Ես ուզում էի շոգին հեծանիվ քշել. ես շատ էի ուզում երեկվա շատ շոգին հեծանիվ նստել՝ ես միայն դա էի ուզում… Հեծանիվն ազատություն է, ու ես ինքս իմ հեծանվի հետ դուրս եկա անշտապ… Թվում է՝ ճանապարհին բոլորն ինձ են սպասում… Այսպես սպասված-սիրված ես ընթացքի մեջ էի մեկ ժամից ավելի անշտապ ու վայելում էի շոգը լիուլի, մեկուսի. ոչ ոք ինձ չէր խանգարում, ավելին, ոչ ոքի մտքով չէր անցնում այդ:

Աստված է՛լ բեթարից ազատի… Մինչև չգա ետինը, չի հիշվի առաջինը… Փորձված թանն անփորձ մածունից լավ ա… Սրանք մեր անշարժ՝ հասարակական-քաղաքական-անձնական վիճակի, մեր՝ փոփոխություններից խուսափող մարդու հիմնավորումները չե՞ն, որ որպես կենսափորձ դուրս է բերել ժողովուրդը մեր ու բերանացի (որ հանկարծ անհատից՝ մեկից-երկուսից կախված չլինի, փոխվի կամ կորչի գնա) փոխանցում է՝ որպես վարք հասարակական… Բեթարից (վատթար) պետք է ազատվել, է՛լ բեթարից ազատվել. պիտի փոփոխություն լինի… շարունակ փոփոխություն լինի, թե չէ բեթարից ազատվելուն պես կհաստատվի նոր բեթարը, է՛լ բեթար… Ի՞նչ անես էս է՛լ բեթար դարձող կյանքը… Հիշում եմ, ժամանակ կար, երբ շատ էր լսվում՝ էսպես էլ մնա, լավ է։ Հիմա չի լսվում. ոչ ոք չի ուզում, որ էսպես մնա… Էլ բեթարը սրանից ո՞րն է…

Այնպես չէ, որ երբ իմ շրջապատում փոփոխություն է կատարվում, չեմ նկատում… Շրջակա միջավայրի միջազգային օրվան ընդառաջ ամենաողջունելի փոփոխությունը՝ Բաբաջանյան-Րաֆֆի փողոցների (իսկական պողոտաներ բանգլադեշյան) անկյունում բարեգործական ճաշարանի պատը քանդվում է թափով… Մեդիակենտրոն-Մայր դպրոց իմ հեծանվի ճամփին էր՝ շնչիս նստած, ո՜նց եմ ազատվում… Բրավո՜… իսկական նվեր… Ոչինչ պետք չէ. պատը հիմնովին հանեն, ու մարդկանց կյանքը կսկսվի ինքն իրեն փոխվել… Ես ասում եմ՝ մեքենայից իջե՛ք ու քայլե՛ք, հեծանիվ նստե՛ք, և կկանխվի էլ բեթարը՝ բեթարի հետ չհաշտվելով…

Պատշգամբը՝ պարտեզ նախագիծը Մայր դպրոցում: Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի:

Հիմա Հարավարևմտյան զանգվածի Բ-4 թաղամասը (Բաբաջանյան պողոտայի 2-40 շենքեր. կրթահամալիրի Դպրոց-պարտեզի թաղն է) բարեկարգում են… Մի՛ արեք մետաղյա պատնեշներ, բորդյուրներ՝ շարքով երկար ու կրկնակի, իբր սիրուն. մի՛ արեք պարիսպներ մանկական այգու՝ քարապատ-մետաղազարդ, իբր սիրուն. մի՛ արեք՝ բեթարը մի՛ հաստատեք… Բալզակը սա անվանում էր «փաթեթավորված պոռնկություն»… Թաղամասը մաքրվելու կարիք ուներ կիսատ-պռատ վաղուց մոռացված շինություններից, կիսապարիսպներից, կիսապատերից… Մաքրվեր ու մաքրվեր, մի քանի մեքենա բուսական հող բերվեր, մի քանի մեքենա գունավոր ավազ-խիճ ու ոռոգման նոր ցանց… Բնակիչները դուրս գային, նրանց մեջ մի ճաշակավոր նկարիչ-պարտիզպան կգտնվեր, կբարեկարգեին, կջրեին, կկանաչապատեին՝ անպատ, անպարիսպ, անցանկապատ, անբորդյուր, անասֆալտ, անսալիկ… Ջուրը ցայտե՜ր թաղով. թաղը կդառնար սիրահարների՝ կյանքը ապրողների այգի…  բնակավայր գրավիչ…

Ինչի՞ց է սկսվում հասունությունը. այս շրջանում հաճախ է առաջանում այս հարցը… Օգնո՞ւմ է հանրակրթական, հիմնական թե միջնակարգ, շրջան ավարտելը հասունությանը… Սկսո՞ւմ ես ոչ միայն գիտակցել, այլև խնայել ու խնամել նրանց, ում դու պարտական ես՝ ծնողներիդ, իհարկե, ավագ քույր-եղբայրներիդ, հարազատներիդ, ընկերներիդ… ուսուցիչներիդ, դպրոցդ, երբ հայտնվեն խնայել-խնամելու այս ցանկում… Ո՞ր տարիքում, հասունության ո՞ր փուլում ես դառնալու հասուն, ոչ թե որպես բաժակաճառ, տոնից տոն, հավաք-միջոցառում, այլ երբ գիտես՝ ինչով ում ես պարտական, ու խնամում ես… Քո ուսուցչին թոշակ ես նշանակում, պարգևատրում՝ «Ես, ամեն ամիս»… Դու՝ անուն-ազգանուն, առնում ես քո խնամքի ներքո սույն անուն-ազգանունով մարդուն, իրավաբանական անձին, ում պարտական ես… «Ինչո՞վ կարող եմ Ձեզ (քեզ) օգտակար լինել»՝ հարցրու. կասի՝ լավ, չի ասի՝ դու հո գիտե՜ս իր կարիքների շարանը… Հիմա այս հարցը՝ «Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել», չի հնչում… Ի՜նչ անկարող դարձանք, խնամելու կարողությունից ո՜նց զրկվեցինք… Էլ բեթա՞ր…

Շրջակա միջավայրի պահպանման  միջազգային օր. Սիրահարների այգում: Լուսանկարները՝ Սուսան Ամուջանյանի:

Զարմանալի կին է մեր տնտեսուհի Էլյան, միշտ պատրաստ քեզ օգնելու. Անդրանիկի 92/1 հասցեում գտնվող շենքը, որ քանի՜ փոփոխություն կրեց՝ արհեստագործական, վարժարան, արհեստագործական, քոլեջ, քոլեջ-արհեստագործական… նրա խնամքի տակ է մշտական… Ուրախանում է, լսո՞ւմ եք, նոր մարդով, խմբասենյակով, թաղարով… ջրով… լողավազանով… Կյանք է սիրում. ցանկացած բան, որ կենսաստեղծ է, առնում է իր խնամքի տակ… Հիմա հավատում է, որ ոռոգման ամբողջական համակարգ կունենա շենքը, տարածքը, ու շտապեցնում է ինձ.
— Շուտ արա, պրծի, հանկարծ կիսատ չմնա…
Ջուր կա՝ ջրում է… տնկում է… փորում է… խնամում է… Կարո Մանդալյանը, հիշո՞ւմ եք, մեր օգնությամբ ի՜նչ անկենդան տարածքի էր վերածել լողավազանը… Հիմա ես հեծանվով, Մերի Խանջյանի սաների հետ, որ եկել են տիկին Շողիկ ծաղկաբույծին՝ Էլյայի կոմպանյոնին այցելելու, կանգնած եմ այս օրերին մաքրված-ներկված-կյանքի բերված լողավազանի կողքին… որ ջրով լցված է… Մնում է մտնել ու լողալ… Էդ է՞լ Էլյան անի… թող իր Սոնա աղջիկը, թոռն անեն…

Վերելակ մի՛ նստեք Երևանում, մի՛ նստեք ու վերջ. մահացու է, հիմա էլ հինգ տարեկան երեխայի համար… Բայց ի՜նչ մարդիկ են. գիտեն, որ վերելակները մահաբեր են, ու տեսեք՝ փողը, ժամանակը ինչի՜ վրա են ծախսում… Թող դրանք դառնան բեռնատար միայն: Երբ ծանր բեռ ունեք, թո՛ղ առանց մարդ բարձրացվեն վերելակով… Աստիճանով հարկ բարձրանալուց օգտակար զբաղմո՞ւնք. ո՞ւր եք շտապում, աստիճան-աստիճան բարձրացեք… Հեծանիվն էլ, իմ նման, թողեք կայանատեղում… Այս ամիս անպայման կայանատեղիներ կհայտնվեն կրթահամալիրի բոլոր ութ շենքերում… Հետո կավելանան: Իսկ վերելակ մի՛ նստեք: Խնդրում եմ:

Միջին դպրոցը ձևավորում է իր միջավայրը: Լուսանկարները՝ Մարիետ Սիմոնյանի:

Շենքերի կենտրոնացված աղբատարներից էլ ազատվեք… ո՞նց են հանդուրժում մեր բնակիչներն այս վիճակը: Աղբարկղերը դուրս բերեք փողոցներ, մայթեր… Ամեն առավոտ, ինչպես ես ու Դավիթը, տանից դուրս եկեք, աստիճան-աստիճան հաշվեք ձեր ունեցածը, աղբը տոպրակով դրեք փողոցի աղբարկղը…

Շրջակա միջավայրի բարելավման օրվա կոչեր եղան՝ որպես միջավայրի ինքնախնամքի ուղեցույց.

ա) Վերելակ մի՛ նստեք, քայլեք աստիճաններով։
բ) Ազատվե՛ք բարձրահարկերի աղբատարներից։
գ) Հեծանիվ նստե´ք… Իջե´ք մեքենայից։
դ) Ձեր պատշգամբը վերածե´ք պարտեզի…
ե) Թթի ծառի մոտ կանգնե´ք, թութ կերե´ք… բալն էլ հասնում է…
զ) Ձեր շենքի շուրջը ձեր լցրած մետաղից, ձեր բերած ընտրակաշառք ասֆալտից, բետոնից ազատեք…

Մաքրում ենք սուրբ Երրորդություն եկեղեցու հարակից տարածքը, տեղեկացնում ենք դպրոցի մասին, պաղպաղակ ենք ուտում, անիվների վրա ենք: Լուսանկարները՝ Մանուշակ Աբրահամյանի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դե, զընգը, զընգը, զընգը, ջա՜ն… անպայման գարուն

Վահան Սերոբյանն իր Արև-քույրիկով, Տաթև-Սամվել հայրիկ-մայրիկով, այս տեսքով, ջա՜ն գառնուկ, ուր էլ գնան-գան, գալները բարի, գարունք են բերում… Տաթև աղջիկս, ընտանյոք հանդերձ հայրական օջախում՝ գերազանց է:       Լուսանկարները՝

Անդրադարձ համար երկու

Որ իմ նախաձեռնությունը Նոր ուղի հարթակում չհնանա, շարունակություն ունենա, որ անդրադարձը իմ քաղաքական արխիվին պարբերական դառնա, որ կարգապահ դառնան Նոր ուղու հետևորդների տեղեկացմանն ուղղված հրապարակումները, թող դրանք լինեն շաբաթական։

Մարդկային կյանքի աչքի զարնող երևույթներից մեկը

Պարն է, ըստ Կոմիտասի։ Պարն ամբողջովին ենթակա է շեշտի, հանգի և եղանակի օրենքներին… Հայ  գեղջուկ պարի ժամանակ սովորաբար նվագարաններ չեն մասնակցում: Հայ ժողովուրդը պարում է երգելով: Մեր հին նախնիքը երգելով պարելուն