Օր-գիշերս խառնվել է, ու ես քիչ ժամանակ ունեմ օրվա իմ գրի՝ 355-րդի համար: Իմ տարիքում, իմ ապրածով գրելս ո՜րն է. մեկ է՝ պատմում եմ, գրանցվե՜ր խոսքս, ծրագրով դառնար գիր, տեքստ… Ի՞նչ եղավ էդ համակարգիչ-ծրագիրը, քանի՜ ժամանակ է՝ սպասում եմ: Ղազարոս Աղայանի «Ամիսներ և չորս եղանակ» ստեղծագործությունը շատ եմ գործածում։ «Հունիսը մեզ խոտ է տալիս…». հունիսի 17-ինծնվեց-սկսվեց իմ պատումը։ Ես հանդգնեցի հունիսը դարձնել սեբաստացիների ամիսը՝ չգիտեմ, դժգոհության (օ՜ֆ, էս ինչ էր, էս ինչ կապեց մեր գլխին… շարունակի´ր, ընթերցող) թե գոհության, լողի, համերգի, ճամփորդության, ստուգատեսների ամառային բանգլադեշյան դպրոցի ու ճամբարային ամիս…
Ուսումնական աշխատանքի ամիս՝ հեղինակային կրթական ծրագրով: Հիմա, այսօր ես իմ օրն սկսում եմ հունիսյան օրացույցով, որ սիրով-շնորհքով կազմում է Կարինե Պետրոսյանը… Պիտի բաց չթողնեմ ուսումնական ճամբարների՝ խաղահրապարակներ տեղափոխվող ընդհանուր պարապմունքները, 4-րդ դասարանցիների սպորտլանդիան, Արման Գրիգորյանի՝ ամառային դպրոցի պարապմունքը…
Երեկ, օրինակ, շատ փոշմանել եմ, որ չեմ մասնակցել Գեղարվեստի տանիքի առավոտյան պարապմունքին. ա՜յ հավես, հունիսյան առավոտը՝ տանիքում, դպրոցի հետ, դիմացը՝ Մասիսը…
Իսկ հունիսի 17-ին պատրաստվել է պետք. Արմինե Թոփչյանը սկսել է այս գործը: Նվարդ Սարգսյանին այլևս ոչինչ չի խանգարում, քոլեջի ղեկավարման հավաստագրի քննությունները հանձնած, «էն աշխարհից» վերջապես վերադարձած… Խմբագիրնե՛ր բոլոր կարգի, աջակիցնե՛ր, հասե՛ք, միասին տոնենք, զուգենք-զարդարենք, հանդերձանքը փոխենք, թարմացնենք մեկ տարեկանին մեր նոր՝ մեծ ու փոքր, կոնկրետ-տեղին նախաձեռնություններով… Որպես նվեր կընդունեմ, կսպասեմ, կուրախանամ, թող լայն հասարակությանը «բեհեզներով ներկայանա» իմ մեկ տարեկան դարձող բլոգապատումը… Հունիսի 15-ից սկսվող ու մինչև հունիսի 19-ը ձգվող բանգլադեշյան ամենամյա պլեների, մեր հեղինակային «բիենալե»-ի մեջ հունիսի 17-ը կշողշողա՞… իր ասելիքը-անելիքը կունենա՞… Սառը ցնցուղի ազդեցություն ունենա շոգ հավաքող հունիսի մեջ… ինչպես քիչ առաջ՝ ես, ինչպես արդեն ամեն օր…
Ես կարդացել եմ «Սառը ցնցուղի 10 առավելությունները» մեդիանյութն ու գործի անցել. առավոտյան ցնցուղը սառն է ու ազդում է, կազդուրիչ է: Ես կուզեմ, որ հունիսի 12-ը՝ երևանյան ուսումնական ճամբարների ամփոփիչ օրը, այդպես էլ կոչվի՝ Սառը ցնցուղի օր…Իմ պաղ ջրիկ ու անուշիկ… Էս մանուկին ես ամեն օր տեսնում եմ ձեր՝ բանգլադեշյան մեր ծովերում լողացողների մեջ, որ գնալով շատանում եք…
Դավիթ Բլեյանը դառնում է 3,5 տարեկան. առանց ծեսի նման բաները չեն լինում, եկեք այդ օրը տասներեք մեր լողավազանները կանգնեն ստուգատեսի՝ իրենց բանգլադեշյան լողափերով. եկեք լողափերի բարելավման նախագծերի մեկնարկ հայտարարենք, եկեք սարքի բերենք բոլոր ցնցուղները՝ տանը թե կրթահամալիրում, եկեք այդ օրն առավոտյան ժամը 7.30-8.00 ֆլեշմոբ անենք սեբաստացիական՝ սառը ցնցուղով:
Գնում ենք Արցախ՝ «Ասպետ» ռազմամարզական ճամբար, կարգով, արդեն 4-րդ անգամ. հաստատումն ստացել ենք Արցախի կրթության և գիտության նախարարի կողմից: Լավ է, որ մեր 9-11-րդ դասարանցի տղաների հետ մեզ հարազատ դարձած Բալուջա գետի ափին անտառում կորած ճամբար-զորամասում կկոփվեն, արցախցի հասակակիցների հետ հայրենագիտության իրական դասեր կստանան նաև լիբանանահայ պատանիները: Երեք մեր ավանդական դարձող միջազգային ճամբարները՝ Իզմիրի, Արցախի, Վրաստանի, մեր «Ուսումնական ամառ» ծրագրի գրավիչ զարդերն են դարձել. բոլորի պատրաստությունն էլ ընթացքի մեջ է: Նաև Հայաստանյան: Այս օրերին որոշակի կդառնա նաև մեր վրանային-դաշտային-հայրենագիտական ճամբարի վայրը, ճամբար, որ մեկնարկեց 2014-ին Կուրթան-Ստեփանավանում, ՀՀ պաշտպանության նախարարի հովանու ներքո, ու դարձավ նշանավոր՝ Հնեվանքի անունով: Մեր օրացույցով այս ճամբարն ամենամյա է: