Զարմացա-հիացա-ն ես հիմա հաճախ եմ միասին գործածում. այ, mskh.am-ում Նոր դպրոցի երկրորդ դասարանի, ղեկավար Աշխեն Գրիգորյան, «Աշխատանքային երգեր» նախագծի մեդիաամփոփում-ներկայացումը նորից առաջացրեց այդ զարմանք-հիացմունքը… Իհարկե, այսպիսի սեբաստացիական միջավայր է անհրաժեշտ այսպիսի նախագծային ուսուցման համար՝ իր ազատ, խթանող-ներառող միջավայրով, կոնկրետ անձանցով՝ երաժշտության ուսուցչով՝ Տաթև Ստեփանյանով, այսպիսի երկարօրյա կազմակերպչով՝ Աննա Ստեփանյանով, այսպիսի ծնողով՝ Գայանե Էլիզբարյանով, որ Ֆանտան գյուղ տարավ Աշխենին և սովորողներին՝ աշխատանքային երգերի իրական միջավայր տեսնելու, այնտեղ լինելու…
Նոր դպրոցը Լուսագյուղի բարձունքին:
Լուսանկարները` Կարինե Պետրոսյանի
Մեզանում «Բարձունքի նվաճում» ինքնաբուխ, «ինքնիրեն» իրականացված նախագծերի չվերջացող շարանը ցույց տվեց այս տարիների գլխավոր նվաճումը՝ հեղինակային կրթական ծրագիրը կրող, կրթական որոշակի մակարդակում (հեղինակային կրթական ծրագրեր՝ 2-4 տարեկանների, 5 տարեկանների, 1-3-րդ դասարանների, 4-5-րդ դասարանների, 6-8-րդ դասարանների, 9-րդ դասարանի, 10-11-րդ դասարաների, 12-րդ դասարանի) երեխաների խմբի (խումբ, դասարան, ակումբ, սովորողների ընտրությամբ խումբ, լրացուցիչ կրթության խումբ, երկարօրյա խումբ) ուսումնական աշխատանքը կազմակերպող-պատասխանատուների տպավորիչ աճը։ Այսպիսի ընկերակցությունը պահանջում է անհատի ինքնուրույնություն՝ ինքնավարության ներուժի լիարժեք գործածմամբ, սեբաստացիական կարգերի վերանայում, որ առաջնային դառնան ինքնազարգացումը, ինքնահսկողությունը, ինքնագնահատումը, նախաձեռնողականությունը, անհատական պատասխանատվությունը….
Միջին դպրոցը Թեղենիսի բարձունքին:
Լուսանկարները՝ Վարդուհի Հայրյանի
«Բուն TV»-ում Սերոբ Խաչատրյանի հետ հաղորդումը իրական զրույց է, երբ նախօրոք չգիտեմ՝ ինչի մասին ենք կոնկրետ խոսելու (չգիտեմ տրվելիք հարցերը) իմ հարգելի գործընկերոջ հետ… Ձևաչափը անկաշկանդ, անմիջամտել (զրույցի մոնտաժը նվազագույնի է հասցված) զրույցն է, ինչի հնարավորությունը, չնայած բազում եթերների, չես ունենում… Ահա ինչու՝ դիտեք-լսեք մեր զրույցը՝ որպես մի տեսակ ամփոփում իմ մայիսյան գրերի… Ամբողջանա սրանով գիրը օրվա, հատկապես որ Արմինե Թոփչյանն ընտրել է իմ սրտով գլխագիրը նյութի։ Գիտեք՝ չվստահելու խնդիր չկա. ես ավելի ու ավելի հրաժարվում եմ վերակացուի գործառույթից. սա, այսպիսի վերջնական հրաժարումը ենթադրում է, որ հավաքանիով նույն գործն ենք անում՝ կրթական ծրագրի մշակման, կազմակերպման, տարածման բոլոր փուլերում… Այս հարցադրմամբ նայեք 3-րդ, 4-րդ, այլ դասարաններում, քննական ու ոչ քննական կարգերով կատարվող բոլոր ուսումնասիրություններին… Երբեք այդքան չեմ վստահել, այդքան բաց չեն եղել մեր հարաբերությունները կրտսեր դպրոցներում՝ բոլոր չորսում. հաճույքով թվարկում եմ՝ Նոր դպրոց, Գեղարվեստի կրտսեր դպրոց, Դպրոց-պարտեզ, Հիմնական դպրոց, ինչպես հիմա… Մենք ունենք իրավահավասար, սովորողի, ծնողի, ուսուցչի ընտրությանը թողնված կրտսեր դպրոց-պարտեզներ: Այսպես է, ու սա նվաճում է: Այսպիսի արմատներով՝ նախակրթարանով, Իմացումի հրճվանքով, մեր միջին դպրոցը պիտի լիներ մեկը՝ կենսունակ, անընդհատ աճող և՛ իր թվաքանակով, և՛ իր հասարակական վստահությամբ: Ահա՝ ինչու ուսումնասիրման մեջ Միջին դպրոցի ուսուցիչները յուրայինի-շահառուի գործով են ներգրավված՝ ճանաչելու, շարունակելու կրտսեր դպրոց-պարտեզում կատարված արժեքավոր աշխատանքը, իրական բովանդակություն, կոնկրետություն հաղորդելու սովորողի ուսումնական ամառային աշխատանքին: Ամառը, ընկերներ, սովորելու շրջան է՝ գրավիչ-անհատական, երբ ձևականը չի խանգարում…
