Իսկ պատերն ամենուր են, այնպես, այնքան ու իսկական, որ ձգվում են նաև Խանջյան-Հաղթանակի կամրջով Ծովակալ Իսակով-Բաբաջանյան, Րաֆֆի-Սեբաստիա-Իսակով-Հաղթանակի կամրջով Խանջյան ճանապարհների երկարությամբ, աջ թե ձախ… Հատկապես Իսակովի պողոտայի պատերը՝ թե՛ աջից, թե՛ ձախից… խո՜ւլ պատեր՝ դեսպանատան պատեր, ոստիկանության զորքերի, զորանոցի պատեր, ուտուշ-խմուշի պատեր, դղյակների պատեր… Սովորելու բան չէ. խուլ պատերը ոչ մի դրական զգացում չեն առաջացնում, դրանք տեղին չեն ո՛չ քաղաքում, քաղաքաշինական միջավայրը զրկելով թափանցիկությունից, ո՛չ բնության մեջ՝ աղճատելով, քեզ զրկելով հեռանկարից, կտրատելով-կոտորակելով ամբողջական ծավալները բնական… Իհարկե օրենքով պիտի կարգավորվեն, օրենքով պարտադրվեն, օրենքով արգելվեն, բայց ինձ անհանգստացնում է սովորական մեր մարդու ճաշակը, հայացքը, պահանջը: Այստեղ են ասել՝ պատին ես առնում… Մի պահ պատկեցացնենք՝ ոստիկանության զորքերի զորամասի և ոստիկանության ակադեմիայի տարածքները՝ առանց պատերի… Այ, կլիներ նոր ոստիկանության գովա՜զդ… Թե չէ, կշարունակի թվալ՝ ահավոր բան կկատարվի այնտեղ, խուլ պատով ծածկում են…
Հունիսի 5-ը՝ շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրը (թե չէ, գիտեք, ես ամեն օր դրանով էլ զբաղված եմ՝ գիշեր-ցերեկ, 24 ժամ անընդհատ պոստի եմ, որ ոչ մի ոտնձգություն չլինի իմ Հայրենիք դարձած շրջակա միջավայրի՝ իմ Բանգլադեշի ու նրանից դուրս տարածվողի վրա), ես նշանավորեցի հեծանվով մեկ օրում ամենաերկար ճանապարհաքշումով: Բացի իմ ամենօրյա տուն-աշխատանք-տուն, ներկրթահամալիրային անցուդարձից, որ իմ հեծանիվը ավելի ու ավելի թեթևությամբ է անում, ես մասնակցեցի Սիրահարների այգում բնապահպանական ակցիաներին… իհարկե, հեծանվով, շորտով, ամառային: Ուղիղ ժամը 11:00 այգում էի։ Օրբելի փողոցը հեծանվով չէի անցել՝ անցա, անցա ուրիշ թեթևությամբ, հաղթարշավի էր նման, Բաղրամյանով… Իսկ Սիրահարների այգուց Բաղրամյան-Մոսկովյան-Ծովակալ Իսակով-կրթահամալիր-Նոր դպրոց ճանապարհն անցա խաղալով, ծափ տալով… ջա՜ն…
4-րդ դասարանցիների գիտելիքների ստուգումն սկսվեց բացօթյա ընդհանուր պարապմունքով:
Կարևոր էր, որ սեբաստացի ուսուցիչների հեծանիվ բարձրանալու 1-ին խմբի պարապմունքը կայացավ երեկ, օրվա վերջում: Մեր նոր գործընկերը՝ մանկապատանեկան մարզադպրոցը՝ իր ղեկավարներով, մարզիչներով, բարեխիղճ-սիրով պատրաստվել էին 1-ին հանդիպմանը, 12-13 սկսնակ հեծանվորդ-ուսուցիչներ դրսևորեցին վճռականության պատշաճ ջանքեր… Եվ այսպես՝ շաբաթը 3 օր, մինչև ինքնուրույնանալը… ինչպես ես, որ մասնակցում էի, իհարկե, 1-ին պարապմունքին իմ հեծանվով։ Մեդիակենտրոն-հեծանվադպրոց, որ 1-ին մասում է՝ «Գործարանային» կայարանի հարևանությամբ, ճանապարհն անցա 20-25 րոպեում. նոր ուղի էր ինձ համար հեծանվորդի, որքան էլ ճանապարհը քանի՜ տարի ու օր՝ ծեծված: Պարապմունքից հետո էլ սիրով-բարեխիղճ հաղթահարեցի Արշակունյաց պողոտան… Գումարեցի՞ք, հաշվեցի՞ք. անցա 50 կմ-ի սահմանը մեկ օրում: Մենք պատրաստվում ենք 1-ին հեծանվային արշավին…
Նոր դպրոցի նորաբաց նախակրթարանի նվեր-լողավազանով մեր Բանգլադեշի լողափերի թիվը ավելացավ մեկով, իսկ ավազանների թիվը դարձավ 13: Կատակ գործ չէ խնամված-հետաքրքիր-զարգացող-հիգիենիկ այս ուսումնական բացօթյա լաբորատորիաները ուսումնական վիճակում պահել՝ որպես ուսուցողական միջավայր տարատարիք սովորողների համար՝ 2-5 տարեկանների, 6-10 տարեկանների, 11-14 տարեկանների համար, բոլորն էլ ճամբարական:
Ուսումնական բանգլադեշյան ճամբարի՝ հունիս 1-ով սկսված առաջին շաբաթը հակաբացիլ-առողջահաբ երաժշտության ստուգատեսով նշանավոր եղավ, հունիսի 8-ից սկսվող 2-րդ շաբաթը՝ առողջաբեր-հակածույլ ու զվարթ լողով: Մեր բոլոր վեց տարեկանները, բոլոր չորրորդցիները պատրաստվում են հրապարակային ներկայացնելու լողի յուրացման ուսումնական ցուցանիշները: Կտեսնեք, էլի, ինչու երկարացնեմ: Իսկ հունիսի 12-ին՝ ժամը 15:15, համեցեք Մարմարյա սրահ, տեսեք՝ ինչպես է լցվում որպես ավազան բանգլադեշյան լողափերից ձգվող ճամբարականների գետերով… ծովափ-ուրախության-համերգի մասնակցեք: Ամենօրյա լողը Բանգլադեշում տարատարիք ճամբարականների համար՝ իսկական, լողացող, բնապահպանական միջավայր ստեղծող ուսուցիչ-ջոկատավար կազմակերպիչ է պահանջում, ենթադրում: Թոթափեք ուսուցչությունը, հոգսերը բազում, եղեք ընկերներ՝ հագնվեք ինչպես ճամբարականները, նրանց հետ ապրեք որպես ճամբարական: Սա է:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Հունիսի 8-ից 12-ը մենք բանգլադեշյան ուսումնական այդպիսի ճամբարների ստուգատես ենք հայտարարել. կկարողանա՞նք երևանցիներին ներկայացնել այն, ինչ բոլորը գիտեն ու… չգիտեն, իհարկե: Ուզում են իմանալ, յուրացնել, տարածել… տեսնենք: Մերը՝ հեղինակելն է, մշակելը, կազմակերպելը, տարածելը… Այ, ուսումնական ճամբարը՝ հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանով, ուսումնական օրացույցով որոշված ճամբարը տարածելուն ուղղված ներկայացումների շարք պիտի անենք: Ո՛չ մեր կյանքից կտրված, ձևական ներկայացում, այլ մեր ամառային ուսումնական ու բնական աշխատանք:
Սոնա Հովհաննիսյան թոռնուհիս ու Դավիթ Բլեյան որդիս օրվա վերջում չբաժանվեցին, իրենց կրթահամալիրի Բանգլադեշի Դպրոց-պարտեզից հետո երեկոն անցկացրին մեր տանը… Մելինե-Մարիամ Մարտիրոսյան քույրիկները, այս օր օրի օրիորդացող-հմայքը բազմապատկող, սրանով քաղաքի ամենաերկվորյակները, հատուկ վերաբերմունք ունեն Սոնայի նկատմամբ: Մելինեն փրկեց երեկոն ու Արմինեին, առանցք դարձած՝ հավասարակշռություն հաղորդեց այս պայքարող քրոջն ու եղբորը:
Ամառային բացօթյա պարտեզ: Լուսանկարները՝ Օլյա Մանդալյանի, Լիանա Գարախանյանի:
Միասին լողացին, լա՜վ թափեցին… Սոնան պնդում է, որ Դավիթն է թափել, միայնակ, ու մանկավարժորեն հիմնավորում է, որ Դավիթն էլ պիտի հավաքի.
— Հո այսպես չի՞ մեծանալու, Աշոտ պապիկ…
Սոնան՝ ավելի ու ավելի հասուն… իսկական Սոնա. Լիլիթ Բլեյանն իմացել է՝ ում է բերում, ինչ անուն է դնում, գիտի նաև՝ ինչ է լինելու.. Իսկ Դավիթն էլ, որ հնազանդ մեկ տարի առաջ հանձնվում էր Սոնայի սատանայություններին, ավելի ու ավելի տղա՝ պատրաստ ուժով դիմագրավելու Սոնայի մանկավարժությանը, դիտակտիկային՝ թելադրանքին: Առանց Սոնայի չի կարող, չի ուզում, բայց չի՜ զիջի… տեսարա՜ն:
Սոնան շատ էներգիա ծախսեց, ուժասպառ եղավ ու քնեց ներքնակին:
Լիլի՜թ ջան… Ի՜նչ բարեխիղճ, քնքուշ է անում մայրությունը. հեշտ աշխատանք չէ դա Աժ պատգամավոր Վահե Հովհաննիսյանի օգնականի, բառիս բուն, ոչ իրավական առումով օգնականի գործառույթների հետ մեկտեղելը: