ երկրի, նրա ժամանակի ու Շարժման հետ չի կապվում… Ինչպե՞ս շրջանառության մեջ դնես 1988-ի Շարժման սոցիալ-հոգեբանական-լեզվական-ազգագրական ուսումնասիրության արդյունքները, որտե՞ղ են դրանք, եթե կան, ո՞վ է հանդիպել… Թվում է՝ և՛ բանավոր հնչող, և՛ գրավոր պաստառով ներկայացվող լոզունգներից սկսած՝ դրանք կարևոր են այսօրվա հավաքական դրսևորումներով մեզ ճանաչել հասկանալու համար…
Անուշ ու սիրուն քուն:
Լուսանկարները՝ Աշխեն Թադևոսյանի:
Ես սկսում եմ կրթահամալիրի ավագ դպրոցների պատանիներից աշխատանքային ջոկատի ստեղծումը և այդ գործի ղեկավարումը վստահում եմ 2015-ի մեր շրջանավարտներին՝ Հարություն Ալեքսանյանին և Աննա Գսպոյանին… Նախաձեռնության առիթը տվեց Ավագ դպրոցի մեր Բագրատը Մարտիրոսյան, ով մոտեցավ ինձ՝ հասուն հայացքով, նայեց աչքերիս մեջ ու հայտնեց.
— Ամառը ես պիտի աշխատեմ, Տիար: Կարո՞ղ եք ինձ աշխատանք առաջարկել:
— Իհարկե, եղբայր իմ, Բագրատ:
Այս ֆիզիկապես ուժեղ, աշխատանք սիրող, սարեր շուռ տվող Բագրատն աշխատանքից երբե՛ք չի փախել, առաջինն է արձագանքել, ծանր կողմը բռնել… Ինչը տղայի մոտ ես կարևորում եմ: Հիմա պիտի կատարի վճարովի աշխատանք՝ փող աշխատի, ինչպես հասուն, ինքնուրույն մարդ… Հարությունն ու Աննան՝ մեր բոլոր դրական առումներով ընդունակ շրջանավարտները, Ավագ դպրոցի, Գեղարվեստի ու Վարժարանի հետագա մասնագիտական կրթության ճանապարհն ընտրել են փող աշխատելու-ինքնակրթությամբ ընտրած մասնագետը դառնալու հեռանկարով… Աննան՝ գրադարանի մեր աղջիկը, ինչպես հմայիչ Զառա Առաքելյանը, գրադարանային գործը մասնագիտական կդարձնի հեռակա ուսուցմամբ, Հարությունը հնչյունային օպերատոր դառնալու վճիռ է կայացրել՝ կրթահամալիրի քոլեջում սովորել-աշխատելով… Ձեզ ամառային աշխատանք, բարեկամներ, շինջոկատ ձևավորեք. ես ձեր պատվիրատուն եմ… Մեծ հեծանվահրապարակն ավարտենք, հեծանվադպրոցի տարածքը մաքրենք, «Ցանկապատ» նախագծերը շարունակենք, իմ խոստացած կրթահամալիրի յոթ մասնաշենքը ողջ ամառ գրավիչ ու բանուկ պահենք… Էլի, էլի…
Օրվա աշխատանքը Ջերմոցում:
Լուսանկարները՝ Արմինե Գյոնջյանի:
Դավիթ Բլեյանը ոչ մի կերպ չի մոռանում մետրոյի ու հեծանվի հայտնի մրցաշարը…
— Արի գնանք, հայրիկ, ավելի հեռվից մրցենք…
Ի՞նչ նկատի ունի, չգիտեմ… Հունիսի 20-ի Սիրահարների այգու մեր ցուցադրություն-համերգից հետո Դավիթը, Արմինեն ու Նառա Նիկողոսյանը Բաղրամյան մետրոյով, իսկ ես՝ իմ հեծանվով մրցեցինք, ու ես հաղթեցի… ավելի շուտ հասա, Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանում դիմավորեցի շարժվող աստիճաններով բարձրացող Դավթին… Դավիթը սա ոչ միայն չի մոռացել, այլև ոչ մի կերպ չի ուզում կասկածի տակ առնել մետրոյի սրընթացությունը, նրա վըժ-վըժը (ցույց է տալիս)… Բայց հեծանվիս ու իմ՝ հեծյալիս նկատմամբ հարգանքը ո՜նց է բարձրացել… Ես ամենա, ամենան եմ հեծանվով…
— Կայծակի՞ն էլ կարող ես հաղթել,- հարցնում է Դավիթը,- ամպրոպին, որոտին…
Իհարկե կարող եմ: Ես հեծանվով ամենա, ամենա, ամենա… Ու երեխայի պես ուրախ եմ, անհամբեր՝ ցուցադրելու Արմինե Թոփչյանի ու Առնոլդ Բլեյանի ընտրած հեծանվորդի ակնոցները, արագաչափն ու ուսապարկը…
— Ես ուզում եմ միասին հիմա գնանք ճամփորդենք… երկուսով, հայրիկ…
— Անձրև է, Դավիթ…
— Էդ ո՞նց է, որ երիտասարդներն անձրևից չեն վախենում, իսկ քո հեծանիվը վախենում է …
Տնօրենին վայել մարզահագուստ:
Լուսանկարները՝ Զարուհի Առաքելյանի:
#371