Ո՞վ հիմա հավես ունի՝ տարբեր ձևով, տոնայնությամբ, բայց նույն իմաստով աջ ու ձախ հնչող այս հարցադրմանը թե պնդմանը պատասխանում եմ.
— Ես հավես ունեմ ապրելո՛ւ, գործելո՛ւ, սիրելո՛ւ. միշտ, առավել ևս, 2015-ին:
Բայց որպես սեբաստացիական աշխարհի որպիսության հիմնադիր-պատասխանատու՝ շրջադարձում-հարցնում եմ՝ ո՞վ հավես չունի մեզանում՝ սովորող թե ուսուցիչ…

2015-ի շրջանավարտների մի խումբ հավեսով գալիս էր մարզադաշտից. մայիսի 26-ի պետական-ավարտական 1-ին քննության՝ ֆիզկուլտուրայի առաջադրանքները կատարելուց հետո հավեսով խաղացել էին, մի խումբ իր քեֆին նստած էր Մարմարյա սրահի սրճարանում… Հանդիպեցինք ճիշտ Մարմարյա սրահում, պարուսույց Արշակն էլ միացավ, հավեսով վալս պարեցինք, իրար գգվեցինք, սերեր փոխանցեցինք, խոստովանեցինք. միասին այնքա՜ն հավես է, ո՞նց, ինչո՞ւ բաժանվենք… Ես անում եմ 2015-ի մայիսի 26-ի, ժամը 12-ի պատմություն, երբ հեծանվով մարզադաշտում բացել էի ֆիզկուլտուրայի պետական ավարտական քննությունը, հետո հեծանվով մեկ ժամ անցկացրել Հիմնական դպրոցում՝ Հռիփսիմե Առաքելյանի ու Գոհար Բալջյանի ընկերակցությամբ, հետո, առողջություն Վահրամ Մարտիրոսյանին՝ առաջ իրենից էր կախված, հիմա հավեսով հասա Նոր դպրոց, ևս մեկ ժամ՝ Կարինե Պետրոսյանի, Նառա Նիկողոսյանի, ֆիզարձակուրդից վերադարձող Սարգսի ու Նարեկի մայրիկ Տաթև Թամազյանի, մեզ վերջում միացած Կարինե Մացակյանի ընկերակցությամբ… Ամենուր նույն հավեսը, ինչպես Նոր դպրոցի Աշխեն Գրիգորյանի դասարանում, նրա և Տաթև Ստեփանյանի դասարան-համույթ-երգչախմբի աշխատանքային երգերում

Կրթահամալիրի Հիմնական դպրոցի 2-րդ դասարանի սովորողները կրթահամալիրի ձիերի համար պաշար են հավաքում:  Լուսանկարները՝ Թամարա Մարիմյանի:

Հետո մեր երկրորդ դասարանցի Ղազարյան Նարեին խոստացա իսկական թոնիր-թոնրատուն պատրաստել, բայց այնպիսին, որ չմրի իր շուրջը (անցյալում էլի որոշել եմ. այս հոբելյանական տարում անելու եմ)…

Հետո համոզվեցի, որ շինարարները հունիսի 1-ին հասցնելու են Նոր դպրոցի Աննա Հայրոյանի 2-4 տարեկանների խմբասենյակի աշխատանքները… Այնպիսի խմբասենյակ, այնպիսի բացօթյա նախակրթարան, որ, ինչպես Դպրոց-պարտեզում, հավեսդ գա, ա՛յ հավեսդ կորցրած-փախցրած-մխտռած հայ մարդ, առանց ապրելու լազաթի ո՞նց կլինի… Չի լինի, լսեցի՞ք, կրթահամալիրում՝ нет, մորս իմացած ռուսերենով սկսեցի, դրանով էլ ավարտեմ՝ хорошо?

Մարթա Ասատրյանի «Շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրվա», հունիսի 5-ի նախագծերը, «Մեր պատշգամբը՝ պարտեզ» գործողություններն ինձ համար պարզած՝ ժամը 5-ի 6-ի արանքում հեծանվով դուրս էի գալիս Մայր դպրոցից… Աղմուկը և իմ էլ. հասցեին ուղարկած ահազանգը, թե փոքր դահլիճում ջարդում-փշրում են, ինձ հետ դարձին։ Բարձրացա փոքր դահլիճ… Մեր շրջանավարտների ծանոթ խումբը բարձիկներով խաղում էր գորգի վրա… Հավե՜ս… Ես ծիծաղեցի… ինչպես հիմա… Ես լայն ժպտացի Դավիթ Բլեյանին, որ մեքենաների գերեզմանը մի լավ ջարդեց-փշրեց, անցավ վրայով, տեսավ՝ դիտողություն չկա, վերջապես սկսեց բացել մեքենայակույտը… Իրար ետևից մի գծով խավարասերների (տառական) պես շարել է ու գնացել քնելու…

Դավիթը Վահրամ Մարտիորսյանի, մորաքույր Ռուզանի տանը: Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Հավաքեցի փոքր դահլիճի գցած քիվերը, վարագույրները, խնդրեցի շրջանավարտներին դահլիճի պատուհանները բացել. տոթ էր, խաղով տարված՝ ոչ էլ զգում էին… Իսկ զարմացած, իմ որոշմանը սպասող տնտեսուհուն և Առնոլդին, որ անակնկալի էր եկել (մեր աշխարհից չէ), խաղաղ ասացի.
— Թող խաղան, իրենց իրավունքն է ու իրենց հավեսը…
Կրթահամալիրը խորքում, որպես մանկավարժություն, իր կրտսեր-միջին-ավագ աստիճաններում, նախակրթարան է, որի շրջանն ավարտում են… Իմ ուսուցիչ Ղազարոս Աղայանի մոտ էլ նախակրթարանի իմաստը սա է…