Շախմատի պարապմունք: Մարզիչ՝ Առնոլդ Միքայելյան
Լուսանկարները՝ Մարիետ Սիմոնյանի
Ուսումնական ճամբարն իր կազմակերպմամբ ու բովանդակությամբ հեղինակային է, ուսումնական հունիսը` մեր կրթական ծրագրի բաղկացուցիչը, հունիսի 1-ը՝ որպես ուսումնական ամառի մեկնարկ, մեր 2014-2015 ուսումնական օրացույցի վառ օրը, «Անտիվիրուս Կոմիտասը» ամենահանրակրթական, ամենամեծաքանակ (իր մասնակիցներով) նախագիծը… Հունիսը, ինչպես հունվարը, բոլոր տարիքի սեբաստացիներ, ջրբաժան է անգիրի դպրոցի (պետական կրթական ծրագրի) ու ստեղծողի դպրոցի (հեղինակային կրթական ծրագրի) միջև… Իմ Ուսուցիչն ասում էր՝ ես չեկա ձեզ միավորելու, այլ՝ բաժանելու… Հեղինակային ծրագիրը իր հունիսով ահա եկել է մեզ որոշակիացնելու մեր ընտրությամբ… Ով հունիսին իր ստեղծական-մոբիլ-անհատական տարերքի մեջ չէ, ով հարմար չի զգում հունիսյան այս կենդանացման-երկրագործական եռուզեռի մեջ, պիտի ընտրություն կատարի: Ես հոգատար կլինեմ ու անզիջում:
Ուսումնական հունիսյան իսկական ճամբար՝ հունիսյան ճամբարների արդուզարդով, հարմար հագուստով, անհրաժեշտ գործիքներով, իհարկե ամենօրյա լողով, մարզանքով, ճամփորդությամբ, երկրագործ ճամբարականի ստեղծագործ գործունեությամբ-հավեսով: Հունիսյան այս տասներկու օրերն են պատվիրատուն և կազմակերպիչը հունիսյան բաց հանրակրթական ստուգատեսների՝ «Ռեզոնանս» երաժշտական, «Մեկ հայացք, մեկ կադր» կինո-ֆոտոյի, թարգմանական, թատերական, արտ-միջավայրի, շրջակա միջավայրի բարելավման այլ նախագծերի: Ես խնդրեցի հանել ստուգատեսների հայտերի ընդունման բոլոր ժամկետները, թողնելով մի կետ՝ ճամբարի մեկնարկը հունիսի 15-ին, և ավարտ-փակումը հունիսի 19-ին՝ ճամբարային համերգ-ներկայացմամբ: Այո, ուսումնական ճամբարներից հետո, ստուգատեսային ճամբար՝ տաղավարային-պլեներային հավաքի ձևով… Սեբաստացին տարատարիք կգա՞, մահանա չի՞ դառնա քննական 9-րդ և 12-րդը (բոլորն են քննություն հանձնում)… Ստեղծականությանը, իր տարվա արդյունքի հրապարակային ներկայացումը մեր կրթական ծրագրի օմեգան է, նրա ամբողջականությունը…
Դավիթ Բլեյանի առաջին ուսումնա-հայրենագիտական ճամփորդությունը դեպի Բուսաբանական այգի:
Լուսանկարները՝ Մելինե Սիմոնյանի
Ամառային շարունակվող դպրոցը՝ իր հունիսի 20-ից սկսվող ճամբարներով, այս տարի կունենա երևանյան, բանգլադեշյան բաղադրիչը… Այո՛, սկսում ենք մեզ համար նոր նախագիծ՝ բանգլադեշյան ամառային ճամբարներ, որի բլոգը երեկ ներկայացրեց վարժարանի ճամբարի ղեկավար Մարթա Ասատրյանը՝ Գևորգ Հակոբյանի իրավահաջորդը վարժարանում… Սկսեք ծանոթանալ այս, կարծում եմ, ամենահեղինակային բլոգին, իսկ պատումը ամառային դպրոցի ճամբարների մասին՝ որպես ովորողների, ուսուցիչների, գործընկերների համատեղ նախագիծ, հաջորդ պատումներում… միասին պիտի արվի: Ես ճամբարականներից մեկն եմ: