Հասմիկ Ղազարյանի ուսումնական ամառվա հուլիս-օգոստոսին ուղղված առաջարկը իմ փոստում, Կարինե Պետրոսյանի հրապարակած ճամբարական շաբաթվա օրացույցըՆունե Մովսիսյանի՝ հայոց լեզվի քննությունների վերլուծությունը… Ամառային դպրոցի՝ իմ փոստում ավելացող առաջարկները վկայում են թեժ ուսումնական ամառ 2015-ի մասին: Եվ դա լավ է: Վիկա Մարկոսյանի բլոգի «Միասնական» հրապարակումը որպես սառը ջրի շիթ ընդունեցի, օխա՜շ… Չէ, 19-ը բալը չէ, այլ քննություն պարտադրվածին Վիկայի այսպիսի ընդառաջը… Բանգլադեշի այս աղջնակը, որ 4 տարեկանում իմ ծնկին նստած՝ այսպիսի խրոխտ անհատականություն էր, 13 տարի իմ, մեր աչքի առաջ ապրել-գործել է, գրել, առաջնորդել… Մեդիայում ամենահայտնի, կարդացված, ընթերցվող պատանիներից է, ամենասովորական (լավ իմաստով) ընտանիքի զավակ… Ինչո՞ւ պիտի դեռ հաստատեր իր իրավունքը. կյանքով արել է, ու հիմա էլ՝ ինչ-որ մի թեստո՞վ… Ինչո՞ւ պիտի մի քանի համալսարաններ չխլխլեին մեր, Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ դիմած իմ Վիկային, որի եռամյա ուսուցումը Ավագ դպրոց-վարժարանում բաց մասնագիտական քննություն էր ամենօրյա

Օրագրի ընթերցողը հենց Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում ինձ հարցնում է… պոլիտեխնիկի ռեկտորի ընտրությունների մասին… Ես դեռ չգիտեմ, որ քիչ հետո քիչ այն կողմ հանդիպելու եմ իմ հարյուր տարվա գործընկերոջը Շարժման օրերից՝ Հովհաննես Թոքմաջյանին՝ պետական ճարտարագիտության համալսարանի (ազգային պոլիտեխնիկական համալսարան կամ պոլիտեխնիկ) ռեկտորի պաշտոնակատարին, ում տեսանյութ-հարցազրույցն այդքա՜ն ոգևորել է իմ զրուցակցին:

Աշոտ Մանուչարյանի հոր՝ Տերյանի անվան թիվ 60 դպրոցի՝ երկար տարիների տնօրենի, մեր՝ երեք Աշոտներիս մանկավարժական-քաղաքական գործունեության քննադատի ու պաշտպանի հոգեհանգիստը եկեղեցում սպասված-մարդաշատ է… Եվ բնական է, որ մարդիկ են այցելել բազում, ովքեր վաղուց միմյանց չեն հանդիպել… Դեմոկրատական հարթակ է եկեղեցու մեծ բակը՝ փոփոխվող խմբեր կազմելու՝ ամենատարբեր, այդ թվում՝ պոլիտեխնիկի հարցը քննարկելու համար, Հովհաննես Թոքմաջյանից հավելյալ տեղեկություններ ճշտելու համար

Ավագ դպրոց-վարժարանի ճամբարային առօրյան: Լուսանկարները՝ Մարթա Ասատրյանի:

Հարթակում կա մի դիրք, որը սքանչելի դիտարան է Մասիսի համար. քչերը գիտեն, ու ես չեմ զլանում զրուցակիցներիս այդ դիտարան ուղղորդելուց…

Վերջին երեք տարում երեք անհատ՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյան, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի  նախկին ռեկտոր Արա Ավետիսյան, Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի նախկին ռեկտոր Հովհաննես Թոքմաջյան, անշուշտ տարբեր, բայց ուժեղ անհատականություններ, դոկտորներ-պրոֆեսորներ, կենսագրությամբ մարդիկ, չեն տեղավորվում ռեկտորի համար վերապահված հնազանդ-կամակատարի շրջանակում… Եվ երեք դեպքն էլ ցույց է տալիս, որ համալսարաններ դարձած մեր երեկվա բուհերն ավելի կախված են կառավարությունից, և՛ վարչական, և՛ տնտեսական առումներով, ակադեմիական ինքնավարությամբ՝ նկատելի սահմանափակ, քան տարիներ առաջ, 1990-95 թթ-ին, քան… Ամեն օր… Հաստատության կառավարման ձևական խորհուրդներ, դատապարտված-կանխորոշված ընտրություններ… Թոքմաջյան Հովիկին՝ իմ հին ու լավ բարեկամին, հաջողություն եմ ցանկանում, չգիտեմ՝ ինչով կարող եմ օգնել, խորապես ցավում եմ մեր համալսարանների այսօրվա վիճակի համար: Ուզում եմ կրկնել, որ Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԿԲՏ) նախարարական գագաթաժողովի նիստը օրեր առաջ՝ մայիսի 15-ին կայացավ Երևանում, ուրիշներին, այլոց ուղղված և նրանց ցուցադրելու արտաքին ակցիա չէ, այլ պիտի լիներ մեր՝ բարձրագույն համալսարանական կրթություն տվող համալսարանների խարտիա, որին մենք անդամագրվել ենք ներքին պահանջով ու գիտակցմամբ: Ի՞նչ երկարացնեմ, խարտիայի հռչակագիրն իմ ընթերցարանում է:

Ճամբարային-լողափնյա պղպջակներ: Լուսանկարները՝ Դիանա Գևորգյանի:

Թուրքիայի՝ թուրքական հասարակության, թուրքական պետականության կենսունակությունը նոր դրսևորում ունեցավ Թուրքիայի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում: Թուրքիայի՝ 13 տարի իշխող Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կորցրեց միայնակ կառավարություն ձևավորելու իրավունքը: Թուրք հասարակության զարգացման մակարդակը պահանջեց բազամակուսակցության նոր մակարդակ՝ կոալիցիոն կառավարության և արդար-բարդ ընտրություններով հասավ դրան: Թուրք ժողովրդին 13 տարի բարգավաճում և ապահովություն բերած, թուրքերի ճնշող մասի վստահությունը վայելող Էրդողանն ու իր կուսակցությունը ստիպված եղան ընդունել քաղաքական նոր իրավիճակի գերակայությունը ընտրություններով… Սա եմ ես անվանում արդարություն և զարգացում, որպես հասարակություն՝ բացվող-շատացող, որպես պետություն՝ հանրապետական-աշխարհիկ-հզոր…

Մեզանում, Հայաստանում՝ Արտաշատ, Աբովյան, Ալավերդի քաղաքներում, 32  համայնքներում ընտրություններ էին: Նշված համայնքներից 18-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 12-ում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: «Տեղական» վերածննդի, կալվածքների վերահսկման իրավունքի ձևակերպման պրոցեդուրաներ… ինչպես բուհերում, համալսարաններում, քոլեջներում, դպրոցներում… Մեկ բառով՝ անշարժություն… Մեզանում հաստատվող-չնահանջող անշարժությունը  հաղթանա՞կ է…

Ամառային լողափ-պարտեզ: Լուսանկարները՝ Օլյա Մանդալյանի:

Դավիթ Բլեյանի հետ վերընթերցում ենք  «Սասունցի Դավիթը». ժամը 7.00-7.15 առավոտյան ես նստում եմ Դավթի մահճակալի եզրին, կարդում Թումանյան Հովհաննեսի՝ մեզ հիացմունք պարգևող էպոսի մշակումն այնտեղից, որտեղ նախորդ օրը դադար էինք տվել: Այսպես կտոր-կտոր, ամեն առավոտ, 15 րոպե: Դավիթը, իբր աչքերը փակ, իբր քնած, ո՜նց է լսում… Մեկ հարց, մեկ, իբր վրիպում, ու արթուն է մեր ունկնդիրը… 7.30 իջնում է մահճակալից՝ երեկվա իր անցուդարձի հարցադրումով…
— Տես, հայրիկ, հագել եմ նոր կոշիկ՝ առանց գուլպաների։
Իսկական Սասունցի Դավիթ…

Այցելեցինք միասին իմ աղջկան-թոռնիկին՝ Դավթի Տաթև-Արևիկ քույրիկներին, նրանց մայրիկ-տատիկ Կարինե Ջանոյանին, ում մասին շարունակում է հետաքննությունը… Կարինեն, Դավթի նկատմամբ իրեն բնորոշ անկեղծությամբ ու ջերմությամբ, շարունակում է հետաքրքրել Դավթին՝ ո՞վ է, ինչո՞ւ են Տաթևիկն ու Արևիկը շարունակում ապրել Կարինեենց տանը…
— Շուշանը Վիեննայից գա, որտե՞ղ է ապրելու. չեմ ուզում՝ Կարինեենց տանն ապրի, թող գա մեր տանն ապրի՝ Շուշանի սենյակում… Ես կմաքրեմ-կզարդարեմ սիրուն… թող հիմա՛ գա…
— Հայրի´կ, ինչո՞ւ մայրիկը հեծանիվ չի քշում, այլ մեքենա վարել է սովորում… Ինքը հեծանիվ ունի, ե՞րբ է հեծանիվ նստելու…
Այս հարցը զարմանքի չափ հետաքրքիր է Դավթին…
— Ե՞րբ ես կկարողանամ մայրիկի հեծանիվը քշել…
Իսկ Արևիկին ու Տաթևիկին այցելեց մետրոյով, իր ընտրությամբ.
— Մետրոն ամենաարա՞գն է գնում… Դրա համա՞ր են մարդիկ մետրո նստում. հա՛մ հեծանվից է արագ գնում, հա՛մ մեքենայից, հա՛մ էլ տրոլեյբուսից…

Ծնողական-ուսուցչական հանդիպում-հավաք Դպրոց-պարտեզի 4-րդ դասարանի սովորող Ռոբերտենց տանը: Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Արևիկ քույրիկը ամեն օր հասունացող օրիորդ է. այս ե՞րբ այսպես… Հեշտ-սիրելի է Արևիկի հետ… Ինչքան խոսես, քո օգուտն է՝ կխելոքանաս, նրա սերնդի հայացքը քոնը կդառնա, հասկանալի-ընդունելի…
Արևիկը զգուշանում է Դավթից՝ հիանալով.
— Աշոտ պապի´կ, իսկական գազան է մեծանում…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ծնունդը ծրագիր է, ու ես՝ ծրագրերով լեցուն… Ցնծությո՜ւն ծննդյան…

Ամենաուժեղ տպավորությունը ես ստացա… Ջնջում եմ՝ այս գերադրական ածանցը, հիմա ու այսուհետ՝ հետևողական… Տպավորություն ստացա, որ տեսեք՝ անանց է, այնքան ազդեցիկ, որ սկսում եմ իմ 1502-րդ գիրը… այդ տպավորության ազդեցությունը

Կիրակնօրյա ընթերցարան

  Երեխայի մոտ սոցիալական հմտություններ (մարդկանց հասկանալու երեխայի ընդունակությունը) զարգացնելու համար ծնողները պետք է ուշադիր լինեն նրա զգացմունքների և մտքերի նկատմամբ: Օրինակ՝ մայրը խաղի ժամանակ պիտի խոսի երեխայի հետ, հարցեր

Մաքրվող ավերակների տոնական արձագանքը. լսո՞ւմ եք…

Պիտի դառնաս անանուն այցելո՞ւ, որ Նորոյի, Վիկայի, Դավթի, Գոհարի, … Նունե Մովսիսյանի պես հայտնի բլոգերները քեզ կարդան… Է՜, դարձե՛ք, որ …. անուն ձեռք բերեք: «Հա, ամեն ինչ փլվեց և ասես