— Փռշտացի երեք հատ, լսեցի՞ք, մի հատ էլ փռշտամ, թող չորս լինի:
— Արի արագ հաշվելով մրցենք  իրար հետ, հայրիկ…
Ու սկսում է՝ 1, 2, …., 11, .…, 29, …., 34, հաշվել Դավիթ Բլեյանը, այնքան արագ, որ առանց ծիծաղի չես լսի: Հետո էլ թե՝
— Ինձ համար արագ հետ հաշվի՝ լսեմ…
Հաշվում եմ՝ 34, 33, .…, 20, .…, 19…. Հետո ինքն է փորձում արագ հետ հաշվով 10-ից՝ 9, 8, …, 1, 0։
— Բա 0-ից հետո ի՞նչ է լինում, հայրիկ։
— 0-ից հետո ուրիշ աշխարհ է, Դավիթ։
— Ի՞նչ աշխարհ…
Աշխարհ եմ ասել, է՜… Պիտի տիար Գևորգի հետ քննարկենք, հասկանանք։ Հիմա ես չգիտեմ, չէ՞, այդ աշխարհի դռներն ինչպես բացեմ, երբ բախում են…
Ու նորից հարցեր. Դավիթը բոլոր բառերի բացատրությունն ուզում է իմանալ…
— Մայթը հետիոտնի համար է, Դավիթ, մարդու:
— Ի՞նչ ասել է հետնիոտն, հայրիկ: Արի միասին բառը քանդենք, հավաքենք…
Մենք քանդում ենք՝ քայլելով ու հավաքում՝ քայլելով…

Շախմատի պարապմունք Դավթի հետ: Լուսանկարները՝ Զարուհի Առաքելյանի:

Դուրս եկանք Ազատության հրապարակի միտինգից։ Դավիթն ինձ բաց չէր թողել, ուզել էր՝ ինքն էլ մասնակցի հավաքին… Ազատության հրապարակում միտինգավորներով՝ ես, Դավիթը, տիար Գևորգը, մեր հազար տարվա ընկեր Դիոդ Հրաչը, բաժանվեցինք… Մենք պաղպաղակ ուտելով Հյուսիսային պողոտային զուգահեռ Եզնիկ Կողբացիով իջանք մինչև Արամի խաչմերուկ, մտանք նորակառույց շենքերի բակեր… Չմտնեի՛նք, հա՜… Ի՜նչ հարուստի թշվառություն է… Իմ Երևանի փոխարեն սա՞ վերադարձրիք… Ո՛չ շենքերն են՝ շենքեր, ո՛չ կյանք, ո՛չ խնամք…
— Որ ջղայնացնում են սրանք, ինչո՞ւ ես գալիս, հայրիկ: Արի գնանք…
Արամի փողոցով, այսպես չվերակառուցված-չգործող իմ Երևանի «Մանկական աշխարհ»-ՑՈւՄ-ի մոտով դուրս ենք գալիս Հանրապետության հրապարակին հարակից հրապարակ՝ ջուր խմելու, օդ շնչելու,  Ցոլակ Մլքե-Գալստյանի  նախաձեռնությանը մի մասով մասնակից դառնալու, Դավթի պաղպաղակոտ ձեռքերն ու մռութը շատրվաններում լվանալու… Ինչը Դավիթը մեծ հաճույքով է անում…
— Քիչ է մնում՝ միասին մտնենք ավազանը, չէ՞, հայրիկ…

Հունիսի 19-ին՝ Ազատության հրապարակում: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Մենք շտապում ենք. հիշեցնեմ, որ իմ Շուշան Բլեյանի երևանյան հեռախոսային կապը վերականգնվել է, Շուշանն Օպերայից իջնում է ինձ, Արմինեին ու Դավթին այցելելու…

Շուշանը ոգևորված է իմ հեծանիվով այնքան, որ չի էլ նկատում, որ մազերս կտրել եմ տվել… Շե՛ն մնա իմ հավատարիմ Իսրայել վարպետը… Ես Շուշանին ճանապարհում եմ հեծանվով՝ ցուցադրական մի հատված հետապնդելով Շուշանի տաքսի մեքենային…Առաջիկա իմ ու Շուշանի անելիքը Շուշանի հոբելյանական մենահամերգի օրվա, ձևի ճշտումն է… Իմ 20 տարեկան դարձող ծաղիկ-աղջիկը վճռական է տրամադրված…
— Շուշոն երգի, մենք էլ լսենք-ծափ տանք, հայրիկ,- սիրում է կրկնել Դավիթ Բլեյանը:
Ես ուժեղացնում եմ նրա սպասումը…

Կրթահամալիրի կրտսեր դպրոցների նշանակալի դարձող ճամբարներն ինձ ավելի ու ավելի են գրավում, զբաղեցնում, ինչպես հունիսյան բանգլադեշյան ստուգատեսները՝ իրենց ավարտին՝ 5-րդ օրը, հունիսի 19-ին… Ի՜նչ  լեցուն օր եղավ ուրբաթը՝ ժամը 9-ից մինչև երեկոյան 5-ը, հանդիպումներ, ամփոփում-քննարկումներ, համերգներ անընդհատ, մեկը մեկի հետևից….

Կրթահամալիրի վարժարանի գիտակների ակումբի թիմի շարունակվող հաջողությունը «Զարթոնքի սերունդ» մրցաշարում օրվա համար լավ նվեր էր մեզ Վահրամ Թոքմաջյանի կողմից։ Առա՜ջ, սեբաստացի գիտակներ… Ես Նառա Նիկողոսյանի հետ լավ թափառեցի Նոր դպրոցի ճամբարով… Որքա՜ն բան են փոխել իմ սիրելի Գայանե Սարգսյանի հետ ճամբարականները՝ այս դեպքում՝ սեբաստացի և ոչ սեբաստացի… Մրցաշարային ուսուցման մասին՝ առաջիկայում։ Ճամբարային կյանքը, ինչպես մրցաշար, ինչպես երբ հանդիպում են իմաստն ու նպատակը… Չգիտեմ՝ սրանից ինչ ռոդարիական երկանդամ (բինոմ)  կստացվի՝ որպես ստեղծագործական երևակայության հնար, բայց խթան-նոր կազմակերպում է, փաստ է, ահա… Հաջորդ շաբաթ կմեկնարկեն մեր ճամբարային մրցաշարերը՝ դրանք կլինեն բաց Երևանի, Հայաստանի այլ ճամբարների համար ևս… Լողի, վազքի, հեծանվի, մարմնամարզության…, շախմատի, գիտակների, մաթեմատիկայի…, ստեղծագործական երևակայության, լողափային տեխնոլոգիայի… Ամեն անգամ կրթահամալիրի ամառային ճամբարներից մեկը կարող է դառնալ կենտրոն-կազմակերպիչ… Կարող է և Մայր դպրոցը դառնալ կենտրոն՝ իր գիտակների ակումբով, «Ասպետ» ճամբարին նախապատրաստվող խմբով, Թուրքիայի Իզմիրի միջազգային ճամբարին պատրաստվող թիմով, «Տիեզերք» ակումբով, սեբաստացիական նախաձեռնությամբ, իհարկե, շախմատի ակումբով Առնոլդ Միքայելյանի, որի կազմակերպած կարգային (այս դեպքում տեղին է նաև «կարգին»-ը) մրցաշարով  յոթ 6-10 տարեկան լրացրեց 4-րդ կարգայինի նորման, ստացավ վկայական, իսկ երեխաների մեծ խումբ շարունակում է իր ամառային դպրոցը… Ես խոստացել եմ կրթահամալիրի ճամբարականներին լող ծածկած լողավազանում և ճամփորդություններ հայրենագիտական… Ծածկած լողավազանի էլ. սնուցման վթարը վերացված է, Հունդայի ավտոբուսը՝ նորոգված: Առաջ, ամա՛ռ 2015:

Բարեկարգվում են դպրոցների բակերն ու լողափերը: Լուսանկարները՝ Անահիտ Մելքոնյանի:

Շուշանը-Արևիկը խելացի նվերներ են բերել Վիեննայից… տուփով շոկոլադ ավտոմեքենաներ, ինքնաթիռ, որ օճառաջուր է թափում…
— Դիր սառնարանում, որ չհալվի՝ տեսնեմ…
Մինչև քնելը մի քանի անգամ բացեց սառնարանը, որ տեսնի…
Ուզում էր՝ հանվեր-լողանար ինքնաթիռի հետ…

Առավոտյան, հենց աչքերը բացեց՝ պո՛ւկ, թռավ սառնարանի մոտ… Վերցրեց տուփը, ստուգեց, զմայլվեց…
— Ճոճվեմ, շոկոլադ ավտոբուսներից մեկը ուտեմ, հետո գնամ լողանամ…
Այդպես էլ արեց…. Պետք է տեսնել՝ ինչպես է վայելում… Շուշոն ու Արևիկը ինձ համար են բերել…

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Ինքնաթիռը օճառափրփուր դարձրեց լողավազանը, ու Դավիթը կլանվեց նրանում… Միայն ձայնն է լսվում՝ հայրի՛կ, հայրի՛կ: Ստուգում-բռնում է, որ չփախչեմ հանկարծ հեծանվով…
Ես խաղաղ եմ մեր լեռների պես. հայրությունը՝ Դավիթ հայոց պահապանի զորացման խոստումը իմ տարիքում պիտի հիմնավոր արվի, ա՛յ կյանքի գործ:

Շաբաթ առավոտյան դուրս կգամ հեծանվով… հետո կտեսնենք. Հայաստանը փոքր է, բայց աշխարհին ու կյանքը՝ մեծ: Կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն… Բանգլադեշում մենք ապրում ենք, Բանաստեղծ, թասդ բեր…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ոչինչ պետք չէ — ամենն իմն է. բաշխել եմ ես թագվորի պես…

Այս տողերով եմ արթնացել Զատկի և Մեռելոցի արանքում՝ գիշերը ժամը 3-ն անց կես։ Ես հեղինակային իրավունքը հարգող մարդ եմ ու հղում եմ փնտրում (թե՞ հղիչ) ամենից առաջ։ Եղբորս՝ Ստեփանի հետ

Հիմա սկսում եմ տեսնել ու պատմել, որ օրս գիր է դառնում…

Ասուլիսը իմ ընտրությունը չէ-հաղորդակցվելու կերպը չէ, բայց Հայելու Անժելային հերթական անգամ մերժել չէր լինի… Լավ է, դինամիկ եղավ, խիտ… չհասցրեցի ո՛չ ձանձրանալ, ո՛չ… զայրանալ, ո՛չ էլ ասուլիսից հետո ներկա լրագրողներից

Ա՛յ քեզ վերնագիր՝ կյանքում յուրաքանչյուր պահ հնարավորություն է թերապիայի համար…

Այսպես վստահեցնում է աուտիզմ ունեցող 22-ամյա երիտասարդի մայր Ջանեթ Գրիլոնը… Կրթահամալիրի Կենտրոնում շաբաթ օրն այնքա՜ն աշխույժ էր-մրցակցային. Աշոտ Տիգրանյանի այլընտրանքը, գումարած ինտելեկտուալ խաղի սիրահարները, գումարած Արամ Պետրոսյանի նախաձեռնած՝ կրթահամալիրի պաշտպանության