Վերնագիրը ստացել եմ՝ ձևափոխելով Քըրք Քրքորյանի հայտնի խոսքը… Իմ խոնարհումը մեր Քըրքին… Միշտ կարելի է ուրիշի փողերն ավելի շռայլ ու հայրենանվեր դարձնելու պահանջներ ներկայացնել, մենք չենք կարող մոռանալ 1991-ից սկսած, ամենադժվար տարիներին «Հայաստան» հիմնադրամով թե «Լինսի» ծրագրերով Քըրքի ներդրումը յուրաքանչյուրիս բաժին Հայաստանում։ Ինքն ինչ մեղավոր է, եթե մենք, մեղմ ասենք, լավագույն ձևով չենք օգտագործել նրա միջոցները…

Կարդացի ուղիղ մեկ տարի առաջ 2014-ի հունիսի 17-ի իմ օրագրի մեկնարկում գրածը, առանձնացրի այս տողերը. «Դարձեք 2-5 տարեկանների լողի մարզիչը՝ լողալով նրանց հետ, միասին որպես նախակրթարանային ամառվա առօրյա կարևոր մաս, կազմակերպեք նրանց ծովափը՝ նույնքան կարևոր, որքան ընթերցանությունը, սնունդը: Իսկ մեր 5 տարեկանները սկսել են լողալ մեծ-ծածկած լողավազանում. սրանից ուրախ լո՞ւր՝ օրվա, տարվա»:
Լավ է, որ այս օրերին, մեկ տարի անց, նույն հոգսերն ունեմ ու նույն… պահանջը… Բոլորս մեկ տարի մեծացանք, ծնվեցին նոր երեխաներ, հայտնվեցին տասնյակ ու տասնյակ նոր սեբաստացիներ… լողավազանների թիվն ավելացավ 2-ով… Առանց Սուսան Մարկոսյանի, Սուսան Հովհաննիսյանի, Արմինե Թոփչյանի ամենօրյա քրոջական աջակցության՝ իմ օրագիրն այս հոբելյանը, իհարկե, չէր տեսնի… Պաչիկներ։

Լողափում են Հիմնական դպրոցի առաջին դասարանցիները:
Լուսանկարները` Տաթև Մելքոնյանի:

Թբիլիսիի աղետը սպառնում է Երևանին, եթե կրկնվի 1946թ.-ի սելավը: Թբիլիսիում հունիսի 13-ի գիշերը տեղի ունեցած բնական աղետը, որ խլել է մարդկային կյանքեր, մի քանի տասնյակ միլիոն դոլարի վնաս հասցրել, սպառնում է նաև Հայաստանին: Հայաստանն այս առումով որևէ կերպ ապահովագրված չէ, ցավոք. «Հայհիդրոէներգո» նախագծի գլխավոր հիդրոլոգ Ռոլանդ Մանուկյանի հարցազրույցը պետք է, իհարկե, կարդալ: Աղետների երկիր Հայաստանս… որ այնքա՜ն է կենցաղային առօրյա հոգսերին հանձնված, որ աղետին վերահաս դիմագրավելու ուժ ու ժամանակ չունի… Երևի կազմել են ամենաաղետների թոփ տասնյակ. դրանք են, որ պիտի ուսուցման բովանդակությունը կազմեին, հանրային պահանջների, քննարկումների, լսումների օրակարգեր ձևավորեին…

2-4 տարեկանների կավագործությունը բակում:
Լուսանկարները` Գոհար Սմբատյանի:

Հեծանիվը բարդացրել է իմ, Դավթի ու Արմինեի կյանքը… Իմացե՛ք, առավոտյան պատշգամբից ինձ ճանապարհելուց հետո Դավիթը, ըստ Արմինեի, դառնում է անկառավարելի… Ցուցադրաբար կեղտոտում է ոտքերը, ծնկները քսում պատշգամբի գետնին, կեղտոտում շորերը…
Երբ հեծանիվը չկար, ես ու Դավիթն առավոտները մեկ ժամ և ավելի միասին լողանում էինք, միասին հագնվում-պատրաստվում-կարդում-երաժշտություն լսում-ճոճվում-ծաղիկներ խնամում… միասին աղբ թափում, աստիճանները հաշվելով իջնում… Դեպի Բանգլադեշ ճանապարհն էլ դառնում էր հայրենագիտական. միասին զմայլվում էինք Արարատով, կիրճով Հրազդանի, փոփոխությունները ողջունում… Դավիթը լսում էր իմ անհանգստությունները, ես պատմում էի… Սրա լուծումը ո՞րն է… Միասին կգտնենք ես, Դավիթը, Արմինեն… ու հեծանիվները։ Թող Շուշանը Վիեննայից գա, ողջ ամառ մեզ հետ է լինելու… Խելացի է մեր Շուշոն, արդարամիտ, այսպես չի թողնի՝ դիվան-բաշու կարգավիճակով թող որոշի… Իսկ մենք կարգի չենք բերել դեռ Շուշանի սենյակը… Ես հիմա, գրից հետո, երբ դեռ չեն արթնացել Դավիթն ու Արմինեն, կսկսեմ այդ գործը։

Բնագիտական գործունեությունը 2-4 տարեկանների առօրյայի կարևոր բաղկացուցիչն է:
Լուսանկարները` Լիլիթ Հովհաննիսյանի:

«Ինքնագիր» նախագիծն ընդարձակման հայտեր է ներկայացնում. Էլիզ Բաղդիյանն իր էսքիզով համապատասխան պատ է փնտրում… Մեր Արման Գրիգորյանն ամբողջությամբ նախագծային հոգսերով է… Ա՜յ քեզ ուսուցիչ ու ուսուցում… Արմանի հետ ավելի ու ավելի հետաքրքիր է. շատերն են հիմա Արմանի մասին խոսում՝ Արմանի Գեղարվեստի… Մարգարիտ Սարգսյանը, օրինակ, որ մայիս-հունիսը գործուղում անցկացրեց կրթահամալիրի Գեղարվեստում, ճանաչեց-ճանաչվեց, սիրեց-սիրվեց… Գնահատեց Գեղարվեստը մեր, Արմանին… Նոր լուծումներ ու քննարկում է պարտադրել Մարգարիտը… Սիրով, սպասում եմ… Ես հենց քննարկման համար եմ ու պատրաստ եմ. կրթահամալիրի առաջընթացը քննարկման արդյունք կարող է լինել: Ես սխալական եմ, սիրելիներ, ես մարդ եմ, ես Գրիգոր Խաչատրյանը չեմ… Չեմ սիրում, որ բերանները ջուր են առնում… Կրթահամալիրի այս փուլում ով սեբաստացի է, ով իր առաջընթացը, հեռանկարը տեսնում-պայմանավորում է կրթահամալիրի հզորացմամբ, չի կարող չմասնակցել քննարկումների, չձևավորել լուծումների օրակարգ…

Տոնական գրի առթիվ Հիմնական դպրոցի ծաղկանոցից ամենագեղեցիկ լուսանկարները կրթահամալիրի տնօրենին:
Լուսանկարները` Գոհար Բալջյանի:

Ամենօրյա աշխատանքային ռեժիմում, սիրով, առանց նեղանալու… Ինձ կարելի է և պետք է ասել. ինչո՞ւ նեղանաք… Երբե՛ք: Այդ մեկը մի՛ արեք. լսել կարողանում եմ նաև աղմուկի մեջ, զայրույթի պահին, վճռական գործելիս… միշտ, իմ ականջները բաց են, ես լսում եմ… Խոսե՛ք: Երբ ես ասում եմ ուսումնական ամառ, ամառային դպրոց, նկատի ունեմ, որ կրթահամալիրը՝ իր բոլոր հնարավորություններով, ուժով, բաց ու մատչելի է լինելու յուրաքանչյուր սեբաստացու, ուսումնական յուրաքանչյուր նախաձեռնության, աշխատանքի համար… Սրանով հաստատ մենք եզակի ենք… Օգտվե՛ք բոլոր արվեստանոցներից, բոլոր գործիքներից, կրթական միջավայրը՝ իր ութ կրթական օբյեկտներով, խնամված-հասանելի է լինելու առավոտյան ութից երեկոյան ութը… Կացարանների մասին էլ հո չե՞ք մոռացել… Երեկ Գեղարվեստում այս ներկան էր, որ խմբել էր ինձ, Արմինե Թոփչյանին, Բաբուջյան Կարինեին ու Դիանային Գևորգյան… Որքա՜ն կյանք կա մեր ճամբարներում, տեսե՛ք, որքա՜ն կենսական էներգիա է հորդում տարատարիք սովորողներից… Ով ուզում է, կարող է մի շրջան՝ 10-15 օրով մեկուսանալ, համեցե՛ք… Ամառն իր հունիսի մնացորդով, հուլիսով, օգոստոսով 3-4 այդպիսի տևողություն ունի…

Մենք պատրաստվում ենք շաբաթ օրվա մեր ամփոփիչ-հանրային համերգ-ներկայացմանը՝ հունիսի 20-ին՝ ժամը 19.00, Սիրահարների այգում: Մեզ սպասում են: Մեր Կայ Խաչատրյանը՝ իր երաժշտական լաբորատորիայով, Սյուզի Մարգարյանը՝ իր շոուի ընկերներով, գեղարվեստի, երաժշտության, արհեստների, կինո-ֆոտո ուսումնական կենտրոնները, ակումբներն իրենց զորությամբ հմայք ու գրավչություն պիտի հաղորդեն շաբաթ երեկոյի այգուն, որ երևանցին իմանա, գա ու գոհանա իր ժամանակից, որ կանցկացնի մեզ հետ… Հունիսի 19-ին մենք քաղաքացիական հասարակություն ենք, Ազատության հրապարակում, իսկ հունիսի 20-ին քաղաքացիական հասարակությունն է մեզ հետ լինելու Սիրահարների այգում, մեր կրթական ծրագրի ներկայացմանը, մասնակցելու է մեր կրթական ուրախությանը… mskh.am-ը երեկ իր հաշվիչով, որ ո՛չ ֆրանսիական (ջրմուղ), ո՛չ ռուսական (Ռուսգազարդ), ո՛չ էլ սիթիի (հարկային) միջամտության չի ենթարկվում, գրանցեց օգտատերերի 7000-ին մոտ մուտք… Տպավորիչ է: Այսպիսի հունիս, այսպիսի նախագծային միջամտություն մեր կրթական միջավայրին… Մեկ էլ եղել է 2014-ին. կարդացե՛ք, թերթե՛ք իմ մեկ տարեկան դարձող օրագրի հունիսյան հրապարակումները… Եվ դա լավ է: Թե չէ, որտեղի՞ց, հո մենք այս անձրևի պես չե՞նք, հանկարծ… Մենք մեր կրթահամալիրի Բանգլադեշով պատմություն ունենք, ինչպես իմ օրագիրը:

Ֆոտոխմբագիր Գոհար Բալջյան
#363

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այն, ինչին դու հակառակվում ես, մնում է…

Նախ՝ կրկին շնորհակալ եմ մեր Սոֆիին ու արդարության համար՝ նաև Լուսինե Ալեքսանյանին, որ էլի մերն է, իմ սքանչելի քույրիկներին՝ իրենց թանկարժեք այս նվերի համար… Եղբայրաբար խոստովանեմ, որ սրանով պարտավորեցրիք՝ ցաքուցրիվ

Գիր «Վայ, մամա ջան»-ով երեք անգամ…

Ի՞նչը, ինչո՞ւ պիտի գիշերվա ժամը 3-ին արթնացներ խիտ-լեցուն աշխատանքային օրվա իրիկունը 11-ին հանգած տիարին՝ պատմելու համար իր 1605-րդ գիրը՝ որպես նոր աշխատանքային օրվա առաջին գործ… Գյուղական տնամերձերի խուլ-բարձր-երկար, գյուղական փողոցների երկու

Լսի՛ր ինձ․ լսիր հե՛նց հիմա․․․

Մտքովդ չանցնի այլ կերպ ապրել․․․ Դու շատ բան չունես, դու երբեք շատ բան չես ունեցել։ Դու երբեք շատ չես ունենալու։ Ունենալու գաղափարն այս անհեթեթությունն է, որովհետև դու ծնվել ես, որպեսզի