Հիմնական դպրոցի 2-4 տարեկաններն աշխատում են կավով: Լուսանկարները՝ Գոհար Սմբատյանի:

Իսկ կրթահամալիրում մեկնարկել է «Բարձունքների հաղթահարում» նախագծի հերթական փուլը։ Ձևավորված ավանդույթ է, որ արդեն 6-րդ անգամ, 2012թ. սեպտեմբերի 21-ից սկսած՝ Հայաստանի անկախության, հանրապետության հաստատման պետական տոները սեբաստացիները տոնում են բարձունքում՝ Հայաստանում, Արցախում, Ջավախքում, ամենուր, ուր այդ շրջանում լինում են տարատարիք սեբեստացինրը,  ընկերներով՝ խմբով, դասարանով, դպրոցով, ընտանիքով, լեռան գագաթը նվաճածի վայելքով… Մայիսի 27-ին, 28-ին, 29-ին կրթահամալիրի տնօրենի թույլտվություն-հրամանով կրթահամալիրի ճամփորդությունների ելակետից՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից ճանապարհ կընկնեն Դպրոց-պարտեզի, Նոր,  Գեղարվեստի կրտսեր և Ավագ, Հիմնական, Միջին դպրոցների ու Քոլեջի սովորողները, ուսուցիչները, ծնողներ… Այս տարի նրանք տիկին Շողիկ ծաղկաբույծի հրահանգով նաև դեղաբույսեր են հավաքելու ու դաշտային ծաղիկների սերմեր, որ մեր կրթական պարտեզը իսկական դրախտ դառնա։ Նրանց, որ չեն հասցրել ուղարկել բարձունքի հաղթահարման հայտերը. պայմանավորվենք, որ մայիսի 28-ը մեկնարկ է, և ամբողջ ճամբարային հունիսը հենց դրա ժամանակն է՝ բարձունքի նվաճման, որպես ինքնահաղթահարման-ինքնահաստատման, հայրենիքի հետ կապի նորոգման-ամրապնդման, հավաքանիի հետ համերաշխության դրսևորման անփոխարինելի ակտ։

Հիմնական դպրոցի 1-ին դասարանի սովորողներն իրենց ջերմոցում աճեցրած ծաղիկների սածիլները տեղափոխում են բակ: Լուսանկարները՝ Սեդա Խաչատրյանի:

Ես ընդունեցի Վարժարանի շրջանավարտների առաջարկը՝ ավարտական վկայականների հանձնումը՝ որպես ավարտական արարողություն,  Մարմարյա սրահում հունիսի 25-ից 30-ին անցկացնելու մասին… Ես տեսա վալսի՝ ավարտական վալսի հավեսով մեր պատանիներին…Ու տեսա ամեն օր քննությունների արանքում Արշակի, ավելի լավ վալս պարողների շուրջը խմբված մեր շրջանավարտներին, որ սկսում են ավարտական այդ հանդիսության պատրաստությունը. իրենց վալսն են փորձում։

Երբ ես ավարտել էի գիրը, դեռ չէի բացել mskh.am-ի էջերը՝ սկսած գլխավոր էջից… Բացեցի. ա՛յ քեզ հավես օր են անցկացրել մեր տարատարիք սեբաստացիները… Ես էլ որոշեցի «փազլ» հավաքել ու կոչել՝ «Հավես»…

Բոլորը՝ մայիսի 26-ի գրեր… իրադարձություններ… կյանքեր… Այսքա՜ն հավես մեկ օրում, մեկ տեղում՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում…

Կրտսեր 1-ին դասարանցիներն արդեն կարողանում են գիրք կարդալ: Լուսանկարները՝ Տաթև Մելքոնյանի:

Իսկ Վրաստանի Հանրապետության օրվան նվիրված պաշտոնական ընդունելությանը ես գնացի այսպիսի հավեսով՝ հեծանվով…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գործով գոնե մեկ քայլ առաջ խոսքից․․․

Իմ գի՞րն է այդպիսին։ Շաբաթը շաբաթ օրով՝ երեկով ավարտվում, այսօր՝ կիրակիով սկսվում է հաջո՞րդ շաբաթը, թե՞ շաբաթը կիրակիով այսօր ավարտվում, երկուշաբթիով է սկսվում նոր շաբաթ, իսկ երեկ, անցնող շաբաթվա վեցերորդ՝

Ուրախ դպրոցների ստեղծման օրագիր թող լինի…

Գրում են Արևելյան դպրոցի 5-րդ դասարանցիները։ Ողջույն, սիրելի՛ տնօրեն, Աշոտ Բլեյան։ Ես Միլենա Բաբայանն եմ։ 10 տարեկան եմ, սովորում եմ Արևելյան դպրոցում։ Քանի որ ես շատ եմ սիրում Թումանյան, և

Մասնագիտական բարեխղճությունը՝ փրկիչ. արշավապատում  է իմ գիրը

Պատմել եմ հունիսի 22-24-ի Ջավախք կրթամշակութային արշավից, Կարծախ՝ Աշուղ Ջիվանու ծննդավայր մեր ուխտից, կառուցվող-ընդարձակվող տուն-թանգարանը, Գանձայի Վահան Տերյանի տուն-թանգարանի բարձիթողի վիճակի ազդեցությամբ, մտահոգություններ է առաջացնում, ի՞նչ կստացվի, ի՞նչ կտա ևս